ԵՐԵՎԱՆ 53 | 2019

Page 1


Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն վայել մոտեցում

մարքեթինգ

հրատարակչություն

տպագրություն

պրոմո նյութեր


Armenia Art Fair

→ Ժամանակակից արվեստը Երևանում. Armenia Art Fair տոնավաճառի սրահներից մեկը, 2018

Կ

ա տարածված կարծիք, թե ժամանակակից արվեստն էդքան էլ արվեստ չէ: Մոտավորապես ամիսը մեկ-երկու անգամ կարելի է լսել այս արտահայտությունը. «Մինչև ակադեմիական նկարել չսովորեն, թող աբստրակտ բաներ չնկարեն»: Կամ՝ «սրա ի՞նչն ա արվեստ, ես էլ կարամ սենց»: Երբեմն նույնիսկ՝ «ինչ ուզում են, թող անեն, բայց սրա անունն արվեստ չդնեն»: Մինչև հիմա շատերի կարծիքով բնավ արվեստ կոչվելու իրավունք չունի, օրինակ, արվեստագետի՝ հանդիսատեսի հետ դեմ առ դեմ սեղանի մոտ լուռ նստելը: Գրաֆիտին էլ եթե ոչ վանդալիզմ է, ապա լավագույն դեպքում՝ պատը սիրունացնելու միջոց: Պերֆորմանս և ինստալացիա բառերն անգամ ահ ու սարսափ են ներշնչում: Չէ՞ որ դրանք հնարավոր չէ կախել պատից: Բարեբախտաբար, Երևան քաղաքն արդեն վաղուց բաց է ամեն տեսակի, նույնիսկ շատերին անհասկանալի արվեստի համար: Երևանը զուրկ է կարծրատիպերից: Երևանն առաջադեմ է (շատ երևանցիներից): Երևանը դեռ 70-ականներին մի ամբողջ Խորհրդային Միության ամենաժամանակակից ու ամենաարվեստային քաղաքներից էր: Այստեղ չէին վախենում պերֆորանսներից ու ինստալացիաներից, խիզախ

ակցիոնիզմից, պաստառային արվեստից, այստեղ սահմաններ չճանաչող կամ սահմանները ծռելու և կտրելու համար ծնված արվեստագետները հավաքվում էին խմբերի մեջ ու միասին դարձնում Երևանն ավելի ժամանակակից ու ավելի արվեստային: Բայց մի րոպե, չսկսեք հիմա էլ փնթփնթալով հոգոց հանել ու հիասթափված արտաբերել՝ «դե էն ժամանակ ուրիշ էր, դե հիմա տենց բաներ չկան...» (ժամանակակից արվեստը քլնգելուց հետո երկրորդ ամենատարածված կարծիքն ամեն ինչի մասին): Եթե այդ ամենը լիներ միայն պատմություն, ԵՐԵՎԱՆի այս թողարկումը նվիրված կլիներ աղբահանության խնդրին, քաղաքային տրանսպորտին կամ կինո «Ռոսիայի» ճակատագրին: Բայց ոչ, Երևանը նույնքան ազաատատենչ է ու նույնքան արվեստասեր: Այստեղ շարունակում են սահմանները ոչնչացնելու որոնումները և նոր հարթությունների շինարարությունը: Բացե՛ք, տեսե՛ք, հիացե՛ք: Եղե՛ք Երևանի պես: Սիրե՛ք ժամանակակից արվեստը: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների մտքի փայլատակումները, Մեսսին, Արշակ Երկրորդը, Մել Գիբսոնը և այլն։

12

08

Գիրք Պատումներ Հայաստանից Մեկ գրքով լույս են տեսել «Պատումներ Հայաստանից» շարքի տեքստերը (գումարած սթիքերներ)։

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ

10

Դիզայն Pins by Յերեվան-ցի Կուկուռուզնիկը, Հայկ Նահապետի արձանը, «Զվարթնոցը» և այլ կարևոր կառույցների տեսքը կրող փիների նոր շարքը:

Շապիկ՝ yerevantropics ԵՐԵՎԱՆ  #2(53) | 2019

14

16

Մարքետինգ Գովազդի արվեստ Ինչպես կարող է գովազդը մոտենալ արվեստին, բացատրում է Ucom-ի գլխավոր դիզայները:

Կարևոր հարց ժամանակին կից (և ոչ թե կցված) արվեստը Բացատրում է արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանը։ Արվեստանոց Արվեստի պատմություն՝ խիստ անձնական տեսանկյունից Ժամանակակից արվեստի տարբեր ուղղություններում աշխատող արվեստագետները մոտիկից:

Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Հասմիկ Պապիկյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան

24

Հիմնադրամ Արվեստ, Հայաստան Ինչով է Արվեստ Հայաստան հիմնադրամն օգնում արվեստագետներին:

28

Ցուցադրություն Փոփ մշակույթ Ինչպես HAYP Pop Up Gallery-ն անսպասելի վայրերում ցուցադրություններով փոխեց արվեստի ընկալումը։

30

Այլընտրանք #kondgallery. պարտիզանական պայքար Ժամի քուչում Գրաֆիտին նույնպես արվեստ է, Կոնդը՝ արվեստի բացօթյա ցուցասրահ:

34

Միքս Սա dzen ա բերում Ինչ կապ ունի Rambalkoshe-ն ժամանակակից արվեստի հետ և ինչու է այն պետք Հայաստանին։

38

Աշխարհին ի ցույց Ազգային չավանդական Վենետիկի արվեստի բիենալեին հայ արվեստագետների մասնակցության հարուստ փորձն ու դրա կարևորությունը։

42

Պատմություն Դեպի ապրող (ժամանակակից) արվեստ Վառ անհատականությունների ու բացառիկ ստեղծագործությունների պատմություն։

Համարի վրա աշխատել են՝ Կարինե Ղազարյան, Վիգեն Գալստյան, Լենա Գևորգյան, Լուսինե Ոսկանյան, Ամալի Խաչատրյան, Վիկտորյա Մուրադյան, Արեգ Դավթյան Լուսանկարներ՝ Արթուր Լյումեն Գևորգյան, Մարիամ Լորեցյան, Rambalkoshe, yerevantropics, Deem Communications, Ucom, HAYP Pop Up, Գրիգոր Խաչատրյանի արխիվ, Արմեն Տոնյանի արխիվ Տառատեսակ Arek Armenian by Rosetta

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0019, Երևան, Բաղրամյան 49/2 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (44) 377 887 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com

48

Այնտեղ Ժամանակակից արվեստի լավագույն ցուցահանդեսները Լիոնից ու Լոնդոնից մինչև Մարաքեշ ու Շանհայ:

52

Սեփական փորձ Համակրելի համադրողներ Երեք սերնդի կուրատորներ պատմում են ժամանակակից արվեստում այդ մասնագիտության դերի մասին:

ՔԱՂԱՔ

55

Ուրբան Հարցեր լուծողը Երրորդ մասում կառուցված անհավանական զրուցարանի պատմությունը:

56

Իմ Երևան Վարդգես Հովեյան. «Քաղաքը քո մեջ սիրի, ոչ թե քեզ՝ քաղաքում» FairWind և Սավարշավանա խմբերի հիմնադիր Վարդգես Հովեյանը՝ Երևանի ռիթմի մասին:

58

Պատմական դեմք Արմեն Տոնյան. մարդն ու իր ժամանակը Տոնյանն ու Հայաստանի երեք հանրապետությունները:

60

Կադրերի բաժին Գրիգոր Խաչատրյան մրցանակը, 1990-ականներ Մի քանի ֆոտոդրվագ Հայաստանի ժամանակակից արվեստի պատմությունից։

© 2011-2019 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 07.03.2018

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine Գլխավոր հովանավոր

2 3

#2(53) 2019

Համարը լույս է տեսել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:



ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից

***

Ես էլ փոքր երեխա ունեմ, չեմ կարողանում գիշերները քնեմ, որտև գալիս ա, տեղավորվում ա գլխիս, բառացիորեն: Իրա օրորոցում ուղղակի չի քնում ու վերջ: Ստիպված գնում, դիվանին եմ պառկում: Էն էլ երևի ճիշտ չի, էլի, երես կառնի, ինչքա՞ն պիտի մոր ծոցը մնա: Բայց ասելն ա հեշտ, անելը հեշտ չի:

***

Հայաստանից գնացողներին պետք չի մեղադրել, չեն կարա ստեղ ապրեն՝ գնում են: Ավելի լավ ա՝ մի քանի տարի գիշերները սուպերմարկետում հավաքարար լինես, քան էս անտերության մեջ մնաս: Հա բա, գիտես բան ա՞ փոխվել:

Սաղ նույնն ա, նույն թալանն ա, նույն անտերությունն ա, ուղղակի յանի ուրիշ մարդիկ են վերևները նստած: Էն էլ դե մենք հո գիտե՞նք, որ ընդեղ ուրիշը չի լինում…

***

Ես Ռուսաստանից եմ եկել ու շատ գոհ եմ: Հեղափոխության օրերին ուղղակի վեր կացա, եկա: Ամսի 23-ին հաղթանակը նշեցինք, ապրիլի 24-ին էլ քույրս երեխա ունեցավ՝ դրանից էլ լավ ձև՞ Եղեռնի հիշատակը հարգելու: Մի խոսքով, ամեն ինչ լավ ա լինելու:

***

Տաթևիկ Հովհաննիսյան

Երևանցի տաքսիստները բարձրաձայն մտորում են երեխաների գիշերային քնի և հեղափոխության արդյունքների մասին:

Ազիզ ջան, էս ուրեմն համարս մոտդ գրի, որ պահին պետք եղավ տեղ գնալ-գալ, զանգի: Մենակ, խնդրում եմ, չգրես «Արմենտաքսիստ», գրի «Գիշերային խելագար»: Տենց ավելի ռոմանտիկ ա հնչում:

Նոր գիրք

Գրիգ «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը», Անտարես

Հայաստանում պատանեկան գրականություն վերջին տարիներին հազվադեպ է լույս տեսնում, և ամեն նոր ստեղծագործություն հատուկ ուշադրության է արժանի: Այս դեպքում կարևոր է նաև հեղինակը. Գրիգը մի քանի տարի առաջ ներխուժեց հայ արձակ «Հիսուսի կատուն» ժողովածուով՝ միայնակ, երազող, փոքր մարդկանց մասին: Իսկ հիմա, ահա, անսպասելիորեն ներկայացնում է ոչ շատ մեծ (64 էջ), վառ պատկերազարդումներով լի պատանեկան դետեկտիվ այն մասին, թե ինչպես Կատուների քաղաքում անհայտ անձինք քնաբերի օգնությամբ իր իսկ բնակարանից առևանգել են Ձյունիկ Փարթամապոչ կատվուհուն:

4 5

#2(53) 2019

Պերճ Զեյթունցյան «Արշակ Երկրորդ», Անտարես

Պատմավեպի ժանրը պատմականորեն մեծ պահանջարկ է ունեցել հայ ընթերցողի շրջանում, և բնավ միայն «Վարդանանքն» ու «Սամվելը» չեն այս ուղղության միակ կարևոր գործերը: Այսպես, 1977-ին լույս տեսած Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդը» արձակագրի ամենասիրելի աշխատանքներից է եղել: Բացի այդ, սա ժանրի ամենաինքնատիպ և նորարարական դրսևորումներից է հայ գրականության մեջ: Եվ պատահական չէ, որ հենց այս վեպով «Անտարեսը» սկսում է իր նոր մատենաշարը՝ նվիրված հայ պատմավիպագրությանը: Վեպը պատմում է 4-րդ դարում Հռոմի և Պարսկաստանի միջև գոյության պայքար մղող Մեծ Հայքի արքա Արշակ Բ-ի մասին:

Ջոան Ռոուլինգ «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում», Զանգակ

Հարրի Փոթերի մոգական աշխարհից տեղյակ մարդիկ իհարկե հիշում են Հոգվարցում դասավանդող Նյութ Սքամանդերին: Աշխարհի տարբեր ծայրերում բնակվող գերբնական գազանների մասին նրա հեղինակած գիրքը մի քանի անգամ հիշատակվում է Փոթերի արկածների ժամանակ: Այժմ այն կարող են ընթերցել նաև հայալեզու մագլները: Գրքում նկարագրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազմացումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղանակները: Գերբնական գազանները բոլորն էլ ներկա են հարրիփոթերյան շարքի վեպերում կա՛մ որպես լիարժեք կերպարներ, ինչպես, օրինակ, էլֆերն ու վիշապները, կա՛մ սոսկ որպես ուսումնական նյութ, ինչպես փիքսիները:

Լուկա Կայոլի «Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը», newmag

Եթե լույս է տեսնում գիրք Ռոնալդուի մասին, ապա հաջորդը պետք է լինի Մեսսին: Հատկապես, եթե երկուսի հեղինակն էլ նույն մարդն է: Մարզական կենսագրությունների վրա մասնագիտացած Կայոլիի «Մեսսին» ներառում է բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլիստին ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է նա ստիպված եղել անցնել:


Ինչ անել Գոնսալո Ռուբալկաբայի տրիոն

Ապրիլի 30, Արամ Խաչատրյան համերգասրահ Կուբայական ջազի ռահվիրա, Գրեմմիի դափնեկիր, դաշնակահար և կոմպոզիտոր Գոնսալո Ռուբալկաբան երկու տարի առաջ արդեն եղել է Երևանում՝ ջազ-փառատոնի շրջանակում: Այս տարի Ռուբալկաբան վերադառնում է նոր ծրագրով: Իսկական նվեր ջազի սիրահարների համար: Տոմսերը՝ 3000-20000 դրամի սահմանում:

«Հանճարն ու խենթը»

Մարտի 28-ից կինոթատրոններում Այս ֆիլմը պարտադիր դիտելու համար կա առնվազն երկու ծանրակշիռ պատճառ. Մել Գիբսոն և Շոն Փեն: Բայց եթե դա բավարար չէ, ապա նշենք, որ ինտրիգային է նաև իրական պատմությունը, որի հիման վրա նկարահանվել է «Հանճարն ու խենթը». այն պատմում է 19-րդ դարակեսին հռչակավոր Օքսֆորդի բառարանի ստեղծման մասին:

Երաժշտական վավերաֆիլմեր

Մարտի 2-ից ապրիլի 27, Իսահակյան գրադարան Art Film Club միությունը շարունակում է այլընտրանքային կինոյի ցուցադրություններն Իսահակյան գրադարանում: Գարունը սկսվում է երաժշտական վավերաֆիլմերի լայնածավալ ծրագրի ցուցադրությամբ: Ցանկում ներառված են ամենատարբեր ժանրերի ու ժամանակների կատարողների մասին կարևոր կինոնկարներ, օրինակ՝ 2013 թվականի Amy-ն (Էմի Ուայնհաուսի մասին), Roger Waters: The Wall (Փինք Ֆլոյդի նախկին անդամի շրջագայության մասին, 2014), Callas Assoluta (Մարիա Կալլասի մասին, 2007) և այլն: Բոլոր ֆիլմերը ցուցադրվում են օրիգինալ լեզվով, անգլերեն ենթագրերով:




ՔԱՂԱՔԱՄԵՋ Գիրք

«Պատումներ Հայաստանից».

արկածներ եվրոպական երանգով

2018 թվականի դեկտեմբերի վերջին տեղի ունեցավ «Պատումներ Հայաստանից» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։ Պատմում ենք, թե ինչպես է ծնվել այս նախագիծը և ինչ կա գրքում։

Ի՞նչ է սա, վավերագրական գի՞րք, թե՞ գեղարվեստական: Բա Եվրոպական միությու՞նն ինչ կապ ունի:

↑ Պատումների հեղինակ Արտավազդ Եղիազարյանը

8 9

#2(53) 2019

Տասներկու գեղարվեստական պատմվածքից բաղկացած երկլեզու՝ հայերեն և անգլերեն (տպագրված են տարբեր գրքերով) ժողովածու, որի իրագործմանն աջակցել է Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում։ Թեև բոլոր պատումներն առանձին գործեր են՝ տարբեր կենտրոնական հերոսներով, դրանք բոլորը տեղի են ունենում մեկ միջավայրում, և հերոսները հաճախ հանդիպում են միմյանց տարբեր պատումներում։ Շարքով փորձ է արվել ներկայացնել պատմություններ այն մասին, թե ինչպես են հերոսները ստեղծագործելով ու նորարարելով ներդաշնակորեն ներգրավվում գլոբալացված աշխարհի համաքաղաքակրթական գործընթացներին և ինքնության արդիականացմամբ պահպանում ազգային յուրահատուկ սովորույթներն ու ավանդույթները:

Ովքե՞ր են հերոսները՝ իրականության հետ կապ չունեցող հորինված կերպարնե՞ր, թե՞ իրական դեմքեր:

Պատումների ընդհանուր աշխարհի (ըստ էության՝ մեր օրերի Հայաստանի) գլխավոր հերոսները երիտասարդ տղաներ ու աղջիկներ են, ինչպես նաև նրանց ավելի փորձառու, աշխարհ տեսած, բայց ձեռքերը վայր չդրած ծնողներն են։ Նրանք մեզանից շատերի պես ապրում են Երևանի Չարբախ թաղամասում («Էներգետիկ ճգնաժամ»), աշխատում են Գյումրիում («Ըսիգ իննովացիա՜ է») կամ Գավառում («Հորքուր Հայաստան»), ճամփորդում են Գորիսում («Խնձորեսկի գանձերը»), ուսումնասիրում միջազգային փորձն արտերկրում («Ծաղիկներ Սպիրիդոնի համար»), հայրենադարձվում («Հասցնել չվերթին») և ընդհանրապես փնտրում պատասխաններ և ուղիներ առաջ գնալու ու նորարարելու համար։ Եվ այդ որոնումների ընթացքում նրանց օգնության են գալիս Եվրոպական միության՝ Հայաստանում իրագործվող բազմաթիվ


← ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին գրքի իր օրինակով

Րաֆֆի Նիզիբլյան, ԵՄ պատվիրակության Հաղորդակցության պայմանագրի հանրային կապերի ավագ փորձագետ «Մոտ մեկ ու կես տարի առաջ, երբ հաղորդակցության նոր ռազմավարություն էինք մշակում Եվրոպական միության գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և պատմելու համար, թե ինչպես է Եվրոպական միությունն արդեն տարիներ շարունակ աջակցում Հայաստանին, որոշեցինք, որ անհրաժեշտ է ստանդարտից դուրս մի նախագիծ մտածել, որը կներառեր ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն տարրեր: Այդպես ծնվեց գրական ժողովածուի գաղափարը, որում հերոսները թեև հորինված են, բայց ներկայացնում են ամենասովորական քաղաքացիներին, ովքեր իրենց առաջ ծառացած խնդիրները կարողանում են լուծել իրենց իսկ ցանկության, կորովի, ջանքերի և Եվրոպական միության ծրագրերի աջակցության շնորհիվ»:

← Րաֆֆի Նիզիբլյանն ու Լիլիթ Մակունցը

ու բազմազան իրական նախագծերն՝ ուսումնական կրթաթոշակներից և տուրիզմի զարգացման ծրագրերից մինչև էներգախնայող վերանորոգման դրամաշնորհներ: Նախագծի հեղինակների խոսքով հերոսների՝ տարբեր տարիքի, սեռի ու խավերից լինելը, ինչպես նաև Հայաստանի ամենատարբեր կողմերում (ինչպես նաև որոշ դեպքերում՝ արտերկրում) նրանց ապրելն ու աշխատելը գիտակցված «ապակենտրոնացում» էր. ի վերջո, Հայստանը շատ ավելին է, քան Երևանի կենտրոնը, բնակչությունն էլ բաղկացած չէ միայն միջին խավի ստեղծագործ ներկայացուցիչներից։

Ովքե՞ր են հեղինակները, իմաստ ունի՞ կարդալ:

Պատմվածքների հեղինակն արձակագիր, ԵՐԵՎԱՆի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանն է (նրա մյուս ստեղծագործությունները կարելի է կարդալ «Գրեթերթում» կամ «Քաղաքը լուսնի տակ» ժողովածուում)։ Անգլերեն թարգմանությունները կատարել է Նազարեթ Սեֆերյանը, իսկ նկարազարդումները՝ շապիկի և ամեն պատումի համար առանձին՝ Վիլյամ Կարապետյանը (նա նախկինում հեղինակել է ԵՐԵՎԱՆի ձեր սիրելի շապիկներից շատերը)։

Լավ, բա էսքանից հետո որտե՞ղ կարելի է ընթերցել այս ամենը:

Դեռ մինչև գրքի հրատարակումը բոլոր պատումները գրվելուն պես տեղ էին գտնում նախագծի բլոգում՝ medium.com/storiesfromarmenia։ Բացի այդ, պատումներից մի քանիսը տպագրվել են ԵՐԵՎԱՆ ամսագրի էջերին 2017 և 2018 թվականների թողարկումներում (օրինակ՝ «Տեսարաններ սովորողի կյանքից», «Շարժման մեջ», «Դիպուկ հարված» և այլն): Գիրքը, ավաղ, չի վաճառվում, բայց ԵՐԵՎԱՆն ու Եվրոպական միության պատվիրակությունը հատուկ մրցույթ են նախատեսում, որի հաղթողները կստանան գրքի մակագրված օրինակներ։

Հատվածներ պատումներից Լիլիթն այն մարդկանցից էր, ում փոքր ժամանակ ծնողները, ծանոթները, թաղի բնակիչները և պատահական անցորդները բնութագրում էին «շատ աշխույժ երեխայ ա» դիպուկ բառերով։ Երրորդ դասարանում ակնոցավոր գերազանցիկ Վահագը խոստացավ Լիլիթին. «Ես կդառնամ գիտնական ու քո օրգանիզմի հիման վրա կստեղծեմ պերպետուում մոբիլեն»։ «Էներգետիկ ճգնաժամ» Բայց երբ նույն երեկոյան բուհում չսովորելու թեման բարձրացրեցի տանը, ամեն ինչ ավարտվեց նրանով, որ մայրս վատացավ, վալերյան խմեց ու գնաց հանգստանալու, իսկ հայրս ծխեց չորս տարի ընդմիջումից հետո (իրականում երևի պարզապես հարմար առիթի էր սպասում): Քանի որ չէի ուզում վիճակն ավելի սրել, ասեցի, որ «լավ, լավ, կընդունվեմ»: «Տեսարաններ սովորողի կյանքից» Լեռնային գյուղակը պատված է մառախուղով։ Խորդուբորդ խաղադաշտի դարպասները ցանցազուրկ են, բայց միայն ձողերն էլ հերիք են։ Աղջիկները կլանված պարապում են՝ այս երկու ժամերը նրանց օրվա ամենաազատ ժամանակն են, այստեղ նրանք՝ դարպասապահի, պաշտպանի, հենակետայինի, հարձակվողի ու մնացած բոլոր դիրքերում ապրում են երազանքի մեջ։ «Դիպուկ հարված» Օրագրիս ասեմ՝ էսօր էլի մշակութային շոկ եմ ապրել: Ավտոբուսով պիտի հասնեի հյուրանոց: Ու ի՞նչ: Պարզվում էստեղի տրանսպորտում տոմս ստուգող չկա՜: Կարող ես անընդհատ առանց տոմսի նստես իջնես, վարորդը չի ընկնի հետևիցդ: Այսինքն մարդիկ իրար վստահում են: Ո՞նց կարող ա էդպես լինել: «Ծաղիկներ Սպիրիդոնի համար»

Արեգ Դավթյան Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում


ՔԱՂԱՔԱՄԵՋ Դիզայն

Pins by Երևանի նկատմամբ սերն այժմ կարելի է արտահայտել կրծքանշաններով. շուկայում հայտնվել են «Յերեվան-ցի» փիները՝ Կուկուռուզնիկի, «Զվարթնոց» օդակայանի, Հայկ Նահապետի արձանի և այլ խորհրդանիշների տեսքով:

***

Փինանման աքսեսուարները մեծ տարածում ունեին նորաձևության մեջ դեռ Բյուզանդիայում, իսկ ավելի ուշ՝ նաև Չինաստանում: Հենց Արևելքում, մասնավորապես, կարողացան դրանք մշակել էմալով. այս նյութն օգտագործվում է փինագործության մեջ մինչ օրս: Դարեր շարունակ փիները կրում էին որպես որոշակի ասելիք կամ որպես կոնկրետ դասակարգի կամ մասնագիտության պատկանելություն: Ամերիկայի Միացյալ Նահանգներում, օրինակ, փիները զանգվածաբար կրում էին քաղաքացիական պատերազմի մասնակիցները. այս աքսեսուարները երկու բանակների անդամներին տարբերակող տարրերից էին: Իսկ նախագահ Նիքսոնի օրոք պահպանողականների շրջանում տարածում ստացան ԱՄՆ դրոշով փիները, որոնք հա-

10 11

#2(53) 2019

կադրվում էին պացիֆիստական և հակաիշխանական ցույցերի մասնակիցներին, որոնք երբեմն այրում էին դրոշը: 1930-ականներին նացիստական Գերմանիայում ղեկավարության աչքը մտնելու համար ընդունված էր պիջակներին կրել սվաստիկայով փիներ, որոնք հիմա հավաքորդների սիրելի նմուշներից են (ուշադրություն դարձրեք հաջորդ անգամ Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» դիտելիս): Դրան զուգահեռ փիների արտադրությունը և հպարտ կրումը կրծքին (ի վերջո, պատահական չէ, որ մինչև վերջերս այս աքսեսուարները հայերենում կոչվում էին պարզապես կրծքանշաններ) տարածվեց Խորհրդային Միությունում (փնտրեք տատիկի հավաքածուում Լենինով «զնաչոկները»):

***

Հուշանվեր-կրծքանշանները Հայաստանում սկսել են արտադրել 1960-ականների սկզբից, սակայն արտադրությունը հատկապես մեծ թափ է առել 1968-ից սկսած, երբ Երևանը տոնում էր հիմնադրման 2750-ամյակը: Այսօր հայտնի է այդ իրադարձությանը նվիրված կրծքանշանների շուրջ քառասուն տեսակ: Մի կրծքանշանի տպաքանակը կարող էր հասնել 40 հազար օրինակի: Առաջին հերթին դրանք վաճառքի էին դրվում Թումանյան փողոցում գտնվող Գեղարվեստի սալոնում: Աստիճանաբար, սակայն, քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումն արտացոլելու փոխարեն փիները դարձան այն, ինչ կան այսօր՝ պարզապես հագուստի փոքր, բայց հպարտ աքսեսուար, դիզայնի տարր: Այդպիսին են նաև «Յերեվան-ցի» շարքի նմուշները:


***

Ինչպես երևում է անվանումից (որում, ի դեպ, պահպանված է աբեղյանական ուղղագրությունը՝ որպես հղում թամանյանական Երևանի ժամանակներին), ուշադրության կենտրոնում քաղաքամայր Երևանն է: Մոտ ապագայում դեռ շատ ընդլայնվելու պլաններ ունեցող «Յերեվանցին» ներառում է, օրինակ՝ Երևանի անցյալ կյանքում մնացած Կուկուռուզնիկը: Այժմ Պլանի գլխի դատարկ համայնապատկերն այլևս այդքան ցավալի չի լինի, եթե ոսկեգույն փինը փակցված լինի երևանցու սրտին մոտ: «Զվարթնոց» օդակայանի հին շենքը՝ կարծես գիտաֆանտաստիկ բոլքբասթերներից դուրս եկած հռչակավոր աշտարակը, դեռ կանգուն է, բայց շինության ապագան մշուշոտ է: Այսպիսով, կառույցի պատկերով փինը մի կողմից գեղեցկացնում է, մյուս կողմից կարող է ընկալվել նաև որպես բողոք նրա օրիգինալի անմխիթար վիճակի դեմ: Մաշտոցի և Առնո Բաբաջանյանի արձաններին, բարեբախտաբար, առայժմ ոչինչ չի սպառնում, երկուսն էլ իրենց տեղերում են: Մեկն արդեն վաղուց դասական, խորհրդային Երևանի խորհրդանիշներից մեկն է, մյուսը դարձավ անկախության Երևանի ամենավառ քանդակներից մեկը: Մայր Հայաստան հուշարձանն իր

հերթին ամենաոգևորող (թե կցանկանաք՝ «դուխ տվող») կառույցներից մեկն է՝ ռազմատենչ ու կանացի միաժամանակ: Պարտադիր չէ լինել բնիկ երևանցի դա հասկանալու համար: Եվ, իհարկե, պարտադիր չէ լինել բնիկ երևանցի «երևանցի» կոչմանն արժանանալու և համանուն փինը կրելու համար: Իսկ Հայկ Նահապետի արձանը պարզապես ամենասիրուններից է քաղաքում: Երևանն ուշադրության կենտրոնում է, բայց դե Հայաստանն այս քաղաքով չի սահմանափակվում: Չի սահմանափակվում նաև փիների այս շարքը: Հաջորդ անգամ Արցախ այցելելիս չմոռանաք լեգենդար տատիկ-պապիկի պատկերով փինը, իսկ ոսկեգույն զինանշանն ընդհանրապես կարելի է միշտ պահել զգեստի վրա:

Փիները գնելու համար դիմել՝ Հեռախոս՝ 011 700022 Ֆեյսբուք՝ facebook.com/yerevanci

Արեգ Դավթյան Յերեվան-ցի | օգտագործվել են Yerevan Sketchbook գրքի («Զանգակ», 2017) նկարազարդումները


ՔԱՂԱՔԱՄԵՋ Մարքետինգ

Գովազդի արվեստ Գովազդն արվեստ չէ, սակայն գովազդելիս օգտագործում են արվեստ, որ հաճախ ավելի ճիշտ ու զգալի ներկայացվի վաճառվող ապրանքը։ Թե ինչպե՞ս կարելի է համատեղել գովազդը և ժամանակակից արվեստը, արդյոք կարելի՞ է համատեղել, թե ոչ, ու ինչի՞ մասին են իրականում երազում գովազդային դիզայներները, ԵՐԵՎԱՆԻՆ պատմում է Ucom ընկերության գլխավոր դիզայներ Արտյոմ Ասատրյանը։ Երազողները

Երևի աշխարհի բոլոր դիզայներներն են երազում իրենց գործի մեջ արվեստ ավելացնել. ես նույնպես երազողներից եմ։ Շատ գայթակղիչ է, երբ քո գործին վերաբերվում ես որպես արվեստի. այն քեզնից ավելի շատ ստեղծագործական աշխատանք է պահանջում։ Առաջ մարդիկ չէին մտածում, որ պիտակի դիզայնից է կախված իրենց ապրանքի վաճառքի թիվը, սպառողին նույնպես հետաքրքիր չէր դիզայնը, հիմա այդ մշակույթը լրիվ փոխվել է։ Մասնագետները շատացել են, շատացել են սովորելու հնարավորությունները, և քանի որ աշխարհն ավելի հասանելի է դարձել, մարդիկ հիմա ավելի կրթված են ու զարգացած, հետևաբար ավելի լավ են հասկանում գովազդից ու դրա դիզայնից։ Տարիներ առաջ, երբ մտնում էիր խանութ, դարակաշարի վրա դրված ապրանքներից պարզապես տխրում էիր. հետաքրքիր դիզայնով ոչ մի բան չէիր կարող գտնել։ Հիմա տեղական արտադրողներն սկսել են հասկանալ, որ դրա վրա գումար է պետք ծախսել։ Այսինքն՝ օճառը պարզապես օճառ չէ, բացի որակական հատկություններից, դրա գնելը քեզ պետք է հաճույք պատճառի։ Ես սա նույնպես որոշ չափով արվեստ եմ համարում, որը, ճիշտ է, ամբողջովին կապված է առևտրի հետ, բայց կարծում եմ՝ դրան հասնելն արվեստի մեկ այլ գիծ է։

12 13

#2(53) 2019

↑ Viasat Party մրցույթի պաստառը

← Նոր տարվա բացիկն ու Սուրբ Ծննդի տոնավաճառի գավաթները

Մեսիջը ճշտով տեղ հասցնելու մասին

Ապրանքի փաթեթավորմամբ զբաղվող դիզայներներն արվեստը գովազդի հետ համատեղելու հնարավորություն ունեն. կարող են պիտակի համար ձեռքի աշխատանքով կամ ինչ-որ աբստրակտ իրով նոր լուծում ստանալ, իսկ Ucom-ում դրա հնարավորությունը գրեթե չկա։ Մեր դեպքում պարզապես պետք է սիրուն ու գրագետ ամեն ինչ դասավորել ու ներկայացնել մարդկանց այնպես, որ հեշտ տեսնեն և հեշտ հասկանան։

Տելեկոմի բնագավառը գովազդի առումով տարբերվում է մնացած բոլոր ասպարեզներից, որովհետև այն ուրիշ լուծումներ է պահանջում, այսինքն՝ ունես ներկայացնելու հստակ մեսիջ, հստակ փաթեթ։ Եթե մարդ զբաղվում է արվեստով, նա ոչ թե մյուսներին հատուկ մեսիջ է հասցնում, այլ էմոցիաներ է փոխանցում, որոնք կարող են լինել լավ, վատ կամ չեզոք։ Իմ գործում՝ գովազդում, դա ամբողջովին այլ ուղղություն ունի, պետք է գովազդն այնքան ճիշտ ու գրագետ կառուցես, որ մեսիջը ճիշտ տեղ հասնի։


Համատեղել անհամատեղելին

Ժամանակակից արվեստի օգտագործումը գովազդում շատ բարդ է, առավել բարդ է մեր ոլորտի համար: Հաճախ անգամ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև դրա օգտագործման ժամանակ բավական շատ բան կարող ենք նաև կորցնել։ Երբ առաջարկը թույլ է տալիս լինել ստեղծարար, մենք լինում ենք ստեղծարար։ Հիմնականում իմիջային գովազդի դեպքում կարելի է կրեատիվ լուծումներ գտնել. երբ չկա հեռախոս և հեռախոսի գին, չկա փաթեթ, փաթեթի գին։ Օրինակ, երբ վաճառում ես լավ սուրճ, բայց ուղիղ չես գրում, այլ այդ ամենը մեկ այլ ձևով ես ներկայացնում, ասենք՝ «լուսապայծառ երևանյան առավոտները դիմավորել անկրկնելի՜ սուրճով», այս դեպքում կարող ես լինել ամբողջովին կորպորատիվ ոճից դուրս՝ օգտագործելով ժամանակակից արվեստի տարրեր։

Ucom-ի արվեստը

Հաճախ օգտագործել ենք որոշ արվեստի էլեմենտներ, բայց դրանք մնացել են որպես մակետ: Ափսոսս գալիս է։ Փոխարենն ամեն տարի մենք պատրաստում ենք բացիկներ, որոնք ուղարկում ենք մեր կորպորատիվ հաճախորդներին և ընկերներին, դրա դեպքում աշխատում ենք կրեատիվ մոտեցում ցույց տալ։ Մեր ներքին հաղորդակցման ապրանքների համար նույնպես ստեղծագործում ենք: Տարիներ առաջ նաև մեզ հետ համագործակցող ընկերների հետ մեծ միջոցառում էինք կազմակերպել և հետին պլանի համար օգտագործել էինք Վան Գոգի հայտնի գիշերվա նկարը։ Միջոցառմանը կազմակերպվել էր մրցույթ, որը կապ ուներ ֆիլմի ու գիշերվա հետ։ Այսինքն՝ գովազդն արվեստի հետ կարողացել ենք համատեղել միայն այն ժամանակ, երբ ազատ ենք եղել ու խնդիր չենք ունեցել բոլորի կարծիքը հաշվի առնելու։

← 4 Play փաթեթի ազդագիրը

↑ Ucom ընկերության գլխավոր դիզայներ Արտյոմ Ասատրյան

Արվեստն ամենախորքում

Յյուրաքանչյուր դիզայներ պետք է ուսումնասիրի և՛ ժամանակակից արվեստը, և՛ դասական արվեստը, որովհետև այն մարդու մեջ ձևավորում է ճաշակ, իսկ այս գործում ամենակարևորը ճաշակն է և մտքի թռիչքը։ Իրականում ամեն ինչ դիզայների ձեռքում է։ Գիտեք, երբ նոր ես սկսում դիզայնով զբաղվել, փորձում ես ամեն ինչ օգտագործել, զգում ես, որ արվեստից ես սովորել ու հասկացել, որ ուզում ես դիզայնով զբաղվել, արդյունքում փորձում ես դրանք համատեղել։ Սկսում ես ժամանակակից արվեստից գործեր օգտագործել, որոշ տարրեր ներառել, հետո հասկանում ես, որ պետք չէ ուրիշինն օգտագործել, այլ պետք է քոնը ստեղծես։ Իսկ տելեկոմի գովազդում հատկապես հասկանում ես, որ արվեստն ամբողջովին այլ ձևով է աշխատում ու հաճախ կարիք չկա օգտագործելու։

Արվեստի ու վաճառքի արանքում

Գովազդը միակ բանն է, որտեղ կարող ես քեզ գնահատված զգալ. այսինքն՝ քո արած գործն ուղիղ կապ ունի վաճառքի հետ։ Մեկ տարի հետո կարող ես մոնիթորինգ անել ու հասկանալ՝ արդյոք ճի՞շտ ես աշխատել, իսկ արվեստում դա չկա։ Արվեստում կամ գնահատված ես, կամ գնահատված չես, կամ էլ քեզ հետո կգնահատեն. երբեք չես իմանա՝ ճիշտ ես անում, թե ոչ. դա հոգու կանչն է, դրանով միայն ինքդ քեզ կարող ես բավարարել։

Ամալի Խաչատրյան Ucom


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Կարևոր հարց

ժամանակին կից (և ոչ թե կցված) արվեստը

Լեզվաբանական այս՝ առաջին հայացքից չնչին տարբերակման մեջ մեր ժամանակների մշակութային թնջուկներից մեկն է՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «Ժամանակակից արվեստ» հասկացողությունը։ Բացատրում է արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանը։ ***

Առօրյա խոսակցություններում կամ մասսայական մեդիայում այս տերմինը հանդիպելիս, առաջին հերթին պատկերացնում ենք ընդհանրական մի երևույթ, որը բնորոշում է ներկայում կամ ոչ վաղ անցյալում ստեղծված արվեստի գործերը՝ անկախ բովանդակային, իմաստային հատկանիշներից կամ բուն գործառույթից։ Առավելագույնը, որ ենթադրվում է, ժամանակակից արվեստի՝ արվեստի ավանդական, պատկերային-պատումային ձևաչափերին հակադրվող «փորձարարական» բնույթն է։ Իրականում «ժամանակակից արվեստ» (contemporary art) հասկացողության նույնացումը ներկայում ստեղծվող արվեստի գործերի հետ մոլորություն է, քանզի արվեստագիտական ոլորտում տերմինը ցուցում է որոշակի ուղղություն, գործառույթ, ինչպես նաև պատմական փուլ։ Այս ընդհանրական հիմունքներից զատ, թեմայի շուրջ կարծիքները չափազանց իրարամերժ են։

***

Իսկ ինչու՞ խորանալ այս խնդրի մեջ ընդհանրապես, կամ ինչու՞ տվյալ հարցը պետք է հուզի ոչ մասնագետներին։ Եթե ընդունենք այն միտքը, որ արվեստը մարդկության գլխավոր ձեռքբերումներից է ու մեր գոյությունն իմաստավորող առանցքային երևույթ, ապա հասարակության առնչությունը ժամանակակից արվեստին պայմանավորված է նրանով, թե ինչ է վերջինս ասում արվեստի ընթացիկ «փոխակերպման», «վերածնման» կամ, ինչպես պնդում են որոշ տեսաբաններ, «ավարտի» մասին։ Այո՛, ավարտի։ Սույն միտքը գալիս է այն դրույթից, որ «արվեստ» հասկացողությունը ձևավորվել է պատմականորեն՝ հասարակական, տնտեսական ու քաղաքական տարատեսակ ազդեցությունների ներքո։ Չնայած մարդը սկսել է ստեղծագործել իր գիտակցական ամենավաղ

14 15

#2(53) 2019

շրջաններից իսկ, այդ ստեղծագործական արտահայտումները կապված են եղել կրոնի, ծեսերի ու կենցաղի հետ, և իրենց «արվեստային» բնորոշումն են ստացել շատ ավելի ուշ՝ Վերածննդից սկսած և այլն էլ հիմնականում եվրոպական քաղաքակրթության մեջ։ Եվ միայն 19-րդ դարակեսին, երբ լուսանկարչության շնորհիվ արվեստը ձերբազատվեց աշխարհը նմանակելու պատասխանատվությունից, այն հասավ իր լիարժեք ինքնաբավությանը։

***

Պատմական փուլերի այս շարանի տրամաբանական հետևությունն է, որ արվեստն ունի «սկիզբ» և «ավարտ» ու կարող է լինել կտրականապես տարբեր իր նախորդ մարմնավորումներից։ Թերևս դժվար կլինի համոզել սովորական հանդիսատեսին, ում պատկերացմամբ արվեստի գագաթնակետը, ասենք թե, Այվազովսկու «Իններորդ ալիքն» է կամ Միքելանջելոյի Սիքստինյան կապելլան, որ Մարսել Դյուշանի 1913-ի «Շատրվանը» (որն իրենից ներկայացնում է արվեստագետի ստորագրությունը կրող հասարակ միզարան), պատկանում է նույն բնագավառին։ Բազմաթիվ պատմաբաններ որակում են ժամանակակից, ինչպես նաև կոնցեպտուալ արվեստի ծնունդը հենց այս գործով։ Ավելի շուտ, Դյուշանի «դադաիստական» աշխատանքները՝ Կազիմիր Մալևիչի և այլ 20-րդ դարասկզբի ավանգարդիստների գործունեության հետ համատեղ, նախանշում են ժամանակակիցի ընթացիկ «պայքարը» արդի կամ մոդեռնիստական ուղղությունների հետ։ Որպես արդյունաբերական հեղափոխության արտադրանք՝ 19-րդ դարի կեսերից սկսած մոդեռնիզմը հետզհետե հաստատվեց իբրև առաջադեմ արվեստի գերակշռող փիլիսոփայություն։ Մոդեռնիզմին ներհատուկ էր նաև անքակտելի հավատքը


դեպի արվեստի զարգացման անսպառ ներուժը։ Չնայած իր բազմազանությանն ու ներքին հակասություններին՝ մոդեռնիզմը միավորող գաղափարախոսությունն արվեստի վեհության համոզմունքն էր, դրա կարողությունը՝ մատնանշել գերագույն ճշմարտություններ ու ձևավորել առաջադեմ ուղերձներ մարդկության զարգացման համար։

***

Այս ամենին շատ բութ և կտրուկ վերջակետ էր դնում Մալևիչի հանրահայտ «Սև քառակուսին» և բացահայտորեն «կոյուղի» էր ուղարկում Դյուշանի «Շատրվանը»։ Ակնհայտ էր, որ այդ աշխատանքներում հռչակվում էր արդի արվեստի ավարտը, մի գործընթաց, որը տևելով բավական երկար՝ ծնեց բազմաթիվ նոր ոճային «իզմեր», ինչպես, օրինակ՝ սյուրռեալիզմը, էքսպրեսիոնիզմը, օբյեկտիվիզմը, աբստրակտէքսպրեսիոնիզմը, տաշիզմը, խորհրդային նեո-ավանգարդն ու մինիմալիզմը։ Երբ 1960-ականների սկզբին ամերիկյան պոպ-արտի վաստակավոր անարխիստներ Էնդի Վորհոլն ու Ջասպեր Ջոնսն ու նրանց հետևած կոնցեպտուալիստները վերադարձան դարասկզբի ավանգարդի կազմաքանդող դրույթներին, նրանց առաջին քայլը դարձավ արվեստի «ապասրբացումը»։ Այնուհետև, արվեստը կարող էր ներկայացնել ամեն բան, լինել բազմացված ու ցանկացած նյութից, տարածվել տարածության մեջ ու կրել ժամանակավոր և անցողիկ բնույթ։ Արվեստի գործ հնարավոր էր դարձնել կյանքն ու մարդուն ինքնին՝ Մարինա Աբրամովիչի տարատեսակ խոշտանգումների պատրաստ մերկ մարմնի կամ Քրիստո և Ժան-Կլոդի կտորով «Փաթաթած Ռայխստագի» տեսքով։

***

Այս և այլ նմանատիպ գործերի ամենաէական փոխկապակցվածությունը դրանց սևեռվածությունն է իրենց ներկային՝ որպես հարցականի տակ դրված իմացական, պատմական, մշակութային և քաղաքական դրության: 1970-ականներից ի վեր ժամանակակից արվեստագետն այլևս չէր առաջարկում բացարձակ արժեքներ կամ ճշմարտություններ, չէր ձգտում ստեղծել նոր ոճեր, պնդել արվեստի ինքնուրույնությունը կամ ուրվագծել ապագայի հեղափոխական նոր մոդելներ։ 20-րդ դարի պատմա-քաղաքական ձախողումներից ու ողբերգություններից հետո առաջադեմ արվեստը հայտնվել էր իմացական փակուղու առջև, ուր միակ անելիքը մնում էր այդ ձախողումների տրտում վերլուծությունը, ներկայի փորձաքննությունը, արվեստի համակարգերի սառնասիրտ «հերձումը» և դրանց անկարողության հեգնանքը։ Հենց այս պայմաններում է, որ 1980-ականների վերջերից «ժամանակակիցը» դառնում է գերիշխող (բայց ոչ միակ) ճյուղն արվեստում։ Այս զարգացմանը նաև մեծապես նպաստել է մեր սեփական պատմական հեղաշրջումը. ԽՍՀՄ-ի փլուզմամբ կարծես թե ավարտվեց ուտոպիստական վերջին նախագիծը, որն իր տեղը զիջեց կապիտալի գլոբալ հաղթարշավին։

***

Հետևաբար՝ ժամանակակից արվեստը հետ-ուտոպիստական դարաշրջանի գլոբալ երևույթ է, որն ինքնագիտակցաբար հայեցում է իր իրավիճակը ներկայում։ Ի՞նչ է դա նշանակում։ Պատկերացրեք այն միջան-

կյալ ժամանակահատվածը, երբ ինչ-որ կարևոր հանդիպման գնալուց առաջ ինքներդ ձեզ մտովի վերլուծելով երկար նախապատրաստվում եք, հագնվում եք, կշռադատում եք ու հայելու առջև մանրակրկիտ ինքնաքննադատումից հետո միայն տնից դուրս եք գալիս։ Սա ներկայի այն հոսքն է, որը կապված է մտորմունքի, երկմտանքի, սպասելու, անորոշության, ինքնագիտակցելու և փորձարկելու հետ։ Ժամանակակից արվեստը գործում է նման պայմաններում՝ որպես անորոշությունից դուրս գալու նախագիծ։ Ըստ այդմ, ժամանակակից արվեստն ինքնին դառնում է փորձառություն ժամանակի մեջ՝ հաճախ բառացիորեն, ինչպես, օրինակ՝ գերմանացի Գրեգոր Շնեյդերի սարսափազդու «BASEMENT KELLER Hausur» ինստալիացիայում։ Ելնելով իր հետազոտական, քննչական և քննադատական հիմքերից՝ ժամանակակից արվեստը չի պարտադրում ավարտուն, կայուն առարկաների արտադրանք, որոնց գեղագիտական հմայքը մենք պետք է ըմբոշխնենք ցուցասրահներում։ Ընդհակառակը, հանդիպելով ժամանակակից արվեստին (որը հնարավոր է ցանկացած միջավայրում)՝ դիտորդը կարող է դառնալ գործի ստեղծման մասնակիցը, ինչպես և դրա շարժիչ ուժը։ Այդ առանձնահատկությունն այսօր մեծ հաջողությամբ յուրացրել են ժամանակակից արվեստի «մեգա» ինստիտուտները՝ թանգարաններն ու ցուցասրահները, որոնք հաճախ միտված են վերածելու ժամանակակից արվեստի մեխանիզմները շլացուցիչ մի հանդիսանքի կամ ներփակ մասնագիտական խոսակցության։

***

Սակայն, համոզված եմ, որ ժամանակակից արվեստի ներուժը շատ ավելին է, քան այդ ինստիտուցիոնալ թակարդները։ Իր հետազոտական բնույթի շնորհիվ, ինչպես նաև իրեն «կոդավորող» բարդ մասնագիտական լեզվի, սա մի ստեղծագործական, մտավորական ոլորտ է, որը գնալով ձեռք է բերում գիտության ու փիլիսոփայության հատկանիշներ։ Տվյալ պարագայում զարմանալի չէ, որ ժամանակակից արվեստի «գործից» հաճախ մնում է միայն տեսա-լսողական փաստագրություն՝ արխիվ։ Այդ արխիվը մտավորական պրոցեսների մի յուրօրինակ շտեմարան է, որը չի ենթադրում պաշտամունք կամ հիացմունք՝ ինչպես ավանդական արվեստի գործերը։ Փոխարենը այն փորձում է օժանդակել, աջակցել մեզ ու Ժամանակին, ինչ-որ կետի հասնելու ընթացքում, սակայն առանց մատնանշելու, թե վերջնական նշանակետը ինչ կամ ուր պետք է լինի։ Իրականում սա ահռելի նվաճում է, քանզի այն ձևավորում է հարաբերակցման մի լեզու, որը, հիրավի, համաշխարհային է ու հնարավորություն է ընձեռում բոլոր մշակույթներին հավասարապես մասնակից լինելու գլոբալ հարցադրումներին։ Անշուշտ, հաստատված իմաստներն ու ճշմարտությունները խնդրականացնելուց առաջացած շփոթմունքն ու կասկածը շատ հեռու են այն հաճույքներից, որոնք մենք սովոր ենք ակնկալել արվեստից։ Նման վարանմունքը կարող է վանող, նույնիսկ ցավալի լինել։ Բայց եթե ցանկանում ենք դիմադրել սպառողական մշակույթի խաբկանքներին, որպեսզի գտնենք լինելու ու ապրելու ավելի կառուցողական մոդելներ, ապա հանուն գիտակցության ազատագրման, այնուամենայնիվ, արժի անցում կատարել «հին» արվեստի սքանչանքներից դեպի ժամանակակից արվեստի սահմանած «տանջանքները»։

Վիգեն Գալստըան


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Արվեստանոց

Արվեստի պատմություն՝ խիստ

Մենք հանդիպել ենք ժամանակակից արվեստի տարբեր ուղղություններում աշխատող մի քանի վառ արվեստագետների, անմահացրել իրենց ստեղծագործությունների հետ և հարցրել, թե ինչու են զբաղվում արվեստով:

Կարեն Օհանյան Գեղանկարչություն, ակցիոնիզմ

Ես չեմ զբաղվում արվեստով, ես ապրում եմ արվեստով։ Արվեստն ինձ համար բացակայությունն է, իսկ մեդիաները՝ բացակայությանը հասնելու ձև։

16 17

#2(53) 2019


անձնական տեսանկյունից

Կարեն Միրզոյան Վիզուալ արվեստ

Չկա վավերագրական լուսանկարչություն և արվեստ լուսանկարչություն: Ինձ համար ամբողջն ընդհանուր է: Կարևորը գաղափարն է: Ֆորմատը երկրորդական և երրորդական է: Ես կամերայով լավ եմ աշխատում. իմ գործերի մի մասն ինչ-որ չափով հիմնված են ֆոտոյի վրա, բայց շատ ժամանակ դա ընդհանրապես չկա: Բնական է, որ լուսանկարչությունը սահմանափակում է: Այդ պատճառով սկսեցի տարբեր մեդիումներ օգտագործել: Օրինակ, Intergalactic War Series շարքի համար ես ձեռքով նկարում եմ, ապա լուսանկարում և նույնիսկ մի անգամ ստեղծեցի օբյեկտ՝ 3,5 մետրանոց այլմոլորակային թռչող ափսե: Երբեմն արվեստագետը պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում երկրում քաղաքական առումով և իր աշխատանքով ինչ-որ ձևով դրա վրա հիմնված լինի: Բայց լինում են շրջաններ, երբ մարդն ամբողջովին կտրված է առօրյա կյանքի հարցերից, խնդիրներից ու այդ դեպքում նա ի՞նչ կարող է ստեղծել: Այս փուլերը հաջորդում են իրար իմ կյանքում:


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Արվեստանոց

Դիանա Հակոբյան

Նկարչություն, քանդակ, վիդեոարտ, պերֆորմանս

Արվեստի միջոցով հնարավոր է մարդու անգիտակցական շերտերի վրա շեշտադրումներ անել: Այն ունի առավելություն, որ ուրիշ ոչ մի գործ չունի. դու չունես ո՛չ ղեկավար, ո՛չ ենթակա: Արվեստագետը պատասխանատվություն չի կրում որևէ մեկի առջև, և որևէ մեկը պատասխանատվություն չի կրում նրա արածի համար: Դա ազատությունն է: Սկզբում ձեռքով էի աշխատում ՝ անում էի միայն նկարներ և օբյեկտներ: Հետո, երբ ինձ համար հայտնաբերեցի վիդեոն, հասկացա՝ կարող եմ շարժում հաղորդել պատկերներին, որ ստեղծում եմ: Վիդեոարտով նաև ավելի հեշտ է արտահայտել սոցիալական, քաղաքական խնդիրներ: Տարիներ անց, սակայն, կարոտեցի ձեռքի հպումը: Այդպես ստեղծվեցին իմ վերջին գործերը, որտեղ հենց շարժումն է պատկերված:

18 19

#2(53) 2019


Միկա Վաթինյան

Թատրոն, երաժշտություն, նկարչություն

Դժվար է ասել, թե ինչով եմ զբաղվում, քանի որ հետևողական չեմ: Ամենուր, որտեղ հայտնվում եմ, ոնց որ լրտես լինեմ։ Նկարչություն եմ անում, բայց նկարչական կրթություն չունեմ, դերասանությամբ եմ զբաղվում ՝ դերասանական կրթություն չունեմ, երաժշտություն եմ ստեղծում, բայց կրթություն չունեմ: Այդ բնագավառներում կարծես թե կամ, բայց մարդիկ երբեմն զարմանում են՝ ես ինչ գործ ունեմ այդտեղ: Մեր ժամանակ, երբ բակում խաղում էինք, «պիտուշ» կար, որը մեկ այստեղ էր խաղում, մեկ՝ այնտեղ: Երևի բնավորություն է. հենց լրջանում է, փոխում եմ ոլորտը: Ամեն մեկն իր հետաքրքիր կողմն ունի։ Դերասանության մեջ հետաքրքիր է տրանսֆորմացիայի պահը, նկարչության մեջ՝ մի ուրիշ բան: Ինձ ընթացքն է հետաքրքրում: Ես շատ եմ սիրում ինչ-որ մի բան սարքել: Սկսում եմ գաղափարից, հետո ինքը մարմնավորվում է, և ես տեսնում եմ նրա ավարտը. սա ինձ համար թմրանյութի պես հաճույք է:


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Արվեստանոց

Մերի Մուն

Գեղանկարչություն, մետաքսագրություն, օբյեկտներ, պերֆորմանս

Իմ գործերում ներկայացված է մի ուրիշ իրականություն, որը գոյություն ունի զուգահեռ մեր իրականությանը: Ես ցույց եմ տալիս մարդկանց մի տեսանկյուն, որը սովորական աչքով չեն կարող տեսնել: Երբեք չեմ առաջնորդվում տեխնիկայով. գլխավորը գաղափարն է: Օբյեկտը տեսնելն է կարևոր, իսկ երբեմն դրա համար ջանքեր են պետք: Օրինակ, մի անգամ ինձ այնքան էր պետք տեսնել երկաթե կոնստրուկցիան, անել դա, որ ես զոդել սովորեցի: Ես անընդհատ որոնումների մեջ եմ: Կյանքը հոսում է: Ես որոշում չեմ կայացրել ու ըստ դրա գործել. ինչ եկել է դեպի ինձ, որոշել եմ վերցնել, սովորել, յուրացնել, հաճույք ստացել դրանից ու փոխանցել ուրիշներին:

20 21

#2(53) 2019


Արման Գրիգորյան

Գեղանկարչություն, վիդեոարտ, պերֆորմանս

Ամեն մարդ արվեստագետ է, ուղղակի դա չի բացահայտել իր մեջ: Ինքս աշխատում եմ այնպիսի գործեր ստեղծել, որ մարդը դրանց նայելիս ունենա նկարիչ դառնալու ցանկություն: Իմ նկարները հանդիսատեսին դարձնում են նկարիչ: Կարելի է օգտագործել ցանկացած նյութ, եթե կարողանանք դրանում բացահայտել հոգևորը կամ արվեստը: Գեղարվեստի ինստիտուտում տրադիցիոն նյութով աշխատելը տարածված էր: Սակայն ժամանակակից արվեստն ունի միտում ոչ միայն ընդլայնելու թեմաները, այլև ավելացնում է նյութերը: Փոփարտիստ արվեստագետը կաշկանդված չէ նյութի առումով. արել եմ վիդեոարտեր, ֆոտոներով եմ աշխատել, օբյեկտներ, նաև՝ պերֆորմանս:


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Արվեստանոց

Սամվել Սաղաթելյան Գեղանկարչություն, պերֆորմանս

Ժամանակակից արվեստում կարևորը հեղափոխականությունն է: Արվեստը սկսում է անձնականից և ավարտվում քաղաքականով, գլոբալով, տիեզերականով, հետո նորից վերադառնում դեպի անձնական: Ինձ համար արվեստը ներքին ազատագրման ձև է՝ զանազան սահմանափակումներից, կապանքներից, նորմերից: Որոշակի հանցանքի տարր կա արվեստի մեջ, որովհետև խախտվում են նորմեր, հաստատված մշակութային արժեքներ: Կախված արտահայտման պահանջից, գաղափարից՝ ընտրվում են միջոցները: Հանկարծաստեղծ պերֆորմանսը կարող է ավելի էֆեկտիվ լինել, քան կտավը վերցնելն ու նույն բանը պատկերելը: Պերֆորմանսը կարող է լինել արվեստագետի ռեակցիան որոշակի իրավիճակին: Այն կարող է փոփոխվել, նույնիսկ մշակված չլինել նախապես: Օրինակ, Շուշիում 2012 թվականին մերկ պերֆորմանս արեցի, որը սկանդալային բան դարձավ: Հիմնական մտքեր կային, բայց հետո տեղում այն ձևավորվեց ու ամբողջականացավ:

22 23

#2(53) 2019


Սոնա Աբգարյան Թվային նկարչություն

Ստեղծագործելու պրոցեսն ամեն անգամ տարբեր է։ Արվեստն ունի շատ ընդարձակ դիապազոն, երևակայել ու փորձել անել ավելին, քան կարող ես։ Դա ինձ համար է: Վերջին շրջանում թվային նկարչություն եմ անում։ Հետաքրքիր է ստեղծագործել վիրտուալ տարածքում։ Համակարգիչն իմ արվեստանոցն է։ Ես ունեմ ամեն ինչ՝ վրձիններ, կտավ, ցուցասրահներ, հանդիսատես։

Լուսինե Ոսկանյան Արթուր Լյումեն Գևորգյան


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Հիմնադրամ

Արվեստ, Հայաստան

Ժամանակակից արվեստի բնագավառում աշխատող արտիստները հաճախ չեն ունենում բավարար միջոցներ հղացած գաղափարներն իրագործելու համար։ 2016 թվականից գործող Արվեստ Հայաստան հիմնադրամն այն բացառիկ կառույցներից է, որ դրամաշնորհային ծրագիր է իրականացում արվեստագետների համար։ Ինչու է դա կարևոր և ինչպես կարող է օգնել դաշտին՝ պատմում է հիմնադրամի տնօրեն, արվեստաբան Անուշ Զեյնալյանը։

Մինչ հիմնադրամի ստեղծումն աշխատել եմ Մոսկվայում, դաշտին մոտիկից ծանոթացել եմ արդեն Երևան տեղափոխվելիս։ Հայկական ժամանակակից արվեստն ակտիվ է, բայց ամեն դեպքում՝ թաքնված, գուցե հանրային առումով ոչ բացահայտ, քողարկված, բայց մեծ ուժ ունի։ Մեզ համար առաջնահերթությունն արվեստագետների համար մտքերն իրագործելու համար պատշաճ պայմանների ստեղծումն է: Հիմնադրամը տրամադրում է նրանց միջոցներ նոր աշխատանքների համար, հետո հետևում է նրանց ստեղծագործական կյանքին՝ ներկայացնելով նորաստեղծ աշխատանքները միջազգային հարթակներում:

Ոչ միայն երիտասարդներ

Մեր հիմնադրամն աջակցում է այն արվեստագետներին, որոնք աշխատում են ժամանակակից վիզուալ արվեստի ոլորտում, կապ չունի ինստալիացիաներով են զբաղվում, լուսանկարչությամբ, թե քանդակով։ Հիմնադրամի երեք կարևոր բաղկացուցիչներն են հիմնադրողը, որից էլ ստանում ենք միջոցները. ես և մեր թիմը զբաղված ենք այն զարգացնելով, և կա հիմնադրամի խորհուրդ, որն արդեն մեր որոշումները հաստատողն է՝ ռազմավարական որոշումներն անցնում են իրենց «ձեռքի տակով». մեզ դիմող բոլոր նախագծերն ու ծրագրերը վերջին հաշվով ընտրվում են խորհրդի կողմից։ Չափորոշներից ամենակարևորը ստեղծագործության գեղարվեստական բաղադրիչն է, այնուհետև այն, թե ինչքանով է կարևոր տվյալ գործն արվեստագետի ինքնազարգացման և անցած ուղու համար: Մենք կառուցել ենք հիմնադրամի և արվեստագետի փոխհարաբերություններն այնպես, որ արվեստագետի ծրագիրն ինքը թելադրի, թե ինչպիսին կլինի դրամաշնորհը, չունենք հստակ դրամային սահմանափակումներ։

← Ռեբեկա Թոփակյան, «Գուլիզարը և սիրային այլ պատմություններ», 2018

Բիայնա Մահարի

Արվեստ Հայաստան հիմնադրամ Անկախ հասարակական կազմակերպությունը գործում է Երևանում 2016 թվականից։ Այն հիմնել են արվեստաբան, թանգարանագետ Անուշ Զեյնալյանը և հայ գործարարներ Դավիթ և Ռաֆայել Նազարյանները: Հիմնադրամի առաքելությունն է օժանդակել Հայաստանի ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող անհատներին և բացահայտել նրանց ստեղծագործական ներուժը երկրի ներսում և դրա սահմաններից դուրս: Հիմնադրամն աջակցում է արվեստագետներին արվեստի նախագծերի ֆինանսական օգնությամբ, ինչպես նաև արվեստային և կրթական նոր ծրագրերով, որոնցում ներգրավված են տեղացի և դրսեկ արվեստագետներ, համադրողներ, տեսաբաններ:

↑ Հիմնադրամի տնօրեն Անուշ Զեյնալյանը

24 25

#2(53) 2019

↑ Գոհար Սմոյան, «Թափանցիկ այլընտրանք», 2017, պերֆորմանս


↑ Միկա Վաթինյան, «Գաղտնի հավասարումներ», 2017-2018, գեղանկարներ

Միջազգային ու ներքին կապեր

Չենք համեմատում մեր տեղացի արվեստագետներին դրսի՝ հարևան կամ այլ երկրների արվեստագետների հետ։ Դրսի փորձն ու մեխանիզմները, այո, կարևոր են, մեր ծրագրերը ստեղծելուց օտար փորձն ու մեխանիզմները հաշվի առել ենք։ Բայց մնացածի պարագայում մենք ուզում ենք հետևել և աջակցել, ոչ թե համեմատել մյուսների հետ։ Նաև մեզ համար կարևոր և հետաքրքիր է, որպեսզի հայաստանյան դաշտի կապերը միջազգային հարթակների հետ ավելի բազմազան ու ամուր դառնան, այդ իսկ պատճառով անցած տարվա սեպտեմբերին Հայաստանը որպես focus country (երկիր ուշադրության կենտրոնում — խմբ.) ներկայացվեց Vienna contemporary art fair-ում՝ անմիջապես Վիեննայում։ Ամեն տարի այդ շուկան ընտրում է մի երկիր, որն ինքն իրեն ներկայացնում է արվեստի նմուշների միջոցով։ Կարևոր փորձ էր, այն էլ 2018-ի պես նշանակալից տարվա պարագայում չէինք կարող նման հնարավորությունը բաց թողնել։ Ի դեպ, ներկայացված արվեստագետ Փիրուզա Խալափյանն արժանացավ շուկայի նախատեսված երեք մրցանակներից մեկին՝ այդ կերպ առանձնանալով հարյուրավոր ստեղծագործողներից, որն իրականում մեր նպատակը չէր. մենք պարզապես աջակցում ենք և գնում արվեստագետի հետևից։ Ցուցահանդեսի առանցքը կազմում էր հիմնադրամի առաջին և երկրորդ բաց մրցույթներին հաղթած վեց նախագծերի ընտրանին: Ներկայացվող արվեստագետներն էին՝ Այրին Անաստասը և Ռենե Գաբրին, Մհեր Ազատյանը, Արման Գրիգորյանը, Փիրուզա Խալափյանը, Ռեբեկա Թոփակյանը և Միկա Վաթինյանը, իսկ համադրողը՝ Սոնա Ստեփանյանը: Վիեննայից առաջ մենք նաև համագործակցել ենք Հայաստանում կազմակերպված ՍՏԱՆԴԱՐՏ ժամանակակից արվեստի տրիենալեի հետ: Կարևոր փաստ. արվեստագետների ստեղծած բոլոր աշխատանքները համարվում են իրենց սեփականությունը, լիովին պատկանում են իրենց և ոչ թե մեզ, արվեստագետը հետագայում կարող է վաճառել կամ նվիրել այն որևէ թանգարանի, նման դեպքեր եղել են։ Ինչը, որպես զարգացում, մեզ չի կարող չուրախացնել։

Ժամանակակից արվեստն ու հանրությունը

Հայաստանյան արտ-պրոցեսները կարող են կատարվել ավելի առանձնացված միջավայրում՝ լայն լսարանի աչքից հեռու։ Առհասարակ լսարան ներգրավելն ինստիտուցիաների խնդիրն է և ոչ արվեստագետի, հենց ինստիտուցիաները պետք է հանդես գան միջնորդի դերում, կամուրջ դառնան արվեստագետի, աշխատանքի և հանրության միջև՝ ապահովելով այդ երեքի միջև փոխհարաբերության հարթակը:

↑ Փիրուզա Խալափյան, «Իմ տեղը դատարկ է (անհետացող քաղաքի հիշողությունները)», 2017, լուսանկար

→ Ռեբեկա Թոփակյան, «Գուլիզարը և սիրային այլ պատմություններ», 2018

Դաշտը բնութագրել մեկ բառով կամ տեղավորել որևէ ենթավերնագրի տակ անհնար է. արվեստագետները շատ տարբեր են։ Իրականում, այդ դաշտը պատկերացնելու համար անհրաժեշտ է հիշել ՆՓԱԿի ու Hay Art կենտրոնի ինստիտուցիոնալ զարգացման մասին, անդրադառնալ «3-րդ հարկ» խմբավորման պատմությանը, ուսումնասիրել առանձին համադրողների ու գեղարվեստական շարժումների գործունեությանը, գիտակցել ուշ խորհրդային շրջանում արտերկրից եկած և ոլորտին նոր շունչ փոխանցած սփյուռքահայ արվեստագետների կարևորությունը… Իրականում այդ ամենը ներկայացնելու համար մեզ մի նոր թանգարան է պետք, որը, ավաղ, առայժմ չունենք:

Նոր նախագիծ

Հիմնադրամի աշխատանքի ընթացքում մենք նկատեցինք, որ սկսնակ արվեստագետներին դժվար է դաշտ մտնել, ստանալ անհրաժեշտ տեղեկությունը, որը կօգնի գտնել ուղիներ զարգացման և ինքնաիրագործման համար: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք առաջիկայում կենտրոնանալ հենց այդ խնդրի վրա: Այս ուղղությամբ մեր կարևոր նախագծերից մեկը Ձայնալաբն է, որն անում ենք Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ։ Հայաստանում ապրող փորձարար կոմպոզիտորների և արվեստագետների հետ Ձայնալաբը ստեղծում է համագործակցային հետազոտական հարթակ, որին աջակցում են նաև արվեստի, մշակույթի, գիտության և տեխնոլոգիայի ոլորտների տեղի և միջազգային փորձագետները: Ապրիլից օգոստոս կունենանք բավականաչափ ժամանակ արվեստագետների համար ստեղծագործելու և ստեղծածը զարգացնելու հնարավորություն տրամադրելու համար։

Դիանա Մարտիրոսյան Armenia Art Foundation


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Ցուցադրություն

↓ Նարեկ Բարսեղյանի Monsters Ro45 պերֆորմանսը, “HAYP 12 12 12 Retrospective”

Զոհրաբ Բաուեր

← Սոնա Մանուկյանի աշխատանքը, CETI Lab

Փոփ մշակույթ

Էդ Թադևոսյան

Ժամանակակից փորձարարական արվեստի՝ Հայաստանում գործող ամենահետաքրքիր նախագծերից մեկը՝ HAYP Pop Up Gallery-ն, այլևս չի լինի: Սա բոլորովին տխուր լուր չէ. շրջիկ ցուցասրահը փոխվում ու ընդլայնվում է: HAYP-ի համահիմնադիր Աննա Գարգարյանն ու հետազոտող Հասմիկ Բադոյանը ԵՐԵՎԱՆին պատմեցին, թե ինչ կար ու ինչ է լինելու HAYP-ի կյանքում:

Էդ Թադևոսյան

Այստեղ, այնտեղ և ամենուր

↑ «Ձայնաղբյուր. շվեյցարական և հայկական քաղաքական պաստառների (հակա)էսթետիկ կողմերը»

26 27

#2(53) 2019

Աննա Գարգարյանն ԱՄՆ-ից Երևան է տեղափոխվել Մշակույթի նախարարության հետ համատեղ ծրագրի վրա աշխատելու՝ պետք է համադրեր Պեկինի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարը: «Մի տարի շուտ եկա, որ այստեղի միջավայրին, իրականությանը ծանոթանամ: Հասկացա, որ բազմազան ընդհատակյա արվեստ կար, բայց չկային շատ տեղեր այդ փորձարարական ստեղծագործությունները ներկայացնելու համար»: Աննան հիշում է, որ այս կարևոր բացի հետ մեկտեղ նկատում էր բազմաթիվ դատարկ շինություններ, որոնք հիանալի ցուցասրահներ կարող էին լինել: «Ամբողջ աշխարհում տարածված է շրջիկ ցուցասրահի ձևաչափը, ինչու՞ չկիրառեինք նաև մեզ մոտ»: HAYP Pop Up Gallery-ի առաջին ցուցադրությունը կայացավ 2014-ի դեկտեմբերին: Շուտով արդեն HAYP-ը տարեկան մի քանի ցուցահանդես


էր անցկացնում: 2017-ին HAYP-ը European Cultural Centre կազմակերպության հրավերով ցուցահանդես կազմակերպեց Վենետիկի արվեստի բիենալեի շրջանակում: Վենետիկյան հին դղյակներից մեկում կողք-կողքի ցուցադրվում էին լեգենդար Դեմիեն Հըրսթի, Յոկո Օնոյի և երիտասարդ հայաստանցի արվեստագետ Գայանե Երկանյանի աշխատանքները: Ոչ միայն HAYP-ն էր գնում արտերկիր, այլև միջազգային արտիստներն էին գալիս Հայաստան: Աննան պատմում է, որ գրեթե բոլոր ցուցադրություններում ներգրավված են եղել արվեստագետներ տարբեր երկրներից: Իտալացի նկարչուհի Նումեդա Կարբոնեան, օրինակ, որմնանկար ստեղծեց Հաղթանակի այգու շինությունների պատերից մեկին, ամերիկացի Սյուզի Բանքս Բաումը պատմեց հայաստանցի 25 կին արվեստագետների մասին, իսկ ձայնի հետ աշխատող գերմանաբնակ արտիստ Լուիս Մեյիան Երևան եկավ էլ, վերադարձավ էլ: 2017-ին Աննային միացավ Հասմիկ Բադոյանը, ով արվեստ էր սովորել Ռուսաստանում: «Շատ փոքր էի, երբ տեղափոխվեցինք Ռուսաստան, ու Երևանն ինձ համար մնացել էր մի իդեալական քաղաք, որտեղ երազում էի մի հետաքրքիր նախագիծ անել: Այնպես որ, երբ բացահայտեղի HAYP-ը, գնացի Birthright Armenia ու ասացի, որ ուզում եմ հենց այնտեղ կամավոր լինել», — հիշում է Հասմիկը:

Շրջիկ ցուցասրահը, թերևս, հենց նրա համար է, որ միայն մայրաքաղաքում չմնա: 2015-ին HAYP-ը կազմակերպեց իր առաջին միջոցառումը Երևանից դուրս՝ Գյումրի տանող գնացքում. Երևանի և Գյումրու արվեստագետները գնացքի վագոնները վերածել էին պատկերասրահի: «Գյումրեցիները իրենց գործերը տեղա-

Էդ Թադևոսյան

← Մերի Մունի Make all transparent ինստալացիան, “HAYP 12 12 12 Retrospective"

Էդ Թադևոսյան

Շարժման մեջ

→ Աննա Գարգարյանը “HAYP 12 12 12 Retrospective” ցուցահանդեսի ժամանակ

↓ Երեկոյան ջեմ սեշն, CETI Lab

↓ Կարեն Միրզոյանի ինստալացիան, CETI Lab

Անի Ջաֆերյան

Զոհրաբ Բաուեր

← Սոնա Մանուկյանի ինստալացիան, CETI Lab

Անի Ջաֆերյան

փոխում էին երևանցիների վագոն, երևանցիները՝ գյումրեցիների: Շա՜տ խառն էի ու հավես», — պատմում է Աննան: Հանդիսատեսն այս ինտերակտիվ ցուցահանդեսի անմիջական մասնակիցն էր, իսկ ծրագիրն այդպես էլ կոչվում էր՝ «Շարժման մեջ»: Երկու տարի անց HAYP-ը գնաց Բյուրական՝ վերաիմաստավորելու խորհրդային Հայաստանի գիտության հաճախ սյուրռեալիստական ժառանգությունը: CETI Lab ցուցադրությունից առաջ արվեստագետները մի շաբաթ ապրում էին Բյուրականում՝ գիտնականների համար նախատեսված հյուրատանը, որտեղ 1971-ին, հավանաբար, բնակվում էին Կարլ Սագանը,


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Ցուցադրություն

↓ 88-ի շարժման ազդագրերը, «Ձայնաղբյուր. շվեյցարական և հայկական քաղաքական պաստառների (հակա)էսթետիկ կողմերը»

Իոսիֆ Շկլովսկին և նրանց նախաձեռնությամբ աշխարհի տարբեր ծայրերից Բյուրական ժամանած բազմաթիվ հայտնի գիտնականները: Կոնֆերանսը նվիրված էր այլմոլորակայինների հետ շփմանը: Դրա մասին էր նաև 2017-ի ցուցահանդեսը, որը մի քիչ քվեստի էր նման՝ աստղադիտարանի մեծ այգով զբոսնելիս, շինությունից շինություն տեղափոխվելիս կարելի էր տեսնել ժամանակակից արվեստագետների ստեղծած պերֆորմանսներ ու ինստալյացիաներ: Ավելին՝ ձայնային արվեստի գործեր կարելի էր լսել Բյուրականից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակում, որը ժամանակին կառուցել էր աստղաֆիզիկոս (այլ ոչ պատմաբան) Պարիս Հերունին: HAYP-ի բոլոր ծրագրերի մտահղացումները ցուցասրահի համադրողներինն են, բացառությամբ մեկի՝ 2018-ի ամռանն անցած «Ձայնաղբյուր. շվեյցարական և հայկական քաղաքական պաստառների (հակա)էսթետիկ կողմերը» ցուցահանդեսի: «Շվեյցարիայի դեսպանատունն առաջարկեց մեզ կազմակերպել շվեյցարական քաղաքական պաստառների ցուցահանդես, — պատմում է Աննան: — Մենք համաձայնեցինք մի պայմանով՝ ներկայացնել նաև

Էդ Թադևոսյան

Էդ Թադևոսյան

Անի Ջաֆերյան

← Քննարկում Հերունու աստղադիտարանում, CETI Lab

↑ Սամվել Սաղաթելյանի «Անցք» շարքը, “HAYP 12 12 12 Retrospective”

Էդ Թադևոսյան

Էդ Թադևոսյան

→ Վահրամ Գալստյանի «Լվացվեք» ինստալացիան, “HAYP 12 12 12 Retrospective”

28 29

← Արամազդ Քալաջյանի և Արմենուհի Յեղոյանի «Եթե պատերը կարողանային տեսնել» ակցիան, “HAYP 12 12 12 Retrospective” #2(53) 2019


Րաֆֆի Ուզունյան

Էդ Թադևոսյան

→ Lips of Pride: Deconstructing perceptions of shame and female sexuality in Armenia ցուցահանդեսը

↑ Նարեկ Բարսեղյանի պերֆորմանսը, “HAYP 12 12 12 Retrospective”

«Վերջին HAYP-ը սկսեցինք՝ իմանալով, որ վերջինն է», — ասում է Հասմիկը: «12 12 12» ցուցադրությունը հետ հայացք էր անցած ճանապարհին, ամփոփում մեծ փոփոխություններից առաջ: «Հասկացանք, որ եկել է ժամանակը Երևանում սեփական, մշտական տեղ ունենալու: Մենք կառուցում ենք տարածք ոչ ապահով մտքերի համար»: Հասմիկն ու Աննան ասում են, որ առավելությունների հետ մեկտեղ շարժական ձևաչափն ունի նաև թերություններ: Օրինակ, Երևան այցելող արվեստասերները կարող են տեսնել HAYP-ի ցուցադրությունները, միայն

Րաֆֆի Ուզունյան

Ապահով տարածք ոչ ապահով մտքերի համար

← Արամազդ Քալաջյան, «Մեդիտացիա», “HAYP 12 12 12 Retrospective”

Էդ Թադևոսյան

հայկական պաստառներ: Դեսպանատնից էլ ասացին՝ ավելի՛ լավ»: Մինչ ընթանում էին նախապատրաստական աշխատանքները, Հայաստանում սկսվեց Թավշյա հեղափոխությունը: Ղարաբաղյան շարժման և 1990-ականների բուռն քաղաքական կյանքն արտացոլող պաստառների շարքին ավելացավ ևս մեկը՝ Սամվել Սաղաթելյանի «Իմ քայլը»:

→ Lips of Pride: Deconstructing perceptions of shame and female sexuality in Armenia ցուցահանդեսը

↓ «Ձայնաղբյուր. շվեյցարական և հայկական քաղաքական պաստառների (հակա)էսթետիկ կողմերը»

եթե ժամանել են որևէ ցուցադրության անցկացման օրերին: Նոր տարածքը կունենա երկու մաս՝ մշտական պատկերասրահ և արվեստանոց, որը բաց կլինի արվեստագետների համար: Մշտական տարածքը թույլ կտա նաև երկարաժամկետ ծրագրեր իրականացնել: «Այսօր եթե ինչ-որ բան վաճառվում է հայկական արվեստից, ապա դա կամ 20-րդ դարի անվանի նկարիչներն են՝ Սարյանը, օրինակ, կամ Վերնիսաժի գործերը: Ժամանակակից հայկական արվեստը տեղ չունի միջազգային շուկայում, և մենք նպատակ ունենք աշխատել այն ճանաչելի դարձնելու ուղղությամբ», — ասում է Աննան: Հասմիկն էլ հավելում է, որ պլանավորում են հրատարակչությամբ զբաղվել՝ բացահայտել գիրքը որպես արտ-օբյեկտ: Չնայած որ շուտով HAYP-ը կունենա նոր անուն ու նոր ձևաչափ, դրա շրջիկ բնույթը չի կորի: Աննան ու Հասմիկը վստահեցնում են, որ Երևանի մշտական տարածքի հետ մեկտեղ, HAYP-ի փորձարարական նախագծերը կճանապարհորդեն Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի ամենահետաքրքիր վայրերով:

Կարինե Ղազարյան HAYP Pop Up Gallery


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Այլընտրանք

2018 թվականին Կոնդի մի հատված վերածվեց սթրիտ-արտ ցուցասրահի։ Այս զարմանալի արտ-նախագծի մասին խոսել ենք հեղինակի՝ Սերգեյ Նավասարդյանի հետ։ Կարդացեք ու վազեք Ժամի քուչա՝ առանց միջնորդների առնչվելու ժամանակակից արվեստի հետ։

#kondgallery.

Պարտիզանական պայքար Ժամի քուչում

30 31

#2(53) 2019


↓ Պատկերասրահի առաջին՝ հետագայում ձևափոխված պատկերը

2018 թվականի օգոստոսին Սարյանի փոստի հետևում գտնվող բենզալցակայանի հարակից պատին, այնտեղ, ուր սկսվում է Երևանի ամենախորհրդավոր հատվածը՝ լեգենդար Կոնդը, մի գիշերվա ընթացքում ծնվեց տարօրինակ մի պատկեր՝ Արարատի գագաթները հիշեցնող եռանկյուններ, արմավենի, բոցավառ շիշ՝ «մոլոտովի կոկտեյլ»։ Երևանի ստեղծագործական անցուդարձից տեղյակ մարդիկ ճանաչեցին yerevantropics-ի ձեռագիրը, բայց Կոնդում երևանյան արևադարձից տեղյակ չէին։

← Առաջին՝ ջնջված գրաֆիտիի տեղում այժմ պատկերասրահի ցուցանակն է

Ամբողջ աշխարհում գրաֆիտիները շատ բարդ ճակատագիր են ունենում, նույնիսկ եթե դրանք հեղինակել է Բենքսին, իսկ այստեղ առավել ևս չհիմնավորված նորամուծությունները չեն ողջունում. Կոնդն ունի իր կանոնները։ Վանդալիզմը մասամբ վանդալիզմի ենթարկվեց. Արարատին ձեռք չտվեցին, իսկ «մոլոտովը» ծածկվեց։ Գրաֆիտիի հեղինակ Սերգեյ Նավասարդյանը, նույն ինքը՝ yerevantropics-ը, որոշեց պարզապես գնալ ու շփվել տեղացիների հետ։ Շփումը ստացվեց, պատկերը մասամբ վերականգնվեց ու դեռ լրացվեց. այժմ վերևի անկյունում գրված է [սթրիթ արտ պատկերասրահ]։ Այդտեղից էլ մեկնարկեց վերջին շրջանի երևանյան արդի արվեստի ամենափախած նախագծերից մեկը։ Սարյանից սուրճ ֆռթացնելով հասնում ենք Ֆրիկ։ Հարցնում եմ Սերգեյին (որը մի քանի անգամ ԵՐԵՎԱՆի շապիկներ է նկարել և ընդհանրապես մեր ամսագրի ընկերն է), թե ինչու հենց այստեղ, հենց այս պատին։ «Ընդհանրապես, երբ փնտրում եմ նկարելու պատ, ու, երբ այն գտնում եմ, առաջնորդվում եմ զգացողություններով ու մտքերով, որոնք ներշնչված են միջավայրից: Ֆրիկի վրա երկար պատը միշտ ճանապարհիս էր, գնում-գալիս նայում էի, եփվում էր ինչ-որ բան: Նկարեցի: Մի որոշ ժամանակ անց տեսա նկարի էն հատվածը, որտեղ մոլոտովն էր՝ փակած սպիտակով: Հասկացա, որ շփում ա պետք։ Եկա, ծանոթացա, պատմեցի՝ ինչ եմ անում, ինչի եմ անում: Պատմեցի, որ ուզում եմ Կոնդը, որպես միջավայր, փոխի նշանակությունը: Ճիշտ ա, խոսակցությունները, որ Կոնդը սենց թե նենց քանդելու են, միշտ ակտուալ են: Ու մասամբ արդեն քանդված ա: Շատ տարբեր ա Կոնդը, ամեն դեպքում, թաղից թաղ՝ ուրիշ: Կոնդը մեծ ա, ու կարելի ա ձևավորել նոր միջավայր ու գոյության իմաստ: Օրինակ՝ դառնա բաց տարածք փողոցային արվեստի համար՝ արտ թաղամաս: Սրանով նպաստել ժամանակակից արվեստի և հասարակության մշակութային զարգացմանը: Տենց, Ժամի քուչի ժողովուրդը ջերմ ընդունեց: Մերսի»:


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Այլընտրանք

***

Իսկապես, հիմա Սերգեյին էստեղ ճանաչում են, պապիկները ժամերով կանգնում են ստվերի տակ և նայում, թե ինչպես է նա, ռեսպիրատորներով դեմքը ծածկած, արդեն գունավորված ձեռքերով թափահարում ներկի բալոնն ու պատին նոր գործ ստեղծում: Երբեմն մոտենում, խորհուրդներ են տալիս («Ստեղից էլ գիծ քաշի, թող հավասար եռանկյուններ դառնան»)։ «Մարտահրավեր ա՝ պայքարել սև գույնի համար, սևն ամենաքիչն ա սիրվում Կոնդում: Ամեն մեկն իր կոնֆլիկտն ունի սևի հետ: Ես իմ հերթին փորձում եմ սևը համադրել այլ գույների հետ, որոնք կարող են փոխել սևի բացասական ընկալումը: Ինձ դուր ա գալիս #kondgallery-ի մուտքի պատը՝ սպիտակ, կարմիր, օրանժ, սև ուրվագծերով: Իմ սիրած հարցը՝ բա ո՞րն ա քո քյարը: Հարցնում են՝ ներկերը դու ես առնում, չէ՞: Հա: Ինքդ ես չէ՞ անում: Քո ժամանակն ես չէ՞ ծախսում: Բա ինչի՞ համար: Իմ քյարն արվեստի զարգացումն ու Կոնդի վերաիմաստավորումն ա որպես թաղամաս: Սթրիտ-արտը մի քիչ այլ քյարի մասին ա: Անհասկանալի ապագայով թաղի վերաիմաստավորումն արվեստի միջոցով արդեն մեծ ձեռքբերում ա:

↑ Կարեն Միրզոյանի լուսանկարները

↑ Սերգեյ Նավասարդյան

Իմ գործը Կոնդում նաև լուրջ սոցիալական խնդիր լուծելու հնարավորություն ա բացում: Զարգացման պլանները շատ տարբեր կարող են լինել, սա ավելի տնտեսական-քաղաքական մեկնաբանում կարա ունենա: Գլխավոր ճարտարապետի ասուլիսից հասկացա, որ հստակ պլաններ դեռ չկան, բայց նախագծեր ու մտքեր «Փարիզից շատ են»: Օքեյ: Ավելանում ա մարդկային հոսքը, աշխուժություն ա մտնում, ու էդ ժամանակ կարելի ա զարկ տալ համեստ միկրոբիզնեսին, մանավանդ հարկերից ազատելու միտումներ են նկատվում: Էդ իր հերթին կարող ա շոշափելի քյար դառնա տեղացիների համար: Սուրճ, պատկերասրահ, բուտիկ, հուշանվեր, երջանկություն: Պետք ա ավելի հստակ հասկանալ զարգացման պլանները՝ ինչ ա դառնալու և ուր ա գնալու: Միգուցե քաղաքային իշխանություններն էս հաշվով ուրիշ մտքեր ունեն»:

***

Անցնում ենք ոսկեգույն երկնքով ու սև Արարատով նկարի մոտով, հասնում ենք ինչ-որ մեկի տան ցանկապատից աչքով անող կատվին (համարյա վստահ եմ, որ կատու էր) ու նստում ենք իշոտնուկին։ Սերգեյը ոգևորված բացատրում է, որ իր գործողությունները, ըստ էության, պարտիզանական բնույթ ունեն։ Նա չունի պետական աջակցություն, թույլտվություն և գործընկեր։ Թույլ տվողը տեղացիներն են, ի վերջո նրանց պատերն են ու տան դարպասներն են հանդիսանում որպես կտավ: «Տարբեր ընկալումներում սթրիտ-արտը դիտարկվում ա որպես վանդալիզմ: Իմ կարծիքով, որոշ վանդալիզմն էլ արվեստ ա, օրինակ՝ վագոններ բոմբելը, որ էն չի, ինչ ես եմ անում, բայց հասկանում ու ընդունում եմ: Էն, ինչ ես եմ անում, ուրբանժամանակակից կարելի ա անվանել, որը միտված ա միջավայրի


վերաիմաստավորմանը: Արվեստը փողոցում՝ արվեստ ա առանց միջնորդի: Հատուկ և փակ մարգինալ միջոցառումները չեն լուծում էն խնդիրները, որոնք միանշանակ կարևոր են մեզ համար, ու որոնք փորձում եմ լուծել ես՝ արվեստը փողոց հանելով»:

***

Կապույտ դարպասի վրա անսպասելիորեն հայտնվում են yerevantropics-ի ոճի հետ ընդհանրապես չբռնող նկարներ։ Մի ուրիշ անկյունից ողջունում է գեղեցիկ օրնամենտալ ոզնուկը։ Էստեղ Սերգեյի պատումը հասնում է այն պահին, երբ նրան միանում են այլ հեղինակներ։ Եվ ոչ միայն գրաֆիտի արտիստներ, ահավասիկ՝ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի ֆոտոները՝ ամրացված պատերից մեկին։

«Քանի որ սա բաց տարածք ա, իհարկե, ցանկացողը կարող ա գալ, նկարել: Բայց պետք ա հիշել՝ Կոնդը սպեցիֆիկ թաղ ա, սպեցիֆիկ մենթալիտետով, տեղացիք ունեն յուրահատուկ պատկերացումներ ու գաղափարներ: Ես միաժամանակ հետազոտում եմ, ապա նկարում և համադրում՝ կամուրջ հանդիսանում Կոնդի ու արտիստների մեջ: #kondgallery-ն կոչ ա ստեղծագործողներին միանալու, որ ստեղծենք բաց արվեստ՝ հասանելի բոլորին: Հենց էդ պատճառով ես մենակ չեմ ստեղծագործում Կոնդում: Ինձ միացավ Կարեն Միրզոյանը, Թիֆլիսից Lamb-ը, Ossy-ն՝ ֆինլանդացի արտիստ: #kondgallery-ով հետաքրքրվող շատ տարբեր նկարիչներ կան, էս տարի սպասում եմ շատերին, և հետաքրքրությունն աճում ա օր օրի»:

***

Ակնհայտ է, որ միջազգային ներգրավվածությունը միջազգային ուշադրություն է բերում դեպի Երևանը, քաղաքի փինն ավելի տեսանելի է դարձնում քարտեզի վրա, ինչի հետևանքով էլ տուրիստական հետաքրքրությունն է մեծանում: Հարցնում եմ՝ եթե լիներ պետական աջակցություն, մի՞թե պաշտոնյաները չէին խանգարի նախագծին պետական միջամտությամբ, պետպատվերով գրաֆիտին մի քիչ տարօրինակ է հնչում, և սովորաբար նույնքան տարօրինակ նայվում (Երևանն այդ փորձն ունեցել է)։ Սերգեյը մասամբ համաձայնում է, բայց օրինակ է բերում։ Եթե պետությունը կամ քաղաքապետարանը հոգային տեխնիկական ծախսերը, բայց չմիջամտեին կոնցեպտուալ մասին, կլիներ իդեալական: Ստիպված եմ համաձայնել։

↑ Թիֆլիսցի Lamb-ի գրաֆիտին #kondgallery-ում

Արտավազդ Եղիազարյան Uերգեյ Նավասարդյան


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Միքս

Սա

dzen

ա բերում

ձայնի Եվ պատկերի բալանսը Rambalkoshe-ում

Երևանի կենտրոնից հեռու գտնվում է մի տուն, որտեղ լղոզվում են ժամանակակից արվեստի ու էլեկտրոնային երաժշտության, ձայնի և պատկերի սահմանները: Rambalkoshe ձեզ կհրավիրեն միայն մեկ անգամ. դրանից հետո դուք ինքներդ կձգտեք լինել այնտեղ: Լուսանկարիչ Վահան Ստեփանյանը պատմում է, թե ինչ կապ ունի Rambalkoshe-ն ժամանակակից արվեստի հետ և ինչու է այն պետք Հայաստանին:

34 35

#2(53) 2019


Մենակ մարդկանց տեղ

Մի նախագծի համար ընկերոջս հետ տուն էինք վարձել: Նախագիծն ավարտվեց, ընկերս գնաց, բայց տունն ինձ հետաքրքիր էր: Գուցե ռոմանտիկ է հնչում, բայց այն դարձել էր մենակ մարդկանց տեղ: Մենակ՝ ամենալայն իմաստով: Այս տանը չկա հետաքրքրություն միայն մեկ ճյուղի հանդեպ: Այստեղ անընդհատ փորձում ես գտնել երաժշտության ու պատկերի միջև եղած շերտը: Տարածքը նաև ֆրիլանսերների հավաքատեղիի նման մի բան է՝ մարդկանց, որոնք կարիք ունեն իրենց լսելի դարձնելու կամ ուղղակի ինչոր տեղում լինելու: Տունն ավտոմատ ստեղծեց իր ընտանիքը՝ 13 հոգանոց խումբ, որտեղ յուրաքանչյուրն ամենատարբեր մասնագիտություն ունի ու իր հավակնությունը՝ մշակութային այդ կողմը փոխելու: Այսօր մշակույթը Հայաստանում արհավիրք է՝ պետք չի ուրիշ բնութագրումներ փնտրել: Եթե Ռամբալը չլիներ, մենք ուղղա-

կի կխեղդվեինք: Մենք ստեղծել ենք տուն, որտեղ կարողանում ենք լիաթոք շնչել: Սրան այլընտրանք չկա, որովհետև մյուսները ցանկացած բան անելով փող են ուզում աշխատել: Ես ունեմ իմ սիրած տեղերը քաղաքում, բայց վերջում դու հաշիվ ես փակում քո հաճույքի դիմաց ու դուրս ես գալիս: Մենք ազնիվ ենք բոլոր հարցերում: Ռամբալից ոչ մի ֆինանսական ակնկալիք չկա: Եթե տոմս էլ վաճառենք, ապա միայն արտիստին վճարելու համար: Մենք սոցիոպատ չենք, բայց քաղաք չենք իջնում: Ռամբալում մենք ունենք ամեն ինչ:

Dzen

Իմ կյանքում կային մարդիկ, որոնք հա պիտի իրար գլխի հավաքվեին, օրինակ՝ Վիգեն Արմանը ու Goldcap-ը [Պերճ Սահակյան — խմբ.]՝ Ամերիկայում ու Եվրոպայում սիրված, հարգված մարդիկ, որոնք Հայաստանում չէին եղել: Մյուս կողմից՝ կար ճարտարապետ, նկարիչ Դավիթը Յուխանյանը, որին Հայաստանում նեղ շրջանակներ են ճանաչում միայն: Դավիթն արդեն սկսել էր անել Վիգենի նոր վինիլի պաստառը: Իր նկարածն ու Վիգենի նվագածն ահագին նման են իրար: Առաջին անգամ որոշեցինք նման ֆորմատ անել: Վիզուալ պատը կիսվում է, բայց սաունդը չի կիսվում. մի կողմում ցուցահանդեսն է, մյուս կողմում մարդիկ պարում են: Մի սենյակն աչքի համար է, մյուս սենյակը՝ ականջի: Մարդ ուղղակի պետք է կարողանա գտնել բալանսն այդ երկուսի միջև: Մարտին մենք պլանավորում ենք անել արդեն 3-րդ Dzen-ը՝ նորից համադրելով «ձայնը» և «զենը»: Ներկայացնելու ենք Kupikazu-ի նոր ցուցահանդեսը:


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Միքս

Homard

Ռամբալում կա մի սենյակ, որը կոչվում է Homard [ֆրանսերեն բառ է, որ նշանակում է ծովախեցգետին, կարդացվում է «օմար» — խմբ.]: Կարմիր սենյակ, որտեղ համատարած նկարներ են՝ պատերով մեկ: Սա արդեն Dzen-ից մի քայլ առաջ է, քանի որ բացի ձայնից ու պատկերից, տեքստն է միանում: Նկարել է Խորեն Մաթևոսյանը: Ռամբալում ամեն արտիստ մեզ համար գրում է սեթ, որը կա SoundCloud-ում: Ամեն սեթի համար արտիստն ընտրում է նկար Խորոյի նկարած պատից: Համարյա մի տարի Խորոն հորինում էր մեր տան պատմությունն ու հորինվածքը ֆիքսում պատի վրա: Սենյակն ունի իր պատրաստի պատմությունը, սցենար: Ի վերջո այն վերածվելու է տեղաշարժվող ցուցահանդեսի, ցուցասենյակի նման մի բան: Մարդիկ մտնելու են ու ամեն նկարի վրա լինելու է կոդ, որ հեռախոսը պահես, ինքը բերելու է նկարի երաժշտությունը ու տեքստը: Սկիզբ ու վերջ սենյակը չի ունենալու: Դիտողը սկսում է մի տեղից ու ոնց ուզում է, շարունակում է: Ամեն կերպարի պատմություն ինքնաբավ է, բայց երբ կարդում ես մյուս պատմությունը, դրանք միավորվում են: Homard-ի 70-80 տոկոսը կա ու ամենայն հավանականությամբ այս տարի կավարտենք: Մյուս տարվանից կսկսենք աշխարհով մեկ ցույց տալ՝ որպես հենց սենյակ:

36 37

#2(53) 2019

Kupikazu

Kupikazu-ն երեք արտիստների՝ Խորեն Մաթևոսյան, Արեգ Մովսիսյան ու Անի Առաքելյան, խմբավորում է: Խորենը Homard-ը նկարելուց հետո պատմեց, որ երկու ընկեր ունի: Երեքով երկու տարի նկարել էին, բայց չէին ցուցադրվել: Խնդրեց օգնել ցուցահանդես կազմակերպելու հարցում: Հասկացա, որ երևի հենց դրա համար էլ ստեղծվել էինք, որովհետև մենք վերջին ինստանցիան էինք, վերջին կղզին մարդկանց, որոնց ամեն տեղից մերժել էին: «Արարատ» հյուրանոցի ավտոտնակներում մայիսի 18-ին բացեցինք Kupikazu-ի առաջին ցուցահանդեսը: Մեր մեքսիկացի ընկերոջը՝ LUM-ին, խնդրեցինք իր սեթերն ադապտացնել ու դարձնել ցուցահանդեսի մաս: Մարդիկ ուղղակի լողում էին այդ երաժշտության մեջ: Ու լողում էին այնպես, որ մենք ստիպված մի շաբաթով երկարաձգեցինք ցուցահանդեսը. մարդկանց հոսքն ուղղակի չէր դադարում:


Պաստառների հավաքածու

Երկու տարվա ընթացքում Ռամբալում լիքը պաստառներ էին հորինվել՝ հետաքրքիր, անսպասելի: 12 մարդ ստեղծեց 12 պաստառ: Ամեն մեկը տարբեր ձևով է ստեղծվում: Արմիշի [նկարիչ Արմինե Շահբազյան — խմբ.] արածը, օրինակ, մեր խոսակցության արդյունքն էր: Մենք քննարկում էինք, որ երբ մարդուն միջնամատ ես ցույց տալիս, նաև ինքդ քեզ ես ցույց տալիս: Ինքն իլյուստրացիա է արել՝ ինչ ես տեսնում դու: Պաստառների հավաքածուն էլի նոր մշակույթ է: Այն ցույց է տալիս, որ պաստառն ինքն իրենով կարող է ասելիք ունենալ, կարող է հետաքրքիր լինել: Ենթադրվում է, որ շուտով կունենանք մի նոր հավաքածու:

Վիգեն Արմանը, Տիգրան Համասյանն ու դարի իրադարձությունը

Rambalkoshe-ի ճակատագրի երեք հավանական սցենարները

Մենք շարունակելու ենք մեր ծրագրերը: Բայց մի օր կհասնենք մի սահմանի, որ մեզ կասեն՝ շնորհակալություն, ցտեսություն, ու մենք ստիպված կփակվենք: Կա՛մ էլ պետք է ընդլայնվենք, դառնանք այնպիսի հիմնադրամ, որ ոչ մեկ չկարողանա մեզ փակել. ուղղակի մեզ հետ ստիպված հաշվի նստեն: Կա՛մ պետք է ուղղակի երկրից գնանք:

Անցյալ տարի Տիկոն եկել էր Հայաստան մի ամսով: Տեսնվեցինք, պատմեց, որ վերջապես վինիլների իր երազած սարքն է գնել: Սկսեցինք լսել ու ինքն առաջարկեց, որ Ռամբալում վինիլներով սեթ նվագի: Վիգեն Արմանը նույնպես ամառվա վերջին պետք է գար: Երբ ասացի, որ Տիկոն էլ Հայաստանում է, բոլոր համերգները հետաձգեց ու մի շաբաթ շուտ եկավ: Համերգից երկու օր առաջ եկան Ռամբալ, շարեցին գործիքները՝ ինչ ունեն-չունեն: Այդ երկարության սեղան չունեինք: Զրոյից սարքեցինք 5-6 մետրանոց երկա՜ր սեղան: Ռամբալը համերգի համար մեծ սրահ չունի. Կոմիտասում հասարակ սեփական տուն է: Սենյակը պայթի-տրաքի 40-50 հոգի կարող է տեղավորել: Այդ օրը 90 հոգի իրար ուսերին կանգնած լսում էր: Մարդիկ ուղղակի երջանիկ էին, որ այնտեղ էին: Երկու գերկայացած երաժիշտ հանկարծ հայտնվել էին մի տեղ, որտեղ ուզում են իրենց մեջ ինչ կա, հանել: Ընդ որում, սկզբում մտածել էինք, որ Տիկոն կնվագի, հետո երկուսով մի ժամ իմպրովիզ կանեն, հետո Վիգենը՝ դիջեյ սեթ։ Բայց երկուսով նվագեցին երկու ժամ ու էնքան քամվեցին, որ Վիգենն էլ ուժ չունեցավ շարունակելու։ Բայց էդ երկու ժամը… Մարդ ունակ չէր դրան դիմանալու: Շատերը գնում էին դուրս, տասը րոպե շունչ էին քաշում ու հետ գալիս: Հնչում էր ահագին բարդ էքսպերիմենտալ երաժշտություն, բայց էնքան հարմոնիա կար, էնքան կյանք կար դրա մեջ: Համերգը ճակատագրեր փոխեց:

Լուսինե Ոսկանյան Rambalkoshe


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Աշխարհին ի ցույց

Ազգային չավանդական Հայաստանի Հանրապետության մասնակցությունն աշխարհում ժամանակակից արվեստի կարևորագույն միջոցառման՝ Վենետիկի արվեստի բիենալեին ունի արդեն տասնամյակների, իսկ Հայաստանի մասնակցությունը՝ հարյուրամյա պատմություն: 2015-ին մեր երկրի ազգային տաղավարն արժանացավ Բիենալեի գլխավոր մրցանակին, իսկ 2019-ին պատրաստվում է Վենետիկ ուղարկել իսկական հեղափոխական նախագիծ:

38 39

#2(53) 2019


ՆՓԱԿ դռների օր

1990-ականների կեսերին Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի՝ ՆՓԱԿ-ի համահիմնադիր Սոնիա Պալասանյանը մի փորձառական միտք առաջարկեց՝ կազմակերպել Հայաստանի Հանրապետության առաջին ազգային տաղավարը Վենետիկի բիենալեում: Սոնիան և նրա ամուսինը՝ Էդուարդ Պալասանյանը, Նյու Յորքից Երևան էին տեղափոխվել 1992-ին: «Դաշտին ծանոթ չէին, — պատմում է ՆՓԱԿ-ի գեղարվեստական ղեկավար Գագիկ Ղազարեն։ — Ամեն տարի մի ցուցահանդես էին կազմակերպում՝ մեկ Թումանյանի տուն-թանգարանում, մեկ Ժամանակակից արվեստի թանգարանում՝ մթնոլորտն ու մարդկանց ճանաչելու համար: Այդպես տեսան, որ մենք ավանգարդ արվեստի ամուր հիմքեր ունենք և շատ հետաքրքիր արվեստագետներ, որոնց գործերը պետք է ներկայացնել միջազգային հարթակներում»: 1995-ին ՆՓԱԿ-ի թիմը տեղափոխվեց իր՝ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող հայտնի շենքը և նույն տարում մեկնեց Վենետիկ: 1895-ին հիմնադրված Բիենալեի համար հոբելյանական՝ 100-ամյակի տարում Հայաստանի առաջին ազգային տաղավարը ներկայացնում էին արվեստագետներ Սամվել Բաղդասարյանը և Կարեն Անդրեասյանը: Գագիկ Ղազարեի խոսքով ՆՓԱԿ-ը աստիճանաբար վերածվեց իսկական «լաբորատորիայի», որտեղ զարգանում, փոփոխվում, վերաիմաստավորվում էին Բիենալե մեկնելու համար պատրաստվող բազմաթիվ արվեստի գործեր: «Վենետիկի տարին մի մեծ իրադարձություն էր. ամիսներ շարունակ աշխատանքը եռում էր, և ամբողջ պրոցեսը տեղի էր ունենում հանրության աչքի առջև: 2001-ին 15 արվեստագետ մասնակցեց: Մի տեսակ մրցակցություն էր ձևավորվել Բիենալեին մասնակցելու համար, և այդ մրցակցությունը կոտրելու համար որոշեցին տանել ոչ թե մեկին, այլ միանգամից շատերին»:

Գրեթե 15 տարի շարունակ հենց ՆՓԱԿ-ն է կազմակերպել և ներկայացրել Հայաստանի ազգային տաղավարը, իսկ 2009-ին այդ գործառույթն իր վրա վերցրեց Մշակույթի նախարարությունը: «Կարծում եմ՝ 2009-ին բեկումնային պահ է եղել, երբ պետությունը գիտակցել է, որ միջազգային արվեստի այսպիսի հզոր թատերաբեմն իրեն առավելություն է տալիս ներկայացուցչական առումով, — ասում է նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: — Անկախության վաղ շրջանի ժամանակակից արվեստը բառիս բուն իմաստով լուսանցքային է եղել, այսինքն պետությունը բավարար միջոցներ և ուշադրություն չի տրամադրել արվեստագետներին: ՆՓԱԿ-ն այդ ժամանակաշրջանում իր ուսերի վրա վերցրեց ժամանակակից արվեստի դաշտի զարգացումը խթանելու այս կարևոր գործառույթը: Իսկ 2010-ից տաղավարի կազմակերպումը պետությունն առավ իր հովանավորության և վերահսկողության տակ»:

Հայությունը Վենետիկում

2015-ն առանձնահատուկ տարի էր. ազգային տաղավարի «Հայություն» անվանումը կրող ցուցահանդեսն արժանացավ «Ոսկե առյուծ» մրցանակին՝ որպես լավագույն տաղավար: Ցեղասպանության 100-ամյակի տարում անցնող ցուցադրությունը Վենետիկում էր հավաքել 16 սփյուռքահայ արվեստագետների, որոնց գործերը վկայությունն էին ոչ թե ողբերգության, այլ վերապրման ու կյանքի: «Նախկինում էլ Հայաստանը բազմաթիվ սփյուռքահայ արտիստներ են ներկայացրել, — ասում է Վարդան Կարապետյանը՝ տաղավարի գլխավոր կազմակերպողներից մեկը: — Բայց քանի որ խոսքը գնում էր Ցեղասպանության 100-ամյակի մասին, ես առաջարկեցի ոչ թե խոսել Ցեղասպանությունից, այլ ցույց տալ այն արդյունքը, որը ծնվել է դրանից մեկ դար անց»:


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Աշխարհին ի ցույց

Ի դեպ, 1900-ականների սկզբին Հայաստանը Վենետիկի բիենալեին ներկայացրել է Ֆրանսիայում բնակվող հայազգի նկարիչ Էդգար Շահինը: «Չնայած որ Շահինն Օսմանյան կայսրության քաղաքացի էր, պնդել էր, որ իր անվան կողքը գրվի «Հայաստան»: Նա ներկայացրել էր մի պետություն, որը փաստացի գոյություն չուներ: Իսկակա՜ն կոնցեպտուալիզմ, էլ ո՞նց անվանես», — կատակում է Վարդան Կարապետյանը: Կարապետյանը 2015-ի տաղավարի կոմիսարը՝ հանձնակատարն էր: Զուտ Վենետիկի բիենալեին հատուկ այս պաշտոնը զբաղեցնում են մարդիկ կամ կազմակերպություններ (2015-ին Կարապետյանի հետ մեկտեղ դրանք չորսն էին՝ Մշակույթի նախարարությունը, Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, Մխիթարյան միաբանությունը և Art for the World Europa հասարակական կազմակերպությունը), որոնք ընտրում են տաղավարի գուցե գլխավոր մարդուն՝ համադրողին: Վարդան Կարապետյանն առաջարկել էր միջազգային փորձ և ճանաչում ունեցող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրստենբերգի թեկնածությունը: «Ադելինայի համադրողի տաղանդն էր կարողանալ մեկ տեղում հավաքել և ներկայացնել տարբեր երկրներում ապրող արվեստագետների, որոնք այս կոնտեքստում արվեստին մոտենում էին՝ հաշվի առնելով իրենց ընդհանուր մշակութային ժառանգությունը», — ասում է Կարապետյանը: Հենց այդ ժառանգությունն էր «Հայությունը», որը գալիս էր աշխարհի տարբեր ծայրերից, ներկան ու անցյալը համադրում Սուրբ Ղազարի պատմական կոնտեքստում՝ շեշտադրելով մշակութային փոխըմբռնումն և միախառնությունը: «Նրանք բոլորովին ոչ միայն հայկականն էին դնում իրենց գործերի մեջ. լիբանանցին դնում էր լիբանանյանը, բելգիացին՝ բելգիականը և այլն»:

Այս մշակութային շերտերի միախառնումից ծնված արվեստն էր, որ Հայաստանին բերեց «Ոսկե առյուծ»: Ի դեպ, մրցանակաբաշխության օրը Վարդան Կարապետյանի, Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգի և Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի զրույցից ծնվեց մի այլ կարևոր նախագիծ՝ 2017-ին Հայաստանի տարբեր քաղաքներում անցած և մեծ աղմուկ հանած ՍՏԱՆԴԱՐՏ ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն: «Հասկացանք, որ եթե այս հաջողությունն այդպես էլ թողնենք՝ կգնա կկորի: Եվ որպեսզի այդ մրցանակից առաջացող միջազգային հետաքրքրությունը և արձագանքը կապվի Հայաստանի հետ ավելի սերտ կերպով, որոշեցինք կազմակերպել տրիենալեն: Եթե մրցանակ չտային ու մենք այդքան չոգևորվեինք, դժվար թե այս գաղափարը ծնվեր», — պատմում է Կարապետյանը: Ի դեպ, ՍՏԱՆԴԱՐՏ երկրորդ տրիենալեն սպասվում է արդեն 2020-ին:

Հեղափոխական սենսորիում

Այս տարի բաց մրցույթում Մշակույթի նախարարությանը ներկայացված տասնյակից ավելի հայտերից մայիսի 11-ին մեկնարկող Վենետիկի արվեստի 58-րդ միջազգային բիենալեին Հայաստանի տաղավարի համադրող է ընտրվել արվեստի քննադատ, հետազոտող և համադրող Սուսաննա Գյուլամիրյանը: Ներկայացվող արվեստագետների գործերի ներշնչանքի աղբյուրը գուշակելը դժվար չէ: Հուշումը տաղավարի նախագծի անվանումն է՝ «Հեղափոխական սենսորիում»: Նախագծում ընդգրկված արվեստագետներն են Նարինե Առաքելյանը և «արտլաբ երևան» արվեստագետների խումբը: «Ցուցադրությանն ընդգրկված է հայկական հեղափոխությանը վերաբերող նյութերի հետազոտություն-հավաքագրումը, որն ունի թեմատիկ մի քանի ուղղվածություն՝ հեղափոխական բազմություն, հեղափոխության ստեղծագործականությունը, բռնությունն ընդդեմ հեղափոխության,

40 41

#2(53) 2019


Վենետիկի բիենալե (La Biennale di Venezia) Վենետիկի արվեստի բիենալեն հիմնադրվել է 1895-ին և անց է կացվում երկու տարին մեկ: Մասնակցության երեք ձևաչափ կա. ազգային տաղավար, հիմնական ցուցադրություն և զուգահեռ միջոցառումներ: Վերջինիս կարող են մասնակցել անկախ անհատներ՝ առանց պետության հետ համագործակցության: Այս ձևաչափով հայ արվեստագետները տարբեր տարիներ մասնակցել են Բիենալեին: 2017-ին Բիենալեն ունեցել է 600,000-ից ավել այցելու: 86 պետություն ներկայացրել է ազգային տաղավար:

հեղափոխություն/վերամասնակցում և այլ հարակից թեմաներ, որոնք կներկայացվեն մեծածավալ վիդեո ինստալացիայի ձևաչափով: Ինստալացիայի մյուս կարևոր մասը հետհեղափոխական վերլուծություններն ու զրույցներն են. այստեղ ներգրավված են քննադատաբար մտածող տարբեր ոլորտների փորձագետներ և մտավորականներ: Զրույցներն անդրադառնում են հետհեղափոխական Հայաստանում բազմաթիվ ոլորտների վերակազմակերպման խնդիրներին. սրանք խորհումներ են սոցիալական քաղաքականության, մշակութային, գենդերային, տնտեսական, իրավական, բարոյական և ուրիշ ասպեկտների վերաբերող հարցերի շուրջ», — ասում է Սուսաննա Գյուլամիրյանը: Նա ընդգծում է, որ իր համար հատկապես կարևոր է այն փաստը, որ Հայաստանի կանայք ակտիվ ջանքեր գործադրեցին՝ ունենալու ամբողջական ներկայացվածություն հեղափոխությունում, ի ցույց դրեցին արմատական գործողություններ, խիզախություն և ստեղծագործական հնարամտություն: Գյուլամիրյանը պատմում է, որ համաձայն ավանդական կարծրատիպային մտածողությանը՝ կնոջ ինքնությունը սահմանվում է հիմնականում մասնավոր ոլորտում և մայրության, կանացիության, հնազան-

դության միջոցով: «Արվեստագետ Նարինե Առաքելյանը վերարտադրում է հեղափոխության օրերին իրականացվող «շերեփ-կաթսաներ» ակցիան Վենետիկի փողոցներում և ջրանցքներում՝ ի ցույց դնելով ֆեմինիստական արվեստում տեղ գտած միտումներից մեկը՝ մասնավոր ոլորտին, տանը վերաբերող պարագաներն օգտագործել քաղաքական ուղերձ հղելու նպատակով հանրային ոլորտում: Վերջինս ավանդորեն համարվում է արականի ոլորտ, քանզի այնտեղ է իրագործվում մեծ քաղաքականությունը, խոշոր ձեռներեցություն-տնտեսությունը, իշխանությունը…»: Հայտնի է, որ Վենետիկի բիենալեն ազգային տաղավարներում ընդգրկված նախագծերից, զուգահեռ ընթացող քննարկումներից, կոնֆերանսներից և բազմաթիվ այլ միջոցառումներից զատ ունի հիմնական ցուցադրություն, որի թեման այս տարի հղում է կատարում մի հին չինական ասույթի. «Մաղթում ենք ձեզ ապրել հետաքրքիր ժամանակներում»: Ու թեև ազգային տաղավարների ցուցադրություններն անպայման չի, որ կապ ունենան գլխավոր թեմայի հետ, հայաստանյան տաղավարի դեպքում կապը, կարծես, շատ սերտ է. դժվար կլինի ժխտել, որ 2018 թվականը, թերևս, անկախ Հայաստանի ապրած ամենահետաքրքիր ժամանակներից էր:

Կարինե Ղազարյան ՆՓԱԿ, HAYP Pop Up Gallery


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Պատմություն

Կամո Նիգարյանի ընտանիքի հավաքածու

← Կամո Նիգարյան, Homo Sapiens, պլակատի էսքիզ, 1970-ականների վերջ

Դեպի ապրող (ժամանակակից) արվեստ Ժամանակակից արվեստի ուղին Հայաստանում ստեղծագործական հուժկու թռիչքների ու հուսահատ վայրէջքների, վառ անհատականությունների ու բացառիկ ստեղծագործությունների պատմություն է, որը նույնիսկ այսօր կարող է բացել մեր աչքերն իրականության թանձր մշուշում։ Արվեստաբան Վիգեն Գալստյանի ակնարկը:

← Դավիթ Կարեյան, No More History, 1998թ.

42 43

#2(53) 2019

↑ ԱԿՏ խմբի Art Demonstration ակցիան, 1995թ.


↓ «3-րդ հարկ» միավորման անդամները «Գարուն» ամսագրի գրասենյակում, 1990-ականների սկիզբ

↓ Կարինե Մացակյան, «Խաղ, միտված ձախից հարձակվելու կողմնակիցների համար», 1990թ., կտավ, յուղաներկ

Հայկական ժամանակակից արվեստի պատմության կամ ներկայի մասին պատկերացում կազմելու համար ցանկացած ոք, լինի մասնագետ թե սովորական մահկանացու, հանդիպելու է լուրջ խոչընդոտների։ Թվում է, թե ի՞նչ մի բարդ բան է՝ այցելում ես համապատասխան թանգարան, գնում ես թեման լուսաբանող համապարփակ մի գիրք կամ այն մեկնաբանող մի ամսագիր, ու պատկերը քիչ թե շատ ամբողջանում է։ Ցավոք, Հայաստանի դեպքում սույն միջոցները բացակայում են ու տեղական ժամանակակից արվեստի հետագիծը գտնելու համար պետք է տեղ հասնես Հենզել Գրետելի նման մթության մեջ փշրանքներ հավաքելով։ Խնդրո առարկային նվիրված միակ համապարփակ ուսումնասիրությունն այսօր Անժելա Հարությունյանի վերջերս հրատարակված «Հայկական ավանգարդի քաղաքական էսթետիկան» գիրքը տեսաբանական կիզակետ ունեցող, անգլերեն լեզվով հետազոտություն է և չի հավակնում ներկայացնել տեղական ժամանակակից արվեստի ամբողջ համայնապատկերը։ Դրա արտացոլանքն իսպառ բացակայում է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, որի մշտական ցուցադրությունն ավելի շուտ հիշեցնում է բարձր արվեստի (գեղանկարչություն, քանդակ) բարոյա-էսթետիկական նորմերի մի մասունքատուփ։ 1992-ին հիմնադրված Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ-ը) ժամանակավոր միջոցառումների հարթակ է և հնարավորություն չունի ի տես դնելու իր իսկ պատմությունը ներկայացնող ցուցադրություն։ Փոխարենը հայաստանյան ժամանակակից արվեստի զարգացման հետքերը ցրված են մասնավոր հավաքածուներում ու արխիվներում, որոնց մեծ մասը տարիների ընթացքում ցրվել կամ կորել է։ Հաշվի առնելով հասարակական այս ակնբախ անտարբերությունը՝ մեր ժամանակակից արվեստի պատմությունը կարծես թե քչերին պետք է հուզի։ Սակայն սա ավելի շուտ թյուրըմբռնման արդյունք է, քանզի այդ ուղին ստեղծագործական հուժկու թռիչքների ու հուսահատ վայրէջքների,

Առնչվելով նախորդ՝ «մոդեռնիզմ» պիտակի ներքո հայտնված փորձառական, նորարարական հոսանքներին՝ «ժամանակակիցը» տարբերվում էր բոլոր այդ ուղղություններից առաջին հերթին իր բազմատարրությամբ վառ անհատականությունների ու բացառիկ ստեղծագործությունների պատմություն է, որը նույնիսկ այսօր կարող է բացել մեր աչքերն իրականության թանձր մշուշում։

***

↓ Արման Գրիգորյան, «Մենք միզում ենք, որտեղ ուզում ենք», 2001թ.

«Ժամանակակից արվեստ» հասկացողությունը, որպես միջազգային արդի արվեստի որոշակի ուղղություն ու ձևաչափ, հաստատվել է 1980-ականների վերջերին (տե՛ս թեման ներկայացնող նախորդ ակնարկը, էջ 14)։ Առնչվելով նախորդ՝ «մոդեռնիզմ» պիտակի ներքո հայտնված փորձառական, նորարարական հոսանքներին՝ «ժամանակակիցը» այնուամենայնիվ տարբերվում էր բոլոր այդ ուղղություններից առաջին հերթին իր բազմատարրությամբ։ Այն կարող էր լինել դիմադրողական, քաղաքական, ֆեմինիստական, սոցիալապես ներգրավված կամ կատարելապես ինքնահայեցողական, անցողիկ կամ մոնումենտալ, անհատական կամ խմբակային, ակադեմիական ու «խուժանային»։ Չունենալով հստակ սահմանված ձևաչափեր կամ ընդհանուր դրույթներ՝ ժամանակակից արվեստը միավորող գլխավոր տարրն ինքնամեկնաբանողական կենտրոնացումն էր ներկայում ծավալվող իր իսկ կարգավիճակի ու գործառույթների վրա։ Ընդհանրացնելով կարելի է ասել, որ ժամանակակից արվեստն անում էր իր գործը՝ միաժամանակ քննելով, թե ինչ է այն անում, ինչի համար ու ինչպես։ Այս հարցադրողական կեցվածքն ըմբռնելի է դառնում 80-ականների պատմական համատեքստում։ Մի կողմից աշխարհը գնում


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Պատմություն էր դեպի սերտաճում ու գլոբալիզացում (քանդվում էր Բեռլինյան պատը, ստեղծվում էր ինտերնետը, բոլորը խմում էին կոկա-կոլա և այլն), մյուս կողմից ավարտվում էր ուտոպիայի վերջին փորձը՝ ԽՍՀՄ-ի կոմունիստական հասարակությունը։ Այս փոխակերպումները բերում էին առանց հստակ նշանակետի մի անորոշ դրության, որում մենք գտնվում ենք մինչ օրս։ Պատմաքաղաքական նույն հորձանուտում էլ սերմանվել է նաև հայկական ժամանակակից արվեստը։ Իհարկե Հայաստանում այն չուներ զարգացման ինստիտուցիոնալ կամ շուկայական շարժիչները, որոնք ընկած էին դրա եվրոամերիկյան դրսևորումների հիմքում։ Սակայն 1970-ականներին՝ Բրեժնևյան լճացման տարիներին, այստեղ ի հայտ եկան մի քանի կարևոր նախապայմաններ ժամանակակից արվեստի գոյացման համար։ Առաջին հերթին դա 1960-ականների մշակութային ազատության փորձն էր։ Հեռանալով Ստալինի օրոք հաստատված սոցռեալիստական կամ պաշտոնական արվեստի պրոպագանդիստական, «գրական» ու ուսուցչական հիմունքներից՝ Մինաս Ավետիսյանը, Աշոտ Հարությունյանը, Արմինե Կալենցը և 60-ականների նորարար այլ արվեստագետները հետ դրեցին արդի արվեստի շեշտը հենց արվեստի վրա՝ խորանալով իրենց անհատական ոճի ու աշխարհայացքի փնտրտուքներում։ Այս սերնդի գործունեությունը լայնորեն ընդունվեց հասարակության և նույնիսկ կառավարության կողմից, քանզի դրա գաղափարական հենքում «հայկական» ոգու հաստատումն էր։ Հետևաբար, 60-ականների սերունդը միտված էր ստեղծելու այն ինչ արվեստաբան Վարդան Ազատյանն անվանում է «ազգային մոդեռնիզմ»՝ հակասական մի երևույթ (որովհետև մոդեռնիզմն իր էությամբ ձգտում էր ունիվերսալության), որը փորձում էր շարունակել Սարյանի, Երվանդ Քոչարի ու դարասկզբի հայ արվեստագետների «ընդհատված» ավանգարդիստական ուղին։

↓ Տեսարան «3-րդ հարկի» «3+-» ցուցահանդեսից, Նկարիչների միություն, Երևան, 1990թ.

→ Արման Գրիգորյան, «Գաղտնի ոստիկանություն», 1987թ., կտավ, յուղաներկ, խառը տեխ.

← «3-րդ հարկ», հափենինգ Նկարիչների Միությունում. «Պաշտոնական արվեստը մահացել է», 1988թ.

լիստական, ապաքաղաքական արվեստը և Սարյանի, Քոչարի ու այլ մեծերի կողքին ներկայացված 60-ականների գործիչները, իսկույն դասականացվում էին թանգարանի «վեհացնող» տարածքում՝ դառնալով ազգային արվեստի շարունակականությունն ու գերակայությունն ապահովող մի օղակ։

***

Այս ամենը հանգեցրեց նրան, որ 70-ականների սկզբում հայկական նորարարական արվեստը սկսեց ընկալվել որպես ազգային արվեստի վերածնված մոդել։ Չնայած Բրեժնևյան ղեկավարությունը ճնշում էր ազգայնականության ու ազատամտության նմանատիպ ժեստերը, մոդեռնիստական արվեստը պաշտոնապես հաստատվեց 1972-ին, երբ, ի շնորհիվ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի, Երևանում բացվեց ԽՍՀՄ-ում առաջին Ժամանակակից արվեստի թանգարանը։ Տարօրինակ կերպով թանգարանը սկզբնավորեց մոդեռնիստական արվեստի պատմականացումը և, հետևաբար, դրա ավարտը։ Իգիթյանը սատարում էր ֆորմա-

44 45

#2(53) 2019

↓ Դիանա Գրիգորյան, «Ես քո ստրուկն եմ, դու իմ սեփականությունն ես», 2001թ., վիդեոարտ

Պարզ է, որ ռոք երաժշտության, հիպիների, ուսանողական հեղափոխությունների ու ազատ սիրո դարաշրջանում այս իրադրությունը բերելու էր այլախոհության նոր ալիք։ Ծնվել էր երիտասարդների մի նոր սերունդ՝ այսպես կոչված Generation X-ը, որը, խորշելով «սովետից», նաև թշնամաբար էր տրամադրված տեղական, ավանդապաշտական մշակույթի հանդեպ։ Հարցը միայն ջինսեր ու երկար մազեր կրելու, կամ Լեդ Զեփելին լսելու մեջ չէր։ Ձգտելով կատարյալ ազատության՝ այս երիտասարդ արվեստագետները նախևառաջ քաղաքական խնդիր էին բարձրացնում. նրանք ցանկանում էին ձերբազատվել անցյալի բեռից, ստեղծել գիտակցականի նոր նորմեր ու հորիզոններ և մասնակցել այն մեծ հարցադրումներին, որոնք թևածում էին առաջադեմ մտավորական հարթակներում։ Թեպետ նրանք չունեին համախմբող տեսլական ու բաժանված էին տարբեր ընկերական խմբերի,


→ Մհեր Ազատյան, «Նախագահական թեկնածուներ», ինստալիացիա, 1998թ.

70-ականներին սաղմնավորվող արվեստային ավանգարդը միավորում էր հաստատությանը դիմադրելու, նորմատիվ հասարակությունը կազմաքանդելու և արվեստի գործառույթները վերանայելու ցանկությունը։ Այդ առումով նրանց վրա մեծ ազդեցություն էր գործել ոչ միայն արևմտյան այլընտրանքային մշակույթը՝ հանձինս փանկերի ու փսիխոդելիկ ռոքի, հեղինակային կինոյի ու կոնցեպտուալ արվեստի, այլև Ֆրեյդի, Նիցշեի, Մարկուզեի, Էկոյի, Բուկովսկու և այլոց արգելված երկերը, որոնք «սամիզդատի» տեսքով ձեռքից ձեռք էին փոխանցվում ու քննարկվում սրճարաններում ու արվեստանոցներում։ Շրջանառվում էին նաև որոշ արևելաեվրոպական ալբոմներ ու ամսագրեր, ինչպես, օրինակ, լեհական «Պրոյեկտը», որոնք թեկուզ կցկտուր, բայց գեթ ինչ-որ պատկերացում էին տալիս այժմեական արվեստի ռադիկալ խմորումների մասին։

***

Ապագա ժամանակակից արվեստագետներն ունեին նաև տեղական «գուրուներ»՝ ի դեմս գրականագետ, բանախոս Լևոն Ներսիսյանի և հատկապես նկարիչ, թարգմանիչ և «Գարուն» ամսագրի խմբագիր Վիգեն Թադևոսյանի։ Անտիկ հեղինակների երկերի վերլուծության միջոցով Ներսիսյանն իր ուսանողներին (որոնց թվում էր նաև Վանո Սիրադեղյանը) դավանում էր այն տեսանկյունը, որ արվեստագետը պետք է ունենա գաղափարական դիրքորոշում ու կարող է խոսել ամեն ինչից՝ անկախ հաստատված արժեքներից։ Մոտավորապես նույնն էր պնդում նաև Թադևոսյանը, ով հորդորում էր արվեստագետներին գնալ դեպի «ինքնաճանաչում»՝ այսինքն ոչ թե անհատական «ես-ի», այլ մարդու առկա իրավիճակի բացահայտումը ներկայում ու դրա արտահայտումը ստեղծագործության միջոցով։ Վերացական, «հավերժական» ու սիմվոլիկ արժեքներից այս դարձը դեպի կոնկրետ ժամանակում ու տարածության մեջ ծավալվող իրականությունը ցուցում էր Ժամանակակից արվեստի բուն անելիքը, որին արդեն 1970-ականների կեսերից սկսում են անդրադառնալ առանձին արվեստագետներ։ Գրիգոր Խաչատրյանը, օրինակ, «պրոլետարիատը» հեգնող սպոնտան միջամտություններ էր կատարում փողոցում՝ ներգրավելով անցորդներին որպես անտեղյակ մասնակիցների։ Քանդակագործ Վարդան Թովմասյանը կառուցում էր քանդակ-օբյեկտներ ցեմենտից ու շինաղբից, նկարիչ-դիզայներ Կամո Նիգարյանը ստեղծում էր սուբվերսիվ ենթատեքստերով լի սոցիալքաղաքական պլակատներ, Համլետ Հովսեփյանն իր հայրենի Աշնակ գյուղում նկարահանում էր աննպատակ քայլող ու անդադար հորանջող կերպարներով աբսուրդիստական կինո-պերֆորմանսներ և այլն։ Սակայն ամենամեծ առաջխաղացումը հենց արվեստագետների առօրյա կյանքն էր, նրանց հավաքական ու տաբուներ կոտրող ապրելաոճն ու երկխոսությունները, որոնց շուրջ 1980-ականների սկզբին սկսում են ձևավորվել առանձին ֆրակցիաներ, ինչպես, օրի-

→ Աշոտ Աշոտ, «Միմիկրիա», պերֆորմանս, 1989թ.

Վարդան Թովմասյանը կառուցում էր քանդակ-օբյեկտներ ցեմենտից ու շինաղբից, Կամո Նիգարյանը ստեղծում էր սուբվերսիվ ենթատեքստերով լի սոցիալ-քաղաքական պլակատներ, եվ այլն նակ, նեո-էքսպրեսիոնիստ նկարիչների «Կենտրոն» միավորումը, Գրիգոր Միքայելյանի (Քիքի) շուրջ համախմբված աբստրակցիոնիստները կամ Արման Գրիգորյանի առաջնորդած «պոպարտի» հետևորդները։

***

↑ Ալեքսանդր Մելքոնյան, «Միլիտարիզմի հաշտեցված ոգին», 2001թ., ինստալիացիա

«Ջահելների» այս հախուռն փոխհարաբերություններն ընդհատակից հետզհետե ներթափանցում էին դեպի հասարակական տիրույթ տարատեսակ նախագծերի տեսքով։ 1982-ին Վարդան Թովմասյանի ու Կամո Նիգարյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է ժամանակակից արվեստի նախատիպային առաջին ցուցահանդեսներից մեկը՝ «Կենտրոն» խմբի «Հափենինգը»։ Ներկայացնելով վերացական գեղանկարչության տարատեսակ նմուշներ՝ ցուցահանդեսը հավակնում էր ինքնին դառնալ արվեստային ակտ-իրադարձություն։ Այդ միջոցառումից երկու տարի անց «Կենտրոնի» որոշ անդամներ վերամիավորվում են «Սև քառակուսի» խմբավորման մեջ։ Ցուցադրելով բացառապես աբստրակտ բնույթի գործեր՝ «Սև քառակուսին» հիմնովին մերժում էր իրականության պատկերավորման ֆիգուրատիվ կամ պատմողական ցանկացած ձև, որը կապակցվում էր պաշտոնական արվեստի հետ։ Սակայն վերացական նկարչության հնարավորություններն այնքան էլ չէին համապատասխանում ժամանակակից արվեստի հղացական (կոնցեպտային) նախադրյալներին և 1986-ին «Սև քառակուսին» լուծարվեց՝ իր տեղը զիջելով շատ ավելի մասշտաբային մի երևույթի, որը կնքվեց 1987-ին կայացած իր անդրանիկ ցուցահանդեսի անունով՝ «3-րդ հարկ»։ Ինչպես բազմիցս նշել են այժմ լեգենդար այս միավորման նախաձեռնողները՝ Արման Գրիգորյանն ու Նազարեթ Կարոյանը, «3-րդ հարկը» ծնվել էր որպես մշակութային և ոչ թե


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Պատմություն → Դիանա Գրիգորյան, I don't beleive in your dream, վիդեոարտ

արվեստային շարժում։ Դրա նպատակն էր գորբաչովյան «պերեստրոյկայի» շրջանակներում հեղաշրջել արվեստի ինստիտուցիաների մեխանիզմներն ու այդպիսով տեղիք տալ ապրող արվեստի, որը չէր թողնում «մնայուն արժեքներ», այլ բաբախում էր ներկայի պահանջներով։ Համագործակցելով արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի հետ՝ Գրիգորյանը և Քիքին թույլտվություն են ստանում Հայաստանի նկարիչների միության մասնաշենքի 3-րդ հարկում կազմակերպել «բաց» ցուցահանդես, ուր հաստատության կողմից մերժված արվեստագետները կարող էին ներկայանալ առանց վարչական միջամտությունների։ Ապրիլին տեղի ունեցած առաջին միջոցառումն ամբողջովին արտահայտում էր ազատականության այդ գաղափարախոսությունը։ Ցուցահանդեսում ընդգրկված տարաբնույթ աշխատանքները վերարտադրում էին ժամանակակից արվեստի գրեթե բոլոր հայտնի ձևաչափերը՝ պոպ-արտից ու վերացական գեղանկարչությունից սկսած մինչև կոնցեպտուալ քանդակի ինստալյացիաներ, պերֆոմանս ու «բառարվեստ»։ Իրարամերժ գործերի միասնական ցուցադրության նպատակը, ըստ արվեստաբան Անժելա Հարությունյանի, գաղափարախոսության տոտալ հաղթահարումն էր. հաղթանակ, որը կբերեր արվեստի ազատագրմանը քաղաքականությունից և հիերարխիկ արժեհամակարգերից։ «Լավ» արվեստի չափորոշիչը տվյալ պարագայում դառնում էր հասարակական նորմերի հերքումն ու անհատական «ոգու» հաստատումն արվեստի ինքնավար տիրույթում։

***

Խորհրդային Միության փլուզմամբ այս տեսլականը կարծես թե մոտ էր իրականանալուն։ Կապիտալիստական համակարգի շուկայական հարաբերությունների համատեքստում արվեստագետն այլևս զերծ էր քաղաքական ու մշակութային վերահսկողությունից։ Նրա արվեստային գործունեության միակ պատասխանատվությունը հասարակության հանդեպ այդ իսկ հասարակության քննադատական կազմաքանդումն էր։ «3-րդ հարկի» ամենամյա ցուցահանդեսների շարքը, ընդհուպ մինչև միավորման լուծարումը 1994-ին, գալիս էր ապացուցելու այդ եզրը։ Ու ինչպես հայտնում էր Գրիգորյանի սադրիչ կտավներից մեկը, իրենք «միզում էին, որտեղ ուզում էին»։ Խնդիրը նրանում էր, որ «կատարյալ ազատությունը» կապիտալիզմի պայմաններում հնարավոր էր այնքանով, որքանով արվեստագետը պատրաստ էր իր գործն ապրանքայնացնել, կամ ծառայեցնել իշխանությունների քաղաքական հայեցակարգի հաստատմանը։ Առաջինի դեպքում 1991-ին կոնկրետ քայլեր ձեռնարկեց Նազարեթ Կարոյանը, որի «Գոյակ» պատկերասրահը Հայաստանում մասնավոր, կոմերցիոն ցուցասրահ բացելու առաջին փորձն էր։ Դրան հակառակ ուղղությամբ էր գնում 1994-ից 96-ը գործող «ԱԿՏ» ստեղծագործական խումբը։ Կազմավորված հետխորհրդային շրջանում ի հայտ եկած երիտասարդ արվեստագետներից (Դավիթ Կարեյան, Վահրամ Ազատյան, Դիանա Հակոբյան և ուրիշներ), «ԱԿՏ»-ը ջանում էր ոչ թե մերժել իշխանությունը, այլ արվեստի տիրույթում ձևակերպել անկախ Հայաստանի դեռևս սաղմնավորվող փիլիսոփայականքաղաքական տեսլականը։ «ԱԿՏ»-ը տարբերվում էր «3-րդ

46 47

#2(53) 2019

«ԱԿՏ» խմբավորումը ջանում էր ոչ թե մերժել իշխանությունը, այլ արվեստի տիրույթում ձեվակերպել անկախ Հայաստանի դեռեվս սաղմնավորվող փիլիսոփայականքաղաքական տեսլականը ← Արման Գրիգորյան, «3-րդ հարկի» առաջին ցուցահանդեսի պաստառը, 1987թ.

↓ Վիգեն Թադևոսյան, «Ո՞րն է ապագան», նկարազարդում «Գարուն» ամսագրում, 1968թ.

հարկից» իր տեսական և գեղագիտական ձևաչափերի հստակությամբ, որը սերում էր 1970-ականների մաքուր կոնցեպտուալ արվեստի ավանդույթներից։ Արվեստագետը դառնում էր «միտք» ձևակերպող ֆիգուր, ով նյութականացնում էր այդ միտքն արվեստի գործի տեսքով լոկ այն վավերագրելու ու արխիվացնելու համար։ Այդ գաղափարները կոնկրետ կարգախոսներ էին՝ «Ստեղծագործելը կփրկի մարդուն», «Դու քո ցանկության թակարդում ես» և այլն, որոնք միտված էին անմիջականորեն մասնակցելու նոր իրականության ձևաստեղծմանը։ Դժբախտաբար 1990-ականների կեսերի Հայաստանի ճգնաժամային իրավիճակում արվեստային այս ուղղությունների հարացույցները մնացին լոկ որպես ուտոպիստական


→ Քիքի, «Բոբո 1», 1990թ., կտավ, յուղաներկ

պրոյեկցիաներ։ Դեպի կապիտալիզմ տանող տանջալից ճանապարհին հայ հասարակությանը առանձնապես չէին հուզում ազատություն որոնող արվեստագետների խնդիրները կամ ռադիկալ գաղափարական դրույթներ առաջադրող կոնցեպտուալիստները։ Հետևաբար ժամանակակից արվեստագետները հայտնվել էին որոշակի երկընտրանքի առջև. ենթարկվել շուկայական համակարգի մեխանիզմներին ու հրաժարվել «ազատ» ստեղծագործության պատրանքներից, կամ էլ փայփայելով քննադատական արվեստի դիմադրողական ներուժը՝ հայտնվել հասարակության լուսանցքներում՝ որպես ընդդիմադիր «ակտիվիստներ»։

***

Այս փակուղուց ինչ-որ ելք էր առաջարկում սփյուռքահայ արվեստագետներ Սոնիա ու Էդուարդ Պալասանյանների կողմից 1992-ին հիմնադրված ՆՓԱԿ-ը։ Որպես ոչ պետական կառույց՝ ՆՓԱԿ-ը խթանում էր ժամանակակից արվեստի անկախ զարգացումը (միայն թե ինստիտուցիոնալ պատնեշների ներքո), մյուս կողմից էլ հնարավորություն էր ընձեռում տեղացի արվեստագետներին ներկայանալու միջազգային հարթակներում (Վենետիկի բիենալե), որոնք իրենց հերթին «դուռ էին բացում» դեպի ժամանակակից արվեստի գլոբալ, սպառողական համակարգ։ Պետք է ասել, որ չնայած առկա ծանր տնտեսական ու քաղաքական վիճակին, 1990-2000-ականներին լուրջ և համառ աշխատանք էր տարվում փոխակերպելու Հայաստանի ժամանակակից արվեստի հախուռն կարգավիճակը համակարգված ոլորտի։ Լույս էին տեսնում քննադատական հանդեսներ («In Vitro», «Ա-Ակտուալ արվեստ»), 1998-ին հիմնվեց Գյումրիի բիենալեն, բացվեցին մի շարք կոմերցիոն ցուցասրահներ, ստեղծվեց կուրատորական դպրոց, տեղի էին ունենում սեմինարներ, քննարկումներ, բանախոսություններ և այլն։ Այնուամենայնիվ այս բոլոր ջանքերն ու փորձերը բավականին արագ կարճվում էին և չէին բերում տևական նկատելի արդյունքների։ Ժամանակակից արվեստը մնում էր տարերային վիճակում ու գնալով անտեսանելի էր դրա հասարակական դերը։ Հանրության լայն շերտերի համար փաստացիորեն անհասկանալի այդ արվեստը չուներ սպառողական պահանջ, իսկ իշխանության օլիգարխիկ համակարգը բնականաբար ոչ մի միտում չուներ այդ քննադատական, այլախոհական երևույթն իր մշակութային ռազմավարության մեջ ներառելու։ Առերեսվելով անտարբերության այս պատնեշին՝ բազմաթիվ արվեստագետներ արտագաղթեցին երկրից դեռևս 90-ականների սկզբին։ Իսկ Հայաստանի ծայրահեղ անբարենպաստ պայմաններում դիմակայողները գնալով հայտնվում էին ինքնապարփակ՝ սոցիալ-քաղաքական գործընթացներից օտարացված մի օղակում։ Ցուցահանդեսների, միջոցառումների, ակցիաների շարանը չէր դադարում, բայց թե ինչի՞ն և ու՞մ էր այն ծառայում, այլևս ակնհայտ չէր։

***

2016-ին՝ նորաթուխ մի նկարչի ցուցահանդեսի բացմանը, 3-րդ հարկի հիմնադիր անդամներից մեկը զրույցի ընթացքում ինձ ասաց. «Էս ամենին նայելով իմ մոտ խորը դեժավյու է առաջանում։ Կարծես թե ամեն ինչ անդադար կրկնվում

է... անում են նույնը, ինչ անում էինք 3-րդ հարկի ժամանակ։ Ոչ մի նոր բան չկա»։ Հուսախաբված այս դիտարկման մեջ կար զավեշտալի մի հանգամանք. կրկնությունն ինքնին ժամանակակից արվեստի կարևորագույն ստրատեգիաներից է։ Այն զգացնել է տալիս բուն ժամանակի հոսքը ու տարա-

↑ Գրիգոր Խաչատրյան, «Մանիֆեստ» (էսքիզ), 1990թ., ֆոտոկոլաժ

ծություն է բացում ներկայի վերաիմաստավորման համար։ Կրկնությունը նաև ստեղծում է պատմությունը յուրացնելու ու նորովի դիրքավորվելու հնարավորությունը, ինչպես և գործողություն կատարելու ակնկալիք։ Ու թերևս պատահական չէ, որ 2018 թվականի ապրիլյան ցույցերին արծարծվող «Սիրո և Համերաշխության Հեղափոխություն» պաստառ-կարգախոսը նման էր «ԱԿՏ» խմբի ակցիաների լոզունգներին։ Տարօրինակ չէր նաև, որ փողոցներ փակող երիտասարդներից շատերի գիտակցությունը թրծվել էր ժամանակակից արվեստի շփման գոտում, դրա վերլուծական ու տարասեռ լաբորատորիաներում, ուր սովորեցնում էին հարցադրել ու ճանաչել իրականությունը ներկայում՝ ընձեռելով այն փոխակերպելու գիտելիքներ ու գործիքներ։ Թերևս այդքանն իսկ բավարար է, որպեսզի հայկական ժամանակակից արվեստի շուրջ քառասուն տարվա պատմությունը վերջապես պատշաճ ձևով գնահատվի ու գիտակցվի դրա շարունակական անհրաժեշտությունը նոր Հայաստանի կառուցման գործընթացներում։

Վիգեն Գալստյան


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Այնտեղ

Ժամանակակից արվեստի լավագույն ցուցահանդեսները Ուզում եք սեփական աչքերով ծանոթանալ ժամանակակից արվեստում տիրող իրավիճակին, բայց չգիտեք որտեղի՞ց սկսել: Ահավասիկ՝ ժամանակակից արվեստի լավագույն ցուցադրությունները Լիոնից մինչև Մայամի ու Շանհայ:

Biennale d'Art Contemporain de Lyon, Ֆրանսիա

Լիոնի այս փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Առաջին անգամ տեղի է ունեցել 1991թ. Թիերի Պրատի և Թիերի Ռասպայի ջանքերով: Ամեն տարի այն ունենում է նախապես ընտրված թեմա և ուղղություն: 2017-ին փառատոնի թեման էր ընտրվել «Լողացող աշխարհները»: Անցկացման 4 ամիսների ընթացքում քաղաքը դառնում է բոլոր արվեստասերների հավաքատեղին: Փառատոնի ընթացքում ցուցադրվում և ստեղծվում են համաշխարհային հռչակ վայելող բազմաթիվ նկարիչների և քանդակագործների աշխատանքներ: Փառատոնի հատուկ ցուցադրությունը՝ “Rendez-Vous 17”, 2002թ.-ից բացահայտում է ժամանակակից արվեստի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին Ֆրանսիայից և այլ երկրներից: Ցուցադրությունները հիմնականում անցկացվում են Սոն գետի ափին գտնվող 1930-ականներին կառուցված Լա Սյուկղիեղ նախկին շաքարի գործարանում և Լիոնի ժամանակակից արվեստի թանգարանում: Հաջորդ փառատոնը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին: Տոմսերը հասանելի են ինչպես անհատական ցուցադրությունների, այնպես էլ ամբողջ փառատոնի համար:

48 49

#2(53) 2019


Sydney Contemporary, Ավստրալիա

Սիդնեյի ցուցահանդեսը արդեն իր տեղը գտել է արտ-քարտեզում, չնայած մեկնարկել է ընդամենը 2015-ից: Ցուցահանդեսը հյուրընկալում է 300-ից ավելի հանրաճանաչ և նորահայտ արվեստագետների աշխարհի 30 երկրների մոտ 80 պատկերասրահներից: Սիդնեյի դինամիզմը տոնավաճառի մասնակիցների համար կատարյալ հարթակ է ստեղծում արվեստասերների շրջանակներում ճանաչում ստանալու համար: Միջոցառումը յուրահատուկ է նրանով, որ չի սահմանափակվում միայն դասական ֆորմատի ցուցադրություններով: Ցուցահանդեսի մի քանի օրերի ընթացքում տեղի են ունենում վիդեո-ցուցադրություններ, ներկայացումներ, արտ-ինստալացիաներ, ինչպես նաև պանելային քննարկումներ, այցելություններ և վարպետության դասեր: Առանձին լայնածավալ ծրագիր է նախատեսվում նաև VIP հյուրերի համար: Մյուս հետաքրքիր ֆորմատն art and dine (արվեստ և ընթրիք) նախագիծն է, որն իրականացվում է Սիդնեյի լավագույն ռեստորանների հետ համագործակցության արդյունքում: Այս տարի Սիդնեյի ժամանակակից արվեստի ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-15-ին:

London Art Fair, Մեծ Բրիտանիա

1989 թվականից միջոցառումը միավորում է աշխարհի լավագույն պատկերասրահները և արվեստի հավաքածուները, որպեսզի հանրությանը ներկայացնի ժամանակակից արվեստի ամենատպավորիչ գործերը: Չնայած աշխարհագրական մեծ ընդգրկունությանը՝ ցուցահանդեսի գլխավոր առանցքը բրիտանական ժամանակակից արվեստի լուսաբանումն է: Լոնդոնի Բիզնես դիզայնի կենտրոնն Իզլինթոնում հիմնադրման օրվանից արդեն 30 տարի հյուրընկալում է հնգօրյա ցուցահանդեսը: Այսօր նախագծի գործընկեր է 130 պատկերասրահ ողջ աշխարհում, իսկ տարեկան այցելուների թիվը հասնում է 20 հազարի: Հաշվի առնելով, որ իրենց հանդիսատեսը փնտրում է արվեստի հետ ծանոթանալու նորարար և ինտերակտիվ միջոցներ՝ ցուցահանդեսն ամեն տարի ներկայացնում է նոր և հետաքրքիր ձևաչափեր: Դրանցից մեկը Photo50 ժամանակակից լուսանկարչության ամենամյա ցուցահանդեսն է: Լոնդոնի արվեստի ցուցահանդեսն անցկացվում է հունվարին: Տոմսերը նախօրոք գնելու դեպքում ավելի էժան են, իսկ մեկօրյա մուտքի արժեքը 16 ֆունտ ստերլինգ է:


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Այնտեղ

1-54. ժամանակակից աֆրիկյան արվեստի ցուցահանդես | Մարաքեշ, Նյու Յորք, Լոնդոն 1-54 Contemporary African Art Fair

1-54-ը՝ աֆրիկյան ժամանակակից արվեստին նվիրված առաջատար ցուցահանդեսներից մեկը, հիմնադրվել է ֆրանս-մարոկացի ձեռնարկատեր Տուրիա էլ Գլաուիի կողմից 2013 թվականին: Միջոցառումը տեղի է ունենում միանգամից երեք քաղաքներում. Լոնդոնում՝ հոկտեմբերին, Նյու Յորքում՝ մայիսին և Մարաքեշում՝ փետրվարին: Ցուցահանդեսը ներկայացնում է Աֆրիկա մայրցամաքի 54 երկրների և աֆրիկյան սփյուռքի արվեստը, որտեղից էլ ծնվել 1-54 անվանումը: Լոնդոնյան ցուցադրությունները անցկացվում են 2013-ից Վաթեռլոո կամուրջի կողքին գտնվող Սոմերսեթ Հաուս շենքում: Ցուցահանդեսը հյուրընկալում է մոտ 20 հազար այցելու 5 օրվա ընթացքում և ցուցադրում է 43 միջազգային առաջատար պատկերասրահներին պատկանող աշխատանքներ: Ցուցահանդեսի շրջանակում անցկացվում են նաև հատուկ նախագծեր և 1-54 ֆորումը: Ֆորումն անցկացվում է նաև Մանհեթենի և Մարաքեշի ցուցադրությունների շրջանակներում:

Foire internationale d'art contemporain, Փարիզ

1974-ից գործող տոնավաճառն ամենախոշորն է Ֆրանսիայում և ամենակարևորներից մեկը Եվրոպայում: Արդեն 45 տարի է՝ այն իր 3 հիմնական ծրագրերով միավորում է միջազգային ասպարեզում ժամանակակից արվեստի ամենանշանակալի պատկերասրահները: Այսօր տոնավաճառը ներկայացնում է 30 երկրների մոտ 200 պատկերասրահների աշխատանքներ բոլոր մայրցամաքներից և արվեստի բոլոր ճյուղերից՝ նկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն, թվային և վիդեո արվեստ: Ծրագրերից մեկն ընդգրկում է ցուցադրություններ բացօթյա վայրերում, օրինակ՝ Թյուիլրի պարտեզներում և Էժեն Դելակրուայի ազգային թանգարանում: Այս ցուցադրությունները ներառում են ճարտարապետական նախագծեր, քանդակներ, ներկայացումներ և հնչունային աշխատանքներ:

50 51

#2(53) 2019


ART021 Շանհայի ժամանակակից արվեստի ցուցահանդես, Չինաստան ART021 Shanghai Contemporary Art Fair

Շանհայի ժամանակակից արվեստի ցուցահանդեսն Ասիայում անցկացվող ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառներից է: Արտասահմանյան արվեստի և արհեստագործության առևտրի ցուցահանդեսը եռօրյա միջոցառում է, որն անցկացվում է արդեն 6 տարի: Այս միջոցառումը ցուցադրում է 21-րդ դարի ժամանակակից արվեստի բոլոր տեսակի աշխատանքները: 2018-ին ցուցահանդեսին ներկայացվել են աշխարհի 30 քաղաքների 103 պատկերասրահների աշխատանքներ: Ցուցադրությունը բաղկացած է 5 հիմնական բաժիններից՝ Main Galleries, Approach, Beyond, Beyond-Extends և Detour: Beyond-ը մեծ ցուցանմուշների, քանդակների և արտ-ինստալացիաների համար նախատեսված հարթակ է, որը գտնվում է տոնավաճառի հանրային տարածքում: Beyond-Extends-ը, օրինակ, ինտեգրում է արվեստը հասարակական կյանքի մեջ և ցուցադրում ժամանակակից արվեստի նմուշները ցուցահանդեսային տարածքից դուրս՝ քաղաքի սրտում: Այս համագործակցության շնորհիվ Չինաստանում հանրային արվեստը մեծ զարգացում է ապրում: Իսկ Approach-ը հրավիրում է մասնակցող պատկերասրահներին ներկայացնել անհատական կամ խմբային ներկայացում՝ նախապես ընտրված թեմայով: 2019 թվականին եռօրյա ցուցահանդեսը կանցկացվի նոյեմբերին:

Art Basel | Բազել, Մայամի Բիչ, Հոնկոնգ

Արտ Բազելը հիմնադրվել է 1970-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում՝ տեղացի պատկերասրահների ղեկավարներ Էռնստ Բեյէլերի, Տրուդլ Բրուքների և Բալզ Հիլտի ջանքերով: Բազելի առաջին ցուցահանդեսը ներգրավվել է ավելի քան 16.000 այցելու, ովքեր դիտել էին 90 պատկերասրահների աշխատանքներ 10 երկրներից: Արտ Բազելը Մայամիի լողափում առաջին անգամ տեղի ունեցավ 2002 թվականին, իսկ Հոնկոնգում՝ 2013-ին: Արդեն շուրջ 50 տարի Արտ Բազելն առաջատար դիրք է զբաղեցնում 3 աշխարհամասերի ժամանակակից արվեստի հարթակում և համաշխարհային ճանաչում ունի 20-21-րդ դարերի արվեստի բացառիկ աշխատանքների գնորդների շրջանակում: Ցուցահանդեսի աշխարհագրական ընդգրկունությունը բացառիկ է. կազմակերպիչները հավաքագրում և յուրաքանչյուր ցուցադրության ժամանակ 70000-ից ավել այցելուներին ներկայացնում են 200-ից ավելի պատկերասրահների աշխատանքներ Լատինական Ամերիկայից, Խաղաղօվկիանոսյան Ասիայից, Ավստրալիայից, Աֆրիկայից և Եվրոպայից: Արտ Բազելի նախաձեռնություններն արդեն ընդլայնել են իրենց ազդեցության շրջանակը: Այս պահին նախագիծն ունի երեք հիմնական նախաձեռնություն՝ Art Basel Cities, BMW Art Journey և Crowdfunding: 2019 թվականին Բազելի ցուցադրությունները տեղի կունենան հունիսի 13-16-ին, Մայամիինը՝ դեկտեմբերի 5-8-ին, իսկ Հոնկոնգի ցուցադրությունները՝ մարտի 29-31-ին:

Վիկտորյա Մուրադյան


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Սեփական փորձ

Համակրելի համադրողներ ժամանակակից արվեստի գործերի պահապանները

Սկիզբ առնելով արվեստի գործերը խնամելու կարիքից՝ կուրատորի մասնագիտությունն այսօր մուլտիդիսցիպլինար գործունեության մեկ ամբողջական դրսևորում է, որն իր մեջ ներառում է արվեստագետի, արվեստի քննադատի, ստեղծագործողի, կառավարման աշխատանք: Ի տարբերություն Արևմուտքի՝ Հայաստանում այն հարաբերականորեն նոր երևույթ է, որի չափանիշները և պահանջները հստակեցված չեն: Երեք սերնդի կուրատորներ մեզ հետ զրուցել են իրենց գործունեության առանձնահատկությունների, մարտահրավերների և ժամանակակից արվեստում այդ մասնագիտության դերի մասին:

Ժամանակակից արվեստի ինստիտուտը Երևանում

Նազարեթ Կարոյան. Կրթությունը խեղճության և թուլության դեմ

52 53

#2(53) 2019

«Որոշ բաներ կյանքի իրավունք են ստանում սխալների հետևանքով: Անկախության տարիները նաև պատվախնդրության տարիներ էին: Մտածում էինք՝ պարտադիր չէ «կուրատոր» եզրույթը թարգմանել այլ լեզուներից, կարող ենք բառը հռչակել», — ասում է հայկական իրականություն 90-ականներին «համադրող» տերմինը ներմուծած, «3-րդ հարկ» արվեստային շարժման նախաձեռնողներից, Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրեն, կուրատոր Նազարեթ Կարոյանը: Նա շեշտում է՝ բառը բավական լղոզում է պատկերացումը գործունեության մասին և հիմա թարգմանելու դեպքում կվերաձևակերպեր, սակայն այն արդեն մտել է շրջանառության մեջ: Հայաստանում համադրողի ֆիգուրը սկսեց ուրվագծվել «3-րդ հարկի» 90-ականների ցուցահանդեսներում. «1995 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Վենետիկի բիենալեին: Այն հստակորեն պահանջում էր համադրողի հաստիք, որը ձևավորում է


«1995 թվականին կուրատորական գործունեությունը մի տեսակ ինստիտուցիոնալ մակարդակ ձեռք բերեց ու դրանից հետո կուրատորները դարձան սովորական երեվույթ»

ցուցադրության հայեցակարգը, հղացքը և հավաքում համապատասխան արվեստագետներ: 1995-ին կուրատորական գործունեությունը մի տեսակ ինստիտուցիոնալ մակարդակ ձեռք բերեց ու դրանից հետո կուրատորները դարձան սովորական երևույթ», — ասում է Կարոյանը: Ֆորմալ կրթություն ապահովելու անհրաժեշտությունն առաջացավ նույնպես 90-ականներին, երբ Հայաստանի արվեստը դրսում սկսեց ներկայացվել և քանի որ դա անում էին արտասահմանցի համադրողները, տեղական համատեքստը և արվեստի պատմությունը շրջանցվում էր: «Շահագործված լինելու դեմ հակազդեցությունը ժամանակի ընթացքում սկսեց ինքնագիտակցման ճանապարհով ընթանալ: Արդյո՞ք մեր խեղճությունը և թուլությունը չէր այդ իրավիճակի պատճառը: Ո՞վ կարող է ներկայացնել մեր արվեստը: Արդյո՞ք կան համադրողներ: Պատասխանը բացասական էր: Կրթության մասին մտածելը հաջորդ քայլն էր»: 2006 թվականից ի վեր իրականացվող բազմաթիվ փորձնական ծրագրերի արդյունքում 2012-ին ստեղծվեց Ժամանակակից արվեստի ինստիտուտը, որն ունի նաև Կուրատորական ուսումնասիրությունների դպրոց: Համադրողների նոր սերունդն այդ դպրոցով է անցել: «Ամբողջ խնդիրն այն է, որ փոխվում է գործունեության դաշտը և բնույթը: Անհրաժեշտություն կա, որ մարդիկ աշխատեն ինչպես դեպի դուրս, այնպես էլ դեպի ներս, այսինքն իրենք իրենց վրա, որպեսզի կարողանան պատասխանել ժամանակի պահանջներին: Ավելին՝ ոչ միայն պատասխանել, այլև նոր հարցադրումներ, անելիքների նոր օրակարգ ձևավորելով»:

Եվա Խաչատրյան. Կուրատորությունը քաղաքական խնդիրներ բարձրացնելու միջոց

2000-ականների սկզբից կուրատորական գործունեություն ծավալող Եվա Խաչատրյանն առաջին մասնագիտությամբ երաժշտության տեսաբան է. «Վիզուալ արվեստում սոցիալական, քաղաքական խնդիրներ բարձրացնելու գործիքներն ավելի շատ են, քան մյուս ճյուղերում: Իմ առաջին մասնագիտությունը՝ երաժշտությունը, այդ հնարավորությունը չէր տալիս: Ջոն Քեյջի [ամերիկացի կոմպոզիտոր, երաժշտության տեսաբան — խմբ.] գործունեությանը ծանոթանալուց հետո իմ ներսում հեղափոխության նման բան տեղի ունեցավ: Դա ինձ օգնեց երաժշտությունից անցում կատարել դեպի ժամանակակից արվեստ»: Ու քանի որ այն ժամանակ կուրատորական դպրոց չկար, Եվան կրթությունը ստացավ փորձառության միջոցով՝ ՆՓԱԿ-ում, ութ տարվա աշխատանքի ընթացքում: Այնուհետև նա սկսեց գործել որպես անկախ համադրող: «Առաջին փառատոնը, որ արեցի ՆՓԱԿ-ում, ֆեմինիստական էր: Այն իր բնույթով առաջինն էր, որովհետև մինչև դա լինում էին կանանց փառատոներ, բայց ֆեմինիստական շեշտադրում ոչ ոք չէր արել: Անընդհատ այդ թեմային անդրադառնում էի ցուցահանդեսների միջոցով, մինչև հասկացա, որ արդեն այդ խնդրով զբաղվող կազմակերպություններ կան»: Եվա Խաչատրյանի խոսքով Հայաստանում ժամանակակից արվեստը բազմաշերտ է ու թեմաներ գտնելը բարդ չէ. «Երիտասարդ սերունդը, սակայն, ունի միջավայրի խնդիր: ժամանակին ես շրջապատված եմ եղել մարդկանցով, որոնցից ոգեշնչվել եմ, որոնց հետ աշխատել եմ: Հիմա ինչ-որ քայլ անելուց առաջ պետք է մտածել, թե ինչ միջոցներ կան, այդ միջոցները հայթայթենք, նոր առաջ գնանք: Երբ ՆՓԱԿ-ը որպես հարթակ աշխատում էր ու ակտիվ էր, հնարավորություն էր տալիս մինիմալ միջոցներով, ոգևորության վրա զուտ հիմնվելով ինչ-որ բաներ անել: Այսօր այդ ոգևորվածությունը երբեմն առկա է, երբեմն ոչ: Տարիներ շարունակ ձգվող քաղաքական, տնտեսական ճգնաժամը շատերի գործունեության վրա ազդեց: Որոշ արվեստագետներ դեպրեսիայի, ապատիայի մեջ հայտնվեցին, սակայն իբրև համադրող դու չես կարող կանգ առնել, քանի որ ինչ-որ տեղ պատասխանատվություն ես կրում ամբողջ համատեքստի համար: Ես երբեք ուրիշ աշխատանքով չեմ զբաղվել, իսկ անկախ համադրող դառնալուց հետո զբաղվածությունն էլ ավելի է մեծանում»:


«իմ ընկերներից շատերը երազում են արվեստ անելու ժամանակ ունենալ, ու ես լավ գիտեմ, թե այդ գործն ինչ պատմությունների արդյունքում է գործ դառնում»

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ Սեփական փորձ

Նարէ Սահակյան. Սեփական խնդիրները ձևակերպելու ժամանակը

«Փայտիկն է ընտրում կախարդին, ոչ թե հակառակը». «Հարրի Փոթերից» այս միտքն ինձ թվում է տեղին նաև իր գործին լուրջ վերաբերվող հետազոտողի դեպքում: Նյութերը, որոնց հետ ես աշխատել եմ, իրենք են ինձ գտել», — ասում է Նարէ Սահակյանը: ՆՓԱԿ-ում ու Ակումբ ցուցասրահում ցուցահանդեսներ համադրած հետազոտող կուրատորի ընդհանուր հետաքրքրությունները ծավալվում են ավանգարդ արվեստի պրակտիկաների, թարգմանական արարքի, արխիվի և արվեստաբանության՝ իբրև գիտության տեսական հիմքերի շուրջ: Սկսելով գործունեությունը որպես մշակութային լրագրող՝ Նարէն հաճախ նկատում էր, որ հարցեր կան, որոնք բաց են մնում ժուռնալիստի գործունեության մեջ. «Հետո կարծես երկնքից ընկավ ԺԱԻ-ի ընդունելության հայտարարությունը, ու որոշեցի, որ այնտեղ պետք է սովորեմ: Այստեղ սովորելը շատ օգնեց մտահոգություններս հասկանալու և ձևակերպելու համար»: Այն, ինչ անում է, նա համարում է քննադատություն առհասարակ. «Քննադատություն ոչ թե արվեստի քննադատ լինելու, այլ ցանկացած գործ անելու պարագայում վերանայման, քննադատական հայացք ու վերամտածելու լիցք ապահովելու իմաստով»: Գտնում է, որ կուրատորությունն առաջին հերթին հոգ տանելն է արվեստի մասին. «Եթե նայենք կուրատորի դերը, ասենք՝ 19-րդ դարում, դա թանգարաններում արվեստի գործերի մասին հոգ տանողն էր՝ բառի համարյա տեխնիկական իմաստով: Իհարկե, նոր արվեստին ու դրա ունեցած նոր պահանջներին ընդառաջ այն որպես գործ անճանաչելիորեն վերանայվել է, բայց արժի սա չմոռանալ»: Կուրատորի խոսքով տեղական արվեստի արտադրությունը լավ հասկանալու համար պետք է իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհում, բայց չափանիշը ներսում է անհրաժեշտ փնտրել. «Իմ գործերն ուղիղ կերպով կապված են իմ ընկերների մտահոգությունների հետ, նրանց արած գործերի հետ: Ես չեմ կարող հետ կանգնել այնքան, որ ասեմ՝ արվեստ չի արտադրվում Հայաստանում: Բողոքել, որ քիչ գործ է արտադրվում, նշանակում է տեղի մասին մտածելիս հաշվի չառնել տեղական պայմանները, որովհետև իմ ընկերներից շատերը երազում են արվեստ անելու ժամանակ ունենալ, ու ես լավ գիտեմ, թե այդ գործն ինչ պատմությունների արդյունքում է գործ դառնում: Այնքան, ինչքան իրենք արվեստի գործ են ստեղծում, այնքան էլ ես ցուցահանդես եմ անում: Իրար հետ ենք, այնքան ենք, ինչքան կանք»: Ցուցահանդեսներ անելիս ու տեքստեր գրելիս էր, որ Նարէն հասկացավ՝ ներսից դժվար է հասկանալ դրված խնդիրները: Դրսից հայացք ունենալու ցանկությունը և Հայաստանում կուրատորության ոչ լիարժեք ձևավորումը մղեցին նրան կրթությունը շարունակելու Բեյրութի Ամերիկյան համալսարանի արվեստի պատմության և կուրատորության ծրագրում: Սակայն կախարդական փայտիկի նույն սկզբունքով երկիրն ու խնդիրներն արդեն ընտրել են Նարէին: Նա ընդգծում է՝ այո՛, իր մասնագիտությունն այստեղ ձևավորման փուլում է, բայց այն նաև ունի հատուկ ու փխրուն տեղական պատմություն, որի վրա ինքը հենվում է:

Լուսինե Ոսկանյան

54 55

#2(53) 2019


ՔԱՂԱՔ Ուրբան

Հարցեր լուծողը Ինչպես երրորդմասցի երեխաների նկարների հիման վրա ստեղծվեց Երևանի ամենափախած զրուցարանը և ինչու դա օգնեց լուծել բակի միանգամից մի քանի խնդիր։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հանրային տարածքների ծրագրի պատասխանատու Լիլիթ Միդոյանը պատմում է Skillshop արվեստանոցի անսովոր կերտվածքի մասին:

← Տաղավարի արտաքին տեսքի զարգացումը

«Գաղափարը ճարտարապետական ինչ-որ նմուշի միջոցով բակային մշակույթը զարգացնելն է: Քաղաքների միջև և քաղաքի ներսում միգրացիայի հետևանքով բակերում բնակչության կազմը փոխվում է։ Արդյունքում հարևանական կապերը խզվում են։ Մեր նպատակն էր վերականգնել մարդկանց՝ իրար հետ ժամանակ անցկացնելու մշակույթը», — ասում է Լիլիթ Միդոյանը: Նրա դիտարկմամբ բակերը նման են «միկրոկոսմոսների». այդտեղ է խտացված ամբողջ հասարակությունը. ներկայացված են բոլոր տարիքային շերտերը, սեռերը, բոլոր սոցիալական խմբերում գտնվող մարդիկ: Եթե բաժանենք տարածքները չորս մեծ խմբի՝ մասնավոր, կիսամասնավոր, կիսահանրային և հանրային, բակերը կարող ենք դասակարգել կիսահանրայինի մեջ։ Դրանց հանդեպ վերաբերմունք ձևավորելն ավելի հեշտ է, քանի որ բնակիչների կողմից պատասխանատվության զգացումն այս դեպքում ավելի մեծ է։ Ի տարբերություն այգիների, որոնք հանրային են և մարդկանց մոտ կարծիք կա, որ դրանց խնամքով պետք է զբաղվի բացառապես քաղաքապետարանը կամ համայնքապետարանը։ «Քանի որ ճարտարապետական կողմն ինձ համար շատ կարևոր է եղել, խոսեցինք մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի հետ ու խնդրեցինք ցանկ ճարտարապետական առումով կարևոր, բայց անտեսված, վտանգված շենքերի»: Ուսումնասիրություններից հետո ընտրվեց Չեխովի փողոցի 23-րդ շենքի բակային տարածքը, որտեղ չկար ոչ մի բան՝ ո՛չ լուսավորություն, ո՛չ խաղահրապարակ, ո՛չ ջուր, ո՛չ նույնիսկ սովորական նստարաններ: Կարճ ասած՝ փողոցի ամենաանխնամ բակն էր:

«Մենք չէինք ուզում պարզապես մի ճարտարապետական նախագիծ անել, մեզ համար կարևոր է codesign-ը, այսինքն մարդկանց իրենց բակի ձևավորման սկզբնական փուլից ներգրավվելը, — բացատրում է Միդոյանը։ — Որպես առաջնային շահառու՝ որքան էլ տարօրինակ թվար առաջին հայացքից, ընտրեցինք երեխաներին, որովհետև իրենք ու տարեցներն են հիմնականում շատ ժամանակ անցկացնում բակերում»: Երեխաների համար այդ տարածքի 3D նկարներ պատրաստեցին, տվեցին գունավոր մատիտներ ու խնդրեցին ինչ-որ բաներ ներկել դրա վրա: Ըստ նրանց նկարածների՝ Skillshop արվեստանոցը ստեղծեց տաղավարի դիզայնը՝ մետաղյա ձողերից ստեղծված ալիքավոր, ֆուտուրիստական ծածկ և մի քանի նստարան. առաջին հայացքից ավանդական երևանյան զրուցարաններից այդքան տարբեր, բայց նույն ֆունկցիան կատարող (թեպետ առանց նարդու սեղանի): Սակայն ամեն ինչ չսահմանափակվեց տաղավարով: Քանի որ երեխաների մեծ մասը ճոճանակ էր նկարել, ծրագիրը միջոցներ տրամադրեց նաև դրա ստեղծման համար: Տաղավարը սարքելու և ճոճանակը դնելու շնորհիվ համատիրության բյուջեի միջոցներով ջուր քաշվեց և բակում նաև ցայտաղբյուր տեղադրվեց (որովհետև երևանյան բակը բակ չէ առանց պուլպուլակի): Եվ վերջապես, որպես վերջնական շտրիխ՝ ՄԱԶԾ էներգոարդյունավետ լուսավորության ծրագրի ֆինանսավորմամբ տարածքը նաև լուսավորվեց: Այդպես, ընդամենը մեկ տաղավարով հնարավոր եղավ միանգամից մի քանի կարևոր հարց բարձրացնել և լուծում տալ։ ՄԱԶԾ հանրային տարածքների ծրագրի պատասխանատուի խոսքով՝ հետագայում նմանատիպ ծրագիր կարող է իրականացվել Նուբարաշենի տարածքում:

Լուսինե Ոսկանյան Skillshop, Լիլիթ Միդոյան


ՔԱՂԱՔ Իմ Երևան

56 57

#2(53) 2019


Վարդգես Հովեյան.

«Քաղաքը քո մեջ սիրի, ոչ թե քեզ՝ քաղաքում» FairWind և Սավարշավանա ալտերնատիվ ռոք խմբերի հիմնադիր ֆրոնթմեն Վարդգես Հովեյանը պատմում է Երևանի ռիթմի ու իմաստուն լինելու, Մոսկովյանի բորդյուրը կարոտելու, քաղաքային ռաքնռոլի, «թռու» հնչեղության ու ձայնի մասին։ Կոմիտասի վրա էր գտնվում մեր բնակարանը։ Անգլիական թեքումով «փոսի դպրոցում» եմ սովորել՝ առաջինի «Է» (սա վրիպակ չէ — խմբ.) 40 հոգանոց դասարանում։ Այդ ժամանակվանից էլ կյանքս ավելի շատ դեպի կենտրոն տեղափոխվեց. այն ժամանակվա Պուշկինի այգում (այժմ Սիրահարների այգի) լքված նավակ-կարուսելներ կային. դասերից փախնում՝ այնտեղ էինք գնում։ Ու որքան մեծացանք, ավելի իջանք դեպի կենտրոն՝ «Յամ-Յամ», «Ջինսնոց», «Ստոպ»։ Ժամանակին կային մարդիկ, ովքեր գիտակցված ընտրություն ունեին, որի համար պիտի կարողանային պատասխան տալ՝ ինչու՞ էին լսում այս կամ այն երաժշտությունը, հագնվում ինչ-որ կոնկրետ ոճով։ Այժմ ամեն ինչ ավելի հեշտ է դարձել, դրա համար էլ գնացել ենք դեպի բնավորություն չունեցող վայրեր։ Այն ժամանակ, օրինակ, եթե ռոք էիր լսում, ուրեմն գնում էիր Կասկադ, գիտեիր՝ որտեղ են հավաքվում մարդիկ, ովքեր կիսում էին քո ճաշակն ու մոտեցումները։ Նրանց 70 տոկոսը հիմա էլ կա իմ կյանքում: Չնայած փոխվել ենք, բայց փոքրուց միասին մի մեծ կյանք ենք ապրել։ Կարոտում եմ հին գնացքի գծերը, որով հիմա Սարալանջի ճանապարհն է անցնում։ Դասերից փախնում ու այդ գծերով Կասկադ էինք իջնում՝ ժամանակ սպանելու, մինչև պարապմունքները կսկսեին։ Մետալիստները Սայաթ-Նովայի արձանի մոտ էին հավաքվում՝ շատ սյուռ էր։ Ժուռնալիստների տունը, ռայկոմի ռոք ակումբը, Զեյթունի մշակույթի տունը, որտեղ 500 դրամով համերգների էինք գնում, ՆՓԱԿ-ը, Տիկնիկայինը, որի մոտով անցնելիս սպասում էինք, որ ինչ-որ ռոք ֆեստի նոր պաստառ կտեսնենք. ամեն մի նման տեղ գնալը մեզ համար տոն էր։ Երևանի մասին մտածելիս առաջին հիշողությունը մութ ու ցուրտ տարիներն են. մարդկանց կյանքը բարդ էր, բայց հարաբերությունները՝ շատ ավելի ջերմ, քան տարիներ անց, երբ արդեն կար լույս ու պատերազմ չկար։ Հենց դժվարություններն են երևի ստիպում մարկանց վերաիմաստավորել միջանձնային հարաբերություններն ու ավելի պարզ և սիրով շփվել շրջապատի հետ: Ինտերնետը տարածված չէր, ճաշակ զարգացնելու գործընթացը բավական բարդ էր՝ ամեն մի նոր լսած ձայնասկավառակը հաղթանակ էր, փոքր պայքար էսթետիկ զարգացման ճանապարհին: Մարդիկ ավելի զբաղված դարձան, ավելի ինքնակենտրոնացած։ Մեր ծնողների սերունդը բավական լուրջ ու ջերմ մտերմություն էր անում թե՛ հարևանների, թե՛ հեռու բարեկամների հետ։ Հիմա շատ ավելի բարդ է ժամանակ գտնել նման տարբեր հարաբերությունները պահպանելու համար։ Քաղաքի իրական ջերմությունը զգալու համար անհրաժեշտ է շրջապատել քեզ մարդկանցով, ում հետ հաջողվում է պահպանել այն հարաբերություններն ու այն Երևանը, որ միշտ ցանկացել ենք։ Երևանում «հենգ աութը» կարող է սկսել ինչ-որ վայրում ու չորս ժամ անց ավարտվել լրիվ այլ տեղ, չնայած, այդ օրը չէիր էլ պլանավորել ինչ-որ մեկին տեսնել։ Սա մարդկային հարաբերությունների քաղաք է: Ոչ թե քեզ քաղաքում պիտի սիրես, այլ քաղաքը քո մեջ։ Երևանը ջերմ քաղաք է, ուղղակի պիտի գտնես այն։ Երևանից հեռու ապրելով՝ ոչ թե Օպերան, կամ Հրապարակն էի կարոտում, այլ Մոսկովյանի բորդյուրը, փողոցում նվագող վիբրաֆոնիստին և այլ աննորմալ մանրուքներ, որոնք, լինելով քաղաքի սրտում, հնարավոր է և չնկատես։

Երևանի ջերմությունը թաքնված չի, ուղղակի պետք է գտնել, թե ինչն է քոնը։ Եթե նստած մտածում ես, որ քաղաքը պիտի մի բան անի, որ ինձ հետաքրքրի, ուրեմն ոչինչ էլ չի ստացվի, դա էգոիստական մոտեցում է։ Ինքդ պիտի շարժ ստեղծես։ Քաղաքը տարբեր ռեժիմներ ունի՝ կարող ես ընտրել մեծ քաղաքի ռեժիմը, որտեղ ոչինչ չես հասցնում անել։ Բայց եթե ուզում ես անջատվել, կարող ես վայելել ամենամտերիմ մարդկանց ընկերակցությունը։ Այս քաղաքն ընտրության քաղաք է: 2007 թվականն էր, 16 տարեկան էի, օգոստոսն էր, ընկերներս՝ Տիկոն, Մկոն ու Ալիկը, էկան մեր տուն։ Սեպտեմբերի 1-ին մեր մյուս ընկերոջ՝ Արեգի ծնունդն էր։ Մտածեցինք՝ կարո՞ղ ա համերգ տանք։ Մեզ թվում էր, թե նվագել գիտենք, որովհետև կիթառ կարողանում էինք բռնել։ Հինգ երգ որոշեցինք. այդ օրը «Ռեինկարնացիայի» Ռոլը համերգ ուներ «Ստոպում» ու առաջին անգամ մեր հինգ երգը նվագեցինք։ Հիմա մեր խմբի կազմը հետևյալն է՝ Տիկոն, Մկոն, Արտոն, Բենոն ու ես։ Միշտ ասում են՝ Լեննականում ռոքընռոլն ուրիշ ա՝ «Բամբիռ», «Սակվոյաժ» և ուրիշներ։ Վանաձորից էլ «Լավ Էլին», «Որդան Կարմիրը» և այլ հիանալի խմբեր։ Մենք էլ որոշեցինք երևանյան ռաքնռոլ նվագել՝ հենց «ա»-ով՝ քաղաքային լավի ու վատի մասին ֆոլքլոր։ Շարունակելով ալտերնատիվ ռոք ոճում մեր գործերը նվագել՝ հիմա երբեմն փորձում ենք նաև նոր շունչ տալ քաղաքային երգերին, երևանյան ռաքնռոլով ենք զբաղվում։ Մեր երգերի տեքստերը քաղաքային դիտակետից են դուրս գալիս։ Մեր գրած «Երևանը» պատմում է այն մասին, որ Երևանը մաժորների ու մինորների քաղաք է, որտեղ ամեն ինչ խառնված է իրար ու ինքդ պիտի կարողանաս այդ խճանկարը հավաքել՝ ստանալով քո քաղաքն ու որոշելով, թե որքան մաժորներից ու մինորներից է այն բաղկացած լինելու։ Երևանի փազլն անհնար է մինչև վերջ հավաքել՝ անդադար գործընթաց է։ Քաղաքում չպիտի միայն քեզ հարմար լինի, կողքիններիդ էլ պիտի լավ լինի, որ ինքդ քեզ երջանիկ մարդկանցով շրջապատված զգաս։ «Ամեն բացվող առավոտ» երգը շատ եմ սիրում, շուտով կթողարկենք մեր տարբերակը: Երգը մնաց «Մեր Բակից»՝ ֆիլմից, որ կարողացավ այնքա՜ն դրական էմոցիա փոխանցել մարդկանց, երբ դրա կարիքը կար։ Քաղաքում նոստալգիկ վիճակը, կարծես, քնած է։ Որոշեցինք արթնացնել։ Ռաքնռոլային գործիքավորում ունի, նաև շեփոր ենք ավելացրել՝ երևանյան շեփոր, քաղաքային թռու հնչեղություն, քաղաքի ձայնը։ Ռաքնռոլշիկ լինելու համար անպայման չի երաժշտությամբ զբաղվել, պետք է մեջդ այդ էներգիան չպակասի, իսկ դա ինձ Երևանն է տվել։ Երևանը մի խումբ մարդիկ են, որ իրար շատ սիրում են, բայց մեկ-մեկ ջղայնանում են միմյանց վրա։ Նրանք տարբեր մտածելակերպ ունեն, տարբեր ոճերի երաժշտություն են լսում, հագնվում ու հենց դրանով էլ հետաքրքիր են։ Այդ մարդկանց՝ Երևանը, պետք է կարդալ, որ հասկանաս։ Երևանը տարիքով է, կարա լռի ու հենց դրանով էլ քեզ ամեն ինչ բացատրի։ Շատ բան է տեսել, իմաստուն է, միևնույն ժամանակ գունեղ ու եռանդուն է, ներդաշնակ է քաղաքային ռաքնռոլի հետ։ Լուրջ ճանապարհ է անցել ու այն, որ քաղաքում համարյա հնություն չի պահպանվել, հենց դրա մասին է վկայում։ Բայց հենց այդ անցած ճանապարհով այն քեզ հուշում է, թե ինչ պիտի անես այս կամ այն անախորժության դեպքում։

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔ Պատմական դեմք

ԱՐՄԵՆ ՏՈՆՅԱՆ.

↓ Թեթև արդյունաբերության ձեռնարկությունները շքերթի ժամանակ, 1967

ՄԱՐԴՆ ՈՒ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

Վերջերս լրացել է նշանավոր պետական գործիչ Արմեն Տոնյանի 100-ամյակը: Հսկայական ներդրում ունենալով Հայաստանի տնտեսության կայացման մեջ՝ Տոնյանն ապրել է հետաքրքիր և ինքնատիպ կյանք, որում արտացոլվել են քսաներորդ դարի հայոց պատմության երեք հիմնական փուլերը՝ Հայաստանի երեք հանրապետությունները: Արմեն Տոնյանը ծնվել է Հայաստանի անկախացումից երկու ամիս անց, Թիֆլիսում, որտեղ այդ ժամանակ ապրում էր արևելահայ մտավորականության գերակշիռ մասը: Նրա հայրը՝ Ռուբեն Տոնյանը, ծագումով դաշտային Արցախի Բանանց գյուղից, իսկական մտավորական էր, տաղանդավոր թարգմանիչ և ուսուցիչ: Հենց ուսուցչություն անելիս էլ ծանոթացել էր Արմենի մոր՝ Մարիկա Բունիաթյանի հետ, ով սերում էր Նոր Բայազետի (այսօրվա Գավառ քաղաքը) հայտնի ընտանիքներից մեկից: Հետագայում Արմեն Տոնյանը հպարտանում էր իր ծագմամբ և սիրում էր պատմել պատմություններ իր նշանավոր բանանցեցի և բայազետցի նախնիների մասին: Տոնյանը ծնվեց Հայաստանի համար ծանր մի ժամանակաշրջանում, և նրա ընտանիքն էլ զերծ չմնաց ողբերգությունից: Փոքրիկ Արմենի ծնունդից մի քանի ամիս անց Մարիկան մահացավ տիֆի համաճարակից, որն այդ տարի տարավ բազմաթիվ հայաստանցիների կյանքեր: Մեծանում էր Արմենն արդեն խորհրդային Հայաստանում, և ինչպես իր հասակակիցներից շատերը՝ երազում էր սովորելու մեկնել Մոսկվա: Նա սկզբից սովորում էր ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական բաժնում, որտեղ նաև խաղում էր վոլեյբոլ և մարզում ուսանողական թիմը: Բայց նրա երազանքն էր՝ Մոսկվայի Բաումանի անվան մեխանիկա-մեքենաշինական ինստիտուտը: Երազանքն անիրականանալի էր թվում. ռուսերեն համարյա չէր խոսում, Մոսկվայում չուներ ծանոթ-բարեկամ, ապրելու տեղ էլ չուներ: Այնուամենայնիվ, Արմենը վաճառում է հեծանիվը և այդ փողով առնելով գնացքի տոմս՝ ճանապարհվում Մոսկվա: Գիշերելու տեղ չունենալով՝ նա առաջին գիշերը քնում է Նեսկուչնի այգում, նստարանի վրա: Մյուս օրը գալիս է Բաումանի ինստիտուտ, պարզվում է, որ ուշացել է՝ ընդունելությունն արդեն ավարտվել է: Սակայն նրան առաջարկում են ընդունվել թեթև արդյունաբերության ինստիտուտ, իսկ հաջորդ տարի տեղափոխվել իր երազած բուհը: Այդպես էլ անում է: Բայց իրադարձություններն այլ կերպ են ընթանում: Ակտիվ և տաղանդա-

← Արմեն Տոնյանը, 1960

58 59

#2(53) 2019


վոր հայաստանցուն նկատում է բուհի ղեկավարությունը, և սկզբից նա դառնում է ինստիտուտի կոմերիտմիության քարտուղարը, իսկ հետո, լինելով ընդամենը 20-21 տարեկան, փոխարինում է բուհի 50-ամյա գլխավոր մեխանիկին: Եվ երբ հիշում է Բաումանի ինստուտուտ տեղափոխվելու մասին, նրան ասում են, որ քանի որ նման պարտականություններ ունի, չի կարող հեռանալ բուհից:

***

Եվ ահա սկսվում է պատերազմը: 1941-ին հինգերորդ կուրսի ուսանող Արմեն Տոնյանը կամավոր մեկնում է ռազմաճակատ: Ռազմաճակատում անցկացրած օրերն ընդմիշտ դաջվում են Տոնյանի հիշողության մեջ: Իր հուշերում նա այսպես է պատմում այդ օրերի մասին. «Մոսկվայի Կիրովի շրջանի աշխարհազորային 9-րդ դիվիզիայի կազմում ոտքով շարժվեցինք դեպի Սմոլենսկ: Դժվար էր. ռմբակոծումներ, ծանր ռազմամթերք, շոգ, ջրի պակաս: Ընկերներիցս շատերը չէին դիմանում, ընկնում էին, այդ դեպքում իրենց մեքենայով էին տեղափոխում: Վյազմայի մոտ համակուրսեցուս և ինձ կանչեցին դիվիզիայի հատուկ բաժին և առաջարկեցին աշխատել ՍՄԵՐՇում [բանակային հակահետախուզության գլխավոր վարչություն, որը զբաղվում էր «ներքին թշնամու» դեմ պայքարով]: Համակուրսեցիս իր համաձայնությունը տվեց, և նրան անմիջապես մեքենա տրամադրեցին, իսկ ես առաջարկը կտրականապես մերժեցի՝ ասելով, որ մեկնել եմ ճակատ կռվելու, այլ ոչ թե օրգանների հետ համագործակցելու համար: Ճանապարհին համակուրսեցիս մի քանի անգամ մեքենայով մոտենում էր ինձ՝ համոզելով, որ միանամ իրեն, ես նրան գրողի ծոցն էի ուղարկում և շարունակում էի քայլել: Հասանք Սմոլենսկ»… Հետագայում Տոնյանը գործուղվում է Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա, որն ավարտում է 1945 թվականին: Բանակից զորացրվելով՝ 27-ամյա Արմեն Տոնյանը վերադառնում է հայրենիք և նշանակվում է Երևանի երրորդ կոշիկի ֆաբրիկայի տնօրեն: Երիտասարդ տնօրենն այնպես է կազմակերպում ֆաբրիկայի աշխատանքը, որ նրա, ինչպես այսօր կասեին, մենեջերական տաղանդը տեսնելով՝ նրան շուտով ավելի բարձր պաշտոններ են առաջարկում: 1949 թվից սկսած նա տարբեր կարևոր պաշտոններ է զբաղեցնում ՀԽՍՀ նախարարների խորհրդում: Այդ տարիներին էլ ընտանիք է կազմում՝ ամուսնանալով կապուտաչյա գեղեցկուհի Իդա Մովսեսյանի հետ, ով այդ ժամանակ նոր էր ավարտել բժշկական ինստիտուտը: Շուտով ծնվում է նրանց դուստրը, ում Արմենի մայրիկի պատվին կոչում են Մարիկա:

→ Կոշիկի 3-րդ ֆաբրիկայում, 1946

1965-1970 թվերին Արմեն Տոնյանը ՀԽՍՀ թեթև արդյունաբերության նախարարն էր: Այդ ժամանակ հայկական գորգերը, տրիկոտաժը, բրդյա, մետաքսյա, բամբակյա արտադրանքը մեծ պահանջարկ ձեռք բերեցին թե՛ հանրապետությունում, թե՛ Հայաստանից դուրս: Իսկ Հայաստանում արտադրվող կոշիկը դառնում է հայտնի բրենդ, որը Խորհրդային Միությունում գրեթե նույնքան պահանջված էր, որքան արտասահմանյան «չճարվող» արտադրանքը: Կառուցվեցին և վերակառուցվեցին բազմաթիվ ձեռնարկություններ Հայաստանի տարբեր անկյուններում՝ Երևան, Լենինական, Կիրովական, Իջևան, Գորիս, Ալավերդի, Էջմիածին, Կամո:

***

Բարձր պաշտոններ զբաղեցնելով հանդերձ՝ Տոնյանը հաճախ խնդիրներ էր ունենում կուսակցական ղեկավարության հետ: Նա գիտակցում էր, որ գործող կառավարման մեթոդներն այնքան էլ արդյունավետ չեն, փորձում էր

հաճախ դժկամությամբ, ստիպված էին հաշվի նստել վերադասները: Մի անգամ, օրինակ, երբ նախարար էր, նրան է դիմում Վրաստանի Նախարարների խորհրդի նախագահը և խնդրում օգնել հումքով: Տոնյանը որոշում է օգնել «եղբայրական հանրապետությանը»: Բայց երբ հումքը հայթայթվել և վագոնները բեռնված էին, Տոնյանի առանձնասենյակ են մտնում երկու երիտասարդ և որպես «երախտագիտության նշան» սեղանին թողնում ինչ-որ փաթեթ: Տոնյանը զայրացած դիմում է նրանց՝ վերցրե՛ք ձեր «շնորհակալությունը» և հեռացե՛ք, եթե չեք ուզում, որ հայտնեմ համապատասխան օրգաններին: Ավելին, հրահանգում է անմիջապես բեռնաթափել վագոնները և չեղարկել գործընթացը՝ տեղի չտալով անգամ իր վերադասի ճնշմանը:

***

Թոշակի անցնելուց հետո էլ Տոնյանը չէր պատկերացնում իր կյանքն առանց ակտիվ գործունեության: Այժմ արդեն նա իրեն նվիրեց սիրված սպորտի՝ բիլիարդի զարգացմանը Հայաստանում:

→ Կոշիկի ֆաբրիկայի բանվորների հետ

հնարավորության չափով դրանք փոխել: Բայց առաջին հերթին բախումների առիթ էր դառնում Տոնյանի սկզբունքայնությունը և անկաշառությունը: 1960-70-ականներին, երբ արդեն սկսում էր գլուխ բարձրացնել կոռուպցիան, Տոնյանը հետևողականորեն պայքարում էր դրա դեմ: Նրա անկաշառության և սկզբունքայնության մասին համակարգում գիտեին բոլորը, և նա այն հազվագյուտ ղեկավարներից էր, ում որոշումների հետ,

Խորհրդային տարիներին բիլիարդն ընկալվում էր լավագույն դեպքում որպես ժամանցի ձև, վատագույն դեպքում՝ բուրժուական Արևմուտքի ազդեցության արդյունք: Տոնյանը, ով բիլիարդի փայլուն վարպետ էր նույնիսկ պատկառելի տարիքում, որոշեց, որ ժամանակն է Հայաստանում զարգացնել այդ մարզաձևը: Հանրապետության համար ամենածանր ժամանակներում՝ 1989 թվին, նա ստեղծեց Հայաստանի բիլիարդի ֆեդերացիան և դարձավ դրա առաջին նախագահը: Շատ դժվարություններ հաղթահարելով՝ նա կարողացավ Լվովից Հայաստան բերել բիլիարդի ավելի քան 50 սեղան, որոնք ուղարկվեցին երկրի տարբեր քաղաքների մարզական դպրոցներին: Իր ողջ կյանքում Արմեն Տոնյանը եղել է առաջադեմի և նորի ջատագով, պայքարել անազնվության, շահասիրության, հարմարվողականության, անարդարության դեմ: Իր կյանքում նա անցավ բոլոր այն փորձություններով, որոնցով անցել է Հայաստանը 20-րդ դարում՝ Առաջին հանրապետությունից մինչև Երրորդը:

Արեգ Դավթյան Արմեն Տոնյանի ընտանիքի արխիվից


Քաղաք Կադրերի բաժին

Գրիգոր Խաչատրյան մրցանակ, 1990-ականներ «3-րդ հարկ» միավորման անդամ, արվեստագետ, «Գարուն» ամսագրի գեղարվեստական խմբագիր (1987-1996թթ.) Գրիգոր Խաչատրյանը դեռ 1970-ականներից հայկական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է: Ահա թե ինչպես է նրան բնութագրում արվեստաբան Նազարեթ Կարոյանը. «Իշխանության և սիրո փոխկապակցված թեման ընդհանրապես կենտրոնական է Գրիգոր Խաչատրյանի ստեղծագործության մեջ։ Աշխատելով պերֆորմանսի ֆորմատում՝ նա իր անձը դարձնում է նյութ կերտելու համար բացարձակ իշխանություն ունեցողի պաշտամունքային ֆիգուր»: Նման դրսևորումներից է «Գրիգոր Խաչատրյան» մրցանակը, որ Գրիգոր Խաչատրյանը մոտավորապես ամեն տարի շնորհում է ամենատարբեր ոլորտների մարդկանց. նրանք գրկում են մրցանակ-մարդուն և լուսանկարվում պատմության համար: Արվեստագետն ասում է, որ, որպես կանոն, մրցանակներն անվանում են մահացած մարդկանց անունով, օրինակ՝ Մովսես Խորենացի մեդալը: Բայց, ինչպես նշում է Խաչատրյանը, այդտեղ մի մեծ խնդիր կա. արդյոք այդ մահացած մարդիկ համաձայն էին, որ իրենց անվան մրցանակը տրվի այս կամ այն մրցանակակրի: Մինչդեռ «Գրիգոր Խաչատրյան» մրցանակը միանգամայն ազնիվ ու անաչառ է: 1974-ին տեղի է ունեցել մրցանակի «փորձարկումը»՝ առաջին երջանիկը (որը, սակայն, չի համարվում մրցանակակիր) եղել է Աշոտ Գրիգորյանը: Սակայն պաշտոնապես (որքանով կարելի է կիրառել այդ եզրն այս դեպքում) մրցանակաբաշխությունը մեկնարկել է 1990-ին: Այս տարիներին մրցանակին գրկել են, օրինակ, լուսանկարիչ Գերման Ավագյանը, արվեստաբան Նազարեթ Կարոյանը, այն ժամանակ դեռ լրագրող Նիկոլ Փաշինյանը և այլք:

1998 — մրցանակը տրվել է Ռուբեն Արևշատյանին (արվեստագետ, քննադատ)՝ Գրիգոր Խաչատրյանի հետ զուգահեռի վրա ծիծաղելու համար (ներշնչում, արտաշնչում)

60

2000 — մրցանակը տրվել է Նիկոլ Փաշինյանին (լրագրող)՝ փայլուն ձևակերպումների համար

1996 — մրցանակը տրվել է Նազարեթ Կարոյանին (արվեստի քննադատ)՝ անվանը հավատարիմ մնալու համար

1995 — մրցանակը տրվել է Արման Գրիգորյանին (արվեստագետ, քննադատ)՝ 1985-1995թթ. նկարչական միջավայրում դրական ակտիվության համար

1990 — մրցանակը տրվել է Արթուր Շահնազարյանին (երաժշտագետ)՝ հայկական խազերի վերծանման համար

#2(53) 2019

Գրիգոր Խաչատրյանի արխիվ

1998 — մրցանակը տրվել է Գոհար Սանոյանին (արվեստագետ)՝ Պռոշյանի անվան դպրոցը Կոջոյան վերանվանելու՝ երեխաներին գրողի ծոցից հանելու համար




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.