451 աստիճան ըստ Ֆարենհայթի Ֆարենհայթի 451 աստիճանում թուղթը բռնկվում է ու այրվում։ «Եթե քեզ տողատած թուղթ տան, գրիր հակառակ ուղղությամբ»։ ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ԽԻՄԵՆԵՍ
Առաջին մաս — ԱՅՐԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔԸ Մի ուրիշ, առանձնահատուկ հաճույք էր տեսնել, թե ինչպես է կրակը լափում իրերը, ինչպես են դրանք սեւանում ու ձեւափոխվում։ Փողրակի պղնձե ծայրը սեղմված է բռունցքի մեջ, վիթխարի պիթոնի երախից դուրս է ժայթքում նավթի թունավոր շիթը, արյունը խուժում է քունքերը։ Ձեռքերը թվում են կրակի եւ ավերումի սիմֆոնիա արարող զարմանահրաշ դիրիժորի ձեռքեր, որ մոխրի են վերածում պատմության պատառոտված, ածխացած էջերը։ 451 թվակիր խորհրդանշական սաղավարտն իջեցված է աչքերին, որոնք տենդագին սպասումից նարնջագույն փայլ են արձակում։ Նա սեղմում է բռնկիչը, եւ կրակն ագահորեն կլանում է տունը՝ իրիկնային երկինքը ներկելով կարմրադեղնասեւավուն երանգներով։ Նա քայլում է հրակարմիր կայծոռիկների թվացյալ պարսի միջով եւ, շատ է ուզում կրկնել իր մանկական հրապուրանքը՝ բոցի մեջ մտցնել սառնաշաքարով փայտիկը, մինչդեռ գրքերը, աղավնիների նման թափահարելով էջաթեւերը, մեռնում են սանդղամուտին եւ տան դիմաց փռված փոքրիկ մարգագետնում։ Գրքերը թռչում են բոցեղեն մրրիկի մեջ, եւ ծխախառն քամին քշում տանում է նրանց։ Դաժան ժպիտը սառեց Մոնթագի դեմքին։ Այդպիսի ժպիտ հայտնվում է մարդու շուրթերին, երբ անակնկալ դաղում է կրակը, եւ նա կտրուկ ետ է ցատկում նրա բարկ հպումից։ Մոնթագը գիտեր, որ հրակայան վերադառնալով, ինքը՝ կրակի քուրմը, նայելով հայելու մեջ, մտերմաբար աչքով կանի իր խանձված, մրոտ կերպարանքին։ Ավելի ուշ, արդեն անկողին մտնելով, խավարի մեջ նա դեռ երկար պիտի շրթունքներին զգար սառած ջղաձիգ ժպիտը։ Որքան հիշում է, այդ ժպիտը երբեք չի անհետացել իր դեմքից։ Նա փայլեցրեց սեւ սաղավարտը, կախեց հրակայուն բաճկոնի հետ, հաճույքով լվացվեց ցնցուղի ուժեղ շիթի տակ, ապա ձեռքերը գրպանները խոթած, սուլելով կտրեց անցավ հրակայանի գրասենյակի վերնահարթակն ու ցած սահեց բաց անցքից։ Վերջին պահին, երբ զգաց, որ աղետն անխուսափելի է՝ ձեռքերը գրպաններից հանեց, բրոնզե ձողից բռնեց եւ ներքնահարկի ցեմենտե հատակին կրունկները դիպչելուց մի վայրկյան առաջ ճռինչով արգելակեց։ Կեսգիշեր էր։ Հրակայանից ամայի փողոց դուրս գալով՝ նա քայլեց մետրոյի ուղղությամբ։ Օդամուղ գնացքը անաղմուկ սահեց ստորգետնյա թունելի՝ հիանալի