Ամենայն հայոց բանաստեղծը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում
Լոռին, կամ Գուգարաց աշխարհի Տաշիր գավառը ընդգրկում է Լոռու սարահարթը և Դեբեդ գետի հովիտը: Հյուսիսից ձգվում են Վիրահայոց, հարավից` Բազումի, արևմուտքից` Ջավախքի, արևելքից Գուգարաց լեռնաշղթաները: Սկզբում Լոռի է կոչվել Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորի 11-րդ դարում Ձորագետի ձախ ափին կառուցած Լոռի /Լոռե/ բերդը, որը 1056թ.ից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը: Հետագայում Լոռի անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա: Դսեղը գտնվում է Լոռու հարավարևելյան Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր մասում: Գյուղի անունն առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարի կեսերին Հակոբ Գ. Սսեցի կաթողիկոսի /1404-ից 1411թթ./ կողմից: Անվան ստուգաբանության երկու տարբերակ կա.
ա/ Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն բնակավայրից առանձնացված տեղ/գեղ: բ/ Ըստ ավանդազրույցի, ձորի գյուղերից տարբերելու համար, բարձրադիր գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դըզի գեղ, որը հետագայում հնչյունափոխության է ենթարկվել և դարձել Դսեղ: Լոռին ունի մեղմ կլիմա, հարուստ ու բազմազան բուսական և կենդանական աշխարհ:
Ըստ տոհմական ավանդության Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն համարել է Մամիկոնյաններից սերված և 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց - Մամիկոնյան» կնքադրոշմը: Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` Համազասպյանները X-XI դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Լոռում մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում: Թումանյանին Հովհաննես կամ
Ասլան (1839-1898) – կամ Տեր Թադևոս Թումանյանի քահանա հայրը
Օհանես է անվանակոչել իր տատը,ամուսնու ՝Օհաննես աղայի պատվին: Նա է հիմնականում զբաղվել թոռան կրթությամբ և աշխարհի հետ ամուր կապի հաստատմանը: Թումանյանի հայրը՝ Ասլանը,եղել է ժամանակի կրթված մարդկանցից մեկը, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվել է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի:Անչափ բարի անձնավորություն: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:Թումանյանը համոզված է ,որ մեծ բախտավորություն է ունենալ լավ ծնողներ:Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
Սոնան (1842-1936)բանաստեղծի մայրը
Հովհ. Թումանյանը խիստ կանոնավոր կրթություն երբևէ չի ստացել: Նախնական գրաճանաչություն սովորել է հորից: Ութ տարեկան հասակում մի խումբ գյուղացիների հետ գրելկարդալ է սովորում հորեղբոր` Գրիշկա բիձու նորաբաց «դպրոցում», որտեղ մատիտները արճիճից էին, թանաքը` կակաչ ծաղկից, որ աշակերտներն իրենք էին պատրաստում: Մի քանի ամիս այդտեղ սովորելուց հետո, 1877թ. Սկսում է հաճախել գյուղում բացված Սահակ վարժապետի դպրոցը, որն իր «Ինքնակենսագրության» մեջ Թումանյանը շատ վառ ու պատկերավոր ձևով է նկարագրում: Դպրոցը ՏերԹոդիկյան տիպի էր, որտեղ գործադրվող «մանկավարժական մեթոդներն» էին ծեծը վիրավորանքները` գիտելիքների չնչին պաշարի դիմաց: Տեր Սահակը երեխաներին «կառավարում էր գավազանավ երկաթյավ»: Դաժան ծեծից Թումանյանը զերծ է մնացել, քանի որ «վարժապետը քաշվում էր հորիցս, մանավանդ մորիցս էր վախենում»: Ապա նաև սովորում է Ջալալօղլու երկսեռ չորսդասյան դպրոցը: Հետագայում ընդունվում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց ,որտեղ էլ սովորում է երեք տարի:
1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ: Նրանց հանդիպման մասին իմանում ենք հենց Օլգայի հուշերից , - «1887 թ. սեպտեմբերի վերջերին ես ու ընկերուհիս ` Օսանը գնացինք տատիս մոտ: Ճաշեցինք այնտեղ: Երեկոյան դուրս եկանք փողոց, որ մի նեղ ճանապարհ էր հին, միհարկանի տներով: Հենց տատիս տան կողքին, մի սենյակում ապրում էր մի ընտանիք` նախշքար (ներկարար) Բագրատ Թումանյանը` իր կնոջ հետ: Մենք այդ փողոցումն էինք, երբ այդ տնից դուրս եկավ մի միջահասակ կին, նրա ետևից` բարձրահասակ, նիհար կազմվածքով, գանգուր մազերով մի երիտասարդ»:Հենց այս երիտասարդն էլ Թումանյանն էր,որն այդ ժամանակ կոնսիստորիայի գրագիրն էր,անգամ նամակներ է գրել հենց Օլգայի տատիկի համար: Երիտասարդներին առանց իրենց իմացության նշանում են,որն էլ ավարրտվում է պսակով: Թումանյանը և Օլգան տաս երեխա են ունենում: Եվ կապված Թումանյանի բազմազավակ լինելու փաստը չէր կարող չդառնալ զվարճալի դեպքերի առիթ,երբ նա շփոթել է երեխաների դպրոցը,տարիքը,մեկի համար կոշիկ է գնել,պարզվել է սխալ և այլն,և այլն….
Կինը՝ Օլգան
Զավակները
Դստեր` Նվարդի հուշերից
Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց: Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ: Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել: Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»: Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
Թումանյանը կարծում էր,որ մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»:
Նվարդը հիշում է՝ -Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ: Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է: Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի: Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Թումանյանի լավագույն ընկերն ու բարեկամն էր Ղազարոս Աղայանը: Նրանք միասին շատ տխուր ու ուրախ,զվարճալի օրեր են ունեցել:Մի հետաքրքիր դրվագ կա նրանց մասին պատմող. 1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»: Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր...», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:
«ՎԵՐՆԱՏՈՒՆ»
Հովհաննես Թումանյանի հանճարով ստեղծվեց «Վերնատուն»-ը, ուր հավաքվեցին ազգի լուսավոր մտավորականները`ոչ միայն փրկելու հայ գրականությունը, հայոց լեզուն, այլ նաև վերականգնելու հայոց պետականությունը։ Վերնատուն»-ը հիմնադրվեց 1899թ. հայ գրականության երևելիների նախաձեռնությամբ։ «Վերնատան» գոյությունը տվյալ ժամանակահատվածում լուսավոր մի շող էր, որ դարձավ հայ գրականության պատմության ամենագեղեցիկ և միևնույն ժամանակ առեղծվածային էջերից մեկը։ Խմբակի հանդիպումները տեղի էին ունենում Հովհաննես Թումանյանի բնակարանում` Թիֆլիսի Բեհբության փողոց թիվ քառասունչորս տան ամենավերջին` հինգերորդ հարկում, քանզի Թումանյանի օջախը եղել է ամենահայտնի և ցանկալի համդիպման վայրը։ Իզուր չէ, որ ժամանակի երևելիները նրանց տունը անվանել են «վանք, տոնախմբություն», շարունակական, հարատև տեսակցությունների վայր։ Հանճարեղ բանաստեղծը բնակության համար միշտ ընտրում էր վերջին հարկը. գտնում էր, որ իրենից վերև պետք է լինի աստղալից երկինքը և Աստված։ «Թումանյանի բարձրադիր բնակարանում հետզհետե, ավելի հաճախակի սկսեցինք հանդիպել Շանթը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը, ես, ինչ խոսք, որ մեզանից առաջ էլ այնտեղ միշտ լինում էր Ղազարոս Աղայանը, և ահա այդ հավաքույթները մեզ բերին մի գրական խմբակ ստեղծելու գաղափարին։
«Վերնատան» հիմնական անդամներն էին Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկոլ Աղբալյանը։ Ղազարոս Աղայանը ընդունվեց այդ խմբակում իբրև Նահապետ։ Նա «Վերնատան» պատվավոր անդամն էր: Հայ մեծանուն գրողների այս խումբը ամեն շաբաթ հավաքվում էր Հովհաննես Թումանյանի տանը և Թումանյանի հորդորով էլ կազմակերպում էին գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ։ Ուսումնասիրում էին հայ և համաշխարհային գրականությունն ու բանահյուսությունը։ Քննադատում էին Էսքիլեսի, Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի, Շեքսպիրի, Բայրոնի և այլ դասականների ստեղծագործությունները։ Ինչպես նաև իրենց ստեղծագործություններն էին ներկայացնում ընդհանուր քննադատության, չիմանալով, որ իրենք դառնալու էին հայ գրականության դասականներ։ Զավեշտական թերթիկներ էին կազմում հատուկ այդ երեկոյի համար, ուր ծաղրանկարում էին զանազան անձնավորությունների։ Ծաղրանկարիչը Դերենիկ Դեմիրճյանն էր։ Լեոն դարձել էր մեծ գրողի նկարների հերոսը։
Խմբակի միջոցառումներին, հիմնական անդամներից բացի, մասնակցում էին նաև հայ այլ երևելի անհատականություններ. գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ, նկարիչներ` Պ. Պռոշյանը, Շիրվանզադեն, Նար-Դոսը, Վրթանես Փափազյանը, Վահան Տերյանը, Լեոն, Ս. Լիսիցյանը, Մուրացանը, Կոմիտասը, Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլոք։ «Վերնատունը» հայ մտավորականության համար եղել է մշակութային խնդիրների և բարոյական հարցերի հստակեցման վայր, միասնական նպատակի ընկերություն։ Այն դարձել էր նաև հայ գրողների կովկասյան ընկերության հիմնաքարը։ « Վերնատուն» գրական խմբակը գործեց մինչև 1908թ.:
Ալեքսանդր Շիրվա նզադե (1858-1935) գրող, դրամատուրգ:
Ավետիք Իսահակյան (1875-1957), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ
Ղազարոս Աղայան (1840-1911) գրող, մանկավարժ, հրապարակախոս
Դերենիկ Դեմիրճյան (Դեմիրճօղլյան) (1877-1956) գրող, հրապարակախոս։
Պերճ Պռոշյան (1837-1907) հայ գրող
Լևոն Շանթ (1869-1951) գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։
Հովհաննես Թումանյանը առաջին անգամ սիրահարվել է 11 տարեկանում: Տղան սովորում էր Ջալալօղլու (ներկայիս Ստեփանավանի) դպրոցում և շատ էր սիրում կարդալ: Դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանն էլ տանը մեծ գրադարան ուներ: Այդ իսկ պատճառով փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր գնում նրանց տուն: Եվ օրերից մի օր նա սիրահարվում է տեսուչի աղջկան` գեղեցկադեմ Վերգինեին: Սակայն վերջինս նախատում է տղային, որպեսզի նա իրենով չտարվի, այլ իր ուսումով զբաղվի: Իսկ Հովհաննեսը Վերգինեին է նվիրում իր առաջին սիրային բանաստեղծությունը.
Հոգուս հատոր, սրտիս կտոր, Դասիս համար դու մի´ հոգար, Թե կան դասեր, կա նաև սեր, Եվ ի՜նչ զարմանք. իմ աղավնյակ, Որ կենդանի մի պատանի, Սերը սրտում դաս է կարդում: Հետագայում, երբ տեսուչը տեղեկանում է նրանց սիրո մասին, ցանկանում է պատժել պատանուն, բայց Վերգինեի միջամտությամբ Թումանյանը խուսափում է անախորժություններից:
Թումանյանական քառյակներ Նախ մի փոքր տեղեկություն ՝ ինչ է քառյակը . Քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից (օրինակ` Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարցու քառյակները)։ Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։ Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։
~ Քառյակներ ~ Անց կացա՜ն… Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն. Ախ ու վախով, դարդերով Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն: *** Վերջացա՜վ… Կյանքս մաշվեց, վերջացա՜վ. Ինչ հույս արի` փուչ էլավ, Ինչ խնդություն` վերջը ցա՜վ: *** Հիմա բացե՜լ են հանդես Երգիչները իմ անտես. Ջա՜ն, հայրենի ծղրիդներ, Ո՞վ է լսում հիմի ձեզ: *** Ե՛տ չեկա՜վ… Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ, Անկուշտ մահին, սև հողին Գերի մնաց, ե՜տ չեկավ:
*** Երկու դարի արանքում, Երկու քարի արանքում, Հոգնել եմ նոր ընկերի Ու հին ցարի արանքում: *** Ծով է իմ վիշտն անափ ու խոր, Լիքն ակունքով հազարավոր. Իմ զայրույթը լիքն է սիրով, Իմ գիշերը` լիքն աստղերով:
Թումանյանին սիրում են աշխարհի բոլոր հայ մանուկները :Դրա վառ ապացույցն է նրա հեքիաթների ,պատմվածքների ուրախ բեմականացումները: Ստորև ներկայացված ամենասիրելի հեքիաթներից մեկը՝
« Ճամփորդները» ***
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։ — Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,— հարցրեց վերևից բակում պառկած շանը։ — Ես էլ չգիտեմ,— պատասխանեց Քուչին։ — Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։ Շունն էլ ձամաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։ Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտաո։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։ Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ:
Մի աղվես լսեց աքլորի ձայնը։ — Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,— մտածեց աղվեսն ու վազեց։ — Բարի՛ լույս, սանամեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։ — Գնում ենք աշխարհ տեսնելու,— պատասխանեց աքլորը։ — Օ՜, ինչ լավ բան եք մտածել,— խոսեց աղվեսը։— Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։ — Ես համաձայն եմ,— ասավ աքլորը.— տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք։ — Ո՞րտեղ է ընկերդ։ — Էն թփի տակին։ «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը»,— մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։ — Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,— ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։
Դսեղ
Գործն է անմահ, լա՛վ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նըրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար։