ՀԲԸՄ-ի 111-րդ տարեդարձը Համայն հայության պարծանք ու պատիվ, Ունինք վեհ հզոր Միություն մ’ազնիվ… 111 տարի առաջ Պողոս Նուբար Փաշան հիմնեց մի միություն, որը տարիներ անց դառնալու էր հայ ազգի ամենամեծ բարեգործական միությունը: Այդ միության անունն է Հայկական բարեգործական ընդհանուր միություն: 2017 թվականի ապրիլի 15-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը նշեց ՀԲԸՄ-ի 111-րդ տարեդարձը։ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը` չխախտելով ավանդույթը, ելույթ ունեցավ հայ բարեգործների այգում, մոտ 1 ժամ նվագելուց հետո ծաղկեփնջեր դրվեցին հայ բարեգործների կիսանդրիների մոտ: Նվագի բարձր հնչյունները մեր ուրախ միջոցառմանը ուկնդիր դարձրին նաև անծանոթ անցորդներին, ովքեր հետաքրքրությամբ հետևեցին միջոցառման ընթացքին. սա ևս կարևոր է, որպեսզի մարդիկ իմանան Միության ավանդն ու ներուժը հայ ազգի լավ ու վատ օրերին։ Միջոցառմանը ներկա էին ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, Միության անդամներ, սկաուտների ծնողներ և լրագրողներ: ...Հիմնադիրներիդ հայկաշեն ուղին Պիտի փոխանցենք մեր սերունդներին, Դու մեր միություն «Ծաղկէ՛ ծաղկեցո՛ւր», Որ հավերժ մնա համայն հայություն… (Եղբ. Արսեն Անտոնյան) Եղբայր Արեգ Ադուրյան Եղբայր Նորիկ Սարոյան
-1-
«Կենդանիների խնամք»-ի կրծքանշան
Ապրիլի 10-ին ՀԲԸՄ սկաուտական խմբի Քարավել և Երեց խմբակները այցելեցին Երևանի կենդանաբանական այգի: Սկաուտի 12 դավանանքներից մեկն է՝ պաշտպանել կենդանիներն ու բույսերը: Հետևելով այս դավանանքին, քարավելներն ու երեցները որոշեցին 2017 թվականի «Կենդանիների խնամք»-ի կրծքանշանը առաջինը ստանալ։ Այցը կենդանաբանական այգի սկսվեց մաքրության աշխատանքներ կատարելով, որի ժամանակ այգու մի հատվածը լիովին նոր և մաքուր տեսք ստացավ: Այնուհետ խումբը սկսեց ուսումնասիրել տարբեր կենդանիների՝ սկսած անգղներից, մինչ հետաքրքիր օձերը: Պետք է պահպանել ու խնամքով վերաբերվել բնությանը՝ այսպիսի զանազան կենդանական և բուսական աշխարհը: Աշխատակիցները գնահատում են մեր մշտական այցելությունները և աշխատելու պատրաստակամությունը։ Վստահ ենք, որ մեր արդեն իսկ ավանդական դարձած ավանդույթը շարունակական բնույթ կկրի։ Քույր Գայանե Նիկողոսյան Քույր Վարսենիկ Հակոբյան
-2-
Արշավական ակումբի անդամները մասնակցեցին քննարկման
Ապրիլի 19-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի արշավական ակումբի անդամները հրավիրվել էին «Cultural Variants of the Great Outdoors» խորագրով քննարկմանը, որը անցկացրեց Բրեդլի Ռենոլդը։ Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում Ամերիկայի դեսպանատանը կից «Yerevan American Corner» կազմակերպությունը: Միջոցառման ընթացքում քննարկվեցին Հայաստանում լեռնագնացության և տուրիզմի խնդիրները՝ համեմատելով այլ երկրների հետ, ուր այս բնագավառը ավելի զարգացած է, առաջարկվեցին մի շարք բնապահպանական խնդիրների լուծումների տարբերակներ: Քննարկման վերջում Բրեդլի Ռոնալդին առաջարկեցինք մի քանի երթուղիներ Հայաստանում և գտանք հետագա համագործակցության եզրեր: Արշավականների մեջ այս հանդիպումը բարձրացրեց նոր արշավներ ունենալու և նոր գագաթներ նվաճելու ցանկությունը։ Այս ու նմանատիպ առիթները չեն վրիպում մեր ուշադրությունից և նպաստում են խմբի դինամիկ զարգացմանը։ Եղբայր Արեգ Ադուրյան
-3-
Այց Ծիեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Դժվար է գտնել մեկին, ում մեծ տատիները կամ պապիները վերապրած չլինեն այդ զարհուրելի իրողությունը։ 2017 թվականի ապրիլի 24-ին ՀԲԸՄ սկաուտական խումբն ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իր հարգանքի տուրքը մատուցելու մեկ դար առաջ կատարված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։ Սկաուտական խումբը՝ ՀԲԸՄ անդամների ուղեկցությամբ, տողանցքով քայլեց դեպի հուշահամալիր, ուր խոնարհվեցին անմեղ զոհերի հիշատակին, ծաղիկ դրեցին ի նշան հարգանքի, պատվի առան և աղոթեցին զոհվածների հոգու հանգստության համար… Եղբայր Արեգ Ադուրյան
-4-
Սուրբ Զատիկ
Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի նշվեց ապրիլի 16-ին: Ապրիլի 16-ին առավոտյան համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Մայր Տաճարում, մատուցվեց տոնական պատարագ: Պատարագին ներկա էին ՀՀ նախագահը, ԼՂՀ նախագահը և բազում պաշտոնավոր և ճանաչված անձիք: ՀԲԸՄ սկաուտական խմբին էր վստահված տոնական թափորի հանդիսավոր մուտքի ապահովումը: Սուրբ Պատարագի ավարտից հետո սկաուտական խումբը տոնական շքերթով շրջեց Էջմիածնով ` այս ձևով քաղաքի բնակիչներին ավետելու Քրիստոսի Հարությունը: Սկաուտների շքերթը հասավ մինչեւ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: ՀԲԸՄ սկաուտական խումբը, դրսևորելով բարձր կարգապահություն և կազմակերպվածություն, կատարեց իր առջև դրված պատասխանատու, բայց և հաճելի առաքինությունը Էջմիածին քաղաքում: Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի…
-5-
Ոգեկոչում ըստ անունների և ազգանունների
102 տարի անց աշխարհի հայությունը չի մոռացել հայոց պատմության ամենասև օրերից մեկը… Այս տարի նույնպես, ըստ մեր խմբի ավանդույթի, հիշատակվեցին 1915 թվականի Եղեռնի նահատակների անունները և ազգանունները: ՀԲԸՄ սկաուտական խումբն ամեն տարի կազմակերպում է անվանական մոմավառություն` առ նահատակների ոգիների հանգստության…Շարժվելով անցյալ տարվա հետքերով՝ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբն այս տարվա մոմավառության արարողությունը իրականացրեց Հաղթանակի զբոսայգում՝ Արևիկ լճի տարածքում, քանի որ Կարապի լճում վերանորոգման աշխատանքներ էին: Մեծ հպարտություն էր սկաուտական խմբի համար ամուր եռագույններով եզրագծել լճի սահմանները՝ ուշադրություն չդարձնելով ֆիզիկական հոգնածությանը և շտապելով վառել և իջեցնել ջրի վրա իրենց հարգանքը ցույց տվող անվանական մոմերը:
-6-
Սա առիթ էր ցույց տալու, որ հայ ազգի վերքերը երբեք չեն կարող կատարելապես սպիանալ և չեն կարող մոռացվել իրողությունները, որոնք, ցավոք, եղել են... Անշուշտ, ՀԲԸՄ Հայստանի սկաուտական խումբը շարունակելու է այս արարողությունն ամեն տարի՝ արթնացնելով մարդկության մեջ հպարտության և պարտքի զգացում իրենց նախնիների նկատմամբ: «… Այստեղ խոցված ու խաչված ժողովրդի սիրտն է, այստեղ եղեռնապուրծ ազգի մնացյալ փրկվածների անեծքն է անչափելի, տրտունջն է, շշունջն է, հառաչն է, մռունչն է, խոյանքն է, պահանջն է աննահանջելի… Ես ահեղ դատաստանամատյանն եմ արցունքաշարով որմնաշարում, որին դիպչելով պիտի փշրեն իրենց բութ ճակատները լռության օրերն ու դարերը: Ես ա՛յս եմ գրի առնում հայոց արցունքի և ծովացյալ արյան մելանով … սա հրաբուխն է ա՛յն զոհասրտերի, որոնք չկարողացան լռությանն ընդդեմ ժայթքել՝ աշխարհի լռության հողը ծանր լինելու ժայռե պատճառով...»: (Հովհաննես Շիրազ, «Հայոց դանթեականը») Քույր Ագնեսա Թարիվերդյան
-7-
«Երկրորդ
Նախաձեռնության սկզբից մինչ օրս, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնած ծաղկահավաքին միշտ ակտիվորեն մասնակցել են ՀԲԸՄ-ի սկաուտները: Այս տարի, մեր խմբի համար մեծ պատիվ էր, որ ծրագիրը նախաձեռնող հիմնադրամը վստահեց այս գեղեցիկ միջոցառման կազմակերպումը ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբին:
Այս տարի ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ, ապրիլի 26-ին կազմակերպել էր «Ծաղկահավաք» միջոցառումը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որին մասնակցեցին ավելի քան 1400 մարդ, ինչպես նաև ներկա գտնվեց պատվո հյուր Գերմանիայի դեսպան Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ով նախորդ տարիներին, ինչպես նաև այս տարի, մասնակցեց Ծաղկահավաքին` քաջալերելով միջոցառումը: Նա շատ հպարտ էր, որ այս տարի նման հսկայական ծրագիրը կազմակերպում էին սկաուտներ, որոնց գործունեությունը նրա համար ծանոթ էր: ԱՀԹ Ծաղկազարդ համախմբի ելույթով և Տեր Բաբկեն Հայրապետյանի օրհնումով, մեկնարկվեց ծրագիրը:
Մենք` ՀԲԸՄ սկաուտներս, շատ շնորհակալ ենք Վայրի Բնության և Մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավարությանը, որ մեզ վստահեցին նրանց նախաձեռնած այս գեղեցիկ նպատակ ունեցող ծրագիրը: Վստահեցնում ենք, որ միշտ պատրաստ ենք օգնելու և օգտակար գտնվելու բոլոր այն ծրագրերին, որոնք ի շահ են մեր Երկրին, Ազգին և Բնությանը:
Նշենք, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր անհատներին, դպրոցներին, կազմակերպություններին և ուսանողներին միջոցառմանը մասնակցելու և օգնելու համար: -8-
դ կյանք»
-9-
Սկաուտների և արենուշների ապրիլ ամսվա հայտագրերը
Մեկ շաբաթ հանգստից հետո տեղի ունեցավ ապրիլ ամսվա առաջին հավաքը: Բոլոր խմբակները պատրաստվում էին մի ելույթի, որով շնորհավորելու էին ծնողներին՝ Մարիամ Աստվածածնի Պայծառակերպության կամ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Սկաուտներն ավանդույթի համաձայն ցուցաբերեցին խիզախություն և պատրաստակամություն: Արենուշներն իրենց հերթին պատրաստել էին երգ և պար, որով հաճելի զգացումներ պարգևեցին սկաուտական խմբի անդամների տատիներին, մայրիկներին, քույրերին ու հյուրերին: Ապրիլի 23-ի հայտագիրը նվիրված էր կապերի բեյջի ուսուցմանը և քննությանը: Սկաուտներն ու արենուշները գալիք շաբաթ պետք է մասնակցեն Պիոներ բեյջին, որին չեն կարող մասնակցել առանց կապերի
-10-
բեյջի առկայության: Նրանք միասնական ուժերով սովորեցին և ամրապնդեցին իրենց գիտելիքները։ Բոլորն էլ մեծ հաջողությամբ հանձնեցին քննությունը և հնարավորություն ստացան բարձրանալու Անդրանիկ Բանակավայր: Ամիսը լի էր տոնական և կրթական հայտագրերով... Քույր Ագնեսա Թարիվերդյան Քույր Սիրանուշ Առաքելյան
-11-
Գայլիկների և արծվիկների ապրիլ ամսվա հայտագրեր
Գայլիկների ու արծվիկների համար շատ հետաքրքիր ամիս էր ապրիլ ամիսը: Ամիսը սկսեցին իրենց տատիներին, մայրերին, քույրերին նվիրված անակնկալ միջոցառումով: Նրանք Մայրերի տոնի առթիվ պատրաստել էին բազմաթիվ համարներ, երգեր, պարեր և նվերներ։ Իրենց ելույթներով փոքրիկները հուզեցին ավագներին: Գայլիկներն ու արծվիկներն ևս մեկ անգամ ապացուցեցին, որ կարող են ոչ պակաս ելույթ ունենալ իրենց մեծ քույրերից ու եղբայրներից: Հաջորդող կիրակիները գայլիկների և արծվիկների համար գեղեցիկ շարային քայլելու, սկաուտական գիտելիք ստանալու և լավ ժամանցի օրեր էին: Ովքեր գիտեին ամրապնդեցին, իսկ նորեկներն էլ սովորեցին շարային քայլեր։ Գայլիկներն ու արծվիկները ստացան նոր գիտելիքներ հետաքրքիր խաղերի միջոցով: Քույր Լիլիա Ազատյան Եղբայր Հովիկ Գասպարյան
-12-
Գրքերի ակումբի գործունեությունն ապրիլ ամսում
ՀԲԸՄ սկաուտական խմբի գրքերի ակումբն ապրիլի 2-ին կազմակերպեց առցանց մրցույթ, մրցույթին մասնակցելու համար պետք է մասնակիցներն ընթերցեին Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը և պատասախանեին խմբի կողմից պատրաստված հարցաշարին: Մրցույթի հաղթող ճանաչվեց Ազատ Կարապետյանը. հարցերին ճիշտ պատասխանած մնացած մասնակիցներն էին` Սաթենիկ Մաթևոսյանը, Հայարփի Հայրապետյանը, Մերի Մարտիրոսյանը, Գայանե Գալոյանը: Հարցերին ճիշտ պատասխանողները և հաղթողները ստացան գրքերի ակումբի կողմից նախատեսված մրցանակները՝ գրքերի ակումբի անժամկետ մասնակցության քարտ, արշավական խմբի կողմից կազմակերպված երկու անվճար արշավ և այլն։ Գրքերի ակումբը չի դադարելու նմանատիպ մրցույթների կազմակերպումը, որոնք պատանիների մոտ զարգացնում են ընթերցանության հանդեպ սերը: Ապրիլի 7-ին Իսահակյան գրադարանի տնօրինության հրավերով, գրքերի ակումբի անդամները մասնակցեցին ֆրանսիական պոեզիայի երեկոյին, ուր գրքերի ակումբի անդամները՝ թանգարանի անձնակազմի հետ համատեղ, ընթերցեցին և ծանոթացան ֆրանսիական հարուստ և գեղեցիկ գրականությանը: Ապրիլի 11-ին ՀԲԸՄ սկաուտական խմբի գրքերի ակումբը Եղ. Չարենցի տնօրինության հրավերով մասնակցեց քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի անհատական ցուցահանդեսին: Գրքերի ակումբի անդամները շատ մեծ ոգևորությամբ հիացան գեղեցիկ քանդակներով, զրուցեցին Չարենցի տուն-թանգարանի տնօրենի և Եղիշե Չարենցի թոռնուհու հետ: Ապրիլի 23-ին ակումբի կողմից պատրաստած պաստառով հիշվեցին ապրիլ ամսում ծնված գրողները, ինչպես նաև հիշվեց Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրը: Քույր Արփա Նաիրյան Եղբայր Արեգ Ադուրյան
-13-
«Կանաչ» խումբ Սիրելի ընթերցողներ, այս հոդվածն իրենից ներկայացնում է զեկույց՝ վերջին շրջանում ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի բնապահպանական, «Կանաչ» ծրագրերի վերաբերյալ. Նախ խումբը մասնակցեց Երկրի օրվան՝ անջատելով էլէկտրական բոլոր սարքերը մի քանի ժամով՝ էներգիան խնայելու համար։ Հաջորդիվ իրականացավ Ծաղկահավաքը, որը այս տարի կազմակերպվեց ՀԲԸՄ սկաուտական խմբի կողմից՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ։ Ապա կազմակերպեց դաստիարակչական միջոցառում գայլիկների և արծվիկների համար՝ այց ATP, սկաուտները մասնակցեցին կենդանաբանական այգու մաքրմանը։ Սկաուտները մասնակցեցին նաև ծառատունկի՝ Ecotourism-ի հետ համատեղ: Մեր խումբն իր ամբողջ կազմով օժանդակեց «Դինգո կենդանիների պաշտպանության խումբ» կազմակերպությանը և նշեմ, որ արդեն ավանդույթ է դարձել, որ սկաուտները մասնակցում են Երևանի կենդանաբանական այգում ապրող կենդանիների խնամքին և այնտեղ կատարվող բարեկարգման աշխատանքներին։ Այդ ավանդույթը ճշտորեն պահում են մեր խմբի երեցներն ու քարավելները՝ իրենց օժանդակությամբ և բազմաթիվ այցելություններով: Այս միջոցառումներից զատ ստեղծվել է նաև համակարգված բնապահպանականկանաչ խումբ՝ հատուկ բնապահպանական ծրագրերի մասնակցության համակարգման համար: Կանաչ խմբի ծրագրերի շրջանակներում wwf-ի կողմից կազմակերպվեց բնապահպանական սեմինար Կարմիր գրքում գտնվող և հատուկ պահպանվող կենդանիների, մասնավորապես ընձառյուծների վերաբերյալ: Խումբը նախատեսել է մի շարք միջոցառումներ, դրանց կանդրադառնանք «Սկաուտ» ամսաթերթի հաջորդ համարներում. -Դարձի՛ր բնապահպան, փրկի՛ր Երկիրը: Եղբայր Գևորգ Արզումանյան
-14-
-15-
Բովանդակություն ՀԲԸՄ-ի 111-րդ տարեդարձը.........................................................................................-1«Կենդանիների խնամք»-ի կրծքանշան.......................................................................-2Արշավական ակումբի անդամները մասնակցեցին քննարկման..................................-3Այց Ծիեռնակաբերդի հուշահամալիր...........................................................................-4Սուրբ Զատիկ..............................................................................................................-5Ոգեկոչում ըստ անունների և ազգանունների............................................................. -6«Երկրորդ կյանք»........................................................................................................-8Սկաուտների և արենուշների ապրիլ ամսվա հայտագրերը..........................................-10Գայլիկների և արծվիկների ապրիլ ամսվա հայտագրերը............................................ -12Գրքերի ակումբի գործունեությունն ապրիլ ամսում.....................................................-13 «Կանաչ» խումբ..........................................................................................................-14Տիպարներ.................................................................................................................. -15
Խմբագրական խումբ Խմբագիր՝
Քույր Աստղիկ Եզեկյան
Լուսանկարողներ՝ Եղբայր Կարեն Մելքոնյան Քույր Նազելի Սահակայան Քույր Եվա Գալստյան Աշխատակիցներ՝ Քույր Լիլիա Ազատյան Քույր Գայանե Նիկողոսյան Քույր Սիրանուշ Առաքելյան Քույր Ագնեսա Թարիվերդյան Եղբայր Արեգ Ադուրյան Եղբայր Նորիկ Սարոյան Եղբայր Գևորգ Արզումանյան Եղբայր Հովհաննես Գասպարյան Սրբագրիչ՝ Մարինե Մխիթարյան Համակարգչային ձևավորում՝ Եղբայր Եղբայր Եղբայր Եղբայր
Արեգ Ադուրյան Կարեն Մելքոնյան Մանվել Կիրակոսյան Հովհաննես Գասպարյան
Խմբագրական խմբի պատասխանատու՝ Ատենապետ, Ընդհանուր խմբապետ-վաշտապետ՝ Եղբայր Սարօ Թաթյոս