Էդգար Կոստանդյան
ԿՈՒԿՈՒ վեպ
ՍԿԶԲՈՒՄ… Ինչ-որ ուժգին ձայն լսվեց, ու տան լույսերը հանգան: Պատերից բռնվելով ու բջջայինի էկրանի լույսով ճանապարհս լուսավորելով` քայլեցի դեպի պատշգամբ. ամբողջ պողոտան հոսանքազրկված էր: Էս գրողի տարած համակարգչի մեջ չէի պահպանել արածս աշխատանքը. վեպիս վերջաբանն ամբողջությամբ կորավ` հինգ էջից մի քիչ պակաս: Եթե առավոտյան գործն ամբողջությամբ չհանձնեմ հրատարակչին, լուրջ խնդիրներ կունենամ, գուցե անգամ դադարեցնեն համագործակցությունը: Բանն այն է, որ արդեն մի ամիս գործն ուշացրել եմ (ընթացքում պարզ կդառնա` ինչու), ու հրատարակչության ղեկավարն իմ առաջ վերջնաժամկետ է դրել, դրա լրանալուն էլ տասներկու ժամից պակաս ժամանակ է մնացել: Հիմա էլ էս անտեր հոսանքի պատմությունը: Ուրիշ տարբերակ չկա, պիտի մոմի լույսի տակ գրեմ, թղթի վրա: Բայց դա անելու համար առնվազն երկու բան է հարկավոր` մոմի լույս ու թուղթ: Տանն ամենամոտ գտնվող սուպերմարկետ հասնելը ենթադրում է առնվազն տասնհինգ րոպեի ճանապարհ, էս սարսափելի անձրևի պարագայում, համաձայնեք, այնքան էլ հաճելի հեռանկար չէ: Բանկային քարտիս հաշվին ընդամենը տասը հազար է մնացել, դրանով ամենաքիչը երկու օր պիտի ապրեմ: Կնշանակի` տաքսի նստելն ինձ համար անթույլատրելի շքեղություն է: Խանութ գնալու ճանապարհին` հենց առաջին խաչմերուկում, վթարի հանդիպեցի: Լուսացույցերի չաշխատելու պատճառով մեր շենքի դիմաց Տոյոտայով գեղեցկուհին բախվել էր ֆիդայու բեղերով պապիկի Վոլգային ու խնդրում էր ԱՊՊԱ չկանչել: Թաղի պարապներն էլ կանգնել էին մի կողմի վրա ու էս աղջկան էին քննարկում: «Հլը սրա յուբկին նայի, ախպեր,- ասաց սրանցից մեկը,- ասա` իմաստը ո՞րն ա, որ հագել ես», էն մյուսն էլ, թե` «աչքիս էսի յուբկի տակից տռուսիկ էլ չի հագել»… Ոտքից գլուխ թրջված հասա սուպերմարկետ: Բանկոմատից հանեցի տասհազարանոցս և քայլեցի թուղթ ու մոմ որոնելու: Հացի բաժնում մի սիրունատես, կլորիկ աղջիկ էր կանգնած: -
Կներեք,- մոտեցա,- թուղթ որտեղի՞ց կարող եմ գտնել:
-
Հետևեք ինձ:
Աղջիկն իր հետևից ինձ քարշ տվեց մինչև տնտեսական բաժին: -
Կներեք, մի ռուլո՞ն եք ուզում, թե՞ բլոկով:
Սա կարծել էր, թե ես զուգարանի թուղթ եմ ուզում: -
Ես գրելու թուղթ եմ ուզում,-ժպտացի,- A4 չափի թուղթ:
Աղջիկը նույնպես ժպտաց, ու մենք շարունակեցինք մեր «ուղևորությունը» դեպի գրենական պիտույքների բաժին: Նա կռացավ ու վերցրեց թղթերի տուփը: Աշխատանքային կտորե կիպ շալվարն ավելի ընդգծեց նրա կլորիկությունը: -
Երկու հազար երեք հարյուր հիսուն դրամ,- ասաց կլորիկն ու թղթերի տուփը մեկնեց ինձ:
-
Կներեք,- ասացի,- ինձ մոմեր են պետք, վառելու մոմեր,- «վառելու» բառը հատուկ ընդծված ասացի, որ հիմա էլ հետևս մտցնելու մոմեր չտա:
Աղջիկն ասաց, որ սովորական մոմ չկա, միայն տոնականներն են: Ստիպված վերցրի հազար հարյուր դրամ արժեցող կարմիր ժապավենով ու փայլերով մի կապույտ մոմ: Դրամարկղից էլ երկու տուփ ծխախոտ առա: Գանձապահ աղջիկը (նախորդի համեմատ բավականին վտիտ ու անբարյացկամ) հաշվեց ամբողջի գումարն ու անտարբեր, առանց ինձ նայելու ասաց` «չորս հազար չորս հարյուր հիսուն դրամ»: Ես դրամապանակիցս հանեցի տասհազարանոցս ու մեկնեցի նրան, սա էլ մոտ կես րոպե տնտղելուց հետո ասաց` «Էս ոնց որ ինքը չի»: -
Ո՞վ,- ասացի,- Իսահակյանը՞: Չէ, հաստատ ինքն ա, մի հատ ուշադիր նայեք` աչքերը, մորուքը, հայացքը…
-
Գումարը,- ասաց գրեթե գոռալով:
-
Օրիորդ,- նյարդայնացա,- էս գումարն ընդամենը հինգ րոպե առաջ ձեր բանկոմատից եմ հանել:
-
Էդ բանկոմատները մերը չեն, բանկերինն են,- հարձակողական զրույցը շարունակեց աղջիկը, հետո վերցրեց ծառայողական հեռախոսն ու ասաց` «Իգիթին ուղարկեք կասսա»:
Իգիթը` գիշերային հերթափոխի մենեջերը, ի զարմանս ինձ, բավականին բարետես ու բարեկիրթ երիտասարդ էր` Իգիթ անունին բացարձակ անհամապատասխան: Մոտեցավ, ժպիտով բարևեց, վերցրեց փողն ու ինչ-որ տեղ գնաց: Երկու րոպեից վերադարձավ ու ասաց` «ինքն ա»: Աղջիկը գնումներս տեղավորեց տոպրակի մեջ, ինձ վերադարձրեց իմ հինգ հազար հինգ հարյուր հիսուն դրամն ու հանդարտ, հանգիստ ձայնով ասաց` «հաճելի երեկո»: … Գլուխս էնքան խառն էր` չծանոթացանք: Ես Արամ Հարյանն եմ` գրող: Ապրում եմ Երևանում: Ծնվեցի էն ժամանակ, երբ կամաց-կամաց մեռնում էր Սովետը: Երեսուն չկամ (հուսամ` շուտով կլինեմ): Ծնողներ չունեմ: Ամուսնացած չեմ: Չեմ էլ եղել: Չեմ էլ պատրաստվում: Երեխաներ ևս չունեմ, համենայն դեպս նման տեղեկության չեմ տիրապետում: Տունը, որտեղ վարձով ապրում եմ արդեն երկու տարուց ավելի, Կոմիտաս փողոցի վրա է` հինգհարկանի շենքի երկրորդ հարկում: Տանտիրուհիս` Իզաբելլան (որի թշնամին ես դառնում, երբ անունը կրճատում ու Իզա ես ասում),
վաթսունին մոտ գեղեցիկ կին է ու տանտիրուհիս լինելուց բացի` համատեղության կարգով նաև դիմացիս հարևանը: Իմ հանդեպ չափից ավելի ուշադիր է ու հոգատար` բացառությամբ այն հազվադեպ պատահող դեպքերի, երբ վարձն ուշացնում եմ: Անցյալ տարի մի կլորիկ հոնարար ստացա ինչ-որ աշխատանքի դիմաց ու մեկ տարվա վարձը միանգամից տվեցի: Ի դեպ, քանի որ միանգամից ամբողջ տարվա գումարն էի տալիս, վճարեցի ոչ թե տասներկու, այլ տասնմեկ ամսվա համար, Իզաբելլան դժվարությամբ, բայց համաձայնեց: Եվ քանի որ հոնարարից խոսք գնաց, ասեմ, որ մոտ օրերս կստանամ մինչ օրս ունեցած ամենամեծ հոնարարս` տասը միլիոն դրամ: Հիմիկվա փոխարժեքով դա քսան հազար դոլար է լինում` դեռ մի բան էլ ավելի: Նախորդ վեպս բավականին մեծ հաջողություն ունեցավ, ու մի հրատարակիչ (վերևում խոսեցինք նրա մասին) ինձ հետ պայմանագիր կնքեց նոր գրքի համար: Ահագին աշխատել եմ էս գործի վրա` մոտ մեկ տարի: Ընկերներ քիչ ունեմ, չնայած` հեշտ ընկերացող եմ: Ընդհանրապես ընկեր եմ համարում երկու մարդու` մանկությանս երկու ընկերներին, որոնց հիշում եմ ինքս ինձ հիշելու պահից: Նրանց մասին դեռ կխոսենք: Էլի շատ բաների մասին կխոսենք…
ՏՈՅՈՏԱՅՈՎ ԾԻՏԸ … Բակում գրեթե ամեն բան խաղաղվել էր: Վոլգայով պապիկը գնացել էր, թաղի պարապները` նույնպես: Մնացել էր միայն կարճ շրջազգեստով աղջիկն ու իր ջարդած Տոյոտան: Մեքենայի կողքին կանգնած` ինչ-որ մեկի հետ էր խոսում, ասել կուզի` ինչ-որ մեկի վրա էր բղավում: Ջրի մեջ կորած էր (իբր ես չոր-չոր էի): Սպասեցի մինչև ավարտի բղավելն ու մոտեցա նրան: -
Բարի երեկո,- ասացի,- ինչ-որ բանով կարո՞ղ եմ օգնել:
-
Ինձ էվակուատոր ա պետք,- ասաց` առանց բարևելու:
-
Գիշերվա մեկին հազիվ թե ստացվի:
-
Ըհը,- ասաց տեղում նյարդային շարժվելով,- ուրեմն չեք կարող օգնել:
-
Փոխարենը կարող եմ օգնել, որ մեքենան ճանապարհից հանեք: Հետո առավոտյան էվակուատոր կբերեք ու մեքենան կտանեք:
Ես զանգեցի մեր շքամուտքում ապրող տղերքից մեկին (ում հետ հաճախ գարեջուր եմ խմում) , խնդրեցի, որ երկու-երեք ընկեր գտնի ու իջնի բակ: Տասը րոպեից մեքենան արդեն կայանված էր ապահով ու թույլատրելի վայրում: Տղերքի գնալուց հետո աղջիկն ինձ շնորհակալություն հայտնեց, ես էլ առաջարկեցի բարձրանալ վերև ու չորանալ: -
Էս ժամի՞ն,- ասաց,- չէ, ամոթ ա:
-
Ես մենակ եմ ապրում,- ասացի ու հասկանալով, որ ասածս կարող է սխալ ընկալել, ավելացրի,- նկատի ունեմ, որ ոչ ոքի չեք խանգարի: Կչորանաք, հետո Ձեզ համար տաքսի կպատվիրեմ:
Մթության մեջ մի կերպ կարողացանք հասնել երկրորդ հարկ: Երբ տուն մտանք, վառեցի կապույտ գույնի, կարմիր ժապավենով ու փայլերով մոմը և դրեցի հյուրասենյակի սեղանին: -
Ուրիշը չկար, ստիպված սա առա,- ասացի` ինքս էլ չհասկանալով արդարանալուս իմաստը:
Ես աղջկան սրբիչ տվեցի և ուղեկցեցի լոգարան: Մի րոպեից, սրբիչը փաթաթած իր երկար, սև մազերին, դուրս եկավ: -
Կներեք,- ասաց,- գիտեմ, որ արդեն աներեսություն եմ անում, բայց կարո՞ղ եք ինչ-որ բան տալ` գցեմ վրաս, շորերս ջրի մեջ կորած են:
Ես ննջասենյակիս պահարանից մի հարմար վերնաշապիկ գտա ու տվեցի նրան: Հետո միասին գնացինք խոհանոց` սուրճ պատրաստելու: Նա պահել էր մոմն, իսկ ես հետևում էի, որ սուրճը չթափվի: Այդ ընթացքում նա պատմեց, որ ընկերուհու ծննդյան տարեդարձն էր, ու մի քիչ խմել էր, էդ պատճառով էլ չէր ուզում ապահովագրական ծառայություն կանչել, ծերուկն էլ, որի մեքենային, ի դեպ, ոչինչ չէր եղել, աղջկանից քառասուն հազար դրամ է շորթել, որ թողնի-գնա: -
Ի դեպ,- ասաց,- ինձ էսքան օգնեցիք, անգամ անունս չասացի: Ես Էլիզն եմ:
Երբ աղջիկը մեկնեց ձեռքը, նկատեցի, որ ամբողջ ափին կապույտ մոմի փայլերն են: -
Ուրախ եմ,- ասացի,- Արամ:
Մի փոքր շփվելուց հետո իմացա, որ աղջիկը լրագրող է, հետո, երբ իմացավ ազգանունս, փառասիրությունս շոյվեց, որ կարդացել է հրատարակածս վերջին գիրքն ու, իր խոսքերով` ցնցվել: Ես մի քիչ պատմեցի նոր վեպիս մասին, նա ասաց, որ տպագրվելուն պես, անպայման կլուսաբանի ու կօգնի` ինչով կարողանա: Հետո մի փոքր էլ զրուցեցինք ու նա խնդրեց, որ տաքսի պատվիրեմ: Ապա փոխվեցինք հեռախոսահամարներով: -
Կզանգեմ ու կվերադարձնեմ Ձեր վերնաշապիկը,- ասաց:
-
Կարիք չկա,- ժպտացի,- ցանկացած պահի կարող եք զանգել, բայց շապիկը նվիրում եմ:
Էլիզին ճանապարհեցի մինչև բակ ու բարձրացա վերև: Երբ թղթերը դրեցի սեղանին, մոմը մոտեցրի դրանց ու պատրաստվում էի գրել, լույսերը տվեցին: «Ձեր ծնողը, երկու հազար երեք հարյուր հիսուն դրամիս գլուխն էր ցավում»...
Հա, ի դեպ, թաղի տղերքին հանգստացնելու համար ասեմ, որ Էլիզն, ամեն դեպքում, ներքնաշոր հագել էր...
ՄՈՒԼՏՆ ՈՒ ԿՈՒԿՈՒՆ ... Առավոտյան ութին գործն ավարտեցի: Որքան էլ տարօրինակ է, հոգնածություն ընդհանրապես չէի զգում: Լոգանք ընդունեցի, սուրճ խմեցի ու քայլեցի Մերգելյան փողոց` հրատարակչություն: Տնօրենը, որ իմ ուշացումներից ու իր բառերով ասած` «աշխարհի ամենաանպատասխանատու մարդը լինելուց» համարյա կաթվածի էր հասել, ինձ զարմանալիորեն ջերմ ընդունեց: -
Խոստովանում եմ, Հարյան, չէի հավատում, որ ժամանակին կգաս:
-
Ասեմ ավելին, Գևորգյան,- քմծիծաղեցի,- յոթ րոպե շուտ եմ հասել:
Գևորգյանը հիսունին մոտ, կիսասև-կիսաճերմակ մազերով (բարդ է գուշակել` ավելի շատ սև, թե ճերմակ), անմարդկայնորեն բարձրահասակ կոմերսանտ սրիկա է: Ամենածիծաղելին այն է, որ նախկինում (մոտ տասնհինգ տարի առաջ) հոգևորական է եղել: Շուտով կլրանա մի տարին, որ մենք գործընկերներ ենք համարվում, բայց չի եղել անգամ մի հանդիպում, որ սկզբից մինչև վերջ մեր ջրերը մի առվով հոսեն: Նա անընդհատ բողոքում է իմ անպատասխանատվությունից, ես էլ ասում եմ, որ արդեն մի տարի է աշխատում եմ էս գրողի տարած վեպի վրա, բայց հոնարարիս անգամ կես տոկոսը չեմ ստացել: -
Քանի՞ էջ ստացվեց,- հարցրեց, երբ քարտուղարուհին մեր սուրճերը սեղանին էր դնում:
-
Համակարգչային` հարյուր իննսունհինգ:
-
Այսինքն, տպագիր մոտ չորս հարյուր: Շատ լավ է, Հարյան: Մնում է` կարդամ, շտկումներն անենք ու գործն ուղարկենք խմբագրին:
-
Իսկ հոնարարս ե՞րբ կստանամ,- հարցրի:
-
Էսօր կարող եմ մի մասը տալ: Ասենք` մի միլիոն:
-
Գևորգյան, մի միլիոնը երկու միլիոնի մի մասն ա, ոչ թե` տասը,- ասացի` կիսատ ժպտալով:
-
Շատ անես էդ էլ չեմ տա,- ծիծաղեց:
-
Տուր-տուր,- ես էլ ծիծաղեցի,- շատ չեմ անի:
Գևորգյանը չհրկիզվող պահարանից մեկ միլիոն դրամ հանեց ու տվեց ինձ: Հետո քարտուղարուհին ինչ-որ թղթեր պատրաստեց, ու ես ստորագրեցի, որ էդ մեկ միլիոնը ստացել եմ: Գևորգյանը վստահեցրեց, որ մեկ շաբաթում մնացած գումարը կլինի: Զանգեցի ընկերոջս` Մուլտին: Գիտեմ, որ անունը, մեղմ ասած, տաօրինակ է, բայց ունենք էն, ինչ ունենք: Արդեն ասել եմ, որ աշխարհիս երեսին երկու ընկեր ունեմ: Դրանցից մեկը Մուլտն է, որին երեխա ժամանակ էդպես կոչեցինք նրա ցածր հասակի պատճառով: Անունը Հայկ է, բայց նրան էդպես միայն հայրն ու մայրն են դիմում: Ինձ թվում է` երբ ընտանիք կազմի, կինն ու երեխան էլ են նրան մականունով դիմելու: Մուլտը զինվորական է: Դպրոցից հետո գնաց պարտադիր ծառայության, ավարտելուց հետո էլ որոշեց մնալ ու աշխատել բանակի համար: Պայմանագիր կնքեց Զինված ուժերի հետ ու մինչև հիմա ծառայում է: Տարվա մեջ մեկ-երկու ամիս լինում է, որ Մուլտին չեմ տեսնում, գնում է դիրքեր, իսկ ընդհանուր առմամբ շաբաթվա մեջ եթե ոչ ամեն օր, ապա երեք-չորս անգամ հանդիպում ենք: Այսօր այն եզակի դեպքերից է, որ Մուլտին պիտի տեսնեմ մեր վերջին հանդիպումից գրեթե տասն օր անց, պատճառն էլ էն է, որ տնից դուրս չէի գալիս ու հյուրեր չէի ընդունում. պիտի վեպն ավարտեի: Իմ մյուս ընկերը Կանտն է: Համաձայն եմ` Մուլտից ավելի տարօրինակ անուն է: Կանտին` ճանաչված սրտաբան-վիրաբույժ Լևոն Գինոսյանին, էդպես է անվանել Մուլտը: Կանտը սեր ուներ փիլիսոփայության հետ, երեխա ժամանակ առավոտից իրիկուն Նիցշե, Ֆրեյդ ու Դեյվիդ Հյում էր թերթում, բայց քանի որ թվածս երեքից և ոչ մեկին Մուլտը չէր ճանաչում, մեր երրորդ ընկերոջը կոչեց իր իմացած միակ փիլիսոփայի անվամբ` Կանտ: Բժշկականն ավարտելուց հետո (կարճատեսության պատճառով ազատվել էր ծառայությունից) երկու տարի աշխատեց երևանյան կլինիկաներից մեկում, հետո մեկնեց ԱՄՆ` մշտական բնակության: Արդեն հինգերորդ տարին է` Նահանգներում է ու դեռ ոչ մի անգամ Հայաստան չի եկել: … Մուլտը զանգիս պատասխանեց բավականին ուշ և քնաթաթախ ձայնով: -
Ժամը տասն ա, արա,- ասաց,- հո դու բայղուշ չես:
-
Բայղուշն ի՞նչ ա, Մուլտ:
-
Դու ես: Սաղ գիշեր սմենի եմ էղել, բա դու մա՞րդ ես:
-
Էլ մի սկսի,- ասացի,- էսօր Գևորգյանը փողիցս մի միլիոն տվեց վերջապես: Արի` խմենք:
-
Էս ժամի՞ն:
-
Հա-հա: Արի քո սիրած տեղը տանեմ:
-
Չինական ռեստորա՞ն,- միանգամից արթնացավ:
-
Չինական ռեստորան,- կրկնեցի:
-
Եթե պատիվ տալուցդ բացի էդ փողիցդ էլ հիսուն հազար տաս, կգամ:
-
Կտամ, արի:
-
Դե ուրեմն տասներկուսին գալիս եմ հետևիցդ:
-
Գնում եմ տուն, սպասեմ, չուշանաս:
Երեքին Մուլտը եկավ: Բակից զանգեց, ասաց, որ իջնեմ: Արագ հագա բաճկոնս ու դուրս եկա: Նրա հնամաշ Ժիգուլին կանգնած էր հենց իմ շքամուտքի առաջ: -
Գնացի՞նք,- ասացի` մեքենան նստելով:
-
Նախ` բարև: Երկրորդն էլ` մինչև փողս չտաս, ոչ մի տեղ չենք գնա:
Դրամապանակիցս երեք քսանհազարանոց հանեցի ու մեկնեցի Մուլտին: -
Գնացինք,- ասաց Մուլտը` փողը հափշտակելով:
-
Սպասի,- ասացի,- բա մա՞նրը: Հիսուն հազար ենք պայմանավորվել, ես վաթսուն տվեցի:
-
Մանր չունեմ, բռատ,- ասաց ու գործի գցեց մեքենան:
… Չինական ռեստորանում մենք պատվիրեցինք Մուլտի սիրած կծու սոուսով սնկերից ու երեք հարյուր գրամ ժենշենի օղի: Քանի որ օղին ավելի շուտ տեղ հասավ, «ստիպված» մինչև սնկերի հասնելն ամբողջ գրաֆինը դատարկեցինք: Հետո Մուլտը ևս երեք հարյուր պատվիրեց: -
Որ մի հիսուն հազար էլ տաս,- ասաց` բաժակները լցնելով,- մի հատ թույն նորություն կասեմ:
-
Չէ, լավ ա, արի դու ինձ ոչ մի նորություն մի ասա:
-
Լավ, մի լացի: Անվճար կասեմ: Կանտն ա գալիս:
-
Ե՞րբ,- համարյա տեղիցս վեր թռա:
-
Մի շաբաթից: Գիշերը զանգել էր, ասեց` տոմսն արդեն առել ա:
Խմեցինք: Հետո Մուլտն սկսեց իր աշխատանքից պատմել, իր զինվորներից: Ճիշտ է, նրանք Մուլտից ընդամենը մի քանի տարով են փոքր, բայց նա բոլորին իր սեփական երեխաների պես է վերաբերվում: -
Անձնականիցդ ի՞նչ կա,- հարցրի:
Մուլտի աչքերը փայլեցին:
-
Մի աղջիկ կա,- սկսեց ոգևորված խոսել,- շատ լավն ա: Ճիշտ ա, ինձնից մի հինգ անգամ բոյով ա, բայց…
-
Մուլտ,- ընդհատեցի,- էս աշխարհում բոլորը քեզանից մի հինգ անգամ բոյով են:
-
Շատ լավ աղջիկ ա, բռատ,- առանց ինձ ուշադրություն դարձնելու` շարունակում էր,- հեսա Կանտը գա, կհավաքվենք, կծանոթացնեմ:
Բաժակները լցրի: -
Տա Աստված, Մուլտ, էս անգամ ամեն բան լուրջ լինի:
-
Էս անգամ հաստատ լուրջ ա,- ասաց,- միլիոն տոկոս:
Խմելով ու խոսելով ընկանք, մոռացանք, որ սունկը բերել են վաղուց: -
Հաց կեր,- ասացի,- սառում ա:
-
Լսի, Արամ, անձնական ասեցիր` հիշեցի, Կուկուից ի՞նչ կա:
… Քո տիրոջ մերը, Մուլտ… սունկդ ուտեիր էլի… հազիվ էի ինձ համոզել, թե Կուկուից ոչինչ չկա… -
Ինչի՞ ես հարցնում:
-
Չիմանա՞մ:
-
Ոչ մի բան էլ չկա, Մուլտ, չգիտե՞ս, որ ոչ մի բան էլ չկա…
… Ծննդյանս տարեդարձն էր: Մտերիմներիցս մեկը զանգեց ու հրավիրեց իրենց տուն` ծնունդս միասին նշելու: Ես, որ էդ օրվան առանձնապես կարևորություն չեմ տալիս, համաձայնեցի. ծնունդը մի կողմ, պարապ եմ, ժամանակս կանցնի գոնե: Տղերքից մեկի հետ ուշ երեկոյան գնացինք: Հասկանալի էր, որ ծննդյանս առիթը չէր, որ բոլորին հավաքել էր էդտեղ: Ուղղակի խմել էին ու հիշել (կամ իմացել), որ ծննդյանս օրն է: Սեղանի շուրջ հավաքվածներից բոլորին ճանաչում էի` բացի մեկից… Կուկուին առաջին անգամ էդ օրը տեսա: Տեղը տեղին խմած էր, բայց հրեշտակի երեխայական աչքերով նայեց ինձ, մեկնեց ձեռքն ու ասաց անունը: Ինձ հրավիրողները ներկայացրին ինձ, ասացին, որ գրող եմ: Հետո նրան ներկայացրին, ասացին, որ դերասանուհի է: Մեր մասնագիտություններն անընդհատ առնչվում են իրար, բայց ինքն իմ մասին երբեք չէր լսել (կամ ձևացնում էր), ես էլ` նրա (կամ ձևացնում էի)... Քիչ հետո, երբ բաժակները լցրին, Կուկուն շնորհավորեց ծնունդս: Հետո ասաց. -
Գիտե՞ք, էսօր մենակ Ձեր ծնունդը չի, իմ ծնունդն էլ ա:
-
Կներեք,- ասացի,- ինձ չէին ասել:
Աղջիկը ժպտաց ու շարունակեց. -
Չէ, ծննդյանս օրն էսօր չի, ուղղակի էսօր ես երկրորդ անգամ ծնվեցի:
-
Էդ ո՞նց ա լինում:
-
Սովորական: Նկարահանման ժամանակ քիչ մնաց երրորդ հարկից ցած գլորվեի:
Էդ պահին հասկացա, որ էստեղ ավելի շատ նրա ծնունդն են նշում, քան իմ: -
Դե ուրեմն,- ասացի,- մեր ծնունդը շնորհավոր:
-
Մեր ծնունդը շնորհավոր,- ժպտաց ու բաժակը խփեց բաժակիս:
Համարյա մինչև առավոտ նստեցինք: Հետո դուրս եկանք, ու նա նստեց մեքենան: -
Ավելի լավ չի լինի՞` տաքսիով գնաք,- հարցրի:
-
Տունս մոտ ա, բացի այդ` ես ուշադիր վարորդ եմ:
Նրա արտասանած վերջին նախադասության հնչերանգից հասկացա, որ ընդամենը քաղաքավարությանը զոհ գնաց, թե չէ կասեր` «քիթդ քեզ չվերաբերող հարցերի մեջ մի խոթիր»... ... Թե երբ ու ինչու սկսեցի նրան Կուկու ասել, չեմ հիշում ու կարևոր էլ չի: Ծննդյանս երեկոյից հետո ահագին ժամանակ չհանդիպեցինք: Հաջորդ անգամ իրար պատահական տեսանք գրածս պիեսներից մեկի առաջնախաղին: Մի քանի բառ խոսեցինք, ու ներկայացումը սկսվեց: Հետո սկսեցինք ավելի հաճախ հանդիպել` էլի պատահական կամ մեկն ու մեկի առիթին: Որքան մտերմանում էինք, էդքան ավելի մոտ, հարազատ բան էի զգում, գուցե նրանից էր, որ ինքն էլ էր զգում կամ որ ինքն ավելի շուտ է զգացել, քան ես (ես ասացի` գուցե), հետո հասկացա, որ ինչ-որ ձգողականություն կա, անսովոր, տաք ձգողականություն: Մի երեկո էլ, երբ քաղաքից մոտ երկու հարյուր կիլոմետր հեռու մասնակցում էի ընկերներիցս մեկի հարսանիքին, բջջայինիս հաղորդագրություն եկավ: Կուկուն էր: Տեղս էր հարցնում: Ասացի, որ քաղաքում չեմ, նա էլ ասաց, որ ուղղակի ուզում էր ինձ տեսնել… Սպասում էի` երբ է լույսը բացվելու, որ քաղաք հասնեմ… … Ամառային տաք երեկո էր: Այդ երեկո առաջին անգամ ես ու Կուկուն հանդիպեցինք` առանց որևէ մեկի ներկայության: Սովորական ծանոթների հանդիպում էր, բայց էնպես էի պատրաստվում ու տրամադրվում, ասես կարևոր իրադարձություն լիներ: Խոսեցինք, խմեցինք մի քիչ: Ենթագիտակցությունս հարյուր տոկոսով վստահ էր, որ սիրահարվել եմ նրան, բայց ես ինձ անընդհատ սանձում էի (վատ չէր ստացվում): Հետո մեր առանձին հանդիպումներն սկսեցին ավելի
հաճախակի բնույթ կրել: Էդ ընթացքում եղան օրեր, երբ վիճեցինք, օրերով չզանգեցինք: Ծիծաղելի էր: Սովորական մտերիմներն, ախր, էդպես չեն վիճում: Ու մի հերթական երեկո, երբ խմում ու երաժշտություն էինք լսում, Կուկուն համբուրեց ինձ… … Համբուրելուց մինչև հեռանալ ահագին ժամանակ անցավ, բայց էդ ժամանակը բնականից արագ հոսեց: «Հոգնել եմ քեզանից, կամ խմում ես, կամ կռվում, կամ` երկուսը միասին»: Էդպես էր ասում: Նա անընդհատ ինձնից հոգնում ու անընդհատ սիրում էր ինձ: Նա ինձնից հոգնում ու ավելի ուժգին էր սիրում: Նրա սիրելը բոլոր բջիջներով էի զգում: Հետո մի կարճ ժամանակ նրա տանն ապրեցի: Նա ինձ համար ամեն գիշեր պանրով բլիթներ էր պատրաստում ու ամեն անգամ վառում էր ձեռքը: Աշխարհում ոչ մի երջանկություն չեմ փոխի նրա դժգոհ դեմքի հետ, երբ ամեն անգամ իմ բլիթների պատճառով ձեռքը վառելը երեսովս էր տալիս… Երբ արդեն ինձ մոտ էր ու համոզված էի` շտապելու տեղ չունի, ամենասովորական ու անհրաժեշտ հոգատարությունս փոխվեց սեփականատիրոջ, «ես»-ն ամեն կերպ առաջ տանողի վարմունքի: Ջահելական հիմար խաղեր խաղացի, կարճ խելքովս սկսեցի անցյալը փորել: Ախր, փորելիք էր չկար: -
Կներես, որ ծնվածս օրից գոյությանդ մասին չեմ իմացել, կներես, որ երեսուն տարի քեզ չեմ սպասել, տխմար,- ասաց մի երեկո ու դուռը շրխկացրեց երեսիս…
Հետո էլի դռներ շրխկացին… Վերջինը մեկ ու կես ամիս առաջ էր: Ու հիմա էս գրողի տարած ռեստորանում Մուլտը սրտիս անկանոն աշխատանքի հաշվին որոշում է հագուրդ տալ իր հետաքրքրասիրությանը: … Քո տիրոջ մերը, Մուլտ… Քոնն էլ, Կուկու… Ռեստորանից դուրս գալիս` Մուլտն առաջարկեց ինձ տուն տանել, բայց ես հրաժարվեցի. քայլել էի ուզում: Չգիտեմ Կուկուի մասին խոսակցությունն էր պատճառը, օղին, թե երկուսը միասին, բայց դժվարությամբ էի շնչում, թթվածինը չէր հերիքում: Ոտքով քայլեցի դեպի Աբովյան փողոց, զգացի, որ ոտքերս հրաժարվում են շարժվել: Մտա առաջին պատահած բացօթյա սրճարանն ու փլվեցի աթոռին: Կուկուի մասին մտքերը հանգիստ չէին տալիս: Էնպես չի, որ մինչև Մուլտի հետ խոսելը չէի մտածել նրա մասին, էնպես չի, որ արդեն մոռացել էի Կուկուին, ուղղակի էդ պահին, երբ Մուլտը նրանից հարցրեց, նրա կարիքը, նրա չլինելու գիտակցումն ավելի ուժգնացավ: Մատուցողից ջուր եմ խնդրում ու հավաքում Կուկուի հեռախոսի թիվը: -
Կարոտել եմ,- ասում եմ:
-
Խմած ես:
-
Չէ:
-
Ես չեմ հարցնում, ես փաստում եմ:
-
Մի քիչ: Ուզում եմ` տեսնեմ քեզ:
-
Իսկ ես չեմ ուզում:
-
Խնդրում եմ:
-
Իզուր:
-
Թեկուզ կես ժամով: Արի հանդիպենք:
-
Ուզում եմ տանը մնալ, դուրս չեմ գալու:
-
Ես կգամ:
-
Մի արի:
Փողոցից տաքսի եմ վերցնում ու վարորդին ասում Կուկուի տան ուղղությունը: … Դուռը բացեց երեք րոպե թակելուցս հետո միայն: Հագին մի հիմար, գունավոր գիշերազգեստ էր (նրա բոլոր գիշերազգեստներն են գունավոր ու հիմար): -
Որ հարստանամ, քեզ մի հատ նորմալ գիշերանոց եմ առնելու,- ասացի ու առանց հրավերի ներս մտա:
-
Էս տեմպերով որ գնաս, դժվար էլ հարստանաս,- նետեց երեսիս ու իբր քաղաքավարությանը զոհ գնալով հարցրեց,- սուրճ կուզե՞ս:
Գժի պես կարոտել էի Կուկուին, բայց չգրկեցի, հենց դռան առաջ հայացքից հասկացա, որ հենց փորձեմ գրկել, մարմինս հետ կհրի մինչև վերելակը: Հայացքում էնքան վիրավորանք կար, էնքան հուսախաբություն, էնքան հուսահատություն… Մեր վերջին հանդիպումը երկուսիս համար էլ սարսափելի էր: Փողոցի մեջտեղում կանգնած բղավում էինք` կոկորդին էր հասել: Չէինք էլ նկատում, որ մի ամբողջ պողոտա, բան ու գործը թողած, մեզ է նայում: Էդ օրն էլ, մնացած բոլոր օրերի պես, ամեն բան խաղաղ սկսեց: Սրճարանի մատուցողուհուց թուղթ ու գրիչ խնդրեցի ու պատմվածք գրեցի: Ինքս ինձ վրա ծիծաղեցի, որ սրճարանում պատմվածք եմ գրում, հետո սկսեցի մրոտել սպիտակ թուղթը: Կեղծ համեստություն չանելով` ասեմ, որ ահագին լավ ստացվեց: Որոշեցի անպայման ինչ-որ ամսագրում տպագրել, բայց առաջինն, իհարկե, Կուկուն պիտի կարդար: Իմ բոլոր գործերն առաջինը նա էր կարդում (երկրորդը` ես): Զանգեցի, հանդիպեցինք: Մինչև նրա գալը հասցրել էի մի քանի բաժակ կոնծել: Նկատեց, բայց ոչինչ չասաց: Հետո պատմվածքս կարդաց: Ասաց,
որ լավն է: Հետո դուրս եկանք ու էլի մի հիմար բանից սկսեցինք կռվել: Փողոցում անձրևը հեղեղի նման էր գալիս: Անձրևի տակ կանգնած վիճում էինք, ու մեկ էլ նյարդային նոպայի ժամանակ ձեռագիրս շպրտեցի մեծ ջրափոսի մեջ: Վերջ: Պատմվածքն այլևս չկա: Գոյություն չունի: -
Դու ինքդ քեզ չես հարգում,- ասաց,- ուր մնաց` ինձ հարգես…
Էդ խոսքերից հետո այլևս նրան չտեսա: Երկու-երեք օր զանգեցի` չպատասխանեց: Հետոն արդեն գիտեք` որոշեցի մոռանալ, հանել մտքիցս, ուղարկել գրողի ծոցը: Ու հիմա` էս ամենից մեկ ու կես ամիս անց, ես նրա տանն եմ, նրան չափից ավելի մոտ: … Ես հասկանում եմ, որ իմ ու Կուկուի հարաբերությունները, սիրելը, կռվելը, բաժանվելը մի քիչ տարօրինակ, գուցե նաև անհասկանալի են: Վեպի սկզբում ձեզ հետ նոր էի ծանոթանում, չուզեցի միանգամից հիասթափեցնել, բայց քանի որ արդեն մտերմացել ենք, կխոստովանեմ. ես խրոնիկ հարբեցող եմ: … Կուկուի տանն ամեն ինչ նույնն էր: Ամեն բան իր սովորական տեղում: Տպավորություն էր, որ էդ բնակարանից վերջին անգամ կես ժամ առաջ եմ դուրս եկել: -
Կարոտել էի քեզ,- ասացի:
-
Իսկ ես` չէ:
-
Ստում ես:
-
Դա քո գծով ա:
-
Կանտն ա գալիս մի քանի օրից: Պիտի հավաքվենք: Կգաս, չէ՞:
-
Չէ:
-
Ինչի՞: Որ բաժանվել ենք, նշանակում ա` պիտի ընկերներիս հետ էլ չշփվե՞ս:
-
Ես կգնամ, Կանտին կտեսնեմ… էնպիսի օր, որ էնտեղ չես լինի:
Կուկուն Մուլտի ու Կանտի հետ հասցրել էր բավականաչափ մտերմանալ, կարելի է ասել նույնիսկ ընկերանալ: Տղերքը չափից ավելի ուշադիր էին նրա հանդեպ, շատ էին սիրում: Ընդհանրապես, Երկիր մոլորակում չեմ տեսել մի կենդանի արարած (մարդ, շուն, կատու, դեպուտատ), որ չսիրի Կուկուին: -
Կուկ, արի գոնե էս անգամ չկռվենք:
-
Ինչի՞ ես էլի խմում,- չասեմ ավելի բարեհամբույր, բայց ավելի բարյացկամ տոնով հարցրեց:
-
Քիչ եմ խմում,- պատասխանեցի,- առաջվա համեմատ ահագին քիչ:
-
Պիտի ընդհանրապես չխմես, գոնե մի որոշ ժամանակ: Պիտի բուժվես:
-
Ես հիվանդ չեմ:
-
Հիվանդ ես: Կներես, բայց հիվանդ ես: Ամեն ինչ կորցնում ես:
Այս տանը Կուկուն մենակ է ապրում: Առանձնացել է ծնողներից, որովհետև մենակություն է սիրում: Մի անգամ ինձ ասաց, որ ուզում է գոնե մի շաբաթ չտեսնել ինձ, որովհետև երբ մարդուն շարունակ տեսնում է, սկսում է ձանձրանալ: Մինչև ուշ գիշեր մնացի նրա մոտ: Չվիճեցինք: Ուղղակի խոսեցինք: Հետո նա ինձ համար տաքսի պատվիրեց, ու միանգամից տուն գնացի: Անգամ չհասկացա` ոնց քնեցի:
ԴԱՐՁՅԱԼ ՏՈՅՈՏԱՅՈՎ ԾԻՏԸ ... Արթնացա հեռախոսի զանգից: Էլիզն էր: Ասաց, որ ուզում է վերնաշապիկս վերադարձնել: -
Բայց ես ասել էի, որ նվիրում եմ:
-
Ես անծանոթներից նվերներ չեմ ընդունում,- հեռախոսից լսվեց Էլիզի ծիծաղը:
-
Լավ,- ասացի,- ես տանն եմ:
Մի ժամից Էլիզն ինձ մոտ էր: Նրան սուրճ հյուրասիրեցի: -
Կոնյակ կխմե՞ք,- հարցրի:
-
Էս ժամի՞ն: Դեռ տասնմեկը չկա: Ավելի լավ կլինի` սուրճս խմեմ:
Մի քանի րոպեից Էլիզը սահուն կերպով «դու»-ի անցավ: Հետո փոշմանեց կոնյակից հրաժարվելու համար: Նա անընդհատ ինչ-որ պատմություններ էր պատմում, իսկ ես ոչինչ չէի ընկալում. մտքիս Կուկուն էր, երեկվա օրը, նրա հայացքը, նրա հոգնությունը, աչքերի պարզորոշ հիասթափությունը: -
Չես լսու՞մ,- հարցրեց Էլիզը` հերթական տափակ պատմությունն ավարտելով:
-
Լսում եմ,- ասացի,- ուղղակի մի պահ մտքերով ընկա:
-
Եթե խանգարում եմ, կարող եմ գնալ:
-
Չէ,- ասացի,- բացարձակ չես խանգարում,- հետո, ինքս էլ չհասկանալով` ինչու, ավելացրի,- օգնում ես նույնիսկ:
-
Օգնու՞մ,- ծիծաղեց,- ինչո՞վ:
-
Դեռ չգիտեմ: Մի տեղ դուրս չգա՞նք: Սովից մեռնում եմ:
Էլիզի հետ քայլեցինք դեպի մոտակա ռեստորան: Ուտելիք և օղի պատվիրեցինք: Կուկուն մտքիցս դուրս չէր գալիս: Միայն թե զանգի: Գրողի ծոցը կուղարկեմ Էլիզին ու էս ճաշկերույթը, միանգամից կվազեմ նրա մոտ: Բայց գիտեմ, համոզված եմ, որ չի զանգի: Երբ Էլիզի հետ ճաշում էինք, զգացողություն կար, թե դավաճանում եմ Կուկուին: Գիտեմ, որ ընդամենը ճաշում ենք, բայց մեկ է, ամբողջ ընթացքում էդ զգացողությունը չլքեց: Հազիվ թե մի բան կուլ գնաց: Նայում էի Էլիզին ու մտածում, որ եթե մի օր կյանքումս ուրիշ կին լինի կամ ասենք ընտանիքավորվեմ որևէ մեկի հետ, էլի ինձ չի լքելու էդ գիտակցումը, որ դավաճանում եմ Կուկուին: Էս մտքերից նորմալ մարդը կարող է խելագարվել, բայց ինձ դա չի սպառնում: -
Էլիզ,- ասացի` Կուկուի մասին մտքերը ցրած լինելու համար,- քո մասին համարյա ոչինչ չգիտեմ: Մի քիչ պատմի:
-
Ի՞նչ ես ուզում իմանալ,- ժպտաց ու ավելացրեց,- Էլիզն եմ էլի:
-
Էդքան բա՞ն:
-
Համարյա:
Էլիզի բջջայինը զանգեց: Խոսեց ինչ-որ մեկի հետ ու ասաց, որ ընկերուհու տանն է: Հասկացա, որ ինչ-որ տղամարդու է խաբում: Բնականաբար, ոչինչ չասացի: Լցրի օղու բաժակներն, ու խմեցինք: -
Երևի ուզում ես իմանալ` ում էի ստում:
-
Բացարձակ,- ասացի,- սովորություն չունեմ ուրիշների կյանքին խառնվելու:
-
Ընկերս էր,- ասաց:
-
Իսկ ինչի՞ խաբեցիր:
-
Բա ի՞նչ անեի, ասեի` գրեթե անծանոթ տղամարդու հետ ռեստորանում օղի եմ խմու՞մ:
-
Իսկ ինչի՞ ես գրեթե անծանոթ տղամարդու հետ ռեստորանում օղի խմում,հարցրի ու միանգամից հասկացա, որ իզուր:
-
Տարօրինակ տղա ես, նախ ինձ հրավիրում ես ռեստորան, հետո ասում ես` ինչի եմ հրավերդ ընդունել:
-
Կներես,- ասացի,- խմել եմ, հիմար-հիմար խոսում եմ:
Էլիզը խմեց բաժակի օղին ու սկսեց խոսել: -
Լավ տղա ա,- ասաց,- ամեն անգամ նրան խաբելուց վատ եմ զգում:
-
Էդ դեպքում ինչի՞ համար ես խաբում:
-
Չգիտեմ: Անընդհատ նրա հետ լինելը ձանձրալի ա:
Հիշեցի Կուկուի խոսքերը ձանձրանալու վերաբերյալ, ու մարմնովս սառը դող անցավ: -
Չես սիրու՞մ էդ տղային,- հարցրի:
-
Էնպես չի, որ չեմ սիրում, բայց էնպես էլ չի, որ սիրում եմ: Ինքը հրաշալի մարդ ա, ամեն ինչի պատրաստ ա ինձ համար, բայց որպես տղամարդ չեմ կարողանում ընկալել նրան:
-
Բա ինչի՞ ես նրա հետ:
-
Երեխա եմ ուզում,- ասաց:
«Սա ապուշ ա»,- ասացի մտքումս, հետո բարձրաձայն հարցրի. -
Դու չգիտե՞ս, որ դրա համար ուրիշ ճանապարհներ կան:
-
Գիտեմ,- դառը ժպտաց,- ինքս էլ չեմ հասկանում` ինչ եմ ուզում կյանքից: Մի օր կհասկանամ էլի:
Երբ դուրս եկանք ռեստորանից, փողոցում մութ էր: -
Էս ինչ երկար ենք նստել,- ասաց Էլիզը,- որ էկանք, կեսօր էր:
-
Հա,- ասացի,- ես էլ չզգացի` ոնց անցավ ժամանակը:
-
Ինձ տուն կճանապարհե՞ս,- հարցրեց:
-
Իհարկե, հիմա տաքսի կվերցնեմ:
-
Չէ,- ասաց,- արի ոտքով գնանք:
-
Որտե՞ղ ա տունդ:
-
Տերյան փողոցում:
-
Գժվել ե՞ս,- ասացի,- ուզում ես Կոմիտասից Կենտրոն ոտքով գնա՞նք:
-
Խնդրում եմ,- ասաց` երեխայի պես ձեռքս բռնելով ու տեղում թռվռալով
Կոմիտասից Տերյան ընկած ճանապարհը քայլեցինք մոտ մեկ ժամում: Երբ հասանք նրանց բակ, ուզեցի հրաժեշտ տալ, բայց Էլիզն ասաց, որ մինչև ինձ սուրճ չհյուրասիրի, բաց չի թողնի, վերջում էլ չարաճճի ժպիտով ավելացրեց` «ես էլ եմ մենակ ապրում, հանգիստ էղի»…
… Էլիզի տունն ավելի շատ բնորոշ էր տղամարդու բնակարանին` մի քիչ թափթփված, հյուրասենյակի սեղանին` թղթեր, ծխախոտի դատարկ տուփեր, վիսկիի կիսադատարկ շիշ: «Կուկուի տունը միշտ կոկիկ է»,- մտածեցի: -
Կներես էլի էս թափթփվածության համար, համարյա տանը չեմ լինում:
-
Նորմալ ա,- ասացի:
-
Հիմա կգամ,- ասաց ու դուրս եկավ սենյակից:
Ծխախոտ վառեցի ու աչքս գցեցի Էլիզի թղթերին: Ինչ-որ հոդվածների ձեռագրեր էին: Մի քանի րոպեից Էլիզը վերադարձավ` հագին բաց կապույտ մետաքսե ննջազգեստ… -
Վիսկի լցնե՞մ,- ասաց` փոքրիկ բարից երկու բաժակ հանելով:
-
Ես կլցնեմ,- բացեցի սեղանին դրված կիսադատարկ շիշը:
-
Սառույց չունեմ, կներես:
-
Ես վիսկին առանց սառույցի եմ խմում:
Իմ տանը մի քիչ կոնյակ էինք խմել, ռեստորանում մի ամբողջ շիշ օղի, էստեղ էլ էս վիսկին: Արյունը գլխներիս էր տվել (հատկապես` Էլիզի): Նկատեցի` ոնց է գնալով մոտենում ինձ… Շնչառությունն արագացավ... Նուրբ, գեղեցիկ մատներն սկսեցին քանդել շապիկիս կոճակները… Էլիզի մերկությունն ասես նկարած լիներ…
ՄԱՆԿԱՏՆԻՑ ՓԱԽԱԾ ԱՂՋՆԱԿԸ … Երբ դուրս եկա Էլիզի տնից, ուժեղ անձրև էր հորդում: Տաքսի էլ, թարսի նման, չի անցնում: Տաքսի գտնելու համար ահագին քայլեցի: Քաղաքը քնած էր, մեռած: Տպավորություն էր, որ քաղաքում միայն ես ու վարորդն ենք մնացել: Հազարանոցը մեկնեցի նրան ու իջա: Կուկուի մասին մտքերս թմրել էին, ընդամենը մի ժամ առաջ անկողին էի մտել անծանոթ կնոջ հետ ու խղճի խայթ կամ Կուկուի առաջ մեղավոր լինելու զգացողություն անգամ չունեի: Շքամուտքում` աստիճանների վրա, մի փոքրիկ աղջիկ էր նստած: Ձեռքերով ուսերն էր շփում ու դողում: Շուրթերը կապույտ-կապույտ էին: -
Դու ո՞վ ես,- հարցրի:
Չպատասխանեց: Վախեցած վրաս էր նայում: -
Վեր կաց,- ասացի:
Սարսափած նայեց վրաս ու սկսեց լաց լինել:
-
Մի վախեցի, արի` տուն մտնենք, տաքացի:
Փոքրիկին մի կերպ համոզեցի, որ հետս տուն բարձրանա: Տաք թեյ պատրաստեցի նրա համար: -
Քանի՞ տարեկան ես,- հարցրի:
-
Ինը,- վախվորած պատասխանեց աղջնակը:
-
Ինձնից մի վախենա, ես քեզ չեմ վնասի:
-
Գիտեմ,- ասաց դողացող ձայնով,- դու լավ մարդ ես:
-
Անունդ ի՞նչ ա,- «դու լավ մարդ ես»-ից մի կերպ ծիծաղս զսպելով` հարցրի:
-
Անի,- ասաց պուճուրը,- ես Անին եմ:
-
Ես էլ Արամն եմ,- մեկնեցի ձեռքս:
Անին մեծի նման սեղմեց ձեռքս: -
Ինչի՞ էիր մուտքում նստել:
-
Դրսում անձրև էր:
-
Տուն չունե՞ս:
-
Չէ,- ասաց:
-
Միշտ փողոցո՞ւմ ես ապրել,- սկսեցի հիմար հարցեր տալ:
-
Մանկատնից եմ փախել,- ասաց:
Սթափվեցի: Կարծես ոչ մի կաթիլ չէի խմել, կարծես անցնող օրն ու իրադարձություններն ընդհանրապես չէին եղել: -
Հիմա պառկի-քնի, առավոտյան կխոսենք,- ասացի:
-
Ինձ մանկատուն չես տանի, չէ՞:
-
Քնի, առավոտյան կխոսենք:
Աղջկան տեղավորեցի իմ ննջասենյակում, տաք վերմակով ծածկեցի, իսկ ես պառկեցի հյուրասենյակի բազմոցին: Չէի կարողանում քնել: Բավականին մեծ չափաբաժնով հանգստացնող խմեցի, որ կարողանամ փակել աչքերս... ... Երկու ժամ էի քնել, երբ Գևորգյանի զանգն արթնացրեց: -
Ժամը տասն ա լինում,- ասաց,- իսկ դու դեռ քնած ես:
-
Ներողություն եմ խնդրում, Գևորգյան,- հեգնեցի,- գիշերն էնքան հոգնած էի, մոռացա զանգեմ, երկար քնելու թույլտվություն վերցնեմ:
-
Կարևոր խոսելիք կա: Կարո՞ղ ես գալ:
-
Հա, մի ժամից կգամ:
Ցնցուղի տակ երեկվա օրն էի վերլուծում: Տպավորություն էր, որ ինչ-որ անսովոր թմբիրի մեջ եմ եղել, երազ եմ տեսել, նման բաներ չեն եղել: Հագնվեցի ու մտա ննջասենյակ: Անին նստած էր մահճակալին: -
Նո՞ր ես արթնացել, թե՞ չես քնել,- հարցրի:
-
Ինձ մանկատուն չտանես, խնդրում եմ:
-
Չեմ տանի, վեր կաց` նախաճաշենք:
Ես երկուսիս համար ձվածեղ ու թեյ պատրաստեցի: Առավոտներն ընդհանրապես չեմ նախաճաշում, բայց բացառություն արեցի, որ փոքրիկը մի բան ուտի: -
Անի,- ասացի` նախաճաշելուց հետո,- ես կարևոր գործով պիտի դուրս գամ, երկար չի տևի, դու մնա տանը, հեռուստացույց նայի, ես գնամ-գամ, լա՞վ:
-
Հա, գնա, ես ոչ մի բանի ձեռք չեմ տա:
Իմ տնից հրատարակչություն տասը րոպեի ճանապարհ է, բայց տաքսիով գնացի, որ արագ հասնեմ, ավելի ճիշտ` արագ հետ վերադառնամ: -
Հաշվիչը մի անջատեք, քիչ հետո կգամ,- ասացի վարորդին ու մտա հրատարակչության շենք:
Գևորգյանը կոմպոտ էր խմել, հիմա էլ գդալով բաժակի մեջ մնացած հատիկներն էր լափում: -
Հյութ կուզե՞ս,- ասաց:
-
Չէ, մերսի: Շտապում եմ, Գևորգյան:
-
Խնդիր ունենք,- ասաց:
-
Ի՞նչ խնդիր:
-
Դու գիտես, չէ՞, որ քո վեպը պետական ֆինանսավորմամբ եմ հրատարակում:
-
Ու ի՞նչ:
-
Ու այն, Հարյան, որ «վերևներին» անդրադարձներիցդ մի քանիսը դուր չեկավ: Ասացին` շատ քաղաքականացված հեղինակի եմ ընտրել:
-
Որտե՞ղ քաղաքականություն տեսաք,- հարցրի:
-
Տողատակերում, Հարյան, տողատակերում:
-
Եթե սկզբում ասեիք, որ պիտի հեքիաթ գրեմ, կգրեի:
-
Իզուր ես հեգնում, Արամ,- առաջին անգամ ինձ անունով դիմեց, միշտ, չգիտես ինչու, ազգանվամբ է դիմել:
-
Գևորգյան, ավելի պարզ կխոսե՞ս:
-
Պետության կարևոր խնդիրները շատ սուբյեկտիվ ես ներկայացրել:
-
Ես գրող եմ,- ասացի,- վավերագրող չեմ, իրավունք ունեմ սուբյեկտիվ լինելու:
-
Կարճ կկապեմ, Հարյան, պիտի որոշ հատվածներ փոխես,- ասաց ու վեպս դրեց սեղանին:
Երեք գլուխ ցույց տվեց (որոնց վրա ամենաերկարն եմ աշխատել) ու ասաց, որ էդ հատվածները պիտի կամ հանեմ վեպից կամ գոնե փոխեմ: -
Վեպի մեխը հենց էդ երեք գլուխներն են, Գևորգյան, որ սրանք հանեմ կամ փոխեմ, վեպի արժեքն ու իմաստը լրիվ կկորի:
-
Հակառակ դեպքում պիտի դադարեցնենք համագործակցությունը:
-
Ավելի լավ ա` դադարեցնենք,- ասացի:
-
Ուրեմն կվերադարձնես իմ տված մեկ միլիոնն ու հարցը կփակենք: Երբ միջոցներ կունենաս, ինքդ կտպագրես գիրքդ:
-
Էդ մի միլիոնից համարյա բան չի մնացել,- ասացի` չնայած հազիվ երկու հարյուր հազարը ծախսած լինեի:
-
Դա քո խնդիրն ա: Մենք ժամանակ քիչ ունենք: Մտածիր: Դրա համար երկու օր ունես:
Տեղիցս վեր կացա ու առանց որևէ բան ասելու` դուրս եկա: Ներքևում սպասող տաքսին ինձ տուն հասցրեց: Անին խոհանոցում նստած էր: Նախաճաշի սեղանը հավաքել էր, ամանները լվացել: Շոյեցի գլուխն ու ասացի, որ ուզում եմ` խոսենք: Նստեցինք հյուրասենյակում: -
Ես չեմ ուզում քեզ մանկատուն տանել,- ասացի,- բայց քեզ երկար պահել չեմ կարող: Չկարծես, թե չեմ ուզում, ուղղակի չեմ կարող: Վստահ եմ, որ արդեն քեզ փնտրում են: Շուտով նկարդ ցույց կտան հեռուստացույցով, հասկանո՞ւմ ես:
-
Ես հենց հիմա կգնամ, մենակ թե, խնդրում եմ, ինձ մանկատուն մի տար ու ոչ մեկին ոչ մի բան մի ասա:
-
Ո՞ւր պիտի գնաս:
-
Չգիտեմ, բայց մանկատուն չեմ ուզում: Խնդրում եմ, ինձ մանկատուն մի տար:
-
Կասե՞ս` ինչի ես փախել մանկատնից: Քեզ նեղացնո՞ւմ էին:
-
Չէ, բայց չեմ ուզում մանկատանը մնալ:
-
Ճիշտն ասա, Անի:
-
Ճիշտ եմ ասում, մեր դայակները լավն են, բայց ոնց որ բանտում լինեմ, չեմ գնա, ինչ էլ անես չեմ գնա մանկատուն,- ասաց ու սկսեց լաց լինել:
-
Ինչքա՞ն ժամանակ ա, որ մանկատանն ես ապրում:
-
Մի քանի ամիս:
-
Ծնողներ չունե՞ս:
-
Պապաս ալկաշ էր, մի օր խմած ընկավ մեքենայի տակ, մեռավ: Մամաս ինձ ուղարկում էր փող հավաքելու: Ես չէի ուզում մուրացկանության գնայի, բայց ծեծելով ուղարկում էր: Հետո մի հատ ուրիշ ալկաշի հետ ամուսնացավ, ինձ էլ մանկատուն տարան:
Փոքրիկն այնքան հանգիստ էր պատմում այս ամենի մասին, այնքան սովորականի պես… էնպես չի, որ չէր գիտակցում` ինչ է կատարվել, բայց չափից ավելի ի միջի այլոց էր խոսում գլխով անցածի մասին: Չգիտեի ինչ անել: Ոչ այն է նրան մանկատուն տանեի, ոչ այն է պահեի (մեկը լինի` ինձ պահի): Աղջիկը չէր ուզում մանկատուն վերադառնալ, փողոցում թողնել էլ չէի կարող: Էս մի քանի ժամվա մեջ կարծես հարազատացած լիներ: Երբեմն ինձ թվում է` խելագարվում եմ: Կուկուի գնալուց հետո հաճախ եմ նման զգացողություն ունենում: Գուցե էս փոքրիկի հայտնվելն ինչոր նշան է: Ախր, նա հենց իմ շքամուտքում էր մրսում, ու հենց ես մտա շքամուտք այն ժամանակ, երբ նա այնտեղ էր: Մտածել է պետք: Զանգում եմ մուլտին ու խնդրում, որ գա: Անիին տեսնելով` զարմանում է, չի հասկանում` ինչ է կատարվում: Անին մտնում է ննջասենյակ, ու մենք սկսում ենք խոսել: -
Դու հասկանո՞ւմ ես, որ էս էրեխուն թաքցնելու համար քեզ դատ ա հասնում,ասաց,- պարապ ես մնացել, գլխիդ փորձանքնե՞ր ես հավաքում:
-
Մուլտ, հո դրսում չէի թողնի:
-
Դրսում պետք չի թողնել: Արի մանկատուն տանենք:
-
Չէ, Մուլտ, ինքը փախել ա մանկատնից:
-
Լսի, Արամ, սա ինը տարեկան երեխա ա, դու է՞լ ես ինը տարեկան: Ի՞նչ ես խելքդ դրել հետը: Խորհուրդ ես հարցնում, տալիս եմ. տար մանկատուն:
-
Իսկ եթե մորը գտնե՞նք:
-
Չես ասու՞մ, որ մերն ա մանկատուն հանձնել էս էրեխուն, գտնում ես` ի՞նչ անես:
-
Ես Անիին մանկատուն չեմ տանի:
-
Դու գիտես,- ասաց,- բայց պերեդաչիիդ հարցերով Կուկուին կդիմես, ես կարող ա էս քանի օրը դիրքեր բարձրանամ:
Մուլտի գնալուց հետո ուզեցի Կուկուի հետ խորհրդակցել: Զանգեցի, բայց չպատասխանեց: Մի պահ ցրվեցի փոքրիկ աղջկա մասին մտքերից, ու էլի Կուկուն եկավ մտքիս: Տեսնես ո՞ւր կլինի, ինչո՞ւ չի պատասխանում: Իսկ եթե մեկը կա կյանքում… Չէ, հնարավոր չէ: Չնայած` ինչո՞ւ հնարավոր չէ: Ինչո՞ւ հնարավոր չէ, Արամ Հարյան, էշի մեկը, բա ո՞նց է հնարավոր նախորդ գիշերն անծանոթ ծտի անկողնում անցկացնելը: Բա որ վեներական հիվանդություն ունենա, չտես անասուն: Ու ընդհանրապես, դու կամազուրկ հարբեցող ես, մի շշից քեզ կորցնող դատարկագլուխ: Ո՞նց ես ուզում էս երեխայի համար պատասխանատու լինել: -
Անի, տանը մնա, քիչ հետո կգամ,- ասացի, դուրս եկա ու թակեցի դիմացի դուռը:
Տանտիրուհիս` Իզաբելլան, ինձ ջերմորեն ներս հրավիրեց: -
Տիկին Իզաբելլա,- ասացի,- ժամանակ չունեմ, կարճ խոսելու բան կա:
-
Հո բան չի՞ պատահել,- անհանգստացավ:
-
Դուք իմ տան բանալին ունեք, չէ՞:
-
Նայի որ էլի կորցրել ա: Ես էլ ասեմ` ինչ խոսելու բան պիտի ունենաս: Այ տղա, հազար անգամ ասել եմ` ուշադիր էղի, էս էլ որերորդ անգամն ա: Մի օր քո պատճառով տունս սրբելու են, տանեն:
-
Տիկին Իզաբելլա, նախ եթե սրբեն-տանեն, Ձեր տունը չեն տանելու, իմ իրերն են տանելու, բայց բանալին չեմ կորցրել, լսեք մի հատ:
-
Բա էլ ինչի՞դ ա բանալին պետք:
-
Իմ տանը մի փոքրիկ աղջիկ կա, մի որոշ ժամանակ պիտի իմ տանը մնա: Ես հաճախ եմ գործերով դուրս գալիս, հիմա էլ մի քիչ խառը, զբաղված շրջան ա
մոտս: Խնդրում եմ, տիկին Իզաբելլա, երբ տանը չլինեմ, մեկ-մեկ անցեք, հետևեք երեխային: -
Ի՞նչ երեխա,- կասկածամիտ հայացքով նայեց,- էդ ո՞ւմ էրեխեն ա:
-
Ընկերներիցս մեկի:
-
Պահ,- մատը տնկեց,- ես էլ հավատացի:
-
Բայց ի՞նչ կա չհավատալու:
-
Այ տղա, ո՞ր ծնողն ա գժվել` քո պես բառադիին էրեխա վստահի:
Տիկին Իզաբելլային խաբելն անհնար էր ու անիմաստ: Մտա տուն, մի րոպեից Անիի հետ վերադարձա: Իզաբելլան, երբ իմացավ` ինչ կա իրականում, քիչ մնաց կաթվածահար լիներ: Բայց երկար համոզելուց հետո մի կերպ համաձայնեց մասնակցել էս վտանգավոր խաղին: Փոքրիկին էլ շատ սիրեց: Երեկոյան արդեն բոլոր հեռուստաալիքներով հայտնեցին Անիի անհետանալը:
ԿՈՒԿՈՒՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Կանտը եկավ: Գևորգյանին ասացի, որ երկու շաբաթից նոր կարող եմ վերջնական պատասխան տալ գրքի հաշվով, դժվարությամբ, բայց համաձայնեց սպասել: Կանտի ու Մուլտի հետ նստած էինք քաղաքի սրճարաններից մեկում: -
Փաստորեն, էդ էրեխու հաշվով ամեն ինչ լուրջ ա,- ասաց Կանտը:
-
Հա բա,- իմ փոխարեն պատասխանեց, ավելի ճիշտ` հեգնեց Մուլտը,- դա միայն էրեխա չի, բռատ, համ էլ Արամի գաղութի պուտյովկեն ա: Էն կինոյում ո՞նց էր ասում` «որբին հայրություն ա անում»: Էդ էրեխեն իրանից էրկու տարի ա փոքր...
-
Ձենդ կտրի,- սաստեցի Մուլտին ու դարձա Կանտին,- Կանտ, արդեն մի քանի օր ա` ինձ մոտ ա ապրում:
-
Հասկացա, որ քեզ մոտ ա ապրում, բայց տենց ինչքա՞ն: Էդ էրեխեն հո հավի ճուտ չի, մի օր գտնելու են: Կամ էլ ինչքա՞ն կարա կալանավորի նման տանը մնա:
-
Չգիտեմ, Կանտ, ինչքան մտածում եմ, ոչ մի բան չեմ հասկանում:
-
Լավ,- ասաց,- էդ դեռ կխոսենք: Շաբաթ օրը հավաքվում ենք, տեղն ու ժամը վաղը կասեմ: Մուլտն ընկերուհուն պիտի բերի` ծանոթացնի, Կուկուին կասես, որ բան չպլանավորի:
-
Ավելի լավ ա` դու զանգի,- ասացի:
-
Սաղդ ոնց որ մի տարեկան էրեխա ըլնեք, արա, թե ասա խի՞ էկա, իմ համար հանգիստ ապրում էի…
Մուլտն իբր պատահական բերնից թռցրեց, որ Կուկուն երեկոյան ներկայացում ունի: Մի քիչ քայլեցի քաղաքով ու գնացի թատրոն: Տոմս գնեցի, մի քիչ էլ քայլեցի, մինչև ներկայացման ժամը գար: Ծանոթների հայացքներից հնարավորինս խուսափելով` նստեցի իմ տեղում` յոթերորդ, թե ութերորդ կարգում: Նախքան վարագույրը կբացվեր, զանգեցի Իզաբելլային ու խոսեցի Անիի հետ: Երկուսն էլ ասացին, որ ամեն ինչ լավ է: «Տիկին Իզաբելլայի հետ լոտո ենք խաղում»,- ասաց: Ուրախացա: Ներկայացման մեկնարկից երկու-երեք րոպե հետո Կուկուի մուտքն էր: Երբ դուրս եկավ, ոչինչ ու ոչ ոք չէր նկատվում բեմում: Ոչ լույսերի խաղն էիր նկատում, ոչ երաժշտությունն էիր լսում… Միայն Կուկուն էր ու իր դասական կանացիությունը, միայն Կուկուն ու իր ջանք չթափած շքեղությունը: Ընդամենը վայրկյաններ էին պետք, որ բեմն ու հանդիսատեսն ամբողջովին իրենը լինեն… Թվում էր` բեմը վախից ու տագնապից դողում էր նրա ոտքերի տակ, էլի մի քանի վայրկյան ու երկրաշարժ կլինի… Ձայնի ամեն տատանումից հետո ցնցվում էիր… Թիթեռի պես թեթև շարժումներից գլուխդ պտտվում էր, հասկանում էիր, որ ուրիշ մոլորակ ես ընկել… Կուկուի մոլորակը… Ներկայացման ավարտից հետո աննկատ դուրս եկա: Թատրոնի դիմաց սպասում էի նրան: Աչք ցավեցնող լիալուսին էր: Մոտ մի ժամ կանգնեցի դռների մոտ, մինչև Կուկուն դուրս եկավ` ձեռքին մի աշխարհ ծաղիկ: -
Շնորհավոր, Կուկ,- մոտեցա նրան,- շատ լավն էիր:
-
Ներսո՞ւմ էիր,- զարմացած ժպտաց ու ծաղիկները դրեց կողքի նստարանին:
-
Ներսում էի,- ասացի:
-
Ի~նչ մեծ պատիվ,- հեգնեց ու հենց հաջորդ պահին նետվեց գիրկս:
Կարոտել էի Կուկուին: -
Անակնկալ ունեմ,- ասացի,- տեղ ենք գնում:
-
Ո՞ւր:
-
Տուն:
Ճանապարհին մտա խանութ ու գնումներ արեցի: Ներկայացումը մտքիցս դուրս չէր գալիս: Կուկուի կատարումը փայլուն էր: Դեռ երկու տարի առաջ նրան խոստացա, որ իր համար մենաներկայացում կգրեմ: Մի քանի շտրիխներ արեցի ու կիսատ թողեցի: Սկզբում անընդհատ հարցնում էր, հետո սկսեց չհարցնել, մի օր էլ անսպասելի
ասաց` «կարող ա՞ փող ես ուզում, դրա համար չես գրում», հետո ավելացրեց` «քեզ պահի քո պիեսը, ուրիշին կպատվիրեմ»: Մինչև հիմա չեմ գրել: ... Կուկուն չհավատաց աչքերին, երբ տեսավ Անիին ու իմացավ եղելությունը: -
Հո դու աննորմալ չես,- ասաց ցածրաձայն, որ Անին չլսի,- հասկանո՞ւմ ես` ինչ ես անում, մեկը լինի քեզ պահի: Համ էլ կբռնեն քեզ:
-
Էս էրեխեն չի ուզում մանկատանը մնալ, մերն էլ, հաստատ, հետևից չի գա:
Կուկուն մինչև ուշ գիշեր մնաց: Խոստացա, որ եթե էս ամենի լուծումը չգտնեմ, մոտ օրերս նրան կտանեմ հետ` մանկատուն: -
Էստեղ մնա,- ասացի,- էս ժամին էլ ո՞ւր ես գնում:
-
Մի ոգևորվի,- ասաց,- ուղղակի կարոտել էի քեզ,բայց դա ոչինչ չի նշանակում:
Կուկուի գնալուց հետո նկատեցի, որ Էլիզը մի քանի անգամ զանգել է: Հետ չզանգեցի: Քիչ հետո էլի զանգեց: -
Ո՞նց ես,- հարցրեց:
-
Լավ եմ, մերսի:
-
Փաստորեն, դու էլ ես էն տղամարդկանցից, որ հենց կնոջ հետ քնում են, էլ ոչ զանգում են, ոչ էրևում:
-
Ես քեզ հետ քնելուց առաջ էլ չեմ զանգել ու էրևացել:
-
Ինչի՞ ես էդպես խոսում:
-
Հոգնած եմ ուղղակի:
-
Ուզում եմ` հանդիպենք:
-
Մոտ օրերս կհարմարացնեմ, կզանգեմ:
-
Պարզ ա, ցրում ես:
-
Չէ,- ասացի,- իսկապես խառն եմ:
Անիի քնելուց հետո բացեցի ծննդյանս օրը Մուլտի բերած կոնյակը, լցրի ու դրեցի առջևս: Չէի կարողանում խմել: Կուկուն, միայն Կուկուն էր մտքիս: Էդ գրողի տարած ներկայացումը երևի չպիտի նայեի: Նորից սիրահարվեցի: Էս անգամ ավելի ուժգին, ավելի հասուն, ավելի անդառնալի: Քիչ առաջ, երբ երեքով նստած էինք էս անտեր բազմոցին, ու Կուկուն զրուցում էր Անիի հետ, մտածեցի, թե ինչ գեղեցիկ ընտանիք կստացվեր մեզանից: Էդ պահին մենակության, անտերության` սիրտ ծակող զգացում ունեցա: Հիմա ավելի խորն է էդ զգացումը, երբ Կուկուն գնացել է, ու մենակ նստած եմ
էս հնամաշ բազմոցին: Կում եմ անում կոնյակից: Հետո էլի մի կում: Ամեն կումից հետո ավելի եմ հասկանում մենակությունս: Ամեն ինչ ու ամենքին վանեցի ինձնից, կյանքս անմարդաբնակ կղզի դարձրի ու Ռոբինզոնի պես աջ ու ձախ եմ նայում: Էդ ապուշը գոնե Ուրբաթ ուներ, ես ի՞նչ ունեմ, ես ո՞ւմ ունեմ: Նորից կոնյակ եմ լցնում: Քեզ համար եմ խմում, Կուկ, ինձ համար էլ, ապրելուս համար, չմեռնելուս համար... ու էն բոլոր երեխաների համար, որ կարող էինք ունենալ... քեզ նման ուժեղ, գեղեցիկ, մաքուր... կամ ինձ նման սրիկա... … Առավոտյան նստել էի համակարգչի առաջ ու վեպս ծայրից ծայր կարդում էի: Գևորգյանի նշած գլուխները` մի քանի անգամ: Ոչ մի կերպ չեմ կարողանում փոխել էդ հատվածները: Կարողանամ էլ` չեմ փոխի: Տասնմեկի կողմերն էր, երբ դուռը թակեցին: Անին միանգամից ննջասենյակ փախավ: Էլիզն էր: -
Ախր, ասացի, չէ՞, որ շատ զբաղված եմ:
-
Ներս կհրավիրե՞ս, թե՞ դուռը երեսիս ես փակելու:
-
Արի,- ասացի ու դուռը փակեցի նրա հետևից:
Նստեց բազմոցին ու ծխախոտ վառեց: -
Կոֆե կուզե՞ս,- հարցրի:
-
Չէ, մի քանի րոպեով եմ մտել, խոսելու բան ունեմ:
-
Լսում եմ:
-
Լսի, էն օրվանից հետո չգիտեմ` հետս ինչ ա կատարվում,- հետո ծիծաղելվ ավելացրեց,- ոնց որ սիրահարվել եմ քեզ, գիտե՞ս:
-
Սիրահարվելը ո՞րն ա:
-
Բառերից մի բռնվի, ես լուրջ եմ խոսում:
-
Էլիզ, արի իրար ճիշտ հասկանանք: Մենք արագ մտերմացանք, դու ինձ դուր ես գալիս, բայց…
-
Էն գիշեր...
-
Էն գիշեր,- ասացի,- ամեն ինչ հիանալի էր: Խմել էինք, գժվել: Արի ամեն ինչ թողնենք էնպես, ոնց կա: Չեմ ուզում քեզ խաբել, Էլիզ:
-
Հիմարի մեկն ես,- ասաց:
-
Հարց չկա:
Էլիզն, առանց որևէ բան ասելու, գնաց: Անին դուրս եկավ ննջասենյակից, նստեց կողքիս ու ասաց. -
Էդ ինչքան շատ աղջիկներ են քո տուն գալիս:
-
Ինչքա՞ն շատ,- ժպտացի:
-
Էսօր էս աղջիկն էկավ, էրեկ Կուկուն… Լսի, դու իրան ինչի՞ ես Կուկու ասում, էրեխեքին են տենց ասում:
-
Ինքն էլ ա երեխա,- ժպտացի,- մեծ երեխա ա… քեզ նման:
-
Քեզանից բան չեմ հասկանում:
-
Պետք էլ չի, պուճուրս, ավելի լավ ա գնա խոհանոց, սուրճ պատրաստի` խմեմ:
ՇԱԲԱԹ ՕՐԸ Կանտն ուղիղ յոթին բոլորիս ռեստորան էր հրավիրել: Երբ տեղ հասա, Մուլտի հետ նստած օղի էր խմում: -
Էս մարդ չի էկե՞լ,- հարցրի:
-
Կարող ա՞ մենք դելֆին ենք,- ասաց Կանտն ու լցրեց բաժակս:
-
Քեզ հատկապես ո՞վ ա հետաքրքրում,- քմծիծաղեց Մուլտը:
-
Որ ասեմ նոր ընկերուհիդ, կհավատա՞ս:
-
Կուկուն մի քանի րոպեից կհասնի,- ժպտալով ասաց Կանտը:
Կանտն ու Կուկուն միայն հեռակա էին շփվել` ինտերնետով ու հեռախոսով: Երբեք չէին հանդիպել, որովհետև երբ Կուկուի հետ ծանոթացա, Կանտն արդեն էստեղ չէր: -
Դե հիմա, իսկականից, բարի գալուստ,- ասացի ու վերցրի բաժակը:
-
Գիտեմ, որ գալուս համար շատ ես ուրախացել, բայց էդ չի նշանակում, որ պիտի էնքան խմես` ամեն անգամվա օրն ընկնես, հիշում ես, չէ՞, էսօր Մուլտի ընկերուհին ա գալու, պիտի լավ տպավորություն թողնենք:
-
Էդ ո՞վ ա բողոքել խմելուցս, Կուկո՞ւն, թե՞ Մուլտը:
-
Համը մի հանի: Խմելդ չչափավորես, զոռով կտանեմ դիսպանսեր` հարկադիր բուժման:
-
Պապուդ տար դիսպանսեր,- խմեցինք:
Քիչ հետո Կուկուն եկավ: Նստեց ու սկսեց մեզ հետ խմել: -
Մուլտ, բա ո՞ւր ա ընկերուհիդ:
-
Մի քիչ հետո կհասնի, Կուկ ջան, ճանապարհին ա:
Կանտը, բաժակները լցրեց ու դարձավ ինձ. -
Արամ,- ասաց ծիծաղելով,- ոնց որ մանկապարտեզում լինենք:
-
Ինչի՞:
-
Բա հլը անուններն զգա` Կուկու, Մուլտ:
Կուկուի ծիծաղը պայթեց ռեստորանում: -
Էս դախն էր էլի,- ասաց` իմ կողմը ցույց տալով:
-
Ձեր մեջից մենակ իմ անունն ա քչից-շատից նորմալ,- ասացի ու մի բաժակ էլ խմեցի:
Նկատում էի, որ ամեն անգամ, երբ բաժակը սեղանից վերցնում էի, Կուկուն զննող հայացքով (իբր էնպես, որ չնկատեմ) ինձ էր նայում: -
Կուկ,- ասաց Մուլտը,- կուզե՞ս` ասեմ քեզ համար շամպայն կամ լիկյոր բերեն:
-
Լիկյոր ընկերուհուդ համար ուզի,- ասաց Կուկուն,- էսքան ժամանակ չհասկացա՞ր, որ տենց ղզիկ բաներ չեմ անում:
Կանտը ծիծաղեց: -
Մուլտ,- ասաց Կուկուն,- մի հատ էլ զանգի էդ աղջկան, անհամբեր եմ, ուզում եմ` տեսնեմ` քեզ ում ենք տալու,- ծիծաղեց:
-
Կհասնի քիչ հետո,- ժպտաց Մուլտը,- մի քիչ էլ դիմացի:
Մուլտը լցրեց բաժակները, Կուկուն, վերցրեց իր բաժակը, հանդիսավոր կանգնեց ու ասաց. -
Կենաց ունեմ:
Բոլորս լրջացանաք: -
Ուզում եմ ձեր երեքի համար խմեմ:
-
Բոլորիս համար, Կուկ ջան,- մեջ ընկավ Մուլտը:
-
Չէ, հենց երեքիդ: Քիչ ա լինում, որ ընկերներն էսքան ընկեր են լինում,- ընկեր բառը շեշտված ասաց,- երեքիդ էլ շատ եմ սիրում: Միշտ էսքան ամուր ու միասին էղեք:
Խմեցինք: Մուլտի բջջայինը զնգաց. ընկերուհին հասել էր: -
Գնամ-դիմավորեմ,- ասաց ու շամպայնի խցանի պես դուրս թռավ:
Մատուցողները բերեցին տաք ուտեստները, Կանտը մի մեծ կտոր միս վերցրեց ու սկսեց չտեսի պես ծամել: -
Այ ախպեր,- ասաց,- կարոտել էի մեր խորովածին, ընդեղի բարբիքյուները շունն էլ չի ուտի:
-
Հետդ մի էրկու պորցիա տար,- ծիծաղեց Կուկուն:
Սրահի դռները բացվեցին, ու քիչ մնաց կաթվածահար լինեմ: Մուլտը ներս մտավ… Էլիզի հետ… Գրողը տանի, եթե հրաշք կատարվի, չեմ մեռնի: Էլիզը Մուլտի կողքին: Եթե էս ամեն ինչն ուրիշի հետ կատարվեր, չէի հավատա: Զգում եմ, որ սիրտս սկսում է չենթարկվել, դժվար եմ շնչում: Կինոժապավենի նման աչքիս առաջով անցնում են Էլիզի հետ ունեցած վերջին օրերը: Նույն սեղանի շուրջ հավաքված ենք ես, Մուլտն, Էլիզն ու Կուկուն միաժամանակ: Երնեկ քեզ, Կանտ... Էլիզը մի պահ վեր թռավ ու հիմա հանգիստ է պահում իրեն: Սեղմում է Կանտի ձեռքը, ծանոթանում, հետո Կուկուին է մոտենում: -
Հայկը Ձեր մասին շատ ա պատմել,- ժպտում է,- Դուք լեգենդար Կուկուն եք, չէ՞:
-
Մուլտ, ես լեգենդա՞ր եմ,- Կուկուն ծիծաղում է:
Էս ինձ մղձավանջ է: Հիմա ձեռքն ինձ կմեկնի: Մոտենալու միլիմետրերն եմ զգում անգամ: -
Էլիզ:
-
Շատ հաճելի է, Արամ:
-
Գիտեմ: Սիրում եմ Ձեր գրականությունը, հետևում եմ Ձեր աշխատանքին,լկտիաբար նայում էր աչքերիս մեջ ու ձեռքը բաց չէր թողնում:
-
Շնորհակալ եմ,- ասում եմ` խաղի մեջ մտնելով:
Սեղանից վերցնում եմ բաժակն ու պարպում օղին: Հետո եմ նկատում, որ Կանտի բաժակն էր: Բոլորը տարված խոսում են, ոչ ինչ-որ բան են նկատել, ոչ հասկացել, բայց մեկ է, տեղս չեմ գտնում: Ես ոչինչ չեմ իմացել, մտքիս ծայրով անգամ չէր կարող
անցնել, Մուլտն անգամ իր սիրած կնոջ անունը չի ասել, բայց միևնույն է ընկերոջս առաջ ինձ սարսափելի մեղավոր եմ զգում: Մյուս կողմից էլ Կուկուն: Մի բաժակ էլ եմ խմում, Կուկուի թարս հայացքն էնքան մեկ է էս պահին: Ոնց որ ամենադժվարն անցավ, ասածս հրաշքը կատարվեց` չմեռա: -
Արամ,- իր զզվելի խաղը շարունակեց Էլիզը,- չգիտեմ` Հայկն ասել է, թե չէ` ես լրագրող եմ:
-
Չի ասել,- կոպիտ պատասխանեցի ու տեսա, որ մնացածն էլ նկատեցին կոպտությունս:
-
Կուզեի` Ձեզ հետ հարցազրույց ունենալ: Վաղուց եմ ուզում գրականության մասին նյութ պատրաստել:
-
Ըհը, անպայման:
-
Որ Հայկի հետ նոր էինք ծանոթացել, ու իմացա, որ նրա ընկերն եք…
Քո մերը… Նախադասության շարունակությունը չլսեցի: Փաստորեն, էս պոռնիկը հենց սկզբից իմացել է, որ ես Մուլտի ընկերն եմ, ուրեմն սա դիտավորյալ է սկսել էս խաղը: Մեքենան, իհարկե, դիտավորյալ չի խփել, բայց հետս ծանոթանալուց հետո… Բայց ինչի՞ համար: Ո՞րն է էս ամենի իմաստը: Ոչինչ չէի հասկանում: Ինձ թվում էր` էս ամենն ինձ հետ չի կատարվում, ինձ թվում էր` կողքից էի նայում: -
Խնդիր չկա,- ասացի,- մոտ օրերս կպայմանավորվենք:
-
Շնորհակալ կլինեմ,- դեմքին ցինիկ ժպիտ նկարեց ու սկսեց ափսեում եղած աղցանը որոճալ:
Քիչ հետո ասացի, որ ուզում եմ դուրս գալ: -
Ի՞նչ ա պատահել, ապեր,- Մուլտն անակնկալի եկավ:
-
Ոչ մի բան, ուղղակի լավ չեմ զգում:
Կուկուն անհանգստացավ: -
Արի` տուն տանեմ քեզ:
-
Չէ, Կուկ,- ասացի,- դուք նստեք, ամոթ ա, էս աղջիկը նոր ա էկել: Տաքսի կվերցնեմ, կգնամ:
Հրաժեշտ տվի բոլորին, Էլիզին ասացի, որ «հաճելի էր ծանոթանալը» և դուրս եկա: Կուկուն հետևիցս դուրս եկավ: Հյուրանոցի ֆոյեում կանգնած էինք: -
Մի բան էղել ա` ինձ չես ասում:
-
Չէ:
-
Ես չեմ հարցնում,- ասաց կտրուկ,- ես ասում եմ, որ էդպես ա:
-
Կուկ, սիրտս լավ չի ուղղակի:
-
Էդ դեպքում ինչի՞ չես ուզում` հետդ գամ:
-
Որովհետև պետք չի Մուլտին մենակ թողնել, իր երեկոն ա էսօր:
-
Խաբում ես ինձ:
-
Կուկ, խնդրում եմ, հարցեր մի տուր:
-
Հարցեր չեմ տալիս, ինձ կուզես` արա,- շպրտեց դեմքիս ու հետ գնաց:
Սկսեցի քայլել: Ինձ թվում էր` աշխարհը գլխիս փուլ է եկել: Երևի սա էն գինն էր, որ պիտի վճարեի Կուկուի հետ էդպես վարվելու համար, էն գինն էր, որ իմ փոխարեն ընկերս պիտի վճարեր:.. Փողոցում կյանք կա, մարդիկ ժպտալով քայլում են: Ինչո՞ւ չպիտի ժպտան: Նրանցից և ոք մեկն իր կյանքի երկու ամենահարազատ մարդկանց միաժամանակ չի դավաճանել: Ոտքերս ինձ տանում են դեպի քաղաքի մյուս կողմ Էստեղ մութ է, գրեթե մարդ չկա: Հեռվում ինչ-որ լույս է երևում: Ծառերի տակ սեղաններ են դրված, մարդիկ գարեջուր են խմում: Ներս եմ մտնում: -
Գարեջրի հետ ինչ-որ բան կցանկանա՞ք,- հարցնում է բարակ, սմքած աղջիկը:
-
Դուք երբևէ ինչ-որ մեկին դավաճանե՞լ եք,- հարցնում եմ:
-
Ի՞նչ:
-
Չէ, ոչինչ չեմ ցանկանա:
Դրսում դրված հեռուստացույցով Մեսչյանն է երգում...
«Երկիր անաստված, ինձ մեկ ժամ էլ կրիր, Մերկացած իմ ջիղերը` մեկ ժամ էլ լարվեն Խոստանում եմ ձեզ, որ բեռ չեմ լինի, Մի քիչ էլ ինձ, կյանք, մի քիչ համբերիր»...
«Մեսչյան, էս բոլորը քիչ էին, հիմա էլ դու»,- մտածում եմ, գավաթում եղած ամբողջ գարեջուրը քաշում գլուխս ու դուրս գալիս: ... Շենքի աստիճանները մի կերպ եմ բարձրանում, սիրտս տեղի է տալիս ծակոցներին, քթով շնչել չեմ կարողանում: Երկու-երեք րոպեում հազիվ գտնում եմ բանալու անցքը: Անին ննջասենյակում չէ: Երևի տիկին Իզաբելլայի տանն է մնացել: Էս ժամին չեմ արթնացնի: Մի կերպ ինձ շպրտում եմ բազմոցին: Սեղանիս թուղթ է դրված` դժվար ընթեռնելի գրությամբ: Մի կերպ վերծանում եմ... «Էսօր հեռուստացույցով էլի իմ նկարը ցույց տվեցին, ասեցին, որ միլիցաները ինձ են ման գալիս, ես չեմ ուզում, որ իմ պատճառով քեզ բռնեն: Ես գնում եմ: Խոսք եմ տալիս` մուրացկանություն չեմ անի: Կգնամ, մամայիս կտեսնեմ ու կգնամ ուղիղ մանկատուն: Մամայիս կարոտել եմ, շատ եմ կարոտել: Քեզ էլ եմ կարոտելու, Իզաբելլա տատիկին էլ, Կուկուին էլ: Էնքան լավ էր, մի քանի օրով էլի պապա ունեցա: Էն որ ասել էի` ոչ մի բանի ձեռք չեմ տա, որ տանը չլինես, խոստումս պահել եմ: Մենակ գրքերի տեղից քո գրքերն եմ վերցրել, որ մեծանամ-կարդամ: Հենց մեծանամ, էլի կգամ մոտդ ու եթե ուզես, էլի միասին կապրենք: Ես քեզ շատ կկարոտեմ: Եթե կարող ես, Կուկուին բեր, թող քո հետ ապրի: Հաջող»...
ՀԵՏՈ… Լուրերով հայտնեցին, որ մանկատնից փախած երեխան գտնվել ու վերադարձվել է մանկատուն: Կանտի նախաձեռնած երեկոյից արդեն հինգ օր է անցել, բայց ոչ Մուլտի հետ եմ խոսել, ոչ Կուկուի: Մի անգամ Կանտին եմ հանդիպել ու վերջ: Մի անգամ որոշեցի Էլիզին զանգել, ստանալ հարցերիս պատասխանները, բայց վերջին պահին հետ կանգնեցի: Գևորգյանը մի քանի անգամ զանգել էր, չէի պատասխանել: Մի առավոտ էլ, երբ պատրաստվում էի դուրս գալ տնից, Կուկուն զանգեց: -
Ո՞նց ես,- հարցրեց:
-
Նորմալ, քեզանից ասա:
-
Սովորական: Երեկոյան արի:
-
Կգամ,- ասացի:
Այս օրերի ընթացքում հասցրել էի մտածել Գևորգյանի առաջարկի մասին (եթե կարելի էր դա առաջարկ համարել): Մի քանի անգամ ծանր ու թեթև արեցի ու որոշեցի, ամեն դեպքում, չհամաձայնել Գևորգյանի պայմաններին: Մինչև երեկո ահագին ժամանակ կա, կարելի է Գևորգյանին տեսնել: -
Կարելի՞ է,- հարցրի` Գևորգյանի աշխատասենյակ մտնելով:
-
Համեցիր, Հարյան,- դեմքին տարօրինակ ժպիտ կար:
Գևորգյանը բացեց չհրկիզվող պահարանը (ինձ թվաց` ուզում է էլի փող տալ), հանեց կոնյակի շիշն ու երկու բաժակ: -
«Դվին» ա, Հարյան, առնվազն քառասուն տարվա:
Գևորգյանը լցրեց բաժակները: Չկարողացա թաքցնել զարմանքս: Ես ու Գևորգյանը երբեք «մի լեզվով չենք խոսել», ու հիմա նա ինձ կոնյակ է հյուրասիրում: -
Մտածեցի՞ր, Հարյան,- հարցրեց, երբ խմեցինք առաջին բաժակ կոնյակը:
-
Մտածեցի: Կներես, բայց պիտի հրաժարվեմ:
Գևորգյանի հայացքից հասկացա, որ մերժումս նրա համար չափից ավելի սովորական ու սպասելի էր: -
Արամ,- ասաց` բաժակներոը նորից լցնելով,- ես քեզ հասկանում եմ, չես էլ պատկերացնի` ինչքան լավ եմ հասկանում:
-
Հա, մի քիչ դժվար ա պատկերացնելը:
-
Իսկ դու փորձիր պատկերացնել:
-
Եթե հասկանում ես, էդ դեպքում ո՞րն ա խնդիրը:
-
Վերևները, Հարյան, վերևները:
-
Դրա համար էլ եկել եմ համագործակցությունից հրաժարվելու:
-
Ես խնդիրներ կունենամ, եթե չտպենք,- ասաց խեղճացած:
-
Իսկ եթե տպենք, ես խնդիրներ կունենամ, Գևորգյան,- խմեցի կոնյակն ու ավելացրի,- ինքս ինձ հետ:
Գևորգյանին ասացի, որ մոտ օրերս իր տված գումարը կվերադարձնեմ: Որքան էլ սպասել էի վեպիս լույսընծայմանը, որքան էլ մեկ տարվա աշխատանքս, կարելի է ասել, ջուրն էր ընկել, մեկ է, հրատարակչությունից դուրս գալուց հետո ինչ-որ տարօրինակ թեթևություն էի զգում: Մինչև երեկո թափառեցի քաղաքում, երեկոյան ութը կլիներ, երբ հասա Կուկուի տուն: Ընթրեցինք, գինի խմեցինք, խոսեցինք: Իմացա, որ անցյալ օրն Անիին է այցելել: Ուրախացա: Հետո, սեղանը հավաքելիս, անսպասելի ասաց. -
Էրկու օր առաջ Մուլտի ընկերուհին էր մոտս:
Սառը ցնցուղի պես մի բան էր: -
Ինչի՞ էր էկել,- հարցրի` փորձելով ձևացնել, թե ամեն բան կարգին է:
-
Ուղղակի:
-
Ընկերություն եք անում, փաստորեն:
-
Ես մի շաբաթում չեմ կարողանում մարդկանց հետ ընկերություն անել: Մուլտից էր վերցրել համարս: Ասեց` ուզում ա շփվել հետս: Վատ աղջիկ չի: Մի քիչ տարօրինակ ա, բայց լավն ա:
Կուկուն սուրճ պատրաստեց: Նրա հայացքում էլի ինչ-որ տարօրինակ հոգնություն կար, անհասկանալի, անմեկնելի հիասթափություն: -
Տարօրինակ ես, Կուկ,- ասացի,- ի՞նչ ա պատահել:
-
Ոչ մի բան, ուղղակի ամեն ինչից հոգնել եմ:
-
Ամեն ինչից հոգնելը ո՞րն ա:
-
Չգիտեմ, ոչ մի բանի հավես չունեմ: Ամեն ինչից հիասթափված եմ:
-
Ես եմ, չէ՞, մեղավոր,- հարցրի:
-
Արի փակենք թեման, խնդրում եմ:
Հասկանում էի, որ ամեն ինչի մեղավորը ես եմ: Կուկուն ամեն բան արեց, ամեն ինչի գնաց, որ մեզ մոտ մի բան ստացվի, իսկ ես էլի նույնը: Նա ամեն անգամ որոշում է թողնել ինձ, ամեն անգամ ինքն իրեն համոզում է, որ ինձ հետ ապրելն անդունդի եզրով քայլելու պես բան է, բայց վերջին պահին էլի կողքիս է մնում: Չի կարողանում ինձ թողնել: Չգիտեմ` դեռ սիրում է, թե էդ սիրելն արդեն ուրիշ բանի է վերածվել, բայց կողքիս է մնում: -
Զանգենք Կանտին` մի տեղ դուրս գանք,- ասացի:
-
Տնից դուրս գալու հավես չունեմ, զանգի, թող ինքը գա:
Կեսգիշերին մոտ Կանտը եկավ: Հետը գարեջուր ու խեցգետին էր բերել: -
Վերջում դու ես հավաքելու էս ամեն ինչը,- ասաց Կուկուն,- ես ռակից զզվում եմ:
-
Զզվում ես, էսքան ուտում ես, բա չզզվեիր, ի՞նչ էինք անելու,- ծիծաղեց Կանտը` տեսնելով` ոնց է Կուկուն ինքնամոռաց հերձում խեցգետիններին:
-
Ուտելուց չեմ զզվում, հավաքելուց եմ զզվում:
Կանտը գարեջուր լցրեց մեզ համար: -
Գալուցս բան չհասկացա,- ասաց,- ոչ մի բան չհասցրի, բայց արդեն գնալուս ժամանակն ա:
-
Ե՞րբ ես գնում,- հարցրեց Կուկուն:
-
Երեք օրից:
Քիչ անց Կուկուին զանգեցին: Խոսեց ու երջանիկ ժպիտով ասաց. -
Նարեն ա, էկել ա Մոսկվայից:
Նարեն Կուկուի ընկերուհին էր, Կուկուի ամենամտերիմ ընկերը: -
Աչքդ լույս,- ասացի:
-
Ասեց, որ գալիս ա,- ոգևորված շարունակեց Կուկուն:
Կանտին պատմեցինք Նարեի մասին: -
Կուկ, լավն ա՞,- աչքերը խոշորացրեց Կանտը:
-
Խելոք մնա,- կես-կատակ սաստեց Կուկուն,- համ էլ Նարեն սփյուռքահայերին տանել չի կարողանում:
Կուկուն գիտեր, որ Կանտը ամենաշատը նյարդայնանում է, երբ իրեն սփյուռքահայ են ասում: -
Ժողովուրդ, մտքովս բան անցավ,- հայտնագործություն արածի պես ասաց Կանտը,- բերեք Մուլտին ու Էլիզին էլ զանգենք:
-
Էս ժամի՞ն,- ասացի ինքնաբերաբար:
Կուկուն ու Կանտը զարմացած նայեցին ինձ: Կանտը հավաքեց Մուլտի հեռախոսահամարը, սկզբում զանգերը գնացին, հետո Մուլտի հեռախոսն անհասանելի դարձավ: -
Սպասեք` Էլիզին զանգեմ,- ասաց Կուկուն ու վերցրեց հեռախոսը:
Էլիզը Կուկուին ասաց, որ Մուլտին տագնապով զորամաս են կանչել, բայց մանրամասներից տեղյակ չէ: Կուկուն հրավիրեց Էլիզին: -
Արի,- ասաց,- Մուլտը կվերջացնի, կմիանա մեզ, համ էլ ընկերուհիս ա Մոսկվայից էկել, կծանոթացնեմ:
«Երեկոս փչացավ»,- մտածեցի, բայց ձևացրի, թե ամեն ինչ կարգին է: Երբ Կուկուն գնաց խոհանոց, Կանտը ցածրաձայն (որպեսզի Կուկուն չլսի) ասաց. -
Պարզ էրևում ա, որ Մուլտի ընկերուհին սրտովդ չի:
Չհասկացա` որտեղից էր նկատել: -
Իմ սրտով ինչի՞ պիտի լինի, կարևորը` Մուլտի սրտով ա:
-
Ասում եմ` էրևում ա, որ էդ աղջկա հետ չունես:
-
Ինչի՞ց վերցրիր:
-
Էն օրվա դեպքերից,- ասաց,- հետը շատ կոպիտ խոսեցիր, հետո էլ վեր կացարգնացիր:
-
Էդ օրը լավ չէի զգում, Մուլտի ընկերուհու հետ կապ չունի:
Դռան զանգը հնչեց: Նարեն էր: Գրկեց Կուկուին, հետո ինձ, ապա ծանոթացավ Կանտի հետ: Խեցգետնից հրաժարվեց: Կուկուն ինձ ու Կանտին բառացիորեն ստիպեց, որ հավաքենք սեղանը: Հետո թեյ ու խմորեղեն բերեց: Էդ ընթացքում հասավ նաև Էլիզը: Դիտավորյալ, թե պատահաբար նստեց ուղիղ իմ դիմաց: -
Էդ ի՞նչ տագնապի մասին էիր ասում,- հարցրեց Կանտը:
-
Չգիտեմ,- ասաց,- միասին նստած էինք սրճարանում, զանգեցին-կանչեցին: Մենակ ասեց, որ խառը վիճակ ա:
-
Որտե՞ղ ա խառը վիճակ,- հարցրի:
-
Չգիտեմ, էդքանն ասեց ու վազելով դուրս եկավ:
-
Սպասեք հեռուստացույցը միացնեմ,- ասացի:
-
Դու ե՞րբ ես տեսել, որ հեռուստացույցով նորմալ բան ասեն,- դժգոհ վրա բերեց Կուկուն:
Քիչ հետո Մուլտը զանգեց Էլիզին, ասաց, որ զորամասում է ու իր հետ ամեն ինչ կարգին է: Հետո Նարեն սկսեց Էլիզին հարցեր տալ: -
Բա ե՞րբ եք պատրաստվում ամուսնանալ:
-
Չգիտեմ,- ուսերը թափ տվեց Էլիզը,- երևի մինչև տարեվերջ:
-
Մնացիք դուք,- ասաց Կանտը` ինձ ու Կուկուին նկատի ունենալով:
Ես ոչինչ չպատասխանեցի, Կուկուն էլ թե` -
Երնեկ հավեսիդ, Կանտ:
Հեռուստատեսությամբ հայտնեցին, որ հակառակորդն ինտենսիվ կրակում է մեր սահմանի ուղղությամբ: -
Էս պատերազմը մի օր վերջանալու ա՞, թե՞ չէ,- մտահոգ ասաց Կանտը:
-
Քեզ համար մեկ չի՞,- հեգնեց Կուկուն,- մեկ ա, դու ուրիշ երկրի քաղաքացի ես,հետո երևի հասկանալով, որ մի քիչ չափն անցել է, ավելացրեց,- կատակ էի անում:
Գիշերվա չորսն էր արդեն: Էլիզն ասաց, որ ուզում է տուն գնալ: -
Առավոտյան աշխատանքի եմ, մանավանդ, որ երկրում խառն ա, լիքը գործ կունենանք անելու, գնամ` մի քիչ հանգստանամ:
Էլիզը վեր կացավ ու բոլորին հրաժեշտ տվեց: Երբ քայլում էր դռան կողմ, Կուկուն դարձավ ինձ. -
Ի՞նչ ես նստել:
-
Կանգնե՞մ,- ասացի:
-
Ճանապարհի Էլիզին:
«Ինձ միայն սա էր պակաս»,- մտածեցի ու Էլիզի հետ դուրս եկա: Մինչև Էլիզի մեքենան (որն արդեն նորոգել էին) մի քանի մետր էր, այդ ճանապարհը քայլեցինք լուռ, առանց որևէ բառ փոխանակելու: Երբ արդեն նստում էր մեքենան, հարցրեց. -
Ինձ բան չունե՞ս ասելու:
-
Ի՞նչ պիտի ունենամ:
-
Ոչ մի հարց չե՞ս ուզում տալ:
-
Պատկերացրու` չէ:
-
Խաբում ես: Հիմա հարց տալու ցանկությունից սիրտդ կպայթի: Լավ, գիտեմ` ինչ ես հարցնելու: Պատասխանեմ: Հա, ես իմացել եմ, որ Հայկի ընկերն ես: Ճիշտ ա, վթարի տեղը դեմքդ չհիշեցի ու մտքովս անգամ չանցավ, բայց որ բարձրացանք վերև ու անունդ ասեցիր, արդեն ամեն ինչ պարզ էր:
-
Հիմա ինչի՞ ես էս ամեն ինչը պատմում:
-
Ուղղակի հավանեցի քեզ ու քնեցի հետդ: Էդքան բան: Հա, ի դեպ, եթե ուզում ես, կարող ես ընկերոջդ պատմել:
-
Դու լավ գիտես, որ չեմ անի:
-
Չես անի, որովհետև…
-
Չեմ անի, որովհետև Մուլտն իմ ամենաթանկ մարդկանցից ա, չեմ ուզում ընկերս տառապի:
-
Չէ, Արամ,- քմծիծաղեց,- չես պատմում, որովհետև Մուլտը չի հավատա, որ չես իմացել` ով եմ:
-
Դու կամ պոռնիկ ես, կամ հոգեկան:
-
Ես հոգեկան պոռնիկ եմ,- ծիծաղեց, համբուրեց այտս ու նստեց մեքենան:
Խեղճ Մուլտ… Որոշեցի Կանտին ամեն բան պատմել: Չգիտեի` ճիշտ եմ անում, թե սխալ, բայց մեկն ու մեկի խորհրդի կարիքն ունեի: Երբ վերադարձա Կուկուի տուն, Կանտն ասաց, որ ուզում է դուրս գալ: -
Ես էլ եմ գալիս,- ասացի:
Նարեն մնաց: Կանտն ուզում էր տաքսի վերցնել, չթողեցի: -
Արի մի քիչ քայլենք:
-
Ու՞ր քայլենք: Վրես հալ չկա, շատ եմ հոգնել:
-
Խոսելու բան կա,- ասացի:
-
Չի լինի՞` վաղը խոսենք:
-
Վաղը կարող ա էլ չխոսեմ:
Կանտը դժգոհ դեմքով սկսեց քայլել: Ես նրան պատմեցի ամբողջ եղելությունն Էլիզի հետ կապված: Հակառակ իմ կանխատեսումներին` Կանտն ամենեևին չզարմացավ: -
Ջոկել էի, որ տենց մի բան կար,- ասաց,- ուղղակի չէի հասկանում` կոնկրետ ինչ:
-
Ո՞նց էիր ջոկել,- զարմացա:
-
Երբ էդ աղջկա ռեստորան մտնելն ու քո լավ չլինելն ուղիղ համեմատական էղան:
Կանտն ինձ մի քանի հարց տվեց իմ ու Էլիզի հետ կապված, հետո հարցրեց. -
Ի՞նչ ես որոշել:
-
Քեզ պատմեցի, որ խորհուրդ տաս, չգիտեմ` ինչ եմ որոշել, ավելի ճիշտ` ոչ մի բան էլ չեմ որոշել:
-
Ինձ թվում ա` պիտի ամեն ինչ թողնես էնպես, ոնց կա:
-
Բա որ ինքը Մուլտին պատմի...
-
Չի պատմի:
-
Ի՞նչ գիտես:
-
Եթե պատմելու լիներ, արդեն պատմած կլիներ: Ի վերջո, դու ոչ մի բանում մեղավոր չես, դու չես իմացել` ինքն ով ա:
-
Եթե նույնիսկ Մուլտը չիմանա, մեկ ա, սա վտանգավոր քած ա:
Կանտն ասաց, որ ամեն դեպքում ճիշտն այս պահին ոչինչ չձեռնարկելն է:
ԲԱՐԻ ՃԱՄՓԱ, ՏՂԵՐՔ… Տիկին Իզաբելլան արթնացրեց ու սուրճի կանչեց: «Վարձին դեռ ահագին ժամանակ կա, տեսնես` ի՞նչ կա սրա մտքին»,- մտածեցի, շապիկս գցեցի վրաս ու մտա նրա տուն: -
Մի խնդրանք ունեմ,- ասաց:
-
Ասեք, տիկին Իզաբելլա:
-
Ինձ Անիի մոտ կտանե՞ս:
-
Հա,- ասացի,- խոստանում եմ: Մոտ օրերս անպայման կգնանք:
-
Կարոտել եմ էդ լակոտին: Էնքան էր հարազատացել:
-
Ես էլ եմ կարոտել,- ասացի,- Կուկուն գնացել-տեսել ա: Ամեն ինչ լավ ա:
-
Փաստորեն, էդ Կուկուդ հլը սաղ ա:
-
Հա,- ժպտացի:
-
Ես էդ աղջկանից բան չհասկացա, ոչ էն ա` կա, ոչ էն ա` չկա:
-
Ես չեմ հասկանում, դու որտեղի՞ց հասկանաս, տիկին Իզաբելլա:
-
Ուզում ես ասես` ինձնից հասկացող ես, հա՞:
Էդ պահին Կուկուն զանգեց (շուն-փայտ կոմբինացիա): -
Քնա՞ծ ես:
-
Չէ,- ասացի,- տիկին Իզաբելլայի տանը սուրճ եմ խմում:
-
Տեսել ե՞ս` ինչ ա կատարվում:
-
Չէ,- անհանգստացա,- ի՞նչ ա էղել:
-
Պատերազմ…
Կուկուի ձայնը դողում էր, ասածներից ոչինչ չէի հասկանում: -
Ի՞նչ պատերազմ, Կուկ, նորմալ բան ասա:
-
Ասում եմ` պատերազմ ա սկսել, գիշերվանից ռմբակոծում են: Հեռուստացույց միացրեք, անընդհատ ասում են:
Արագ միացրի հեռուստացույցը: Լուրերն արդեն վերջանալու վրա էր, հասցրի միայն մեկնաբանի վերջին նախադասությունը լսել.
«... Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բանկավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումների ընթացքում»: Զանգեցի Մուլտին, չպատասխանեց: Հետո Կուկուն զանգեց: -
Զանգում եմ Մուլտին, չի վերցնում,- ասաց,- մի հատ զանգի, ինչ-որ բան իմացի:
-
Իմ զանգերին էլ չի պատասխանում:
-
Գնա իրանց գործի տեղ:
-
Էս լարված վիճակում էդ զորամասում մենակ ես եմ պակաս,- ասացի:
-
Հիմա պատերազմ ա սկսե՞լ,- երեխայի նման հարցրեց:
-
Չգիտեմ, Կուկ, նորություն ունենամ, կզանգեմ:
Մտա տուն, վերցրի դրամապանակս ու դուրս եկա: Կանտը զանգեց: -
Մուլտի մոտ եմ ուզում գնամ,- ասացի:
-
Մուլտի մոտ մի գնա,- ասաց,- էնտեղ չի, նոր հետը խոսեցի, ասեց` նախարարություն ա գնում:
-
Ասում են` պատերազմ ա սկսում:
-
Արի մոտս` հյուրանոց:
Նստեցի տաքսի: -
Ախպեր, ասում են` կռիվ ա սկսել,- սկսեց խոսել տաքսու վարորդը, երբ անգամ դուռը չէի հասցրել փակել:
-
Ռադիո կմիացնե՞ք,- խնդրեցի:
Ականջ սղոցող ձայնով մեկնաբան կինը պատմում էր.
«… Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից այսօր 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական շրջանի ուղղությամբ հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է տասներկու տարեկան մի երեխա: Եվս երկու երեխա վիրավորվել են...»… … Կանտի հետ նստեցինք հյուրանոցի առաջին հարկի սրճարանում: -
Մուլտից մի բան իմացա՞ր,- հարցրի:
-
Չէ, մենակ ասեց, որ ամեն ինչ խառն ա, մեկ էլ ասեց, որ հետո կզանգի:
-
Կուկուին զանգեմ,- ասացի,- շատ լարված էր:
-
Դե հա, ձեր երկիրն ա, կլարվեք:
-
Կա՞նտ,- զարմացա:
-
Դե, էրեկ Կուկուդ հասկացրեց, որ էս իմ երկիրը չի: Սփյուռքահայ եմ, չէ՞,- դառը ժպտաց:
-
Հո էրեխա չես, Կանտ: Կատակ էր անում:
-
Չէ, ախպերս,- ասաց,- կատակ չէր անում: Նույնիսկ եթե կատակ էր անում, ասածի մեջ ճշմարտություն կա: Էստեղ ծնվեցինք, էստեղ մեծացանք, վերջում էլ մեր տան մեջ տուրիստ դառանք:
Կանտի հայացքը փոխվեց: Էս հայացքով ինքն առաջին անգամ էր նայում ինձ, էս հայացքով նա առաջին անգամ էր նայում կյանքին: -
Էս քո երկիրն ա, Կանտ,- ասացի,- քո քաղաքն ա, հիմար բաներ մի ասա:
-
Էս քաղաքն իմը չի էն օրվանից, երբ Լոսի տոմսերն առա: Հինգ տարվա մեջ գոնե մի անգամ չեմ մտածել էս քաղաքի մասին, հավատո՞ւմ ես:
-
Չէ,- ասացի:
-
Իզուր, բռատ, իզուր… Հավատա:
-
Կուկուի ասածները սրտիդ մոտ ես ընդունել, Կանտ:
-
Չէ, ախպերս, Կուկուն կապ չունի... կամ ունի,- ասաց, վեր կացավ ու քայլեց հյուրանոցը ելքի դուռը:
-
Ո՞ւր, Կանտ:
-
Տեղ,- ասաց` առանց իմ կողմ նայելու:
... Երեկոյան Մուլտը զանգեց: -
Փող ունե՞ս:
-
Նայած` ինչքան:
-
Էնքան, որ մի հատ մարդավարի սեղան գցես:
-
Ինչի՞ համար:
-
Ապուշ հարցեր մի տուր: Մի հատ նորմալ բան կազմակերպի, իրիկունը կերևանք: Կուկուին էլ կկանչես:
Զանգեցի Կուկուին: Նարեի հետ եկավ: -
Վայ, Մուլտ, ինչ էլ սիրտ ունի էս նեղ մաջալին,- ասաց,- ի՞նչ առիթ ա:
-
Չգիտեմ,- ասացի,- ասեց` մի հատ նորմալ սեղան գցի, Կուկուին էլ կանչի: Էդքան բան:
-
Դու ու Նարեն գնացեք խանութ, ես մի քիչ հավաքեմ էստեղ... հնարավոր ա՞` մի օր դու փոշիները սրբես:
-
Ի՞նչ առնեմ,- հարցրի:
-
Նարեն կասի:
Նարեի հետ քայլում էինք դեպի սուպերմարկետ: Խոսում էինք դեսից-դենից, մեկ էլ Նարեն անսպասելի հարցրեց. -
Ի՞նչ ա էղել Կուկուին:
Մի պահ իրար խառնվեցի: Ավելի ճիշտ` չհասկացա` ինչի մասին է խոսում: -
Քեզ եմ հարցնում: Ինչի՞ ա Կուկուն անընդհատ տխուր:
-
Ինչի՞ց վերցրիր, որ անընդհատ տխուր ա,- հարցրի,- դու էրեկ գիշեր ես էկել:
-
Էրեկ գիշերվանից անընդհատ տխուր ա:
-
Չգիտեմ, պատերազմ ա երկրում,- փորձեցի սրամիտ երևալ, հետո հասկացա, որ էշություն ասացի:
-
Ցինիկ ես:
-
Ընկերուհուդ լեկսիկոնով ես խոսո՞ւմ:
-
Կուկուն վատ ա, Արամ, ով ով, բայց ես հո զգում եմ:
-
Ես էլ եմ վատ,- ասացի,- հետո՞:
-
Էլի խմո՞ւմ ես:
-
Նարե,- կանգնեցի ու նայեցի ուղիղ աչքերի մեջ,- մի հատ շատ մեծ խնդրանք ունեմ, թույլ կտա՞ս:
-
Քիթս չմտցնեմ ձեր գործերի մե՞ջ:
-
Հասկացող էրեխա ես,- ասացի,- ապրես:
-
Ես որ արդեն վաղուց էրեխա չէի, դու նոր-նոր ծնվում էիր:
Գիտեի, որ Նարեն վատ մտքով ոչինչ չէր ասում, բայց ամեն դեպքում նյարդայնանում էի, երբ իմ ու Կուկուի կյանքին ինչ-որ մեկը խառնվում էր: Նարեն չափից ավելի հոգատար էր Կուկուի հանդեպ: Կուկուն էլ ժամանակին շատ է հոգ տարել նրան: Նարեն ամեն առիթով ասում էր, որ աշխարհում բոլորից ավելի` անգամ իր ծնողներից ու հարազատներից, Կուկուին ունի աշխարհում, ու դրա համար իրեն ապահով է զգում, պաշտպանված: Չծիծաղեք, բայց էդպիսի զգացողություն ես էլ եմ ունենում երբեմն: Իսկ ի՞նչ զգացողություններ է ունենում Կուկուն... Սուպերմարկետից գնեցինք անհրաժեշտ մթերքը, խմիչքը, տեղավորեցինք տաքսիի մեջ ու վերադարձանք բակ: Դռան մոտ, երբ ձեռքիս տոպրակները դրեցի, որ թակեմ դուռը, Նարեն ասաց. -
Կներես, եթե չափն անցա:
-
Ամեն ինչ լավ ա,- ժպտացի,- դու կներես:
Կուկուն ու Նարեն սեղանն էին պատրաստում, երբ Կանտը, Մուլտն ու Էլիզը եկան: Նարեն ու Մուլտը ողջագուրվեցին, մի քիչ զրուցեցին, ու սեղան նստեցինք: -
Մուլտ,- հարցրեց Կուկուն,- գոնե հիմա կասե՞ս` ինչ առիթ ա:
-
Կարող ա էլի ուզում ա` Էլիզի հետ ծանոթացնի,- ասացի:
Կանտը սաստող հայացքով նայեց ինձ: -
Հումորիդ որակը գնալով ընկնում ա,- ասաց Մուլտը,- բաժակները լցրու:
Երբ լցրի օղին, Մուլտը վերցրեց բաժակն ու ասաց. -
Առավոտ շուտ դիրքեր եմ գնում, ասեցի` գամ, հաջող անեմ բոլորիդ:
-
Ինչի՞ ես գնում:
-
Որ ասեմ` գնում եմ սիբեխ հավաքելու, կհավատա՞ս: Դիրքեր ինչի՞ են գնում: Հրաման ա էկել, վաշտի կազմով բարձրանում ենք:
-
Քանի՞ օրով,- հարցրեց Կուկուն:
-
Դեռ պարզ չի: Երևի էնքան, մինչև էս ամենը խաղաղվի:
-
Բայց կխաղաղվի՞,- շարունակեցի հիմար հարցերի շարանը:
-
Որ քիչ կռաս, մեկ էլ տեսար` խաղաղվեց:
Նարեն ոտքի կանգնեց: -
Բարով գնաս, Մուլտ,- ասաց,- Աստված հետդ:
-
Մենակ Աստված չի հետս, ընկերս էլ ա հետս,- ասաց` ձեռքը Կանտի ուսին դնելով:
Բոլորս զարմացած նայեցինք Մուլտին ու Կանտին: -
Այսի՞նքն,- հարցրեց Կուկուն:
-
Ի՞նչ այսինքն,- ծխախոտ վառեց Մուլտը,- Կանտն էսօր էկավ նախարարություն, դիմում գրեց, որ ուզում ա` կամավոր գնա առաջնագիծ` որպես բժիշկ:
Չէի կարողանում ոչինչ ասել: -
Բայց Կանտը սրտաբան ա,- ասաց Կուկուն:
-
Կուկ ջան,- ժպտաց Կանտը,- սրտաբանն առաջին օգնություն էլ չի կարա՞ ցույց տա… համ էլ մարդիկ սրտից չեն խփվո՞ւմ:
Ես ու Կուկուն նայեցինք իրար, հետո Կուկուն նորից դարձավ Կանտին. -
Բայց դու երկու օրից գնում ես:
-
Որ մի քսան օր ուշ գնամ, ի՞նչ ա լինելու,- ասաց, հետո շարունակեց,- Կուկ, ոչ մի բան չասեք: Մեկ ա, գնալու եմ:
-
Բան չեմ ասում:
-
Ճիշտ ա, էրեկ ասում էիր, որ սա իմ երկիրը չի, բայց դե բեր էս անգամ հետդ չհամաձայնեմ:
Կուկուն լցրեց աչքերն ու բռնեց Կանտի ձեռքը: -
Ախմախ, կատակ էի անում,- ասաց,- կներես, մի նեղացի:
-
Գիտեմ, որ կատակ ես արել,- ասաց Կանտը` Կուկուին գրկելով,- քեզանից ո՞նց կնեղանամ:
Մուլտը լցրեց բաժակները: Էլիզը խնդրանք արտահայտող հայացքով նայեց Մուլտին ու հարցրեց. -
Կլինի՞` կենաց ասեմ:
-
Ասա, Էլիզ ջան,- միջամտեց Կանտը:
Էլիզը ոտքի կանգնեց: -
Բարի ճամփա, տղերք: Հայկ, բարի ճանապարհ: Սիրում եմ քեզ: Կներես ինձ ամեն ինչի համար:
-
Ինչի՞ համար,- հարցրեց Մուլտը:
-
Ամեն ինչի, թեկուզ նրա, որ հետդ չեմ գալիս…
«Կուկուն ինձ հետ կգար»,- մտածեցի: -
… դուք գնում եք, որ մենք խաղաղ քնենք,- շարունակեց Էլիզը,- շնորհակալ եմ, տղերք…
Էլիզի աչքերը թացացան: Որքան էլ զարմանալի թվա, ես հավատացի Էլիզին: Բավականին երկար նստեցինք: -
Վեր կացեք,- ասաց Կուկուն,- գոնե մի քանի ժամ քնեք, առավոտը շուտ պիտի արթնանաք:
-
Մուլտ, նայի` ոնց ա մեզ տանտիրոջ իրավունքով վռնդում,- ցինիկացավ Կանտը:
-
Կուկուն ճիշտ ա ասում,- մեջ ընկավ Էլիզը,- վաղը ծանր օր ա:
Բոլորով վեր կացանք ու դուրս եկանք տղերքին հրաժեշտ տալու: -
Դաժե Ամերիկա գնալուցս էսքան մարդ չեկավ հաջող անելու,- ծիծաղեց Կանտը:
Կուկուն ու Նարեն գրկախառնվեցին տղերքի հետ: Նարեն Կանտին էլ գրկեց: Կանտն ու Էլիզը նստեցին Էլիզի մեքենան: Մուլտը կանգնած մնաց: Գրկեցի: -
Զգույշ կլինեք, ախպերս, Կանտին ուշադիր էղի` ախմախություններ չանի:
Մուլտը մեջքս ցավեցնելու աստիճանի պինդ գրկեց ինձ: -
Դու նստի ռույլին,- ասացի,- Էլիզը շատ ա խմել:
-
Վախենում ես` ավարիա տա՞:
-
Ամեն դեպքում,- ասացի:
Մուլտը երկար նայեց աչքերիս, հետո ոչ այն է ժպտալով, ոչ այն է քմծիծաղով ասաց. -
Անցած անգամ էլ էր, չէ՞, էստեղ խփել մեքենան…
Հետո ավելացրեց. -
Քեզ լավ նայի, ախպերս…
ՄՂՁԱՎԱՆՋ ... Արդեն երրորդ օրն է` տղերքը դիրքերում են: Մի անգամ Կանտի հետ եմ խոսել, թռուցիկ ասաց, որ ամեն բան լավ է, ու երկար խոսել չի կարող: Ու երրորդ օրն է նաև, որ ականջներիս զրնգում են Մուլտի խոսքերը` «անցած անգամ էլ էր, չէ՞, էստեղ խփել մեքենան»... Մուլտը, փաստորեն ամեն բան իմացել է: Կանտը, համոզված եմ, որ չէր պատմի, բացառվում է: Մնաց Էլիզը: Բայց ո՞րն էր Էլիզի նպատակը, ինչո՞ւ պիտի պատմեր Մուլտին: Կամ ի՞նչ է պատմել, եղելությո՞ւնը, թե՞ այն, ինչ իրեն է ձեռնտու: Ընկերս գնաց կռվելու` կոտրված սրտով: Համոզված եմ, որ կոտրված սրտով:
«Եվրոպայի խորհուրդը կողմերին կոչ է անում դադարեցնել անտեղի արյունահեղությունը, որը միայն հանգեցնում է հետագա բռնությունների և մարդկային կորուստների, այդ թվում` քաղաքացիական անձանց» «Դուք մենակ կոչ եք անում, հայվաններ»,- բարձրաձայն մտածում եմ ու անջատում հեռուստացույցը: Դուռը թակում են: Կուկուն է: Կանգնել է դռան դիմաց, խորհրդավոր ժպտում է ու ոչինչ չի ասում: -
Ներս արի,- ասում եմ:
-
Անակնկալ ունեմ:
-
Ի՞նչ անակնկալ:
Կուկուն ասում է, որ կանգնածս տեղից չշարժվեմ, ինքը քայլում է դեպի միջանցքի սկիզբ ու վերադառնում Անիի հետ: Ուրախությունս չափ ու սահման չուներ: Փոքրիկինն էլ: -
Քեզ շատ էի կարոտել,- ասացի, երբ արդեն սեղան էինք նստել ու ճաշում էինք:
-
Բա ինչի՞ ոչ մի անգամ չէիր զանգում,- իրեն նեղացած ձևացրեց:
-
Գլուխս խառն էր,- ասացի,- կներես:
-
Ոչինչ, չեմ նեղացել,- չարաճճի ժպտաց:
-
Հո քեզ չե՞ն նեղացնում մանկատանը:
-
Չէ,- ասաց,- ինձ ո՞վ կարա նեղացնի, Կուկուն ասել ա, որ հենց ինձ նեղացնեն, բոլորի գլուխը կջարդի:
Կուկուն իրենից գոհ ժպտաց: -
Գնամ` Իզաբելլային կանչեմ,- ասացի,- շատ կուրախանա:
Անիին տեսնելով` տիկին Իզաբելլան սկսեց երեխայի պես լաց լինել: -
Ինչի՞ ես լացում, Իզաբելլա տատիկ,- զարմացավ Անին:
-
Ուրախությունից, բալես, ուրախությունից,- ասաց Իզաբելլան ու սկսեց ավելի բարձր լաց լինել:
Փոքրիկն ու Իզաբելլան խաղում էին, ես ու Կուկուն դուրս եկանք պատշգամբ` ծխելու: -
Շնորհակալ եմ,- ասացի:
-
Տղերքից ի՞նչ կա,- հարցրեց:
-
Չգիտեմ, էրեկ չէ առաջին օրը Կանտի հետ եմ խոսել, ասեց` ամեն ինչ նորմալ ա:
-
Անհանգիստ եմ,- ասաց:
-
Ես էլ:
-
Էլիզի հետ խոսե՞լ ես,- հարցրեց:
-
Էլիզի հետ ինչի՞ պիտի խոսեի:
-
Որ դու գնայիր սահման, Մուլտն ինձ հետ կխոսեր: Թեկուզ դրա համար:
-
Մուլտը քո ընկերն ա, Էլիզն իմ ի՞նչն ա:
Կուկուն այլայլվեց: -
Ի՞նչ ունես էդ աղջկա դեմ,- հարցրեց:
-
Հիմա էլ դո՞ւ:
-
Այսի՞նքն:
-
Էն օրն էլ` քո տանը, Կանտն էր հարցնում:
-
Ուրեմն պատասխանի:
-
Ես էդ աղջկա դեմ ոչինչ չունեմ, ուղղակի էնքան մտերիմ չենք, որ զանգեմ քեֆհալ հարցնեմ:
-
Ոչինչ, ձևական զանգի: Մուլտի համար ես անում:
-
Էդքան մտահոգված ես, դու էլ զանգի,- ասացի, ծխախոտս պատուհանից դուրս նետեցի ու անցա տուն:
Իզաբելլան գնաց: Մնացինք երեքով: Քիչ հետո Կուկուն ասաց, որ իրենք էլ պիտի գնան: -
Մի քիչ էլ մնացեք,- ասացի:
-
Չենք կարող, Անին պիտի ուղիղ վեցին մանկատանը լինի:
Կուկուի ու Անիի գնալուց հազիվ կես ժամ էր անցել, երբ դուռը նորից թակեցին: Էլիզն էր: -
Ես քեզանից պրծում չունե՞մ,- ասացի:
-
Կարելի՞ ա,- էնպիսի հանգիստ ձայնով հարցրեց, կարծես էս ամբողջ ներկայացումն ինքս եմ սարքել:
-
Կուկուն ամեն րոպե կարող ա գալ,- ասացի,- չեմ ուզում` քեզ էստեղ տեսնի:
-
Կարճ կմնամ,- ասաց ու առանց հրավերի սպասելու` ներս մտավ:
Կարծես` խմած էր: -
Խմելու բան կտա՞ս,- հարցրեց:
Կոնյակ տվեցի: Ես չխմեցի: -
Էկել եմ ներողություն խնդրելու:
-
Չեմ հավատում,- ասացի:
-
Չպիտի էդպես անեի, գիտեմ:
-
Էլիզ, մենակ անկեղծ էղի, դու Մուլտին ինչ-որ բա՞ն ես պատմել:
-
Հա,- ասաց:
-
Ի՞նչ ես ասել:
-
Էն, ինչ կա: Ոնց էղել ա: Ինձնից ոչինչ չեմ հորինել: Հանգիստ էղի, ասել եմ, որ դու ոչինչ չես իմացել:
-
Իսկ ինքը՞:
-
Չգիտեմ: Ոչինչ չասեց: Գիտե՞ս` երբ պատմեցի: Երբ իմացա, որ գնում ա: Էդ ժամանակ հասկացա, որ Մուլտից թանկ ոչ մեկին չունեմ,- նա առաջին անգամ Մուլտին էդպես դիմեց` մականունով,- գիտեմ, որ չես հավատում ասածներիս,ամբողջ բաժակը խմեց,- իրավունք ունես չհավատալու:
-
Իմ հավատալ-չհավատալն էստեղ ոչինչ չի փոխում:
-
Փոխում ա: Անկեղծ եմ ասում, չէի հասկանում` հետս ինչ էր կատարվում:
-
Իսկ հիմա՞:
-
Հիմա հասկանում եմ:
-
Ի՞նչ ես հասկանում:
-
Հասկանում եմ, որ Մուլտից ավելի կարևոր մարդ իմ կյանքում չկա, հասկացա, որ Մուլտից ավելի շատ ինձ ոչ ոք ոչ սիրել ա, ոչ էլ կսիրի,- էլի կոնյակ լցրեց ու մի շնչով դատարկեց:
Ես նայում էի Էլիզին ու չէի կարողանում հասկանալ` հավատում եմ նրան, թե չէ: -
Հերիք ա խմես,- ասացի:
-
Չէ, թող խմեմ,- ասաց ու էլի լցրեց:
Հետո էլի... էնքան, մինչև շիշը դատարկվեց: -
Դու Հայկի ընկերն ես, դուք լավ ընկերներ եք, ես երբեք ձեր միջև չէի կանգնի: Չգիտեմ` վերադառնալուց հետո կների ինձ, թե չէ, բայց գոնե խիղճս հանգիստ ա:
Այս խոսքերից հետո Էլիզը վեր կացավ ու առանց հրաժեշտ տալու դուրս եկավ:
… Տղերքից ոչ մի նորություն չունեմ: Հեռուստացույցն ամեն ժամ նոր մահ է գուժում, զոհերի թիվն արդեն տասնյակների է հասնում: Ուզում եմ ինչ-որ պատմվածք գրել,
նստում եմ համակարգչի առաջ, բայց ոչինչ չի ստացվում: Կուկուն է գալիս: Ուզում եմ Էլիզի մասին պատմել, ուզում եմ ամեն բան պատմել: Էլիզն արդեն Մուլտին ամեն բան ասել է, նրա խիղճը հանգիստ է, նա ինձնից համարձակ է, նա ինձնից տղամարդ է: -
Ոնց որ լավ չես:
-
Լավ եմ, Կուկու- ասացի:
-
Մտախոհ ես:
-
Քիչ բան կա՞ մտախոհ լինելու:
Էնքան ստոր եմ` ձևացնում եմ, թե ուշք ու միտքս տղերքն են: Ընկերս առաջնագծում մահվան հետ նույն խրամատում պառկած է, իսկ ես էստեղ «բարձր» բաների մասին եմ մտածում: Նայում եմ Կուկուին ու հասկանում, որ միակ փրկությունս է: Համարյա կեսգիշեր էր, երբ Կուկուի հեռախոսին անծանոթ համարից զանգ եկավ: Կուկուն ինչ-որ տարօրինակ բաներ էր խոսում ու սարսափած նայում դեմքիս: Էլիզը վթարի էր ենթարկվել, վիճակը ծանր էր: Հիվանդանոցում վերցրել էին նրա բջջայինն ու զանգել վերջին զանգած հեռախոսահամարով: Վերջինը Կուկուի հետ էր խոսել: … Արագ հասանք հիվանդանոց: Գլխավոր բժիշկը` Վարդանյանը, պարզվեց, Կուկուի հին ընկերներից է: Նա մեզ մանրամասն բացատրեց իրավիճակն ու ասաց, որ գլխի վիրահատություն է անհրաժեշտ: Կուկուն նրա հետ ինչ-որ բան էր խոսում, ես ոչինչ չէի լսում: Գրողը տանի, էս ի՞նչ խաղ է սկսել ճակատագիրը: Եթե Էլիզին ինչ-որ բան պատահի, ինձ չեմ կարող ներել: Էլի խղճիս մի բան կծանրանա: Ախր, նա իմ տնից դուրս եկավ: Ախր, հարբած էր: Ես չպիտի թողնեի, որ գնա: Գոնե հանուն Մուլտի չպիտի թողնեի: Կուկուն ասաց, որ խոսելու բան կա: -
Մինչև վաղը պիտի փող գտնենք:
-
Ինչի՞ համար:
-
Էլիզի վիրահատության: Մի տեղից գտի, ես մեքենաս կվաճառեմ, արագ կվերադարձնենք, չնայած` մեքենային էդքան չեն տա, բայց կգտնենք, կվերադարձնենք:
-
Կուկու, ճիշտ չի լինի՞` Էլիզի հարազատներին գտնենք:
-
Լսի, թքած ունեմ Էլիզի հարազատների վրա,- սկսեց բղավել,- ասում եմ` պիտի փող ճարենք: Եթե չես ուզում օգնել, ինքս կգտնեմ:
Գումարի չափը գրեթե այնքան էր, որքան վեպիս ամբողջ հոնարարը: Գտնում եմ բջջայինս: -
Գևորգյան, ես համաձայն եմ բոլոր պայմաններիդ…
… Կուկուն մնաց հիվանդանոցում, ես, լույսը բացվելուն պես, զանգեցի Գևորգյանին ու խնդրեցի արագ հանդիպել: Նրան բացատրեցի իրավիճակը: «Երևի էս անասունը լավ էլ գոհ ա»,- մտածեցի, վերցրի ինը միլիոնը, ստորագրեցի բոլոր թղթերն ու շտապեցի հիվանդանոց: Էլիզին չփրկելը Մուլտին երկրորդ անգամ դավաճանել կստացվեր: … Վիրահատարանի դիմաց կանգնած էինք ես, Կուկուն, Նարեն ու Էլիզի մի քանի գործընկերներ: -
Խնդրում եմ,- Կուկուն դիմեց Էլիզի լրագրող ընկերներին,- հիմա ոչինչ մի լուսաբանեք, Հայկը դիրքերում ա, պետք չի, որ ինչ-որ բան իմանա:
Րոպեն ժամի պես էր պտտվում: Ժամանակը չէր անցնում: Վիրահատությունը չէր վերջանում: Կուկուն էնքան էր հոգնել, որ ոչինչ չէր զգում: Երեք ժամ հետո բժիշկը դուրս եկավ: -
Վիրահատությունը հաջող անցավ…
Բոլորը թեթևացած շունչ քաշեցին: Կուկուն գրկեց ինձ ու սկսեց լաց լինել: Նարեից մոտ կես ժամ պահանջվեց, որ կարողանա Կուկուին տուն տանել: Նույն երեկոյան, երբ Էլիզն արթնացավ, բժիշկը թույլ տվեց կարճ ժամանակով տեսնել նրան: -
Ո՞նց ես, հերոս,- ժպտացի:
Էլիզը չէր կարողանում խոսել, շատ թույլ էր: Մի քանի րոպե նստեցի կողքին ու դուրս եկա: Կանտը զանգեց: Կատարվածի մասին ոչինչ չասացի: Ասաց, որ իրենց մոտ ամեն բան լավ է, ու քիչ առաջ հրադադար հայտարարվեց: Զանգեցի Նարեին, ասաց, որ Կուկուն նոր է կարողացել քնել: -
Հենց արթնանա, կասես, որ Կանտն էր զանգել, ասեց` ամեն ինչ լավ ա:
-
Բա դու չես գալո՞ւ,- հարցրեց:
-
Չէ, ավելի լավ ա գնամ` քնեմ, առավոտյան կգամ, կգնանք Էլիզի մոտ:
Հազիվ թե քնել ստացվեց: Լույսը չբացված` Կուկուի տուն գնացի: Սրճեցինք ու դուրս եկանք: Նարեն մնաց տանը: Կուկուն մտավ Էլիզի մոտ, ես միջանցքում սպասեցի: -
Խոսե՞ց,- հարցրի, երբ դուրս եկավ:
-
Հա,- ասաց,- բայց հազիվ էր խոսում, դրա համար կարճ մնացի:
-
Ի՞նչ էր ասում:
-
Մուլտից էր հարցնում: Սպասի, Վարդանյանին տեսնեմ, դուրս գանք:
Բժիշկը Կուկուին ասել էր, որ երկու օրից Էլիզին վերակենդանացման բաժանմունքից պալատ կտեղափոխեն, ու եթե ամեն ինչ գնա էնպես, ինչպես նախատեսել են, երկու շաբաթից դուրս կգրեն: -
Կուկու, Էլիզը վթարից առաջ իմ տանն ա էղել…
Կուկուն ոչինչ չպատասխանեց, քայլեցի դեպի աստիճանները: Գնացինք Կուկուի տուն: -
Խմել եմ ուզում,- ասաց:
Բացեցինք օղու շիշն ու երեքով մոտ տասնհինգ րոպեում դատարկեցինք: Ոչինչ չհասկացանք: Երևի թմրադեղն անգամ չէր կարող անջատել ուղեղներս Խոսելու բան էլ չկար: Բոլոր խոսքերը հօդս էին ցնդել: Հեռուստացույցը սկսեց խոսել:
«Այսօր 23:15-ից 23:40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության, հակառակորդին հետ շպրտել իր ելման դիրքը` պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստներ: Բռնկված փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելիս զոհվել է կապիտան Հայկ Գևորգի Հովհաննիսյանը…»… Չէի կարողանում աչքերս թարթել: Կուկուն վեր կացավ ու դանդաղ քայլերով գնաց իր ննջասենյակ:
ՀԵՏՄԱՀՈՒ Եռաբլուրում էին հավաքվել երկրի բարձրագույն ղեկավարությունը, Մուլտի հրամանատարները, մենք ու քաղաքի կեսից ավելին` մարդիկ, ովքեր եկել էին իրենց հերոսին հրաժեշտ տալու: Զրահամեքենան բարձրացավ Եռաբլուր: Զինվորները հպարտությամբ իջեցրին իրենց հրամանատարի մարմինը: Մենք բթացած հայացքներով կանգնել էինք Մուլտի կողքին: Միայն Կուկուն է ուշանում: Նայում եմ անշնչացած Մուլտին ու ավելի եմ զգում նրա հոգատարության կարիքը: Գալիս է: Անշտապ, ձիգ քայլերով վերև է բարձրանում: Հյուծված է: Դեմքին գեղեցիկ, շքեղ
գունատություն է: Կռանում է Էլիզի սայլակի առաջ, մի քանի վայրկյան նայում նրան ու գալիս-կանգնում մեր կողքին: Քահանան չի կարողանում խոսել, լաց է լինում: Հավաքվածները զարմացած, կլորացրած աչքերով նրան են նայում, սիրտ ունեցող քահանայի հանդիպելիս` էս ժողովրդին թվում է, թե Աստծուն են տեսել: Ես, Կանտը, Կուկուն, Էլիզը նայում ենք մեր շուրջն ու ոչինք չենք հասկանում, թերևս միայն այն, որ մեր մի կտորը պոկում, դնում ենք էս խոնավ հողի մեջ: Իսկ հավաքվածները հերոս թաղելու են եկել: Հերոս թաղելու համար խելքներս մերը չի: Բոլոր ձևերն անգիր գիտենք, ամեն մեկս մեր հերթին արարողապետ ենք: Մեր դասական գեղցիներից հող ու ջրի մասին յուղոտ խոսքեր ցիտող քածերը խմբվում, դառնում են համասեռ զանգված, առանձին հրապարակ: Մեծ պանթեոն, կողքին` մի ծոցագրպան երկիր: Քահանայի հերթապահ աղոթքի ներքո հերոսով արկղը փոսն են իջեցնում: Ու հերոսն ավելի շուտ է սրանց մտքից թռնում, քան աղոթքը կավարտվի, քան ոսկորը կզգա հողի սառնությունը: Հետո` շատ չանցած, մեզ ենք հերոսացնում` ողջերիս: Հետո խոսում ենք, խոսում, խոսում... Էդքան խոսել կլինի՞: Ամեն անգամ գլուխներս մտցնում են, որ մեր էդ պատմական հայրենիքը կինոներ ու կենացներ են միայն, մենք էլ, համաձայն մեր գենետիկ սովորությանը, նախորդ անգամից ավելի վատ ենք հասկանում, էլի հայրենիքի ոտքերը չռում ենք հերթական պատվիրակության առաջ ու ոռնում, թե մեզ խեղել ու կոտորել են: Ծնվողն էլ էդպես է մեծանում` խեղվածի ու կոտորվածի խարանը ճակատին: Մեր սերնդի որձերը մարմնով փակում են քաղաք մտնող գնդակները, որ թաղենք վերջապես էդ բռնաբարվածի բարդույթը, բայց չէ… ճարպակալած ջանդակներս քարշ ենք տալիս, մինչև անցնող միտինգ պատահի, մինչև ձուլվենք խառնամբոխին, նույնանանք սրանց հետ ու վայրահաչենք աջ ու ձախ… ու պարտվենք աջ ու ձախ: Որովհետև մենք հերոս թաղող ենք: Դասագրքերը մեզ սովորեցրել են, որ մեր հերոսը շիզոֆրենիկ Սամվելն է ու երկու-երեք անհայրենիք, սադիստ զորավար: Էդպես ենք մեծացել, դրա համար էլ էս երկրում ամեն շքամուտք իր կրոնն ու առաջնորդն ունի, դրա համար էլ չենք ներում, երբ հերոսը չի բղավում միտինգներում, չենք ներում, երբ հերոսը լուռ է, չենք ներում, երբ հերոսը ողջ է… Գնդապետ հրամանատարը Մուլտի մեդալը հանձնեց մորը, բայց նա խնդրեց, որ Էլիզին տան: Էլիզը սառը հայացքով, առանց աչքերը թարթելու` վերցրեց մեդալը, երկար նայեց ու ոչինչ չխոսեց:
ՄՈՒԼՏԻՑ ՀԵՏՈ Մուլտի մահից հետո նրա մայրը կես ամիս էլ չապրեց: Վաղն առավոտյան Կանտը պիտի մեկնի, իսկ Կուկուից ոչ մի նորություն չունեմ: Մի անգամ Նարեին հանդիպեցի, ասաց, որ Կուկուի հետ ամեն բան կարգին է: Էլիզի տուն եմ եկել: Հյուրասենյակն այս անգամ կոկիկ ու հավաք է, թվում է` առաջին անգամ եմ այստեղ:
- Սուրճ կուզե՞ս,- հարցրեց ի միջի այլոց: - Չէ,- ասացի,- գործով եմ մտել, շտապում եմ: - Ի՞նչ գործ: - Տեսնում եմ` լրիվ ապաքինվել ես: - Հա, երկուշաբթի արդեն գործի կգնամ: Գրպանիցս հանեցի Մուլտի տան բանալին ու դրեցին սեղանին: - Էս ի՞նչ ա: - Բանալի: - Տեսնում եմ, որ բանալի: - Մուլտի տան բանալին ա: - Ինչի՞ ես ինձ տալիս: Մոտեցա Էլիզի բարին, մի քիչ կոնյակ լցրի ու վերադարձա: -
Մուլտի մորից հետո էդ տանը ոչ ոք չի ապրում: Քանի որ Մուլտը մորից բացի ոչ ոքի չուներ, ես ու Կանտը որոշեցինք, որ էդ տունը պիտի քեզ մնա: Էլիզը նայում էր ինձ ոչ այն է զարմացած, ոչ այն է անտարբեր: Ինչ-որ անսովոր, իրեն ոչ հատուկ հայացք էր: -
Էդպես սխալ ա,- ասաց: Չգիտեմ` ճիշտ ա, թե սխալ, բայց վստահ եմ, որ Մուլտի սրտով կլիներ: Ես էս նվերին արժանի չեմ: Գիտեմ,- ասացի, բանալին դրեցի ափի մեջ ու դուրս եկա:
Այդ երեկո մեր թաղ գնացի` էնտեղ, ուր ծնվել ենք: Մեր շենքի մոտից քայլեցի դեպի դպրոց: Էստեղ անցել է իմ ու տղերքի մանկությունը, Էստեղ, ուր հիմա կանգնած եմ, ծերուկ Ժորայի սեղանիկն էր ժամանակին: Ժորան մի ոտք ու մի աղջիկ ուներ : Դպրոցից մի քանի մետր այն կողմ սեղանիկ էր դրել, որ աղջկան ուսման տալու փողերը հավաքի, բայց աղջիկը, որին ի պատիվ մեկն ու մեկի Շողիկ էին անվանել, ութերորդն ավարտելուց հետո սեփական կամքով թողեց դպրոցն ու սկսեց էդ նույն սեղանիկին կարկանդակներ վաճառել: Քաղցկեղից մեռած մոր ամբողջ գրադարանն էջ առ էջ պատռում էր, որ հաճախորդների ձեռքերը չձեթոտվեն հանկարծ, ես ու Կանտն էլ տնից շիրվանզադեներ ու Լենինի հանրագիտարաններ էինք գտնում, փոխում Շողիկի գրքերի հետ, որ Ֆոլքներին ու Մարկեսին ձեթոտվելուց փրկենք: Աղջիկը գոհ էր մնում. Շիրվանզադեն Մարկեսից հաստ էր: Տնից սեղանիկ ընկած ճանապարհին առնվազն երեք անգամ ասֆալտին էր թափում կարկանդակները, մենք էլ չնկատելու էինք տալիս ու ոչ ոքի չէինք ասում: Չէինք ասում, որովհետև Մուլտը սիրում էր նրան: Սեկայով կամ բիլիարդով կրած ամբողջ փողը ծախսում էր սրա կարկանդակների վրա, ծախսում էր ու չէր ուտում, ծախսում էր ու հյուրասիրում դասարանի աղջիկներին, ծախսում էր ու փոխարենը ոչինչ չէր ստանում. առևտուր անել չգիտեր Մուլտը: Մի օր էլ դպրոցից դուրս գալիս տեսանք, որ մի քանիսը ծաղրում են Շողիկին: Մուլտը կռիվ սարքեց, ու երևի մեր կյանքի առաջին լուրջ ծեծն էդ օրը կերանք: Հույս ունեինք, որ գոնե դրանից հետո էս չստացված կարմիր գլխարկը
Մուլտին բանի տեղ կդնի, բայց ամեն բան նույնը մնաց: Հետո պիտի երկու կամ երեք տարի անցներ, մինչև ծերուկ Ժորան մեռներ, մինչև Շողիկը հորը թաղելուց հետո լույսի արագությամբ ընտանիք կազմեր, մինչև Մուլտը ձևացներ, թե իրեն մեկ է: Քեզ տղամարդ զգալու համար պիտի հոգու առևտրում առնվազն զրո կանգնես: Մուլտի տակ տալուց տասնհինգ տարի է անցել: Սեղանիկի փոխարեն խանութ է, կարկանդակների փոխարեն ավելի մաքուր, ասֆալտին չընկած կարկանդակներ, Շողիկի փոխարեն ավելի մաքուր, ասֆալտին չընկած շողիկներ: … Գիշերը տնավորվել է դպրոցի բակում, տպավորություն է, թե չի լուսանալու: Դպրոցի պահակը դուրս է գալիս ու բարևում: Ծխախոտ եմ առաջարկում, հրաժարվում է: Մուլտի` Շողիկին սիրելու տարիներին ահագին թանկ արժեցած կաշվե բաճկոնը գցում է վրան ու բողոքում եղանակից, ու բողոքում կյանքից, ու բողոքում երկրից… Անցյալ տարի էս նույն եղանակին Կուկուի հետ էստեղ էի եկել: Նստել էինք աստիճաններին, գարեջուր էինք խմում: Ես նրան տղերքից էի պատմում, դպրոցից էի պատմում: Ձևացնում էր, թե պատմածներս հետաքրքիր են իրեն: Ձևացնում էի, թե իր ձևացնելը չեմ նկատում: Կուկուն էստեղ չի: Չեմ ներում Կուկուին: Պահակը պատմում է, որ իր թոռն արդեն ուսանող է, իսկ ես չեմ ներում Կուկուին իր հեռանալը, պահակը պատմում է, որ էս երկրի կարևոր հարցերը Ռուսաստանում են որոշում, իսկ ես չեմ ներում Կուկուին էս դառնահամ մենակությունը, պահակը պատմում է, որ տնօրենն իրեն հարբած բռնացրել է ու կտրել աշխատավարձը, իսկ ես չեմ ներում Կուկուին, որ պահակից փող են պահել: Կդիմանամ: Ես Մուլտը չեմ: Կսովորեմ առևտրից առաջ ապրանքի գնին նայել: Կանցնի: Ամեն բան կանցնի: Թքած, թե երջանկությունս կոկորդիս կանգնեց, թքած, որ կյանքս շան բաժին դարձավ, ամեն բան մի օր խաղաղվում է: Մի օր գուցե չխեղդվեմ առանց նրա, մի օր… երբ հասկանամ, որ իր մասին գրած բոլոր էջերս հատ-հատ պոկել է գրքից ու դրանցով փաթաթել իր ձեթոտ կարդանդակները…
ԿԱՆՏ Կեսգիշերն անց ինչ-որ մեկը դուռն է թակում: Ալարելով` վեր եմ կենում բազմոցից ու գնում բացելու: Դռան առաջ Կուկուն դողում էր: Ոչ խոսում էր, ոչ ներս էր գալիս: - Կուկու, ինչի՞ ներս չես գալիս: - Կանտը: - Կանտը ի՞նչ: - Կանտը… - Ներս արի` խոսենք: Մտքովս ամեն բան անցավ, Կուկուի ձեռքերը սառել-փայտացել էին, չէր կարողանում շարժել: Օգնեցի, որ նստի բազմոցին: -
Կանտին ի՞նչ ա էղել, Կուկու, ո՞ւր ա Կանտը:
- Չգիտեմ` ուր ա,- ցածրաձայն ասաց: - Ի՞նչ ա պատահել: - Կանտը… Կանտը մարդ ա սպանել: Ինձ թվում էր` Կուկուն զառանցում է: - Ո՞նց ա մարդ սպանել, ո՞ւր ա Կանտը: Հասկանալով, որ Կուկուից ոչ մի հստակ բան չեմ կարող իմանալ` զանգեցի Կանտին: Հեռախոսն անջատված էր: - Մի զանգի իզուր, ես հազար անգամ փորձել եմ: - Ի՞նչ ա պատահել, ո՞ւմ ա սպանել, դու ի՞նչ կապ ունես: - Ջուր եմ ուզում: Կուկուի համար ջուր և հանգստացնող բերեցի, մի կերպ սպասելու համբերություն գտա, մինչև կհանգստանա: - Կանտը զանգեց, որ հանդիպենք` հրաժեշտ տա ինձ: - Գիտեմ: - Եկավ հետևիցս` թատրոն: Գնացինք սրճարան… Տեսնում էի, որ հազիվ է խոսում, բայց չէի խնայում նրան: - Հետո, Կուկու, արագ խոսի: Կուկուն ջուր խմեց ու շարունակեց. -
Կողքի սեղանին հարբած մարդիկ կային, անընդհատ ռեպլիկներ էին թողնում, մի քանի անգամ ձևացրեց, թե չի նկատում, ուշադրություն չդարձրեց, հետո արդեն բոլոր չափերն անցան: Կանտը մոտեցավ իրենց սեղանին, ինչ-որ բան էին խոսում, ես չէի լսում, հետո տեսա, որ քաշքշում են իրար… Կուկուն էլի ջուր խմեց: -
… Կանտն ինձ ասեց` նստած մնամ, ինքը քիչ հետո կգա, ասեց, որ ամեն ինչ նորմալ ա ու դրանց հետո դուրս եկավ: Ահագին ժամանակ` չկային, զանգում էի, չէր պատասխանում: Մոտ կես ժամ անցավ: Մեկ էլ ինքը զանգեց, ասեց, որ առանց ուշադրություն գրավելու դուրս գամ ու գնամ տուն: Սրճարանից դուրս եկա, դռան մոտ մարդիկ էին հավաքված, բայց Կանտը չկար, խոսում էին, որ սպանություն ա եղել: Ես աննկատ, ոնց որ Կանտն էր ասել, փողոցն անցա ու հեռացա էդտեղից: Կուկուի պատմածները մի քանի վայրկյան վերլուծելուց հետո հասկացա, որ ամեն ինչ չափից ավելի լուրջ է: Բայց մյուս կողմից էլ չէի կարողանում հավատալ, որ Կանտն ընդունակ է մարդ սպանելու: Կանտը հարյուրավոր կյանքեր է փրկել, Կանտի նման բժիշկների համար աշխարհի միակ բացարձակ արժեքը մարդկային կյանքն է: -
Կուկու, եթե Կանտն էնտեղ չէր, ու մարդ ա սպանվել, դեռ չի նշանակում, որ Կանտն ա սպանել: Կանտը չէր կարող մարդ սպանել: Իսկ ո՞վ պիտի սպաներ: Կանտը մենակ էր, իրանք` շատ: Կարող ա՞ իրանք իրանց ընկերոջը սպանեին:
-
Չգիտեմ, Կուկու, հիմա ոչ մի ենթադրություն անել պետք չի: Կանտին կգտնենք, ամեն բան կհասկանանք: Բոլոր հնարավոր ու անհնար տեղերն, ուր կարող էր լինել Կանտը, զանգեցի: Ոչ մի տեղ չկար: Կուկուի դողը դադարելու փոխարեն ավելի էր ուժգնանում: Առավոտյան կողմ ստիպված եղա շտապ օգնություն կանչել, ու միայն ուժեղ հանգստացնող ներարկելուց հետո Կուկուն կարողացավ քնել: Լույսը նոր էր բացվել, երբ ոստիկանների մի ամբողջ խումբ եկավ իմ տուն: Տունս խուզարկելուց հետո հարցաքննեցին Կուկուին, հետո ինձ, հետո էլ ասացին, որ Կանտի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Երեկոյան Կուկուին իր տուն տարա, չառաջարկեցի ինձ մոտ մնալ, չէի ուզում` կարծի, թե օգտվում եմ առիթից: Եվս երկու օր Կանտից ոչ մի նորություն չունեցա: Երրորդ օրվա առավոտյան արթնացա խոհանոցի կողմից եկող ինչ-որ տարօրինակ ձայներից: Կանտն էր: Սուրճ էր պատրաստում: - Կոֆե կուզե՞ս,- հարցրեց, իբր ոչինչ չէր եղել: - Դու հիմա՞ր ես, Կանտ, ինչի՞ ես էստեղ էկել, ինչի՞ չէիր զանգում: - Հերթով տուր հարցերդ,- ասաց` սրճեփը գազօջախից վերցնելով: - Կանտ, քեզ կբռնեն: - Հանգիստ էղի, ինձ ոչ ոք քո տանը ման չի գա: - Արդեն եկել են: - Գիտեմ, էլ չեն գա: Կանտը պատմեց ամբողջ եղելությունը: Փորձել են նրան դանակահարել, ինքն էլ կարողացել է խլել դանակն ու... մի խոսքով, չի ցանկացել ոչ ոքի սպանել, բայց էդպես է ստացվել: -
-
Տեսնո՞ւմ ես` ոնց ա հաջողակ բժիշկը մի օրում դառնում հետախուզման մեջ գտնվող հանցագործ: Կանտ, էնքան հանգիստ ես խոսում էս ամենից... Լաց լինե՞մ: Էղածն էղած ա, բան չես փոխի: Լսի, ինձ մարդ ա պետք, որ կարողանա անձնագիր սարքել: Պիտի դուրս գամ երկրից, էստեղ երկար թաքնվել հնարավոր չի: Ես կհանեմ քեզ երկրից: Ո՞նց: Չգիտեմ: Բա որ չգիտես, ո՞նց պիտի հանես: Ոչ մի տեղ չգնաս, դուռը փակ կպահես, մի ժամից կգամ:
... Նորոն ու Կանտը վաղուց չեն շփվում: Ու Կանտի պատճառով ես ու Մուլտն էլ դադարեցրինք Նորոյի հետ մեր մտերմությունը: Իհարկե, երբեք էնքան մոտ չենք եղել, որ նրան մեր չորրորդ ընկերը համարեինք, բայց ամեն դեպքում Նորոն կարգին մարդ է: Տաթևը` Նորոյի կինն ու Կանտի տարերքը, թողեց Կանտին ու թռավ Նորոյի գիրկը, Նորոն էլ, ոչ մեկ, ոչ երկու, ամուսնացավ նրա հետ: Կանտի` երկիրը թողնելը, գուցե
նաև էդ ամենի հետ էր կապված, չգիտեմ: Հիմա Նորոյի գրասենյակի միջանցքում սպասում եմ, թե երբ ինձ կընդունի, կամ կընդունի՞ արդյոք: - Ձեզ ինչպե՞ս ներկայացնեմ,- հարցրեց քարտուղարուհին: - Ասեք` Արամ Հարյանն է եկել: Մի վայրկյան չանցած` փոշմանեցի, որ էդպես ներկայացա: Կարող էի ասել` իր դասընկեր Արամն է կամ իր մանկության ընկեր Արամը: Բայց փառասիրությունս հաղթեց, ու գուցե ճիշտն էլ հենց սա էր: - Շնորհակալ եմ, որ ընդունեցիր,- ասացի ու սեղմեցի Նորոյի ձեռքը: - Էս ո՞նց ա` հիշել ես ինձ: - Հետդ գործ ունեմ: - Կոնյակ կխմե՞ս: - Հա: Նորոն բացեց պահարանը, հանեց կոնյակի շիշն ու երկու բաժակ: Բաժակները լցնելու ընթացքում նայում էր ինձ, երևի փորձում էր հասկանալ` ինչի համար եմ իր մոտ: -
Հը՞, ինչո՞վ կարող ենք օգտակար լինել մտավորականությանը,- ժպտաց: Ձեր խելքն էլ գնում ա, չէ՞, օգնելու համար: Հա, բա ո՞նց: Այ որ գայիր, շփվեիր հետս, կհասկանայիր: Ի՞նչ վատ կլիներ: Գրողի ու չինովնիկի ընկերությունից միշտ հետաքրքիր բաներ են ծնվում: - Հետաքրքիր ո՞ւմ համար,- հարցրի: - Թե մեկի, թե մյուսի: Օրինակ, Մարկեսը Ֆիդելի ամենամտերիմ մարդկանցից ա եղել: - Հիմա դու ո՞ւմ ես կոմպլիմենտ անում, ի՞նձ, թե՞ քեզ: - Մարկեսին ու Ֆիդելին,- ծիծաղեց Նորոն ու խմեց բաժակի ամբողջ կոնյակը: Մուլտի թաղման օրը Նորոն մեզանից ոչ մեկին չմոտեցավ, բայց ոչ էլ ձևացրեց, թե չի նկատում: Նայեց մեզ ու առանց բարևելու շարունակեց ճանապարհը: -
Կանտի համար ես, չէ՞, եկել,- հարցրեց: Որտեղի՞ց իմացար: Թերթերից,- ժպտաց Նորոն: Պատահականություն ա եղել, կարող էր և չլինել: Էստեղ մի կնոջ պատվի հարց ա եղել: Էդ կինը… - Ամեն ինչ գիտեմ, մի շարունակի: Ինձնից ի՞նչ ես ուզում,- հարցրեց, հետո, երևի հասկանալով, որ մի քիչ կոպիտ հնչեց, ավելացրեց,- ինձնից ի՞նչ ա հասնում: - Ուզում եմ` Կանտին հանենք երկրից: - Ո՞նց ես դա պատկերացնում: - Սովորական,- ասացի,- եթե ինձ օգնես անձնագրի հարցում, ամբողջ կյանքում քեզ շնորհակալ կլինեմ: Նորոն ծխախոտ վառեց ու սկսեց մտախոհ ծխել: Ես ոչինչ չէի խոսում, միայն հետևում էի` ոնց է մտածում կամ որ ավելի խելքին մոտ է, փորձում էի կռահել` ինչ է մտածում: -
Կանտը գիտի՞, որ ինձ մոտ ես եկել: Չէ: Որ իմանար, չէր թողնի, չէ՞,- ընկերական կամ հեգնական ժպտաց:
-
Չգիտեմ: Բայց դա հիմա կարևոր չի: Կարևորը Կանտին երկրից հանելն ա: Դրա համար ժամանակ ա պետք, Արամ, իսկ Կանտը, դու էլ ես հասկանում, էդ ժամանակը չունի: - Ի՞նչ ես առաջարկում, գնա-հանձնվի՞: - Չգիտեմ: Եթե բռնեն, շատ ավելի ծանր կլինի պատիժը, քան որ գնա ու հանձնվի: Մի ծխախոտ էլ ես վառեցի: Մի պահ անհարմար, տհաճ լռություն տիրեց, հետո Նորոն խախտեց այն. -
Երկու օրում կլուծեմ անձնագրի հարցը:
… Կանտը միանգամից գլխի ընկավ, որ Նորոյի մոտ եմ գնացել, բայց ոչինչ չխոսեց այդ մասին: Հաջորդ օրը երեկոյան Նորոն զանգեց ու ասաց, որ անձնագիրը պատրաստ է: -
Առավոտյան կզանգեմ, տեղ կպայմանավորվենք, Կանտին կբերես, ես իրան կտամ նոր անձնագիր ու կանցկացնեմ Վրաստանի սահմանը: Վրաստանում Կանտին կդիմավորեն, մի քանի օր կմնա, հետո կգնա Կիպրոս: - Ինչի՞ համար ես էս ամեն ինչն անում,- հարցրի: - Հետաքրքիր տղա ես, չանեի, ասելու էիր` ինչի չարեցիր: Մի խոսքով, առավոտ զանգիս սպասի: Այդ երեկո իմ տանը հարբեցինք Կանտի հետ, երկուսս էլ գիտակցում էինք, որ շատ երկար ժամանակ, գուցե մի ամբողջ կյանք այլևս իրար չենք տեսնելու: -
Գիտե՞ս, Կանտ, Նորոյից չէի սպասում: Երբ գնացի մոտը, հույս չունեի, թե կօգնի: - Իսկ ինչի՞ օգնեց: - Չգիտեմ, չեմ էլ ուզում մտածել, կարևորը, որ վաղը դուրս կգաս երկրից: Նորոն անձամբ քեզ սահմանը կանցկացնի: - Բա դու ի՞նչ ես անելու: - Ի՞նչ առումով: - Կուկուի: - Ոչ մի բան: Կուկուն էլ երբեք հետ չի գա: Երևի էդպես ճիշտ ա: Մոտեցա պատուհանին: Առատ ձյուն էր գալիս: Ամեն ինչից պատմություն սարքողները կասեին` ձյունը մաքրել է ամեն բան: Իսկ իրականում ձյունը ոչինչ էլ չի արել, ընդամենը թեթև տեսքի է բերել Մուլտի հողաթումբը կամ նստել Կուկուի մազերին (երկուսը միաժամանակ գուցե): Ձյունը ոչինչ էլ չի անում, մարդիկ են անում: Կանտը նույն եռանդով շարունակում է խոսել: -
Ես ջոկել եմ, էգոիզմի արմատը «էգն» ա,- ծիծաղեց ինչ-որ լուրջ բացահայտում արածի պես,- նենց որ շատ մի նեղվի: Ես չեմ էլ նեղվում, դու խոսակցություն բացեցիր: Լավ, կապ չունի, ես գնում եմ` քնեմ, շուխուռ չանես: Չեմ անի:
Հասավ հյուրասենյակի դռան մոտ, աչքը գցեց դաշնամուրին (կարծես առաջին անգամ էր տեսնում), ապա վերադարձավ-նստեց տեղում ու հարցրեց. -
Էս դաշնամուրով Կուկո՞ւն ա նվագում: Չէ,- ասացի.- Իզաբելլայի դաշնամուրն ա, ուղղակի տանելու տեղ չուներ, մնացել ա: Ինձ չի խանգարում: Իսկ Կուկուն երբևէ նվագե՞լ ա սրանով: Չէ, Կուկուն դաշնամուր նվագել չգիտի: Հարցրել ես, ասել ա` չգիտե՞մ: Չեմ հարցրել: Բա որտեղի՞ց գիտես, որ չգիտի: Եթե իմանար, կասեր կամ մի անգամ կնվագեր: Իսկ կուզեի՞ր, որ Կուկուն դաշնամուր նվագել իմանա: Չէ, չէի ուզի:
… Սահմանային անցակետ չհասած` պայմանավորված տեղում, հանդիպեցինք Նորոյին: Նա Կանտին տվեց իր նոր անձնագիրն ու մի քանի փաստաթուղթ, ապա ինձ հարցրեց. - Բա որտե՞ղ ես սրան պահել էսքան ժամանակ: - Իմ տանը: - Հո դուք ապուշ չեք, բա ո՞նց չեք բռնվել: - Իմ տունը միակ տեղն էր, որտեղ Կանտին չէին փնտրի,- ժպտացի: - Ավտոյի մեջ սպասում եմ,- ասաց Նորոն ու քայլեց դեպի մեքենան: Նայում էի Կանտին ու չգիտեի ինչ ասել: -
Էդքան մի մտածի,- ասաց,- ամեն ինչ նորմալ ա: Կներես, Կանտ: Կներես, ու շնորհակալ եմ: Քեզ մի մեղադրի, մի բան, որ պիտի լինի, անպայման լինում ա: Երբեք հետ չգաս,- ասացի: Երևի,- երկար նայեց ինձ, ապա ավելացրեց,- Կուկուին ասա` քեզ համար դաշնամուր նվագի: Կուկուն դաշնամուր նվագել չգիտի: Գիտի: Էդ դեպքի նախորդ օրը, երբ քեզանից շուտ հասա, Կուկուն դաշնամուր էր նվագում: Վատ չէր նվագում,- ժպտաց Կանտն ու գնաց դեպի մեքենան, ժպտաց ու Աստված գիտե` ուր գնաց:
Թվում է, թե էս մայրուղում վերջանում է աշխարհը, գուցե սկսում է, չգիտեմ, մի բան է միայն հաստատ` էստեղ ոչինչ չի շարունակվում: Ձյունն ընդամենը տեսքի է բերել Մուլտի հողաթումբը կամ նստել Կուկուի մազերին: Ոչինչ չեմ զգում, կյանքս թմրել է: Մուլտի ոսկորներն արդեն մերվել են հողին, Կանտը հիմա կանցնի սահմանը, իսկ Կուկուն ինձ ոչ մի անգամ չի ասել, որ կարողանում է դաշնամուր նվագել…
«ԿՅԱՆՔ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ» Մի քանի օրից լույս կտեսնի գիրքս, որին Էլիզի վթարի օրից անվանում եմ «Գևորգյանի գիրք»: Գևորգյանն ու հանգամանքները, փաստորեն, կարողացան հաղթել ինձ: Արդեն երրորդ ամիսն է` Կուկուին չեմ տեսել: Երեկ երեկոյան, երբ բջջայինիս էկրանին նրա անունը գրվեց, ինձ թվաց` աչքիս է երևում: «Վաղը յոթին արի թատրոնի մոտի սրճարան, խոսելու բան կա»,- ասաց ու անջատեց: -
Դառը սուրճ, խնդրում եմ,- ասացի մատուցողուհուն ու նայեցի ժամացույցիս. կես ժամ շուտ եմ եկել:
-
Վե՞րջ,- հարցրեց:
-
Չէ, մեկ էլ թուղթ, եթե կարելի է:
Հանգերն իրենք իրենց հոսում էին, ամբողջ աշխարհը մոռացած` Կուկուին էինք սպասում ես ու մի թանաքոտված թուղթ…
Երբ ամենն առաջվանը լինի, Երբ ապրենք աշխարհի այն կողմում, Կդառնանք մենք նորից մեր հնին Քո տաքուկ, հաճելի անկողնում: Երբ ամբողջ կդառնան փշուրները, Կարթնանաս խավարից մշուշոտ, Գարունվեն երբ ներսիդ աշունները, Կսրբենք մեր ընթացքը փոշոտ: Կատարվեն երբ գալուդ իմ ճիգերը, Մազերիդ հետ անվերջ կխաղան Մեր երկար մազերով աղջիկները Կամ խոշոր աչքերով մեր տղան…
-
Սուրճ ես ուզել, որ մտածեմ` խմելը թողել ե՞ս,- թիկունքիս լսեցի Կուկուի ձայնը:
Անգամ փորձ չարեցի տեղիցս շարժվելու կամ նրան գրկելու: -
Բայց իսկապես թողել եմ:
-
Շատ լավ ա, դե ասա` ինձ գինի բերեն:
Մի քանի րոպե ոչինչ չենք խոսում, Կուկուն դատարկում է գինու բաժակն ու ցածրաձայն, առանց դեմքի որևէ մկան շարժելու ասում.
-
Գողացար կյանքս:
Աչքիս ինչ-որ պատկեր է երևում, կարծես նրա մի կեսը պոկվում է մյուսից ու դուրս գալիս սրճարանից, նրա` իմ կեսը… -
Կարոտել եմ քեզ,- ասացի:
-
Իսկ ես քեզ` չէ:
Կուկուն պայուսակից մի գիրք հանեց ու դրեց սեղանին: Արամ Հարյան` «Կյանք և ժամանակ»: -
Արդեն լո՞ւյս ա տեսել,- անտարբեր հարցրի:
-
Էնպես ես հարցնում, ոնց որ ուրիշի գիրք լինի:
-
Գևորգյանի գիրքն ա,- ժպտացի:
-
Կարդա, տես Գևորգյանի՞նն ա, թե՞ քոնը:
Թերթում եմ: Գևորգյանի հանած բոլոր հատվածներն իրենց տեղում են, վեպը տպված է էնպես, ինչպես գրել եմ: Ոչինչ չեմ հասկանում: -
Էս ի՞նչ ա, Կուկու:
-
Քո գիրքն ա,- ժպտում է:
-
Հասկացա, որ իմ գիրքն ա, բայց ո՞նց ա սենց էղել:
-
Շատ սովորական: Վերադարձրել եմ Գևորգյանի ամբողջ գումարն ու գիրքդ հետ եմ վերցրել: Ճիշտ ա, սկզբում մի քիչ նվնվաց, բայց դե գիտես, ինձ մերժելը մի քիչ բարդ ա:
-
Բայց ո՞նց ես էդքան փողը հետ վերադարձրել:
-
Հանգիստ էղի,- ժպտաց,- ոչ մի օրգան չեմ վաճառել: Մենք էլ ենք մեկ-մեկ լուրջ հոնարարներ ստանում:
Երկար նայեցի Կուկուին: Ոչինչ չէի հասկանում: -
Ինչի՞ ես նման բան արել:
Կուկուն կանգնեց: -
Միակ բանը, որ հոգուդ մեջ չի մեռել, գրողն ա… Չէի թողնի` գրողը մեռնի…
ՎԵՐՋՈՒՄ
Ինչ-որ ուժգին ձայն լսվեց, ու տան լույսերը հանգան: Պատերից բռնվելով ու բջջայինի էկրանի լույսով ճանապարհս լուսավորելով` քայլեցի դեպի պատշգամբ. ամբողջ պողոտան հոսանքազրկված էր: Դարակներից մեկում գտա կարմիր ժապավենով ու փայլերով այն կապույտ մոմը, վառեցի ու հետ եկա հյուրասենյակ: Այս անգամ ոչ անձրև կար, ոչ վթար, ոչ էլ գործս էր կիսատ մնացել: Ինչ-որ մեկը թակում է դուռը: Մոմը ձեռքիս` հասնում եմ դռանը: Կուկուն է: -
Սիրո՞ւմ ես ինձ:
-
Ինչի՞ ներս չես գալիս:
-
Հարց եմ տալիս: Շա՞տ ես սիրում:
-
Շատ:
-
Որ ինձ նման մեկն էլ լինի, իրեն է՞լ կսիրես:
Անին գալիս-կանգնում է Կուկուի կողքին: Ոչինչ չեմ խոսում: -
Կթողնե՞ս` ներս գանք,- ասաց նրանցից մեկն ու մեկը:
Մոմը սահեց ձեռքիս մեջ ու ընկավ հատակին: Չհասկացա` եղավ, թե թվաց:
ՎԵՐՋ
Էդգար Կոստանդյան
ԿՈՒԿՈՒ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԽՄԲԱԳԻՐ – ԼԵՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԽՄԲԱԳԻՐՆԵՐ – ՕՖԵԼՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ԵԼԵՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՄԲԱԳԻՐ – ԷՐԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՍՐԲԱԳՐԻՉ – ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՇԱՊԻԿԻՆ` ԱՐԹՈՒՐ ՍԱՐՅԱՆ. «ԿՈՒԿՈՒ»
ԵՐԵՎԱՆ-2017