Ամենայն հայոց բանաստեղծը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում
Լոռին, կամ Գուգարաց աշխարհի Տաշիր գավառը ընդգրկում է Լոռու սարահարթը և Դեբեդ գետի հովիտը: Հյուսիսից ձգվում են Վիրահայոց, հարավից` Բազումի, արևմուտքից` Ջավախքի, արևելքից Գուգարաց լեռնաշղթաները: Սկզբում Լոռի է կոչվել Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորի 11-րդ դարում Ձորագետի ձախ ափին կառուցած Լոռի /Լոռե/ բերդը, որը 1056թ.ից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը: Հետագայում Լոռի անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա: Դսեղը գտնվում է Լոռու հարավարևելյան Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր մասում: Գյուղի անունն առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարի կեսերին Հակոբ Գ. Սսեցի կաթողիկոսի /1404-ից 1411թթ./ կողմից: Անվան ստուգաբանության երկու տարբերակ կա.
ա/ Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն բնակավայրից առանձնացված տեղ/գեղ: բ/ Ըստ ավանդազրույցի, ձորի գյուղերից տարբերելու համար, բարձրադիր գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դըզի գեղ, որը հետագայում հնչյունափոխության է ենթարկվել և դարձել Դսեղ: Լոռին ունի մեղմ կլիմա, հարուստ ու բազմազան բուսական և կենդանական աշխարհ:
Ըստ տոհմական ավանդության Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն համարել է Մամիկոնյաններից սերված և 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց Մամիկոնյան» կնքադրոշմը: Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` Համազասպյանները X-XI դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Լոռում մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում: Թումանյանին Հովհաննես կամ Օհանես է անվանակոչել իր տատը,ամուսնու ՝Օհաննես աղայի պատվին: Նա է հիմնականում զբաղվել թոռան կրթությամբ և աշխարհի հետ ամուր կապի հաստատմանը:
Ասլան (1839-1898) – կամ Տեր Թադևոս Թումանյանի քահանա հայրը
Թումանյանի հայրը՝ Ասլանը,եղել է ժամանակի կրթված մարդկանցից մեկը, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվել է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի:Անչափ բարի անձնավորություն: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:Թումանյանը համոզված է ,որ մեծ բախտավորություն է ունենալ լավ ծնողներ:Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
Սոնան (1842-1936)բանաստեղծի մայրը
Հովհ. Թումանյանը խիստ կանոնավոր կրթություն երբևէ չի ստացել: Նախնական գրաճանաչություն սովորել է հորից: Ութ տարեկան հասակում մի խումբ գյուղացիների հետ գրելկարդալ է սովորում հորեղբոր` Գրիշկա բիձու նորաբաց «դպրոցում», որտեղ մատիտները արճիճից էին, թանաքը` կակաչ ծաղկից, որ աշակերտներն իրենք էին պատրաստում: Մի քանի ամիս այդտեղ սովորելուց հետո, 1877թ. Սկսում է հաճախել գյուղում բացված Սահակ վարժապետի դպրոցը, որն իր «Ինքնակենսագրության» մեջ Թումանյանը շատ վառ ու պատկերավոր ձևով է նկարագրում: Դպրոցը ՏերԹոդիկյան տիպի էր, որտեղ գործադրվող «մանկավարժական մեթոդներն» էին ծեծը վիրավորանքները` գիտելիքների չնչին պաշարի դիմաց: Տեր Սահակը երեխաներին «կառավարում էր գավազանավ երկաթյավ»: Դաժան ծեծից Թումանյանը զերծ է մնացել, քանի որ «վարժապետը քաշվում էր հորիցս, մանավանդ մորիցս էր վախենում»: Ապա նաև սովորում է Ջալալօղլու երկսեռ չորսդասյան դպրոցը: Հետագայում ընդունվում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց ,որտեղ էլ սովորում է երեք տարի:
1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ: Նրանց հանդիպման մասին իմանում ենք հենց Օլգայի հուշերից , - «1887 թ. սեպտեմբերի վերջերին ես ու ընկերուհիս ` Օսանը գնացինք տատիս մոտ: Ճաշեցինք այնտեղ: Երեկոյան դուրս եկանք փողոց, որ մի նեղ ճանապարհ էր հին, միհարկանի տներով: Հենց տատիս տան կողքին, մի սենյակում ապրում էր մի ընտանիք` նախշքար (ներկարար) Բագրատ Թումանյանը` իր կնոջ հետ: Մենք այդ փողոցումն էինք, երբ այդ տնից դուրս եկավ մի միջահասակ կին, նրա ետևից` բարձրահասակ, նիհար կազմվածքով, գանգուր մազերով մի երիտասարդ»:Հենց այս երիտասարդն էլ Թումանյանն էր,որն այդ ժամանակ կոնսիստորիայի գրագիրն էր,անգամ նամակներ է գրել հենց Օլգայի տատիկի համար: Երիտասարդներին առանց իրենց իմացության նշանում են,որն էլ ավարրտվում է պսակով: Թումանյանը և Օլգան տաս երեխա են ունենում: Եվ կապված Թումանյանի բազմազավակ լինելու փաստը չէր կարող չդառնալ զվարճալի դեպքերի առիթ,երբ նա շփոթել է երեխաների դպրոցը,տարիքը,մեկի համար կոշիկ է գնել,պարզվել է սխալ և այլն,և այլն….
Կինը՝ Օլգան
Զավակները
Թումանյանական քառյակներ Նախ մի փոքր տեղեկություն ՝ ինչ է քառյակը . Քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից (օրինակ` Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարցու քառյակները)։ Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։ Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։
~ Քառյակներ ~ Անց կացա՜ն… Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն. Ախ ու վախով, դարդերով Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն: *** Վերջացա՜վ… Կյանքս մաշվեց, վերջացա՜վ. Ինչ հույս արի` փուչ էլավ, Ինչ խնդություն` վերջը ցա՜վ: *** Հիմա բացե՜լ են հանդես Երգիչները իմ անտես. Ջա՜ն, հայրենի ծղրիդներ, Ո՞վ է լսում հիմի ձեզ: *** Ե՛տ չեկա՜վ… Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ, Անկուշտ մահին, սև հողին Գերի մնաց, ե՜տ չեկավ:
*** Երկու դարի արանքում, Երկու քարի արանքում, Հոգնել եմ նոր ընկերի Ու հին ցարի արանքում: *** Ծով է իմ վիշտն անափ ու խոր, Լիքն ակունքով հազարավոր. Իմ զայրույթը լիքն է սիրով, Իմ գիշերը` լիքն աստղերով:
Թումանյանին սիրում են աշխարհի բոլոր հայ մանուկները :Դրա վառ ապացույցն է նրա հեքիաթների ,պատմվածքների ուրախ բեմականացումները: Ստորև ներկայացված ամենասիրելի հեքիաթներից մեկը՝
« Ճամփորդները» ***
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։ — Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,— հարցրեց վերևից բակում պառկած շանը։ — Ես էլ չգիտեմ,— պատասխանեց Քուչին։ — Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։ Շունն էլ ձամաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։ Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտաո։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։ Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ:
Մի աղվես լսեց աքլորի ձայնը։ — Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,— մտածեց աղվեսն ու վազեց։ — Բարի՛ լույս, սանամեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։ — Գնում ենք աշխարհ տեսնելու,— պատասխանեց աքլորը։ — Օ՜, ինչ լավ բան եք մտածել,— խոսեց աղվեսը։— Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։ — Ես համաձայն եմ,— ասավ աքլորը.— տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք։ — Ո՞րտեղ է ընկերդ։ — Էն թփի տակին։ «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը»,— մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։ — Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,— ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։