Ապրիլ 2015, #2 (32)

Page 1

#2 (32) 2015 Ապրիլ

1915-2015 ՏԱՐԱԾՎՈՒՄ Է

ԱՆՎՃԱՐ

Ինչպես էին Խորհրդային Հայաստանում նշում Մեծ եղեռնի 50-ամյակը և ինչպես դրանից հետո կառուցվեց Ցեղասպանության հուշահամալիրը Ինչ է գրվել և նկարահանվել Հայոց ցեղասպանության թեմայով 100 տարվա ընթացքում Ինչի են վերածվում Ծիծեռնակաբերդ բերվող տասնյակ հազարավոր ծաղիկները Ինչով է համացանցը օգնում ճանաչմանը. #Recognize1915



Սուրեն Մանվելյան

Մ

եր նախնիները Արևմտյան Հայաստանից Արևելյան տեղափոխվել էին 1915-ից տասնամյակներ առաջ, այնպես որ՝ կորսված հողերի հետ կապված պատմություններ մանկությանս տարիներին առանձնապես չեմ լսել և մասունքներ էլ անցյալ կյանքից տանը չենք ունեցել: Փոխարենը, քանի որ ապրում էինք Կիևյան փողոցում և Ծիծեռնակաբերդը ոտքով տասը րոպեի հեռավորության վրա էր, Եղեռնի հուշարձան ընտանիքով կամ ընկերների հետ գնում էինք գոնե շաբաթը մեկ-երկու անգամ, երբ մարդ գրեթե չէր լինում: Բոլորովին այլ զգացում էր, քան ապրիլքսանչորսյան բազմամարդ երթերի ժամանակ: Լռություն, տխրություն, օդի մեջ զգացվող ցավ: Այն ժամանակ, երբ մտածում էի եղեռնի մասին, կենտրոնանում էի միայն այդ ցավի ու ողբերգության վրա: Ինչ-որ ժամանակ անց մտքովս անցավ, որ, հե՜յ, փաստորեն Ցեղասպանության կազմակերպիչները բնավ չեն հասել իրենց նպատակին, չէ՞ որ մենք այստեղ ենք, կանք, ապրում ենք, ու դեռ վառ ենք պահում զոհերի հիշատակը: Այդ պահը մինչև հիմա շատ եմ կարևորում և ուրախանում եմ: Բայց դրա կողքին նաև մեկ այլ խնդիր է առաջ գալիս: Հարյուր տարի անց Հայաստանը և հայերը գոյատևում են: Բայց մի՞թե այդ գոյատևումը հերիք է: Գուցե ժամանակն է ապրելու՞: Գուցե ժամանակն է ոչ միայն ջանք ու եռանդ չխնայել աշխարհին հերթական անգամ ապացուցելու, որ մենք զոհ ենք, այլև վերջապես սկսել պարզապես մարդավարի ապրե՞լ: Օրինակ՝ անել այնպես, որ աղետի գոտում վերջապես մարդիկ ապրեն տներում, ոչ թե «դոմիկներում», տնտեսություն ունենանք, ոչ թե քրեական տարրերին պատկանող հսկա կիսաստվեր բիզնեսներ, նորմալ ավտոբուսներ, ոչ թե հոտած կիսամեռ «մարշուտկեք», զարգացող գյուղեր ու քաղաքներ, ոչ թե դատարկվող ու կիսավեր գյուղեր ու, փաստացի, մի քաղաք: Եվ այլն, և այլն՝ ամեն ինչ հերթով մատնանշելու իմաստ չկա, բոլորս էլ շատ լավ գիտենք: Մի խոսքով, կարծում եմ, որ հարյուր տարի անց, մեր ամենալավ պատասխանը Թալեաթին և մնացածին կլիներ արժանավայել կյանքը: Լավ կլինի, որ գոնե 101-րդ տարելիցին սկսենք դրա մասին մտածել: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների բարձրաձայն մտքերը, նոր նստավայրեր, հայերեն գրքեր և գալիք միջոցառումներ:

18

Այցելություն Եկան, տեսան, հարգեցին Հայտնի արտասահմանցիների այցելությունները Ծիծեռնակաբերդ:

06

Զբաղմունք Կռունկի նվաճողները Ինչպես երկու երիտասարդ լուսաբացը դիմավորեցին Կասկադի վերամբարձ կռունկի գագաթին:

24

07

Զբաղմունք Մեր սեղանից՝ ձեր սեղան ԷՕՆում բացվել է սեղանի խաղերի առաջին մասնագիտացված խանութը Երևանում:

Ցուցահանդես Իրապատում 10 իր Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի՝ Եղեռնի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսից:

26

Կարծիք Եղեռնագրություն Հարյուր տարվա ընթացքում Մեծ եղեռնի թեմայով գրված ամենահետաքրքիր, ինչպես նաև գերագնահատված գրքերը:

08

Իրադարձություն Ciao USSR Երևանի խորհրդային անցյալը՝ Հայկ Բիանջյանի հավաքածուում, որը ներկայացված է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում:

1915-2015

10

Պատմություն 1965-ի ռուբիկոնը Ինչպես էր հայ ժողովուրդը նշում Ցեղասպանության 50-ամյակը:

16

Այլընտրանք Չտեսնված հուշարձան Ինչպիսին կարող էր լինել Մեծ եղեռնի հուշարձանը Ծիծեռնակաբերդում:

Շապիկ՝ Վահագն Համալբաշյան

28

Կարծիք Հրաշքին սպասելիս Ինչ խնդիրներ ունեն Մեծ եղեռնի մասին ֆիլմերը և ինչ հուսադրող պրեմիերաներ են դեռ սպասվում այս տարի:

32

Սեփական փորձ Վերապրածների երթ Լրագրող Էլեն Բաբալյանը այն մասին, թե ինչու է ամեն տարի մասնակցում ապրիլի 23-ի ջահերով երթին:

34

Համացանց #Recognize1915 Ինչպես է Ցեղասպանության ճանաչմանն օգնում Ucom-ի Recognize1915.com կայքը:

Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան

36

Հեռանկար 100 տարի՝ 100 կյանք 100 Lives նախաձեռնությունը՝ թիմի անդամներից մեկի աչքերով:

38

Վերամշակում Հիշողության բացիկները Ինչպես են ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կուտակվող ծաղիկները երկրորդ կյանք ստանում:

40

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

44

Ապրիլ 2015

Իմ Երևան Քաղաքը՝ աշտարակից Աննա Ավանեսյանը՝ Ռադիոտան հավաքույթների,

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Արքմենիկ Նիկողոսյան, Րաֆֆի Մովսիսյան, Էլեն Բաբալյան, Արեգ Դավթյան, Արմեն Մուրադյան, Սուրեն Ստեփանյան, Արարատ Միրզոյան, Արփի Ոսկանյան, Նիկիտա Զարոբյան, Արմեն Գրիգորյան, Անի Սմբատի Լուսանկարներ՝ Սուրեն Մանվելյան, Խաչիկ Մուրադյան, Մարիամ Լորեցյան, Գրիգոր Եփրեմյան, Առնոս Մարտիրոսյան, Յ.Ն. Զարոբյանի ախիվից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Ֆոտոլուր, PAN Photo արխիվ, Երևանի պատմության թանգարան, Neilson Barnard/Getty Images, Էդգար Բարսեղյան Տառատեսակ Arek Armenian by Rosetta

2 3

Այնտեղ Անսահման հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները աշխարհի տարբեր քաղաքներում:

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ Տնօրեն՝ Աննա Ղասաբյան

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80 Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL՝ www.imyerevan.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ sales@e-productions.am

բակային խաղերի ու Ֆրանսիայում հայերին փիառելու մասին:

46

Հայրենադարձություն Զրոյից նոր կյանք Չորս պատմություն՝ Սիրիայից Երևան տեղափոխված ու այստեղ նոր կյանք սկսած չորս ընտանիքների մասին:

ՔԱՂԱՔ

50

Գրողը տանի Երևանի սերը ու դասերը «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով բանաստեղծ, արձակագիր Արփի Ոսկանյանը գրել է էսսե՝ Երևան քաղաքի մասին:

52

Կադրերի բաժին Արևմտահայ որբերը Երևանում, 1916թ. Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

© 2011-2015 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 02.04.2015

Տպագրված է «Տպարան» ՍՊԸ-ում, 0002, Երևան, Պուշկինի փողոց 42/2

Տպաքանակ՝ 6000 օրինակ Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը:

facebook.com/ YerevanCityMagazine

«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն:

instagram.com/ YerevanCityMagazine

2011-2015 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյութերը պատկանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:



ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից

Նոր նստավայրեր

System of a Down

Կենտկոմի քարտուղարի համեստ պահակազորի, չմահացող վիրուսների և այլնի մասին խոսում են երևանցի տաքսիստները:

***

Մի օր, ուրեմն, էս 86 համարի մարշուտկի շոֆեռը քշում ա իրա համար, մեկ էլ զգում ա՝ կողքի նստածը, դեմի նստարանին, այսինքն, հենվում ա իրա ուսին: Էս շոֆեռը խառնվում ա իրար, ասում ա՝ ապեր, զարթնի, հել վրիցս: Ու ջոգում ա, որ պասաժիրը ձեն չի հանում: Կանգնացնում ա մեքենան, նայում ա՝ չի շնչում: Ֆսյո, չկա էլ էդ մարդը: Բայց ամենաոռին էն ա, որ էս խեղճ շոֆերին հետո ամիսներով դատարաններով քաշ են տալիս, որտև մարդը իրա ավտոյի մեջ ա շունչը փչել:

***

Էս Պռոշյանի վրայի նախագահական տունը հո նոր չի՞, հլը Սովետի թվերից շեֆերը ստեղ էին ապրում, կարծեմ Քոչինյանից սկսած: Բայց ի՞նչ փողոց փակել, հանգիստ դուրս էին գալիս, գնում էին իրանց գործերին: Մի հատիկ մեքենայով, հետևի նստարանին կարող ա մի հատ կագեբեշնիկ լիներ: Բա չէ հիմա՝ փողոցը փակում են, չորս-հինգ մեքենայով դուրս են գալիս, ոնց որ աշխարհի երեք ամենահզոր պետություններից մեկն են ղեկավարում:

Ինչ անել

007, Պուշկին 51

Աշխարհի ամենահայտնի լրտեսի անունով կոչված նոր բարում կարելի է խմել մի քանի տասնյակ կոկտեյլ (դրանցից մեկը կոչվում է «Ջեյմս Բոնդ»), ուտել պիցա կամ բուրգերներ, իսկ ամեն հինգշաբթի այցելել կուբայական պարերի վարպետության դասերի (բոլորովին անվճար): Շաբաթը մեկ փաբում նաև կենդանի համերգներ են հնչում, առաջինը Ջիվան Խաչատրյանի և The GentleMen's Band-ի ելույթն էր:

Ապրիլի 23, Հանրապետության հրապարակ Լավ է ուշ, քան երբեք. հայկական արմատներ ունեցող՝ աշխարհի ամենահայտնի ռոք խումբը վերջապես ամբողջ կազմով ելույթ կունենա Երևանում (մինչ այդ մեզ մոտ երկու անգամ համերգ էր տվել խմբի ֆրոնթ-մեն Սերժ Թանգյանը): Համերգը կապվում է Ցեղասպանության 100-ամյակի հետ, սակայն սա վաղուց նոր երգեր միասին չձայնագրող System of a Down-ի համաշխարհային շրջագայության մի մասն է: Ucom ընկերությունը, ի դեպ, կապահովի համերգի ուղիղ հեռարձակումը համացանցում:

***

Հլը սրան, հորս արև, բա էս տղու ձև ա՞: Էծի մորուքին նայեմ, աղջկական մազերին նայեմ, ինչ անեմ… Չէ լուրջ, բա հայ տղուն սազում ա՞ տենց: Կապ չունի՝ արվեստագետ ա, ինչ ա, հայ տղեն չպիտի գլխին կոս անի:

Քրոնոս քառյակ

***

Էս ազգը, իհարկե, մեղք ա, բայց դե հասնում ա՝ որ 5000 դրամով քեզ ծախես, հետո էդ քեզ առնողները լյուբոյ վտանգ կդնեն կվերացնեն:

Տապաստան, Սարյան 6

Իտալական և միջերկրածովյան խոհանոցի նոր նստավայր: Մենյուի մեջ կան իսպանական տապաներ, վենետիկյան չիկետիներ, բասկյան պինչոսներ և հայկական պատառներ։ «Տապաստանը» աշխատում է կեսօրից կեսգիշեր:

Տարեդարձ Tom Collins, Պուշկին 31

Այս փաբը բոլորովին վերջերս տոնում էր իր երկրորդ տարեդարձը: Երկու տարվա ընթացքում Tom Collins-ը ամուր տեղ է զբաղեցրել մայրաքաղաքի կարևոր փաբերի շարքում: Այստեղ կարելի է խմել, լավ երաժշտություն լսել (կենդանի և ոչ այնքան), պարել, խեցգետին ուտել ու այլ հաճելի բաներով զբաղվել:

***

Էդքան ուրախացանք, որ ձմեռը ձմեռ չարեց, բայց դրա տեղը երկրիդ կեսը քանի ամիս ա հիվանդ ա: Լուրջ, ինչքան ծանոթ ունեմ, կամ արդեն հիվանդացել պրծել են, կամ հիմա հիվանդ են: Որտև ցուրտ չեղավ, վիրուսները չսատկեցին ու մնացին օդում: Իտոգում, էն փողը, որ գազին չտվինք, տալիս ենք դեղերին:

4 5

Ապրիլ 2015

Ապրիլի 29, Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Հռչակավոր քառյակը, որին լայն մասսաները գիտեն հատկապես Դարեն Արանոֆսկու Requiem for a Dream դրամայի սաունդտրեկի կատարման շնորհիվ, առաջին անգամ չէ, որ հանդես է գալու Երևանում: Ինչպես մի քանի տարի առաջ, այնպես էլ հիմա Քրոնոսը «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հյուրն է: Այս տարի քառյակը առաջին անգամ կներկայացնի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ստեղծագործություն:


Ինչ անել

Համացանց

Վլադիմիր Սպիվակով

Ապրիլի 14, 15, 16, Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Ռուսաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Վլադիմիր Սպիվակովի համերգը, որի ծրագրում գրանցված են Մոցարտի դաշնամուրային կոնցերտ N12 լյա մաժոր նվագախմբի հետ և «Ռեքվիեմը», նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տոմսերի արժեքը՝ 3000-30000 դրամ:

«Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը»

Ապրիլի 23-ից, «Մոսկվա» և Cinema Star կինոթատրոններում Կոմիքսների էկրանավորումները արդեն դարձել են հոլիվուդյան մեյնսթրիմի անբաժան մասը, իսկ դրանց բուծման գործում ամենամեծ հաջողությունների է հասել Disney-ին պատկանող Marvel ստուդիան: Այս անգամ մեզ առաջարկում են տեսնել, թե ինչպես են մի քանի սուպերհերոսներ երկրորդ անգամ միացյալ ուժերով պայքարում համաշխարհային չարիքի դեմ: Երկուս ու կես ժամ, 250 միլիոն դոլարանոց բյուջե, պայթյուններ և շատ համակարգչային գրաֆիկա:

Նոր գիրք

Թամար Հովհաննիսյան «Չտեսնված Մհերը», «Անտարես»

Ամեն օր չէ, որ լույս է տեսնում հայ մեծագույն դերասաններից մեկի մասին նոր բաներ պատմող և ցուցադրող գիրք: Եռալեզու «Չտեսնված Մհերը» այդպիսի հրատարակություններից է: Հեղինակը դերասանի այրի Թամար Հովհաննիսյանն է: Նա է իր արխիվներից ընտրել շուրջ 260՝ մինչ այդ հանրությանն անհայտ լուսանկարներ, որոնք առնչվում են Մկրտչյանի կյանքի վերջին 12 տարիներին՝ 1980-ից 1993 թվականները: Լուսանկարներն ուղեկցվում են Թամար Հովհաննիսյանի մեկնաբանություններով:

Գյունթեր Գրաս «Թիթեղյա թմբուկը», «Անտարես»

«Թիթեղյա թմբուկը» նախապատերազմյան, պատերազմական շրջանի, հետպատերազմյան Գերմանիայում և Եվրոպայում բարքերի անկման, մարդկային հասարակության վրա ֆաշիստական գաղափարախոսության թողած կործանարար ազդեցության մասին է: Վեպի գլխավոր հերոսի՝ հիվանդ թզուկ Օսկարի հայացքով են դիտված մարդկությանը պատուհասած մեծ արհավիրքի՝ Երկրորդ աշխարհամարտի հասունացման, ընթացքի և ավարտի համայնապատկերը: Հայերեն թարգմանությունը կատարել է Կարլեն Մատինյանը:

Խուլիո Կորտասար «Այստեղ և հիմա», «Անտարես»

Խուլիո Կորտասարը մահվանից ոչ շատ առաջ անձամբ է կազմել այս շարքը՝ ներառելով տարբեր տարիներին գրված պատմվածքներ: Մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարի ակտիվ մասնակիցը լինելով՝ Կորտասարը չէր կարող անտարբեր մնալ Արգենտինայում իշխող բռնատիրության (1976-1983) և առհասարակ բռնության հանդեպ: Շարքի 9 պատմվածքը, որոնք իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը, արտահայտում է հեղինակի վրդովմունքը բռնության և խորին համակրանքը դրա դեմ ընդվզող անհատների հանդեպ:

«Յուքոմի» օնլայն մասնաճյուղի բացումը

Հաղորդակցման ոլորտում նորարարությունների առաջատար «Յուքոմ» ընկերությունը ներկայացրեց ևս մեկ նախաձեռնություն, որը մեծապես կօգնի ցանցի բաժանորդներին ավելի արդյունավետ տնօրինել իրենց ժամանակը և օնլայն կառավարել իրենց «Յուքոմ» ծառայությունները: Օնլայն մասնաճյուղի ստեղծմամբ «Յուքոմը» նպատակ ունի առավել հեշտացնել իր բաժանորդների՝ մի շարք ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Առաջին անգամ Հայաստանում գործարկվում է մի ծառայություն, որի միջոցով «Յուքոմի» օգտատերերը, առանց ընկերության սպասարկման կենտրոն այցելելու, իրենց տնից կամ աշխատավայրից արագ կկարողանան կատարել իրենց անհրաժեշտ գործողությունները՝ կնքել կամ վերակնքել պայմանագիր, փոխել կամ թարմացնել «Յուքոմ» ծառայությունների փաթեթը, փոխել ինտերնետի սակագնային պլանը, ակտիվացնել Wi Fi ինտերնետային ծառայություն, կատարել առցանց վճարումներ և այլ գործողություններ: Ինչպես իր խոսքում նշեց «Յուքոմի» տնօրեն Հայկ Եսայանը. «Ժամանակակից աշխարհում կյանքը շատ արագ է շարժվում առաջ, իսկ մարդուն ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում՝ զբաղվելու իր սիրելի գործով, լինել տանը՝ մտերիմների ու ընկերների հետ: Յուրաքանչյուր անգամ ծառայությունների փոփոխության համար գրասենյակ այցելելը նշանակում է կորցնել ևս մի քանի ժամ: Մենք առաջարկում ենք մի նոր հնարավորություն, որից օգտվելով մարդիկ այլևս ստիպված չեն լինի երկար ժամանակ վատնել «Յուքոմի» ծառայությունների փոփոխման կամ վճարում կատարելու համար»:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Զբաղմունք

Կռունկի նվաճողները Երբ արևածագը վայելելու բոլոր դիտակետերն արդեն սպառված են, երբ միայն ռոմանտիկան հերիք չէ, պետք է դիմել կտրուկ քայլերի: Այդպես էլ վարվեցին երկու ընկեր՝ Լևոնն ու Գևորգը, որոշելով արևածագը դիմավորել ամենատարօրինակ վայրերից մեկում, որը կարելի է պատկերացնել՝ Կասկադի տարածքում գտնվող կռունկի ամենաբարձր հարթակից: Այսպիսի խելահեղ և բավական վտանգավոր զբաղմունքը աշխարհում շատ է տարածված և կոչվում է քաղաքային ժայռամագլցում կամ «ռուֆինգ»: Այսպես, Երևանն էլ միացավ այն քաղաքների շարքին, որտեղ թերևս մեկ անգամ, սակայն եղել է «ռուֆինգի» հաջողված փորձ:

6 7

Ապրիլ 2015


Մեր սեղանից՝ ձեր սեղան Ամեն ինչ սկսվեց Շանհայից

Ավելի ճիշտ, Youtube-ում տեղադրված տեսանյութից, որտեղ մի քանի երիտասարդ բարձրանում են Շանհայի կենտրոնի բարձրահարկ շենքի վրա տեղակայված կռունկի գագաթին: Գևորգն ու Լևոնը դիտեցին այդ հոլովակը մի քանի անգամ և եկան այս եզրակացությանը. «Մի րոպե, մե՞նք ինչով ենք պակաս: Քաղաքի կենտրոն էլ ունենք, կռունկների պակաս էլ չի զգացվում: Դէ խելառ-ցնդած երիտասարդների դերերում էլ հենց մենք հանդես կգանք»:

Վերջապես, բազմաթիվ խաղասերների խնդրանքներով, ԷՕՆ հակասրճարանում այսուհետ կգործի Երևանում սեղանի խաղերի առաջին մասնագիտացված խանութը:

Որոնումները սկսվեցին

Ընկերները սկսեցին մի հարմար տեղ փնտրել՝ մտահղացումը կյանքի կոչելու: Առաջին ընտրությունը Մոսկովյան փողոցի նորակառույց Մոսկովյան-Պլազայի շենքն էր: Սակայն մի օր, Կասկադով զբոսնելիս, Գևորգը նկատեց կռունկը: Այն հանրահայտ կռունկը, որը երկար ժամանակ խանգարում է բոլորին Մոնումենտի դիտակետից վայելել Արարատի տեսարանը: Գևորգը նաև նկատեց, որ տարածքը, որտեղ գտնվում է կռունկը, կողպված չէ. «Միակ խանգարող հանգամանքը անվտանգության աշխատակիցներն էին, սակայն ճիշտ ժամանակ ընտրելիս, նրանք էլ խոչընդոտ չէին հանդիսանա»: Վերջ: Որոնումներն ավարտվեցին, պետք էր պատրաստվել այդ քայլին:

Պահը հասունացավ

«Մի օր առաջ մենք եկանք հետախուզության, — պատմում է Լևոնը: — Հաշվի առանք բոլոր ռիսկային գործոնները, որոշեցինք, թե կոնկրետ որ ժամին ենք բարձրանում, ինչքան ենք մնում վերևում, ինչ ճանապարհով ենք վերադառնում տուն: Նույնիսկ մտածել էինք, թե ինչ ենք ասելու, եթե մեզ բռնեին»: Առավոտյան հինգին տղաները դուրս եկան իրենց բնակարաններից, տան անդամներին նախօրոք զգուշացնելով, որ գնում են արևածագը նկարահանելու (ինչ-որ առումով, այդպես էլ անում էին) և ճանապարհ ընկան: «Հենց մտանք կռունկի տարածք, շները խախտեցին մեր պլանները: Մի ահռելի հաչոց բարձրացրեցին: Մի պահ կանգ առանք, բայց հասկացանք, որ հետ ճանապարհ էլ չկա ու վազեցինք դեպի կռունկը», — պատմում են տղաները: Բարձրանալն այդքան էլ հեշտ չէր: Մի քանի փայտե աստիճան ապրում էին իրենց կյանքի վերջին օրերը: Սակայն այստեղ խոսեց տղաների պատրաստվածությունը՝ թե՛ Լևոնը, թե՛ Գևորգը արդեն երկար տարիներ լրջորեն զբաղվում են ժայռամագլցումով: Գևորգը նույնիսկ զբաղեցրել է պատանեկան մրցույթի առաջին տեղը և երկրորդը՝ մեծահասակների, և ընդհանրապես, մարզական բավականին մեծ փորձ ունի:

Վերևներում

«Կռունկի գագաթին անցկացրած այդ հինգ րոպեն մեր կյանքի ամենաերջանիկ հինգ րոպեն էր», — միաձայն ասում են տղաները: Վերևում նրանք մեկական «Սնիքերս» համտեսեցին. սա էլ էր պլանի կարևորագույն կետերից մեկը: Վայելեցին Երևանը իրենց տեսած ամենատարօրինակ և ոչ պակաս հիանալի դիտակետից և ժամանակը եկավ իջնելու: Երբ ներքևում էին, Կասկադի անվտանգության աշխատակիցը «թարս» նայեց իրենց կողմ, բայց ոչ մի բան չասեց: Վերջին վտանգը հաղթահարված էր: Այդպես էլ դիմակներով քայլեցին դեպի մետրո, անցորդներին հիշեցնելով կողոպուտից վերադարձող հանցագործերի, ովքեր իրենցից գոհ նկարահանում էին կողոպուտի ավարտը GoPro տեսախցիկներով:

Անկրկնելի

«Ոչ, մենք չենք վախենում, որ ուրիշ երիտասարդները կկրկնօրինակեն մեզ, — վստահ է Գևորգը: — Նույնիսկ փորձառու ժայռամագլցողները դժվար թե փորձեն կրկնել նույնը, և դա շատ լավ է: Շատերը նույնիսկ քիչ է մնում ուշագնաց լինեն մեր պատմածից, էլ ուր մնաց իրենք փորձեն նույն բանը անել»: Այնուամենայնիվ, տղաները կոչ են անում երբեք չփորձել նմանատիպ բան անել, քանի որ բացի նրանից, որ հարկավոր է երկար տարիների փորձ և ֆիզիկական գերազանց պատրաստվածություն ունենալ, ռիսկի գործոնը, այնուամենայնիվ, մնում է շատ մեծ:

Արմեն Մուրադյան

Սեղանի խաղեր կարելի է տեսնել Երևանի մի քանի բարերում և փաբերում, սակայն ժամանցի այս տեսակը հատկապես լայն տարածում ստացավ, երբ Երևանում բացվեց առաջին անտիկաֆեն կամ հակասրճարանը: ԷՕՆը ներկայացավ խաղերի ամենամեծ տեսականիով՝ 50-ից ավելի անուն՝ պարզ ու արագ «Ունոյից» (Uno) և «Ջենգայից» (Jenga) մինչև առասպելային «Մանչքինն» ու «Գահերի խաղը» (Game of Thrones): Միայն «տնեցի» դարձած հյուրերը հազվադեպ դեպքերում մի քանի օրով անվճար վերցնում էին խաղերը: ԷՕՆում հասկացան, որ այս ծառայության մեծ պահանջարկ կա և սեղանի խաղերը պետք է հասանելի դարձնել բոլորին՝ ինչպես գնելու, այնպես էլ վարձակալելու համար: Ինտելեկտուալ, ռազմավարական, տրամաբանական, արկածային կամ գլուխկոտրուկ. խաղը հիանալի նվեր է թե՛ մեծին, թե՛ երեխային, հաճելի լրացում՝ ընտանեկան և ընկերական ժամանցի համար, ինչպես նաև ճամփորդության ժամանակ: Ըստ էօնցիների, սեղանի խաղերը նաև շփման և օֆլայն սոցիալիզացիայի լավ միջոց են: «Մեր հյուրերի շրջանում վերջերս մի դրական միտում է նկատվում. երբ խաղացողների պակաս ունեն, հրավիրում են հարևան սեղանների շուրջ նստած անծանոթներին կամ էլ մեր աշխատակազմի անդամներին՝ միանալու խաղին ու ընթացքում ծանոթանում են ու ընկերանում են», — ասում է խանութի վաճառողուհի-խորհրդատու Լուսեն: Խանութում ներկայացված են տարբեր բարդության, տարիքի և մասնակիցների քանակի համար նախատեսված խաղեր: Բացարձակ հիթերն են «Ունոն», «Ջենգան», «Աբալոնը», ուժեղ տրամաբանությամբ օժտվածներին հատկապես դուր կգան «Բլոկուսն» ու «Ռումիկուբը», իսկ ստեղծագործ և յուրատիպ խաղասերներն անխոս կսիրեն «Դիքսիթը» և խանութի ամենահզոր նորույթներից մեկը՝ «Սեթը»...Եվ այսպես շարունակ. ցանկացած նախասիրության և խառնվածքի տեր մարդ կգտնի իր սիրելի խաղն այս մեծ ցուցակում: Խաղերի ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ ԷՕՆի ինտերնետային կայքում՝ www.aeonyerevan.com: Ի դեպ, խաղերը հնարավոր է նաև պատվիրել առցանց, իսկ խանութը գործում է հենց ԷՕՆ հակասրճարանում, յուրաքանչյուր օր, ժամը 12:00-ից 00:00-ն:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն

Ciao USSR

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում մարտի վերջին բացված ցուցահանդեսը ներկայացնում է Հայկ Բիանջյանի կատարած լուսանկարներն ու նրա անձնական հավաքածուի իրերը:

Ե

րևանում ամեն օր ու ամեն ժամ ի չիք են դառնում շենքեր ու կառույցներ, որոնք ժամանակին մայրաքաղաքի այցեքարտերն էին: Մեկը վերածվում է սուպերմարկետի, մյուսը՝ քանդվում, տեղն էլ մնում դատարկ, երրորդը պայթեցվում է, իսկ սպասված նախագիծն այդպես էլ կյանքի չի կոչվում: Բայց յուրաքանչյուր շենքի հետևում նաև մի ամբողջ պատմություն կա, իրեր, փաստաթղթեր, լուսանկարներ, որոնք աչքի անցկացնելով՝ կարծես հետ ես դառնում անցյալի հին ու բարի օրերը: Երևանյան ճարտարապետական ժառանգության զգալի մասը խորհրդային տարիներին կառուցված շենքերն են, որոնցից շատերի գլխավերևում այսօր էլ շարունակում է կախված մնալ Դամոկլեսյան սուրը: Արդեն 7 տարի է, ինչ լուսանկարիչ Հայկ Բիանջյանը վայր չի դնում ֆոտոխցիկն ու իր ժամանակը նվիրում ԽՍՀՄ հիշողությունը ջնջելու անխնա գործընթացի վավերացմանը: Փակ շուկան, Երիտասարդականի գետնանցումը, Երևանի կրկեսը, «Զվարթնոց» օդանավակա-

յանի հին շենքը, «Արագիլ» ռեստորանը՝ ձևափոխված, խեղված, քանդված, ապամոնտաժված և կամ էլ լքված շինություններ, որոնցով մի ամբողջ դարաշրջանի մասին կարելի էր պատկերացում կազմել: 7 տարվա աշխատանքը Բիանջյանն ամբողջացրել է Ciao USSR նախագծում, որը ոչ միայն կատարված լուսանկարների, այլև Երևանի ու երևանցիների հետ կապված իրերի պատմությունն է: «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում մարտի վերջին բացվեց այդ նախագծին նվիրված ցուցահանդես՝ ներկայացնելով Հայկ Բիանջյանի կատարած լուսանկարներն ու նրա անձնական հավաքածուի իրերը: Հեղինակի համար այդ ցուցահանդեսը խորհրդային Երևանի մթնոլորտն ընկղմվելու, վերհիշելու, վայելելու և վաղվա անելիքը հասկանալու առիթ է, իսկ առիթը բաց չթողնելու վերջնաժամկետը ապրիլի 19-ն է: Շտապեք:

Անի Սմբատի / ImYerevan.com Գրիգոր Եփրեմյան

8 9

Ապրիլ 2015



1915-2015 Պատմություն

1965-ի

ռուբիկոնը Այսօր բոլորիս բնական է թվում այն, որ Երևանում կա Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան ու հուշարձան, որ այդ դեպքերի մասին հազարավոր գրքեր են գրվել ու տասնյակ ֆիլմեր նկարահանվել, որ այդ թեմային անընդհատ անդրադառնում են թերթերն ու հեռուստատեսությունը: Բայց Մեծ եղեռնից հետո շուրջ հիսուն տարի իրավիճակը բոլորովին այլ էր: Ինչպես ամեն ինչ փոխվեց ողբերգության 50-ամյա տարելիցին:

10 11

Ապրիլ 2015



1915-2015 Պատմություն

Շ

ուրջ կես դար առաջ՝ 1965-ի ապրիլի 24-ին, բացվեց հայոց նորագույն պատմության շրջադարձային էջը. ազգի մեծագույն ողբերգությունը վերջապես դադարեց լինել արգելված հարց: Բայց ի՞նչ տեղի ունեցավ: Ինչո՞ւ լռության տասնյակ տարիներից հետո առաջին անգամ պետական մակարդակով նշվեց Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ու սկսվեց հուշահամալիրի կառուցումը: Ոմանք պատճառը տեսնում են «կլոր» թվի մեջ. 1965-ին լրացավ ողբերգական դեպքերի 50 տարին: Բայց չէ՞ որ դրանից առաջ եղել էր քառասնամյակ, երեսնամյակ, իսկ հարցը մնացել էր արգելված: Հետ նայելով՝ հիմա կարելի է երկու հիմնական պատճառ նշել. առաջինը հայկական սփյուռքի միավորումն էր: Սփյուռքը, որի միջուկը հայ փախստականների երկրորդ սերունդն էր, որ կրթություն էր ստացել, քաջ գիտակցում էր իր իրավունքներն ու հանցագործության միջազգային ճանաչում ու դատապարտում պահանջում: Երկրորդը. Ստալինից հետո խորհրդային վարչակարգը քիչ թե շատ մեղմացավ, ու սկսվեց կարճատև շրջան, որին այն ժամանակ տվեցին «խրուշչովյան ձնհալ» պատկերավոր անվանումը, առաջացավ «հնարավորությունների պատուհանը»: Բայց բոլոր այս նախադրյալներն անօգուտ կլինեին, եթե «ճիշտ տեղում ու ճիշտ պահին» չհայտնվեր նախաձեռնության կարևորագույն խնդիրը ստանձնող մարդը: Խոսքն այդ տարիներին Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ու գործնականում Հայաստանի ղեկավար Յակով Նիկիտայի Զարոբյանի մասին է: Եթե նա վճռական քայլեր չձեռնարկեր ողբերգական դեպքերի հիշատակին նվիրված միջոցառումները կազմակերպելու համար ու ձևական մոտեցում որդեգրեր, ամենայն հավանականությամբ «հնարավորությունների պատուհանը» առնվազն 25 տարի էլ փակված կմնար:

Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախագահության շատ անդամներ վախենում էին ապրիլի 24-ին հնարավոր պատահարներից ու Մոսկվայի պատժամիջոցներից

***

Զարոբյանի նպատակներն այն տարիների աներևակայելի էին, քանի որ առնչվում էին ԽՍՀՄ արտաքին քաղաքականությանն ու գաղափարախոսությանը: Պետք էր դուրս գալ միութենական հանրապետության կենտկոմի առաջին քարտուղարի իրավասությունների սահմաններից: Ավելին՝ Մոսկվային նման հարց ներկայացնելը Յակով Զարոբյանի համար կարող էր ունենալ շատ տհաճ հետևանքներ, վտանգել կարյերան ու անթերի ծառայողական ցուցակը: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախագահության շատ անդամներ թերահավատությամբ ու զգուշավորությամբ էին մոտենում Ցեղասպանության օրվա առթիվ անցկացնելիք պաշտոնական միջոցառումներին, վախենում էին պատահարներից ու Մոսկվայի պատժամիջոցներից, քանի որ լավ էին գիտակցում, որ զարգացումները կարող են հեշտությամբ անկառավարելի դառնալ:

↓ 1967-ի նոյեմբերի 29. Կոմկուսի առաջին քարտուղար Ա. Քոչինյանը վառում է հուշահամալիրի հավերժական կրակը

Հարկ է նշել, որ Ցեղասպանության 50-ամյակը նշելու որոշումը ոչ թե հայրենասիրության եզակի պոռթկում էր, այլ Զարոբյանի ընդհանուր քաղաքականության մի մասը՝ 60ականների սկզբի Հայկական ՍՍՀ-ի քաղաքականության, որը միտված էր ամրապնդել մշակութային ինքնությունն ու վերականգնել հայ ազգի միասնությունը: Երեսուն տարի էր, ինչ Հայկական ՍՍՀ ու սփյուռքի միջև խզվել էին քաղաքական ու մշակութային կապերը. Զարոբյանի արածը մեկուսացման այս պատնեշը հաղթահարելու ճանապարհին թերևս ամենանշանակալի քայլն էր: Պետք է նաև հաշվի առնել, որ նրա համար 1915-ի դեպքերը վերացական հարց չէին. Ցեղասպանության ժամանակ ընտանիքը գաղթել էր Արդվինից ու երկար տարիներ ապրել դեգերումների մեջ: Զարոբյանը մանկության ու պատանեկության տարիները անցկացրել էր զրկանքների մեջ: Հայրն ու ավագ եղբայրն էլ մահացել էին՝ չդիմանալով կյանքի ծանր պայմաններին… 1964-ի գարնանը նա, անսալով թերահավատներին, սկսեց Ցեղասպանության օրվա նախապատրաստությունները:

12 13

Ապրիլ 2015


Պաշտոնական միջոցառումների համար անհրաժեշտ էր ԽՄԿԿ նախագահության (քաղբյուրոյի) համաձայնությունը: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմում մի քանի խորհրդակցություն կազմակերպվեց, որոնց մասնակցեցին առաջատար պատմաբաններ և այլ մտավորականներ, ու Մոսկվայի ղեկավարության համար պատրաստվեցին համոզիչ զեկույցներ: Յակով Նիկիտովիչը մի քանի անգամ հանդիպեց Նիկիտա Խրուշչովի (Խրուշչովը գլխավորեց ԽՄԿԿ կենտկոմը մինչև 1964-ի հոկտեմբերի 14-ը), Լեոնիդ Բրեժնևի, արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոյի ու կուսակցության գլխավոր գաղափարախոս, ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար Միխայիլ Սուսլովի հետ: Գրոմիկոն չէր ուզում նեղացնել թուրքերին, որոնց հետ այդ ժամանակ պետական մակարդակով լավ հարաբերություններ էին հաստատվել, մանավանդ երբ Խորհրդային Միությունը 1953-ին Հայաստանի ու Վրաստանի անունից պաշտոնապես հրաժարվել էր Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից: Առանձին դժվարություններ առաջացան Սուսլովին համոզելիս: Վերջինս Զարոբյանի առաջարկում տեսնում էր ազգայնամոլության հրահրում ու ոտնձգություն գաղափարախոսական դոգմաների դեմ: Անաստաս Միկոյանն էլ, ընդհանուր առմամբ, նույն կարծիքն ուներ: Գրոմիկոն վերջիվերջո համաձայնեց Զարոբյանի առաջարկներին, բայց այն պայմանով, որ միջոցա-

→ Յակով Զարոբյանը, Անաստաս Միկոյանը և Անտոն Քոչինյանը քննարկում են թեժ թեման

ռումների ժամանակ չբարձրացվի տարածքային հարցը: Հայաստանի առաջնորդն իր վրա վերցրեց միջոցառումների խաղաղ անցկացման ամբողջ պատասխանատվությունը: Ազդեցիկ հայկական սփյուռքի գործոնը հիմնական փաստարկն էր, որ Զարոբյանը ներկայացնում էր Կրեմլի կուսակցական ու պետական գլխավոր գործիչների հետ բանակցելիս: Զարոբյանին հաջողվեց համոզել նրանց, որ ընդառաջ գնալով հայերի ակնկալիքներին՝ ԽՍՀՄ-ը կստանա հայկական սփյուռքի քաղաքական օժանդակությունը, իսկ հակառակ դեպքում այնտեղ կուժեղանա հակախորհրդային տրամադրությունը:

***

Համաձայն Զարոբյանի զեկույցի՝ 1964-ի նոյեմբերի 13-ին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախագահությունը հավանություն տվեց «1915 թվականին հայերի մասսայական ջարդերի 50-ամյակին նվիրված միջոցառումների մասին» նամակի տեքստին, որը հետո ուղարկեցին Մոսկվա: 1915-ի

ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում հուշահամալիր կառուցելուց բացի առաջարկվեց նաև հրատարակել գրքեր ու հոդվածներ, պատրաստեսլ ռադիո- և հեռուստահաղորդումներ, Երևանում պետական մակարդակով հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ կազմակերպել: Հետագայում գրեթե բոլոր առաջարկները իրագործվեցին: 1965-ի փետրվարին Հայկական ՍՍՀ կառավարությունը պատրաստեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման որոշման նախագիծը, Հայաստանի կոմկուսի կենտկոմը հաստատեց այն: Հուշարձանի լավագույն նախագծի համար մրցույթ հայտարարվեց: Մոդելները հանրությանը ներկայացվեցին Ճարտարապետների տանը: Երկու անգամ հայտարարվեց մրցույթ: Վերջում հատուկ հանձնաժողովն ընտրեց լավագույնը, ու շինարարությունն սկսվեց: Զարոբյանը ջանք չխնայեց, որ այս իրադարձությունների մասին գրվի կենտրոնական մամուլում՝ Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտկոմի «Պրավդա» թերթում: Սա շատ կարևոր էր, քանի որ այս դեպքում Հայաստանում անցկացվող միջոցառումը կարժանանար համամիութենական ճանաչման: Պետք է տպվեր ակադեմիկոս Մ. Ներսիսյանի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին: Բայց «Ցեղասպանություն՝ մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն» վերնագրով հոդվածը լույս տեսավ ամբողջովին աղճատված տեսքով: Ակադեմիկոս Ներսիսյանից բացի հայտնվեց հոդվածի մեկ այլ հեղինակ՝ ոմն իրավաբանական գիտությունների դոկտոր Կ. Ուշակով: Ներսիսյանի հոդվածից մնաց միայն մի քանի պարբերություն: «Պրավդայում» Ցեղասպանության մասին արտահայտվեցին հիմնականում ընդհանուր մտքեր. նշվեցին Վիետնամում ամերիկացիների հանցագործությունները, Հարավաֆրիկյան հանրապետությունում ռասայական դիսկրիմինացիան, Անգոլայում, Մոզամբիկում, Գվինեայում պորտուգալական գաղութատերերի քաղաքականությունն ու… ԽՍՀՄ եղբայրական ազգերի ընտանիքում Հայաստանի հաջողությունները: Կենտրոնական մամուլի շնորհիվ միջոցառումը սատարելու փորձը վերածվեց հերթական խորհրդային խեղաթյուրման:


1915-2015 Պատմություն

***

Բնականաբար, ժողովրդի լայն զանգվածները չէին կարող անտարբեր լինել Հայաստանի իշխանությունների նախաձեռնության նկատմամբ: Հասարակությանը հայտնի դարձավ, որ Մոսկվան պարտադրել է փակել Թուրքիայից տարածքային պահանջների հարցը: Քաղաքում՝ համալսարաններում ու գործարաններում, տարածվեցին թռուցիկներ, որտեղ կոչ էր արվում մասնակցել ապրիլի 24-ին Լենինի հրապարակում կայանալիք ցույցին: Երիտասարդներից շատերն ընդհանրապես առաջին անգամ էին իմանում կես դար առաջ տեղի ունեցածի մասին: Սակայն 1915-ի դեպքերից բացի նրանք անհանգստացած էին նաև Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի ու հայերի հայրենադարձության հարցերով: Խմորումների մեջ գտնվող ժողովուրդն է՛լ ավելի բարկացավ, երբ իմացավ, որ հնարավորություն չի ունենալու մասնակցել Օպերայի և բալետի թատրոնում կայանալիք ժողովին. պարզ էր, որ շենքում այդքան տեղ չկար: Տասնյակ հազարավոր մարդիկ զգացին, որ իրենց մեկուսացրել են ու թույլ չեն տվել որոշել դեպքերի զարգացումը: Ապրիլի 24-ի առավոտյան Լենինի հրապարակում (ներկայիս Հանրապետության հրապարակը) մի քանի տասնյակ հազար երիտասարդ հավաքվեց, ու սկսվեց իշխանությունների կողմից չթույլատրված ցույցը: Մտավորականության ներկայացուցիչները դիմեցին հավաքվածներին՝ փորձելով համոզել, որ ազատեն հրապարակը ու ցրվեն: Բայց կոչերն արհամարհվեցին, ելույթ ունեցողներից մի քանիսի վրա էլ տեղաց լուտանքի տարափ: Լարվածությունը գնալով աճում էր, իրավիճակը կարող էր դառնալ անկառավարելի: Ոստիկանությունը փորձեց ցրել ցույցը, պահանջեց, որ հավաքվածները հեռանան, բայց ապարդյուն. բազմահազարանոց ամբոխը նստեց ասֆալտին՝ ի նշան օրինապահ մարմինների հանդեպ անտարբերության: Հետո ցուցարարները, հայրենասիրական կոչեր անելով, երթ սկսեցին քաղաքի փողոցներում: Իշխանությունները, տեսնելով, որ նրանք բռնության կամ անկարգության չեն դիմել, որոշեցին սպասել: Ուշագրավ է Մինիստրների Խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսան Կիրակոսյանի այդ օրվա երկխոսությունը Աշոտ Հովհաննիսյանի հետ. — Աշոտ Գարեգինովիչ, երիտասարդությունը ոչ մի կերպ չի ուզում կարգի գալ… — Իսկ զենքեր ունե՞ն: — Ի՞նչ զենք, ի՞նչ բան:

↑ 50-ամյակին նվիրված ցույցը Երևանի կենտրոնում

— Դե, եթե զենք չկա, անհանգստանալու կարիք էլ չկա: Անզեն մարդիկ ոնց որ եկեղեցի լինեն առանց զանգերի… Պետք է ուղղակի նրանց բացատրել, հանգստացնել… Այս նյարդային վիճակի պատճառն այն է, որ դեռ կենդանի է սպանդի սարսափն ապրած սերունդը, ու մենք հիմա բաց վերքի ենք կպել:

***

Նման բարդ իրավիճակում օպերային թատրոնի շենքում հասարակայնության ներկայացուցիչները պետք է երեկոյան պաշտոնական ժողով ունենային ՝ նվիրված ծրագրված միջոցառումների հարցին: Ժողովը նոր էր սկսվում, երբ ցուցարարները հասան շենք ու պահանջեցին իրենց ներս թողնել: Ամբոխի մեջից մեկը քար նետեց զբոսասրահի ուղղությամբ ու ջարդեց ապակիները ՝ մի քանի հոգու վիրավորելով: Ամբոխի ճնշումն ուժեղանում էր: Ոստիկանությունը պոմպերով սառը ջուր բաց թողեց ցուցարարների վրա, բայց էլի ապարդյուն: Ոգևորված երիտասարդները վերջիվերջո

14 15

Ապրիլ 2015


կարողացան ներս խուժել՝ բղավելով «Հողերը մե՛րն են, մե՛րը»: Սրահում ներկա գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի խաղաղության կոչերը անօգուտ էին. նոր սկսված պաշտոնական ժողովը ձախողվեց: Հանրապետության ղեկավարությունն անցավ ֆիլհարմոնիայի շենքը, ու այնտեղ՝ տնօրենի կաբինետում, սկսեց քննարկել, թե ի՞նչ անել ստեղծված իրավիճակում: Տարբեր կարծիքներ հնչեցին: Կոմկուսի նախագահության երկու անդամներ առաջարկեցին զորքեր մտցնել քաղաք: Հայաստանում տեղակայված 7-րդ բանակի հրամանատար գեներալ-գնդապետ Դավիթ Դրագունսկին դեմ արտահայտվեց՝ ասելով, որ զորքեր քաղաք կարելի է մտցնել միայն ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հրամանով: Զարոբյանը, եզրափակելով ժողովն, ասաց, որ սեփական ժողովրդի դեմ զորք չի հանի: Բոլորը մտածում էին հիմա մեկ հարցի մասին՝ Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի այս ամենին: Ամենաբարդը, իհարկե, Յակով Զարոբյանի վիճակն էր, քանի որ նա էր ամբողջովին ստանձնել միջոցառումներն անցկացնելու պատասխանատվությունը: Բայց շնորհիվ նրա տոկունության ու հավասարակշռված քայլերի, դեպքերը մնացին հանրապետական իշխանության ղեկավարման տակ, ու Մոսկվան չմիջամտեց, ինչպես սովորաբար անում էր նման դեպքերում: Հարկ է նշել, որ այդ տարիներին խորհրդային համակարգը շատ ավելի դաժան էր վարվում Կրեմլի տեսանկյունից նույնիսկ ավելի մեղմ դեպքերում: Վառ օրինակ է Նովոչերկասկում ցույցի դուրս եկած աշխատավորների գնդակահարությունը 1962-ի հունիսին: Նովոչերկասկում տեղական իշխանությունները հեռացվեցին ղեկավարությունից, և որոշումներ սկսեցին կայացնել Մոսկվայից ուղարկված քաղբյուրոյի անդամներ Կոզլովն ու Միկոյանը: Այդ դեպքերից մի քանի ամիս անց սկսվեցին դատական պրոցեսներ: Ցույցի մասնակիցներին դատեցին որպես հակախորհրդային տարրեր, իսկ իրադարձությունները պաշտոնապես ներկայացրին որպես «հանցագործների ապստամբություն», «ավազակային խմբերի» սանձարձակություն: Երևանում օպերային թատրոնի դեպքերի կապակցությամբ էլ մի քանի տասնյակ մարդ ձերբակալվեց, բայց բոլորն էլ հեշտ պրծան, քանի որ նրանց գործողությունները որակվել էին որպես անկարգություն: Մոսկվան պահանջում էր դատել հազարավոր մարդկանց, կազմակերպել ցուցադրական դատավարություններ, բայց այդ պահանջները, ի պատիվ Հայաստանի իշխանությունների, արհամարհվեցին: Ապրիլի 25-ի կեսօրին օպերային թատրոնն արդեն մաքրվել էր, նոր ապակիները տեղադրվել, այնպես որ հաջորդ օրը Մոսկվայից ժամանած հատուկ հանձնաժողովը պատահածից որևէ հետք չտեսավ: Հայաստանի ղեկավարությունը, իհարկե, չէր կարող ապրիլի 24-ին տեղի ունեցածին քաղաքական գնահատական չտալ: Չորս օր հետո Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախագահությունը փաստաթուղթ ընդունեց «Երևան քաղաքում 1965-ի ապրիլի 24-ին տեղի ունեցած անկարգությունների մասին»: 6-էջանոց այս փաստաթուղթն ակնհայտորեն «արտաքին օգտագործման» համար էր: Սկզբում բավականին մեղմ կերպով նկարագրվում էին այդ օրվա իրադարձությունները: Հետո «դասական ձևով» քննադատության էին արժանանում որոշ կուսակցական կազմակերպություններ: Օրինակ, «Երևանի քաղկոմն ու շրջկոմը բավարար խստությամբ չեն վերաբերվում առաջնային կուսակցական կազմակերպություններին, ուսումնական հաստատությունների ռեկտորատներին ու կոմունիստներին, գործարանների ու հաստատությունների ղեկավարներին կոլեկտիվի անդամների՝ մանավանդ երիտասարդության բարոյաքաղաքական վիճակի ու դաստիարակության հարցերում»: Փաստաթղթում ինքնաքննադատություն էլ կար: Նշվում էր, որ «Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախագահությունը ապրիլի 24-ի միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցում մի շարք լուրջ բացթողումներ ուներ, որոնք արտահայտվել էին այդ կարևոր քաղաքական աշխատանքների բարդությունների ու յուրահատկությունների թերի հաշվարկի տեսքով»:

Ոգեվորված երիտասարդները կարողացան ներս խուժել՝ բղավելով «Հողերը մե՛րն են, մերը»: կաթողիկոս Վազգեն Ա-ի խաղաղության կոչերը անօգուտ էին

↑ 1967-ին Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում Ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը

Որոշման վերջը նման էր սկզբին. ոչ ոք անձնական պատիժ չկրեց: «Ամենախիստ» պատժին արժանացավ միայն մեկը: «Նշել հասարակական կարգի պահպանության նախարար ընկեր Արզումանյանին, որ նա հավուր պատշաճի չի կազմակերպել Օպերայի ու բալետի թատրոնի անվտանգությունը, որտեղ տեղի էր ունենում Երևան քաղաքի հասարակայնության ներկայացուցիչների ժողովը»: «Անկարգությունների մասնակիցներն» ու հանրապետության իշխանության մարմիններն ուրիշ խնդիրներ չունեցան, չհաշված, որ մի քանի ամիս հետո Յակով Զարոբյանը, այնուամենայնիվ, հեռացվեց իր պաշտոնից ու Մոսկվայում նոր աշխատանքի նշանակվեց:

***

Երկու տարի անց՝ 1967-ի նոյեմբերի 29-ին, Երևանում Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացումը: Հուշարձանը բացեց Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի հաջորդ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը: Գաղափարախոսները, ինչպես միշտ, այս անգամ էլ փորձել էին համատեղել անհամատեղելին. հուշարձանը բացեցին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 47-րդ տարեդարձի օրը: Հետագա տարիներին էլի մի քանի կարևոր քայլ կատարվեց. Կարեն Դեմիրճյանը կարողացավ հաստատել ապրիլի 24-ին հավերժ կրակի մոտ պաշտոնական ծաղկեպսակ դնելու ու մեկ րոպե լռության արարողությունը: Բայց այդ ժամանակ՝ 65-ին, տեղի ունեցավ կարևորագույնը. պաշտոնական լռության պատնեշը վերջնականապես քանդվեց, ու հասարակության լայն շրջաններին հասանելի դարձավ 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի պատմությունը, սկսվեցին գիտական հետազոտություններ, 1915 թվականի դեպքերի մասին հրատարակվեցին գրքեր ու փաստաթղթեր, իսկ Ցեղասպանության փաստը վերջապես իր տեղը գրավեց հայոց պատմության դասագրքերում: Բացի դրանից, սա այն եզակի դեպքն էր, երբ իշխանությունն ու ժողովուրդը, չնայած տարբեր դիրքերից, պայքարում էին մեկ ընդհանուր գործի համար: Պայքարեցին ու հասան նպատակին:

Նիկիտա Զարոբյան, Արմեն Գրիգորյան Յ.Ն. Զարոբյանի արխիվից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Ֆոտոլուր, PAN Photo արխիվ


1915-2015 Այլընտրանք

Չտեսնված հուշարձան

1965 թվականի ապրիլին հայտարարվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մրցույթ: Հայտարարության մեջ ասվում էր. «Կոթողը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, վերապրելու, առաջադիմելու անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան՝ ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915թ. Մեծ եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակի»: Կազմվեց ստեղծագործական թիմ, որն էլ պետք է ավարտին հասցներ կոթողի նախագիծը: Ղեկավար նշանակվեց նկարիչ-քանդակագործ Վան Խաչատուրը, մյուս անդամները Սաշուր Քալաշյանն ու Արթուր Թարխանյանն էին: Վան Խաչատուր.

«Մենք առաջին տարբերակը գերեզմանային էինք նախատեսել: Նույն տեղում՝ հարթակի մեջ, 9 մետր խորությամբ հսկայական խաչ էր, ժողովուրդը պետք է աստիճաններով իջներ էդ խաչի մեջ: Պատկերացնում էինք մի մեծ գերեզման, վրան էլ՝ զանգակատուն: Իսկ մուտքի մոտ՝ որպես վրեժի խորհրդանիշ, Վարդան Մամիկոնյանի արձանը: Առաջարկել էինք հուշարձանի ամբողջ տարածքը ծածկել մազութով, որպեսզի հետագայում բուսականություն չաճեր, այնուհետև լցնել Ծիծեռնակաբերդի բլրին թափված ժանգոտ քարաբեկորներ՝ շեշտելու Դեր-Զոր անապատի ամայությունն ու սարսուռը: Գլխավոր տարրը՝ խաչը, որոշել էինք փորել գետնի մեջ: Պատերին ամբողջությամբ խաչքարեր էին լինելու: Մարդիկ՝ մոմերը ձեռքին, աստիճաններով պետք է իջնեին խաչի մեջ: Հիմնական գաղափարը խաչված ազգն էր: Սակայն այս տարբերակը մերժվեց: Ոչ թե ցեղասպանության, այլ վերածննդի հուշարձան էին ուզում: Սկսեցինք այլ տարբերակ մշակել Սգո պատի համար բազմաթիվ տարբերակներ առաջարկեցինք, բայց ամեն անգամ Քոչինյանը մերժում էր՝ պաճտառաբանելով, թե վերածնվող հայ ժողովրդի քանդակներ են պետք: Որոշեցի սյուժետային պատկեր չանել: Այսինքն՝ պատկերային շարքով ցույց չտալ, թե ինչպես է եղել, հիմա ինչպես է, ինչպես է լինելու: Ռավելի «Բոլերոյի» երաժշտական մոտիվների նմանությամբ որոշեցի մեկ քանդակ անել 111 անգամ կրկնելով պատի երկարությամբ: Մանկան վրա խոնարհված մորը պետք է քանդակեի նեգատիվ՝ քարի վրա փորված, կարծես ստվերն էր, ինքը չկար, իսկ երեխային՝ որպես կենդանի ժողովրդի խորհրդանիշ: 111-ը յուրահատուկ թիվ է. այն անվերջություն է խորհրդանշում, չունի սկիզբ ու վերջ: Վարպետների հետ արդեն երկու օր աշխատում էինք քանդակների վրա, երկու տեղ արդեն փորել էինք մոր քանդակներ, բայց Անիսիմովը (Կենտկոմի երկրորդ քարտուղար — խմբ.) եկավ հուշարձանը տեսնելու, երբ տեսավ քանդակները, կարգադրեց անմիջապես դադարեցնել աշխատանքները: 2003-ի աշնանն էր, ինձ ասացին, որ ծանր տեխնիկայով վերացրել են քանդակները, դրանց տեղում քարեր շարել: Հիմա էլ երբ մոտենաք 8-րդ և 13-րդ քարերին, կտեսնեք այդ կիսատ քանդակների հետքերը»:

16 17

Ապրիլ 2015

→ Կոթողի առաջին տարբերակներից մեկի էսքիզը

← Խաչ-գերեզմանոցի ներսում՝ զանգակատուն և խաչքարեր

↓ Վարդան Մամիկոնյանը՝ որպես վրեժի խորհրդանիշ


← Սգո պատի նախնական տարբերակներից մեկը

← Մայրն ու մանուկը նույնությամբ պետք է կրկնվեին պատին 111 անգամ

PAN Photo-ի և Ucom-ի «99» գրքից


1915-2015 Այցելություն

Եկան, տեսան, հարգեցին Չնայած, որ Ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրը կառուցվել է դեռ 1960-ականներին, խորհրդային տարիներին արտասահմանցի հյուրերին այնտեղ հաճախ չէին տանում: Իրավիճակը փոխվեց անկախությունից հետո: Այժմ գրեթե բոլոր կարևոր մշակութային և հասարակական գործիչները գնում են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Վերհիշել ենք 10 նշանակալից այցելություն այս սրբավայր՝ հատուկ շրջանցելով քաղաքական գործիչներին:

2010 թվականի սեպտեմբեր Ինչու էր Երևանում Հռչակավոր ֆրանսիացի դերասանը, որն այն ժամանակ դեռ չէր հասցրել ընկերանալ Ռամզան Կադիրովի հետ և ստանալ ռուսական անձնագիր, Երևանում էր «Կարոտ» փառատոնի հրավերով: Վերջինիս հիմնադիր Մեցո Իգիթյանի հետ էլ եկել էր Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Մեջբերում «Այսօր այցելել եմ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրը և այն ինձ վրա շատ մեծ տպավորություն է թողել, ինչպես և նմանատիպ այլ հուշարձանները, օրինակ՝ «Յադ Վաշեմը» Իսրայելում: Հայաստանի մասին ես վաղուց գիտեմ, քանի որ Ֆրանսիայում ունեմ բազմաթիվ հայ ծանոթներ և գիտեմ, թե ինչպես են նրանք այնտեղ հայտնվել և թե ինչ է իրենց համար ցեղասպանությունը»:

18 19

Ապրիլ 2015

Ֆոտոլուր

Ժերար Դեպարդյե


Հռոմի պապ Հովհաննես Պողոս II և Շառլ Ազնավուր

Ֆոտոլուր

2001 թվականի սեպտեմբեր Ինչու էին Երևանում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ պատմության մեջ առաջին հայաստանյան այցը կապված էր մեր երկրում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հետ (ինչպես գրեթե ամեն ինչ 2001 թվականին): Եռօրյա այցի ընթացքում Հովհաննես Պողոս II-ը հասցրեց նաև այցելել Ծիծեռնակաբերդ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին և երկու եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ: Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում աղոթք կարդաց՝ անգլերեն, սակայն «ցեղասպանություն» բառն արտասանեց հայերեն: Բայց այդ միջոցառման ամենահիշարժան պահը, անշուշտ, Շառլ Ազնավուրի ելույթն էր. շանսոնյեն երկու եկեղեցիների առաջնորդների ներկայությամբ հավերժ կրակի մոտ կատարեց Ave Maria-ն: Մեջբերում (Հռոմի պապի աղոթքից) «Լսիր, ով Տեր, ողբը՝ որ բարձրանում է այս վայրից, Մեծ եղեռնի վիհերից՝ կոչը մեռյալների, անմեղ արյան աղաղակը»:

Պաուլու Կոելյու

Խաչիկ Մուրադյան

2004 թվականի հոկտեմբեր Ինչու էր Երևանում Բրազիլացի գրական գերաստղը Հայաստան էր եկել մասնակցելու իր ամենահայտնի բեսթսելլերի՝ «Ալքիմիկոսի» հայերեն թարգմանությունների (արևելահայերեն և արևմտահայերեն) շնորհանդեսին: Քանի որ մինչ այդ Հայաստանում հայտնի մարդիկ շատ ավելի հազվադեպ էին գալիս, քան այսօր, Երևանում իսկական իրարանցում էր: Գրողների միության շենքի մեծ դահլիճն անգամ չկարողացավ տեղավորել Կոելյուի հետ հանդիպմանը եկած բոլոր ցանկացողներին, իսկ դրանից հետո կայացած ստորագրությունների բաժանումը տևեց ժամեր: Հայաստանում եղած օրերի ընթացքում գրողը հանդիպեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Փարաջանովի տուն-թանգարանում, եղավ Էջմիածնում, իսկ Ցեղասպանության հուշահամալիրում նաև ծառ տնկեց: Մեջբերում «Սա հանցանք է, որի մասին պետք է իմանա ամբողջ աշխարհը: Հայերը շատ ուժեղ ոգի ունեն, որի շնորհիվ չեն կոտրվել նույնիսկ ցեղասպանությունից հետո»:


1915-2015 Այցելություն

Սերժ Թանգյան

PAN Photo / Վահան Ստեփանյան

2010 թվականի օգոստոս Ինչու էր Երևանում Երկար, շատ երկար սպասումներից հետո System of a Down-ը այդպես էլ Երևան չեկավ (բայց վերջապես կգա այս տարվա ապրիլի 23-ին), բայց մենահամերգով եկավ խմբի ֆրոնթ-մեն Սերժ Թանգյանը: Բնականաբար, SOAD-ի առաջին իսկ օրերից ամեն կերպ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնող, այդ մասին երգեր գրող, Եղեռնի ճանաչման ցույցերին մասնակցող և թուրքական կառավարությանն այդ թեմայով բաց նամակներ գրող Թանգյանի համար հատուկ կարևորություն ուներ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը: Մեջբերում «Ես անպայման մասնավոր այցով լինելու եմ Ծիծեռնակաբերդում: Հիլարի Քլինթոնը խորհուրդ է տվել ինձ անպայման գնալ Ցեղասպանության հուշահամալիր, բայց ոչ թե որպես երաժիշտ, այլ՝ որպես մարդ արարած (Քլինթոնը դրանից որոշ ժամանակ առաջ իր հայաստանյան այցի ընթացքում ոչ պաշտոնական այցով եղել էր նաև Ծիծեռնակաբերդում — խմբ.)»

Ֆանի Արդան

PAN Photo / Սեդրակ Մկրտչյան

2012 թվականի հուլիս Ինչու էր Երևանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այդ տարվա աստղը ֆրանսուհի Ֆանի Արդանն էր՝ Ֆրանսուա Օզոնի «8 կանայք» մյուզիքլի և Ֆրանսուա Տրյուֆֆոյի «Հարևանուհին» դրամայի աստղը: Հայաստանում 63-ամյա դերասանուհին մնաց մի քանի օր, բազմաթիվ հարցազրույցներ տվեց, լավ խոսքեր ասաց մեր երկրի մասին, եղավ Սերգեյ Փարաջանովի տունթանգարանում և այցելեց Ծիծեռնակաբերդ: Մեջբերում «Հայաստանի մասին միշտ ինչ-որ վիպական պատկերացում եմ ունեցել, մի երկիր, որն ունի հնագույն մշակույթ: Հայաստանն ինձ համար քրիստոնյա աշխարհի օրրանն է, խորհրդավոր, գեղեցիկ: Բնականաբար, կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, մնացած Խորհրդային Միությունից, կապված Թուրքիայի հետ հարաբերությունների հետ»:

20 21

Ապրիլ 2015


Էմիր Կուստուրիցա

PAN Photo / Հրանտ Խաչատրյան

PAN Photo / Սեդրակ Մկրտչյան

2010 թվականի մարտ Ինչու էր Երևանում Կաննի կինոփառատոնի կրկնակի դափնեկիր, աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան Երևան էր ժամանել ոչ թե իր նոր կամ հին ֆիլմերով, այլ The No Smoking Orchestra խմբով և իր ընկեր, ջութակահար Խաչատուր Ալմազյանի ուղեկցությամբ: Համերգը անցավ շատ ուրախ, Կուստուրիցան բավական բուռն ժամանակ անցկացրեց Հայաստանում, որի ընթացքում, իհարկե, եղավ նաև Ցեղասպանության հուշահամալիրում: Ռեժիսորի երկրպագուները և լրագրողները մի քանի անգամ հարցրեցին նրան, թե արդյոք պատրաստվու՞մ է ֆիլմ նկարահանել Մեծ Եղեռնի մասին, եղան այնպիսիք, որ նույնիսկ իր «ոչ»-ը հասկացան որպես «այո»: Մեջբերում «Մեր ազգերն ունեն շատ նման պատմական ինքնագիտակցություն: Միգուցե դրա շնորհիվ այստեղ շատերը ոչ միայն սիրում են իմ ֆիլմերը, այլև հասկանում են դրանք: Մենք նման մոտեցում ունենք մշակույթի նկատմամբ: Դուք անցել ենք ցեղասպանությունով Առաջին աշխարհամարտին, մենք՝ Երկրորդին: Երկուսս էլ ունենք աշխարհով մեկ սփռված մեր ազգերը ներկայացնող հայրենակիցներ»:

Ֆաթիհ Աքին

2015 թվականի փետրվար Ինչու էր Երևանում Դեռ 2010-ին գերմանացի թուրք անվանի ռեժիսորը «Ոսկե ծիրան» փառատոնի հյուրն էր: Իր իսկ խոսքերով, այն ժամանակ նա ինքն իրեն խոստում տվեց, որ հաջորդ այցին Երևանում կներկայացնի կինոնկար ցեղասպանության թեմայով: Այդպես էլ եղավ. այս տարվա փետրվարին Աքինն անձամբ ներկայացնում էր այստեղ իր «Սպին», որը մինչ այդ հասցրել էր մասնակցել Վենետիկի կինոփառատոնին (առանց որևէ մրցանակ վաստակելու) և գերմանական կինոթատրոններում: Հաշվի առնելով ֆիլմում արծարծվող Մեծ եղեռնի թեման և «Սպիի» հայաստանյան պրեմիերայի՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ցանկի մեջ ընդգրկվելը, միանգամայն տրամաբանա-

կան է, որ ռեժիսորի կարճ այցի ծրագրի մեջ կար նաև Ծիծեռնակաբերդ այցելության մասին կետը: Ինքը ֆիլմը, ի դեպ, իրարամերժ արձագանքների արժանացավ Հայաստանում: Մեջբերում «Հինգ տարի առաջ «Ոսկե ծիրանի» առիթով եկա Հայաստան, այցելեցի Ծիծեռնակաբերդ: Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ հանդիպումը վճռորոշ եղավ ինձ համար: Նա Ցեղասպանության մասին տեղեկություններ տվեց ինձ: Ասաց, օրինակ, որ եղել են թուրքեր, որոնք փրկել են հայերին, գաղտնի ապաստան տվել նրանց: Իմ ֆիլմում ես ուզեցի հաստատել այդ տեղեկությունները, որ եղել են նաև ոչ մարդասպան թուրքեր: Փորձել եմ դա չչափազանցված նկարագրել: Ինձ դուր եկավ գաղափարը՝ նույն թուրքը մորթելու փորձ է անում, ապա փրկում հային»:


PAN Photo / Տիգրան Մեհրաբյան

1915-2015 Այցելություն

Մոնսերատ Կաբալյե

2013 թվականի հունիս Ինչու էր Երևանում Աշխարհահռչակ իսպանացի սոպրանո Մոնսերատ Կաբալյեն եկել էր ոչ միայն Երևանում համերգ տալու, այլև Արցախ այցելելու համար (առանց համերգի): Ցեղասպանության հուշահամալիր 80-ամյա երգչուհուն հասցրեցին մեքենայով՝ որպես բացառություն: Չնայած առողջական խնդիրների պատճառով Կաբալյեն հավերժական կրակի մոտ իջնել չկարողացավ, իր հարգանքի տուրքը նա Եղեռնի զոհերին մատուցեց:

22 23

Ապրիլ 2015


PAN Photo / Վահան Ստեփանյան

Ալեն Դելոն

2012 թվականի դեկտեմբեր Ինչու էր Երևանում Ֆրանսիական կինոյի կենդանի դասականը Երևանում ներկայացնում էր իր մասնակցությամբ նշանավորված ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» կատակերգությունը: Ցեղասպանության հուշահամալիր Դելոնը ևս եկել էր ռեժիսորի հետ: Դերասանը նաև հատուկ ուշադրություն ցուցաբերեց Հիշողության պուրակում գտնվող այն եղևնուն, որը մի քանի տարի առաջ տնկել էր Ֆրանսիայի նախագահ Սարկոզին: Ի դեպ, որոշ ժամանակ անց կատակերգության պրոդյուսեր Վալերի Սահարյանը հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, որում կնկարահանվի նաև Դելոնը: Այդ նախագծի մասին, սակայն, առայժմ որևէ լուր չկա: Մեջբերում (Վալերի Սահարյան) «Ցեղասպանության հուշահամալիրի այցելության ժամանակ նա այնքան հուզված էր, որ չկարողացավ զսպել իրեն և լաց եղավ»:

Թոնի Այոմի և Իեն Գիլան

PAN Photo / Վահան Ստեփանյան

2010 թվականի փետրվար Ինչու էին Երևանում 1989 թվականին երկու ռոք լեգենդները մասնակցել էին Սպիտակի երկրաշարժից տուժածների համար կազմակերպված բարեգործական նախագծին, որի շրջանակում բազմաթիվ ռոք աստղեր վերաձայնագրել էին Deep Purple-ի հռչակավոր Smoke on the Water հիթը: Շուրջ երկու տասնամյակ անց «Մեդիամաքս» գործակալության ջանքերով այդ նախագծի մի շարք մասնակիցներ, այդ թվում՝ Այոմին ու Գիլանը, եկան Հայաստան, ստացան մեդալներ նախագահից, գնացին Գյումրի, շփվեցին երկրպագուների հետ և ընդհանրապես լավ ժամանակ անցկացրեցին:

Արեգ Դավթյան


1915-2015 Ցուցահանդես

Իրապատում Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտը մի շարք ժամանակավոր ցուցադրություններ է պատրաստել: Դրանցից մեկը կրում է «100 ԻՐապատում Հայոց ցեղասպանության մասին» անվանումը: Ցուցադրվելու է թեմային վերաբերող հարյուր իր՝ գրքեր, հագուստ, նամակներ, զարդեր, փամփուշտ, կրծքանշան, կենցաղային իրեր և այլն: Ներկայացնում ենք դրանցից 10-ի պատմությունը: «Նեպտուն» լիմոնադի պիտակը

Այս ըմպելիքն արտադրվել է Կոստանդնուպոլսում մինչ 1915-ը, ուներ քառալեզու՝ հայերեն, արաբատառ թուրքերեն, հունարեն և ֆրանսերեն պիտակ: Գործարանը 1911-ին հիմնադրել է Մկրտիչ Թավադյանը: Ապագա գործարարը ծնվել էր Ռուսական կայսրությունում գտնվող Նախի (Նախիջևան) քաղաքում 1864 թվականին: 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ որպես հեղափոխական հալածվում է և Ռուսաստանից տեղափոխվում է Պարսկաստան: Այնտեղից էլ մի քանի տարի անց՝ 1911 թվականին՝ Պոլիս, որտեղ Շիշլի թաղամասում հիմնել է «Նեպտունի» գործարանը: Նա ապրիլի 24-ին Պոլսից աքսորված և սպանված երևելի հայերի շարքում էր:

Ամանորի հանգանակության տուփ

1915-ին Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի նախաձեռնությամբ հայ երեխաների օգտին հանգանակություն կատարելու նպատակով պատրաստված մետաղյա տուփն օգտագործվում էր Սուրբ ծննդյան տոների ժամանակ ամերիկացի երեխաների շրջանում դրամահավաք կազմակերպելու համար: Տուփի վրա Շուշան անունով մի որբ աղջկա պատկերն է՝ հետևյալ գրությամբ. «Ես Շուշանն եմ, քո փոքրիկ հայ ընկերը: Ինձ նման 500 000 տղաներ ու աղջիկներ կան, որ քաղցած են: Դու չես թողնի մեզ սովամահ լինել, այնպես չէ՞»: Մետաղյա տուփի մյուս կողմում գրված է. «Դի՛ր Սուրբ ծննդյան քո նվերն այս տուփի մեջ և խնդրիր հայրիկիդ ուղարկել իր կտրոնը Քլիվլենդ Դոջին Մեդիսոն պողոտա 1, Նյու Յորք, Հայսիրիական նպաստամատույց»:

Հայ որբերի պատրաստած տիկնիկի զգեստ

Զգեստը պատրաստել են Մուշի հայկական որբանոցի սաները, որի կառավարիչը նորվեգացի միսիոներուհի Բոդիլ-Կատարինե Բյորնն էր: Մուշի հայերի կոտորածների ժամանակ 1915-ին թուրքական բանակը քաղաքը հրկիզեց, ինչի հետևանքով ողջակիզվեցին նաև որբանոցի սաների մեծ մասը: Սարսափելի ոճրագործության ականատես Բյորնը որպես սրբազան մասունք պահպանել է իր որբերի ձեռքի աշխատանքը՝ տիկնիկի զգեստը:

24 25

Ապրիլ 2015

Բերթա Մորլիի գործած գուլպան

Գուլպան պատկանել է Հարություն Ալբոյաջյանին (ծնվ. 1904 թ., Մարաշի շրջանի Ֆընտըճագ գյուղ): Բռնագաղթի ճանապարհին կորցնելով ընտանիքի անդամներին՝ տասնմեկամյա Հարությունը հայտնվում է Անթուրայի թուրքական որբանոցում, որտեղ նրան բռնի թուրքացնում են: Զինադադարից հետո 1918-ին որբանոցի հսկողությունն անցնում է ամերիկյան Կարմիր խաչին, որի տնօրեն է նշանակվում Բերթա Մորլին: Հարությունը դառնում է Մորլիի 11 որդեգիր զավակներից մեկը: Որբանոց գալու առաջին իսկ օրից Բերթան դարձավ նրանց մայրն ու ավագ ընկերը: Հարությունը հետագայում տեղափոխվեց Սալոնիկ, ապա՝ Խորհրդային Հայաստան: Հարություն Ալբոյաջյանը, իսկ հետագայում նաև նրա դուստրը՝ Անժելա Ալբոյաջյանը, սրբազան մասունքի պես պահպանել և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են նվիրել Բերթա Մորլիի՝ Հայաստանում ապրող Հարությունին գրած նամակները և գուլպաները:


Ռուբեն Հերյանի գլխանոցը

Մեկ հայ՝ մեկ ոսկի

1920-ականներին Ազգերի լիգայի, հայկական և միջազգային մարդասիրական տարբեր կազմակերպությունների ու անհատների ջանքերով հնարավոր եղավ գերությունից ազատել բռնի իսլամացած հազարավոր հայ կանանց ու երեխաների: Նրանց փրկելու հիմնական ձևը օսմանյան ոսկեդրամով մեկ կամ մի քանի հայի փրկելն էր: Որբերին հավաքելու աշխատանքներում ներգրավված Փառնակ Շիշիկյանը յուրաքանչյուր հայի դիմաց արաբներին որպես փրկագին վճարում էր «կաթի փողը»՝ հինգ կարմիր ոսկի: Այդպես փրկվեց շուրջ 500 հոգի: Հայ կանանց ու որբերի հավաքագրման գործում մեծ ավանդ է ունեցել նաև Կարեն Եփփեն: Իսլամական գերության մեջ գտնվող մեկ հոգու դիմաց վճարելով մեկ ոսկի՝ նա 1922-1928 թվականներին ազատագրել է 1792 հայի: 1926-ին հայկական Կարմիր խաչ կենտրոնական վարչությունը սկսեց բանակցություններ վարել Սիրիայի մասնաճյուղերի հետ և ձեռնարկեց «Մեկ որբ՝ մեկ ոսկի» նշանաբանով առաքելությունը՝ փրկելու համար արաբական անապատներում ապաստանած հայ որբերին: Այս ուղղությամբ կատարված աշխատանքների շնորհիվ փրկագնված երեխաների թիվը հասավ մի քանի հազարի: Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի հավաքածուում գտնվող օսմանյան մետաղադրամը թողարկվել է 1854-ին սուլթան Աբդուլ-Մեջիդի (18231861թթ.) գահակալության շրջանում:

Ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ որբերին վերահաս մահից փրկելու համար հայկական և օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունները փլուզվող Օսմանյան կայսրության տարբեր հատվածներում որբահավաք աշխատանքներ սկսեցին, որպեսզի ազատագրեն թուրքական, քրդական և արաբական հարեմներում ու ընտանիքներում պահվող տասնյակ հազարավոր հայ կանանց ու երեխաների: Այս գործում կարևոր ներդրում ունեցավ Ռուբեն Հերյանը: Զինվորական համազգեստը փոխարինելով արաբ բեդվինի տարազով՝Հերյանը շրջեց Միջագետքի անապատներում, ազատեց կամ փրկագնեց հայ երեխաների՝ նրանց վերադարձնելով հարազատներին կամ որբանոցներ: «Որբախույզ» կոչումը ստացած Հերյանի շնորհիվ արաբական անապատներից հավաքագրվեց և հայկական ինքնությունը վերագտավ շուրջ 800 որբ: Հերյանի գլխանոցը սև է՝ կանաչ, մանուշակագույն եզրերով, երկու կողմից երիզված ծոպերով:

Մարտական դրոշի ծայրակալ

Հայտնաբերվել է հողային աշխատանքների ժամանակ այն դաշտից, որտեղ 1918-ի մայիսին տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը: Այս պատմական ցուցանմուշը բացառիկ մի վկայություն է թուրքական «Յըլդըրըմ» («Կայծակ») անունը ստացած զորաբանակի ջախջախիչ պարտության մասին:

Բրիտանական թողարկման հանգանակության նամականիշեր

Առաջին աշխարհամարտի տարիներին հայ գաղթականներին օգնելու համար Մեծ Բրիտանիայում հայանպաստ շարժում ծավալվեց: Այդ նպատակով հիմնվեցին մի շարք կազմակերպություններ, որոնցից ամենախոշորը 1915-ին ստեղծված Հայ գաղթականների (Լորդ քաղաքագլխի) հիմնադրամն էր, որի նախագահն էր Լոնդոնի Լորդ քաղաքագլուխը: Կազմակերպությունը գործունեություն ծավալեց հանգանակություններ կազմակերպելու ուղղությամբ: Իր գործունեության ընթացքում հիմնադրամը զգալի ֆինանսական միջոցներ հավաքեց և հատկացրեց հայ գաղթականներին: Միջոցները հավաքվում էին տարբեր եղանակներով, որոնցից էին «Հայկական դրոշի օրեր» կամ «Հայկական կիրակիներ» կազմակերպելը: Նման հայանպաստ կազմակերպություններ ստեղծվեցին նաև Մեծ Բրիտանիայի այլ քաղաքների ղեկավարների նախաձեռնությամբ:

Ալեքսանդրապոլի որբանոցի սաների տիկնիկները

Պատրաստել են հայ որբերը Ալեքսանդրապոլի Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի հիմնած որբանոցում, 1921-29թթ. ընկած ժամանակահատվածում: Մարդակերպ և կենդանակերպ տիկնիկներն ունեն 3-6 սմ երկարություն: Դրանք պատրաստված են կտորից, աչքերն ու ժպտացող բերանը ներկված են կապույտ թանաքով: Մարդակերպ տիկնիկների ձևավորման համար օգտագործվել են որբերի մազերը. կենդանակերպ տիկնիկները պատրաստված են ձիու և ոչխարի կերպարանքով:

1915-ին թողարկված ռուսական մեդալ

Պետրոգրադի քաղաքագլուխ կոմս Իվան Իվանովիչ Տոլստոյի նախաձեռնությամբ բարեգործական նպատակով թողարկված մեդալը հայերի և ռուսների եղբայրության, համերաշխության և բարեկամական օգնության խորհրդանիշն է: Մեդալի դիմերեսին պատկերված է Ռուսական կայսրության զինանշանի երկգլխանի արծիվը՝ հետևյալ գրությամբ. «Ռուսք առ հայս ի ժամու փորձանացս», ինչպես նաև մեդալի թողարկման տարեթիվը՝ 1915: Դարձերեսին հայկական ավանդական խաչն է՝ «Տէր կեցո զհայս գրությամբ»: Թողարկվել են մեդալի պղնձյա, արծաթյա և, խիստ սահմանափակ քանակությամբ, ոսկյա նմուշներ, ինչպես նաև դրա պղնձե կախովի տարբերակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


1915-2015 Կարծիք

Եղեռնագրություն

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացնում է հարյուր տարվա ընթացքում Մեծ եղեռնի թեմայով գրված ամենահետաքրքիր գրքերը, ինչպես նաև հիշեցնում, որ այդ թեմայի արծարծումը գրական ստեղծագործությանը դեռ որակ չի ապահովում:

Հ

այոց մեծ եղեռնին նվիրված ու եղեռնն արտացոլող մեծածավալ գիտական ու գեղարվեստական գրականություն է ստեղծվել աշխարհում: Այդ գրականության միայն մատենագիտական ցանկը մի ամբողջ հատոր կարող է կազմել: Այդուհանդերձ, այդ ասպարեզում, հատկապես գեղարվեստական գրականության մասով, մեր իմացություններն ու տեղեկացվածությունը նույնիսկ՝ սահմանափակվում են մի քանի գործերի շրջանակով: Չարենցի «Դանթեական առասպել», Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն», Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմները, Հրաչյա Քոչարի «Նահապետը», «Կարոտ» վիպակները թերևս ամենահայտնին են դրանց շարքում:

Առաջին արձագանքներ

Այնինչ, կարելի է ասել, որ եղեռնագրականություն, համենայնդեպս, հայ իրականության մեջ ստեղծվում էր 1915-ից էլ առաջ՝ իբրև հենք ունենալով 1894-96 թվականների Թուրքիայում իրականացված հայկական կոտորածները, ապա նաև՝ 1909 թվականի Ադանայի ջարդերը: Սիամանթոյի բանաստեղծությունները, Գրիգոր Զոհրապի, Լևոն Բաշալյանի, Ռուբեն Զարդարյանի, Լևոն Լարենցի, բազմաթիվ այլ արևմտահայ նորավիպագիրների գործերը դրա վկայությունն են: 1909 թվականի Ադանայի ջարդերի անմիջական ազդեցությամբ են գրված Սիամանթոյի «Կարմիր լուրեր բարեկամես» ժողովածուն, Զապել Եսայանի «Ավերակներուն մեջ» հուշագրությունը և այլն: Բուն 1915-ի դեպքերին անմիջական արձագանքներ գրեթե չեղան շատ պարզ պատճառով. գրողները կա՛մ սպանվել էին, կա՛մ տարագրության մեջ էին: Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը՝ լույս տեսած 1918 թվականին, մեծ հաշվով, կարելի է համարել բուն եղեռնագրականության մեկնարկը՝ համաշխարհային մասշտաբով: Նաև՝ այն իմաստով, որ Մորգենթաուի գիրքը շատ արագ

26 27

Ապրիլ 2015

մեծ արձագանք գտավ ու լայն ճանաչում ձեռք բերեց: Նույն թվականին ԱՄՆ-ում նաև շատերը կարդացին Եղեռնից մազապուրծ եղած Արշալույս Մարդիկանյանի «Հոշոտված Հայաստան» հուշագրությունը, որի հիման վրա մեկ տարի անց Հոլիվուդում նկարահանվեց Ցեղասպանության մասին առաջին խաղարկային կինոնկարը: Մորգենթաուից առաջ, իհարկե, արևելահայ գրականության մեջ եղան առաջին արձագանքները: Արդեն 1916 թվականին լույս տեսավ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը՝ Առաջին աշխարհամարտի համապատկերին Հայոց եղեռնի սարսռազդեցիկ պատկերներով:

Սփյուռք

Ցավոք, քչերն են տեղյակ 1915 թվականի Հայոց մեծ եղեռնին առաջին գրական-վավերագրական անդրադարձի՝ Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» հուշագրության մասին, որը լույս տեսավ 1919-ին, Թուրքիայում հրատարակվող հայերեն «Ժամանակ» օրաթերթում: Ավելին՝ այդ հուշագրությունը մոտ 90 տարի անհայտ էր նույնիսկ մասնագետներին և միայն 2005-ին գրականագետ Գրիգոր Հակոբյանի կողմից հայտնաբերվեց ու լույս ընծայվեց առանձին գրքով: Հակառակ Օտյանի հուշագրության՝ լայն ճանաչում ձեռք բերեցին ու շրջանառվեցին Արամ Անտոնյանի «Մեծ ոճիրը» և Գրիգորիս վարդապետ Պալաքյանի «Հայ գողգոթան» փաստահուշագրական գրքերը: Ընդհանրապես, հայաստանյան ընթերցողներին գրեթե անծանոթ են եղեռնյան թեմաների՝

սփյուռքահայ գրականության մեջ եղած արծարծումները, որոնք երբեմն բոլորովին այլ մոտեցումներ են ի հայտ բերում: Մանավանդ որ՝ մինչև 1930-ական թվականների կեսերը սփյուռքահայ ամբողջ գրականությունը եղեռնյան տրամադրությունների, դրա պատճառած տագնապների և հուսալքման մթնոլորտում էր ստեղծվում: Համաստեղի բազմաթիվ պատմվածքներ, Վազգեն Շուշանյանի «Ճերմակ Վարսենիկ», «Բանաստեղծը և Կինը» վիպակները, Հակոբ Օշականի «Կայսերական հաղթերգություն» պատմվածաշարը, «Մնացորդաց» վեպը և բազմաթիվ այլ ստեղծագործություններ սփյուռքյան եղեռնագրականության հատկանշական գործերից են: Մյուս կողմից՝ Եղեռնի թեման հետաքրքիր արծարծումներ ունեցավ օտարագիր հայ գրողների ստեղծագործություններում: Լևոն-Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ» վեպը, հետագայում՝ Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» վեպ-հուշագրությունը, Նենսի Գրիգորյանի «Զաբել» վեպը գեղարվեստական բարձրարժեք գործեր լինելուց զատ նաև առանձնանում էին նրանով, որ գրված լինելով անգլերեն՝ ավելի արագ էին համաշխարհային հանրության համար բարձրացնում Եղեռնի թեման: Նման տեսանկյունից պետք է առանձնացնել նաև ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը:

Խորհրդային Միություն

Խորհրդային Հայաստանում Եղեռնի շուրջ առաջին բացահայտ ակնարկներն ու պատումները սկսեցին երևան գալ 1920-ական թվականների

մենք չափազանց դյուրազգաց ու զգացմունքային ենք այն դեպքերում, երբ Եղեռնի մասին օտարներն են գրում, թեկուզ՝ անտաղանդ ու անարժեք


վերջերից՝ այն էլ հիմնականում ինքնակենսագրական վեպերի շրջանակում: Զապել Եսայանն իր «Սիլիհտարի պարտեզները», Գուրգեն Մահարին՝ «Մանկություն» և «Պատանեկություն», Վահան Թոթովենցը՝ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակներում մանկության հուշերի «անմեղ» թեման օգտագործեցին՝ բարձրաձայնելու Եղեռնի թեման՝ կորստի, ցավի, սարսափի, կոտորածների շեշտադրումներով: Դա կարելի է համարել հարաբերական ազատության շրջան, որովհետև հետագայում այդ թեման գրեթե իսպառ վերացավ խորհրդահայ գրականության էջերից: Թեմայի արծարծման գործում շրջադարձային եղան 1960-ականներն ու հետագա տասնամյակները: Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ», Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Ստեփան Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» վեպերը, Հրաչյա Քոչարի «Կարոտ», «Նահապետ» վիպակները, Մուշեղ Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» պատմվածաշարը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ», Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը», Վահագն Դավթյանի «...Բայց ծնվեցի» պոեմները և բազմաթիվ հեղինակների բազմաթիվ այլ տարաժանր գործեր գեղարվեստական առումով, ճիշտ է, միարժեք չեն, բայց թեմայի արծարծման առումով նշանակալից եղան: Այնուամենայնիվ, սահմանափակ տեղեկացվածությունը հանգեցրել է Եղեռնի թեմայի պատկերման միակողմանի ու կաղապարային ընկալման, անպայման կոտորածների տեսարաններ, անպայման լաց ու հառաչանք, անպայման պաթետիկ հայտարարություններ, որոնց մեր բեմերից միանալու է գալիս այդ ստեղծագործությունների ճոռոմ ասմունքը: Գուցե դա է պատճառը, որ այդ կաղապարից դուրս ստեղծված, բայց կրկին Եղեռնի թեմային առնչվող մի շարք արժեքավոր գործեր այսօր գրեթե չեն էլ հիշվում կամ չեն ընկալվում որպես այդպիսին: Իբրև բնորոշ օրինակ կարելի է հիշատակել նույն Վազգեն Շուշանյանի

2000-ականներին Հայոց ցեղասպանությունը հայտնվեց նաև պատկերապատումների՝ կոմիքսների էջերին: 2008-ին պատկերապատման ձևաչափն ու Ցեղասպանությունը առաջին անգամ համատեղեցին հայ հեղինակները՝ խմբագիր Սոսի ՂազարյանԿևոնյանի և նկարիչ Տիգրան Մանգասարյանի ջանքերով գրաֆիկական նովելի վերածվեց Ավրորա Մարդիկանյանի պատմությունը: Գիրքը կոչվեց «Հոգիների աճուրդից առաջ»: Դեռ 2007-ին իտալացի պատկերապատող Պաոլո Կոսսին հրատարակեց «Մեծ Եղեռն. մեծ չարիք» կոչվող գրաֆիկական նովելը, որտեղ իրադարձությունները տեղի էին ունենում 1915-ին՝ Արևմտյան Հայաստանում: Չորս տարի անց նա նորից անդրադարձավ թեմային (այդ ընթացքում հասցնելով երկու անգամ մասնակցել

երևանյան կոմիքսների փառատոնին), բայց մի փոքր այլ տեսանկյունից. «Արարատ. խորհրդավոր լեռը» պատկերապատման գլխավոր հերոսը մեր օրերում ապրող հայ լեռնագնաց է, որը դեպի Արարատ ճանապարհորդության ընթացքում քուրդ հովվի հետ անցնում է այն տեղերով, ուր ժամանակին ապրել են հայեր, ապա՝ կոտորվել թուրքերի կողմից: Իսկ 2013-ին Ֆրանսիայում լույս տեսավ Կոսսիի «Նեմեսիս գործողությունը»՝ նվիրված Սողոմոն Թեհլերյանին: Այս գիրքը, ինչպես նաև «Մեծ եղեռնը», այս տարի հրատարակվել էին նաև հայերեն թարգմանությամբ: Այս տարվա ապրիլին արդեն ԱՄՆ-ում լույս է տեսնելու Թալեաթի սպանության մասին պատմող մեկ այլ պատկերապատում՝ «Նեմեսիս գործողությունը. Ցեղասպանության և վրեժի պատմություն»:

վեպերը, որոնք ավելի շատ սփյուռքյան հուսալքված տրամադրությունների համապատկերում են վերլուծվում, կամ Մահարու «Այրվող այգեստանները» վեպը, որ բազմաթիվ բանավեճերի առիթ տվեց, և այլն: Ընդհանրապես, ցանկացած ոչ ստանդարտ մոտեցում Եղեռնի թեմային մեր իրականության մեջ սրերով է ընդունվում: Մահարու վեպից զատ այս առումով նշենք նաև Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» վեպի օրինակը, որտեղ փորձ էր արվում թուրքին ներկայացանել նաև ինչ-ինչ դրական կողմերով: Այս օրինակները գալիս են հաստատելու, որ միշտ չէ, որ ճիշտ են արժևորվել Եղեռնի թեման արտացոլող գեղարվեստական գրքերը: Երբեմն դրանց արժեքայնությունը որոշվել է միայն այն հանգամանքով, որ Եղեռնի մասին են: Պատահական չէ, որ տարիներ առաջ Հրանտ Մաթևոսյանի՝ ««Անլռելի զանգակատունը» Պարույր Սևակի լավագույն գործը չէ» խոսքը բազմաթիվ խոսակցությունների առիթ տվեց ու ոչ միանշանակ ընկալվեց:

Ընդհանրապես, մենք չափազանց զգացմունքային ենք այն դեպքերում, երբ Եղեռնի մասին օտարներն են գրում, թեկուզ՝ անտաղանդ ու անարժեք: Ու անտարբեր ենք, երբ նույն թեման հազար անգամ ավելի բարձր գեղարվեստական մակարդակով իրացնում է հայ, այն էլ՝ ժամանակակից հայ գրողը: Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպի հանդեպ գրեթե անտարբերության և, ասենք, Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի շուրջ ստեղծված իրարանցման պարզ համեմատությունը այս խոսքերի վառ ապացույցն է: Հայաստանի անկախության շրջանում շարունակվեց Եղեռնի թեմայի արծարծումը առավել լայն թափով, թեպետ բարձրարժեք գեղարվեստական իրացումներ շատ քիչ կան: Մեծ մասամբ՝ ավանդական կաղապարների կրկնություններ են: Այնուամենայնիվ, առանձնացնենք Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպը, Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին» վիպակը, որոնք այս թեմայում բացառիկ ստեղծագործություններ են այն իմաստով, որ խնդրին նայում են մեկ այլ դիտանկյունից՝ ձգտելով լացի ու կոծի փոխարեն առաջ քաշել իրատեսական հատուցման, ինչո՞ւ չէ նաև երկխոսության խնդիրներ... Այս թեմայով շատ կարելի է գրել: Վերն ասվածն ընդամենը ընդհանուր օրինաչափությունների մատնանշում է, եթե կարելի է այդպես ասել՝ հակասական օրինաչափությունների մատնանշում, որը հերթական անգամ ի ցույց է դնում այն ցավալի իրողությունը, որ նույնիսկ 100 տարի անց Հայոց մեծ եղեռնը իբրև իրողություն՝ իր բոլոր կողմերով չենք կարողանում ընկալել: Թող ներվի ասել, բայց մեծ մասամբ Հայոց մեծ եղեռնը մեզ համար թեմա է ընդամենը, որի մասին գրում ենք, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ ենք այցելում, որով արժևորում ենք ու արժևորվում, որի պատճառով բարդույթավորվում ու ըմբոստանում ենք… Ու սպասում ենք, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը: Իսկ գրականությունը, թե՛ հայ, թե՛ համաշխարհային, իր ամենատարբեր իրացումներով գալիս է վկայելու, որ մենք էլ չենք ճանաչում Ցեղասպանությունը:

Օտարները

Երևույթը բնութագրական է հատկապես օտարազգի գրողների պարագայում: Եթե Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Կուրտ Վոնեգուտի «Կապտամորուսը», Էդգար Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը», վերջերս լույս տեսած՝ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» և մի քանի այլ վեպերի պարագայում թեման ու գեղարվեստական բարձր իրացումը համընկնում են, ապա հիմնականում Եղեռնի թեման դառնում է որոշ ստեղծագործությունները բարձր գնահատելու, հայերեն թարգմանելու միակ չափանիշը: Խոսքս վերաբերում է, օրինակ, Գոնսալո Գուարչի «Հայկական տոհմածառ», Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» և նմանատիպ այլ գործերի: Հաճախ որևէ վեպում Եղեռնին վերաբերող ամենահեռավոր ակնարկն անգամ մենք դարձնում ենք դրա հիմնական առանցքը և երկը ընկալում ու գնահատում ենք այդ դիրքերից: Օրհան Փամուքի «Ձյունն» էլ այդպիսի օրինակներից է:

Արքմենիկ Նիկողոսյան


1915-2015 Կարծիք

Հրաշքին սպասելիս Կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը պատմում է այն կինոնկարների մասին, որոնցում այս կամ այն կերպ խոսվում է Հայոց ցեղասպանության մասին և փորձում բացատրել, թե ինչ խնդիրներ ունեն դրանք, ինչպես նաև ներկայացնում այս տարի դեռ սպասվող պրեմիերաների մասին:

Կ

ինոն ամենահասանելի և քաղաքականացված արվեստն է: Ի սկզբանե կինոն ոչ միայն իրականությունը պարզապես վերարտադրող է, այլև շատ հաճախ պատմությունը կերտող, մեկ-մեկ էլ նենգափոխող: Հետաքրքրական է, որ Առաջին աշխարհամարտի մասին բեմադրված բազմաթիվ համր ֆիլմեր մինչ օրս էլ ներկայացվում են իբրև կենդանագրութուն:

Համր արշալույսը

1918-ին Նյու Յորքում անգլերենով լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի՝ Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան» խորագրով: Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցութամբ գիրքը թարգմանվելհրատարակվել է և այժմ հասանելի է նաև հայերենով: Այն պատմում է 14-ամյա Արշալույսի տարագրության պատմությունն ու բռնագաղթի ճանապարհի իր սարսափները: «Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատրաստ էր, երբ Հայ-սիրիական ամերիկյան կոմիտեն առաջարկեց գրքի մոտիվներով ֆիլմ նկարահանել: 1918-ին էլ ամերիկյան կինոարտադրության հսկաներից «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունը սկսեց ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այդ ֆիլմի զանգվածային տեսարանների նկարահանումներին մասնակցել է շուրջ տասը հազար մարդ, որը մինչ օրս անգերազանցելի է Հայոց

«Հոգիների աճուրդը» աշխարհում առաջին գեղարվեստական կինոնկարն էր մեծ եղեռնի մասին եվ ընդհանրապես՝ ցեղասպանության թեմայով

↑ «Հոշոտված Հայաստանի» ցուցադրությունը ամերիկյան կինոթատրոններից մեկում

28 29

Ապրիլ 2015


↑ Պաս Վեգան՝ Տավիանի եղբայրների «Արտույտների Ագարակում»

← Կադր «Հոշոտված Հայաստանից»

ցեղասպանությանն անդրադարձած որևէ ֆիլմի համար: Ֆիլմի ռեժիսուրան ստանձնեց դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Օսկար Ափֆելը, որը հայտնի էր վեսթերն ժանրի արկածային ֆիլմերով: Նրա առաջարկով էլ ֆիլմի գլխավոր դերասանուհի ընտրվեց Ավրորա Մարտիկանյանը: «Հոգիների աճուրդը» Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր և ընդհանրապես՝ ցեղասպանության թեմային անդրադարձող առաջին ֆիլմը աշխարհում: Ֆիլմի բազմաթիվ կադրեր ներկայացվել են որպես վավերագրական լուսանկարներ Հայոց ցեղասպանության մասին, որոնցից շատերի բեմադրված լինելու հանգամանքը պարզ դարձավ ֆիլմի հատվածի հայտնաբերումից հետո: Ֆիլմի շուրջ բազմաթիվ առասպելներ են պտտվում: Այժմ դժվար է կարծիք հայտնել «Հոշոտված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ» ֆիլմի գեղարվեստական արժանիքների մասին, քանի որ ֆիլմի ամբողջական տարբերակը չի պահպանվել: Ասում են, թե ժապավենների օրինակները խորտակվել են Բաթումի ուղևորվող նավի հետ: Բայց բազմաթիվ փաստեր կան, որ ֆիլմը միևնույն ժամանակ տարբեր երկրներում է ցուցադրվել, ուստի նման հետաքրքրություն առաջացրած ֆիլմը, այն էլ «Մետրո Գոլդվին Մեյերի» արտադրությամբ,

կարո՞ղ էր այնքան սակավ պատճեններ ունենալ, որ դրանցից գոնե մեկը մեզ չհասներ: 1996-ին գտնվեց ֆիլմից 22 րոպե տևողությամբ մի հատված: Իհարկե, կարող ենք ասել, որ ֆիլմն իր առջև դրած խնդիրը լուծել է, քանի որ վարձույթում 30 մլն դոլար է հավաքագրել (Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված ֆիլմերի համար մինչ օրս չգերազանցված դրամարկղային շահույթ), որն էլ ամբողջությամբ փոխանցվել է Մերձավոր արևելքի հայկական որբանոցներին:

Անհավաստի հերոսը

«Ոսկե ծիրան» փառատոնի նախաձեռնությամբ 2015-ին իրականացվում է Մեծ եղեռնին անդրադարձող ֆիլմերի ցուցադրություններ՝ «Այլևս երբեք…» խորագրով և աշխարհի շուրջ քսան երկրում: Հատուկ այդ առիթով կազմվել է ներկայանալի և հասանելի ֆիլմացանկ: Ծրագրում ընդգրկված են շուրջ երեք տասնյակ խաղարկային, վավերագրական, կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմեր: Նախաձեռնությունն ինձ համար առիթ էր Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմերն ըստ հերթականության վերանայելու: Ըստ իս, այդ թեմայով նկարահանված վավերագրական ֆիլմերը, որոնց թվում են «Մենք»-ը (ռեժիսոր՝ Արտավազդ Փելեշյան, 1969), «Ճչացողները»

(ռեժիսոր՝ Կարլա Կարապետյան, 2010), «Աղետ. Մի ցեղասպանություն» (ռեժիսոր՝ Էրիկ Ֆրիդլեր, 2010), «Տատիկի դաջվածքները» (ռեժիսոր՝ Սյուզան Խարտալյան, 2012), «Կարճ հաղորդագրություն»-ը (ռեժիսոր՝ Վարդան Դանիելյան, 2011), «Մենք կանք»-ը (ռեժիսոր՝ Արմեն Խաչատրյան, 2012), «Հայրենիք»-ը (ռեժիսոր՝ Դևրիմ Աքքայա, 2014) առավել ազդեցիկ են և պրոֆեսիոնալ, քան խաղարկայինները: Մեծ եղեռնի թեմային առնչվող խաղարկային, թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան արտադրության ֆիլմերը, այդ թվում՝ «Նահապետը» (ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան, 1977), «Ձորի Միրոն» (ռեժիսորներ՝ Ա. Դավթյան, Լ. Քոչար, 1979), «Մայրիկ»-ը (ռեժիսոր՝ Անրի Վերնոյ, 1991), «Արամը» (ռեժիսոր՝ Ռոբերտ Քեշիշյան, 2002), «Արարատ»-ը (ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան, 2002), «Արտույտների ագարակը» (ռեժիսորներ՝ Տավիանի եղբայրներ, 2007), «Սպին» (ռեժիսոր՝ Ֆաթիհ Աքին, 2014) ընդհանուր բնորոշիչ թերություն ունեն՝ գլխավոր հերոսի կերպարի թուլությունը: Այդ ֆիլմերից յուրաքանչյուրն էլ արժանի է առանձին քննարկման, սակայն ակնհայտ է, որ դրանցից որևէ մեկը Հայոց ցեղասպանության ողջ արհավիրքը ներկայացնող լիարժեք կինոպատում չէ: Հենրիկ Մալյանի, Անրի Վերնոյի, Ատոմ Էգոյանի, Տավիանի եղբայրների, Ֆաթիհ Աքինի՝ Մեծ եղեռնին անդրադարձող ֆիլմերը նրանց կինոկենսագրության լավագույն ֆիլմերը չեն,


1915-2015 Կարծիք

↑ Ֆաթիհ Աքինի «Սպիում» գլխավոր դերը կատարեց ֆրանսիացի Թահար Ռահիմը

↓ Մեծ եղեռնի թեմայով ամենասիրված ֆիլմը Անրի Վերնոյի «Մայրիկն» է

↓ Շառլ Ազնավուրն ու Էրիկ Պողոսյանը՝ Ատոմ Էգոյանի «Արարատում»

→ Կառլա Կարապետյանի վավերագրական ֆիլմում հնչում են System of a Down-ի երգերը

30 31

Ապրիլ 2015


ավելին՝ թույլերի շարքին են դասվում: Բանն այն է, որ այդ ֆիլմերում չկա բանալի հանդիսացող, հողին ամուր կպած և իր հորինվածքով համոզիչ հերոսը, որը կարող է ապրումակցում առաջացնել և վերածվել Մեծ եղեռնին տանող կամրջի: Հայոց ցեղասպանությունն այդ բոլոր ֆիլմերում էլ իբրև սրտաճմլիկ ֆոն է վերապրողներին ներկայացնելու համար, ինչը բնական է և կարող է այդպես էլ լինել, բայց ֆոնն առավել ընդգրկուն է, քան այն հաղթահարել փորձող հերոսը: Այսինքն՝ Ցեղասպանության մասին պատմող մեր բոլոր ֆիլմերում էլ հերոսի և նրա հետ տեղի ունեցածի միջև մեծ, արհեստական խզում կա: Հայոց ցեղասպանությանն անդրադարձող և մինչ օրս նկարահանված բոլոր խաղարկային ֆիլմերն էլ գլխատված են:

↑ Վիգեն Չալդրանյանը՝ «Վարդապետի լռության» նկարահանումներին

↑ Անջելա Սարաֆյանն ու Սիմոն Աբգարյանը՝ «1915» դետեկտիվ դրամայում

← Հակոբ Հակոբյանի ֆինանսավորած «Հիշողությունը» մեծ աղմուկ բարձրացրեց, բայց էկրաններին այդպես էլ չբարձրացավ

Նոր հերոսներ. հնչեղ արշալույս

Ուսումնասիրելով թելադրող միջազգային կինոփառատոներում և մրցանակաբաշխություններում առաջադրված ֆիլմերը՝ հասկանալի է դառնում, որ այսօրվա կինոյի հերոսն իրական, հողեղեն մարդն է, ինչպես 1960-ականների կինոյում էր: Սուպերմենների և բեթմենների հատկությունները մեր կողքին ապրող մաթեմատիկոսի, ֆիզիկոսի, պատերազմ մեկնող քաղաքացու, աստղագետի, բժշկի, դերասանի մեջ գտնելու փորձերն են այսօր արժանանում հաջողության և առաջացնում կարեկցանք: Ցավոք, Հայոց ցեղասպանության մասին պատմող մերօրյա ֆիլմի հերոսը հավաստի կենսագրություն չունի: Մեզ անհրաժեշտ է ֆիլմ, որ կսկսվի «Հիմնված է իրական փաստերի վրա» վերտառությամբ, որ հանդիսատեսը ֆիլմից հետո հերոսի մասին Վիքիպեդիայում կարդալու հնարավորություն կունենա, որ հերոսը Հայոց ցեղասպանության խորհրդանիշի ուժ կունենա: Մեզ անհրաժեշտ է ֆիլմ, որտեղ պատմական ճշմարտությունն ու իրականությունը հակասության մեջ չեն մտնի կինոյի հորինվածքի հետ, այլ կլրացնեն միմյանց: Արշալույս Մարդիգանյանի կյանքը՝ Ցեղասպանությունից հրաշքով մազապուրծ լինելու, ԱՄՆ հասնելու, ինքնակենսագրական վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմի հերոսուհու դերը ստանձնելու, աշխարհի ամենահայտնի ամսագրերի, թերթերի շապիկներին հայտնվելու և ողբերգական մահով կյանքն ավարտելու պատմությունն այն օրինակներից է, որն այդքան ցանկալի ու սպասելի ֆիլմի հիմքը կարող է հանդիսանալ: Վերջիվերջո, հարյուրերորդ տարելիցը ոչ մի դեպքում Հայոց ցեղասպանության խնդրի լուծումը չէ, ցավոք: Այլ ունե-

մեզ անհրաժեշտ է ֆիլմ, որտեղ պատմական ճշմարտությունը հակասության մեջ չի մտնի կինոյի հորինվածքի հետ, այլ կլրացնեն միմյանց ցածն ու արածը վերագնահատելու և առաջ շարժվելու հանգրվան ու պահանջ: 2015 թվականի ընթացքում դեռևս սպասվում են մի քանի լիամետրաժ խաղարկային ֆիլմերի պրեմիերաներ՝ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի «Մի ասեք, թե տղան խելագար էր» կինոդետեկտիվը, որը պատմում է թուրք դիվանագետին հետապնդող 20-ամյա ֆրանսահայ վրիժառուի հետ պատահած ողբերգության մասին: Ամերիկացի ռեժիսոր Ջոն Միլանոյի «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմը, որի շնորհանդեսը նախատեսված է ապրիլի 24-ին, իսկ նկարահանումները տևել են երկու տարի: Ապրիլի 23-ին սպասվում է մեկ այլ ֆիլմի՝ «1915» վերնագրով հոգեբանական թրիլերի համաշխարհային պրեմիերան, որը ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյան դեբյուտային աշխատանքն է: Տարեվերջին էլ էկրան կբարձրանա Վիգեն Չալդրանյանի՝ Կոմիտասին նվիրված «Վարդապետի լռությունը» ֆիլմը:

Ի դեպ, ռուսահայ պրոդյուսեր Վալերի Սահարյանը հայտարարել էր, որ Կոմիտասի կյանքի մասին պատմող իր նախաձեռնած ֆիլմում հավանական է, որ գլխավոր դերը ստանձնի հոլիվուդյան աստղ Էդրիան Բրոուդին: Նշանավոր կինովավերագրող, BBC-ի մրցանակակիր Կարլա Կարապետյանն էլ պատրաստվում է Սողոմոն Թեհլերյանի դատավարության մասին յուրօրինակ մոտեցմամբ ֆիլմ նկարահանել, որում ևս հոլիվուդյան դեմքեր են ներգրավված լինելու: Գործարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած «Հարյուր կյանք» քարոզարշավի դեմքն էլ կինոաստղ Ջորջ Քլունին է: Մեկ այլ լայնածավալ ֆիլմ էլ, ըստ որոշ աղբյուրների, կֆինանսավորի Քըրք Քրքորյանը: Հնարավոր է, որ հարյուր տարի անց Հոլիվուդը կրկին անդրադառնա Հայոց ցեղասպանության թեմային և գերազանցի ինքն իրեն՝ նկարելով «Հոշոտված Հայաստանի» նորօրյա համարժեքը: Գուցե հրաշքը տեղի ունենա…

Րաֆֆի Մովսիսյան


1915-2015 Սեփական փորձ

Վերապրածների երթ ImYerevan.com կայքի գլխավոր խմբագիր Էլեն Բաբալյանը պատմում է, թե ինչու է արդեն 15 տարի անընդմեջ մասնակցում ապրիլի 23-ի ջահերով երթին և փորձում հիմնավորել՝ ինչո՞ւ է այդ երեկոն այդքան կարևոր յուրաքանչյուր հայի համար։

Ա

ռաջին անգամ Ծիծեռնակաբերդ գնացի հորս ուսերին նստած։ 1988 թիվն էր։ Չորս տարեկանում դա իմ սիրած վայրն էր։ Նույն կերպ նրա վզին նստած փետրվար-մարտ ամիսներին Ազատության հրապարակում «Ղա-լա-բաղ» էի գոռում հայերի հետ։ Բազմամարդ վայրեր յոթամսական հղի մայրս չէր սիրում։ Նա մեզ հետ չեկավ և Ծիծեռնակաբերդ։ Այդ տարի ապրիլին առաջին անգամ հայրս զգաց հայրության ծանր բեռը բառի ուղիղ իմաստով։ Եռագույն շարֆով փաթաթված նրա ուսերին հպարտ նստած՝ հասա Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։ Այսօրվա պես հիշում եմ ձեռքիս կարմիր կակաչը։ Այդ օրից վերապահումով եմ մոտենում կարմիր կակաչներին։ Հաջորդ տարի ապրիլի քսանչորսին ճանապարհի կեսն անցա սեփական ուժերով։ Կեսից էլի նստեցի իմ սիրած տեղը։ Ասել, որ գիտակցում էի՝ ուր ենք գնում, սխալ կլինի։ Հայրս ասել էր, որ մեր նախապապերին կոտորել են թուրքերը, ու մենք գնում ենք հարգանքի տուրք մատուցելու։ Ինչ է թուրքը՝ արդեն գիտեի։ Որտեղի՞ց՝ չեմ հիշում։ Հավանաբար, Էրզրումից կոտորածի ժամանակ

32 33

Ապրիլ 2015

փրկված Բեջան պապս էր շշնջացել ականջիս, երբ դեռ մորս արգանդում էի։ 1990-ին առաջին դասարանում էի։ Նորանկախ Հայաստանի առաջին դասարանցիների երթը Ծիծեռնակաբերդ կազմակերպեց դպրոցը։ Ես հպարտ էի, ի տարբերություն իմ շատ դասարանցիների, արդեն եղել էի այստեղ, գիտեի՝ ինչքան մնաց քայլելու։ Շատախոս դպրոցականներին ուսուցիչները լռեցնում էին, համբերատար բացատրելով ուր ենք գնում և ինչու։ Տարիները անցան, ապրիլի քսանչորսը մնաց անբեկանելի։ Մի տարի լավ հիվանդ էի, օրն էլ՝ անձրևոտ, ինչպես հաճախ է լինում այդ օրը։ Մայրս փորձեց խառնվել, հայրս թույլ չտվեց։ Ու մենք միասին գնացինք, այս անգամ ամբողջ ճանապարհը քայլեցի ես։ Հենց այդ օրն էլ իմացա Բեջան պապիս փրկության պատմությունը։ Հետո արդեն կիմանայի նմանատիպ հազարավոր պատմություններ, բայց այդ օրը ինձ հրաշք թվաց այն, որ ես ծնվել եմ, կամ, այստեղ՝ Հայաստանում, քրիստոնյա, ազատ երկրում։ Իրականում հայերի գոյության փաստն ինքնին հրաշք է։ Առանց երկմտելու կարող եմ ասել, որ ամեն տարի ապրիլի 24-ին ես գնացել եմ Ծիծեռնակաբերդ։ Իսկ 2000-ից սկսած՝

գնացել եմ նաև 23-ին։ Դաշնակցական ընկերներ ունեի, ջահերով երթ էին կազմակերպում։ Ջահերը քիչ էին, բոլորին չէր հասնում, բայց դա էական չէր։ Սկզբում հավաքվում էին Հանրապետության հրապարակում, հետո հանդիպման վայրը դարձավ Ազատության հրապարակը։ Ջահերով երթը պարտադիր պայման ունի. առաջին ջահը վառում են Թուրքիայի այրված դրոշի կրակով։ Դա հատուկ արարողություն է. երեկոյան Ազատության հրապարակում «մահ թուրքերին», «ամոթ» գոռալով այրում են երկրի կարմիր դրոշը, վառում ջահն ու փոխանցում միմյանց։ Իմ ինտելիգենտ ընկերներից շատերն են կարծում, որ երկրի դրոշն այրելը ցիվիլ չէ, բայց տաքարյուն դաշնակներին դա չես բացատրի։ Այնուհետև Ազատության հրապարակում պարզում են Հայաստանի ահռելի չափերով դրոշը։ Առաջ ամբոխը պատռելով՝ մոտենում էի, որ անպայման բռնեմ դրոշի մի կտորը, հիմա գիտեմ՝ ի սկզբանե որտեղ կանգնեմ, որ ինձ էլ հասնի դրոշին կպչելու բախտը։ Դա, իհարկե, թվում է անիմաստ, պատանեկան հայրենասիրություն, բայց իրականում այդ պահին դրոշի շուրջ բոլոր կանգնածները ասես բլութութով միանում են իրենց Բեջան պապերի հետ։ Ու իրականում


Ձայնակցում են բոլոր-բոլորը։ Ու երգի միջոցով միանում, դառնում մի հոգի, մի բռունցք։ Հրաշք զգացողություն է, վերապրածների երթն է դա նման պահերին էլ հենց զգում ես «ազգային ինքնագիտակցություն» ասվածը։ Նույն տարօրինակ թրթիռն է առաջանում, երբ խմբերով բարձրանում ենք Բաղրամյանով։ Առջևից դանդաղ գնում է երաժշտական տեխնիկայով զինված մեքենան, հնչում են ռազմահայրենասիրական հայդուկային երգեր, նրա հետևից ձայնակցելով քայլում են ջահերով երթի մասնակիցները։ Ձայնակցում են բոլորբոլորը։ Ու երգի միջոցով միանում, դառնում մի հոգի, մի բռունցք։ Հրաշք զգացողություն է, վերապրածների երթն է դա։ Բնավ չվիրավորելով ապրիլի քսանչորսին տանը նստածներին՝ այնուամենայնիվ, գտնում եմ, որ այդ օրը հատկապես իրավունք չունենք տանը նստել։ Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ, կպնդեն ու որպես փաստարկ կբերեն արևածաղիկ չրթող անգիտակից զանգվածներին, ի հակադրում միայն կարող եմ ասել, որ գեղ չկա, որտեղ շուն չլինի։ Ի դեպ, մասսաների մասին. տարիների փորձը ապացուցում է, որ ապրիլի 23-ի մասսան շատ ավելի որակյալ է։ Հիմնականում երիտասարդներ են, ավյունով, տաքարյուն, ռազմատենչ։ Իսկ հաջորդ օրը երթի ուղին բռնողներին դժվար է որևէ ընդհանուր բնորոշում տալ։ Դրանք

և հարկադիր այստեղ եկած ուսանողներ կամ դպրոցականներ են, և տնից հազվադեպ դուրս եկող տնային տնտեսուհիներ, և քաղաքականությունից բոլորից լավ գլուխ հանող թոշակառուներ, և ոչ աշխատանքային օրը գործից ազատված օֆիսային աշխատողներ, և տարբեր հայրենակցական միությունների անդամներ, և դաշնակներ, և հանրապետականներ, և իհարկե՝ սփյուռքահայեր, որոնք, ի դեպ, տարիներին զուգահեռ քանակապես ավելանում են։ Իսկ վերջին երկու-երեք տարիներին ջահերով երթի ակտիվ մասնակիցներ են նաև սիրիահայերը, որոնք, ի դեպ, անգիր գիտեն հայրենասիրական բոլոր երգերը։ Այդ երգերը գիտի նաև իմ դուստրը։ Նա արդեն չորրորդ տարին է՝ հոր ուսերին նստած բարձրանում է Ծիծեռնակաբերդ։ Պատմությունը, ինչպես քաջ հայտնի է, կրկնվում է, ոչ մի նոր բան չես հորինի։ Իհարկե, այդ օրը ցուցաբերած ակտիվությամբ չես չափի մարդու հայրենասիրությունը, սակայն դա նույնպես ցուցիչ է։ Ինչ էլ ասեն, միևնույն է՝ մի բան ակնհայտ է. Ցեղասպանության օրը երթի գնացողների մեջ չկա անտարբեր մարդ։ Նրանք գալիս են ու իրենց դրսևորում՝ ելնելով իրենց գիտակցության աստիճանից։

Էլեն Բաբալյան PAN Photo


1915-2015 Համացանց

#Recognize1915

Ժամանակակից աշխարհում ցանկացած խնդրի լուծում՝ այդ թվում, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչումը, շատ ավելի հեշտ է տրվում, եթե գրագետ օգտագործվում են համացանցն ու նորագույն տեխնոլոգիաները: Քաջ գիտակցելով այդ իրողությունը, դեռ անցյալ տարի համացանցում Եղեռնի ճանաչման արշավ սկսեց Ucom ընկերությունը, բացելով Recognize1915.am կայքը

Ա

նցյալ տարվա ապրիլի 17-ին հանրությանը ներկայացված կայքը յուրօրինակ հարթակ է, որտեղ մեկտեղված են Հայոց ցեղասպանության թեմայով արված հետազոտությունները, կա հղումների ու վիզուալ նյութերի բավական հարուստ բազա, բացի այդ, կայքը հնարավորություն է տալիս բոլորին փոխել իրենց էլեկտրոնային փոստի ստորագրությունները՝ Հայոց ցեղասպանության մասին մեկ անգամ ևս աշխարհին հիշեցնելու նպատակով: Նամակի հասցեատերը, տեսնելով ստորագրությունը, կարող է հղումով անցնել կայք, կարդալ Ցեղասպանության մասին, ծանոթանալ և, միգուցե նաև միանալ նախագծին: Եթե հիշենք, թե որքան կարևոր տեղ են զբաղեցնում մեր կյանքում զանազան էլեկտրոնային սարքերը՝ աշխատանքային համակարգչից մինչև սմարթֆոն, կարելի է հասկանալ, թե որքան մեծ ազդեցություն կարող է ունենալ այս հարթակը: Բնականաբար, կարևոր է կայքի անվտանգությունը. Recognize1915.am-ը ունի ամենաբարձր տեխնիկական ապահովվածությունը:

34 35

Ապրիլ 2015


← «99» գիրքը կարելի է անվճար բեռնել կայքից

Կայքում նաև կարելի է անվճար ներբեռնել Ucom-ի և PAN Photo գործակալության համատեղ՝ «99» գիրքը, որում տեղ են գտել մի շարք հարցերի պատասխաններ՝ քանի՞ փուլով և ինչպե՞ս է կազմակերպվել Հայոց ցեղասպանությունը, ինչպե՞ս պայքարել թուրքական ժխտողականության դեմ, ինչպե՞ս հասնել Ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, ի՞նչ նկատի ունենք ճանաչում ու փոխհատուցում ասելով, ի՞նչ կլինի 100-ամյակից հետո: Ինչպես և կայքը, գիրքը նույնպես հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:

Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը համոզված է. «Մենք իրավունք չունենք բավարարվել միայն անմար կրակի շուրջ հարգանքի տուրք տալով, հայության ձայնը պետք է հասանելի դարձնենք աշխարհին: Հայ ազգի դեմ կատարված հանցագործության համաշխարհային ճանաչման և դատապարտման համար կարևոր է յուրաքանչյուր ազգային կազմակերպության, հայրենասիրական խմբի, հայ գործարարի, հայրենասեր քաղաքացու և հայ մարդու ուժերի մեկտեղումը: Միայն դրա շնորհիվ աշխարհը կճանաչի և կդատապարտի Հայոց ցեղասպանությունը»:

Արեգ Դավթյան


1915-2015 Հեռանկար

100 տարի՝ 100 կյանք

Neilson Barnard/Getty Images for 100 LIVES

Այս տարվա մարտի 10-ի գիշերը՝ Երևանում արդեն կեսգիշերն անց էր, Նյու Յորքում մեկնարկեց 100 LIVES (100 կյանք) նախագիծը: Ինչպես պարզվեց, այն ունի երկու հիմնական նպատակ՝ պատմել Ցեղասպանությունից փրկված հայերի մասին, որոնք փոխեցին աշխարհը և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր օգնում էին հայերին 1915 թվականի ջարդերի ժամանակ: Գործարար Ռուբեն Վարդանյանի և դերասան Ջորջ Քլունիի զրույցն ուղիղ հեռարձակմամբ դիտում էին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նախագծի երևանյան գրասենյակում: Մեր խնդրանքով հետազոտական խմբի ղեկավար Արարատ Միրզոյանը պատմեց, թե ինչպես է հայտնվել 100 LIVES-ի թիմում և ինչու է հպարտ, որ կապ ունի այդ ամենի հետ:

Ինչպես հայտնվեցի թիմում

Երբ առաջին անգամ ինձ պատմեցին 100 LIVES նախաձեռնության մասին, ներկայացրեցին ծրագրի հիմնական բաղադրիչները, ես շատ էի տպավորվել։ Տպավորվել էի մասշտաբներից, հավակնոտությունից, գաղափարական ընդգրկումից, շեշտադրումներից։ 100 LIVES-ը պատմելու էր Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ցույց տրված օգնության պատմությունները՝ դրանով իսկ որոշ նրբերանգներ փոխելով Ցեղասպանության մեր ընկալման մեջ։ Նախաձեռնությունը ներկայացնելու էր Ցեղասպանությունից հետո վերապրած, աշխարհի տարբեր վայրերում ու տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայերին՝ վերաձևակերպելով հայի կերպարի ընկալումն աշխարհում։ 100 LIVES-ը

36 37

Ապրիլ 2015

հայության ու մարդկության անունից երախտագիտություն էր հայտնելու օտարազգի այն անձանց ու կազմակերպություններին, որոնք հաճախ սեփական կյանքի գնով ջանք չխնայեցին Եղեռնի տարիներին բազմաթիվ հայերի երկրորդ կյանք, երկրորդ հնարավորություն պարգևելու համար։ Ելնելով երախտիքի այս զգացումից՝ նախաձեռնողները սահմանելու էին ամենամյա մի մեծ մրցանակ, որը կխրախուսեր մարդասիրությունը աշխարհի տարբեր անկյուններում։ Այս ճանապարհով ծրագիրը յուրօրինակ կերպով իրար էր կապելու անցյալը, ներկան ու ապագան։ 100 LIVES-ը պետք է համապատասխաներ մեդիա ոլորտի միջազգային արդի չափանիշներին ու միտումներին։ Այն պետք է հասանե-

լի լիներ ամենալայն զանգվածներին ու հատկապես երիտասարդներին՝ մնալով մեդիա-ծրագրի հարթությունում, բայց միաժամանակ հիմնված լինելով գիտական ճշմարտությունների վրա։ Անհրաժեշտ էր գործընկերների՝ հետազոտական ինստիտուտների, արխիվների ու անհատ հետազոտողների հետ միասին մշակել այդ փրկության պատմությունները, ստուգել դրանց պատմական հավաստիությունը, ապահովել դրանք փաստաթղթային հենքով և այլն։ Ես պատմաբան եմ, թեկնածուական ատենախոսությունս նվիրված է եղել Հայոց ցեղասպանության հիմնահարցերին, ասպիրանտուրան սովորել եմ Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտում, մի քանի տարի աշխատել եմ Հայաստանի ազգային արխիվում։ Եվ ես «սիրա-


← Նուբար Աֆեյանը, Ջորջ Քլունին, Ռուբեն Վարդանյանը և Վարդան Գրեգորյանը՝ 100 Lives նախաձեռնության շնորհանդեսի ժամանակ

Neilson Barnard/Getty Images for 100 LIVES

↓ 100 Lives-ի հետազոտական խմբի ղեկավար Արարատ Միրզոյանը

հարվել էի» 100 LIVES-ին առաջին հայացքից։ Այնպես որ, երբ ինձ առաջարկվեց ղեկավարել 100 LIVES-ի հետազոտական թիմը, ես առանձնապես մտածելու բան չունեի։ Սովորաբար, ես զերծ եմ մնում պաթետիկ տեքստերից ու զգացմունքային ձևակերպումներից, բայց այս անգամ թերևս բացառություն անեմ։ Չեմ կարող չասել՝ ես իսկապես հպարտ եմ, որ մասն եմ կազմում 100 LIVES-ի թիմի, որ իմ ներդրումն եմ ունենում մի կողմից հայ ժողովրդի համար կարևոր, մյուս կողմից՝ համաշխարհային նշանակություն ունեցող այս նախաձեռնության իրականացման գործում։

Մեկնարկը

100 LIVES նախաձեռնության պաշտոնական մեկնարկը մարտի 10-ին էր։ Մեկնարկի միջոցառումը տեղի էր ունենալու Նյու Յորքում։ Միջոցառման մասնակիցների թվում աշխարհին հայտնի բազմաթիվ անուններ էին, ինչն արդեն իսկ խոսում էր նախաձեռնության կարևորության և հնչեղության մասին։ Այսպես, նախաձեռնության մի բաղադրիչի՝ մարդասիրության «Ավրորա» մրցանակի (Aurora Prize for Awakening Humanity) մասին ազդարարելու էր հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին, ում Not On Our Watch կազմակերպությունն իր առաքելությամբ շատ մոտ է այն արժեքնե-

հպարտ եմ, որ իմ ներդրումն եմ ունենում հայ ժողովրդի եվ ամբողջ աշխարհի համար կարեվոր այս նախաձեռնության իրականացման գործում րին ու նպատակներին, որն ունի 100 LIVES-ը։ Երևանյան ժամանակով միջոցառումը տեղի էր ունենալու գիշերը։ Ու չնայած աշխատանքային նախորդող օրերն անցել էին խիստ ծանրաբեռնված, և բոլորն իսկապես հանգստի կարիք ունեին, ոչ մեկս չէինք պատրաստվում բաց թողնել միջոցառմանը հետևելու հնարավորությունը, ինչպես չես կարող բաց թողնել երեխայիդ ծնունդը։ Մեր մի քանի ամիսների տքնաջան, ինչ-որ առումով ընդհատակյա աշխատանքը վերջապես ներկայացվելու էր աշխարհին։ Այդ օրերին Երևանում էր հավաքվել 100 LIVES-ի գրեթե ողջ թիմը՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Գերմանիայից։ Որոշեցինք միասին հետևել ուղիղ հեռարձակմանը՝ գրասենյակում։ Զգացմունքային ու հանդիսավո՞ր էր արդյոք պահը։ Միանշանակ՝ այո։ Բայց միաժամանակ՝ բավական լարված ու անհանգիստ։ Ուզում էի,

որ միջոցառումն անթերի ընթանա։ Հիշում եմ՝ անգամ նմանատիպ միջոցառումների համար սովորական մի քանի րոպեանոց ձգձգումը, որի ընթացքում հյուրերը նախասրահից անցնում էին դահլիճ ու զբաղեցնում իրենց տեղերը, ինձ նյարդայնացնում էր։ Հիմա, իհարկե, սա ժպիտով եմ հիշում, ու մեկնարկն իսկապես շատ լավ անցավ։ Նախագծի ազդարարումը մեծ արձագանք գտավ թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս՝ սփյուռքի հայկական համայնքներում և միջազգային հանրության շրջանում առհասարակ։ Բավական է նշել, որ մեկնարկի միջոցառմանը ծավալուն նյութերով անդրադարձան այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են The New York Times-ը, The Economist-ը, The Huffington Post-ը, Boston Globe-ը, CNN-ը, բազմաթիվ խոշոր եվրոպական լրատվամիջոցներ։

Թիմը

Էդգար Բարսեղյան

100 LIVES-ի թիմը նման է մի մեծ հայկական գերդաստանի։ Մի մասն այստեղ են՝ հայրենիքում, մյուսները՝ աշխարհի տարբեր անկյուններում։ Բայց անկախ հեռավորությունից ու ժամային գոտիների տարբերությունից՝ բոլորն անտեսանելի թելերով կապված են միմյանց, միշտ կարող են ակնկալել մյուսների խորհուրդն ու օգնությունը և միշտ պատրաստ են առավելագույնս օգտակար լինել միմյանց։ Նրանք բոլորը վառ անհատականություններ և արհեստավարժ մասնագետներ են, որոնց միավորում են 100 LIVES-ի որդեգրած արժեքները, առաքելությունը, ինչու՞ չէ՝ նախաձեռնության նկատմամբ մեծ սերն ու նվիրումը, ինչպես նաև՝ համատեղ ջանքերով 100 LIVES-ի հաջողությունն ապահովելու ձգտումը։

← 100 Lives-ի թիմը հետևում է ուղիղ հեռարձակմանը Նյու Յորքից

Արարատ Միրզոյան


1915-2015 Վերամշակում

Հիշողության բացիկները Պատմություն այն մասին, թե ինչպես են ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կուտակվող ծաղիկների տոննաները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով երկրորդ կյանք ստանում: 2015-ը, բնականաբար, բացառություն չի լինելու:

Ա

մեն տարի Ծիծեռնակաբերդ բարձրանալիս հավանաբար մտածում ենք՝ ինչ ճակատագրի են արժանանում անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկները հաջորդ օրը: Մինչև 2010-ը դրանք բեռնատարներով տեղափոխվում էին աղբատեղի, հետո՝ այրվում: Մի տեսակ անարդար է, չէ՞: Հարյուր հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից գալիս-հասնում են Հայաստան, իրենց խոնարհումը բերում, ծաղիկները ձեռքում պինդ սեղմած բարձրանում հուշահամալիր, դնում կրակի մոտ ու չեն էլ պատկերացնում, որ դրանք հետո աղբի են վերածվելու և այրվեն: Արդեն 6 տարի ծաղիկները երկրորդ կյանք են ստանում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը

38 39

Ապրիլ 2015

2010-ին որոշեց զբաղվել այդ հարցով: Եվա Մարտիրոսյանն արդեն 9 տարի է՝ աշխատում է հիմնադրամում, ներկայումս փոխտնօրենն է: Հիշում է, թե տարիներ առաջ ինչպես որոշեցին ավանդական ապրիլքսանչորսյան այցերից բացի մեկ այլ այց էլ կատարել Ծիծեռնակաբերդ՝ հատուկ առաքելությամբ: «Այդ օրվա էներգետիկան ուրիշ է, իրար վրա շարված հազարավոր ծաղիկները մեծ խորհուրդ ունեն: Տասնամյակներ շարունակ դրանք այրվում էին, ինչը, մեր կարծիքով, ճիշտ չէր: Որոշեցինք ինչ-որ կերպ օգտագործել այդ ռեսուրսն ու հավերժացնել խոնարհումի եկած մարդկանց՝ ծաղիկների միջոցով բերած ապրումները»: Ամեն տարի ապրիլի 24-ին հաջորդող որևէ օր երիտասարդները հավաքվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հատուկ

ձեռնոցներով սկսում հավաքել տարբեր գույնի ու տեսակի ծաղիկները, այնուհետև դրանք ուղարկում վերամշակման: Ծաղիկների թերթիկներից պատրաստված թղթերով բացիկներ, հավաստագրեր, հրավերներ են տպագրվում օտարերկրյա հյուրերի համար, դրանց մի մասը, արդյունքում հասնում են աշխարհի տարբեր երկրներ: Մնացած ցողուններից հուշահամալիրին հարակից պուրակի համար պարարտանյութ է պատրաստվում: «Առաջին տարին թիմը փոքր էր, աշխատանքի ծավալը դեռ չէինք պատկերացնում, — պատմում է հիմնադրամի փոխտնօրենը, — նույնիսկ ռիսկի գործոն կար՝ կկարողանա՞նք գործը գլուխ բերել, թե՝ ոչ: Բազմաթիվ դպրոցականներ, ուսանողներ ու արտասահմանից հիշատակի օրվան մասնակցելու եկած հյուրեր միացան մեզ: Ամեն ինչ բարեհաջող անցավ»:


Այս տարի ծաղկահավաքն անցկացվում է 6-րդ անգամ: Եվայի խոսքով՝ տասնյակ երիտասարդներ օգնելու ցանկություն են հայտնել միջոցառումից դեռ ամիսներ առաջ: Թղթի պատրաստման գործընթացն աշխատատար է, ոչ մի հատուկ սարքավորում կամ հոսքագիծ չի օգտագործվում: Ամեն ինչ արվում է ձեռքով, որպեսզի պահպանի ու փոխանցի մարդկային ջերմությունն ու նվիրումը: Առաջին քայլով արևի տակ չորացնում են ծաղկաթերթիկները: Այս գործընթացը տևում է մեկ ամիս: Վատ եղանակի դեպքում թերթիկները տեղափոխվում են փակ տարածություն: Ինչպես հավաստիացնում է Եվան՝ համբերատարություն ու մեծ հոգատարություն պահանջող աշխատանք է: Իր խոսքերով, այդ գործում կարևորը ծաղկաթերթիկները ճիշտ ժամանակին հավաքելն է, ինչպես, օրինակ,

չիր պատրաստելու ժամանակ: Թերթիկները պետք է չոր լինեն, բայց միևնույն ժամանակ բավարար խոնավություն ունենան: Երբ թերթիկներն արդեն պատրաստ են, նախապես մանրացրած թղթին տաք ջուր են ավելացնում, լավ խառնում ու նոր ավելացնում գույնզգույն ծաղիկները՝ հուշահամալիր որպես կանոն բերվում են մեխակներ ու վարդեր: Պատրաստի խյուսը ևս երկու շաբաթ պահվում է, անցնում պատրաստման մի քանի փուլ: Վերջնական պատրաստ թուղթ դառնալու համար այն ևս 2 ժամ մնում է արևի տակ, ջերմություն ու էներգիա կլանում: 1 կգ ծաղկաթերթիկներից մոտ 50 էջ է ստացվում: Դրանց մեծ մասը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նվիրում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Երկար մշակում անցնելուց հետո վերջնական արդյունքն անհավատալի է. դժվար է նույնիսկ պատկերացնել՝ ձեռքումդ թու՞ղթ է, ծաղի՞կ, թե՞ ուրիշ մի բան: Ծաղկաթերթի տեսանելի ամեն կտորի մեջ մի մարդու պատմություն է, Ցեղասպանությունը տեսած մեկի ժառանգի անջնջելի հիշողություն: Ծաղիկներից ստացած այս թուղթը, թերևս, միակն է, որի բովանդակությունն առանց թանաքի, տառերի, բառերի ու նախադասությունների էլ հասկանալի և ընթեռնելի է: Բայց այս տարի, Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, հատուկ մանիֆեստ կգրվի, որը կտպագրվի ծաղկաթերթիկներից ծնված թղթերի վրա: Դրանք կուղարկվեն Ցեղասպանությունը չճանաչած 100 երկիր՝ որպես դատապարտման հիշեցում հարյուր տարի առաջ տեղի ունեցածի մասին և հորդոր այն ճանաչելու ու դատապարտելու:

Սուրեն Ստեփանյան Մարիամ Լորեցյան


1915-2015 Այնտեղ

Անսահման հիշատակ 1968-ին Ծիծեռնակաբերդում բացված հուշահամալիրը բնավ առաջին հուշարձանը չէր՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Եվ իհարկե, ոչ վերջինը:

Ե

ղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանը տեղադրվել է դեռ 1919 թվականին՝ ոչ այլուր, քան թուրքական Ստամբուլում (այն ժամանակ դեռ Կոստանդնուպոլսում): Այս զարմանալի փաստը երևի թե անվերադարձ մոռացված լիներ, եթե չլինեին 2013 թվականի անկարգությունները Ստամբուլի կենտրոնում. իշխանությունները ուզում էին վերացնել քաղաքի կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակը և Գեզի զբոսայգին, իսկ քաղաքի բնակիչները չէին ուզում դրանք կորցնել: Ֆիզիկական և ինֆորմացիոն պայքարի ժամանակ բացվեց տարածքի անցյալը՝ 1550-ականներից մինչև 1930-ականներն այնտեղ եղել է հայկական Սուրբ

Հակոբ գերեզմանոցը, որի տարածքում էլ 1919-ին, երբ քաղաքը պաշարված էր Առաջին աշխարհամարտի Թուրքիայի թշնամի Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի զորքերի կողմից: Հուշաքարը, սակայն, կանգուն մնաց ընդամենը երեք տարի: Մի քանի տարի անց վերացվեց նաև գերեզմանոցը: Ստամբուլյան հուշաքարից հետո Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված նոր հուշարձաններ սկսեցին տեղադրվել 1930-ականներին: Մասնավորապես՝ Լիբանանում 1938-ին կառուցվեց մատուռ, 1939-ին՝ հուշասյուն: Այսօր 1915-ի զոհերի հիշատակը հավերժացնող 160-ից ավելի հուշարձան կա աշխարհի 31 երկրներում: Բացի դրանից, տասնյակից ավելի հուշարձաններ տեղադրված են Հայաստանի մարզերում:

↓ Լիոն, Ֆրանսիա

↑ Նախկին հայկական գերեզմանոցում տեղակայված հուշարձանը Պոլսում

← Մոնրեալ, Կանադա

40 41

Ապրիլ 2015

↑ Ռոման-սյուր-Իզեր, Ֆրանսիա


← Ֆիլադելֆիա, ԱՄՆ

↓ Բոստոն, ԱՄՆ

← Բիքֆայա, Լիբանան

↑ Վալենսիա, Իսպանիա

→ Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ

← Բզումմար, Լիբանան

↓ Կալկուտա, Հնդկաստան

↑ Սպահան, Իրան

← Վարնա, Բուլղարիա


1915-2015 Այնտեղ

↖ Սփրինգֆիլդ, ԱՄՆ

↑ Կրակով, Լեհաստան

↑ Մոնտեբելլո, ԱՄՆ

← Բրեմեն, Գերմանիա ← Կանն, Ֆրանսիա

↓ Լարնակա, Կիպրոս

↓ Հալեպ, Սիրիա

Արեգ Դավթյան

42 43

Ապրիլ 2015



ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան

Քաղաքը՝ աշտարակից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի մամուլի քարտուղար Աննա Ավանեսյանը վերհիշում է հեռուստատեսությունում առաջին քայլերի, առանց ինտերնետի ամենօրյա հաղորդում ապահովելու, Երևանի բակային խաղերի ու Ֆրանսիայում հայերին փիառելու մասին:

44 45

Ապրիլ 2015


Ես ապրել և մեծացել եմ այնտեղ, որտեղ և հայրս: Փաստորեն, մեր մանկությունը նույն բակում է եղել: Նույն դպրոցում էլ սովորել ենք: Ու մինչև հիմա մենք միևնույն տանն ենք ապրում: Մեր բակում շատ ընդունված էր իրար տուն գնալը: Ցուրտ տարիներին մարդկային ջերմությունը մեղմում էր ծանր կենցաղը: Իմ մանկության տարիներին «գործագործ» խաղն իր շուրջն էր հավաքում մոտ հիսուն հոգանոց թիմ: Հիմա պլանշետներն ու սմարթֆոններն են ակտուալ: Պապիկիս ամենասիրելի թոռը ես էի: Նա պետպաշտոնյա էր, շատ զբաղված մարդ, բայց միշտ ժամանակ գտնում էր ինձ համար: Ոտքով մեր տնից հասնում էինք «Հաղթանակ» զբոսայգի՝ մարզվելու: Ընթացքում անընդհատ պատմում էր իր հուշերը պատերազմից: Դպրոցական տարիներիս կար մի ֆրանսիական կենտրոն, որտեղ ես նշանակվել էի պատի թերթի պատասխանատուն: Դրանք իմ առաջին քայլերն էին լրագրության ասպարեզում: Դասարանում վառարան ունեինք, բայց միևնույն է՝ ցուրտ էր: Դպրոցի առաջին տարիներին էլ սկսվեց «ցուրտ ու մութը»: Այն շատ կտրուկ փոխեց մեր ընտանիքի կենցաղը: Մոռացվեց այն ամենը, ինչ նախկինում սիրելի ավանդույթ էր, օրինակ՝ հյուրասենյակի դաշնամուրը: Ես հացի հերթի էլ եմ գնացել ու նույնիսկ՝ փայտ հավաքելու: Մեր տան շրջակայքում՝ Լամբադա կամրջի կողքին, ժամանակին կար արհեստական լճակ, որի շուրջ կային ծառեր: Այ հենց դրանց չորացած մասերն էլ հավաքում, վառում էինք, որ չսառչենք: Մի շրջան կար, երբ հայրս աշխատում էր ֆրանսահայ հոգեբանների հետ: Այդ ընթացքում մեր բնակարանը վերածվեց ֆրանսահայերի հավաքատեղիի: Երևանը սիրող սփյուռքահայերի վերաբերմունքն առաջին անգամ նրանց մոտ տեսա: 1994-ին տեղափոխվեցինք Փարիզ, թեև երկար չմնացինք: Այդ տարիներին հստակ զգացի՝ ինչ է նշանակում հայրենիքը սիրել: Թեև մայրս մեզ հետ էր, սակայն ես անչափ կարոտում էի հայկական կերակուրները: Մորս պատրաստած նույն տոլման Ֆրանսիայում բոլորովին այլ համ ուներ: Ես դրան ասում էի «տոլմայի պարոդիա»: Չէի հավանում նույնիսկ այդքան ճանաչված ֆրանսիական հացը, ինձ համար հայկականն ավելի համով էր: Հանրային հեռուստաընկերության հետ իմ բախտը կապեց Էրիկ Անթառանյանը, ով այդ տարիներին «Ռուբիկոնի» աստղն էր: Մի քանի անգամ նրա հետ գնալով նկարահանումների՝ ես մեկընդմիշտ սիրահարվեցի հեռուստատեսությանը: Նոր սերնդի ակտիվ, հավակնոտ հեռուստադեմքերը հավաքվում էին ռադիոտանը Հրաչ Քեշիշյանի մոտ: Ես նույնպես այդ ակումբի անդամ էի: Հրաչն առաջարկեց ինձ սյուժե նկարել: Գաղափար անգամ չունենալով՝ ինչ է սյուժեն, համաձայնեցի: Բայց բախտս բերեց, Հանրայինի խմբագիր Մերի Սանահյանը կանխեց դա: Այսօրվա պես հիշում եմ՝ ինչպես նա Հրաչին ասաց՝ «Դու էս երեխու աչքերը չե՞ս տեսնում, նրա էներգետիկան պետք է ցույց տալ մարդկանց»: Ու այդպես ես սկսեցի վարել իմ առաջին՝ R&B երաժշտական հաղորդումը: Հետո եկավ առավոտյան ծրագիրը: Չորս տարի վաղ առավոտյան ուղիղ եթերում հայերին «Բարի առավոտ» ասելն իմ կյանքի ամենաբերկրալի ժամանակաշրջանն էր: Ամեն առավոտ մի վատ «ՌԱՖ» մեքենա հաղորդման թիմը հավաքում էր քաղաքի տարբեր հատվածներից ու բերում հեռուստատեսություն: Ես պաշտում էի այդ առավոտները, այդ մութ բակերը, արթնացող քաղաքը, դեռ քնած շներին, ժրաջան հավաքարարներին: Մեքենան հաճախ էր փչանում, ու բոլորն իջնում էին հրելու: Բոլորը, բացի ինձնից: Ես ամենաերիտասարդն էի, ինձ խնայում էին: Ճանապարհը դեպի հեռուստատեսություն թե՛ ուղիղ, թե՛ անուղղակի իմաստներով ինձ համար մի ամբողջ կյանք էր, լուսավոր պատմություն: Մի օր անձրև, մի օր ձյուն՝ ապրում ու շնչում էի քաղաքի հետ: «Երևանցի» հասկացությունը ներքին, ներազգային կոնֆլիկտ է առաջացնում: Ղարաբաղցի, գորիսեցի և այլն՝ չէի ուզենա տարբերակել, իրականում երևանցին բնավ էլ վերին արտի ցորեն չի: Նա նույնպես հայ մարդ է ու վերջ: Մարդը մարդ լինի:

Ազգային ինքնագիտակցության հետաքրքիր ֆենոմեն ունենք. մեր մասին խոսելիս ինքներս մեզ օտարում ենք: Ասում ենք՝ «հայերը ուշացող են, հայերը սկզբունքային չեն»: Իրականում դա հոգեբանական շեղում է, աննորմալ երևույթ: Երբ ասում են «հայավարի», հասկանում են նեգատիվ ինչ-որ բան: Եթե փորփրենք ազգային հոգեբանությունը, իհարկե, կգտնենք դրա պատճառները: Առաջ շարժվելու համար այդ երևույթը վերացնել է պետք: Թեև դա փոխելու համար կպահանջվի մեծ թվով անհատների քրտնաջան ջանքեր: Երևանի իմ սիրած վայրերից է Արամ Խաչատրյանի ֆիլհարմոնիայի դահլիճը: Մայրս աշխատում էր Լորիս Ճգնավորյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբում, հիմա արդեն՝ Թոփչյանի ղեկավարության ներքո: Ես հաճախ էի գնում մամայի համերգներին, մենակ նստում դահլիճում ու զմայլվում: Մինչև հիմա էլ համերգի մենակ գնալն ինձ համար ընդունելի է: Ես համերգի եմ գնում երաժշտություն լսելու, ոչ թե կողքինիս հետ զրուցելու կամ ցուցադրվելու: Մութ ու ցուրտ տարիներին Ճգնավորյանի շնորհիվ ֆիլհարմոնիայի դահլիճը եզակի ջեռուցվող շենքերից էր: Մարդիկ գալիս էին ոչ միայն հոգևոր սնունդ ստանալու, այլև տաքանալու: Շատ եմ սիրում «Դալան» ցուցասրահն ու բակի սրճարանը, նաև՝ Կասկադը: Ասեմ ավելին, գիտեմ՝ որն է դրանց հաջողության գաղտնիքը: Բանն այն է, որ իրականում երկուսն էլ անտեր չեն, ու տերերն էլ լավ գիտեն իրենց ունեցածի արժեքը: Պաշտում եմ Երևանի տեսարանը Հանրային հեռուստաընկերության բարձունքից՝ տարվա բոլոր ժամերին ու բոլոր եղանակներին: Այս տարիների ընթացքում ես գրեթե բոլոր հնարավոր տարբերակները տեսել եմ՝ ամպամած, արևային, անձրևոտ, տխուր, գորշ, ծիածանապատ, կանաչ, կապույտ, դեղին... Իսկ երբ քաղաքի վրա մառախուղ է իջնում, քաղաքը ջնջվում է ու թվում է՝ աշխարհում միայն հանրայինն է մնացել: Հիշեցնում է Նոյան տապանն Արարատի վրա: «Մաևտիկա» ընկերությունում աշխատանքի տարիներին առաջին անգամ զգացի Երևանի բիզնես-շունչը: Պետական ծառայողները, բանկային աշխատակիցները, սպիտակ օձիքավորները, դրես-կոդը, լանչի հերթերը, գործնական խոսակցությունները... դա նույնպես իմ Երևանն է: Ամեն անգամ բախվում եմ տհաճ իրավիճակի, երբ արտասահմանցի հյուրերիս հպարտությամբ պատմում եմ՝ քանի դարի պատմություն ունի Երևանը, և նրանք ուզում են տեսնել գոնե մեկ դար առաջվա կառույց: Չկա: Այնքան անփույթ ենք եղել մեր ժառանգության նկատմամբ, որ առերևույթ առաջին շերտում ցույց տալու բան արդեն գրեթե չունենք Երևանում: Ֆիրդուսի հետևի սեփական տների բակերում այնքան թաքնված գեղեցկություն կա, այնքան ջերմ մթնոլորտ: Պարզապես նկատել է պետք: Ամեն բարերար եթե տեր կանգնի հին շենքերից գոնե մեկին, ապա այն կպահպանվի: Մենք անհատական խաղացող ենք, ու առայժմ Երևանի նկարագիրը պահպանում են խելացի ու սրտացավ մի շարք անհատներ: Կռվարար չեմ, հանգիստ եմ, ափերից հազվադեպ եմ դուրս գալիս, գժություններ էլ եմ քիչ անում: Վերջին դեպքը վաղուց էր. ընկերուհուս ու նրա ընկերոջ հետ մի ամառային բարի երեկո զբոսնում էինք Օպերայի շուրջ: Ընկերն ասաց՝ հիմա հանում ենք մեր կոշիկներն ու արագ վազում խոտերի վրայով: Հաճելի էր, հատկապես, որ նոր էր անձրևել: Կուզեի, որ «Երևան» ասելով չհասկանայինք միայն Օպերան, Հրապարակն ու Աբովյան փողոցը: Քաղաքի ծայրամասերում էլ ակտիվանար կյանքը: Շատ խնդիրներ կլուծվեն, եթե ուշադրությունը կենտրոնից ապակենտրոնացվեր: Քաղաքը կսկսեր շնչել: Այս առումով հիանալի գաղափար էր Թումոն Աջափնյակում կառուցելը: Երևանը փոքր քաղաք է, ու դա հստակ երևում է նաև այն ժամանակ, երբ ինչ-որ մեկին անձամբ չես էլ ճանաչում, բայց թվում է՝ ամեն ինչ գիտես նրա մասին: Նրանք բնավ էլ հայտնի մարդիկ չեն, աստղեր կամ քաղաքական գործիչներ: Օրինակ՝ ինչ-որ խանութի վաճառողուհի կամ մեկը, ում անընդհատ հանդիպում ես քո սիրած սրճարանում... այսպիսի մարդկային հարաբերությունները քաղաքին անփոխարինելի համուհոտ են տալիս:

Էլեն Բաբալյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայրենադարձություն

Զրոյից նոր կյանք

2011 թվականի մարտի 15-ին սկսվեց սիրիական պատերազմը: Հակամարտությունը մինչ օրս չի դադարել, իսկ մարդիկ շարունակում են թողնել ամեն ինչ ու հեռանալ իրենց տներից՝ միայն թե փրկվեն: Այս չորս տարիների ընթացքում բազմաթիվ սիրիահայեր իրենց փրկությունը գտան Հայաստանում: «Երևանը» զրուցել է մեր կողքին բնակվող սիրիահայերի հետ պատերազմից փախչելու, զրոյից նոր կյանք սկսելու, առօրյա դժվարությունների և հեռանկարների մասին:

Անի Արթինյան-Գաֆաֆյան, ուլունքագործ

Երկու տարի առաջ օգոստոսի 1-ին երեք որդիներիս հետ Երևան եկա, որ նրանք պատերազմի չմասնակցեն: Մի քանի օր անց պիտի Հալեպ վերադառնայի, բայց ամուսինս ասաց, որ մնամ, որովհետև մեր տան առջև արդեն տանկ էր կանգնած, ու վիճակը շատ լարված էր: Ամուսինս էլ Հայաստան եկավ: Անցյալ տարի տասը օրով ինձ հաջողվեց Հալեպ վերադառնալ, երանի գնացած չլինեի: Մեր թաղամասերը լրիվ այլ էին՝ տները, դպրոցները, օգնության խաչի թաղամասը քանդված, ավերակ դարձած: Հետադարձ ճանապարհը ծանր էր՝ մի քանի անգամ գիտակցությունս կորցրեցի: Թվում էր, թե զավակներիս այդպես էլ չեմ հասնի: Ուրախ եմ, որ Հայաստան եկանք, օտար տեղ չէ, բայց կյանքն այստեղ մեզ համար դժվար է: Լրիվ զրոյով եկանք: Հալեպում

46 47

Ապրիլ 2015

տուն, խանութ ունեինք, ես ձեռագործ աշխատանքներ էի անում, դասավանդում էի, աշակերտներ ունեի, պատվերներ էի ընդունում: Հիմա վարձով տանն ենք ապրում, փորձում ենք հիմնական աշխատանք գտնել: Չեմ ուզում այլևս հետ վերադառնալ, երբ տեսա ավերվածությունները, հասկացա՝ հիմա ամեն ինչ այլ է, չեմ ուզում, որ որդիներս պատերազմի մասնակցեն: Հալեպում կյանքն ավելի հեշտ էր, այստեղ ամեն ինչ թանկ է, բայց կարևորը, որ ազատ ու ապահով ենք: Մեր թաղային ոստիկանը, թաղապետը երբեմն հանդիպում են մեզ, փորձում են օգնել: Շատ ծանոթներ, հարազատներ կորցրեցինք այս պատերազմի արդյունքում: Այսօր ուրախ եմ, որ ողջ ենք, իսկ մնացածը արդեն ինքներս կիրականացնենք:


Գայձակ Ջաբաղջուրյան, խոհարար

2012 թվականին որոշեցի առաջին անգամ հայրենիք գալ ու այստեղ անցկացնել ամառային արձակուրդներս: 15 օրով եկա ու մնացի: Պատերազմական իրավիճակը այնքան խորացավ, որ վերադառնալն անհնար էր: Մոտ երկու շաբաթ անց ընտանիքս՝ ծնողներս ու քույրս ևս Երևան եկան: Հորս հետ որոշեցինք, որ պիտի աշխատանք գտնենք: Մի քանի բան փորձելուց հետո Խորենացու վրա բացեցինք մեր սրճարանը՝ լահմաջո, պիցաներ և այլ համեղ ուտեստներ էինք մատուցում: Տարածքը փոքր էր ու տեղափոխվեցինք արդեն Հանրապետության հրապարակի մետրոյի հարևանությամբ գտնվող տարածք: Ընդլայնեցինք նաև սրճարանում մատուցվող ուտեստների ցանկը: Այնտեղ հայրս իր սրճարանն ուներ, ես էլ իմը: Մի տարի էր, ինչ իմ գործն էի բացել, վերանորոգել էի սրճարանս ու սկսել աշխատել: Դրանից առաջ մեկ տարի Ֆրանսիայում՝ Վալանսում խոհարարություն եմ սովորել: Բայց պատերազմը սկսվեց, և ամեն ինչ կանգ առավ:

Սկզբում ամենադժվարն այն էր, որ ֆիզիկապես Երևանում գտնվելով հոգեպես այնտեղ էինք, մեր տանը, հարազատների, ընկերների հետ: Բայց կյանքն առաջ էր գնում, պիտի հարմարվեինք: Ամենակարևորը՝ ապահովության մեջ ենք: Մյուս կողմից՝ հանգիստ նստել էլ չի ստացվում, որովհետև ամեն օր վատ լուրեր ենք լսում Սիրիայից: Այստեղ գալուց ուղիղ երկու շաբաթ անց զգացի, որ Երևանում շատ յուրօրինակ մի բան կա՝ հայրենի հողիդ վրա ես, ամեն ինչ հարազատ է քեզ, այստեղի հացն ու ջուրն ես խմում ու երջանիկ ես: Նման զգացում դեռևս չէի ունեցել: Երեք ամիս առաջ հայրս մահացավ: Անհանգստությունն ու լարվածությունը սրեցին սրտի խնդիրները: Նրանց սերնդի համար ավելի դժվար է՝ մեկ օրում կորցրեցին 60 տարվա աշխատանքը, տունը, տեղը: Երբեք չէր ցանկանա թողնել ամեն ինչ ու հեռանալ, բայց այնտեղ մնալը բախտի հետ խաղ անելու նման էր՝ կամ կապրես, կամ կմահանաս:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայրենադարձություն

Բարույր Մազլումյան, արագ սննդի վաճառակետի ղեկավար

2012 թվականի հուլիսի 27-ն էր: Մեր տնից 3-4 կմ հեռավորության վրա մեծ պայթյուն եղավ: Հալեպում ավելի հանգիստ վիճակ էր, դրա համար էլ անսպասելի էր: Դրանից մոտ երկու ամիս առաջ ես Հայաստանում էի: Ճանապարհին՝ Թուրքիայի սահմանին, վիճակը այնքան լարված էր, որ ամեն վայրկյան սպասում էինք՝ մեզ կսպանեն: Այդ ժամանակ արդեն որոշել էի՝ ընտանիքիս հետ պիտի Հայաստան գանք: Միայն սպասում էինք, որ երեխաների քննությունները վերջանան: Բայց հուլիսյան այդ պայթյունից հետո հասկացա՝ սպասելը անիմաստ է: Ընտանիքս արդեն օդանավով եկավ: 9 տարեկան աղջիկս մինչև այսօր վերելակ չի նստում, նույնիսկ զուգարան գնալուց է վախենում: Օգոստոսի 8-ին Երևանում էինք: Առաջինը, ինչի մասին սկսեցի մտածել, աշխատանք գտնելն էր: Շատ բան փորձեցի, հետո որոշեցինք աշխատեցնել Մաշտոցի վրա գտնվող արագ սննդի վաճառակետը: Զոքանչս շատ լավ խոհարար է, կինս էլ օգնում է ինձ այստեղ:

48 49

Ապրիլ 2015

Չհանձնվելու զգացումը մարդու միջից է. մասնագիտությամբ ոսկերիչ եմ, 20 տարի աշխատեցի, ձեռքերս վնասվեցին ու վաճառականությամբ սկսեցի զբաղվել: Տուն, խանութ, մեքենա, բիզնես՝ Հալեպում ինձ էին վարձ տալիս, այստեղ՝ ես: Մենք ամեն ինչ անում էինք, որ երեխաները հայկական մթնոլորտում մեծանան. հայկական ակումբներ, եկեղեցի, այդ ամենի շնորհիվ չէինք կտրվում մեր ակունքներից: Մոտ երկու տարի է արդեն Երևանում ենք, շատ հաճախորդներ, ծանոթներ ունենք: Կինս մինչև այսօր ասում է ինձ, որ Երևանը վարդագույն եմ տեսնում: Շատ ծանոթներ ունեմ, որ ասում են՝ Երևանում ապրելը դժվար է, բայց ես էլ պատասխանում եմ՝ իսկ որտե՞ղ է հեշտ: Փորձում եմ ամեն ինչին թեթև նայել: Հիմա առաջնայինն այն է, որ կյանքի ու մահվան խնդիր չկա: Ես միշտ էլ երազել եմ Հայաստան գալու, այստեղ ապրելու մասին: 1983 թվականին՝ 12 տարեկանում Հայաստանում եմ եղել, վերադարձա ու մորս ասացի, որ սիրահարվել եմ հայրենիքիս: Ուզում եմ, որ բոլորն էլ կարողանան մի օր Հայաստան վերադառնալ, միայն թե պատճառը թող պատերազմը չլինի:


Միքայէլ Կարապետ, ոսկերիչ

2011 թվականի հոկտեմբերին կնոջս ու երեք անչափահաս երեխաներիս հետ Հայաստան տեղափոխվեցինք: Հալեպից Թուրքիա, այնտեղից Վրաստան ու հետո նոր Հայաստան՝ 37-ժամանոց ճամփորդությունից հետո հասանք Երևան: Այդ ժամանակ Հալեպում իրավիճակը դեռ այդքան սրված չէր: Բայց ես կանխատեսում էի դեպքերի նման զարգացումը: Կնոջս ասացի, որ պետք է Հայաստան մեկնենք, փորձենք նոր կյանք սկսել, իսկ եթե չստացվի՝ վերադառնանք: Մեր՝ Հայաստան ժամանելուց քիչ ժամանակ անց Հալեպը ևս թիրախ դարձավ: Երևանում մոտ տասն օր մեր ծանոթների մոտ ապրեցինք: Այդ ընթացքում հյուրեր ունեցանք, որոնցից մեկը ինձ պատմեց, թե կարող ենք միգրացիոն պետության տարածքային նախարարության կենտրոն դիմել: Դիմում ներկայացրեցինք, որ ծանր իրավիճակում ենք հայտնվել: Մինչ պատասխանի էինք սպասում, տասնյակ բաներ փորձեցինք, վերջում որոշեցինք՝ ոչինչ չի ստացվում, կվաճառենք մեր ամուսնության մատանիներն ու կվերադառնանք Հալեպ: Հենց այդ ժամանակ կնոջս զանգահարեցին

ու ասացին, որ մեզ ապաստան են տալու: Մեզ ամեն ինչով ապահովեցին, լուծեցին երեխաներիս դպրոցի, իրավաբանական հարցերը: Երեք ամիս անց տարածքային նախարարությունից շնորհավորական նամակ ստացանք՝ մեզ փախստական էին ճանաչել: Հետո էլ նախարարությունը գրանցեց մեզ որպես Հայաստան եկած առաջին սիրիահայ ընտանիք: Մի օր ծանոթներիցս մեկին տեսա, ով Հալեպում իմ աշխատավորն էր: Նա օգնեց ինձ, որ սկսեմ աշխատել Մալաթիայի ոսկու շուկայում: Իմացա, որ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը նոր ծրագիր է մշակել ու բիզնես վարկեր է տրամադրում սիրիահայերին: Դասընթացներին մասնակցելուց հետո հանձնաժողովի անդամները որոշեցին տրամադրել ինձ բիզնես վարկ: Այսպիսով՝ արդեն մեկ տարի է աշխատում եմ սեփական արվեստանոցում: Դժվարությունն այն է, որ սպառման խնդիր կա, հայաստանյան շուկան փոքր է: Բայց կարևորն այն է, որ արդեն Հայաստանի քաղաքացիություն ենք ստացել, ու այսօր որդուս երազանքն է ծառայել հայոց բանակում ու պաշտպանել հայրենիքը:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


Քաղաք Գրողը տանի

«ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով բանաստեղծ, արձակագիր Արփի Ոսկանյանը գրել է էսսե Երևան քաղաքի մասին:

Արփի Ոսկանյան Արփի Ոսկանյանը ծնվել է 1978 թվականին, Ստեփանավանում։ Մամուլում սկսել է տպագրվել 1990-ից։ 1995-ից տպագրվել է Հայաստանում լույս տեսնող բոլոր հեղինակավոր գրական պարբերականներում։ Արփիի բանաստեղծություններն ու արձակ ստեղծագործությունները կարելի է կարդալ նաև «Ծիկ» (2011), «Անտերուդուս» (2010), «Մարադոնան և Ռոնալդինյոն» (2011) գրքերում, ինչպես նաև իր և Համբարձում Համբարձումյանի հիմնած «Գրողուցավ» գրական կայքում (groghucav.am): Արժանացել է մի շարք գրական մրցանակների:

Երևանի սերը ու դասերը Ես ծնվել ու մեծացել եմ Ստեփանավանում։ Մեր տանը մորս անհանգիստ երազանքի տեսքով ապրում էր Երևանը, և այդ երազանքի մեջ նա հայտնի բանաստեղծուհի էր։ Մայրս ամուսնացել էր իր ուսանողական ընկերոջ հետ և Երևանից տեղափոխվել Կուրթան գյուղ՝ մի պայմանով, որ օրերից մի օր անպայման կտեղափոխվեն Երևան։ Բայց հայրս Երևանը չէր սիրում։ Միգուցե մորս սերն այնքան մեծ էր, որ հայրս խանդում էր Երևանին։ Նա հավանաբար հավատում էր, որ մորս իր երազանքից բաժանում է գյուղից մայրաքաղաք ընկած ճանապարհը, և վախենում էր, որ բարձունքները կխլեն մորս իրենից։ Հայրս կատարեց իր խոստումը մասնակի և Երևանի փոխարեն ընտանիքը գյուղից տեղափոխեց Ստեփանավան։ Երբ մայրս դժգոհում էր, որ հայրս խաբեց իրեն ու չկատարեց պայմանը, հայրս ասում էր. «Ի՞նչ պակաս քաղաք է Ստեփանավանը»։ Մայրս լռում, նրա փոխարեն աղմկում էին զավակները։ Մորս Երևանը խռովել էր բոլորիս երազները։ Բոլորս ձգտում էինք դեպի Երևան։ Ես բողոքի ցույցեր էի անում, դասադուլներ ու հացադուլներ, տան պատերին փակցնում էի պաստառներ, որոնց վրա գրված էր. «Ուզում եմ գնալ Երևան»։ Հետո ընտանիքս արտագաղթեց Հայաստանից, և շուտով արդեն Մոսկվայի մեր վարձով բնակարանում էի պատերին պաստառներ փակցնում «Երևան» գրությամբ։ Երևանն ինձ ներկայանում էր որպես մի վայր, որտեղ հնարավոր է ազատությունը։ Երբ ես եկա Երևան՝ մենակ ապրելու և իրականություն դարձնելու երազանքներս, տասնյոթ տարեկան էի։ Անցյալ դարավերջի իննսունականներին նման բան Հայաստանում հաճախ չէր պատահում, և բարեկամների ու հարևանների վերաբերմունքը միանշանակ էր՝ զարմացած, ահաբեկված, դատապարտող։ Հարևաններս սկզբում փորձեցին հասկանալ, թե ինչ պտուղ եմ ու, նախադեպ չգտնելով իրենց իրականության մեջ, ինձ կնքեցին այդ ժամանակ հեռար-

50 51

Ապրիլ 2015

ձակվող բրազիլական սերիալի հերոսուհու անունով՝ Ասոսենա։ Երևանն ինձ տրվեց հեշտությամբ, կամավոր և սիրով։ Չկար մի տեղ, ուր ես գնայի, ու դռները իմ առջև չբացվեին, ինչպես տանտիրոջ առջև։ Ինձ տանում էին խմբագրությունից խմբագրություն, իմ պատմվածքների ու բանաստեղծությունների մասին հիացական խոսքեր էին ասում ազդեցիկ գրողները, ինձ հրավիրում էին ռադիո ու հեռուստատեսություն։ Ես հայտնվել էի մորս երազանքի մեջ՝ գլխավոր դերում, և դրանից ինձ մի քիչ վատ էի զգում։ Ես իմ երազանքը ունեի, և դա ռեժիսոր դառնալն էր։ Հեշտությամբ, առանց ջանքի ընդունվեցի թատերական ինստիտուտ՝ այն ժամանակ հանրապետությունում ամենաանմատչելի համարվող բուհը, որի անմատչելիությունը ուղիղ համեմատական էր իր ուսանողուհների մատչելիության համբավին։ Երևի հենց այդ համբավից խրտնած՝ թատերական ինստիտուտն իր շենքից վռնդել էր թեթևության ու ազատության՝ արվեստի ոգին։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին դասախոսները փորձում ծաղրի առարկա դարձնել իմ ինքնատիպ գլխարկներն ու զարդերը՝ իբր առանց հետին մտքի դրանք շփոթելով բեմական ռեկվիզիտի հետ։ Մի օր դասախոսս ասաց. «Հայ կինը պիտի արթնանա առավոտյան ժամը վեցին, որպեսզի հասցնի մինչև ժամը ութը տուն մաքրել, ճաշ եփել և նոր միայն գնա աշխատանքի»։ Դա իմ լսած վերջին դասախոսությունն էր թատերական ինստիտուտում։ Հետո եղավ Գեղարվեստի ակադեմիան, որի շենքից նույնպես վտարված էին արվեստն ու ազատությունը։ Իմ իրական ինստիտուտը Գրողների միությունն էր, որտեղ հավաքվում էին լավագույն գրողները, ՆՓԱԿ-ը, որտեղ քննարկվում էր ժամանակակից արվեստի ընթացքը, ռոքակումբները, որտեղ նվագում ու երգում էին ամենահետաքրքիր ջահելները։ Կար երկու Երևան. մեկը գրողների ու նկարիչների Երևանն էր, մյուսը՝ տանկնիկների, և այս

երկու Երևանը սառը պատերազմի մեջ էին։ Իմ աչքի առջև գրողների ու նկարիչների Երևանը անընդհատ պարտություն էր կրում, տարածքային ու մարդկային կորուստներ ունենում, իսկ տանկնիկների Երևանը ընդարձակում էր իր սահմանները։ Տանկնիկների Երևանի աշխարհազորը հարևաններս էին։ Իմ տան տակի բնակարանում միջին տարիքի երկու քույր էին ապրում, որոնք ինձ հենց սկզբից չսիրեցին։ Ամեն անգամ, երբ տան դուռը բացում էի, որ դուրս գամ կամ երբ դրսից վերադառնալիս էի լինում, քույրերից մեկնումեկը դուրս էր թռչում տնից, կտրում դեմս ու ինչ-որ բողոք ներկայացնում՝ մեկ տպագրական մեքենայիդ ձայնն է մեզ խանգարում, մեկ՝ ինչքա՞ն կարանք քո կիթառը լսենք, մեկ՝ հյուրերդ բարձր են ծիծաղում, մեկ՝ կտկտացնում ես, մեկ՝ ջուր ա չռռում, մեկ՝ ամբողջ գիշեր ինչի՞ էիր քայլում ու այդպես շարունակ։ Դաստիարակությունս թույլ չէր տալիս «պատասխաններ տալ» ինձնից տարիքով մեծ մարդկանց, ես նրանց հետ միշտ բարեկիրթ էի, դիմում էի դուք-ով, փորձում էի մեղմել նրանց զայրույթը, դիվանագիտական հարաբերությունները բարելավելու նպատակով նրանց թխած թխվածքներն էի գնում, միշտ հարցնում էի ոնցությունը, ու լսելով, որ իրենց բոլոր հիվանդությունների ու դժբախտությունների պատճառն եմ, մեղավոր ու ինքնախարազանաբար տարուբերում էի գլուխս՝ որոշելով, որ այդ մարդկանց այլևս տհաճություն չպատճառեմ։ Ես դադարեցի կիթառ նվագել, հյուրեր ընդունել, հրաժարվեցի կրունկներով կոշիկներից, ու բանը հասել էր նրան, որ տանը արդեն ոտնաթաթերի վրա էի քայլում, գիշերն էլ վախենում էի անկողնուց դուրս գալ... Բայց որքան էլ զարմանալի էր՝ բողոքները չէին դադարում, նույնիսկ ավելանում էին։ Քույրերը չէին կարողանում սանձել իրենց երևակայությունը, և նրանց ականջին իմ տնից հա կյանքի ձայներ էին լսվում, թեպետ ես համարյա դադարել էի ապրել... Հետո բակում մի շուն հայտնվեց Միկի անունով։


Հարևաններիս պատմությունը նույնությամբ կրկնվեց։ Սկզբում հետը լեզու գտնելու համար սկսեցի կերակրել, բայց չազդեց. Միկին բակի բնակիչների ներկայացուցիչն էր և քաղքենիական բարքերի անկաշառ պաշտպանը, նա տանել չէր կարողանում արվեստի մարդկանց՝ ոչ ինձ, ոչ իմ հյուրերին։ Տուն գալիս քարերով էի գալիս, քարերը դնում էի դռան մոտ, դուրս գալիս վերցնում, ահը սրտումս հաղթահարում Միկիի մաքսակետը։ Տանկնիկների Երևանի ներկայացուցիչները ասես մի ներքին զգայարան ունեին, որով զգում էին իրենց համար կործանարար ազատության ու արվեստի հոտը։ Գիշերը չէի քնել, պատմվածք էի գրել։ Չէի աղմկել, սենյակում չէի քայլել, նստել էի գրասեղանի մոտ ու թղթի վրա անձայն շարժել գրիչը։ Բայց գիտեի, որ առավոտյան թակելու են դուռս ու չսխալվեցի։ Քույրերից մեկն ինձ հրավիրեց իրենց տուն՝ «զմայլվելու» իմ ջրահեռացման խողովակով, որ հազիվ նշմարելի խոնավացել էր։ Խողովակների խցանումը բազմաբնակարան շենքերում հաճախ պատահող բան է։ Ես շնորհակալություն հայտնեցի տեղյակ պահելու համար, խոստացա, որ անմիջապես կզբաղվեմ հարցով և պատրաստվում էի դուրս գալ, բայց քույրերը ինձ բաց չէին թողնում, հազիվ ծանրակշիռ առիթ էր պարպելու վրաս իրենց հոգում կուտակված չարությունը։ Եվ հանկարծ իմ մեջ սկսեց խոսել ուրիշ ինչ-որ մեկը, որը ինքնավստահ ու հանգիստ տեղն էր դնում իմ կյանքը դժոխքի վերածած քույրերին։ Նրանք զարմացած նայում էին ինձ, ու ես էլ պակաս զարմացած չէի։ «Հիմա քեզ կապտակեմ», — ասաց քույրերից մեկը դողացող ձայնով՝ իրերի նախկին դրությունը վերականգնելու անհաջող փորձ անելով։ «Փորձիր, — ասացի հանգիստ, — բայց իմացիր, որ պատասխան ես ստանալու»։ Իմ գնալուց հետո քույրերի տնից սպառնալիքներով համեմված ոռնոցներ էին լսվում։ Նույն օրը, երբ վերադառնում էի տուն, ձեռքիս Միկիի համար պահված քարեր չկա-

յին, իսկ քույրերից մեկը, որ կանգնած էր բակում հարևան կնիկների հետ, հարգալից կերպով բարևեց ինձ՝ ոչ միայն չսպասելով իմ բարևին, այլև անվանս պոչից սիրալիր «ջան» կպցնելով։ Բակի տանկնիկները, որ սովորաբար կամ չէին պատասխանում բարևիս, կամ մի թեթև գլխով էին անում ի պատասխան, հատուկ հարգանքով և միաբերան բարևեցին ինձ, ինչպես աշակերտները՝ ուսուցչին։ Երևանի՝ ինձ տված ամենակարևոր դասը սա էր։ Սակայն այդ դասը հակասում էր ծնողներիս՝ ինձ տված դաստիարակությանը։ Երևանի տված բոլոր դասերն էին այդպիսին։ Դրանք գոյատևման դասեր էին, բայց ոչ երջանիկ լինելու։ Երևանը պատկերանում էր ինձ որպես տարիքով ու խանդոտ մի տղամարդ, որն անհուսորեն սիրում էր ինձ և միաժամանակ ձգտում ստորացնել ու ջնջել՝ հավերժորեն ինձ իրեն կապելու համար։ Պատահում է՝ սիրում ես, որովհետև ատում ես։ Երևանը պահում էր ինձ իր հանդեպ աճեցրած իմ ատելությամբ։ Իմ սերը ատելության տեսքով էր։ Այդ ատելությունն էլ ինձ մի օր հանեց հրապարակ ու փողոց։ Ես գնում էի հանրահավաքների, երթերի, բողոքի ակցիաների ոչ թե ընդդեմ իշխանությունների, այլ ընդդեմ քաղքենիական պատկերացումների այն համակարգի, որի մեջ գործող իշխանությունը մի փոքրիկ դետալ էր միայն։ Ես եկել էի Երևան փոքրիկ, գավառական քաղաքից, և տասնութ տարի պահանջվեց, որպեսզի հասկանամ, որ մայրաքաղաքում բարքերն ավելի ազատ չեն, ու մարդիկ՝ ավելի ազատամիտ։ Հակառակը։ Տասնութ տարի անց զգացի, որ ես ու Երևանը այլևս իրար տալու ոչինչ չունենք։ Ես կարող էի շարունակել ապրել Երևանում, ինչպես մարդիկ շարունակում են ապրել միմյանց հետ՝ վաղուց սպառած լինելով կիրքը, սովորության համաձայն։ Բայց կյանքը կարճ է այդպես ապրելու համար։ Հայաստանում այլ քաղաքներ կան, և միայն Երևանի հանդեպ մեր կույր սերն է խանգարում տեսնել, որ դրանք «պակաս» քաղաքներ չեն։

Արփի Ոսկանյան


Քաղաք Կադրերի բաժին

Արևմտահայ որբերը Երևանում, 1916 թ.

→ Ապաստարանի երեխաները, 1916 թ.

1915 թվականի ողբերգական իրադարձություններից հետո արևմտահայերի մի մասը ապաստան գտավ Արևելյան Հայաստանում: Գաղթականների առաջին հանգրվանը դարձավ Մայր Աթոռ Սբ Էջմիածինը: Այդտեղից նրանց տեղափոխում էին Երևան, Ալեքսանդրապոլ, Դիլիջան և այլն: Երևանը հայ գաղթականներին տեղավորելու կարևոր կենտրոն դարձավ, թեև Առաջին աշխարհամարտի տարիներին քաղաքը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր վիճակում: 20-րդ դարի սկզբին քաղաքում կար ընդամենը մեկ հիվանդանոց և երեք դեղատուն, որտեղ աշխատում էր 13 մանկաբարձուհի, 19 բժիշկ, 13 բուժակ, ինչպես նաև 14 այլ աշխատողներ: Գաղթականների առաջին խումբը Երևան հասավ 1915 թվականի հուլիսի 26-ին: Հիմնականում Ալաշկերտի և Բայազետի նախկին բնակիչներն էին: Ինչպես այս, այնպես էլ մյուս խմբերի մեջ մեծ էր որբ մնացած երեխաների թիվը, որոնց փրկության և խնամքի գործը հրատապ խնդիր դարձավ: Դեռևս 1915 թվականի մայիսին Երևանի «Եղբայրական օգնություն» կոմիտեի կողմից ընտրվեց 14 հոգուց բաղկացած որբախնամ վարչություն՝ բժիշկ Արամ Տեր-Գրիգորյանի նախագահությամբ: Կոմիտեն կազմավորվել էր Երևանի բնակչության նախաձեռնությամբ ու մասնակցությամբ: Մարդասիրական օգնության շնորհիվ սովից ու հիվանդություններից փրկվեցին տասնյակ հազարավոր արևմտահայ երեխաներ:

←Երևանի Համար 2 ապաստարանի երեխաների խմբանկարը 1916 թ.

Երևանի պատմության թանգարան

52

Ապրիլ 2015




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.