Իմ գոհարները

Page 1

1

ԻՄ ԳՈՀԱՐՆԵՐԸ


2

Նախաբան Սա իմ գիրքն է, որը հասցեագրված է յուրաքանչյուրին: Այստեղ տեղ են գտել իմ ամենաարժեքավոր ստեղծագործություններերը, որոնք ինչ-որ չափով կարող են փոխել ձեր աշխարհահայցքը կյանքի, մարդկության և ձեր իսկ անձի նկատմամբ: Հոդվածներով, վերլուծություններով և բանաստեղծություններով ողողված այս մեդիագիրքը, իսկական գոհարների համաձուլում է մի ամբողջ հարկի տակ: Դրանց ընթերցանությունը ընթերցողների մոտ առաջացնում է այնպիսի հույզեր ու զգացումներ, որոնք իրարամերժ են ու հակադրական: Սիրով առաջարկում եմ կարդալ «Իմ Գոհարները» կոչվող ստեղծագործությունների «ժողովածուն», որից հետո համոզված եմ կարող եք ձեզ շնորհավորել ճիշտ որոշում կայացնելու համար:

Աննա Գսպոյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԷՍՍԵՆԵՐ

«Հասարակադուլ» Կամյուն հասարակությունից «օտարեցրեց » Մյուրսոյին (վիպակի գլխավոր հերոսը), քանի որ նա «հասարակական անհատ» չէր: Հասարակությունը խժռող ոհմակ է, ով ունի գայլային հասկացողություն և գայլի ախոռժակ: Սեփականատիրոջ բնազը ավելի ցայտուն է դրսևորվում այն հասարակությունում, որտեղ համարձակվել են «հասարակադուլ» լինել: Հասարակությունը չի ներում դավաճաններին, ավելին՝ պատժում է: Շատ քննադատներ մեղադրեցին Կամյուին, որ բնական մարդուն նա վերածել է «բուսական էակի»: Նա մարդասպանի է վերածվում անտարբերությամբ, կարելի է ասել զգացմունքների բացակայությամբ : Հասարակությունը չի հասկանում նրան: Նա «օտար» է այն պատկերի համեմատ, որ ուրիշները ստեղծում են իրենից: Այստեղ է խզումը «բնական մարդու» և սոցիալական կարգի միջեւ: Հասարակությունը կատաղում է Մյուրսոյի (գլխավոր հերոս) դեմ, որովհետեւ նա ցնցում է կյանքի բնական հիմքերը՝ համարձակվելով ճեղքվածք բացել իր ամենաանառիկ ամրոցում: Հենց այդ տարբերվող անհատականության պատճառով է, որ Մյուրսոն կանգնում է դատարանի առաջ : Նրան հասարակությունը մահապատժի է դատապարտում ոչ թե բուն մարդասպանության


3

համար, այլ հասարակության բարքերին դեմ գնալու՝ չգրված օրենքներին չհետեւելու համար : Սակայն բանտում այս գործող անձը, որ, թվում է, իր պասիվությամբ պետք է փառաբաներ կյանքի անիմաստությունը, հանկարծ հայտնաբերում է երջանկությունը: Նա խոստովանահորը բացեիբաց եւ թշնամանքով հայտարարում է, որ մտադիր չէ կյանքի վերջին րոպեները նվիրաբերել ցնորական ճշմարտություններին: Իր մահապատժի նախօրյակին Մյուրսոն «բացվելով աշխարհի քնքուշ անտարբերության առջեւ», հայտնաբերում է երջանկությունը, որը հենց նույն ազատությունն էր, ազատություն հասարակության ճնշող զանգվածից, նրանց շինծու եւ անիմաստ սովորույթներից, մեղադրող եւ հայհոյող հայացքներից: Նա անտարբերությամբ սպասում է իր մահապատժին, կյանքի նոր վերսկսմանը և վերապրելու հնարավորությանը: Նրա անտարբերությունն այլեւս ուրիշ է, գիտակցական, ցանկալի : Մյուրսոն ազատված էր այն պարտավորություններից և պարտականություններից, որոնք հասարակությունն է հորինել: Նա ազատ էր, քանի որ կառչած չէր այն ցնորական բարքերից, որոնք իբր մարդուն բարոյական կեցվածք են տալիս: Նա ապրում էր թեթեւ ու անհոգ՝ չմտածելով այն չգծված սահմանի մասին, որ գոյություն ունի հասարակության և անհատի միջեւ: Ալբեր կամյու «օտարը» ընթերցելուց հետո

Երբ մարդիկ չեն տարբերվում խոզերից «Բոլոր կենդանիները հավասար են». Սրանք չիրականացված և աբսուրդի հասնող տողեր են: Կյանքը ինքնին անհավասարության և կողմնակալության ասպարեզ է, որտեղ իրենց չաղ բաժինն են ստանում միայն նրանք, ովքեր ամեն կերպ փորձում են պահպանել կյանքի որդեգրած միակ ու անբաժանելի «սուրբ» կանոնը՝ Մէկին հազար ձի և ջորի, Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի... «Մենըր» ֆերմայում կրքերը բորբոքվեցին այն պահից հետո, երբ ծեր գնդապետ խոզը իր մահվանից մի քանի օր առաջ որոշեց ճառով հանդես գալ: Հենց այդ ճառի գերբնական ուժն էր, որ բոլոր անասունների մոտ արթնացրեց ապստամբելու մեծ ձգտումը՝ միասնական ուժերով անցնել այն խրթին ճանապարհը, որը իրենց կտանի դեպի այդքան երանելի ազատության ու անկախության ձեռք բերմանը: Հասարակությունը միաշերտ չի կարող լինել, ինչպես և չի կարող լինել հավասար: Հասարակության շերտավորման և անհավասար գոյության պատճառով է,


4

1. 2. 3. 4. 5. 6. 7.

որ առաջանում են պատերազմները, սովը, փառամոլությունը, նախանձը և սպանությունները: Հենց այդ հասարակության վերին շերտում են տեղ զբաղեցնում այն անձինք, ովքեր ունեն իշանություն. իշխանությունը իշխելու և ստորացնելու մեջ է: Ջորջ Օրվելը իր «Անասնաֆերմա» վիպակով հրաշալի բնութագրել է մարդկային ցեղը, երբ այն իր փառքի գագաթնակետին չի տարբերվում խոզերին բնորոշ մտածելակերպից: Երբ անասունները հանուն իրենց ազատության և արժանապվության մարդկային ոհմակի դեմ դուրս ելան, չէին էլ կարող պատկերացնել, որ ապստամբության ընթացքում նրանց մղած կռիվն ու թափած արյունը վերին հարթակում գտնվողների կյանքը բարելավելու համար է: Մինչ ապսամբությունը անասունները ստրուկի պես աշխատում և չարչարվում էին մարդկանց սեղանները ուտելիքներով կռելու համար, բայց ապստամբությունից հետո նրանք ավելի շատ էին աշխատում ու չարչարվում իրենց կենդանման տերերի փորները կուշտ պահելու համար: Այս ֆերմայում ղեկավար դարձան իրենց խելացի և գրագետ կարգող խոզերը: Որդեգրված սկզբունքներն ու ամրագրված օրենքները փուչ դարձան, երբ խոզերը առան մոտալուտ փառքի համը: Իրար ձեռք սեղմած ու ընկերացած անասունները միմյանց նկատմամբ դավեր նյութեցին և թշնամացան: Հավասարության երանելի կանոնը անասունների կողմից մոռացության մատնվեց, երբ նրանք խախտեցին անասնաֆերմայի սրբազան յոթ կանոնները, Բոլոր երկոտանիները թշնամի են: Բոլոր չորքոտանիները կամ թևավորները բարեկամ են: Անասունը երբեք հագուստ չի հագնի: Անասունը երբեք անկողնում չի քնի: Անասունը երբեք ոգելից խմիչք չի օգտագործի: Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի Բոլոր անասաունները հավասար են: Բայց այս ամենը անհեթեթություն է, երբ աշխարհում գոյություն ունեն շահն ու եսասիրությունը: Այս յոթ կանոնները վաղուց ի վեր խախտվել ու անարգվել են նաև մարդկային ցեղի կողմից, ով դարեր շարունակ կերտել է պատմություն, որը ծավալվում է մի թեմայի շուրջ՝ հանուն իշխանության տապալել բոլորին: Անասնաֆերմայի ղեկավարը՝ Նապոլեոնը, ով ինքնին դավաճան էր ու փառասեր, իր ծավալած գործողություններով ապացուցեց, որ եթե դու ծնվել ես ստրուկ լինելու համար, ապա ոչինչ քեզ չի օգնի, որ դու դառնաս ստրկատեր: Եվ այս ամբողջ պատմության մեջ մեղավորը ոչ թե եսապաշտ խոզերն էին ու շողոքորթող շները, այլ այն անասունները, ովքեր անվերապահորեն նվիրված էին ֆերմային, եռանդուն աշխատում էին ու հավատում, որ կգա այն օրը, երբ իրենք ու իրենց սերնդակիցները ավելի լավ կապրեն, քան նրանք` ապստամբության նախօրեին: Բայց ամեն բան վկայում է այն մասին, որ ստորին հարթակում գտնվողները ապստամբելով իրենց զոհում են վերևում գտնվողների կյանքը ապահովագրելու և ստամոքսի սահմանները լայնացնելու համար: Եվ մեզ նման միամիտ ժողովուրդն է որդեգրել այն համոզմունքը, որ եթե վերևում են, ուրեմն ճիշտ են:


5

Այո՛ բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները:

Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»-ն ընթերցելուց հետո

Նամուսով աղջիկ չի լինում

Իսկ ու՞ր է բարոյականության և անբարոյականության աննշմարելի սահմանը, միգուցե գոյություն չունի՞: Երբ հասարակությունը ընդունում է օրենքներ, որոնք դառնում են Աստվածաշնչի պատվիրանների նման սրբազան ու մի քիչ էլ վերացական, ի հայտ են գալիս նրանք, ովքեր պետք է դեմ գնային հասարակությանը, խախտեին նրա ստեղծած օրենքները՝ նախասահմանվածը ավարտին հասցնելու համար: Եվ քանի դեռ գոյություն ունեն հասարակության օրենքները, գոյություն կունենան նաև «անբարոյականները»: Ասում են՝ չբացահայտված գողը գող չէ, այդպես էլ ասպարեզ դուրս չելած անբարոյականը, բարոյականության շվաքի տակ կուչ գալով, հասարակության կողմից բարոյական է համարվում: Դարեր ի վեր կնոջ բարոյականության չափորոշիչները միշտ էլ խիստ ու դաժան են եղել: Երբ հետ հայացք ենք գցում, ապշում ենք այդ բարոյականությունը ամրագրող չափանիշների անհեթեթության վրա, որոնք որքան էլ հնում են գոյություն ունեցել, բայց մինչև այսօր էլ պահպանում են իրենց կմախքը: Գուցե բարոյական է այն կինը, ում թաղամասի տատիկերը իր մասին վատը չեն խոսում, այլ մտածում են, որ «նամուսով» աղջիկ է. Նամուսով աղջիկ չի լինում: Արդյո՞ք անբարոյականը միայն մարմնավաճառուհին է, ամուսնու գլխին կոտոշներ աճեցնողը և չափազանց կարճ կիսաշրջազգեստ հագնող կինը, ամենևին ո՛չ: Անբարոյական է նաև այն կինը, ով տուրք է տվել իր զգացմունքներին և մտովի համարձակվել անցնել անբարոյականության և բարոյականության՝ մարդկանց կողմից հորինված չարաբաստիկ սահմանը. Անբարոյականությունը անբարոյականություն է՝ լինի դա հոգևոր, թե ֆիզիկական: 2 Մարսելն ու Ժանինը միասին էին արդեն քսան տարի, բայց տարիները ոչինչ չէին նշանակում, որովհետև Ժանինին թվում էր, թե դեռ երեկ էր, որ տատանվում էր ազատ կյանքի ու ամուսնության միջև, դեռ երեկ էր, որ անձկությամբ մտածում էր այս օրվա մասին, երբ ինքը գուցե կծերանար միայնակ: Ոչ, ինքը մենակ չէր: Ժանինը ձիգ


6

կապանքներով կապվել էր ամուսնուն, ով անընդհատ զգացնել էր տալիս, որ իր գոյության իմաստը տեսնում է կնոջ մեջ: Ժանինը Արևելքից էր և կրում էր Արևելքի ժողովրդի քաղաքակրթությանը բնորոշ բարքերն ու սովորույթները: Թեև Ժանինը ամուսնացել էր և իր կյանքի քսան տարիները անց էր կացրել Ֆրանսիացու՝ այլ քաղաքակրթության և մտածելակերպի տեր անձնավորության հետ, սակայն ամենևին չէր փոխվել և չէր մոռացել այն դասերն ու խրատները, որոնք հասցրել էր յուրացնել Արևելքում՝ դառնալով հասարակության «լիարժեք» անդամ: Անհատը կամաց-կամաց սկսում է ընտելանալ այն հասարակության բարքերին ու սովորույթներին, որտեղ ներգրավված է: Ըստ Քամյուի՝ հասարակությունը այնքան կաղապարված ու ճնշող է, որ երբ համարձակվում ես դուրս պրծնել նրա կապանքներից, մեխանիկորեն սկսում ես ինքդ քեզ մեղադրել դավաճանության և, որ ամենասարսափելին է, անբարոյականության մեջ: Այս երևույթը նման է մի աղանդավորական շարժման. երբ անդամակցում ես իրենց հավավատացյալ կարգող անհատների շարքերը, ստիպված սկսում ես լինել այնպիսին, ինչպիսին նրանք են: Այդ ամբողջ ժամանակահատվածում նրանք քո ուղեղը լցնում են սին հավատալիքներով և սպառնում քեզ Սուրբ գրքի անունով: Երբ գալիս է այն պահը, որ շնչահեղձ ես լինում նրանց ահաբեկումներից, որոնք քեզ շարունակ դրդում էին լինել հավատարիմ, հնազանդ, ներող, կամեցող, պատասխանատու և պարտաճանաչ տասանորդը վճարելու դեպքում, պարզապես վախենում ես թողնել «հավատքը», քանի որ քո մտքում շարունակ պտտվում են դժոխքի կրակներում մեղսավորների հոգիները տապակվելու և դրախտի եդեմական մարգագետիններում հավիտենական կյանք ունենալու սին պատկերացումները: Դու վախենում ես դուրս պրծնել այդ հասարակությունից և մերժել նրանց կարգերը, քանի որ այդ անելու դեպքում դու ինքդ քեզ կհամարես դավաճան և անբարոյական: Ժանինը այդքան տարի հետևում էր ամուսնուն և գոհ էր՝ իմանալով, որ ինչ-որ մեկը իր կարիքն ունի: Ամուսինն իրեն ուրիշ ուրախություն չէր էլ պարգևում, բացի այն գիտակցությունից, որ ինքը պետք է: Անտարակույս, նրանք չէին սիրում միմյանց, դա սեր չէր, այլ կապվածություն, կարիք, նույնիսկ պարտավորություն միմյանց հանդեպ, մինչև կյանքների վերջը միասին լինելու երդում: Բայց այդքան տարիների կնոջ բարոյական սանղակը մի վայրկյանում զրոյացավ, երբ նա ձգվեց դեպի ազատությունը: Կինը երջանիկ չէր և այդպես էլ մեռնելու էր՝ առանց ազատվելու կապանքներից: Կինը հասկացել էր, որ արդեն քսան տարի է, ինչ քարշ է տալիս անազատության բեռը, որը թոթափելու համար մաքառում էր: Կինը սենյակի դուռը կամացուկ բացելուց և անթափանց խավարի մեջ նետվելուց հետո սրտի խորքում զգաց, որ իր արարքը անբարոյականություն էր, քանի որ Արևելքի ժողովրդի մեջ ընդունված չի, որ կինը անապատի օդը շնչելու համար գիշերով դուրս գա տանից: Թեև ժանինը մարմնով անբարոյականություն չգործեց, բայց իր անաղարտ հոգին նա խզբզեց իր հոգևոր դավաճանությամբ: Կինը վազում էր մթության մեջ, կիսով չափ կուրացած: Նրան թվում էր, թե մի ահարկու ուժ իր վերևից գլխապտույտ քաշում, տանում է երկինքը: Ցուրտը, որ արդեն կուլ էր տվել գիշերը, սողոսկել էր նաև նրա նուրբ ու անպաշտպան մարմնի մեջ՝ այրելով թոքերն ու ապտակելով այտերը: Քիչ հետո անտանելի մի


7

քաղցրությամբ գիշերվա հորձանուտը պարուրեց Ժանինին, խորտակեց ցուրտը և նույն վայրկյանին ողջ երկինքը մեկնվեց սառը հողին փռված կնոջ գլխավերևում: Քամյուն ամենևին չի ներկայացրել այնպիսի կնոջ, ով դասական անառակության օրինակ է: Կինը, ում Քամյուն ներկայացնում է, անառակ էր իր «ես»-ի առաջ, քանի որ ֆրանսիացու համար գիշերով անապատի թարմ օդը շնչելը անբարոյականություն չէ: Ժանինը իրեն անառակ էր համարում, քանի որ իր արարքը դեմ էր այն հասարակության բարքերին, որտեղ նա ապրել և սովորել էր լինել Նամուսով աղջիկ: Լիակատար ազատություն լինել չի կարող, որովհետև, մարդը ազատության ձգտելով՝ խախտում է հասարակության օրենքները և հայտնվում ֆիզիկական անազության մեջ՝ բանտում:

Էսսեն ստեղծվել է Ալբեր Քամյուի «Անառակ կինը» պատմվածքի հիման վրա

Իշխանությունը ստրկացնելու մե՞ջ է Հասարակությունում (Կուսակցությունում) գոյություն ունեն և՛ իշխողներ, և՛ ենթարկվողներ և՛ պրոլներ, այլ կերպ ասած հասարակությունը բաղկացած է բարձր, միջին և ցածր խավերից: Բարձր խավի ներկայացուցիչները նրանք են, ովքեր իշխում են, քանի որ նրանց ձեռքերումն է իշխանությունը. «Իշխանությունը իշխելու համար է» : Բարձր դասի կողքին են նրանք, ովքեր ստանձնել են ենթարկվելու գործառույթը: Ենթարկվողները ծառայում են բարձր խավին, կատարում են նրանց կողմից հանձնարարված «առաջադրանքները», դրոշակներով ու պաստառներով մասնակցում են ցույցերին, փառաբանում և աղաղակում են նրանց «Բարձր» անունը, բայց իրականում ընդդիմադիրներ են. հասարակությունում բոլորն էլ ընդդիմադիր են: Չկա այնպիսի իշխանություն, որ բոլորինն է և որի առաջ բոլորը հավասար են, իշխանությունը անհատինն է, կամ անհատների խմբին, ովքեր ոչ թե իշխում են բոլորի համար, այլ միմիայն իրենց շահերի համար: Իրականությունը Ուտոպիայի հակապատկերն է. իրականում գոյություն չունի հավասարություն և երբեք էլ գոյություն չի ունենա: Մարդու անհավասարությունը սկիզբ է առնում հենց սաղմի ձևավորման փուլում և ուղեկցում է նրան մինչ անսահմանություն: Անգամ Աստծո առաջ բոլորս հավասար չենք, քանզի Աստված գերադասում է նրանց, ովքեր հավատք ունեն, ովքեր բարեգործ են ու ողջամիտ: Իշխանավորները այն հասարակության ծոցից են դուրս գալիս, որտեղ ամենաշատն է իշխում էգոն: Աշխարհում ամենահիմար մարդիկ ապստամբողներ են: Ապստամբելով և հեղափոխություն անելով՝ նրանք ստեղծում են նոր իշխանություն, որը նույն պիտակն ունի, նույն հատկանիշը, նույն գաղափարախոսությունը. միայն ղեկավարներ են ուրիշ: Իսկ ամենավերջում ցածր խավն է, կամ այլ կերպ ասած «Պրոլները», ովքեր հասարակության լրացումներն են: Ինչպես յուրաքանչյուր նախադասություն, այնպես էլ յուրաքանչյուր հասարակություն բաղկացած է ենթակայից, ստորոգյալից և


8

լրացումներից: Պրոլները ո՛չ ընդդիմանում են, ո՛չ իշխում և ո՛չ էլ ենթարկվում: Նրանց պարզապես անհրաժեշտ է գոյատևման հասարակ պայմաններ՝ ուտելիք, հագուստ, կացարան և մի քիչ ջին: Պրոլները երբեք չեն ապստամբում: Եթե դու «Բարձյալներ»-ին ես ենթարկվում, ապա ոչ միայն մարմնով, այլև հոգով դու նրանցն ես: Քեզ զրկում են ազատությունից, քանի որ ազատ լինելով՝ դու ավելի ստրուկ ես, ավելի խոցելի: Պարզապես պետք է անել այն, ինչ նրանք ես քեզնից պահանջում,, մտածես, խոսես և լինես այնպիսին, ինչպիսին նրանք են ուզում և միայն այդ ամենից հետո դու կդառնաս հզոր և անխոցելի: Իշխանությանը հնազանդությունը բավական չէ, եթե չես տառապում. «իշխանությունը ցավ պատճառելու և ստորացնելու մեջ է»: Նրանք պատմությունը նորից են պատմում, բայց այս անգամ իրենց ուզած տարբերակով, անցյալը միշտ վերափոխում են այնպես, ինչպես ներկան է պահանջում, ապագան դեռ չծնված՝ նրանք խոստումներ են տալիս ապագայի հաշվով ու միշտ համեմատելով անցյալն ու ներկան՝ գալիս են այն եզրահանգման, որ ներկան ավելի լավն է, քան անցյալը: Եվ այս ամբողջ թոհուբոհում դու չունես մեկ այլ տարբերակ, ապացույց, փաստ, որը կարող է քեզ հակառակում համոզել: Իշխանության սրբազան պարտքը մարդկանց ուղեղները լվանալն է: Դա արվում է այսպես կոչված «Կրկնամտքի» շնորհիվ: Կրկնամիտք նշանակում է մտքում միաժամանակ երկու միմյանց հակասող հավատ պահելու և երկուսին էլ հավատալու ունակություն: Մեզանից պահանջվում է միայն լարել մեր միտքը կրկնակի չափով, որպեսզի կարողանանք ճշտին հաջորդել սուտը, ստին՝ մեկ այլ սուտը, անցյալը փոխենք ըստ անհրաժեշտության, իսկ ներկան համադրենք անցյալի հետ: Իշխանության դավաճանը ազգի դավաճանն է: Իշխանությունը երբեք չի ներում դավաճաններին, այլ «բուժում» է նրանց: Իշխանության դեմ դուրս ելած անհատը զրկվում է իր եսից, երբ համարձակվում ըմբոստանալ: Այդժամ նրանք ցավեցնում են քեզ չդիմանալու աստիճան, սրսկում են ուղեղդ իրենց գաղափարներով և հավատալիքներով, ոչնչացնում են եսդ, պատվազրկում ու հայհոյում են քեզ և թքում վրադ՝ լղոզվելու աստիճան: Նրանք քեզ հավաստիացնում են, որ եթե վերևում են՝ ուրեմն ճիշտ են: Եվ քո պարտականությունն է հնազանդվել այդ «ճշտին», ընդունել «ճիշտը», «սիրել ճիշտը»: Եվ այն ժամանակ, երբ գալիս է քեզ ցավեցնելու հերթը, միշտ գտնվում է այնպիսի մի տարբերակ, որը անդիմադրելի է և որին չես կարող դիմանալ: Այն պահին, երբ դու հաստ պարանով գամված ես աթոռին, իսկ շուրջդ վխտում են դարչնագույն, հսկա առնետները, որոնք ցանկացած պահին կցատկեն դեմքիդ ու կսկսեն կրծոտել, կհարձակվեն աչքերիդ վրա, անցք բաց կթողնեն այտերիդ մեջ և կխժռեն լեզուդ, միշտ գտնվում է մի մարմին, ով կարող է կանգնել քո և առնետների միջև: Այդ մարմինը կարող է լինել քո քույրը, եղբայրը, մայրը, հայրը, կամ այն մեկը, ում երդվել ես երբեք չդավաճանել, ում երդվել ես միշտ սիրել:

Ես մեղավոր չեմ


9

Ինձ մեկ մեկ թվում է, թե ուր որ է գետն եմ ընկնելու, բայց չէ. այդ նրամք են կախվում իմ փեշերից ու իրենց գետը գցում, իսկ ես շարունակում եմ մնալ գետի գլխավերևում կանգուն ու միշտ նայել երկինք. ես երկինք նայելուց այնքա˜ն հոգնել եմ: Ախր սիրտս մխկտում է, ախր ոտքերս շարունակ դողում են, երբ վրաս է կանգնում մռայլ մի այցելու և ես իսկույն հասկանում եմ, որ նրան այլևս չեմ տեսնելու: Մի քանի օր առաջ էր, անձրև էր գալիս: Ամբողջովին թրջվել էի, անխիղճ ցրտից ոտքերս քարացել էին: Միայն գիժ հարևանս էր ալիքները շարունակ ժայռերին խփում, ինքն էլ չգիտեր ինչ է պատահել, պարզապես արդեն հոգնել էր դիակները կոծկել: Ես շատ էի ուզում ձեռք մեկնել նրան, սփոփել իր վիշտը իմ կատակներով, բայց ախր ես էլ տքնում էի անճար` իմ հին հյուրերին հատ-հատ հիշելով: Եվ ուզու՞մ եք ճիշտն իմանալ, ես իսկապես մեղավոր չեմ, ախր նրանք են այս կյանքից զզված իրենց շպրտում երախը մահվան: Ես ին՞չ մեղք ունեմ, որ ինձ շինեցին այս գետի վրա, ես ին՞չ մեղավոր եմ, որ ով ցատկում է իմ վրայից վար, իսկույն սուզվում է գետում խելագառ: Նա եկավ, տխուր էր, մարմնովս ահ անցավ, մի աննկարագրելի ցավ պատեց ինձ և սկսեցի աղոթել իր համար: Շատ էի ուզում, որ ինքն էլ մյուսների պես միայն մեկ անգամ չայցելեր ինձ: Անձրևի մաղող կաթիլների հետ նրա արցունքներն էին թափվում դեմքիս: Լուռ էր, ոչինչ չէր խոսում, չէր հայհոյում, չէր անիծում, միայն լացում էր: -Ի՞նչ է պատահել- հարցրեցի ես: Ոչինչ չասեց, քայլեց դանդաղ ու երերուն, բռնվեց ոտքերիցս, ապա կախվեց իմ հին ու մաշված զգեստիցս և բղավեց. -Ես պարզապես հոգնել եմ սիրել: Այդ նրա վերջին խոսքերն էին, որ ես երբևէ լսեցի: Գետը դիմավորեց նրա անշունչ մարմինը, որը մխրճվեց նրա թանձր ու լուրթ ալիքներում: Մի ժամ էլ չանցավ, երբ ինձ վրա հավաքվեցին մի խումբ մարդիկ: Չեմ էլ ուզում անգամ հիշել նրանց դժգույն ու սառած դեմքերը, չեմ ուզում հիշել այն աղաղակները, որոնք մինչև հիմա ականջիս մեջ զնգում են անդադար, այն հայհոյանքները որոնք միաբառ ասում էին «անիծվե՛ս դու, անիծվե՛ս»: Եվ գիտեք ինչ կա, բա՛վ է Ինձ մեղադրեք, ես մեղավոր չեմ, սա էլ իմ բախտն է, իմ բութ ու մեղսավոր կյանքը: Ես ի՞նչ անեմ, որ կամուրջ եմ տկար, որ միշտ մահվան դուռ եմ ես ոմանց համար, ինչ անեմ, որ մյուս կամուրջների նման, ինձ մոտ չեն գալիս սիրահարները, չեն համբուրվում, սեր չեն խոստովանում, չեն գալիս հարազատ ընկերները, չեն վազվզում ինձ վրայով, չեն կատակում ու ծիծաղում, այլ միշտ հյուր են նրանք, ովքեր հոգնել են ապրել, ովքեր մենակ են ու անհույս, ովքեր խեղդվում են, էլ չեն դիմանում, ովքեր ուզում են մեղք գործել ճղճիմ, քան ապրել այս կյանքում թշվառ ու չնչին: Եվ վերջապես, հավատացե՛ք, ես մեղավոր չեմ, ես ինչ անեմ, որ կամուրջ եմ խուլ կյանքի ու դառը մահվան միջև:


10

Աշնանային երեկո

Աշուն էր, խոր աշուն: Կանգնել էի ձեր փողոցում `պատուհանիդ տակ : Անթարթ աչքերս հառել էի այնտեղ, ուր հանգիստ ննջում էիր կիսախավար մթության մեջ: Պարզ տեսնում էի վառվող ջահը քո սենյակի, որը կարծես վերջին ճիգերն էր գործադրում աղոտ լույս արձակելու համար: Գիտեի, որ քնած ես, քանզի արթուն են նրան, ովքեր երբեք չեն քնում: Այնպես կուզեի քեզ նման քնել , լինել քեզ նման ՝սառն ու անտարբեր: Շուրջս դատարկություն էր, միայն չարաճճի քամին էր համառորեն պարում ինձ հետ, շոյում էր մազերս , կախվում իմ զգեստից՝ քաշքշելով այն այս ու այն կողմ: Նա ինձ չէր հասկանում, չէր գիտակցում, որ չեմ ուզում պարել իր հետ, պարել չեմ ուզում, ուզում եմ քնել: Անկոչ հյուր էի ձեր փողոցում, ուր սիրտ մաշող լռությունը խաթարվել էր անհրապույր քամու սուլոցի պատճառով: Քամին սուլում էր , կանչում էր պարելու, իսկ ես կանչում էի քեզ առանց շշուկի կանչում էի, կանչում, իսկ դու չէիր գալիս: Աշուն էր, թախծոտ աշուն: Այդ ճնշող այդ քարացնող մթության մեջ միայն քո սենյակի լույսն էր անվերջ երերում: Շուրջս նայեցի. ունայնություն էր: Ոտքերս կպել էին սառցե հատակին ու չէին շարժվում: Անխիղճ ցուրտը փաթաթվել էր ինձ, գրկել էր ամուր, ինքն էլ էր մրսում իր սառնությունից և իմ հալած, իմ դժգույն մարմնից փորձում էր կորզել մի քիչ ռտաքություն: Գիժ ծառերը մերկանում էին մրրկածուփ մթության մեջ ` ի ցույց դնելով իրենց տատղկալի և հիվանդ մարմինները: Աշնան անամոք եւ տիտաշուք երեկո էր: Ես կանգնել էի փողոցում, աչքերս հառել էի պատուհանիդ, որտեղ ջահը լույս չէր արձակում, հոգնել էր վառվել անվերջ վառվելուց, նա էլ ինձ նման հոգնել էր քեզնից: Աշնան պես քաղցր, բայց և անդարման, աչքերիս քունը խլեցիր ինձնից, ախ գոնե միայն աչքերս փակվեին ու ես չտեսնեյի էլ երբեք ոչինչ: Աշնան մորմոքող եւ անհնազանդ տրտմության գրկում քունն էի քո հսկում, իմացիր հաստատ ես քեզ չեմ ատում, սիրում եմ կրկին, թեև աշնան պես սիրահետեցիր, հոգիս գերեցիր ու դեգերեցիր, քո սիրով ինձ թունավորեցիր եւ այդ թույնից էլ ես վարակվեցի անքնությամբ : Աշուն էր տխուր ու միապաղաղ: կանգնել էի ես ձեր փողոցում պաղ, նայում էի անվերջ տան պատուհանիդ, ուր քնած էիր դու լուռ ու հանգիստ:

Ինչպե՞ս դառնալ հաջողակ


11 Մարդը դեգերումների մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ իրեն հասու չի լինի ճշմարտությունը: Երբ Հիսուսը երկիր իջավ, նա բոլորին ակնհայտորեն ցույց չտվեց ճշմարտությունը, այլ օրինակներով և փաստերով փորձեց մեզ կանգնեցնել այն ուղու վրա, որը բացահայտ է և ճշմարիտ: Մինչև օրս էլ մարդկային ոհմակը կատաղի պայքար է տալիս չարի և բարու, կեղծիքի և ճշմարիտի դեմ, բայց փաստն այն է, որ յուրաքանչյուրի համար «ճշմարտությունը» այլ է և յուրովի: Թե որքանով է մարդուն կյանքում հաջողվում լինել հաջողակ, դա ամենևին ոչ իր խելքի և ոչ էլ աշխատասիրության արդյունքն է: Հաջողակ մարդիկ հաջողակ են ծնվում: Եթե դու հաջողակ ես, ապա հաջողությունը ինքն է վազում քո ետևից, այլ ոչ թե հակառակը, իսկ եթե անհաջողակ ես, ապա որքան էլ ուզում ես վազիր հաջողության ետևիից, միևնույն է, դու նրան չես հասնի: Հիսուսը գիտեր յուրաքանչյուրի ապագան, նա ամենևին անակնկալի չեկավ Հուդայի դավաճանությունից. Հուդան պետք է մատներ Հիսուսին: Յուրաքանյուրս ունենք «հետո», որը կանխորոշված է և վճռված: Հաջողակ, բայց ծույլ ու հիմար մադրը կարող է մի վարկյանում դառնալ միլիոնատեր, եթե հանկարծ իր մտքովն անցնի գնել խաղատոմս: Հաջողակ մարդը կծնվի աղքատ ու ոտաբոբիկ, բայց կդառնա թագավոր: Եվ այս ու մյուս հաջողությունները երբեք հաջողակներից չեն պահանջի ավելորդ ջանք ու եռանդ, իմաստնություն ու փութաջան աշխատանք: Հաջողությունը հաջողակների կողմից է: Անհաջողությունն էլ հաշվի չի առնում անհաջողակների խելքն ու իմացությունը, նրանց քրտնաջան աշխատանքը միևնույն է վաստակ չի բերում, մայթում կանգնող անհաջողակը ավտովթարի է ենթարկվում, «օդերով սավառնող» անհաջողակը ոտնատակ է լինում, իսկ մահվան դատապարտված անհաջողակն էլ մահճակալից է ընկնում ու մահանում: Սրանք բոլորն էլ օրինաչափություններ են, որոնք անխախատ են, չերերվող ու միշտ կայուն: Մարդ արարածը այնքան չի առաջադիմել, որպեսզի կարողանա փոխել ապագան: Ապագան անձեռակերտ խաչ է, որը անհաջողակները մեջքին են կրում, իսկ հաջողակները քայլում են վրայով: Ոչ ոք ընտրության հնարավորություն չունի: Եթե անգամ դու կարծում ես, որ ունես ընտրելու երկու տարբերակ, ապա միևնույն է, դու ընտրելու ես այն, ինչ պետք է ընտրերիր: Սրանք անհերքելի սկզբունքներ են, որոնք տարանջատում են մարդկությանը միմյանցից, դարձնում երջանիկ կամ դժբախտ, հարուստ կամ աղքատ, կուշտ կամ սոված, գեղեցիկ կամ տգեղ, խելացի կամ հիմար, խղճուկ կամ ուժեղ և որ ամենակարևորն է, մարդ կամ գոյ: Այնպես, որ անհրաժեշտություն չկա ինչ-որ մի բանի ձգտել հաջողակ լինելու համար, եթե քեզ տրված է հաջողակ լինելու բերկրանքը, ապա դու կլինես հաջողակ անգամ կյանքի գնով:


12

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իմունիտետ եմ ձեռք բերել

Ես չեմ նեղանում ,էլ չեմ նեղանում Ոչ այն պատճառով , որ մեծ եմ արդեն, Այլ որովհետեւ այն երեխան չեմ, Ով սոված մնալուց միշտ լաց էր լինում:

Ես հացի համար հիմա չեմ լացում, Դրա փոխարեն մի հաստ ու ոսկրոտ ոտքեր եմ լվում, Կրպակից տաք բոքոն գնելու համար:

Ես չեմ զայրանում եւ չեմ զարմանում, Երբ արդեն եւեթ ոչ մի զանցանքում Ջղաձգությունից ես չեմ ցամաքում. Այլ նմանվում եմ մի բարի քեռու, Ով ոչ մի անգամ իր զարմիկներին չի նախատում. Ինչին է պետք, որ չեն խրատվում: Ես չեմ ամաչում, որ չեմ ամաչում Իմ անդաստիարակ պահվածքի համար, Երբ տեղս չեմ զիջում այն երթուղայինոմ, Որտեղ ծերունին հեւում է շարունակ: Եվ չեմ բարկանում ինքս ինձ վրա, Որ ոչ մի անգամ ես չեմ բարկանում,


13

Երբ իմ աթոռն են տակիցս քաշում, Գետին ընկնելուց չեմ հրաժարվում. Համենայն դեպս իմ « մեծությունից » Գետինը չի ճռռում աթոռի նման :

Եվ բացի այդ էլ չեմ վիրավորվում, Երբ իմ անունը շփոթում են հաճախ « Կենդանակերպի նշանների » հետ. Ես Խոյ լինելուց հպարտ եմ այնքան:

Եվ վերջիվերջո ես ընտելացել եմ այն թափորի հետ , Որն ինքն իրեն իշխան է կարգում մի մեծ աղբարկղում, Քանզի ով է տեսել, որ աշխարհում Աղբով հիանան ու գովքը անեն, Ինչ է,, թե նա մեծ համբավ ունի իր « շրջապատում »:

Ես չեմ հորինում, Ես համեմատում եմ երեկն ու վաղը, Ես վերծանում եմ ինքս ինձ հիմա Եվ հասկանում եմ , որ այլ ելք չկա , Քան արհամարել այն բազմությանը, Ով ինքն իրեն տեր է համարում այն ամբարում , Որտեղ խեղճերին ալյուրի նման մաղում են միայն: Բայց մի մոռացեք , որ հենց այդ ալյուրով են հաց պատրաստում, Չմաղված ալյուրը միշտ դեն են նետում:


14

Ես քեզ սխալմամբ սիրեցի Գուցե սխալմամբ ես քեզ սիրեցի, Գուցե շփոթել էի մեկուրիշի հետ, Գուցե շփոթեցրել էր և մեզ երկուսիս Մեր շփոթմունքը միմյանց հանդեպ: Քեզ շաղկապվեցի գուցե սխալմամբ, Ինձ շաղկապեցիր քո եսին այնպես, Որ հետո որքան էլ ջանանք, Չկարողանանք միմյանցից պոկվել: Եվ չկամ և՛ ես, և չկաս և՛ դու, Կա միայն «Մենք» իրար շաղկապված, Գուցե սխալվեցի ես քո հարցում՝ Սիրելով քեզ այդքան շփոթված:

Հանրահաշվական սեր Ոչինչ չստացվեց, չհաշտվեցինք, Որքան փորձեցինք, որքան ջանացինք, Խելք-խելքի տվինք՝ բան դուրս չբերինք: Մնացինք նույնը՝ չդարձանք երկու, Ոչ էլ գումարվեցինք մենք իրարու, Չբազմապատկվեցինք, չբազմապատկեցինք մեր ունեցածը`ընդհակառակը. Մեկս մյուսից միայն հանվեցինք, Մեկս մյուսին չհանվացրինք մերկանալու չափ, Այլ դեռ չհանված մենք հագնվեցինք Եվ բաժանվեցինք առանց մնացորդ:

Ես մինչև հիմա քեզ չեմ մոռացել Եվ ստել եմ ես, երբ ասել եմ մոռացել եմ քեզ. Ես մինչև հիմա քեզ չեմ մոռացել: Մոռանալու համար պետք է չհիշել, Բայց ամեն վարկյան ես քեզ եմ հիշում Եվ ամեն վարկյանս դառնում է հիշողություն:


15

Պատահում է այնպես, որ կենցաղով ընկած Մոռանցում եմ հիշել ես քեզ հանկարծ, Եվ նախատում եմ ինքս ինձ այնպես, Ինչպես ուսուցչուհին այն աշակերտին, Ով մոռացել էր դասը սովորել: Դու ինձ համար մի դաս ես դարձել, Ես քեզ ամբողջությամբ անգիր եմ արել, Քո փոփոխական հայացքը կշռել Եվ ամեն կշռումից նույն թիվը ստացել: Բայց ափսոս երբեք չեմ համարձակվել Դնել մեր սերը կշռաքարին, Քանզի մինչև հիմա չգիտեմ Սիրում ես արդյո՞ք, սիրո՞ւմ ես դու ինձ: Իսկ սիրո՞ւմ եմ ես քեզ- դա էլ չգիտեմ, Ես, որ սովորել եմ քեզ չմոռանալ, Դու, որ դարձել ես պարտականություն՝ Հիշել է քեզ պետք և ամեն վարկյան:

Վնասակար սովորություն Դու սովորություն ես, էլ ուրիշ ոչինչ, Մի անտանելի սովորություն, Անգիտակցաբար կապվել եմ քեզ հետ Եվ սիրել եմ քեզ ենթագիտակցաբար: Դու սսովորություն ես, Եվ քեզ սիրելը ռեֆլեքս է միայն, Եվ քեզ սիրելը վնասակար է, ինչպես… ծխելը: Միշտ դժգոհում ես, թե շատ եմ ծխում, Ասում ես իբր դա վնաս է ինձ, Բայց եթե իմ մասին շատ ես մտածում, Ապա ինչու՞ չես թողնում, որ ազատվեմ քեզանից: Մենք երկուսս էլ հասկանում ենք, Որ դու ավելի վնասակար ես, քան ծխախոտը Եվ ավելի կպչուն, քան մոլախոտը:


16

Չէ՛, ես Հերոս չեմ Իսկ դուք ասում եք, թե ես հերոս եմ, Չէ՛ բարեկամ, ես միմոս եմ, Ինքս ինձ համար անտակ փոս եմ, Ի՞նչ անեմ, որ ձախորդ փանոս եմ: Ուր, որ գնում եմ այնտես քաոս է, Կյանքս ինձ համար կարճլիկ անոնս է, Անփորձ որսկանի անհաջող որս է, Չլինի՞ թե կորած փարոս է:

Կեղծավոր քաղաքավորություն Եվ մի փորձիր քաղաքավարությունից դրդված Դու ինձ բարևել. Այդպես անկեղծ չի: Բարևը երբեք անկեղծ չի լինում, Երբ բարևում ես զուտ քաղաքավարությունից: Անկեղծ չի նաև այն տարրական հարցը, Երբ տալիս ես ինձ հանդիպելիս.«Ինչպե՞ս ես արդյոք»: Թե ինչպես եմ ես, քեզ չի էլ հուզում, Միայն քաղաքավարի ձևանալ ես ուզում, Եվ ես էլ քեզ պես զուտ քաղաքավարությունից, Գռեհիկ պահվածքս մի կողմ թողնելով՝ Տարրական պատասխան եմ տալիս տարրական հարցիդ.«Ես լավ եմ, շնորհակալություն»:

Աթոռապաշտը Վերջ, տիրացել եմ, Արդեն ընտելացել եմ Եվ ընտելացրել եմ քեզ իմ եսին, Ուզես, թե չուզես նստեցրել եմ Իմ հետույքը ես աթոռին:


17

Ինչ անես սա է, Ես անսասան եմ Եվ ընդդիմանալը քեզ վնաս է, քեզ համար կյանքը գուցե երազ է, Ինձ համար այն անպետք փալաս է: Իմն է աթոռը, Քոնն է քո թոռը, Ե՛կ կայսրինը տանք կայսրին, Ի՞նչ կարող ես անել, եղածն եղած է, Մնում է միայն հաշտվել նորից: Կուզես մի թաս գինի կոնծի, Կամ էլ տուր գլուխկոնծի, Մեկ է աթոռը դա իմ պաշտոնն է, Եվ այսօրվանից կյանքը իմ տոնն է:

Հիսուս խնդրում եմ երկիր իջիր Իմ, թե՞ բոլորիս շուրջն է փոթորիկ, Երբ խառնվել է մեկը մյուսին, Երբ խրթնել է մեկը մյուսից, Ասպարեզ խցկվել մեկը մյուսով: Իմ, թե՞ բոլորիս շուրջն է փոթորիկ, Երբ մազերիդ տեղը գլուխդ են խուզում, Երբ հարաբերություններ են անվերջ խզվում, Հարաբերվելուց չենք էլ խոսում, Թե ինչու՞ ենք անվերջ իրար մերժում: Թե ինչու՞ հանկարծ առանց պատճառի, Ինքնաբերաբար խաբում ենք իրար անգամ այն դեպքում, Երբ ճշմարտությունը հե՛չ էլ ցավոտ չի. Պարզապես անսովոր է մեր սովորածին: Իմ, թե՞ բոլորիս շուրջն է փոթորիկ, Երբ շնչահեղձ ես լինում նույնիսկ թթվածնից, Դանակն են անգամ կոկորդդ խրում, Երբ մորուքիցդ բռնել չի լինում: Այդ ժամ ոչ ոքից և ոչնչից բռնվել չի լինում, Այդ ժամ ուզում ես ողջ գիշեր խմել ոչ թե հարփելու,


18

Այլ համարձակություն ձեռք բերել Քո իսկ սեփական մորուքը սափրելու համար, Որ այլևս ընկնելու պահին մորուքիցդ չռնվես: Իմ թե՞ բոլորիս շուրջն է փոթորիկ, Երբ ամոթանքը հանցանք է ճղճիմ, Երբ ամաչողը անամոթ է դարձել, Իսկ ամոթխածը՝ նստել մեր վզին: Երբ լավությունը հետին միտք ունի, Վատությունը իրենից առաջ է անցնում, Նա, ով իր հերթին ասելիք ունի, Միշտ զիջելով է իր կյանքը անցնում: Երբ չես հասկանում ու՞մ դեմքին ժպտաս, Ու՞մ դեմքով շրջվես, ո՞ր կողմ շրջվես, Երբ մնում ես տեղումդ կանգնած՝ քեզ հետ են հրում, Առաջ գնալուց՝ քեզ հետ են լինում, Երբ հետ ես գնում՝ քո հետևից բոլորն են թքում... Իմ, թե՞ բոլորիս շուրջն է փոթորիկ, Իմ, թե՞ բոլորիս շունչն է կտրվում, Երբ աշխարհն այսպես հազիվ է շնչում… Հիսուս խնդրում եմ երկիր իջիր Ու մի պահ շուրջդ նայիր:

Թե ուշանամ Երբ ուշանամ ու էլ չգամ հանդիպման, Չկարծես որ մոռացել եմ, չեմ հիշում, Ժամացույցս թխթխկում է անընդհատ, Իսկ իմ կյանքը կանգ է առել անցյալում: Չեմ հասկանում, թե ինչու եմ շվարել, Ոչ խոսում եմ, որ մրմնջում քթիս տակ, Հոգիս ունայն, դատարկ սիրտս փոթորկվել Անց է կացնում օրերս լուռ աննպատակ: Կյանքս մեռավ ու նավի պես խորտակվեց Սուզվեց ծովի ալիքներում ամայի, Բայց իմ սիրտը շարունակում է բաբախել


19

Ու աղոթել ինձ միշտ սպասող էակին: Թե ուշանամ ու էլ չգամ այն այգին, Ուր թաղել ենք մեր սերը վաղամեռ, Չկարծես, որ դալկացել է իմ հոգին Ու չի ուզում այն նորից քեզ սիրել: Կյանքս հանգեց երկնակամարում աստղի պես, Երազանքներս մոխիր դարձան, էլ չկան, Բայց իմ հլու սիրտը կարծես Դեռ թռթռում է միայն ու միայն քեզ համար: Գուցե հիմա դեռ սպասում ես, որ կգամ, Կընկնեմ գիրկդ ու կփարվեմ քո կրծքին, Բայց միգուցե ուշացել եմ ու բնավ Ինձ չես հիշում, այլ սիրում ես ուրիշին: Թե ուշանամ ու էլ չգամ հանդիպման Չկարծես, որ չեմ սիրում այլևս քեզ, Մենավոր սիրտս չի գտնում վախճան, Իմ անիմաստ ու փշրված կյանքիս պես:

Ո՛վ դու «Մեծն Հայրենասեր»

Նրանցն է մեղքը, որ չկա ելքը, Նրանք են մեջքը, որ բաց է մուտքը, Գալիս է թուրքը, հանում է քուրքը, Մեր հողին սոսնձում իր միակ ոտքը: Նրանք են, որ միշտ զգույշ ու ծպտյալ, Հայրենասերի կեղծ դիմակի տակ, Ոսկով ծախում են մեր հողն ու ջուրը, Որպեսզի ծխեն իրենց թութունը: Նրանք են, որ միշտ կազմ ու պատրաստ, Ինչպես մարտի անահ զինվորներ, Հաշվում են իննը, երգում են հիմնը, Որպեսզի երևան զուտ հայրենասեր:


20

Եվ չմտածեք, որ մեր «մեծերը» բան ու գործ չունեն, Հո՞ ձեզ նման պարապ-սարապ չեն, Անգիր են անում այնպիսի ճառեր, Որոնց լսելիս առնում ես թևեր. Այն էլ ինչ թևեր… Նրանց լսելիս դառնում ես խրոխտ, Ո՞վ մեզ կարող է անել ոտնակոխ, Բայց երբ թշնամին ապտակում է այտերին, Վախկոտի նման մյուսն են դեմ տալիս: Նրանք են, որ իբրև անօթի, Հացի փոխարեն սուտ երդում են ուտում, Թե անգամ եթե լինենք անօդի Չենք հանդուրժի արատագաղթում: Եվ արի ու տես, որ հայրենիքը մեր Չունի անգամ սիրո կարիք, Ո'վ դու «Մեծն Հայրենասեր» Որ տալիս ես միայն բարիք Քո ստամոքսին… Ես չեմ հանդուրժում այն հայրասերին, Ով պետք եղած տեղը գցում է հորը մի «ծերակույտ» Այն հայրենասերին, ով շահի համար Բթամատից դառնում է ճկույտ, Ես չեմ հանդուժում այն բթամտին, Ով չի հանդուրժում և՛ ոչ մի խրատ. Մնում է միայն ցույց տալ նրանց մի մեծ մատնեմատ:

Շնորհակալություն))) Դուք կայացրեցիք ճիշտ որոշում


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.