ԵՐԵՎԱՆ #45

Page 1

#4(45) 2017 Նոյեմբեր

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՌԱՈՒ-Ի ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՄԱՐԴԻԿ ԵՎ ԱՊԱԳԱՆ



Biayna Mahari

Ե

թե չեմ սխալվում, տասներկու տարի առաջ էր, երբ առաջին անգամ այցելեցի Հայ-ռուսական համալսարան. ընկերս ընդունելության քննություն էր հանձնում, եկել էինք աջակցելու: Եվ մինչ Արսենը գերազանց լուծում էր մաթեմատիկայի քննաթերթիկում զետեղված խնդիրները, մենք «ֆանակումբի» անդամներով շրջում էինք ոչ շատ վաղուց կառուցված Երախտագիտության այգով: Քննարկում էինք, թե ինչ հավես կլինի երևի, երբ ծառերը ավելի բարձր դառնան, ու ինչ հետաքրքիր միջոցառումներ կարելի է կազմակերպել այս հետաքրքիր բացօթյա ամֆիթատրոնում (դեռ չգիտեինք, որ այն արդեն ունի ժողովրդական անուն՝ «Կոլիզեյ»), և ընդհանրապես՝ արդեն սկսել էինք նախանձել Արսենին, որը պետք է այստեղ ապրեր իր ուսանողական կյանքը (ինչպես նաև շրջակայքի բնակիչներին, որոնք ստացան ժամանցի մի նոր հաճելի վայր ու հնարավորություն): Մի քանի տարի անց (Արսենն այդ ժամանակ արդեն պատրաստվում էր նույն բուհում մագիստրատուրայի ընդունելությանը) նկատեցի, թե շրջապատումս որքան շատ են Հայ-ռուսականի շրջանավարտներն ու ուսանողները: Ընդամենը 1997-ին բացված համալսարանն արդեն սկսել էր սերունդ ձևավորել և որակական ազդեցություն թողնել հասարակության այն հատվածի վրա, որ արդեն հիմա մասնակցում է,

թող շատ վերամբարձ չհնչի, երկրի ապագայի կերտման գործընթացին: Որովհետև էլ ո՞վ դա պետք է անի, եթե ոչ բազմակողմանի զարգացած, ոչ կարծրատիպային մտածողություն ունեցող երիտասարդ մասնագետները՝ տնտեսագետները, ծրագրավորողները, լրագրողները… Ի դեպ, լրագրողների մասին: Երբ պատրաստում էինք այս թողարկումը, պարզվեց, որ մեր թղթակիցների զգալի մասը հենց ՀՌՀ շրջանավարտ է: Ու այդպես Հայ-ռուսականի հոբելյանական թողարկումը, փաստացի, պատրաստեցին Հայ-ռուսականի շրջանավարտները: Նրանց համար սա հրաշալի առիթ էր վերադառնալու մայր-բուհ և այնտեղ ստացած գիտելիքների օգնությամբ պատմել Արտ-ակվարիումի ցուցադրումների, «Զակլում» ունեցած հանդիպումների, Կինոակումբում տեսած զարմանալի ֆիլմերի, «Ժակլինում» անցկացրած ժամերի, Կիրառականում Դոստոևսկու մասին քննարկումների և ընդհանրապես՝ երկու տասնամյակում ձևավորված ու կայացած այս յուրահատուկ միջավայրի մասին: Մնում է միայն շնորհավորել բոլոր նրանց, ովքեր կապ ունեն ՀՌՀ-ի հետ՝ անցկացրած հրաշալի երկու տասնամյակների կապակցությամբ: Ապրե՜ք: գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

ՀՌՀ-20

04

Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների բարձրաձայն մտքերը, Գյումրու բրենդինգը, նոր երևանյան նստավայրեր, նոր խմիչք և այլն:

14

Սկզբունք 7 արժեքներ ՀՌՀ Արժեքները, որոնց տարածումը համալսարանական կարևորագույն առաքելություններից է:

29

Արվեստ Արվեստի ակվարիում ՀՌՀ ամենայուրահատուկ նախագծերից մեկը՝ չորս թափանցիկ պատերի մեջ ապրող պատկերասրահը:

06

Համացանց Ucom. «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» Ookla ընկերությունը վերլուծել է 2017-ին շարժական ինտերնետից օգտվողների արագության չափման արդյունքները:

16

Ինֆոգրաֆիկա Թվեր և փաստեր Կարևորագույնը ՀՌՀ մասին՝ հակիրճ:

32

18

Իրադարձություն Տոնական միջոցառումներ Ինչպես էր Հայ-ռուսական համալսարանը տոնում 20-ամյակը:

Հոբբի Ակումբային կյանք Բուհի ուսանողների արտաուսումնական ժամանցը՝ համալսարանական ակումբներում:

34

Թատրոն Գրականության դասից մինչև մեծ բեմ ՀՌՀ ուսանողական թատրոնը 15 տարվա ընթացքում բեմադրել է 33 ներկայացում:

08

09

10

Նստավայր Sand Castle. ամրոցի ներսում «Ավազե ամրոցը» հեքիաթային վայր է, որտեղ երեխաները և՛ խաղում են, և՛ սովորում: Նստավայր Loft Room. Երևանի նոր սենյակը Ինչպես է նորաբաց նստավայրը պատրաստվում կերտել Հյուսիսային պողոտայի ոչ էլիտար դեմքը: Քաղաքից դուրս Երջանկության ողկույզները ԵՐԵՎԱՆի խմբագրակազմը սեփական աչքերով հետևել է խաղողի բերքահավաքին:

20

22

26

Իմ Երևան Արմեն Դարբինյան. «Քաղաքին հարկավոր է պահանջատեր ու գրագետ քաղաքացի» ՀՌՀ ռեկտորը հիշում է 80-ականների Երևանը և պատմում Մասիսի հետ զրույցների մասին: Ֆոտոպատմություն Մի օր համալսարանի կյանքից ՀՌՀ շրջանավարտ Բիայնա Մահարին լուսանկարել է բուհի մեկ սովորական օրը: Ուղեցույց Համալսարանի հանրային տարածքները Այգին, գրադարանը և մարզահամալիրը բաց են բոլորի համար:

Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան Շապիկ՝ Մուկուչ Չանչանյան

36

40

42

Բարձր տեխնոլոգիաներ Կիրառականի մասին Ինչով են յուրահատուկ ՀՌՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ու դրա ուսանողները: Դպրոց «Ուսմունք» ՀՌՀ-ն քիչ համալսարաններից է, որ ունի մեկից մինչև 12-րդ դասարանների երեխաների համար նախատեսված իր դպրոցը: Միջազգային կապեր Արի փոխանակվենք ՀՌՀ ուսանողները կարող են մասնակցել տարբեր երկրներում իրականացվող փոխանակման ծրագրերի։

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Կարինե Ղազարյան, Բիայնա Մահարի, Անի Բարսեղյան, Արմեն Մուրադյան, Նունե Մելքումյան, Անի Սմբատի, Արեգ Դավթյան Խորհրդատու՝ Վիգեն Գալստյան Լուսանկարներ՝ Բիայնա Մահարի, Առնոս Մարտիրոսյան, ՀՌՀ արխիվ, Ucom Պատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյան Տառատեսակ Arek Armenian by Rosetta

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0019, Երևան, Բաղրամյան 1 Հեռ.՝ +374 (10) 58 15 10 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com URL՝ www.evnmag.net Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 58 15 10 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com

43

Հուշեր Սլավոնավարտներ Շրջանավարտները՝ իրենց կյանքում բուհի դերի մասին:

44

Հուշեր ԱնդերգՌԱՈւնդ «Ժակլինը», Սփլինը և Կունդերան՝ ՀՌՀ ուսանողական կյանքը:

ՔԱՂԱՔ

46

Պատումներ Հայաստանից Տեսարաններ սովորողի կյանքից Պատմվածք՝ «Պատումներ Հայաստանից» շարքից:

48

Պատմություն 300 տիկնիկները Չաղ ու ծերացած Պուտինը, Տիկնիկների պատկերասրահում:

52

Կադրերի բաժին Լևոն Մկրտչյանը՝ ՀՌՀ բացմանը, 1997թ. Մի քանի պատկեր Երևանի պատմությունից:

© 2011-2017 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 10.11.2017

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine Գլխավոր հովանավոր

2 3

Նոյեմբեր 2017

Համարը պատրաստվել է Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:


BRANDING I VISUAL IDENTITY I CREATIVE CONSULTING PRINT ADVERTISING I WEB I RESPONSIVE I E-COMMERCE MOBILE APPS I SOCIAL MEDIA SPELL.AM I +374 55 387887


ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից

Նոր նստավայր

Հնդկական սերիալների ուժեղ կողմերի, գերմանական մեքենաների պարզության և վարորդական իրավունքների կարևորության մասին մտորում են երևանցի տաքսիստները:

Eat&Fit, Արամի 80

***

Էս Իչայի կինոն իրոք շատ լավն ա: Ոչ թե որտև հնդկական ա, էդ կապ չունի: Ուղղակի նենց հետաքրքիր կոնֆլիկտներ են հորինում, սենց բերում սրում են, հետո թողնում են մյուս սերիայի համար: Հայկական սերիալ լիներ՝ պհա՜յ, պիստալետով, գողագանով, շըխկ-դըխկ: Իսկ սրանք նուրբ են անում ամեն ինչ, շատ հետաքրքիր ա նայվում:

Երևանում շատ են տարբեր ուղղվածության նստավայրերը, բայց, թերևս, ամենից քիչ ներկայացված է առողջ սննդի խոհանոցը: Այդ բացը լրացնողներից մեկը Արամի 80-ի պատմական սև շենքում բացված Eat&Fit-ն է: Առավոտ շուտ (8.30-ից) բացվող սրճարանում կարելի է ընտրել հատուկ մշակված առողջ նախաճաշ կամ լանչ (մշտապես 1900 դրամի սահմաններում, օրինակ, կարելի է պատվիրել ոսպով ապուր/հավ գրիլի վրա/կանաչ հնդկաձավար սնկով/աղցան/ջուր կիտրոնով և նանայով կոմբինացիան): Նույնիսկ քաղցրավենիքն այստեղ չի վտանգում առողջությունը. թխվածքների մեջ չի օգտագործվում շաքար և ալյուր:

Loft Room, Հյուսիսային Պողոտա 12

Սա Մոսկովյան 3-ի LOFT-ի տրամաբանական շարունակությունը հանդիսացող դասական բար-սրճարան է, միայն թե առավել հարմարեցված բարձր տարիքային խմբի հանգստի և ժամանցի պահանջները բավարարելու միտումներին։ Օրվա առաջին կեսին Loft Room-ը կարող է դառնալ բիզնես հանդիպումների և նեթվորքինգի կազմակերպման հարմար վայր, իսկ երեկոյան այն կվերածվի լիցքաթափման, հաճելի երաժշտություն լսելու, պարելու, համեղ ուտելու և որևէ ալկոհոլային խմիչք փորձելու հրաշալի միջավայրի։ Ավելի մանրամասն՝ մի քանի էջ հետո առանձին հոդվածով:

***

Ես Գյուղինստիտուտի անասնաբուժականն եմ ավարտել, նենց որ մարդկանց լավ եմ ճանաչում:

***

Նեմեցի մեքենաները շատ պրիմիտիվ են: Այսինքն, շատ հեշտ ու հասարակ են հավաքած՝ հետը մի բան որ եղավ, հանգիստ կարաս բացես, սարքես:

***

Ժամանակին որ մարդուն թույլ տային, որ մեքենա վարել սովորացնի, պետք ա ինքը գիտե՞ս քանի ինստանցիա անցներ: Մինչև վստահ չլինեին, որ իրոք մասնագետ ա՝ թույլ չէին տա: Հիմա հազիվ իրանք են քշել սովորում, «Ու»-ով նշանը առնում դնում են մեքենայի մեջ ու սկսում են փողով սովորացնել: Դրա համար փողոցներում էս վիճակն ա:

***

Էդ Հայաստանում ա, որ պապան կարա փոքր ժամանակ քշել սովորացնի իրա մեքենայով, հետո գնաս հարուր դոլարով պռավան առնես՝ քշես: Ֆրանսիայում պարտադիր պիտի 30-40 ժամ վարելու դասեր անցնես, ամեն ժամը՝ 30 եվրոյի կարգի: Ամերիկայում՝ բեթար: Բայց դրա տեղը վարորդականը ստանալուց հաստատ գիտեն, որ չես գնալու փողոցում կամիկաձեություն անես, ոնց որ ստեղ ա:

4 5

Նոյեմբեր 2017

Նոր ըմպելիք Ararat Single Cask

Հայկական կոնյակագործության 130-ամյակի կապակցությամբ Երևանի կոնյակի գործարանը ներկայացրել է բացառիկ արտադրանք՝ ARARAT Single Cask, թողարկված սահմանափակ քանակությամբ (1440 շիշ) և համարակալված շշերով: 57% թնդությամբ խմիչքը պատրաստված է բացառապես Երևանի կոնյակի գործարանի պրեմիում դասի սպիրտներից՝ ստացված և հնացված Հայաստանի Տավուշի մարզի յուրահատուկ կլիմայական պայմաններում: ARARAT Single Cask-ը հայկական կոնյակագործության մեջ բացարձակ նորարարություն է, որը խորհրդանշորեն թողարկվում է հոբելյանական տարում՝ ի նշան պատմական նոր շեմի հատման և պահանջկոտ ապագային ժամանակակից որոշումներ ներկայացնելու պատրաստակամության: ARARAT Single Cask-ը ԱՐԱՐԱՏ տեսականու միակ արտադրանքն է, որը շրջանցում է ցրտով մշակման և ֆիլտրման փուլը, ինչը թույլ է տալիս էլ ավելի շատ համային նոտաներ և բույրի երանգներ պահպանել՝ միաժամանակ ընդգծելով խմիչքի իսկությունը:


Ինչ անել

Ջիվան/Viza/Sebu

Նոյեմբերի 20, Մարզահամերգային համալիր Մի քանի տարի առաջ Սերժ Թանգյանի առաջին երևանյան ելույթի բացումը կատարեց ամերիկյան Visa ռոք-խումբը, որի միջազգային կազմում դուդուկով հանդես էր գալիս նաև Ջիվան Գասպարյան-կրտսերը: Նույն ժամանակ Ամերիկայում թնդաց նաև Capital Cities դուետը, որի անդամներից մեկը հայազգի Սեբու Սիմոնյանն էր: Եվ ահա, այս տարի Ջիվանը, Viza-ն և Սեբուն Երևանում միասնական մեծ համերգ են տալիս: Կազմակերպիչը Mezzo Production-ն է, տոմսերի գինը՝ 3000-ից 20,000 դրամ:

Նոր բրենդինգ

Նոր գիրք

Գյումրիի քաղաքային բրենդ

Մհեր Իսրայելյան «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա», Անտարես

Մինչ Երևանը տարիներ շարունակ ապարդյուն փորձեր է կատարում սեփական բրենդը ունենալու համար, նույն գործն ավելի արդյունավետ իրագործվում է այլ քաղաքներում: Մասնավորապես, Deem Communications ընկերությունն այս տարի սկսել է աշխատել Գյումրու բրենդի վրա և արդեն տարվա վերջին կներկայացնի վերջնական արդյունքը: Նախագծի մասին պատմում է ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը: Քաղաքային բրենդինգի նպատակն է բացատրել, թե ինչու հենց այս քաղաքն է պետք այցելել, ապրել կամ ներդրում կատարել: Դրան հասնելու համար անհրաժեշտ է հանրության միասնական տեսլականը: Մենք որոշեցինք ընդհանրացնել և միավորել այն ամենալավը, որ կատարվում է Գյումրիում: Գյումրին Հայաստանի երկրորդ մեծագույն և երկրի ամենայուրահատուկ քաղաքն է՝ պատմությամբ, ճարտարապետությամբ, արևելքի և արևմուտքի խառնուրդով, սահմանին գտնվելով, Երևանի և Թբիլիսիի միջև գտնվելով: Գումարենք դրան հումորը, մշակույթը, մարզական չեմպիոնների առատությունը: Իսկ երբ մի գեղեցիկ օր Թուրքիան բացի սահմանը, Գյումրին էլ ավելի կկարևորվի: Այս ամենի պատճառով որոշեցինք հենց Գյումրիի բրենդը մշակելը: Տարիների ընթացքում շատ ենք շփվել քաղաքապետի հետ այս հարցի շուրջ, վստահեցրել, որ բրենդը նման քաղաքի համար խիստ կարևոր է: Եվ այս գարնանը համաձայնության եկանք, որ Deem-ը կստանձնի այս նախագիծը: Համագործակցության հրավիրեցինք Հայաստանի տուրիզմի զարգացման կոմիտեին, ինչպես նաև ստեղծեցինք աշխատանքային խումբ, որտեղ հավաքվեցին գյումրեցիներ տարբեր ոլորտներից՝ փոքր և միջին բիզնեսից, քաղաքապետարանից, ՀԿ-ներից, տուրիստական, ՏՏ ոլորտից, քաղաքաշինական, մեդիա և այլն: Համագործակցում ենք նաև մի շարք տեղական և արտասահմանյան կառույցների, ինչպես նաև քաղաքային բրենդինգի հոլանդացի մասնագետների հետ: Այժմ ավարտվում է հետազոտական փուլը, որից հետո կսկսենք արդեն վիզուալացման աշխատանքները և հետագա երկու տարիների զարգացման ռազմավարության մշակումը՝ ինչպես ինտեգրել բրենդը և դարձնել լայն կիրառելի: Մեր հետազոտությունների հիման վրա կարող եմ ասել, թե հատկապես ինչ երևույթներն են մարդիկ՝ գյումրեցիներն իրենք և մնացած հայերը, համարում քաղաքի խորհրդանիշ: Բարբառն ու հումորը (թեև շատերը նշում են՝ առաջվա), արվեստն ու արհեստը, սպորտը, գարեջուրը. Ալեքսանդրապոլում է բացվել առաջին հայկական գործարանը և գարեջուրը միանշանակ կարող է դառնալ քաղաքի արդյունաբերական սիմվոլ, ինչպես կոնյակը Երևանի և գինին Արենու համար: Մի խոսքով, հարուստ է Գյումրին իր արժեքներով, մնում է դրանք ճիշտ փաթեթավորել: Դա էլ անում ենք, ընդ որում՝ մեր սեփական ուժերով և ֆինանսական միջոցներով, քանի որ համարում ենք, որ սա մեր ներդրումն է Գյումրու զարգացման գործում:

Մհեր Իսրայելյանը մուտք է գործել գրականություն հոր՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի մահից հետո: «Անտարեսի» XXI մատենաշարում լույս տեսնող ժողովածուի (խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան) պատմվածքները ստեղծվել են հուշերի ու երևակայության հիման վրա, քառորդդարյա տիրույթում, որտեղ կողք կողքի տեղավորվում են ընտանիքի անդամներ ու ընկերներ, գեներալներ ու երեխաներ, որտեղ ուսանողն ու աշխարհահռչակ նվագարարը, ճպճպացող աչքերով տղան և նույնիսկ կենդանիները կարող են տրվել երազանքի մոգական հմայքին:

Վիգեն Գալստյան «Ժամանակի ստվերները. Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995», «Մշակույթների երկխոսություն»/ «Լուսադարան» հիմնադրամ

Այս տարվա երևանյան ամենայուրահատուկ մշակութային իրադարձություններից մեկը լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի ծավալուն ֆոտոցուցահանդեսն էր, որի իրագործման համար շուրջ վեց տարվա աշխատանք էր պահանջվել: «Ժամանակի ստվերներում» տեղ գտած 183 լուսանկարներին կարելի է ծանոթանալ նաև համանուն երկլեզու (հայերեն և անգլերեն) պատկերագրքում: Դրանք ուղեկցվում են ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանի տեքստով՝ Հարությունյանի և նրա հարուստ ֆոտոժառանգության մասին:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Համացանց

Ucom. «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» Աշխարհում ֆիքսված ու շարժական ինտերնետի արագությունը չափագրող ամենահայտնի Ookla իռլանդական ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը: Ընկերությունն իր Speedtest հավելվածի միջոցով հավաքագրել ու վերլուծել է 2017 թվականին շարժական ինտերնետից օգտվողների արագության չափման արդյունքները:

«Մենք ուրախությամբ ենք Ucom-ին շնորհում Հայաստանում ամենաարագ շարժական կապի մրցանակը: Սույնով վկայում ենք Ucom-ի բացառիկ կատարողականության ճանաչումը 2017 թվականի երկրորդ ու երրորդ եռամսյակների կտրվածքով, ինչի հիմքում ընկած է հայաստանյան սպառողների կողմից իրականացված արագության չափումների տվյալների ճշգրիտ վերլուծությունը, որն Ookla-ն է արել», — նշեց Ookla ընկերության գործադիր փոխնախագահ Ջեյմի Սթիվենը: Speedtest-ի կայքում տեղակայված տեղեկատվության հիման վրա տեսանելի է աշխարհի 121 երկրների տեղակայումն ըստ շարժական ինտերնետի արագության։ 2016-ի տվյալները համադրելով 2017թ. տվյալների հետ՝ տեսնում ենք, որ Հայաստանը բարելավել է իր դիրքն ավելի քան 50 հորիզոնականով, ինչն, անշուշտ, Ucom-ի 4G+/ LTE Advanced շարժական ցանցի ներդրման արդյունք է։ «Հայտնի է, որ Ucom-ի ֆիքսված ցանցը շարունակաբար պահպանում է առաջատար դիրքը՝ մեր բաժանորդների համար հասանելի դարձնելով ամենաարագ ֆիքսված ինտերնետի ծառայությունները: Իսկ Ucom-ի 4G+/ LTE Advanced

↑ Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը

6 7

Նոյեմբեր 2017


→ 2017 թ. Հայաստանի շարժական ցանցերի արագությունների համեմատությունը (ըստ Ookla ընկերության հետազոտության տվյալների)

Ներբեռնում Վերբեռնում

← Հայաստանի քարտեզը՝ ըստ շարժական ցանցի ամենաարագ շարժական կետերի Ucom Այլ օպերատորներ

շարժական ցանցի ներդրման արդյունքում այսօր արդեն առավել գնահատելի է, երբ միջազգային անկախ ընկերության կողմից արդարացիորեն արժանանում ենք Հայաստանում ամենաարագ օպերատորի կոչմանը», — նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Հատկանշական է, որ ըստ պաշտոնական արդյունքի՝ հաղթող ճանաչված Ucom-ի շարժական ինտերնետի արագության ցուցանիշը երկու անգամ գերազանցում է 2017 թ. համար մրցակիցների ցուցանիշները (http://www.speedtest.net/ awards/am/carrier/2017)։ Ookla Speedtest-ի մեթոդաբանությունը բացառում է իր հաշվարկներում կրկնվող փորձերի կամ արդյունքները շեղող այլ մեթոդների ներառումը՝ ապահովելով ստացված տվյալների անկողմնակալությունը և ճշգրտությունը: Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների: Այսպիսով, եթե որևէ ընկերություն լավագույն ցուցանիշներն ունի տվյալ երկրի որևէ քաղաքում, իսկ ողջ երկրի տարածքով բարձր որակի ծառայություններ չի մատուցում, ապա ըստ Speedtest-ի՝ չի կարող համարվել երկրի ամենաարագ ցանցի մատակարարը: Տվյալ աշխարհագրական տարածքի արդյունքների վերլուծության մեջ ներառվելու համար շարժական ցանցի մատակարարը պարտավոր է համապատասխանել նվազագույն պահանջներին: Դրանցից կարևորագույնն այն է, որ այդ երկրի ողջ տարածքում աշխատող եզակի սարքերի որոշակի քանակ պետք է վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր չափի ինտերնետի արագությունը:

Ucom


ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

Sand Castle. ամրոցի ներսում

Այս հեքիաթային վայրում երեխաների ժամանակը ուրախ ու հետաքրքիր է անցնում՝ համ խաղում են, համ սովորում: Նկարչություն, ընթերցանություն, արվեստ և արվեստի պատմություն, էթիկա. Ամրոցի բնակիչների հետաքրքրությունները շատ տարբեր են: «Ավազե ամրոց» զարգացման կենտրոն մտնելիս առաջին զգացողությունը հիացմունքն է. այստեղ այցելող երեխաներին միայն կարելի է նախանձել: Վառ հարդարանքով սրահների ամեն անկյունում ինչ-որ հետաքրքիր բան կա, որը կանչում է խաղալու՝ սկսած սղարանից, վերջացրած բարդ ու կլանող բազմահարկ փայտե տնակով, որի տիկնիկներով կարելի է բեմադրել մի ամբողջ պատմություն: Այստեղ սովորեցնում են նկարչություն մատիտներով, ջրաներկով, գուաշով և, իհարկե, ավազով: Քվարցային մանր, նուրբ ավազով աշխատանքը զարգացնում է երեխաների ձեռքերի մոտորիկան: «Ավազանկարչությունը յուրահատուկ հեքիաթային արվեստ է, — պատմում է տնօրեն Նունե Հովհաննիսյանը: — Թվում է, թե արդյունքը շատ կարճատև է, բայց

իրականում ամենակարևորը հենց ընթացքն է՝ տպավորություններն ու էմոցիաները»: Անցկացվում են նաև կավագործության և պապիեմաշեի դասեր: Երեխաները նաև պատրաստում են գունավոր խմորներ, որոնցով իրենց քանդակագործական տաղանդը կարող են բացահայտել նույնիսկ ամենափոքրիկները: Ի դեպ, «Ավազե ամրոց» ընդունում են 1,5 տարեկանից սկսած: Նունե Հովհաննիսյանի խոսքով՝ կենտրոնի ծրագրերը համապարփակ են և նպաստում են երեխայի տարիքին համապատասխան էմոցիոնալ, ինտելեկտուալ և ֆիզիկական զարգացմանը. «Երեխաները կարող են նկարել, ստեղծագործել, խաղալ, քվեսթերի մասնակցել, սպորտային սենյակում լիցքաթափվել, խմբային ընթերցանության մասնակցել և, ինչը շատ կարևոր է, այդ ամենն անել ներդաշնակ միջավայրում: Մեր Ամրոցում զարգացնող մասնագետները ստեղծում են անկաշկանդ և ուրախ մթնոլորտ, որտեղ երեխաները խաղի միջոցով կրթվում և զարգանում են»: Կենտրոնում առկա է փոքրիկ գրադարան ռուսերեն, անգլերեն, հայերեն հեքիաթներով ու մանկական հանրագիտարաններով: «Ավազե ամրոց» այցելում են նաև հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներ, օրինակ՝ հիպերակտիվ կամ աուտիզմով փոքրիկներ: Երեխաները խաղում են հիմնականում փայտից և օրգանական այլ նյութերից պատրաստված խաղալիքներով: Օգտագործվում է միայն բիո մշակում անցած հիպոալերգիկ ավազ, որը բոլորովին անվնաս է: Սպորտային սենյակի կահավորանքը նույնպես ամբողջովին պատրաստված է փայտից: Ժամանակ առ ժամանակ կենտրոնում անցկացվում են առանձնահատուկ միջոցառումներ: Օրինակ՝ դինոզավրերին նվիրված մի ամբողջ շաբաթ, երբ երեխաները նկարում էին տիրանոզավրեր ու բրախիոզավրեր, մինչդեռ մասնագետը պատմում էր դրանց ժամանակաշրջանի մասին: Իսկ ծովահենների քվեսթին մի աչքը կապել ու լայնեզր գլխարկներ էին հագել ոչ միայն երեխաները, այլև ամբողջ աշխատակազմը. այդպես գան-

«Ավազե ամրոց» արվեստի դպրոց Հասցե՝ Արամի 80 Հեռախոս՝ 077 118787

8 9

Նոյեմբեր 2017

ձերով լի սնդուկի որոնումները ավելի եռանդուն էին ընթանում: Եթե շատ նախանձեցիք, մի տխրեք. մեկ-մեկ մեծահասակները նույնպես կարող են գալ: Օրինակ՝ երեկոյան ժամերին թելերով նկարչության դասեր են լինում: Կիթառի մեղմ երաժշտության ներքո մասնակիցները սովորում են գունավոր թելերով կրկնել հայտնի նկարիչներից որևէ մեկին: Չնայած այս բացառություններին, «Ավազե ամրոցի» տիրակալներն ու արքունիքը մնում են անփոփոխ՝ օրը բացվելուն պես Ամրոցը գրավում են ուրախ վազվզող փոքրիկները:

Կարինե Ղազարյան


LOFT Room.

Երևանի նոր սենյակը Ինչպես է նորաբաց նստավայրը պատրաստվում կերտել Հյուսիսային պողոտայի ոչ էլիտար դեմքը (և, կարծես, արդեն ճիշտ ուղու վրա է): Պատմում ենք 5 հարց-պատասխանի միջոցով: Ի՞նչ է կատարվում LOFT Room-ում LOFT-ի գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանի կարծիքով՝ երեք տարի առաջ հաջողվեց նոր մշակույթ ստեղծել, և քաղաքին առաջարկել դեռևս անհասկանալի պրոդուկտ: Այժմ էլ Room-ը սկսվեց ոչ ստանդարտ մի ձևաչափով: «Մեր առաջին իրադարձությունը կրում էր «Նվագում է Երևանը» խորագիրը, որը երաժշտական jam-session հանդիպում էր՝ տարբեր գործիքներ, ժանրաշատ երգեր ու հնչյուններ։ Այսպես, ամառն անցկացրինք համերգային իրադարձություններով»։ Իսկ ա՛յ հետաքրքիր event-ների սեզոնն աստիճանաբար մոտենում է: LOFT-ի աշխատանքային թիմը տեմպով սկսում է ստեղծարար մտքեր գեներացնել՝ անձրևոտ օրերին քաղաքաբնակներին «սենյակ» հրավիրելու համար: Կլինեն գրական երեկոներ, ակուստիկ երաժշտություն, կամերային ձևաչափ, վարպետության դասեր… LOFT Room-ի խոհանոցը եվրոպական է, իսկ այս պահին բարը համալրվում է հեղինակային կոկտեյլներով։

Ի՞նչ անել աշխատանքային ցերեկից հետո

Նոր #կոֆեկենտրոնի տեղ Երևանում՝ Loft Room, որը բացվել է արդեն անցյալ դարձած ամառվա շոգ օրերին։ Սակայն «Սենյակը» մեզ քաջածանոթ LOFT-ի տրամաբանական շարունակությունը չէ։ Այն բացելիս «Լոֆթի» ժողովուրդը հաշվի է առել նաև այցելուների «տժժալու» պահանջը։ Ցերեկվա ժամերին այստեղ կարող ես աշխատել, գործնական հանդիպումներ անցկացնել, նեթվորքինգ անել, իսկ մութն ընկնելուն պես… քաղաքի լավագույն բենդեր, համեղ կոկտեյլներ բարում: Եվ Հյուսիսային պողոտան վարակվում է նոր, մի քիչ անծանոթ, սակայն ինտրիգային տրամադրությամբ։ Այստեղ քաղաքն զգում ես բառի բուն իմաստով. օդում փռված լվացք, լյուկեր և արդեն հարազատ դարձած «Երևան» գրությամբ նստարաններ, այն էլ՝ փակօթյա հատվածում։

Ինչպե՞ս վայելել հանգիստը

Ընդարձակ բացօթյա տարածքում կարելի է երեխայի հետ պաղպաղակ ուտելու արագության ռեկորդ սահմանել: Ընկերների հետ վայելել որակով մյուզիք, իսկ զով եղանակին փաթաթվել փափուկ ծածկոցով, տաք թեյ ֆռթացնել ու ծուլանալ ուզածիդ պես։ Room-ում պահպանվել է նաև LOFT-ի սոցիալական տարրը և որոշ լոֆթային սկզբունքներ՝ փակ տարածքում չեն ծխում։

Ո՞րն է առաքելությունը

«Մեր կարծիքով՝ այսօր Սարյան փողոցն ու Կասկադն ունեն իրենց դեմքը, Հյուսիսայինը՝ դեռ ոչ, — ասում է Արևիկը, — մենք նպատակ ունենք կոտրել քաղաքի կենտրոնի գորշությունը, միօրինակությունը և էլիտար թաղամասում մշտական զբոսնող (ոչ էլիտար) երիտասարդներին առաջարկել ժամանցի այլընտրանքային տարբերակ»։

Ո՞ւմ կհանդիպեք այստեղ

Loft Room-ը բոլորի համար է։ Այստեղ հաճախ կարելի է հանդիպել իսկական երևանյան դեմքերի՝ հանրահայտ արտիստներից մինչև վաղեմի ընկերներ, ֆեյսբուքահայերից մինչև պաշտոնյա հայերի, որովհետև սա, ինչպես սիրում են ասել LOFT-ում, քաղաքի մարդկանց սենյակն է։

Արմեն Մուրադյանի


ՔԱՂԱՔԱՄԵՋ Քաղաքից դուրս

Երջանկության ողկույզներ

Մի վաղ աշնանային երեկո ԵՐԵՎԱՆի թիմը տոնում էր հերթական թողարկման տպագրությունը: Շատ շուտով նոր թողարկման մասին բոլորը մոռացան, իսկ բազմաթիվ թեմաների մեջ հատուկ բուռն քննարկումների արժանացավ կոնյակի խաղողի հավաքման պրոցեսը: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ որոշեցինք պարզապես թիմով գնալ ու սեփական աչքերով հետևել պրոցեսին: Մի քանի զանգի արդյունքում պարզվեց, որ հենց այդ օրերին սկսվում է խաղողի բերքահավաքը: Հաջորդ առավոտյան թողեցինք խմբագրությունը և գնացինք:

Մ

եր հետաքրքրասեր խմբագրակազմին օգնության հասավ Land Rover-ը, որը Նարեկ Բախտամյանի նավարկությամբ մեզ պետք է հասցներ Արարատյան դաշտավայրի խաղողի այգիների անծայր օվկիանոսին: Ավտոմեքենան սլանում էր այգիների կողքով: Մի պահ այնքան ենք մոտենում Արարատին, որ մարդու շունչ է կտրվում: Երևանից պոկվելուց մեկ ժամ չանցած՝ հայտնվում ենք ամենագեղեցիկ լեռանը նայող խաղողի այգիների միջև: Տեսարանը տպավորիչ էր: Լռություն, խաղաղություն, այգեքաղի դուրս եկած գյուղացիներ:

10 11

Նոյեմբեր 2017


Խաղողագործ Վարդան Տերտերյանը

***

Չտես զբոսաշրջիկների պես (դա էլ կանք, իհարկե) ուսումնասիրում ենք սքանչելի տեսարանը, նկարվում, ինստագրամի հարմար կադրեր բռնացնում: Ողկույզներից մեկը՝ գեղեցիկ կադրի զոհը դառնալով, պոկվում է: Հո չե՞նք գցելու: Մարդու ուտելն էլ չի գալիս՝ ի վերջո, սա հատուկ նպատակով աճեցված խաղող է, ոչ թե տուրիստների համտեսի առարկա: Իմաստուն որոշում ենք կայացնում: Ողկույզը դնում ենք քիչ խորքում բերքով լցվող բեռնատարի խցիկում: Մեր խմբագիրը խորասուզվում է կանաչ օվկիանոսի մեջ: — Բոնժուղ մըսյե, սավա՞, — հանկարծ հարցնում է խմբագրին գյուղացիներից մեկը, երբ «փրկել պոկված ողկույզը» օպերացիան ավարտվում է: — Հա, մերսի, լավ եմ, — ժպտալով պատասխանում է խմբագիրը: Քիչ անց պարզվում է, որ նույն երկխոսությունը անգլերեն Hello, how are you տարբերակով ունեցել է լուսանկարիչ Առնոսը, երբ անմահացնում էր բերքահավաքի ընթացքը: Մեր խայտաբղետ շորտ-վերնաշապիկ-ֆոտոխցիկներով, արտասահմանցի զբոսաշրջիկների տպավորություն էինք թողել:

Երեվանից պոկվելուց մեկ ժամ չանցած հայտնվում ենք ամենագեղեցիկ լեռանը նայող խաղողի այգիների միջեվ: Լռություն, խաղաղություն...

***

«Տուրիստներով» մտածում ենք, թե կարող ենք տեսնել Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղը, որտեղ պետք է հանգրվաներ հավաքված խաղողը: Մեզ է մոտենում սևազգեստ, ալեհեր, պայծառադեմ

մի տղամարդ՝ խաղողագործ Վարդան Տերտերյանը՝ Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցող 2500 խաղողագործներից մեկը: խաղողագործությամբ զբաղվել է մանկուց: Հայաստանում շարունակում է 1946թ. Պարսկաստանից հայրենադարձված ծնողների գործը: Մեր «տուրիստական» խմբով շրջապատված խաղողագործը հաճույքով պատմում է, թե իր ինչ երջանկություն է պարգևում իր աշխատանքը: «Մեր ընտանիքն է տնկել այս տնկիները, այգուց ստացած բարքով հպարտանում ենք: Հողը սեփական քրտինքով պետք է ոռոգես: Ցանկացած աշխատանքում է այդպես, մեր դեպքում՝ բառացիորեն: Առանց աշխատանքի


ՔԱՂԱՔԱՄԵՋ Քաղաքից դուրս

«Պետք է հողիդ տեր կանգնես, աճեցնես: Եվ սա բոլորիս հողն է, արդյունքն էլ՝ բոլորինս»: Մի քանի ժամից Վարդան Տերտերյանի բերքը կհասնի Այգավան չկա կյանք: Եթե աշխատես, բոլորն էլ քեզ կսիրեն: Եվ այդպես էլ կա, երջանիկ եմ, որ մեր ջանքերը բարձր են գնահատվում: Աշխատում եմ Երևանի կոնյակի գործարանի հետ: Չեք պատկերացնում, թե որքան ոգևորող է նրանց հետ ամեն մի շփումը: Ու այսպես արդեն քսան տարի, հուսով եմ, մեր համագործակցությունը դեռ տասնամյակներ կշարունակվի»: Շարունակելով մնալ զարմացած-զբոսաշրջիկների դերում, հարցնում ենք, թե ինչ՞ զգացողություն ունեն մարդիկ, ովքեր ամեն օր աշխատում են Արարատին այսքան մոտ: Մի՞թե այս պատկերը կարող է սովորական դառնալ: «Ոչ, աշխատելիս միշտ զգում եմ նրա գերբնական ձգողությունն ու վեհությունը: Սա մեր հողն է, պետք է հողիդ տեր կանգնես,

12 13

Նոյեմբեր 2017

Բերքի ընդունումը՝ Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում


Գործարանի աշխատակիցները ոչ աշխատանքային օրերին մասնակցում են բերքահավաքին

մշակես այն: Որդիս՝ Աշոտը, օգնում է ինձ: Ստացած արդյունքն էլ՝ բոլորինս է»: Մի քանի ժամից Վարդան Տերտերյանի բերքը՝ չորս տոննա, կհասնի Այգավան:

***

Գործարանի մասնաճյուղի շրջակայքում տասնյակ բեռնատարներ սպասում են կշեռքին մոտենալու իրենց հերթին: Նախ, խաղողով լի բեռնատարը կանգնում է կշեռքին, դատարկում ունեցած-չունեցածը խաղողի հենց այդ տեսակի համար նախատեսված համապատասխան բունկերում (հիպնոսացած նայում ենք, թե ինչպես է մեխանիզմը մաղում տանում խաղողը): Վերջում արդեն դատարկված մեքենան նորից է կանգնում ու այդպես ճշտվում է բերված բերքի քաշը: Մեր առաքելությունը կատարված է. մենք սեփական աչքերով տեսանք, թե որտեղից է ծնվում կոնյակը: Պատրաստվոմ ենք հեռանալ ու հանկարծ նկատում ենք կանաչ շապիկներով մի քանի տասնյակ երիտասարդների, որոնք դուրս են գալիս մասնաճյուղի

տարածքում գտնվող խաղողի այգիներից: Պարզվում է՝ գործարանի աշխատողներն են, որոնք այս օրերին գալիս մասնակցում են բերքահավաքին: Թվում է, թե ո՞վ է խելագարվել այն աստիճան, որպեսզի շաբաթ օրով, առավոտ կանուխ թողնի քաղաքն ու ծանր ֆիզիկական գործով զբաղվի: Բայց այսօր մենք հասկացանք, թե որքան ջերմացնող կարող է լինել խաղողի ողկույզների հետ շփումը… Երջանկության ողկույզները չեն հոգնեցնում, երջանկացնում են:

***

Առնոսը վերջին կադրերն է անում, և մեր քառանիվ նավը սլանում է դեպի հարազատ ափեր՝ հաջորդ տարի անպայման վերադառնալու ակնկալիքով:

Արեգ Դավթյան Առնոս Մարտիրոսյան


ՀՌՀ-20 Սկզբունք

7

արժեք

Հայ-ռուսական համալսարանի բազմահազարանոց համայնք-ընտանիքը ձևավորվել և ապրում է մեկ և ընդմիշտ ընտրված Արժեքներով, որոնց գիտակցումը և տարածումը համալսարականները համարում են իրենց կարևորագույն առաքելություններից: Ներկայացնում ենք այդ Արժեքները հեղինակային ձևակերպմամբ:

2

Արդարություն

Հասարակության մեջ Արդարությունը առաջընթացի անհրաժեշտ պայման է: Միայն արդար հասարակությունն է, որ մոտիվացված է դեպի նորարարական զարգացում: Անարդարությունը քանդում է ինովացիաների ինստիտուցիոնալ և մարդկային հիմքը: Ինովացիաների տարածքը Արդարության տարածքն է: Մենք բոլորի համար հավասար պայմանների կողմնակից ենք: Սոցիալական անհավասարությունը կարող է ծառայել որպես զարգացման համար անհրաժեշտ խթան, միայն եթե այն ունի արդար հիմքեր: Մենք կողմնակից ենք սոցիալական աստիճաններով նրանց վերելքին, ով ավելի լավ է կրթված, ով ավելի շատ ու որակյալ է աշխատում: Մենք ժխտում ենք այլ փաստարկների հիման վրա այդ աստիճաններով բարձրացող տգիտությունը: Մենք պատասխանատվության կողմնակից ենք. որքան բարձր է տվյալ մարդու հասարակական աստիճանը, այնքան մեծ պետք է լինի նրա պատասխանատվությունը:

14 15

Նոյեմբեր 2017

1 Ակադեմիական ազատություն

Ազատությունը գերագույն արժեք է: Ոգու, Անձնային, Մտածողության, Ընտրության, Իմացության, Ստեղծագործության Ազատություն: Թվարկված ազատությունների համադրումը, սիմբիոզը Ակադեմիական Ազատությունն է՝ զուրկ դոգմատիզմից: Անգամ առանց այն ընդունելու պարտադրանքի: Ազատություն, որը տանում է գիտական ճշմարտության: Ազատություն, որը դրական էներգիա է գեներացնում բարի գործերի համար: Ստեղծելու և արարելու Ազատություն: Սեփական ճակատագիրը կերտելու Ազատություն: Ազատություն, որը սահմանափակվում է միայն բարձրագույն պատասխանատվության գիտակցմամբ՝ ինքներս մեր, հասարակության, երկրի, աշխարհի, Տիեզերքի նկատմամբ:

3 Արժանապատվություն

Մարդը և նրա Արժանապատվությունը մեծագույն Արժեք է: Հիմքն է ցանկացած դրական շարժի: Հիմքն է Հանրության Արժանապատվության, որը գիտակցում է սեփական քաղաքակրթական արժեքները և պատրաստ է դրանցով կիսվելու աշխարհի հետ: Ոչ մի գլոբալիզացիա չի կարող խանգարել համաշխարհային ժառանգության մեջ սեփական արժեքների ներմուծմանը: Մենք բարձր ինքնագնահատման կողմնակից ենք, բայց նաև բաց ենք այլ մշակույթների և ավանդույթների համար, հարգում ենք դրանք, կողմ ենք Մշակույթների երկխոսությանը: Հավասարը հավասարի հետ սկզբունքով: Արժանապատվությամբ: Առանց պարծենկոտության: Առանց գոռոզության: Աեփական Արժեքների Բարձրագույն գիտակցությամբ:


4 Իմացություն եվ անհատականության զարգացում

Իմացությունը կյանքի ամենահետաքրքիր գործընթացն է, որի ընթացքում մենք ինքնադրսևորվում ենք և աճում: Այս գործընթացն անսահման է, և համալսարանական կրթության նպատակն է սկիզբ դնել այդ հիասքանչ Անսահմանությանը: Գիտելիքը վերջնական տեսք չունի: Այնտեղ, որտեղ գիտելիքը կանգ է առնում, այն մահանում է: Գիտելիքը մշտապես կարիք ունի թարմանալու: Կա մի շատ գեղեցիկ հասկացություն՝ lifelong learning՝ Իմացություն կյանքի երկայնքով: Հենց սա է ինքնազարգացման բանալին: Իմացության բարձրագույն աստիճանը ինքնաճանաչումն է, ինչը և ապահովում է Անհատականության զարգացումը:

6 Սեր

Մենք ստեղծել ենք և շարունակում ենք ստեղծել մեր ընտանիքը Սիրո հիման վրա, միմյանց նկատմամբ, Գաղափարի նկատմամբ, երկրի, Երկրագնդի, Տիեզերքի նկատմամբ: Այս ընտանիքը ստեղծվել և ապրում է Սիրո շնորհիվ և հանուն Սիրո: Իրար նկատմամբ Սիրո դրսևորումը առաջնային է ստեղծարար համայնքների համար: Հնարավոր չէ ստեղծել որևէ արժեքավոր կամ կարևոր բան առանց Սիրո: Չի ստացվի: Իսկական Սերը անձնվիրում է: Մենք վտարում ենք նախանձը, մենք վտարում ենք արհամարհանքը, մենք վտարում ենք երեսպաշտությունը, մենք կանչում և հաստատում ենք Սերը: Մենք գիտակցում ենք, որ այս աշխարհում մենք ամենակարևորը չենք, բայց և վերջինները չենք. մենք հավասար ենք, բայց և ուժեղ ենք հենց այն պատճառով, որ սիրում ենք և կսիրենք Տիեզերքը, Երկիր մոլորակը, երկիրը, Գաղափարը և միմյանց:

5 Համերաշխություն

Մենք պետք է սովորենք դառնալ երջանիկ, դնել ընդհանուր նպատակներ և հասնել դրանց: Դրանցից կարևորն է՝ ստեղծել երջանիկ հասարակություն: Դրան կարելի է հասնել միայն Համերաշխությամբ: Իրար վերաբերվել Բարությամբ, պատրաստ լինել փոխօգնության, միմյանց աջակցության՝ սա է կենսահաստատ փիլիսոփայությունը: Ազատ մարդիկ հավասար են: Ազատ, հավասար մարդիկ մրցակից չեն միմյանց, նրանք փոխլրացնում են իրար: Միակ պարտավորությունը և պատիվը, որն ունենք միմյանց նկատմամբ՝ իրար աջակցելն է, նպաստելն է մերձավորի երջանկությանը: Մենք կարող ենք լինել ավելի բարձր և ավելի մեծ՝ միայն փոխլրացնելով միմյանց, միայն նպաստելով միմյանց երջանկությանը, ստեղծելով Երջանիկ հասարակություն:

7 Ստեղծարարություն

Ստեղծարարությունը իսկական Իմաստ է հաղորդում կյանքին: Մարդու նախախնամությունն է հարստացնել աշխարհը սեփական ստեղծարար ուժով: Մենք ազատ Ստեղծագործության կողմնակիցն ենք: Առանց ավելի ուժեղների սպասումներին հարմարվելու: Մենք կողմնակից ենք լինել, այլ ոչ թե թվալ: Ստեղծագործությունը ստանում է հսկայական ուժ, երբ հիմնված է գրագիտության վրա: Իսկական ստեղծագործությունը չի ակնկալում ծափեր և չի գնում դրանց ետևից, այլ ուղղորդում է մեզ այնպիսի տարածություններ, որտեղ մենք դեռ չենք եղել՝ դրանով իսկ նպաստելով մեր աճին: Ստեղծարարը միշտ բարի է, նա ժամանակ չունի շեղվելու մանր շահերի վրա: Նրա ստեղծագործական որոնումները համամարդկային հոգևոր ստեղծարարության շարժիչն են: Իր կատարելության մեջ Ստեղծագործության առավել գեղեցիկ արդյունքը հենց ինքը Կյանքն է:


ՀՌՀ-20 Ինֆոգրաֆիկա

ԹՎԵՐ ԵՎ ՓԱՍՏԵՐ

1997

օգոստոսի 29

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվում է համաձայնագիր՝ Երևանում Հայ-ռուսական համալսարանի հիմնման մասին:

1999 փետրվար

2000 2001 Արմեն Դարբինյանը ընտրվում է ՀՌՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ

2004

հոկտեմբերի 15

16 17

Նոյեմբեր 2017

նոյեմբերի 1

Արմեն Դարբինյանը նշանակվում է ՀՌՀ ռեկտոր:

Երախտագիտության այգու հանդիսավոր բացումը:

ՀՌՀ-ի առաջին ուսանողների դասերի մեկնարկը Նելսոն Ստեփանյանի անվան #71 դպրոցում

1999

սեպտեմբերի 15 Հայ-ռուսական համալսարանի հանդիսավոր բացումը Առաջին ռեկտոր՝ Լևոն Մկրտչյան:


2005 փետրվարի 17

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների (Վարդան Օսկանյան և Սերգեյ Լավրով) ներկայությամբ ՀՌՀ Մշակույթի տան բացումը:

2009

սեպտեմբերի 1

Սպորտային համալիրի և համալսարանին կից «Ուսմունք» դպրոցի բացումը

2012

ՀՌՀ 5 ինստիտուտների ստեղծումը

ԹՎԵՐ Մասնագիտություն

1999 7 2017 70 —

— -ից ավելի կրթական ծրագրեր (բակալավրիատ, մագիստրատուրա, սպեցիալիտետ)

Գիտա-մանկավարժական կազմը

Համալսարանի տարածքի մակերեսը՝

586 286

Ընդհանուր թիվը –

2004-2017թթ

7093

ՀՌՀ դիպլոմ ստացել է

շրջանավարտ

Դասամիջոց Սովորական՝

10 րոպե, ամենաերկարը՝ 30 րոպե

7

89 68 143

գիտության դոկտոր

ակադեմիկոս

գիտության թեկնածու

Ամենամարդաշատ կուրսը 2017թ՝ կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա

56

պրոֆեսոր

դոցենտ

20

տարիների ընթացքում մեծ քանակությամբ դիմորդները

2016թ.՝

1129

դիմորդ

Միջազգային հարաբերություններ

Ուսանողներ

1999 249 2017 2940

2016

Գիտության և տեխնոլոգիաների կենտրոնի բացումը

ՀՌՀ-ն ընդգրկվել է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 2018թ. վարկանիշային աղյուսակում, որը միավորում է տարածաշրջանի

250

լավագույն բուհերը Օտարերկրյա ուսանողների թվով ՀՌՀ-ն տարածաշրջանում

27778 ք.մ. 9-րդն է

176 գործընկեր

7

41

երկրից

Անդամություն ասոցիացիաներում

29

2014-17թթ ընթացքում ՀՌՀ-ից այլ երկրներում ուսումը շարունակել են

50 11

ուսանող

երկրում

դրամաշնորհային ծրագիր (այդ թվում՝ Erasmus Mundus, DAAD, Visegrad Foundation և այլն)


ՀՌՀ-20 Իրադարձություն

Տոնական միջոցառումներ Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 15-ին Հայ-Ռուսական համալսարանում տոնվում է Բուհի օրը. այդ օրը պատահական չի ընտրված. 1999 թվականի սեպտեմբերի 15-ին կայացավ hամալսարանի հիմնական մասնաշենքի բացումը: Ահա, թե ինչպիսին էր ՌԱՈւ-ի տոնը այս տարի:

Տարվա մարդիկ

Ավանդույթի համաձայն՝ սեպտեմբերի 15-ին համալսարանը հանձնում է «Տարվա Մարդ» մրցանակները: Հոբելյանական տարում մրցանակի արժանացել են. գիտության ոլորտում՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արամ Պապոյանը, թատերական արվեստի ոլորտում՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արմեն Խանդիկյանը, երաժշտության ոլորտում՝ կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, գեղանկարչության ոլորտում՝ ՀՀ Վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը, լրագրության ոլորտում՝ «Հայեր» Համահայկական մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը, սպորտի ոլորտում՝ Ունիվերսիադայի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը: «Դիվանագիտական աջակցություն» անվանակարգում Տարվա Մարդ է ճանաչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր Դեսպան Իվան Վոլինկինը:

18 19

Նոյեմբեր 2017

Նախագահի շնորհավորանքը

Սեպտեմբերի 15-ին ՀՌՀ-ում կայացավ Գիտական խորհրդի Հանդիսավոր նիստ՝ նվիրված Համալսարանի 20-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ելույթում Սարգսյանը մասնավորապես նշել է. «Իր հիմնադրման առաջին իսկ տարիներից համալսարանը դարձել է մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում լավագույններից մեկը: Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք այսօր մեկ անգամ ևս հիշել համալսարանի առաջին ռեկտոր, երջանկահիշատակ Լևոն Մկրտչյանին, ով հսկայական վաստակ ունի նորագույն ժամանակաշրջանում հայ-ռուսական բարեկամությունը ամուր պահելու շնորհակալ գործում: Ուրախ եմ, որ համալսարանը տարիների ընթացքում ամրացավ, առնականացավ և այսօր էլ շարունակում է մնալ մեր լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում: Ուրախ եմ, որ այսօր համալսարանում առկա է գիտելիքի կարոտ և գիտելիքը գնահատող ուսանողություն, բանիմաց պրոֆեսորադասախոսական կազմ և հմուտ ու մեծ մասնագիտական և քաղաքական ուղի անցած ղեկավարություն»:


Ռուսական պատվիրակության այցը

Պարգևատրում

Համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ արժանացան պետական պարգևների: ՀՌՀ ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I-ին աստիճանի շքանշանով: Անանիա Շիրակացու մեդալին արժանացան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մաթեմատիկայի ու մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Հայկ Ղազարյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մաթեմատիկայի ու մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Գառնիկ Կարապետյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Բոնդարենկոն: Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմինե Սիմոնյանը պարգևատրվեց Մովսես Խորենացու մեդալով: ՀՌՀ պրոռեկտոր, Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գագիկ Սարգսյանը պարգևատրվեց Երախտագիտության մեդալով: Ռեկտորի գլխավոր խորհրդական Արտավազդ Մելկիկյանը պարգևատրվեց «Աշխատանքային վաստակի համար» մեդալով: «Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան» պատվավոր կոչում շնորհվեց քրեական և քրեական դատավարության ամբիոնի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Սերժիկ Ավետիսյանին: Համալսարանի 20-ամյա Հոբելյանի կապակցությամբ ՀՀ Վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին համալսարանի կառավարման, բիզնեսի և զբոսաշրջության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Արզիկ Սուվարյանը, ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, պորֆեսոր Հայկ Սարգսյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Էմմա Եղիազարյանը:

Ռուսաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնական այցի շրջանակում, երկու երկրների նախարարներ Օլգա Վասիլևան և Լևոն Մկրտչյանը այցելել են Հայ-ռուսական համալսարան: Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ նրանք շրջել են համալսարանում, ծանոթացել լաբորատորիաներին և հետազոտական աշխատանքների համար նախատեսված բոլոր պայմաններին: Այնուհետև նախարարները ներկա են գտնվել համալսարանում ընթացող ռուսաց լեզվին նվիրված գիտաժողովի փակման նիստին: Բացի այդ, այցի շրջանակում Ռուսաստանի ԿԳ նախարարության պարգևներ են շնորհվել ՀՌՀ երկու աշխատակիցներին. Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն Նինա Կևորկովային շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության կրթության ոլորտի պատվավոր աշխատակից» կոչումը, իսկ Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժնի ղեկավար Գայանե Ասլանյանն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության պատվոգրի»: Բացի այդ, Համաշխարհային պատմության և արտասահմանյան շրջանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Երվանդ Մարգարյանը և կադրերի բաժնի ղեկավար Միխայիլ Սարկիսովն արժանացան Հայաստանի կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալների:

ՀՌՀ լավագույնները

Հոբելյանական միջոցառումների շրջանակում բուհում կայացավ նաև ՀՌՀ լավագույն աշխատակիցների և ուսանողների պատվոգրերի և մեդալների հանձնումը. ՀՌՀ գլխավոր հաշվապահ Տիգրան Գևորգյանը ստացավ համալսարանի ոսկե մեդալ: «Տարվա լավագույն դասախոս» մրցանակները տրվեցին Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի դասախոս Ելիզավետա Դանիելյանը, Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի դոցենտ Էլինա Ասրիյանը, Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի դոցենտ Աշխեն Հովհաննիսյանը, Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի դոցենտ Իրինա Պետրոսյանը, Հումանիտար գիտությունների ինստիտուտի դոցենտ Լիանա Պետրոսյանը: «Հավատարմություն ՀՌՀ ավանդույթներին» անվանակարգում պարգևատրվեց ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գայանե Ասլանյանը, «ՀՌՀ լավագույն ադմինիստրատիվ աշխատակից» ճանաչվեց Ուսումնական մասի գլխավոր մասնագետ Զարուհի Ստեփանյանը, իսկ «Հաջողության պատմություն» անվանակարգի հաղթող ճանաչվեց ՀՌՀ շրջանավարտ, ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Մարթա Մելիքսեթյանը: «Տարվա ընտանիք» մրցանակը հանձնվեց ՀՌՀ աշխատակիցներ Արման Թարջումյանի և Հայարփի Խաչատրյանի ընտանիքին: Մյուս մրցանակները. «ՀՌՀ լավագույն ասպիրանտ»՝ Դավիթ Բաղդասարյան, «Տարվա լավագույն ուսանողներ»՝ Միլենա Սարգսյան («Իրավաբանություն»), Թամար Հակոբյան («Լրագրություն»), Միքայել Խաչատրյան («Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա»), Քրիստինա Հայրապետյան («Մենեջմենթ»), Դավիթ Գրիցենկո («Արտասահմանյան շրջանագիտություն»): Հատուկ նշվել են նաև «Տարվա լավագույն մարզիկներ» Լուիզա Մելքոնյանը («Գովազդ և հանրային կապեր») և Կոնստանտին Յայլոյանը («Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա»):

Արեգ Դավթյան ՀՌՀ


ՀՌՀ-20 Իմ Երևան

Արմեն Դարբինյան.

«Քաղաքին հարկավոր է պահանջատեր ու գրագետ քաղաքացի» Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ծնվել է Գյումրիում, անձնագիրը ստացել Երևանում, սովորել Մոսկվայում, գիտակցաբար վերադարձել է հայրենիք ու եղել երկրի վարչապետը: Արմեն Դարբինյանը հիշում է 80-ականների Երևանը, պատմում տրամվայների, Փակ շուկայի դիմացն աշխատող «պեռաշկիանոցի», Հյուսիսային պողոտան կառուցելու որոշման մասին, ինչպես նաև պատմում իր՝ Երևանում փոքրիկ կղզի ստեղծած համալսարանի մասին:

20 21

Նոյեմբեր 2017


Մանկության առաջին ու ամենագեղեցիկ հատվածն անցկացրել եմ Գյումրիում: Այն ժամանակ դեռ Լենինական էր կոչվում: Ինձ լեննականցի եմ համարում:

ժամանակ չկար: Բոլորս մի բակում էինք ապրում: Երևանը կլանային սկզբունքերի անցավ: Բակային մշակույթը կորցնելով՝ Երևանն ենք կորցնելու, մենք դրա ճանապարհին ենք:

Երևանը նախ սիրում եմ որպես մեր երկրի մայրաքաղաք՝ գլխավոր քաղաք: Երևանին նույնչափ տիրոջ զգացումով եմ վերաբերվում:

Մեր Հանրապետության հրապարակը ինքնին ձևավորում է մեր տեսադաշտն ու վերաբերմունքը քաղաքի ու երկրի նկատմամբ: Այն մեր երկրի և քաղաքի մասշտաբի ցուցանիշն է: Աշխարհի ամենազարգացած, հայտնի ու հարուստ քաղաքներում, գուցե, նմանօրինակ հրապարակ չտեսնեք՝ լայն ու դրական իմաստով ամբիցիոզ: Հրապարակը տրամադրում ու ծրագրավորում է մեզ լինել հզոր քաղաք ու հզոր երկիր: Այս հրապարակի ստեղծողների գաղափարը հենց սա է՝ նույնիսկ հարյուր տարի անց ստիպել մեզ գիտակցել հզոր երկրի հզոր մայրաքաղաք ունենալու պատասխանատվությունը: Ցավում եմ, որ շատ դեպքերում կորցնում ենք այդ պատասխանատվությունը: Պետական ծառայությանս ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի դա այդպես լինի:

1975 թվականին ընտանիքով Երևան տեղափոխվեցինք. հինգերորդ դասարանում էի: Բնակվում էինք Կոնդում՝ քաղաքի կենտրոն, բնիկ երևանցիներ: Սովորում էի Շևչենկոյի անվան դպրոցում: Ես՝ իմ լենինականյան ծագումնաբանությամբ, եկա ու անմիջապես հայտնվեցի կոնդեցիների հետաքրքիր մթնոլորտում: Կոնդեցիների շրջապատում այդքան էլ հեշտ չէր գոյատևել ու ապացուցել կյանքիդ բարգավաճման իրավունքը: Կարծես թե հաջողվեց: Դեռ մինչև Երևան տեղափոխվելը հաճախ էինք գալիս մայրաքաղաք: Գյումրիում ամառներն այսքան շոգ չեն լինում: Փոքր ժամանակ, երբ ամառային արձակուրդներին մեր ազգականների մոտ էինք գալիս, Երևանն ինձ համար աշխարհի ամենաշոգ վայրն էր: Իմ պատկերացմամբ Երևանը սկսվում էր Փակ շուկայից, Պատմության թանգարանից ու Կապույտ մզկիթից: Դպրոցական տարիներին, երբ դասերից փախչում էինք, միշտ այնտեղ էինք գնում: Փակ շուկայի դիմացը 8-կոպեկանոց «պեռաշկիներ» էին վաճառում: 10 կոպեկը տալիս էինք՝ մանր չկար: Մեր սերնդից ով ստամոքսային խնդիր ունի, իմացեք, որ հենց այդ կարկանդակների պատճառով է: Ինձ վրա մեծ տպավորություն էր թողել տրամվայը. այն ինձ համար առանձին մի երևույթ էր: 7 համարի տրամվայ էի նստում Կոմիտասից, որտեղ տուն էինք վարձակալում, ու իջնում էի Պրոսպեկտի շուկա: Սովետական տրամվայներ էին, բայց այսօրվա պես էր. տրանսպորտային հարցը լուծված չէր, ու հատկապես պիկ ժամերին մարդիկ պարզապես կախված էին տեղափոխվում: Հետագայում Արաբկիրի թաղամասում բնակարան ստացանք: Հիշում եմ 24 համարի ավտոբուսը. Ազատության պողոտայից կրկին դեպի Պրոսպեկտի շուկա էր իջնում: Ու կրկին ավտոբուսը բազմամարդ էր, թվում էր, թե Մոնումենտի ճանապարհին չի դիմանա: Մոնումենտը՝ Հաղթանակի զբոսայգին, ինձ համար շատ կարևոր էր: Այնտեղ ենք կայացել, այնքան կռիվ ենք արել՝ ծեծել, ծեծվել: Անտառների հատվածը, այգին, լիճը՝ մեծ մասն այսօր չկա: Ցավոք սրտի, այնպիսի տպավորություն է, թե այն ամենը, ինչ սիրել եմ Երևանում, էլ չկա՝ տրամվայը, շուկան, Մոնումենտն ու հարակից անտառը: Անձնագիրս Երևանում եմ ստացել: Բայց կենսագրությունս այնպես ձևավորվեց, որ Երևանում ընդամենը հինգ տարի ապրեցի: Տասներորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեցի Մոսկվայի պետական համալսարան: Սովետական տարիներին Գյումրին իր ուրույն տեղն ուներ, այնտեղից դեպի Մոսկվա ուղիղ չվերթներ կային: Ու Մոսկվայում գյումրեցիների ու երևանցիների առանձին շրջապատներ կային, միմյանց հետ մտերիմ չէին: Ես նրանց կապող օղակն էի: Մոսկվայում հինգ տարի համալսարանում սովորեցի, հետո՝ երեք տարի ասպիրանտուրայում: Այնուհետև մնացի այնտեղ աշխատելու: 1992 թվականի վերջին վերադարձա Երևան՝ արդեն որպես պետական ծառայող: Բնազդով ու գիտակցական ընտրությամբ վերադարձա արդեն ազատ ու անկախ Հայաստանի մայրաքաղաք: Հենց այդպես էի ուզում տեսնել Երևանը՝ նորաստեղծ պետության մայրաքաղաք: Կարծում եմ՝ 80-ականների Երևանը շատ ավելի էր բնակավայր հիշեցնում, քան մերօրյա քաղաքը: Կար բակային մշակույթը, միմյանց օգնելու միտումը, իրարից ոչինչ չէինք ուզում թաքցնել, ավելի բաց էինք: Այսօր հարուստների ու աղքատների թաղամասեր կան, ինչն այն

Հյուսիսային պողոտան կառուցելու որոշումն առաջին անգամ հենց ինձ մոտ է քննարկվել: Այդ ժամանակ երկրի վարչապետն էի: Իմ օրոք է նախագիծը հաստատվել, նախագծի ջատագովներից էի, սակայն՝ բացարձակ այլ լուծումներով: Շատ եմ ցավում, որ Հյուսիսային պողոտան այսօր այս տեսքն ունի՝ նման բանի տակ երբևէ չէի ստորագրի ու չեմ էլ ստորագրել: Հյուսիսային պողոտան նախատեսված էր դառնալու Երևանի սիրտը, արվեստը, շնորհքը, մշակույթը ցուցադրող, առավելագույնը երկհարկանի շենքերով, թանգարաններով, մշակութային փոքրիկ օջախներով մի ճեմուղի: Երբեք չէի մտածում, որ բնակարանային անիմաստ ու տգեղ շինարարություն է իրականացվելու: Պետական ծառայությունից դուրս գալուց հետո, անցնելով ակադեմիական կյանքի, հայտնվեցի մի տարածքում, որ պետք է նորովի ստեղծվեր ու կառուցվեր՝ ոչ միայն շենքի, շինությունների իմաստով, այլ նաև մթնոլորտի: Համալսարանի տարածքն անապատացած էր, հին շինարարական աղբ էր կուտակված, շենքն էլ սարսափելի վիճակում էր: Հիմա, փառք Աստծո, կարելի է ասել, որ համալսարանը Երևանի ամենախնամված շենքերից է ու գտնվում է ամենականաչ տարածքներից մեկում: Զբաղվում ենք շարունակական շինարարությամբ. հանձեցինք դպրոցի համար նախատեսված երկու մասնաշենք, սպորտային համալիր, ֆուտբոլի դաշտ, համալսարանի նոր մասնաշենք: Այս ամենն անում ենք բոլոր ամենաբարձր, այդ թվում նաև էկոլոգիական չափանիշներին համապատասխան: Համարում եմ, որ եթե նոր սերունդ ենք կրթում ու պատրաստում, պետք է նրանց լավագույն հնարավորւթյուններն ու տարածքը տանք, որ կարողանան վայելել: Քաղաքին հարկավոր է պահանջատեր ու գրագետ քաղաքացի, հակառակ դեպքում ունենք այն, ինչ ունենք՝ անտառների ոչնչացում, անապատացում, բարբարոսական վերաբերմունք քաղաքի նկատմամբ: Սիրտս ցավում է այդ ամենի համար, քաղաքով զբոսնելիս այլևս հաճույք չեմ ստանում, արտասահմանցի հյուրերին փորձում եմ միանգամից քաղաքից դուրս տանել՝ բնությունը վայելելու: Պետք է կարողանանք բնությունը հետ բերել Երևան: Նա, ով դա կանի, հերոս կդառնա: Ցավում եմ, որ մարդկանց հետ անհետանում է քաղաքի ոգին: Ավագ սերունդը մեզ լքում է, նոր սերունդը շատ բան չի տեսել: Բայց այնքան եմ ոգևորվում, օրինակ, երիտասարդների էկոլոգիական շարժումներով՝ բարձրացրած հարցերով, պայքարով, միշտ փորձում եմ սատարել նրանց: Բնակարանիս պատուհաններից Մասիսն է երևում, համալսարանի պատուհաններից՝ Արագածը, երբեմն զրուցում ենք: Ամենալավ օրն է ինձ համար, եթե Մասիսը տեսանելի է: Մյուս պատուհանից Մատենադարանն է, պատկառանք եմ տածում այդ շինության և դրա առաքելության հանդեպ. մեր ազգի ամենաբարձր արժեքներից է: Մյուսից Մայր Հայաստանն է. կուզենայի, որ մեր երկրին մոր նման վերաբերվեինք: Պիտի գիտակցենք դա. ճառեր ու կենացներ ասելը հեշտ է, ամենօրյա գործողություններով ապացուցելն ու հենց այդպես ապրելը՝ այլ բան: Հիասքանչ երիտասարդություն ունենք, որ մեզ թույլ չի տալիս հոռետես լինել:

Լենա Գևորգյան Բիայնա Մահարի


ՀՌՀ-20 Ֆոտոպատմություն

Մի օր համալսարանի կյանքից Դասախոսություններ, լաբորատոր ժամեր, բասկետբոլ, ընդմիջումային այցելություններ մոտակա կրպակ, շփում այգում. մեր խցիկը ֆիքսել է Հայ-ռուսական համալսարանի ուսանողների ամենասովորական օրվա անցուդարձը:

↑ Լաբորատոր աշխատանքներ

← ՀՌՀ ուսանողները, ովքեր ծառայություն են անցնում բանակում

22 23

Նոյեմբեր 2017


↑ Ֆիզկուլտուրայի դասաժամը՝ մարզահամալիրում


ՀՌՀ-20 Ֆոտոպատմություն

↓ Համալսարանի տարածքում բացօթյա շփման համար կան բազմաթիվ հարթակներ

24 25

Նոյեմբեր 2017


↓ Երկար դասամիջոցի ընթացքում

↑Երաժշտական ակումբի աղմկոտ հավաքը

↓ Համալսարանական բուֆետում

Բիայնա Մահարի


ՀՌՀ-20 Ուղեցույց

Համալսարանի հանրային տարածքները Կարող ես սովորած չլինել Հայ-ռուսական համալսարանում, քեզ կարող է ոչինչ չկապել լսարանների ու ամբիոնների հետ, բայց միևնույնն է՝ համալսարանի տարածքում դու քեզ զգում ես ինչպես տանը. ՀՌՀ-ն միշտ հարևանություն է անում ու հյուրընկալում համաքաղաքացիներին։ Բոլորի համար բաց մարզահամալիրի, այգու ու գրադարանի մասին պատմում է համալսարանի ուսանող և թաղի բնակիչ Անի Բարսեղյանը։

26 27

Նոյեմբեր 2017

Այգի

Արդեն 11 տարի է՝ Հայ-ռուսական համալսարանի մոտ եմ ապրում, իսկ 2012-ին եկա որպես դիմորդ։ Շատ շուտով համալսարանի սիրածս տեղը դարձավ այգին, որտեղ հավաքվում էինք ընդունելության քննություններից հետո ու քննարկում պատասխանները։ 2004-ին բացվեց Երախտագիտության այգին, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների փոխադարձ երախտագիտությունը: Այն իսկական օազիս է ամբողջ թաղամասի համար: Ջուր ու կանաչ գոտի՝ չոր-ցամաք շենքերի արանքում։ Մեր ցայտաղբյուրից երեկոյան ու արձակուրդներին հանգիստ կարող ես ջուր խմել, իսկ դասերի ժամանակ, հատկապես դասամիջոցներին, պիտի զինվես համբերությամբ ու ջրի հերթ կանգնես: Պուլպուլակի մոտով որ անցար՝ այգու մուտքն է: Օդում ծածանվում են Հայաստանի, Ռուսաստանի ու Հայ-ռուսական համալսարանի դրոշները: Այստեղից ձախ ծառուղին տանում է դեպի ամֆիթատրոն, աջը՝ շատրվանի մոտ ու այգու խորքերը: Եթե ծառուղու կեսից թեքվես դեպի կամրջակ, կտեսնես սիրահարների նստարանը, որտեղից տպավորիչ մայրամուտ է երևում (ոչ, ինքս այդ կարգավիճակում նստարանից դեռ չեմ օգտվել, բայց մայրամուտի գեղեցկությունը, միևնույն է, գնահատել եմ)։ Քարե կլոր ամֆիթատրոնը, որն ուսանողները «Կոլիզեյ» են անվանում, հաճախ է վերածվում միջոցառումների անցկացման հարթակի: Տաք ամիսներին այստեղ կազմակերպում են համերգներ, պոեզիայի օրեր, համալսարանի հայտնի հյուրերի հետ հանդիպումներ: Ամֆիթատրոնի հետևի անխնամ տարածքը ուսանողներն ու շրջակայքի երիտասարդները «զակըլ» են անվանում («за Колизеем» — «Կոլիզեյի հետևում»): Դա համալսարանական այգու անդրգրաունդն է, որտեղ ստեղծագործող, ըմբոստ դեռահասներն իրենց ազատությունն են վայելում: Առավոտյան ու երեկոյան, երբ շոգն ու ուսանողների հոսքը նահանջում են, շատանում են զբոսանքի դուրս եկած շրջակայքի բնակիչները: Ծնողները զբոսնում են իրենց փոքրիկների հետ, ավելի մեծ երեխաները զբոսանքի են հանում ընտանի կենդանիներին։ Երբեմն էլ կարող ես տեսնել համալսարանական ազատ վայֆայը բռնած ու էկրանների մեջ խորացած երիտասարդների։


Մարզահամալիր

Համալսարանին մոտենալուն պես առաջինը մեծ ու գունավոր շենքն ես տեսնում։ Մեր մարզահամալիրն է, այն ոչ միայն մեր ուսանողներին ու աշխատակիցներին, այլև հանրությանն արդեն ութ տարի առողջ ապրելակերպ վարելու ևս մեկ հնարավորություն է տալիս։ Համալսարանի պատուհաններից երևում է մարզահամալիրի վերևի բացօթյա հարկը։ Այնտեղ մինի-ֆուտբոլի դաշտն ու թենիսի կորտերն են։ Երբեմն լսարանում նստած, երբ հազիվ ենք աչքներս բաց պահում, նայում ենք խաղացողներին ու աշխուժանում: Որոշում ենք, որ մենք էլ անպայման կգնանք, հետո տարիներով հետաձգում ենք պլանները։ Երբ մտնում ես մարզահամալիր, հայտնվում ես առաջին հարկի երկար միջանցքում, որտեղ հանդերձարաններն ու բուժկետն են։ Ներսում մարզասարքերով հագեցած սրահներն են, տարբեր մարզասրահներ՝ մարտարվեստների ու բուժական մարմնամարզության համար, բասկետբոլի ու մինի-ֆուտբոլի փակ դաշտը։ Դաշտի վերևի նստարաններից երևում է, թե ինչպես են ընկերուհիներս բասկետբոլ խաղում ուրիշ համալսարանական թիմերի դեմ ու հիմնականում հաղթում։ Ընդհանրապես այնպիսի տպավորություն է, որ ՀՌՀ-ում աղջիկների բասկետբոլը առանձնահատուկ ուշադրության է արժանանում, դրա համար էլ մեծ արդյունքներ ենք գրանցում։ Միշտ առա՜ջ... Համալսարանի ուսանողների համար համալիրում նաև սպորտային ակումբ կա, որի անդամները հաճախում են վոլեյբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, ֆուտբոլի, շախմատի ու չիրլիդինգի խմբակների։ Համալսարանական հավաքականները միշտ մրցանակային տեղեր են գրավում։ Նրանց հետ աշխատում են Հայաստանի ազգային հավաքականների մարզիչները և առաջատար մարզիկները։ Համալսարան ընդունվելու օրվանից սպասում եմ, որ այս բոլոր սրահներին ավելանա նաև լողավազանը։ Այժմ համալիրը վերանորոգվում է, մինչև այս տարվա վերջ խոստանում են լողավազանը ևս շահագործման հանձնել։ Մարզահամալիր կարելի է հաճախել երեկոյան, երբ ուսանողներն արդեն վերջացրել են պարապմունքները։ Կարող եք պարապել պրոֆեսիոնալ մարզիչների վերահսկողությամբ կամ պարզապես խաղալ խմբերով։ Ընկերներս, օրինակ,

իրենց աշխատավայրի թիմով գործից հետո հաճախ են գալիս ֆուտբոլ խաղալու։ Արմեն Գրիգորյանը՝ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչը, Հայաստանում սուսերամարտի ֆեդերացիայի նախագահն է, 3 տարի նախագահել է Համահայկական խաղերը։ Նա պատմում է, որ մի քանի տարի շարունակ ՀՌՀ մարզահամալիրը հյուրընկալել է Համահայկական խաղերը, մոտ 4 տարի այստեղ են անցկացվել սուսերամարտի միջազգային մրցաշարերը, արևելյան մարտարվեստների մրցումները։ Մի խոսքով, մարզահամալիրն այլևս երևանյան մարզական քարտեզի կարևոր կետերից մեկն է:


ՀՌՀ-20 Ուղեցույց

Գրադարան

Կարգն այսպես է, առաջին միջանկյալից 2 օր առաջ ուսանողը ծանոթանում է գրադարանի հետ։ Վերցնում է անհրաժեշտ գրքերը, հավաքում կուրսեցիների նշումները, համոզում գերազանցիկ ընկերոջը, որ միասին պարապեն: Հետո գնում նստում են գրադարանի նախասրահի ազատ նստարանին, որպեսզի մի քանի ժամում գտնեն բոլոր հարցերի պատասխանները։ Արթուր Սողոմոնյանը՝ գրադարանի վարիչը, պատմում է. «20 տարի առաջ գրադարանում միայն ես էի աշխատում: Սպասարկում էի մի քանի ֆակուլտետների, հետո անձնակազմը կամաց-կամաց համալրվեց: Հիմա գրադարանում 10 հոգի է աշխատում։ Եթե գրադարանին որպես հանրային տարածք նայենք, ապա ստեղծման պահից այն ծառայում էր որպես պարապելու, կուրսեցիների կամ ուրիշ ֆակուլտետների ուսանողների հետ հավաքվելու, պարզապես ժամանակ անցկացնելու վայր։ Համալսարանն առաջ այդքան հարմարեցված չէր շփման համար: Այն ժամանակ դեռևս չկար այգին, նույնիսկ մի հարմար նստարան չկար։ Հիմա ամեն ինչ այնպես է կազմակերպված, որ հանգիստ գտնես քո տեղը: Կարևոր վայր է նաև մեր ճաշարանը, որտեղ կարող ես երկար նստել, ինչպես քաղաքի որևէ սրճարանում։ Գրադարանը հավաքել են գրեթե զրոյից։ Սկզբում միայն նվիրած գրքերն էին։ Հետո համալսարանը սկսեց պատվիրել անհրաժեշտ գրականությունը, պայմանավորվածություններ ձեռք բերեց հրատարակչությունների ու համալսարանների հետ։ Հիմա ուսանողների և բոլոր ցանկացողների տրամադրության տակ կա 82,000 գիրք, էլեկտրոնային գրականության բազա և ընթերցասրահներ, որտեղ կարող են հանգիստ կարդալ կամ պարապել խմբերով։ Գրքերի կեսից շատը՝ 80%-ը ռուսալեզու է։ Ուրիշ համալսարանների ուսանողները գալիս են այստեղ հենց ռուսալեզու գրականության համար։ Ծանոթներիցս մեկի եղբայրը, օրինակ, բռնցքամարտիկ է, «ֆիզկուլտ ինստիտուտում» էր սովորում: Մի օր գովազդի մասին գրքերի ցանկ խնդրեց ինձնից, հետո վերցրեց դրանք գրադարանից, որպեսզի եղբայրը

կարդա։ Հիմա բռնցքամարտիկը պատրաստվում է երկրորդ մասնագիտություն ձեռք բերել՝ գովազդի ոլորտում։ Այդպիսի մասնագիտական ցանկեր կարելի է հեշտությամբ ինքնուրույն կազմել՝ գրքերն ըստ թեմայի գրադարանի կայքում որոնելով։ Գրադարանը հիմա գործում է դասական ձևաչափով, որը, ըստ համալսարանի ղեկավարության, արդեն չի համապատասխանում ժամանակակից համալսարանական գրադարանի չափանիշներին։ Համաշխարհային առաջատար համալսարաններում գրադարանները գլխավոր առաջնահերթություն են: Այնտեղ են ուսանողներն անցկացնում օրվա զգալի մասը: Շատերի համար համալսարան ընտրելու չափանիշ է հենց գրադարանը: Միջազգային համագործաքցության վարչության ղեկավար Սյուզաննա Շամախյանն ասում է, որ գրադարանը հարմարավետ տարածք պիտի լինի ուսումնական և գիտական աշխատանքի համար։ Աշխատակազմի գլխավոր գործառույթը ուսանողներին ուղղորդելն է, ինֆորմացիոն գրագիտության հարցում ուսանողներին աջակցելը, իսկ գիրք հանձնելընդունելը հնարավորինս պետք է ավտոմատացնել։ Շվեդիայի ու Անգլիայի գործընկերների՝ Լինեուսի ու Ասթոնի համալսարանների աջակցությամբ Հայ-ռուսական համալսարանը սկսել է գրադարանի արդիականացման ծրագիր։ Նախատեսվում է 2018 թվականի աշնանը ստեղծել նոր գրադարան համալսարանի նոր մասնաշենքում: Այն միաժամանակ կդառնա ուսանողների, աշխատակազմի տեղեկատվության բազա և համայնքային կենտրոն, որից կօգտվեն բոլոր այցելուները։ Նոր գրադարանում խոստանում են ապահովել տրամադրող մթնոլորտ անհատական և խմբային աշխատանքների, քննարկումների համար։ Գրադարանային մշակույթի զարգացումը բարդ խնդիր է, որի լուծման համար անձնակազմը վերապատրաստվում է, հավաքում գործընկերների փորձը: Չէ որ գերխնդիրը երիտասարդների ինքնուրույն գիտական ու ուսումնական աշխատանքին աջակցելն է։

Անի Բարսեղյան Բիայնա Մահարի

28 29

Նոյեմբեր 2017


Արվեստի ակվարիում ՀՌՀ առաջին հարկում միշտ ցուցահանդեսներ են կազմակերպում։ Փոքրիկ թափանցիկ ցուցասրահում, որն առանձնացնում է նախասրահը ներսի բակից, ներկայացվում են ժամանակակից նկարիչների, լուսանկարիչների, քանդակագործների աշխատանքներ։ 2014 թվականից համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանի (ուսանողների համար՝ Լիլիթ Սուրենովնա) նախաձեռնությամբ համալսարանում գործում է «Արտ-ակվարիում» նախագիծը։ Նախագծի մասին պատմում է Լիլիթ Մելիքսեթյանը։

«Արտ-ակվարիումի» ղեկավար ԼիլիթՄելիքսեթյան

Ակվարիումի ծագումը

2014-ի սեպտեմբերին մեր այգում կազմակերպել էի «Զգալով Ալիսին» պերֆորմանսը՝ նվիրված Լուիս Քերոլի հայտնի ստեղծագործությանը: Միջոցառմանը ներկա էին հարյուրավոր մարդիկ, մասնակցում էին հիանալի նկարիչներ, ովքեր ներկայացնում էին տարբեր կերպով ընթերցված ու հասկացված Ալիսին։ Երբ պերֆորմանսն ավարտվեց, որոշ գործեր մնացին ինձ մոտ: Ես ափսոսում էի դրանք ամբիոնում պահել, քանի որ մարդիկ, որ այդ օրը չէին եկել, այլևս այդ գործերը տեսնելու հնարավորություն չէին ունենա։ Ռեկտորից թույլտվություն խնդրեցի, որ դրանք ցուցադրեմ առաջին հարկի ապակե ուղղանկյան մեջ։ Այն ուղղակի դատարկ տարածք էր, որտեղ դրված էին համալսարանին նվիրած կենդանիների խրտվիլակներ։ Որոշվեց խրտվիլակները տանել բժշկակենսաբանական ֆակուլտետ: Եվ հարթակն ազատվեց: Մտածեցի, որ այստեղ կարելի է նաև ուրիշ գործեր ցուցադրել։ Նոր նախաձեռնության առաքելությունն էր համալսարանի ուսանողներին ցույց տալ ժամանակակից արվեստագետների գործերը։ Սկզբում նախատեսվում էր կազմակերպել հայկական գեղանկարին, քանդակին, կիրառական արվեստին նվիրված ցուցադրումներ, բայց նախագիծն անսպասելիորեն աճեց՝ այդ թվում նաև աշխարհագրական առումով։ Ակվարիումում ցուցադրվել են ճապոնական փորագրանկարներ, ներկայացրել ենք իսրայելցի լուսանկարչի, ուկրաինացի նկարչուհու աշխատանքներ։ Իր գործերն է ներկայացրել Ֆրանսիայում ապրող հայ նկարչուհի Սարեն։


ՀՌՀ-20 Արվեստ

Հանդիսատեսը

Առաջին ցուցահանդեսը

2014-ի հոկտեմբերին, երբ առաջին անգամ խոսեցի նախագծի մասին, գաղափարը դեռևս հում էր: Ռեկտորը լսեց ինձ և թույլ տվեց ձեռնարկել մտահղացումս, ինչի համար շնորհակալ եմ։ Նախագծին ցույց տված աջակցության համար երախտապարտ եմ նաև քանդակագործ Նունե Թումանյանին։ Նա Նկարիչների միության անդամ է, քանդակի սեկցիայի նախագահը, հիանալի քանդակագործ, լավ մարդ։ Լսելով ակվարիումի մասին, ոգևորված ասաց՝ ինչ հավես կլինի, ուսանողները կտեսնեն մեր աշխատանքները։ Առաջին ցուցահանդեսը նրանն էր։ Այն ժամանակ ցուցասրահում դեռևս անվտանգության համակարգ տեղադրված չէր։ Հաջորդը քանդակագործ-անիմալիստ Գևորգ Հարությունյանի ցուցահանդեսն էր: ՈՒ այսպես 50-ից ավելի ցուցահանդեսներ են հանգրվանել մեր արվեստի ակվարիումում։

Նախագիծն ի սկզբանե նախատեսված էր մեր ուսանողների և դասախոսների համար: Հայկական-ռուս համալսարանը լայն աշխարհագրություն ունի։ Մենք տարբեր երկրներից ուսանողներ ունենք: Ես հասկանում էի, որ Ղազախստանից, Ուզբեկստանից, Բելառուսից, Վրաստանից եկած ուսանողները հիմնականում պատկերացում չունեն հայ ժամանակակից արվեստի մասին: ԵՎ նրանց համար սա հազվագյուտ հնարավորություն է ծանոթանալու ժամանակակից հայկական մշակույթին։ Ցուցահադեսների բացմանը շատերն են ներկա լինում: Գալիս են հեղինակի ընկերները, ծանոթները, ծանոթների ծանոթները: Նաև մարդիկ, ովքեր կապ չունեն համալսարանի հետ։ Շատերն էլ ֆեյսբուքի միջոցով են տեղեկանում միջոցառման մասին։ Հիմա արդեն դժվար է ասել, թե որն է մեր լսարանը։ Քաղաքն է մեր լսարանը։ Միջոցառումը ես տեղադրում եմ ֆեյսբուքի իմ անձնական էջում և Арт-аквариум / Art-aquarium խմբում, որը մոտ 2000 անդամ ունի՝ ներառյալ ուրիշ երկրներից հետևորդներին։ Նրանց մի մասը երբեք անձամբ ներկա չի եղել ցուցահանդեսներին, ինչպես օրինակ՝ ռուս նկարչուհի Կսենիա Ուստյուժանինովան՝ Արտ-ակվարիումի ամենանվիրված հետևորդներից մեկը։ Մարդիկ հետևում են, հետաքրքրվում: Կարծում եմ՝ հայկական արվեստի հետ այսպիսի հաղորդակցումը անչափ հետաքրքիր է։

Նունե Թումանյանը պատմում է՝

Լիլիթ Սուրենովնայի մտահղացումը ինձ շատ դուր եկավ։ Սիրում եմ ուսանողներին ու հասկանում, որ ուսանողական շրջանը կարճ ու ժամանակավոր է։ Այսօրվա ուսանողը վաղվա քաղաքացին է։ Կլինի արվեստասեր, թե արվեստից անտեղյակ՝ կախված է այն աշխատանքից, որ սովորելու սարիներին տարվում է նրա հետ։ Ուսանողները ծանրաբեռնված են դասերով ու հանձնարարություններով: Ցուցահանդես հաճախելու ժամանակ միշտ չէ, որ ունեն։ Այս նախաձեռնությունը մասսամբ կարող էր լուծել նաև այդ հարցը։ Համաձայնեցի մասնակցել ու լինել առաջինը... Մի քիչ ռիսկային էր։ Պարզ չէր՝ ցուցասրահը որքանո՞վ էր հարմար, արդյոք ուսանողներին կհետաքրքրե՞ր, թե՞ ոչ։ Բայց շատ հաճելի ու աշխույժ անցավ ոչ միայն բացումը, այլ նաև ցուցադրության ողջ ընթացքը։ Համոզված եմ, որ մեր համալսարանն ավարտած լրագրողը կկարողանա արվեստի մասին գրագետ նյութ պատրաստել: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցեր էին տալիս, հայտնում իրենց կարծիքները։ Արտ-ակվարիումի ցուցադրությունները չափազանց հետաքրքիր են անցնում: Այնպես որ, երկու անգամ ցուցադրվելուց հետո միտք ունեմ պատրաստվել երրորդին։

30 31

Նոյեմբեր 2017

Հույսեր ու ակնկալիքներ

Շատ կուզեի ընդլայնել արտ-ակվարիումը, մեծացնել, լուծել լույսի խնդիրը, լուծել նկարները տեխնիկապես գրագետ կախելու խնդիրը։ Այն, ինչ հիմա ունենք, իհարկե, ցուցահանդեսի տարածք չէ, սա բացարձակ ինքնագործունեություն է, որը անսպասելիորեն իր շուրջն է հավաքել նվիրված օգնականների ու իր հանդիսատեսին։ Ընդլայնման համար նոր հնարավորւթյուններ են պահանջվում, տեսնենք ինչ կարող ենք անել։ Մտածում ենք այդ ուղղությամբ, որովհետև հարմարավետ, գրագետ ցուցասրահը բազմաթիվ այցելուների կհետաքրքրի ու կներգրավի:


Ակվարիումն ուսանողի կյանքում (և հակառակը)

Կան մարդիկ, ովքեր կյանքում առաջին անգամ այստեղ են արվեստի գործեր տեսնում: Սիրահարվում առանձին նկարների, նկարիչների, սկսում են ցուցահանդեսներ գնալ, ալբոմներ գնել։ Սա գլոբալ փոփոխություն չէ, սա միշտ շատ անհատական է։ Արտ-ակվարիումն ունի նվիրված կամավորներ, ովքեր իրենք էլ արվեստի գործերի պես են։ Նրանք յուրատեսակ արտ-սուբյեկտներ են։ Կան արտ-օբյեկտներ, իսկ իրենք արտսուբյեկտներ են։ Արտ-սուբյեկտները ոչ միայն նկարիչներն են, որոնք ինձ օգնում են, այլ նաև կամավորները, առանց որոնց ոչ մի ակվարիում չէր լինի։ Իմ կարծիքով՝ ակվարիումի ամենահավես ցուցահանդեսը կլիներ հենց կամավորների նկարների ցուցադրությունը։ Նրանք ցնցող մարդիկ են, որոնցով պետք է հիանալ։ Ուրիշ ոչ մի համալսարանում այսպիսի բան չէր լինի։ Այստեղ կան երիտասարդները, կա այս մթնոլորտը՝ թեթև բոհեմական նստվածքով: Արտ-ակվարիումում կարելի է նկարներ կախել, խնձոր խրթխրթացնել, պարզապես հաճույք ստանալ կյանքից, նաև, ինչքան էլ տարօրինակ լինի, ուսումից։

Նշանակալի ցուցահանդեսներ

Ինձ համար մի քանի առանձնահատուկ ցուցադրություններ են եղել։ Նկարիչ Ջանիկ Գասպարյանը դառնում էր 88 տարեկան: Իմացա, որ նա երբեք անհատական ցուցահանդես չէր ունեցել։ Նկարչի գործերը ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, մասնավոր հավաքածուներում: Նա վաստակավոր նկարչի կոչում ունի, բայց այս համեստ մարդը երբևէ չի մտածել անհատական ցուցահանդեսի մասին։ Ջանիկ Գասպարյանից գաղտնի նրա դստեր՝ նկարչուհի Նաիրա Մուրադյանի հետ կազմակերպեցի ցուցադրությունը։ Նառան տնից բերեց տարբեր տարիների աշխատանքներ: Ջանիկ Գասպարյանի ծննդյան օրն էլ բացվեց նրա ցուցահանդեսը։ Անսպասելի անակնկալից սկզբում բարկացել ու վրդովվել էր, բայց երբ եկավ ու տեսավ, թե ինչքան մարդ է հավաքվել, զարմացավ: Իր որոշ աշխատանքների մասին նույնիսկ մոռացել էր։ Նայում էր ու ասում էր՝ վայ, էս ե՞ս եմ նկարել, ապրեմ ես։ Շատ հուզիչ ու անմոռաց օր էր բոլորիս համար։ Բոլորովին այլ, բայց նույնպես շատ կարևոր իրադարձություն էր Ֆելիքս Եղիազարյանի ցուցահանդեսը: Ֆելիքս Եղիազարյանը ֆանտաստիկ նկարիչ էր, հիանալի, բազմաշնորհ վարպետ: Նկարիչը երեք տարի առաջ հեռացավ կյանքից։ Ուզում էի, որ նրա ցուցահանդեսը կենդանի լիներ.

այնպես, որ թվար, թե նա դեռ մեզ հետ ու մեր կողքին է։ Ֆելիքս Եղիազարյանի աղջիկների հետ ընտրեցինք աշխատանքները՝ բաքոսյան, բաց, ազատ ու կենդանի՝ հենց նրա համար, որ մարդը ողջ է, քանի դեռ մենք նրան հիշում ենք։ Սա նկարչի առաջին ցուցահանդեսն էր մահից հետո: Եվ ես երախտապարտ եմ նրա դուստրերին, որ հենց Արտակվարիումում կազմակերպեցին իրենց հայրիկի՝ Ֆելիքս Եղիազարյանի ցուցահանդեսը։

Արվեստն ու ակվարիումը

Արտ-ակվարիումը ապակե տարածք է. մտածելու, հնարելու շատ բան չկար, ուղղակի թափանցիկ տարածք։ Ինձ համար սա նաև երկակի խաղ է, երկակի ակվարիում: Ի վերջո մեծ հարց է՝ ուսանողներն են նայում նկարներին, թե նկարներն են նայում ուսանողներին։ Երկուստեք ուսումնասիրում են իրար, երկխոսություն է ստացվում։ Բացման օրը կարելի է մտնել ակվարիում ու ներսից նայել գործերը։ Բացումից հետո, ապակե դռները փակվում են, բայց շարունակում մնալ ապակե ու թափանցիկ։ Թվում է, թե կարելի է ձգվել ու ձեռք տալ նկարին, բայց ձեռքն ապակու միջով անցկացնելը հեշտ չէ։ Ինչպես և շատ բաներ մեր կյանքում, դա պատրանք է։ Կարևորը նկարները տեսնելն է, աչքերն ու մտածողությունն ազատ են։

Անի Բարսեղյան


ՀՌՀ-20 Հոբբի

Ակումբային կյանք

Հայտնի է, որ դասերը համալսարանական կյանքի միայն մի մասն են: Դասերից հետո ՀՌՀ-ի ուսանողների շաբաթը միշտ հագեցած է: Համալսարանի տասնյակ ակումբներում կարող ես գտնել համախոհ ընկերներ ու նոր հետաքրքրություններ: Ակումբների մասին պատմում են հիմնադիրներն ու ղեկավարները՝ համալսարանի նախկին ու ներկա ուսանողները:

Երաժշտական ակումբ

32 33

Սպորտակումբ

Գրական ակումբ

Կարապետ Բուռնազյան ակումբի ղեկավար

Արման Սաֆարյան ակումբի ղեկավար

Արսեն Շահբազյան ակումբի ակտիվ մասնակից

Համալսարանում առաջարկեցին երաժշտական ակումբ բացել, շատ ոգևորվեցինք: Վերջերս էինք նայել Camp Rock ֆիլմը ու ուզում էինք այդպիսի մի միջավայր էլ ստեղծել մեզ համար: Հայտարարություն տվեցինք: ՈՒ լիքը մարդ արձագանքեց՝ երգող, նվագող: Մարդիկ էլ կային՝ ոչ մեկը գիտեին, ոչ՝ մյուսը, բայց Camp Rock-ի միջավայրից իրենք էլ էին ուզում: Արդեն երկու տարի է 20-25 հոգով հավաքվում ենք դասերից հետո փորձ անելու: Նվագելու ամենահարմար տեղը համալսարանի մշակույթի տունն է՝ այնտեղ համ ձայնը կարելի է թեստավորել, համ էլ հենց բեմի վրա փորձել: Երբ այն զբաղված է լինում, ստիպված ենք լսարաններից մեկում հարմարվել: Իսկ վերջերս համալսարանը հարվածային կայան է գնել, մտածում ենք՝ որտեղ պիտի դրանք տեղադրենք: Ելույթների ժամանակ սովորաբար ռոք կամ փոփ-ռոք գործերի քավերներ ենք կատարում, ընդ որում՝ շատ տարբեր կազմով: Լինում է՝ երկու հոգով ենք նվագում, լինում է՝ տասից ավելի: Անցած տարի, օրինակ, «ՀՌՀ տաղանդ» մրցույթի բացման ժամանակ մենք 30 հոգով՝ մենակատարներով ու երգչախմբով, կատարեցինք Green Day խմբի 21 Guns երգը: Ճիշտ է, մենք մրցույթից դուրս էինք նվագում, բայց միևնույն է՝ շատ էինք հուզվում: Հակառակի պես էլ վերջին պահին ձայնի կարգավորումները չէին ստացվում: Խառնվել էինք իրար, բայց արդյունքում շատ տպավորիչ համար ստացվեց:

Սպորտակումբը հիմնադրվել է 2009-ին: Մինչ այդ էլ ունեինք թիմեր ու մասնակցում էինք տարբեր մրցումների, բայց ակումբի ստեղծումից հետո ամեն ինչ շատ ավելի համակարգված դարձավ: Վեց թիմ կա՝ ֆուտզալի, վոլեյբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, շախմատի և cheerleading-ի: Դրանց մեջ կան և աղջիկների, և տղաների թիմեր: Սովորաբար մենք հանդիպում ենք շաբաթը երեք անգամ դասերից հետո՝ համալսարանի սպորտհամալիրում: Համալիրի շենքը նոր է ու շատ մեծ. փակ մասում կա բասկետբոլի դաշտ, թեթև աթլետիկայի, տրենաժորների, ֆիզկուլտուրայի սրահներ: Իսկ վերին՝ բացօթյա մասում կառուցված են ֆուտբոլի դաշտ և երկու թենիսի կորտ: Համալիրում համ մեր պարապմունքներն ու ֆիզկուլտուրայի դասերն են անցնում, համ էլ տարբեր համալսարանական ու միջբուհական առաջնություններ: Պիտի ասեմ, որ առաջնություններին մեր մարզիկները շատ հաջողություններ են գրանցել: Կանանց բասկետբոլի թիմը չորս անգամ անընդմեջ եղել է հանրապետական միջբուհային խաղերի չեմպիոն, իսկ 2015-ին ու 2016-ին երկրորդ տեղն է զբաղեցրել: Տղաների ֆուտզալի թիմը հաղթել է 2014-ի միջբուհական ունիվերսիադան, նույն առաջնությունում ոսկե մեդալ է վաստակել աղջիկների շախմատի թիմը:

Ակումբի մասին վաղուց գիտեի, բայց հաճախելու ժամանակ չէի գտնում: Մի կողմից՝ քաշվում էի, մյուս կողմից համընկնում էր կինոակումբի ժամին: 2010-ի աշնանը՝ հերթական էքզիստենցիալ ճգնաժամի ժամանակ, առաջին անգամ որոշեցի լիտկլուբ գնալ, այդ թվում սեփական գրվածքներս կարդալու համար: Շատ չանցած՝ 2011-ի գարնանը, զորակոչվեցի։ Սակայն ակումբի հետ կապը պահպանում էի նույնիսկ բանակում: Տեղյակ էի, թե ինչ գրականություն են կարդում: Փորձում էի բանակում ինչ-որ կերպ գտնել էդ գրքերն ու կարդալ։ Երբ վերադարձա բանակից, ակումբի հին կազմից մի երկու հոգի էր մնացել, բայց լիտկլուբը մնում էր լիտկլուբ, թույն մթնոլորտը չէր փոխվել։ Լիտկլուբի գաղափարը, ինչքան հիշում եմ, «զակլում» էր ծագել [համալսարանի այգու հետևում — խմբ.]. էրեխեքը որոշեցին հավաքվել՝ համ իրենց տեքստերը կարդան, համ քննարկեն հավես գրքեր, որոնք չկային ուսումնական ծրագրում։ Ոչ գրելու, ոչ կարդալու առումով որևէ խիստ ռեժիմ չկա: Ակումբի ղեկավար Լիլիթ Սուրենովնան միշտ ասում է՝ вольному — воля, спасенному — рай [բառացի՝ ազատին՝ ազատություն, փրկվածին՝ դրախտ]։ Իսկ ինչ վերաբերում է սեփական տեքստերին, միակ սահմանափակումն այն է, որ օբսցեն բառապաշար չլինի։ Լիտկլուբից էրեխեք կան, ում գործերը հրապարակվել են «Литературная Армения»-ում: Ակումբի անդամները մասնակցել են տարբեր ստեղծագործական մրցույթների, մրցանակներ շահել։ Հիմա ես ամեն շաբաթ օր առավոտյան ժամը 9-ին-9։30 գալիս եմ համալսարան։ Սովորաբար ինչ-որ տեքստ եմ գրած լինում։ Համալսարանի բակում զբոսնում եմ, հետո նստում մի տեղ ու սկսում եմ տեքստը խմբագրել: Ավարտելուց հետո բարձրանում եմ 4-րդ հարկ: Լիտկլուբի ժամին հավաքվում ենք, գնում Լիխաչյովի լսարան ու սկսում խոսել գրքից։ Հաջորդ շաբաթվա տեքստս հիմնականում հենց լիտկլուբից հետո է գրվում: Գնում եմ տուն, և ուզում եմ գրել, գրել ու գրել։

Նոյեմբեր 2017


Կինոակումբ

Ռոման Նադիրյան հիմնադիր

Ակումբի ստեղծման միտքը ծնվեց մեր համալսարանում հայտնի ռուս կինոգետ Կիրիլ Ռազլոգովի դասախոսության ժամանակ: Պարոն Դարբինյանին խնդրեցինք համալսարանի սրահներից մեկը հարմարեցնել և կահավորել կինոցուցադրությունների համար: Մեզ չմերժեցին, իհարկե, բայց խնդրեցին մի քիչ սպասել: Բայց դե ի՜նչ սպասել՝ շատ ոգևորված էինք: Մի քանի հոգով տնից թերթեր ու սփռոցներ էինք բերել պատուհանները ծածկելու համար, իսկ որպես էկրան օգտագործում էինք հարթ իրերի ետնամասը: Այսպիսի պայմաններում դիտեցինք ակումբի առաջին ֆիլմը՝ Միքելանջելո Անտոնիոնիի «Զաբրիսկի Փոյինթը»: Շուտով մեզ վարագույրներ տվեցին, կահույք և պրոյեկտորի իսկական էկրան: Այսպես Կապույտ դահլիճը դարձավ կինոակումբի մշտական հավաքատեղին: Հանդիպում էինք շաբաթ օրերը, շատերը հանգստյան օրով գալիս էին համալսարան՝ հատուկ ֆիլմ դիտելու: Ակումբի ցուցադրությունների ցանկը կազմված էր հիմնականում դասականներից՝ Չարլի Չապլինից ու Բաստեր Քիթոնից մինչև Լարս ֆոն Թրիեր և Կիմ Կի Դուկ: Բայց դիտում էինք նաև ժամանակակից ֆիլմեր: Աննա Մելիքյանի «Ջրահարսը», օրինակ, նայել ենք ռեժիսորի հետ: Հետո էլ շատ հետաքրքիր քննարկում ծավալվեց: Այն ձևաչափով, որով մենք հավաքվում էինք, կինոակումբը հիմա չի գործում: Բայց ամեն ուրբաթ համալսարանում անց են կացվում ֆիլմերի ցուցադրություններ ոչ թե պրոյեկտորի, այլ ժամանակակից ու պրոֆեսիոնալ 3D էկրանով:

Ինտելեկտուալ խաղերի ակումբ

Կարեն Մնացականյան ակումբի ղեկավար

Ինտելեկտուալ առաջնություններին համալսարանը մասնակցում է 2002 թվից ու ավանդաբար շատ ուժեղ է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում: Հայաստանի ամենահմուտ խաղացողներից շատերը մեր շրջանավարտներն են: Բայց ակումբը հիմնել ենք 2012-ին: Մշտական հավաքվող երեք թիմ ունենք, սակայն առաջնությունների ժամանակ կարող ենք կազմել մինչև հինգ պրոֆեսիոնալ հավաքական: Սա լուրջ ցուցանիշ է համալսարանների համար: Պարապմունքները չորեքշաբթի օրերին են՝ դասերից հետո: Մենք Ինտելեկտուալ խաղերի երևանյան ակումբի մաս ենք: Շատ հանդիպումների համար մեզ տարածք են տրամադրում: Ունենք նաև պրոֆեսիոնալ մարզիչ՝ երևանյան ակումբի անդամ Եվա Մախմուրյանը: Անց ենք կացնում նաև ներքին պարապմունքներ, քանի որ առաջնությունների ժամանակ երբեմն Սլավոնականի թիմերն էլ կարող են իրար հետ մրցել: Եղել են դեպքեր, երբ մեկ մրցաշարում մենք մի քանի հաղթական տեղ ենք զբաղեցրել: Ակումբի կյանքում ամենահիշվող իրադարձությունները Երևանից դուրս ուղևորություններն են: Անցյալ տարի երկու անգամ մեկնեցինք Գյումրի մրցումների: Համալսարանը տրանսպորտ տրամադրեց, մենք էլ դատարկաձեռն չվերադարձանք՝ երկու առաջնությունն էլ հաղթեցինք:

Ֆոտոակումբ

Հայկ Ազարյան ակումբի ղեկավար

Նախքան ֆոտոակումբի բացվելը մեր ուսանողների արած լուսանկարները կարելի էր տեսնել համալսարանական թերթի «Ստոպ կադր» էջում: Ֆոտոակումբը ստեղծվեց լուսանկարչությամբ հետաքրքրվողներին համախմբելու, նոր բան սովորելու ու հավես նախագծեր անելու համար: Հիմնականում ակումբով զբաղվում ենք ես և բանասիրության ֆակուլտետի ուսանող Սոֆի Թովմասյանը: Քննարկումներ ենք կազմակերպում տարբեր փորձառու լուսանկարիչների հետ, վերջերս, օրինակ, հանդիպել ենք ամերիկացի վարպետներ Նունե Քարամյանի և Թեդ Անդրեասյանի, «Ֆոտոլուրից» Ալբերտ Խաչատրյանի, «Մեդիամաքսից» Արուսիկ Մարկոսյանի հետ: Ես ինքս էլ հաճախ վարպետության դասեր եմ վարում: Հանդիպումներին սովորաբար 10-15 հոգի է լինում, ընդ որում՝ գալիս են և ֆոտոխցիկ ունեցողները, և նրանք, ովքեր խցիկ չունեն, բայց սիրում են լուսանկարչությունը: Ինչ վերաբերում է գործնական գիտելիքներին, համալսարանական կյանքը լիքը հնարավորություն է տալիս իմացածդ փորձարկելու: Օրինակ՝ ակումբով մենք նկարում ենք ՀՌՀ-ում տեղի ունեցող գրեթե բոլոր միջոցառումները: Դրանցից ամեն մեկի լուսաբանման համար առանձին հմտություններ են պետք: Մշակութային միջոցառումները տեղի են ունենում փակ դահլիճում հատուկ լուսավորությամբ, սպորտայինները՝ բացօթյա կամ վառ լուսավորված մեծ տարածքներում: Պիտի կարողանաս ճիշտ լուսային կարգավորումներ գործածել:

Կարինե Ղազարյան, Անի Բարսեղյան


ՀՌՀ-20 Թատրոն

Գրականության դասից մինչև մեծ բեմ ՀՌՀ ուսանողական թատրոնը գործում է 2002 (պաշտոնապես՝ 2003) թվականից։ Այս ընթացքում տարբեր սերունդների ուսանողների հետ գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Սոնա Մարգարյանը բեմադրել է 33 ներկայացում՝ ամեն տարի ներկայացնելով առնվազն 2 պրեմիերա։

Ն

երկայացման օրերն առանձնահատուկ են: Մոտենում ես համալսարանին, տեսնում, որ արդեն հավաքվել են ուսանողները, նրանց ընկերներն ու ազգականները: Ուրեմն հերթական ներկայացումն է, մարդիկ եկել են մեր թատրոն։ Շատ հաճելի զգացում է, երբ մտնում ես դահլիճ, տեղավորվում, ինչպես իսկական թատրոնում ու սկսում համեմատել ակնկալիքներդ բեմում կայացող իրականության հետ։ Դատելով հանդիսատեսի արձագանքներից՝ ակնկալիքները, որպես կանոն, արդարացվում են։ Ամեն ինչ սկսվեց Ռուս և համաշխարհային գրականության ամբիոնում։ Ամբիոնի վարիչը՝ Տատյանա Միխայլովնան, երիտասարդ դասախոսներին հորդորում էր չոր-ցամաք դասախոսությունների փոխարեն նոր մոտեցումներ կիրառել ու ինչու ոչ, գրականության դասը տեղափոխել բեմ։ Լրագրության ֆակուլտետի ուսանողներն այդ ժամանակ 19-րդ դարի ռուս գրականություն էին անցնում: Որոշվեց Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» դասա-

34 35

Նոյեմբեր 2017

խոս Սոնա Սարգիսովնայի (այդպես են նրան դիմում ուսանողները) ղեկավարությամբ բեմադրել։ Համալսարանի ներկայիս դահլիճը դեռ կառուցված չէր։ Միջոցառումներն անց էին կացվում մեծ լսարանում, որտեղ հիմա գրադարանի ընթերցասրահներից մեկն է։ Ներկայացման համար մեկը տանից վարագույր էր բերել, մյուսը՝ կոստյում, մի խոսքով՝ ով ինչ կարող էր։ «Ես շատ էի ընդդիմանում, — պատմում է Սոնա Մարգարյանը, — որովհետև հեռու էի այն մտքից, որ կարող եմ ռեժիսորություն անել: Վախենում էի, դեռ նոր էի մագիստրատուրան ավարտել ու սկսել դասավանդել, ուսանողներիցս ոմանք տարիքով մեծ էին ինձնից։ Չէի հասկանում, թե ինչպես պիտի ստիպեմ նրանց, որ տեքստ սովորեն, բեմ դուրս գան ու մի բան էլ խաղան: Մանավանդ որ 21-րդ դարում հեշտ չէ հատկապես տղաներին ստիպել բեմում «ծամածռվել»։ Բայց հաջողվեց, մի կերպ համոզեցի նրանց: Բեմադրեցինք մեր առաջին ներկայացումը՝ հստակ պատկերացում չունենալով, թե հետո ինչ է լինելու։

Ուղղակի հանձնարարությունս էի կատարում, կարծում էի, թե դրանով ամեն ինչ կվերջանա։ Արմեն Դարբինյանը եկել էր միայն ողջույնի խոսք ասելու, բայց որոշեց մի քիչ նստել։ Մնաց, հետո փողկապը թուլացրեց, ապա պիջակը հանեց: Ծիծաղում էր բոլորից բարձր ու մնաց մինչև ներկայացման ավարտը։ Ներկայացման ավարտին էլ պաշտոնապես հայտարարեց, որ ՀՌՀ-ի նոր ուսանողական թատրոնի սկիզբը դրված է»։ Այս տարիներին թատրոնն ընդամենը 2 աշխատակից է ունեցել՝ գեղարվեստական ղեկավար (նույն ինքը ռեժիսորը) և ադմինիստրատոր՝ Նանա Գաբրիելյանը: Հիմա հետ նայելով Սոնա Սարգիսովնան ասում է, որ բեմադրությունն, իրոք, ուսանողներին գրականության տեքստը մատուցելու հիանալի միջոց է: Ուսանողները բեմադրված ստեղծագործությունները գիտեին շատ ավելի լավ, քան պարզապես կարդալ-քննարկելով։ Մինչև բեմ բարձրանալը նրանք ուսումնասիրում էին ամեն մանրուք, ամեն տառ ու կետադրական նշան, որպեսզի ճանաչեին ու հասկանային իրենց կերպարներին, իմանային հերոսների


մասին նույնիսկ այն, ինչ պիեսում գրված չէ։ Արդյունքում ուսանողներն անհավանական խորությամբ էին ուսումնասիրում գեղարվեստական ստեղծագործությունը։ Թատրոնից ոչ ոք դերասանական բաժնում չի սովորում. 200-ից ավելի դերասանները, որ այս տարիներին խաղացել են թատրոնում, համալսարանի ամենատարբեր ֆակուլտետներից են։ Սակայն ուսանողները խաղում են այնպիսի սիրով ու նվիրմամբ, որ կարող են շատ պրոֆեսիոնալների գերազանցել։ Ու հանդիսատեսը զգում է դա։ Նույն ներկայացումը շատ անգամ կրկնել չի ստացվում: Ի տարբերություն պրոֆեսիոնալների՝ ուսանողների համար սա աշխատանք չի: Նրանք շուտ են հոգնում, նոր բան են ուզում անել։ Այնպես որ տարեկան 2 և ավելի պրեմիերա ենք ունենում։ Ուսանողական թատրոնում դերասանների հոսունությունն անխուսափելի է: Չէ որ բոլոր ուսանողները մի օր ավարտում են համալսարանը: Ու սկսվում են նորերին թատրոն «ներքաշելու» որոնումները։ «Ամենադժվարն իմ աշխատանքում հրաժեշտն է, — ասում է թատրոնի գեղղեկը։ — Ես սովորում, կապվում եմ նրանց: Էլ չեմ ասում, թե տեխնիկապես ինչ դժվարություններ կան, չէ որ նրանք այդ ընթացքում շատ բան են սովորում ու ավելի փորձառու դառնում… Նոր ուսանողներին ամեն ինչ սկսում ենք զրոյից սովորեցնել՝ ընդ որում անընդհատ բարձրացնելով նշաձողը, այլապես այս ամենն իմաստ չունի։ Ամեն նոր ներկայացում ամենասիրելին ու ամենալավն է դառնում։ Յուրաքանչյուր փուլում քեզ թվում է, թե արել ես, ինչ կարող էիր, որ ավելի լավ չես կարող անել, բայց հետո ավելի լավ է ստացվում»։

***

Ուսումնական տարին արդեն սկսվել է, ու պետք է նոր մասնակիցներ հավաքել։ Հայտարարվում է քասթինգ, ուսանողները գալիս են, անցնում որոշակի փորձություններ։ Ռեժիսորն արդեն սովորել է մի քանի բառից հասկանալ՝

կկարողանա՞ այդ մարդուց ստանալ իր ուզածը, թե՞ ոչ։ Ուսանողները չափածո կամ արձակ ստեղծագործությունից ինչ-որ հատված են սովորում: Հետո այդ կտորի հետ աշխատում են, ռեժիսորը նրանց առաջարկում է ամենատարբեր բեմական իրավիճակները։ Ենթադրենք, Պուշկինի բանաստեղծություններից մեկն են սովորել։ Սկսում են կարդալ այնպես, ինչպես պատրաստվել են՝ հիմնականում պաթոսով: Հետո Սոնա Սարգիսովնան խնդրում է նույնը կարդալ, օրինակ, պառավի պես, կամ այնպիսի առոգանությամբ, ասես մեկը կարդացողի հետևից է ընկել։ Եթե ուսանողը կարողանում է արագ անցնել մի վիճակից մյուսին՝ առանց բովանդակությունից շեղվելու, ու միաժամանակ տարբեր կերպարների վերափոխվել, ուրեմն նա ճկուն է, կլսի ռեժիսորին և նրա հետ կարելի է լավ արդյունքի հասնել։ Քասթինգն ու ընտրությունը հիմա շատ խիստ է, ցանկացողները շատ են, իսկ դերերը՝ ոչ այդքան։

***

Այս տարիներին դերասաններն ու նրանց ընկերները զանազան ֆիլմեր ու տեսանյութեր են պատրաստել ետնաբեմի, ուսանողադերասանական կյանքի ու ապրումների մասին։ Անցյալ տարի նկարահանված «ՀՌՀ թատրոն. բեմում ու ետնաբեմում» ֆիլմում Աննա Անտոնյանը պատմում է, որ համալսարան ընտրելիս կարևորել է թատրոնի առկայությանը ու նոր միայն ընտրել մասնագիտությունը։ Նույն տարում հայտնվել է թատրոնում ու դարձել աննախադեպ համբավ ձեռք բերած «Խորհրդականը, սիրուհին և… դիակը» ներկայացման գլխավոր դերակատարներից մեկը։ Ֆիլմում նկարահանված մեկ այլ դերասան՝ Լևոն Զալաքյանը, պատմում է, որ ռեժիսորն ինքն էր դասից հետո մոտեցել իրեն ու առաջարկել դերը։ Փորձնական տողերը կարդալուց հետո Լևոնն իմացել է, որ գլխավոր դերն է խաղալու։ Ֆիլմից ևս մեկ դերասան՝ Դավիթ Լյուտովը, հանդիսատեսի մոտ տպավորվել էր «Խորհրդականը, սիրուհին և… դիակը» ներ-

կայացման մեջ Ջորջ Պիգդենի կերպարում: Նա ՀՌՀ-ում սովորելու ընթացքում ևս 10 դեր է կատարել իր խաղընկերների հետ: Համալսարանում երեք անգամ հաջողությամբ բեմադրվելուց հետո պիեսը ներկայացրեցինք Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնու: Ու այնտեղ էլ հիանալի արձագանք ստացավ լեփ-լեցուն դահլիճից։ Համալսարանական ոչ պրոֆեսիոնալ թատրոնի ավելի լավ գնահատական, թերևս, դժվար է պատկերացնել։

***

Սկսելով փոքրիկ բեմահարթակից՝ ՀՌՀ թատրոնը հանդես է եկել Երևանի, Գյումրու, Վանաձորի, Ստեփանակերտի թատերաբեմերում: ՀՌՀ թատրոնը Պուշկինին նվիրված «Դարի հետ հավասար» ռուսական փառատոնի 6-ակի դափնեկիր է։ «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլով ուսանողները ներկայացել են ոչ միայն համալսարանական բեմում, այլև ֆիլհարմոնիկի դահլիճում։ Գեղարվեստական ղեկավարը նշում է, որ «Գեղեցկուհին և հրեշը» Հայաստանում բեմադրված առաջին բրոդվեյյան մյուզիքլն էր: Մինչ այդ բեմադրել են երաժշտական ներկայացումներ, բայց ոչ մի հայկական խումբ, մեր ունեցած պայմաններում այդ թանկարժեք և բարդ բրոդվեյան մյուզիքլը կրկնելու փորձ անգամ չի արել: Մյուզիքլի 40 դերասանները՝ չունենալով մասնագիտական բարձրագույն կրթություն, 2.5 ժամ շարունակ խաղում էին, պարում, կատարում երաժշտական համարները պատշաճ մակարդակով: Հիացած էին նույնիսկ Ֆիլհարմոնիայի աշխատակիցները, ովքեր հետո խոստովանում էին, որ ուսանողական թատրոնից նման կատարում ակնկալել անգամ չէին կարող: Մյուզիքլը բեմադրվել է երաժշտական ռեժիսոր Զառա Վիրաբյանի հետ համատեղ, ով տարիներ շարունակ աշխատել է ԱՄՆ-ում և Ռուսաստանում և մյուզիքլներ բեմադրել Բրոդվեյում: ՀՌՀ թատրոնը մասնակցել է նաև տեղական բազմաթիվ փառատոների, իսկ ամենամեծ ձեռքբերումներից է Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալը։

Անի Բարսեղյան Բիայնա Մահարի


ՀՌՀ-20 Բարձր տեխնոլոգիաներ

Կիրառականի մասին 2003 թվականին ՀՌՀ-ն իր առջև նպատակ դրեց ստեղծել մրցունակ և ուժեղ բնագիտական բլոկ: Նախ՝ բացվեց ֆիզիկատեխնիկական ֆակուլտետը, հաջորդ նոր ուղղությունը եղավ «էլեկտրոնիկան և միկրոէլեկտրոնիկան», իսկ 2004-ից՝ «Բժշկական բիոքիմիան»: Նպատակաուղղված գիտական քաղաքականության շնորհիվ համալսարանում իրականացվել է սեփական գիտական դպրոցների ձևավորումը և այսօր ՀՌՀ-ում ձևավորվել են արդեն իսկ միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտական դպրոցներ՝ էլեկտրոնիկայի և նանոէլեկտրոնիկայի, բժշկական կենսաքիմիայի, կենսաինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի: ԵՐԵՎԱՆի մշտական հեղինակ և լուսանկարիչ Բիայնա Մահարին հատուկ այս թողարկման համար վերադարձել է իր ալմա-մատեր ՀՌՀ-ն, կարոտով վերհիշել իր սիրելի ֆակուլտետի առանձնահատկությունները և փորձել բացատրել, թե ինչու են այստեղի «կիրառականցիները» այդքան յուրահատուկ:

Գառնիկ Ալբերտովիչի դասաժամը Հայ-ռուսականում

36 37

Նոյեմբեր 2017


Սովորել ու աշխատել

«Ինչքան լուռ ա ձեր մո՜տ, հիվանդանոցի նման»: Մոտ 10 տարի առաջ իրավաբանականում սովորող ընկերուհուս ակնարկը՝ մեր ֆակուլտետում մեծ դասամիջոցին հյուրընկալվելուց հետո, արդիական է մինչ այսօր: Բարձրանում եմ անցյալում իմ ամենօրյա ու հարազատ ճանապարհով դեպի համալսարանի իմ ամենասիրելի մաս. կարծես թե ոչինչ չի փոխվել: Նորից դասամիջոց է, համալսարանում ճիշտ այնպիսի եռուզեռ է, ինչպես դպրոցի առաջին դասարաններում, երբ ուսմասվարը ապարդյուն «մի վազեք» ասելով շրջում է միջանցքներով: Միայն մեր հարկում ոչ մի ձայն չկա, հազվադեպ հանդիպող մի քանի ուսանողներ կամ կարդում են, կամ էլ այնքան ցածրաձայն ինչ որ բան քննարկում, որ ուզում ես մոտենալ ու զգուշացնել՝ արդեն դասամիջոց է: Միգուցե այդ պատճառով մեր ֆակուլտետը միակն է, որ մնացածներից ինչ-որ չափ առանձնացված է և գտնվում է ուղիղ ռեկտորատի մուտքի մոտ: Միգուցե, բայց մենք նախընտրում ենք մտածել, որ մեզ պարզապես ավելի շատ են սիրում: Եվ մի մեղադրեք ինձ «համեստության» և մյուս ֆակուլտետների հանդեպ անհանդուրժողականության մեջ: Վստահեցնում եմ, որ մեր մասնագիտություններից ցանկացածը ունի իր լեգենդը, թե ինչու է հենց այն ավելի լավը: Հետևաբար, ես էլ մեր շահերը կպաշտպանեմ՝ ինչպես հարկն է:

Գրքասերները

Բայց վերադառնանք միջանցք: Եթե դու երբևէ չես եղել արտաքինից սուս ու փուս այս աշխարհի պարիսպից այն կողմ, դու երբեք չես իմանա, որ ուսանողները քննարկում ու իրար պատմում են ոչ թե վերջին թարմ թեորեմների ապացույցները, այլ, ասենք, պատրաստում են «Տարվա ֆակուլտետ» մրցույթի ապագա ելույթը: Որ կարդացողը ոչ թե դիֆերենցիալ հավասարումների դասագիրքն է կարդում, այլ Դոստոևսկու «Կառամազով եղբայրներն» է վերընթերցում: Որ դասամիջոցներին միջանցքներից բացակայողները ոչ թե դաս են անում, այլ պարզապես շուտ կազմակերպվել, գնացել են ամեն մեկը իր գործերով: Իսկ, օրինակ, գիտե՞ք՝ համալսարանի գրադարանից որ ֆակուլտետի ուսանողներն են ամենամեծ քանակությամբ գեղարվեստական գրականություն վերցնում: Լրագրողնե՞րը: Լեզվաբաննե՞րը: Ոչ: Մենք՝ կիրառականներս, այս տարօրինակ ցուցանիշով էլ ենք բոլորին հաղթում: Ինչպես հաղթում ենք նաև սպորտային զանազան մրցույթներում, մեր ուսանողները փայլուն հանդես են գալիս համալսարանի թատրոնում, շախմատում (սա, գուցե, ավելի հեշտ կարելի է պատկերացնել), և այլն, և այլն: Ինչ մեղքս թաքցնեմ՝ մենք նույնիսկ երբեմն դասերից էինք փախչում, բայց դա վաղուց էր, հույս ունեմ՝ այժմ ապագա մաթեմատիկոսները մեր սխալները թույլ չեն տալիս:

Ամեն դեպքում եկեք ժամանակը հետ տանք և սկսենք սկզբից: Հայ-ռուսական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ծնվել է համալսարանի հետ համարյա միաժամանակ՝ ընդամենը կես տարի ուշացումով: Առաջին ապագա մաթեմատիկոսներն ու ծրագրավորողները ՌԱՈւ ընդունվեցին 1999-ին (նախօրոք խնդրում եմ ներել տեքստում համալսարանի այս հապավումը օգտագործելու համար, բայց հավատացեք՝ 6 տարվա ընթացքում նրան միշտ այդպես անվանելու իրավունքը քրտինքով և համարյա թե արյունով է ձեռք բերվել): Մեր ֆակուլտետը տվել է 473 շրջանավարտ: Չեմ կարող հիմնվել որևէ պաշտոնական տվյալների վրա, բայց շատ սուբյեկտիվ գնահատականներով՝ ՌԱՈւ-ում կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ավարտած և մասնագիտությունով շարունակողների քանակի տոկոսային հարաբերությունը պարզապես անհամեմատելի է Պետական համալսարանի կամ Պոլիտեխնիկի նույն ցուցանիշների հետ: Ինչո՞վ է դա պայմանավորված: Միգուցե նրանով, որ երբեք չթերագնահատելով ֆունդամենտալ գիտելիքների արժեքը, և նույնիսկ հակառակը՝ դնելով դրանք բարձր պատվանդանի վրա, այստեղ միշտ կարևորվել է ուսանողներին նաև պրակտիկ գիտելիքներ տալը: Մեզ մոտ միշտ խրախուսվում էր ու մինչև հիմա էլ խրախուսվում է հենց առաջին կուրսերից աշխատելը, միշտ մեծագույն կարևորություն էր տրվում այսպես կոչված «օլիմպիական շարժմանը»: Մինչ այժմ ամեն շաբաթ օրը գործում է ծրագրավորման օլիմպիադաների պատրաստվելու խմբակը, որտեղ լուծում են ստանում շատ կարևոր և հետքրքրիր խնդիրներ: Իսկ խմբակի անդամ երեխաները հետագայում ընդունվում են միջազգային ամենահայտնի համալսարաններ, հետո աշխատանքի անցնում կազմակերպություններ, որոնց անունները Հայաստանում շշուկով են արտասանում: «Հայաստանում մի քիչ բարդ է ստանալ արդիական կրթություն մեր բնագավառում, այդ հարցը ՌԱՈւ-ում մասնակիորեն լուծվել է նաև ուսանողներին հենց առաջին կուրսերից ծրագրավորման օլիմպիադաներում ընդգրկելով: Այնտեղ շատ բաներ ենք սովորել, — պատմում է շրջանավարտ Տիգրան Հակոբյանը, որը բուհում ստացված գիտելիքներով զինված աշխատում է ոչ այլուր, քան Google-ում, — Սովորել ենք չվախենալ մտածել կրեատիվ, չվախենալ բարդ խնդիրներից»:


ՀՌՀ-20 Բարձր տեխնոլոգիաներ

38 39

Նոյեմբեր 2017


Հատուկ սիրված սերունդ

Ընտանեկան միջավայր

ՌԱՈւ-ում ամեն գարուն անցկացվում է Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման օլիմպիադան, որը հենց ինքը՝ ընկեր Եղիազարյանն է հիմնել 2014 թվականին: Առհասարակ, համալսարանի մեր հարկում ընկեր Եղիազարյանի անունը հաճախ կլսեք ու կտեսնեք պատերին: Նրա անունն է կրում ամենաժամանակակից սարքավորումներով զինված համակարգչային լսարանը, ամեն տարի նրա անվան դրամաշնորհներ են տրվում ծրագրավորման մեջ հաջողությունների համար: Հենց նրան՝ մեր ֆակուլտետի հիմնադիրին և առաջին դեկանին եմ պարտական համալսարանական տարիների իմ երկրորդ՝ ուսանողական ընտանիքի հոգատար, մեկ-մեկ էլ մի քիչ խիստ հայրիկ լինելու համար: Դեռ իմ ուսանողական տարիներից մեր ֆակուլտետը առանձնանում էր հենց ընտանեկան միջավայրով: Որքան էլ պաթոսային հնչի, այդ մասին չխոսել անհնարին է: Մյուս ֆակուլտետների ընկերներս տեսնում էին մեր և դեկանատի հարաբերությունները ու զարմանում: Ոչ ոք չէր պատկերացնում, որ այդպես իրոք կարող է լինել: «Ուսանող» բառը առանձնապես չէր գործածվում, դեկանատում մենք բոլորս «երեխեք» էինք, վերաբերմունքն էլ բոլորիս հանդեպ համապատասխան: Քանի՜ անգամ են մեր փոքր ու մեծ չարությունների համար մեզ նախատել, իսկ հետո պաշտպանել մեր շահերը բարձր ատյաններում, քանի՜ անգամ են մեզ հանել տարբեր խառը իրադրություններից, քանի՜ անգամ ուղղակի եղել մեր կողքին: Հաշվելն անհնար է, ուղղակի պիտի մեծանաս, լրագրող դառնաս, ու գրես այդ մասին՝ շնորհակալություն հայտնելով և հուսալով, որ գրածդ կկարդան ու խոսքերդ կհասնեն հասցեատերերին:

Ասում են, այժմ էլ մեր ընտանեկան ավանդույթները շարունակվում են: Որտե՞ղ եք տեսել, որ ուսանողին հնարավորություն տան մեկ տարի տարկետում վերցնել, հետո վերադառնալ ու անվճար ուսումը շարունակել: «Չէ՞ որ երեխան ընտանեկան խնդիրներ ունի, նա պետք է աշխատի և ընտանիքին օգնի», — ասում է դեկան ընկեր Կարապետյանը: Կամ ուսանողի, որը սովորելով պետպատվերի շրջանակում, մասնակցել է ՀՀ Պաշտպանության նախարարության մրցույթին Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում և իրավունք ստացել պարտադիր ծառայությունն անցնել հատուկ ստորաբաժանումներից մեկում. «Դիմեցինք ռեկտորին և Արմեն Ռազմիկովիչը պատասխանեց, որ տղային պետք է բոլոր պայմանները ապահովենք: Հիմա նա գնալու է բանակ, իսկ հետո կվերադառնա և ուսումը կշարունակի նորից անվճար»: Նման պատմությունները այստեղ շատ են, դրանց վրա շատ չեն կենտրոնանում: Ընկեր Կարապետյանը ավելի շատ խոսում է Հայաստանը ապագայում Սիլիկոնային հովիտ դառնալու իր տեսլականից: «Հենց հիմա մագիստրատուրայի երկու նոր ուղղություն ունենք. մեկը Կասպերսկու լաբորատորիայի հետ իրագործվող «Ինֆորմացիոն անվտանգության մաթեմատիկական և ծրագրային երաշխավորումն» է, երկրորդը՝ Machine Learning-ը, որի ծրագիրը կազմել ենք ՏՏ ոլորտի գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դրանցից մի քանիսը նաև դասավանդում են ուսանողներին: Մի քանի օր առաջ ռուսական Գիտությունների ակադեմիայի հետ նոր լաբորատորիա ենք բացել: Մենք հանճարեղ երիտասարդություն ունենք: Պետք է նրանց հնարավորություն տալ, և մենք ոչ միայն կհասնենք, այլև կհաղթենք Սիլիկոնյան հովտին: Խելացի երիտասարդությունն է մեր հարստությունը: Գիտե՞ս ինչ հարստություն է քայլում երրորդ հարկում: Հարցրու, և ամենաթույլ ուսանողն անգամ կասի, որ ինչ-որ ընկերությունում ծրագրեր է մշակում: Պետք է հպարտանալ նրանցով: Մի կարծեք, որ աշխարհում ամեն ինչ արդեն արված է, և այլևս անելիք չկա: Վստահ եմ, որ բոլոր երկրները երազում են այս ուղեղների մասին: Շա՞տ եմ գովում: Միգուցե, ուղղակի ես այս սերնդին առանձնահատուկ եմ սիրում»:

Այժմ համալսարանում կա 15-ից ավելի գիտական դպրոց, 50-ից ավելի գիտական ստորաբաժանումներ, համագործակցություն Ռուսաստանի և այլ երկրների ավելի քան 100 գիտական կենտրոնների հետ, 200-ից ավելի պաշտպանված թեկնածուական և երեք դոկտորական դիսերտացիաներ: Համալսարանն իրականացնում է համատեղ կրթական մագիստրոսական ծրագրեր Ռուսաատանի տեխնիկական, տեխնոլոգիական և ինժեներական առաջատար բուհերի հետ, ինչպիսիք են Սանկտ-Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանը, Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի համալսարանը (ИТМО), Ազգային հետազոտական միջուկային համալսարանը (МИФИ) և այլ բուհեր:

Լուսատու

Մոտենում է գնալուս ժամանակը: Մի քիչ էլ եմ քայլում եմ հարազատ միջանցքով, բուֆետի սիրելի սեղանիս մի բաժակ թեյ խմում, մտնում մեր լսարաններ, տեսնում երեխաներին: Ժամանակները փոխվել են: Մեր կուրսի 8 աղջկա փոխարեն այս տարվա առաջին կուրսերում 24 աղջիկ կա՝ համարյա կեսը: Զարմացած ինձ են նայում, փորձում հասկանալ՝ ով եմ: Իսկ ես հիշում եմ ընկեր Կարապետյանի բառերը, ու նկատում, որ ուշադիր գրատախտակներին (ու մի քիչ էլ ինձ) նայող երեխաները կարծես թե մի քիչ լույս են ճառագում: Պատկերացնում եմ՝ որքան բան կարող են փոխել ու ինչերի կարող են հասնել: Ընկեր Կարապետյանի նման մտովի հպարտանում եմ: Կգնամ տուն ու երկար հոդված կգրեմ, մի լավ կգովեմ մերոնց ու, երևի, մի քիչ էլ չափն անցնեմ:

Բիայնա Մահարի


ՀՌՀ-20 Դպրոց

«Ուսմունք» ՀՌՀ-ի սերունդը ձևավորվում է ամենավաղ տարիքից. Սա այն համալսարաններից է, որն ունի մեկից մինչև 12-րդ դասարանների երեխաների համար նախատեսված իր դպրոցը: «Ուսմունք»-ին ՀՌՀ-ն տրամադրում է մեծ ներուժ. դպրոցը համակարգվում է համալսարանի հատուկ պատասխանատու ամբիոնի կողմից, իսկ երեխաները հնարավորություն ունեն օգտվելու ամենազիլ լաբորատորիաներից, ինչպես նաև ֆուտբոլի, բասկետբոլի մեծ ու նոր դաշտերից:

Հ

այ-ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցը արդեն ութ տարեկան է: 2009-ին որոշվեց բարեկարգել Հովսեփ էմինի փողոցի նրբանցքներից մեկում գտնվող երբեմնի բարձիթողի շենքը: «Համալսարանին կից դպրոց հիմնելու գաղափարը ռեկտոր Արմեն Դարբինյանինն ու առաջին պրոռեկտոր Գագիկ Սարգսյանինն էր, — պատմում է տնօրեն Նաիրա Դաշյանը: — Սկզբում դժվար էր հավատալ, որ այդ գաղափարը կյանքի կկոչվի: Հայաստանում շատ հանրակրթական դպրոցներ կային, էլ չեմ ասում մեծ փորձ ու պատմություն ունեցող կայացած մասնավոր ուսումնական հաստատությունների մասին»: Երևանում շուրջ 50 մասնավոր դպրոց կա, սակայն չնայած մրցակցությանը «Ուսմունքը» կարճ ժամանակում ճանաչում ու վստահություն ձեռք բերեց: Մեկնարկային տարվա 12 աշակերտների փոխարեն այսօր «Ուսմունքում» սովորում է 216 երեխա:

40 41

Նոյեմբեր 2017

Սրա նախադրյալներից մեկը թերևս այն է, որ դպրոց բացելու գործին որոշվեց հիմնովին մոտենալ: Գրեթե ամայի տարածքում գտնվող 149 դպրոցի նախկին շենքը քանդել են, ամրացրել հիմքը, ապահովել սեյսմակայունությունը և նորից կառուցել: Տարեցտարի բարեկարգվել է նաև շրջակա տարածքը: Այժմ ցանկապատից ներս գտնվող կոկիկ բակը կանաչապատ է: Ամեն տարի մայիսին առաջին դասարանցիները ծառատունկ են անցկացնում: Դասերը սկսվում են 9:00-ից: Ամեն դասարանում առավելագույնս 12-14 աշակերտ կա: «Պետական դպրոցներում դասարանում երեխաների քանակը հասնում է 35-ի, ինչը բարդացնում է աշակերտների հետ անհատական աշխատանքը, — նշում է տիկին Դաշյանը: — 12 հոգանոց դասարանում չսովորելու հնարավորություն չկա, քանի որ ուսուցիչը կարող է յուրաքանչյուր աշակերտին ժամանակ ու ռեսուրս տրամադրել»:


→ «Ուսմունքի» ամեն դասարանում առավելագույնս 12-14 աշակերտ կա

← ՀՌՀ-ն իր սերունդը ձևավորում է ամենավաղ տարիքից

Երեխաները հաջորդ օրվա դասապատրաստումն ու հանձնարարությունները կատարում են դպրոցում: Դպրոցում մնում են մինչև ժամը հինգը: Այս ընթացքում տարրական դասարանները ունեն երկու սննդային ընդմիջում. 10:30 նախաճաշն է, իսկ 13:30՝ ճաշը: «Ուսմունք»-ի աշակերտները տեսական գիտելիքներն ամրապնդում են նաև պրակտիկորեն: Դպրոցը կարող է իր ռեսուրսների հաշվին ավելացնել ժամաքանակը՝ հնարավորություն տալով երեխաներին ոչ միայն մտապահել անցած թեման, այլև գործնականում կիրառել ինֆորմացիան: Սրան նպաստում է նաև դպրոցի տեխնիկական հագեցվածությունը: Մենք ունենք համակարգչային լսարան, ռոբոտատեխնիկայի լաբորատորիա, Smart գրատախտակներ: Տնօրենի խոսքով, վերջիններս հատկապես սիրված են տարրական դասարաններում. թեման սովորելուց հետո կազմակերպվում է Smart գրատախտակով ինտերակտիվ դաս, որի ժամանակ փոքրերը շատ ակտիվ են ու նախաձեռնող: Ունենք հատուկ կահավորված պարասենյակ, երաժշտական և նկարչական ստուդիաներ, թեթև աթլետիկայի վազքուղիներ: Դպրոցը օգտվում է նաև ՀՌՀ նորակառույց ու ընդարձակ մարզահամալիրից: Աշակերտների տրամադրության տակ են նաև համալսարանի լաբորատորիաները, համակարգչային լսարանները և գրադարանը: «Մեզ մոտ ոչ մի առարկա չի անտեսվում, — ասում է Նաիրա Դաշյանը: — Երեխաները ստանում են համակողմանի կրթություն՝ խորացված սովորելով և տեխնիկական, և հումանիտար առարկաներ»: Մեծ ուշադրություն է դարձվում մաթեմատիկային, ֆիզիկային, քիմիային: Դպրոցն ընդգրկված է Synopsis ընկերության «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Linux օպերացիոն համակարգի հիմունքներ» ծրագրում, անդա-

մակցում է նանոտեխնոլոգիաներով զբաղվող ռուսական պետական «Ռոսնանո» ընկերության դպրոցական լիգային: Կարևորվում է նաև օտար լեզուների ուսուցումը: Ռուսաց լեզուն դասավանդվում է ՌԴ դասագրքերով, իսկ անգլերենը՝ Քեմբրիջի համալսարանի, Ռայմոնդ Մըրֆիի և Destination դասագրքերով: Նպատակը աշակերտներին լրացուցիչ պարապելու անհրաժեշտությունից ազատելն է: Ըստ տնօրենի, շրջանավարտները առաջին լեզվի մակարդակով տիրապետում են ռուսերենին և ունեն անգլերենի շատ լավ իմացություն: Դպրոցն առաջարկում է նաև ըստ ցանկության հաճախել չինարենի կամ ճապոներենի դասերի: «Դպրոցում աշխատում են և փորձառու մանկավարժներ, և երիտասարդ ուսուցիչներ, որոնք գալիս են մեծ եռանդով ու լիքը նորարարական ծրագրերով», — պատմում է տիկին Դաշյանը: Ավագ դպրոցում դասավանդում են նաև ՀՌՀ-ի, Երևանի Պետական Համալսարանի, Բժշկական համալսարանի դասախոսները: Աշխատակազմում կա մանկական հոգեբան, որն անց է կացնում առաջին դասարանցիների ընդունելության խաղ-թեստը: Միջին և ավագ դասարաններ ընդունվելու համար ավելի բարդ փորձություն է պետք հաղթահարել. գիտելիքների գնահատումը կատարվում է աշակերտների միջև առողջ մրցակցություն ապահովելու համար: Բնական է, «Ուսմունքի» շրջանավարտները որոշ առավելություններ ունեն որպես Հայ-ռուսական համալսարանի դիմորդներ: Նրանք պետք է հանձնեն պետական քննությունները, բայց միասնականից բացի կարող են ընդունվել նաև ՀՌՀ-ի ներքին քննություններով: Ավելին՝ դպրոցից դիմած աշակերտների 30%-ին համալսարանը տրամադրում է անվճար սովորելու հնարավորություն:

Կարինե Ղազարյան ՀՌՀ


ՀՌՀ-20 Միջազգային կապեր

Արի փոխանակվենք

Արտերկրում սովորելու առավելությունները շատ են՝ ծանոթություն նոր մշակույթի հետ, հարուստ ակադեմիական փորձ, օտար լեզվի բարելավում, ինչպես նաև գործատուների համար ցանկալի միջազգային կրթական հիմքի առյություն: Հեշտ չէ օտարերկրյա բուհ ընդունվելը, թեկուզ միայն թղթաբանության ահռելի ծավալների պատճառով: Հենց դրա համար էլ Հայ-ռուսական համալսարանում արտասահմանյան բուհերի հետ համագործակցությունը վերջին տարիներին ռազմավարական կարևորություն է ստացել: Առանց հազար ու մեկ դիմում լրացնելու համալսարանի ուսանողները կարող են մասնակցել աշխարհի տարբեր երկրներում իրականացվող փոխանակման ծրագրերի:

Աշխարհի դռները՝ բաց

ՀՌՀ-ն գիտական և կրթական համատեղ ծրագրեր է իրականացնում տասնյակ եվրոպական, ռուսական և ասիական բուհերի հետ և հնարավորություն ընձեռում ուսանողներին մեկ կամ երկու կիսամյակ սովորել արտերկրում: «Եթե հինգ տարի առաջ ոչ մի ուսանող ՀՌՀ-ից չէր մասնակցում փոխանակման ծրագրի, ապա հիմա տարեկան 30-35 հոգի սովորելու ընթացքում մեկնում է արտասահմանյան բուհ», — ասում է ՀՌՀ միջազգային վարչության ղեկավար Սյուզաննա Շամախյանը: Ծրագրերն ամենատարբեր ուղղվածություն ունեն և նախատեսված են թե ուսանողների, թե հետազոտողների-հայցորդների համար: Օրինակ, շվեդական Լիննեուս համալսարան այս տարի մեկնել են երեք ուսանող՝ ՏՏ-ի, նանոէլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ֆակուլտետներից: Գերմանական բուհերի ծրագրերը նույնպես տեխնոլոգիական են, իտալական Սալերնոյի համալսարանինը՝ հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական ուղղությունների, իսկ բուլղարական մի քանի համալսարաններինը նախատեսված են լեզվաբանական և տնտեսագիտական ուղղությունների համար: Առանձին ծրագրեր կան չինագիտություն և ճապոնագիտություն ուսումնասիրողների համար, ինչը հնարավորություն է ընձեռում ուսանողներին զարգացնել լեզվի իմացությունը և երկրի մասին գիտելիքներ ստանալ հենց Չինաստանում և Ճապոնիայում: Այս ամենը ակադեմիական հիմք են ապահովում և ուսանողներին թույլ են տալիս հետագայում չինագիտական և ճապոնագիտական առարկաներ դասավանդել ՀՌՀ-ում: Մեր ուսանողները հնարավորություն ունեն սովորելու նաև Հնդկաստանի առաջատար տեխնոլոգիական բուհերից մեկում՝ Մադրասի Հնդկական տեխնոլոգիական ինստիտուտում։ Մի շարք ծրագրեր են իրականացվում Ռուսաստանում, որտեղ ՀՌՀ-ն ունի 70-ից ավելի գործընկեր բուհ: Հայ-ռուսական համալսարանի շրջանավարտները ստանում են հայկական և ռուսական պետական նմուշի երկու դիպլոմ: Սա ՀՌՀ շրջանավարտների բացառիկ առավելությունն է, քանի որ երկու դիպլոմներն էլ ճանաչված են ամբողջ աշխարհում։ Բացի այդ ռուսական և ռուսալեզու շուկաներում մեր դիպլոմը հեշտացնում է կրթությունը շարունակելու և աշխատանքի ընդունվելու գործընթացը: Փոխանակման ծրագրեր ունենք նաև Բելառուսի, Ղազախստանի, Վրաստանի և այլ երկրների բուհերի հետ։

Պայմաններ

Փոխանակման ծրագրերի մասնակցության պահանջները պարզ են՝ բարձր գնահատականներ և լեզվի իմացություն: Միջին բալը (GPA) պետք է լինի 2,95-ից ոչ ցածր, իսկ անգլերենի համար TOEFL կամ IELTS քննություններ հանձնելու կարիք չկա՝ թեստավորումն անց է կացվում Հայ-ռուսական համալսարանի դասախոսների կողմից: Ակադեմիական շարժունության ծրագրերը լինում են թե կրթաթոշակով, թե՝ առանց։ Ոչ կրթաթոշակային ծրագրերով որոշ բուհեր տրամադրում են նաև անվճար կամ մատչելի սենյակներ հանրակացարանում: Ուսանողը պետք է հոգա միայն ինքնաթիռի տոմսի, ուտելիքի և գրպանի ծախսերը: «Բոլոր ծրագրերի դեպքում ուսումը գործընկեր բուհում անվճար է, — նշում է Սյուզաննա Շամախյանը: — Բացի այդ, մեր կողմից իրականացվող ծրագրերի առնվազն կեսը կրթաթոշակ են տրամադրում՝ հիմնականում Էրազմուս + ծրագրի շրջանակներում։ Բնականաբար այս ծրագրերը առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում ուսանողների մոտ։»:

Բարով եք եկել

ՀՌՀ-ն ոչ միայն ուղարկում, այլև ընդունում է ուսանողների: 2017-2018-ին մեզ մոտ կսովորեն Իլինոյիսի համալսարանից (ԱՄՆ), Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտից, Բելգորոդի պետական համալսարանից (Ռուսաստան) ժամանած հինգ ուսանողներ: Արտասահմանցի ուսանողները հետաքրքրված են տարածաշրջանային ուսումնասիրությունների, միջազգային հարաբերությունների ոլորտներով, շատերը գալիս են ՀՌՀ ռուսաց լեզվի և գրականության ոլորտում իրականացվող կրթական ծրագրերով սովորելու համար։ Ժամանող ուսանողների մեծ մասը նաև ուսումնասիրում է հայոց լեզու։ Համալսարանում կազմակերպվում են նաև տեղեկատվական միջոցառումներ տարբեր երկրների դեսպանների և կրթական ծրագրերի ներկայացուցիչների հետ՝ նախատեսված ոչ միայն ուսանողների և դասախոսների, այլև շրջանավարտների համար: Նրանք կարող են օգտվել օրինակ՝ եվրոպական Erasmus+ համատեղ մագիստրոսական և հետազոտական ծրագրերով մի քանի երկրներում սովորելու հնարավորությունից: Կրթությունը արտերկրում լիարժեք (full degree) շարունակել ցանկացողներին ՀՌՀ-ում անհրաժեշտ փաստաթղթերից բացի տրամադրում են նաև անվճար խորհրդատվություն:

Կարինե Ղազարյան

42 43

Նոյեմբեր 2017


Սլավոնավարտները Երևանում ապրում, աշխատում և բոլորից տարբերվում են Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտները։ Ինչպես ցանկացած համալսարանի շրջանավարտ, ՀՌՀ-ի «ժողովուրդը» ունի իր յուրահատկությունը, աշխարհայացքը և այն, ինչ տալիս է միայն համալսարանը։ Բազմակարծությունը համալսարանում օրենք է: ԵՐԵՎԱՆ ամսագրի խնդրանքով համալսարանի մի քանի շրջանավարտներ վերհիշեցին իրենց ուսանողական տարիները և կիսվեցին այն ամենակարևորով, ինչը տվել է համալսարանը։

Լուսինե Թովմասյան

հեռուստահաղորդավար Երբ առաջին անգամ հայտնվեցի ՀՌՀ-ում, հասկացա, որ սա միակ բուհն է, որտեղ զգում եմ իրական համալսարանական շունչը և կյանքը: Իսկ ամենակարևորը՝ ուսանողներն իրենց շատ ազատ էին զգում: Հավանեցի այն, որ համալսարանը քաղաքի կենտրոնից հեռու է և մեծ տարածք ունի: Կարծում եմ , որ այդ ժամանակներն էին իմ կյանքի ու ձևավորման կարևոր տարիները: Հետ նայելով հասկանում եմ, որ ընտրությունս շատ ճիշտ էր: Բացի մասնագիտությունից, Հայ-ռուսականում հիանալի ընկերներ եմ ձեռք բերել: Դա իմ կյանքի ամենաթանկ բաներից մեկն է: Ամենահիշարժան դեպքերից կնշեմ համալսարանի ԿՎՆ-ի ելույթները, որտեղ ես հաղորդավար էի: Ներկայիս բոլոր շրջանավարտներին խորհուրդ կտամ ավելի շատ վայելել համալսարանական կյանքը և շատ ընկերներ ունենալ: Չէ որ համալսարանը տալիս է այդ հնարավորությունը: Բոլոր ուսանողներին խորհուրդ կտամ հենց այդ տարիներին զարգացնել ազատության, սիրո, համերաշխության, ստեղծարարության, արժանապատվության, իմացության արժեքները:

Գրիգոր Մինասյան

«AM» Իրավաբանական Ընկերության կառավարիչ-բաժնետեր, Երևան քաղաքի ավագանու անդամ Համալսարանը ինստիտուցիոնալ մոտեցմամբ լավ կազմակերպված կառույց է, որտեղ դասավանդում էին ոչ միայն շատ պրոֆեսիոնալ, այլև չկոռումպացված դասախոսներ: Իմ ուսանելու տարիներին նման թիմ ձևավորելը գրեթե անհնարին էր: Սլավոնական համալսարանում սովորում էին տարբեր մշակույթներ կրող ուսանողներ՝ ԱՊՀ և եվրոպական բազմաթիվ երկրներից: Դա նպաստեց մեր աշխարհայացքի ընդլայնմանը: Ամենահիշարժանը ուսանողական խորհրդի առաջին ընտրություններն էին: Շատ լավ եմ հիշում, քանի որ առաջին անգամ տեսա թափանցիկ և իրական ու մրցակցային ընտրություններ, որտեղ ոչինչ կանխորոշված չէր: Այժմյան ուսանողներին խորհուրդ կտամ վերցնել առավելագույնը, ինչ տալիս է համալսարանը: Լավ կրթությունը հիմնաքար է, որը մշտապես պահպանվելու է հետագայում: Նույնիսկ եթե ապագայում մասնագիտական գործունեության ընթացքում ստանում եք լավ գիտելիքներ, միևնույն է՝ ինչ-որ պահի գիտակցելու եք, որ լավ կրթությունը կարող էր նպաստել ավելի հեշտ ու արագ մասնագիտական աճ ունենալուն:

Աննա Կոստանյան

Jazzel խմբի մենակատար

Առաջին տպավորություններս կապված են դասախոսների հետ, հիշում եմ՝ շատ հիացած էի նրանցով: Համալսարանը առաջին հերթին գիտելիք տվեց, իսկ այն լայնացնում է անհատի մտահորիզոնը, ձևավորում աշխարհայացքը, կրթում մեզ: Իհարկե, սրան գումարվում են ծանոթություններն ու ընկերական հարաբերությունները, որոնք մնում են քո կյանքում նաև ուսման ավարտից հետո: Երբ նոր ես ընդունվում համալսարան, թվում է, թե շատ երկար ժամանակ պիտի անցկացնես կրթօջախի ներսում և ամեն ինչ դեռ կհասցնես: Դպրոցական շրջանից հետո տարվում ես ուսանողական կյանքի թվացյալ ազատությամբ: Կհորդորեի ժամանակը զուր չվատնել, քանի որ այդ քաղցր տարիները շատ արագ են անցնում: Կարևոր է հենց առաջին օրվանից «ամենաագահ» կերպով վերցնել գիտելիքի այն պաշարը, որը կտա ՀՌՀ-ն: Իսկ վերցնելու բան այստեղ իսկապես կա: համալսարանում հիանալի է կազմակերպած ուսանողների ժամանցը. կինոակումբ, գրական ակումբ, սպորտային համալիր, ժամանակակից տեխնիկայով հագեցած համերգային դահլիճ, ուր բացի ուսանողական միջոցառումներից կազմակերպվում են համերգներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ:

Տիգրան Ավինյան

«Սայբեր Վիժըն» ՏՏ ընկերության հիմնադիր և ղեկավար Երևանի ավագանու՝ ԵԼՔ դաշինքի անդամ Հայ-ռուսականն ինձ համար անհատականությունների հավաքատեղի էր առաջին իսկ օրվանից։ Համալսարանը տվեց լավ ընկերներ և հիշողություններ։ Կարծում եմ՝ մեկ տասնյակից ավելի մաթեմատիկական առարկաները ինձ մոտ զարգացրեցին արագ և էֆեկտիվ որոշումներ կայացնելու ունակություն։ Համալսարանական կյանքիս ամենահիշարժան դեպքերը կապված են երևի թե ԿՎՆ-ի օրերի հետ։ Կրեատիվի չափաբաժինը ուղղակի անցնում էր բոլոր սահմանները և վերածվում սյուռ բեմականացումների։ Ուրախ ժամանակներ էին։ Նոր ընդունվողները հաճախ դժվար են կողմնորոշվում սկզբում, որի հետևանքով ուսումը երբեմն մղվում է հետին պլան։ Կարծում եմ՝ պետք է համատեղել հաճելին օգտակարի հետ։ Իմ խորհուրդն է անպայման շփվել ընկերների հետ, նստել այգում և այլն, բայց միաժամանակ առաջին իսկ օրվանից կենտրոնանալ ուսման վրա և պատրաստ լինել սեմինարներին և քննություններին։ Սլավոնականին բնորոշ է ազատությունը և անմիջականությունը, ինչը, վստահորեն կարող եմ ասել, բացակայում է շատ հայաստանյան ուսումնական հաստատություններում։

Արմեն Մուրադյան


ՀՌՀ-20 Հուշեր

ԱնդերգՌԱՈՒնդ

ՀՌՀ-ի շրջանավարտ Նունե Մելքումյան

Ասում են՝ միայն ՌԱՈւ-ի բակում կարելի է հանդիպել սևազգեստ, երկարաճիթ կոշիկներով, երկու օրվա թրաշով երիտասարդների ու լսել. «Արա, էս գիշեր Դոստոևսկի էի կարդում, մնացի տակը»։ Այսօր՝ տարիներ անց ուսանողական կյանքս հիշելիս առաջին հերթին մտքիս են գալիս պարադոքսները՝ փոքր ու մեծ, կարևոր ու երկրորդական, ճակատագրական ու անցողիկ։ Այս պարադոքսների պատճառով (թե՞ շնորհիվ), մեր ուսանողական կյանքը նման էր և՛ 60-ականների ամերիկյան, և՛ 80-ականների սովետական ուսանողների կյանքին՝ երաժշտությամբ, որ լսում էինք, ֆիլմերով, որ դիտում էինք, պայքարներով, որ տանում էինք։ Եվ բաղադրիչները համալսարանական դասերը չէին, համերգները կամ ուսխորհրդի առօրյան։ Այլ «զակլը», «Ժակլինը», Սպլինի երգերն ու Կունդերայի հայտնի վեպը։

Նախաբան

Առհասարակ Հայ-ռուսական համալսարանի ուսանողին կարելի է նույնականացնել մի քանի բառ փոխանակելով. մենք ալմա-մատերը անվանում ենք ՌԱՈւ։ ՌԱՈւ-ն վաղուց հապավումներից անցել է նեոլոգիզմների շարքը: Այս նյութը ՌԱՈւ-ի մասին է, ավելի ճիշտ՝ ուրիշ ՌԱՈւ-ի, այլընտրանքային։

Լսել

Եթե գոյություն ունենար ուսանողական կյանքի սենտիմենտալ թանգարան, այնտեղ պատվավոր տեղում անպայման կլիներ հին ու մաշված սկավառակների քեյսը։ Ուսանողական տարիներիս քեյսն անցնում էր ձեռքից ձեռք, սիդիռոմից սիդիռոմ փոխանցելով ամենատարօրինակ ռոք երաժշտական հավաքածուն՝ Փինք Ֆլոյդից Լեդ Զեփելին, Ապոկալիպտիկայից Նիրվանա, Օֆսփրինգ, Ֆել աութ բոյ, Փլասիբո, Զե Քիլերս... Ռաուի այլընտրանքային շրջապատում դու այն ես, ինչ լսում ես: Ու չիմանալ, թե որ խմբի ֆրոնտմենն է Ջեյմս Հեթֆիլդը հանցագործություն էր, որ կարող էր քեզ շատ երկար ստիպել օտար զգալ։ Բայց ամենակարևորը ռուսական ռոքն էր։ Համալսարանի այգում կա ամֆիթատրոն, որը մենք համեստաբար անվանում ենք Կոլիզեում։ Այն լավ ակուստիկա ունի, հարմար է նստելու համար ու առհասարակ լավն է։ Այս փաստը խորհրդանշական է դարձնում այն, որ մենք այնտեղ չէինք հավաքվում։ Կոլիզեումի հետևով կարելի էր անցնել շատ ավելի ամայի տեղ, դարպասի մոտ, որտեղ ընդամենը քարերից հավաքված մի սեղան կար և վերջ։ Պարբերաբար այգեպանները այստեղ էին բերում հնձած խոտը, որը մենք օգտագործում էինք պառկելու համար։ Սերունդների թեթև ձեռքով այս տեղը ստացել է «զակոլիզեյ» տեղանունը։ Կամ ավելի պարզ՝ «զակլ»։ Վաղ գարնանից ուշ աշուն զակլը դառնում էր ռուսական ռոքի սիրտը, հոգին, համերգային հարթակն ու երաժշտության փոխանակման ամենակա-

44 45

Նոյեմբեր 2017

րևոր վայրը։ Կիթառներով մի քանի ակորդ սովորած երիտասարդները նվագում էին Նաուտիլուս ու ԴԴՏ, Սպլին ու Ագատա Քրիստի, այդ ընթացքում քարե սեղանի մոտ ուսանողներն ինֆրակարմիր պորտերով հեռախոսից հեռախոս էին փոխանցում այդ նույն երգերը։ Եթե ինչ-որ մեկն ինձ այդ ժամանակ ասեր, որ տարիներ անց կլինեմ ԴԴՏ-ի ու Բի-2-ի համերգներին Երևանում՝ ինձ վատ չէի զգա հերթական երգը չճանաչելու կամ անգիր չիմանալու համար։ Ու իհարկե չէի հավատա։

գիրը պարտադիր դիտման ենթակա էր։ Հակառակ դեպքում պարզապես հասկանալի չէր զրույցների ու կատակների մեծ տոկոսը։ Այսպես, ինքս «Լյուկ, յա տվոյ ատեց» արտահայտությունը շատ ավելի շուտ եմ լսել, քան «Աստղային պատերազմների» կարևորագույն պահը դիտելը։ Կինոկլուբը զակլում օրերն անցկացնող ուսանողներին բերեց համալսարան՝ լավ և «ուրիշ» կինո դիտելու։ Կինոկլուբը սկսվեց խորհրդանշական «Զաբրիսկի Փոյնթով» ֆիլմով։ Խորհրդանշական, որովհետև պարզվեց, որ Միքելանջելո

Եթե գոյություն ունենար ուսանողական կյանքի սենտիմենտալ թանգարան, այնտեղ պատվավոր տեղում կլիներ հին ու մաշված սկավառակների քեյսը Տեսնել, կարդալ

Համալսարանի մոտակայքում բնակվող ուսանողները շատ արագ դառնում էին շրջապատի կողմից սիրված մարդիկ, քանի որ ստիպված էին իրենց տանը մշտապես ընդունել բազմաթիվ ընկերների ու ծանոթների՝ իրենց ընկերներով ու ծանոթներով հանդերձ։ Հյուրընկալները լավ համբավ ունեին շրջապատում, ոչ հյուրընկալները՝ վատ, ինչը, միևնույն է, չէր խանգարում պոտենցիալ այցելուներին տանտիրոջ բնակարաննեը դիտարկել, որպես հերթական կինոդիտման վայր։ Ռաուի կողքին ու առհասարակ Կոմիտասի ողջ երկայնքով գործում էին կինովարձույթի բազմաթիվ սրահներ։ Համոզված եմ, որ տեղի աշխատողներն արդեն հոգնել էին մեզ Requiem For a Dream, Cruel Games ու Star Wars հանձնելուց։ Ի դեպ, կինոյի հետ երաժշտության նույն պատմությունն էր՝ մինիմալ ծրա-

Անտոնիոնիի 1968-ի այս ֆիլմը զարմանալիորեն համահունչ է 2017-ին Երևանում բնակվող երիտասարդների մտքերին։ Թվում էր՝ հանուն ազատության բոլոր հաղթանակներն արդեն նվաճված են, բայց մենք դեռ պայքարում էինք։ Այլընտրանքի տենչ էր նաև գրական ակումբը՝ լիտկլուբը։ Երբ ծրագրից հանվեց լրագրողներին դասավանդվող այլընտրանքային գրականություն ներկայացնող առարկաներից մեկը, կուրսեցիս սկսեց մարդկանց հավաքել դասերից դուրս, ծրագրով կարդալը շարունակելու համար։ Առարկայով նախատեսված գրքերն ավարտվեցին, իսկ լրագրողներին միացան ծրագրավորողները, ֆիզիկոսները, տուրիզմի ու մենեջմենթի մասնագետները... Մենք կարդում էինք Կունդերա ու Պալանիկ, Բուկովսկի ու Ռուշդի՝ այն գրքերը, որոնք չկային «պաշ-


տոնական» ծրագրում, բայց չափազանց կարևոր էին մեզ համար։ Կինոկլուբն ու լիտկլուբը համալսարանի ներսում այլընտրանքային կյանքի ու մտածելակերպի մեր կղզիներն էին, որտեղ ես բազմաթիվ անգամներ եկել եմ նաև բակալավրիս դիպլոմն ստանալուց հետո։

Եվ ուտել

Համալսարանի բուֆետում ես եղել եմ մի քանի անգամ՝ առաջին կուրսի սեպտեմբերհոկտեմբեր ամիսներին։ Հետո ինձ ու ընկերներիս տարան բիստրոներից ամենահայտնին՝ «Ժակլինը»։ Երբ, ով, ինչպես ու ինչու՝ չեմ հիշում։ Չեմ հիշում նաև, թե ինչպես եղավ, որ գնացինք երկրորդ անգամ, իսկ հետո երրորդ ու այդպես շարունակ՝ ընդամենը մեկ ամիս անց լրացնելով «Ժակլինի» բազմաթիվ լոյալ այցելուների շարքերը։ Իրականությունն այն է, որ սեր առաջին հայացքից «Ժակլինի» հետ չի ստացվում։ Բիստրոն, մեղմ ասած, աշխարհի ամենահյուրընկալ վայրը չէ։ Ընկերուհիս ասում էր, որ այն նման է անծանոթ մարդու հին ու ոչ այնքան կոկիկ խոհանոցի։ Ավելացնեմ՝ հին, ոչ այնքան կոկիկ ու ծայրահեղ փոքր։ «Ժակլինի» այլընտրանքային հմայքը տեղավորվում է պլաստիկ սպիտակ տաղավարի չորս պատերի ներսում։ Պաշտոնապես այստեղ տեղավորվում են միայն երկու սեղան, բարի կանգնակի վերածված նեղլիկ պատուհանագոգը, մինի սառնարանը, անփոխարինելի հեռուստացույցը, տյոտ Նատան ու տյոտ Աննան՝ «Ժակլինի» տանտիրուհիները: Ոչ պաշտոնապես «Ժակլինն» ի վիճակի է տեղավորել տասնյակ այցելուների, ովքեր երեքով նստում են մեկ աթոռին, սուրճի բաժակով պպզում աշնանային անտառի պատկերով պաստառի պատի տակ, հերթ կանգնում դրսում, իսկ ոմանք իրենց հետ տանում տյոտ Նատայի բուտերբրոդները։ Մի անգամ ես «Ժակլինում»

«Կոլիզեյ»

Քսերոքս

«Մարիա» բիստրո

«Ժակլին»

«Զակլ»

Քսերոքսի շատ սիրված կետ

«49»-ի կանգառը

«Սնիկերս»/ խաչապուրի/ ծխախոտի կրպակ

Սրճարան, որտեղ տղաները թղթախաղ էին խաղում

նույնիսկ դասի եմ եղել: Համալսարանում ազատ լսարաններ չկային ու մեր երիտասարդ դասախոսը, ով նույնպես մեր համալսարանի շրջանավարտ էր, ողջ խմբին բերեց Ժակլին՝ «մակկոֆե» պատիվ տալու։ Եվ եթե «Ժակլինի» վիզուալ գրավչությունն անբացատրելի է, ապա վերջինիս ու առհասարակ բոլոր բիստրոների ստրատեգիական դիրքը իդեալական էր, քանի որ դրանք գտնվում էին համալսարանի տարածքից դուրս: Ու դասերից թռնող ուսանողները այլևս չէին մտածում դասախոսին հանդիպելու անհարմար հավանականության մասին։ Իսկ երրորդ ու քառասունիններորդ երթուղայինների կանգառը համալսարանի կողքին ողղակի մարքեթինգային ջեքփոթ էր։ Առավոտյան դասի գալու լուրջ տրամադրություն ունեցող զոհը՝ ուսանողը երթուղայինից իջնելիս ընդամենը ցանկանում է տեսնել, թե ծանոթներից ով կա «Ժակլինում»: Ու հայտնվում էր բերմուդյան եռանկյունում՝ առանց համալսարան հասնելու իրական հույսի։ Ինքս տասնյակ անգամներ «ընդամենը մեկ վայրկյանով» սուրճ խմելու համար մտել եմ «Ժակլին»: Եվ մի քանի ժամ հետո ինձանից շատ գոհ նստել եմ նույն երրորդ համարի երթուղայինն ու գնացել տուն՝ համալսարանին հեռվից ձեռքով անելով։ Հիշում եմ, թե «Ժակլին» մտած անծանոթ մի աղջիկ ինչպես էր տեղի վճարովի կարմիր հեռախոսով ընկերոջ հետ հարաբերություններ պարզում՝ երկար-բարակ բացատրելով վերջինիս բոլոր սխալները։ Առհասարակ,

«Մաթոս ձյա»

«Ժակլինի» այցելուները արագ դառնում էին միմյանց անձնական կյանքի կոնֆիդենտը: Դե տարածքն այնքան փոքր էր, որ ինչ-որ բան թաքցնելն անհնար էր ու անիմաստ։ Սերունդների դրամաների լուռ ականատեսներն էին տյոտ Նատան ու տյոտ Աննան։ Իրականում մյուս բիստրոները ևս շատ հայտնի էին։ «Ժակլինի» կողքի «Մաթոս ձյա»-ում տալիս էին ամենահամով ֆրի կարտոֆիլն ու մուռավեյնիկը, «Մարիան», որ հետո վերածնվեց իբրև «Արմեն ձյա», ականատեսների վկայությամբ լավագույն վիետնամական սոուսն էր մատուցում։ Բայց տարբեր բիստրոներ նախընտրողների մեջ միշտ պայքար կար։ Ու ես ժակլինցի եմ։

Վերջաբան

Ուսանողական տարիներիս վիզուալ պատկերը սա է. «Ժակլինը» լցվում է աղմուկով, լեգենդար հեռուստացույցով արդեն ավարտվել է հագնվել սովորեցնող «Մոդնիյ պրիգավոռը», ու սկսվում է «Ֆեդեռալնիյ սուդյան»։ Կողքի սեղանին քննարկում են կյանքի իմաստն ըստ Կանտի ու բջջայինով բարձր Սպլին լսում։ Ձեռքիս անտիկ գրականության կուրսի հերթական քսերոքսն է, իսկ դիմացս՝ Սոնեչկայի բուտերբրոդը (chef ’s special)։ Կյանքի պարադոքսներ, որոնք ամեն քայլափոխին էին ու շատ համահունչ՝ ռոմանտիզմով լի այդ ուսանողական տարիներին։ Ու հա, մեր ռաուն ուրիշ էր՝ այս բառի բոլոր իմաստներով։

Նունե Մելքումյան Google Maps


ՔԱՂԱՔ Պատումներ Հայաստանից

Տեսարաններ սովորողի կյանքից Ներկայացնում ենք «Պատումներ Հայաստանից» պատմվածաշարի հերթական պատումը: Շարքին կարելի է հետևել ամսագրի թողարկումներում և medium.com/storiesfromarmenia բլոգում:

Հարգելի մարդ, որին ստիպում են կարդալ տասնյակ՝ մեկը մյուսից չտարբերվող տաղտկալի մոտիվացիոն նամակներ: Քանի որ ես հոգնել եմ նույն սեմփլ ֆայլի մեջ միայն մի քանի անուն ու համալսարանի անվանում փոխելուց, ապա կուրախացնեմ քեզ իմ կյանքի պատմությամբ։ Գիտեմ, որ հիմա՝ սուրճի երրորդ (չորրո՞րդ) գավաթը սեղանին, հոգնած հոգոց ես հանում, բայց մի շտապիր։ Վստահեցնում եմ, որ իմ կյանքի պատմությունը նախ այդքան էլ երկար չի, երկրորդ՝ ուղղակի կապ ունի իմ դիմումի հետ, քանի որ կյանքիս բոլոր շրջադարձային որոշումները կապված են եղել ուսման հետ, և այս նամակը հերթական նման որոշման մասին է: Եվ այսպես:

Նախադպրոց

Հայաստանում ուսման հարցը հիվանդագինորեն ծառանում է երեխայի՝ այս դեպքում իմ կյանքում մոտավորապես չորսուկես տարեկանը լրանալիս

Չգիտեմ՝ լսել եք, թե չէ ձեր Արևմտյան քաղաքակրթության ցիտադելներում, բայց Հայաստանում ուսման հարցը հիվանդագինորեն ծառանում է երեխայի՝ այս դեպքում իմ կյանքում մոտավորապես չորսուկես տարեկանը լրանալիս: Հազիվ էի սկսել ինձ բանական էակ զգալ, երբ հանկարծ պարզվեց, որ «աաաաա, էս երեխեն ոչ գրել գիտի, ոչ թիվ հաշվե՜լ»: Դրան գումարվեցին լացակումած համեմատությունները հարևանի աղջկա հետ. Հասմիկն ինձ հետ նույն օրն էր ծնվել՝ կես ժամ ուշ, բայց արդեն «գրում ա, կարդում ա, արտասանում ա, գումարում-հանում ա», իսկ ես, ուրեմն, հետ եմ մնում: Մի կերպ՝ լացելով, նվնվալով, աշխարհից նեղանալով սկսեցի կարողանալ երեք խնձորը և չորս տանձը վերարտադրել թվաբանության տեսքով, իսկ տառերը՝ նկարել գունավոր մատիտներով (այստեղ հարկ է նշել, որ տառագրությունը ինձ իրոք դուր էր գալիս): Մի կերպ համակերպվեցի այդ տնական տանջանքների հետ, քանի որ այդ ամենը բալանսավորվում էր մանկապարտեզի խաղուպարով: Բայց մի օր կենսական խաղաղությունս խախտվեց:

Դպրոց

— Մի շաբաթից գնում ենք դպրո՜ց, — հանկարծ հայտարարեց մայրս: «Իսկ ինձ ինչ-որ մեկը հարցրե՞լ էր», — մտքումս ըմբոստացա ես, բայց ճար չկար՝ պետք էր գնալ: Ուրեմն, սեպտեմբերի մեկ, Չարբախ, դպրոց: Շոգ: Հարյուրավոր մոլորված, շփոթված երեխաներ՝ չեն հասկանում՝ ինչ են ուզում իրենցից, ինչու են քարշ տվել այստեղ, ծանր պայուսակներ կախել ուսերից: Ուրախ և հուզված ծնողներ: Ոգևորված ուսուցիչներ: «Ի՞նչ կարտասանես»: Զանազան «ծափիկ-ծիրանիկների» ֆոնին աչքի եմ ընկնում, սկսում եմ «Չարի վերջը»: Մի կերպ կիսատպռատ (հուզմունքից, քանի որ նախորդ օրը ջրի պես արտասանում էի տանը) ավարտին հասցնելով հիմար կկվի մասին պատումը՝ ստանում եմ պարզ հարց՝ «Արթուր ջան, իսկ ուզու՞մ ես դպրոց գնալ», և տալիս պարզ ու անկեղծ պատասխան՝ «Ոչ»: Այդպես ավարտում եմ առաջին ուսումնական հարցազրույցս և ընդունվում տիկին Չոքեքչյանի դասարան:

46 47

Նոյեմբեր 2017

Ինձ հետ նույն դասարանում գրանցում ստացավ վունդերկինդ Հասմիկը (որը նույն հարցազրույցի ժամանակ ծայրից ծայր արտասանեց «Շունն ու կատուն»՝ առանց որևէ սեփական հավելումների, և հայտարարեց, որ մեկ տարի է, ինչ երազում է դպրոցում սովորել): Ավելին՝ մեզ նստեցրին միմյանց կողքին՝ մեջտեղի շարքի առաջին նստարանին: Մեր հետևը նստում էին գերաշխույժ Ասատրյան Լիլիթը և ոչ այնքան աշխույժ Մովսիսյան Էռնեստը: Գլորում հասնում ենք չորրորդ դասարան: Ես աստիճանաբար հասկանում եմ, որ ինձ հետաքրքրում է միայն գրականությունը: Գրավորներից հաճույք եմ ստանում միայն շարադրություններ գրելիս: Տիկին Դավթյանը մի անգամ նույնիսկ աչքերը փակում է «3»-ի գրված ուղղագրությանս՝ շարադրանքի համար գնահատելով ինձ 5/5 և հաջորդ դասին նույնիսկ ընթերցում է շարադրությունս ամբողջ դասարանին: Զգում եմ գերազանցիկ Հասմիկի զայրույթախառը հարգալից հայացքը. մի կողմից նա խանդում է, որ իր անթերի աշխատանքը չի արժանացել նույն ակնածանքին, մյուս կողմից մտածում է՝ «օհո, փաստորեն Արթուրը լրիվ անտաղանդի մեկը չի»:

***

Էռնեստն այդ ընթացքում հասկացել էր, որ նրան դպրոցում ընդհանրապես ոչինչ չի հետաքրքրում: Շարադրության տրիումֆիցս մեկ շաբաթ անց Էռնեստը բռնացրեց ինձ այն պահին, երբ մայրիկը թողեց ինձ դպրոցի մուտքի մոտ ու շտապեց գործի: — Արտ, բարև: Տնայիններդ արել ե՞ս. — երևում էր, որ ինչ-որ հետին միտք կա այդ հարցադրման մեջ: — Հա, երեկ հատուկ բակ չեմ իջել… — Իսկ ես չէ, — հայտնեց Էռնեստը այնպես, կարծես հարցը տվել էր միայն իր մասին պատմելու համար: — Արի թռնենք: — Ու՞ր: — Դե եսիմ, Աէրացիա գնանք, ֆռֆռանք, դասի հավես չկա: — Բայց, ախր… — Է՜, մի անկապ մտածի: Թռանք: Ոչ էլ անկապ մտածեցի: Չնայած, որ տնայիններս իրոք պատրաստ էին՝ կարոտել էի անդպրոց իրականությունը: Թռանք Աէրացիա: Այդպես տեղի ունեցավ իմ հարյուրավոր դասից-թռնոցիներից առաջինը:

***

Այդ ժամանակ ես արդեն կայացած միջակ հարվածային էի: Ծնողներս կարծես արդեն ձեռք էին քաշել հանճարեղ երեխա մեծացնելու գաղափարից և համակերպվել իրականության հետ: Բայց միևնույն է՝ որպեսզի զգոնությունս չկորցնեմ, շաբաթը գոնե մեկ անգամ ես տնայիններս անում էի Հասմիկի հետ՝ իրենց կամ մեր տանը: Հինգերորդ դասարանում ես սիրահարվեցի Հասմիկին: Էռնեստը, որն արդեն բոլորովին թարգել էր սովորելը, նկատեց իմ սիրահարված հայացքը՝ ուղղված դեպի անփոփոխ սեղանակիցս, և սկսվեց


Պատումներ Հայաստանից Հայաստանը լի է հետաքրքիր պատումներով և արկածներով: Medium.com/StoriesFromArmenia բլոգը կփորձի ներկայացնել մի թաղամասի միահյուսված պատմություններ այն մասին, թե ինչպես է մեր ազգը ներդնում նորարարությունն ու միաժամանակ պահպանում սովորույթներն ու ավանդույթները՝ գլոբալացված աշխարհում վերասահմանելով իր ինքնությունը: Պատմությունների հեղինակն Արտավազդ Եղիազարյանն է: Նա ոգեշնչվում է Երևանում և ընդհանրապես Հայաստանում գոյացող ամեն պատմության հանդեպ անսպառ հետաքրքրությունից: Այստեղ նա գրում է մարդկային վարքագծի ու արժեհամակարգի նրբությունների մասին՝ մեր և հարևանության երկրների համատեքստում։ Նազարեթ Սեֆերյանը բլոգի հայերենից անգլերեն թարգմանիչն է, ում աշխատանքի շնորհիվ աշխարհի բնակչության ավելի մեծ մասը կարող է ծանոթանալ Հայաստանից այս պատմություններին: Նկարազարդումների հեղինակն էլ նկարիչ Վիլյամ Կարապետյանն է:

տափակության տարբեր աստիճանի ձեռառնոցիների անվերջ տարափը: Էռնեստը մի կողմից երբեք չէր սիրում «լոքշ գերազանցիկ» Հասմիկին, մյուս կողմից չէր հասկանում, թե ինչպես կարելի է սիրահարվել, ու մի քիչ խանդում էր՝ կարծելով, որ իմ առաջին սիրային ապրումները վտանգում են մեր տղայական ընկերությունը: Ու ընդհանրապես «ի՞նչ գործ ունես, սեր-մեր-եսիմինչ, գնանք, ավելի լավ ա, հինգի-բըենց հետ կռիվ անենք»: Կռվում էինք, հետո գնում էի Հասմիկի հետ դաս պարապելու: Մի օր էլ որոշեցի, որ պետք է սեր խոստովանեմ: Թեպետ ընդհանրապես գաղափար չունեի՝ ինչպես, ինչու և ինչ կլինի հետո: Պլանը հետևյալն էր. Հասմիկենց տանը մաթեմատիկայի տնայինի վերջում հրավիրել կինո (դպրոցական լանչի հաշվին գումար էի կուտակել) ու այնտեղ՝ այդ իմ առաջին ժամադրության ժամանակ, ամեն ինչ պատմել: Հասմիկը ամբողջ օրը մի տեսակ էր: Շփոթված: Կարծես մտքերով ուրիշ տեղ լիներ: Վերջապես, դեռ մաթեմը չվերջացրած, անհաղորդ ձայնով ասաց. — Ես էլ դպրոց չեմ գալու: Շվարած գլուխս բարձրացրեցի տետրից ու ոչինչ չկարողացա ասել: Միայն մտածեցի՝ գրողը տանի, մի՞թե դպրոց է փոխում, տեղափոխվու՞մ են, բա որ, ասենք, Դավիթաշեն գնա՝ ո՞նց ենք հանդիպելու… — Պապային գործ են առաջարկել Գերմանիայում, չորս օրից թռնում ենք: Սերը չխոստովանվեց, նվերը չնվիրվեց, հույսերը մնացին սին, դաս անելու խթանը մոտեցավ զրոյական սանդղակին, Էռնեստը հաղթեց: Միակ սփոփանքս եղավ այլընտրանքային իրականության ստեղծումը: Նմանատիպ իրավիճակներում գտնվող պատանիները (երբեմն նաև մեծերը) քնելուց առաջ պառկում ու երազում են ավելի պայծառ ներկայի մասին, որտեղ նրանք ամեն ինչ ճիշտ ու ժամանակին են անում: Ես այդ մարդկանցից մի քայլ առաջ գնացի. այդ երազանքների աշխարհը սկսեցի կերտել թղթի վրա՝ իմ հինգերորդ դասարանցու անճոռնի ձեռագրով: Այդպես՝ անփոխադարձ սիրո ցավից ծնվեց իմ առաջին պատմվածքը: Գլխավոր հերոսը ես էի: Նա (ես) սիրահարվում էր դասարանի ամենախելացի աղջկան: Ու այդ աղջիկը ոչ թե մեկնում էր արտերկիր, այլ տղայի հետ գնում կինո: (Իհարկե, այս առաջին միամիտ ստեղծագործությունս թաքուն պահեցի, ոչ ոք երբեք այն չտեսավ):

*** Շարունակությունը կարդացեք

Medium.com/StoriesFromArmenia բլոգում

Նախահամալսարան

— Լավ է՜, ռադ արա, ի՞նչ համալսարան, — սիգարետը կպցնելով արտաբերեց Էռնեստը, — սաղ էդ դիպլոմ-միպլոմ, մասնագիտություն, եսիմինչ՝ Սովետից մնացած խասյաթ ա, ձևականություն: Հարյուր տարի ինձ ոչ մի դիպլոմ պետք չի: Իններորդ դասարանն էինք ավարտում, սկսվում էր «բա ու՞ր դիմեմ», «որտե՞ղ են առանց կաշառքի զաչոտ դնում», «ու՞մ մոտ պարապեմ ընդունելության համար» հարցերի սեզոնը: — Բա բանակը՞, — հարցրեցի ես: — Դե բանակը ի՞նչ, կգնամ, կծառայեմ, հետ կգամ, մի բան կանեմ: — Ի՞նչ կանես: Գո՞րծ բա ոնց կճարես: Մի բան պիտի սովորես, չէ՞: Իրականում, Էռնեստին հակադրվելով, ես նաև ինքս ինձ հետ էի վիճում. ինձ էլ էին պետք ուսումը շարունակելու լավ պատճառներ: — Ոչ մի գործ էլ չեմ ճարելու, չեմ պատրաստվում ոչ մի օր ոչ մեկի համար աշխատեմ, մենակ իմ սեփական բիզնեսը, — շատ ինքնավստահ հայտնեց ընկերս: Այդ օրը մեջս ցեց ընկավ: Գուցե ճշմարի՞տ է Էռնեստը: Գուցե ոչ էլ պե՞տք է այդ բարձրագույն կրթությունը: Այդ ժամանակ ես արդեն ստաբիլ «երեքներով» սովորող աշակերտ էի, թեպետ շատ հարգված տիկին Դավթյանի կողմից («Գրելու ձիրք ունե՜ս, Արթու՜ր», հայտնում էր նա ամեն շարադրությունից հետո), քանի որ հաջորդ դպրոցական պատմվածքս հաղթել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող dasaran.am-ի մրցույթներից մեկում: Այն առաջին պատմվածքը, ի դեպ, ոչ ոքի ցույց չէի տվել: Բայց ես, միևնույն է, ապագայի մասին որևէ գաղափար չունեի: Հո իմ սեփական այլընտրանքային իրականության մասին հեքիաթներով մարդ չէ՞ի դառնալու: Բայց երբ նույն երեկոյան բուհում չսովորելու թեման բարձրացրեցի տանը, ամեն ինչ ավարտվեց նրանով, որ մայրս վատացավ, վալերյան խմեց ու գնաց հանգստանալու, իսկ հայրս ծխեց չորս տարի ընդմիջումից հետո (իրականում երևի հարմար առիթի էր սպասում): Քանի որ չէի ուզում վիճակն ավելի սրել, ասացի, որ «լավ, լավ, կընդունվեմ»: Երկար չձգձգելու համար նույն երեկոյան կայացվում է իմ կյանքի մյուս կարևոր ուսումնական որոշումը. «ծրագրավորում կսովորես, հիմա աշխարհում էդ ա պետք», որոշում են ծնողքս, չնայած, որ ես երազում եմ գրել: «Լաաավ», — համաձայնվում եմ՝ մտածելով, որ գրել մի կերպ ինքս էլ կսովորեմ: ***

Արտավազդ Եղիազարյան Վիլյամ Կարապետյան


ՔԱՂԱՔ Պատմություն

300 տիկնիկները

Անձրևի հարսը, Արուսը, Ակլատիզը, Սիսակն ու Գարսևանը, չաղ ու ծերացած Պուտինը, Ազնավուրն ու Հռոմի պապը և այլ հերոսներ՝ Տիկնիկների նորաբաց պատկերասրահում:

Ե

թե փոքր ժամանակ ձեր տանը պտտվող պարուհով երգող զարդատուփ եք ունեցել, ապա դժվար թե Աբովյանով Հանրապետության հրապարակ իջնելիս անտարբեր անցնեք աջ կողմից վերջին դալանի կողքով։ Աբովյան 1/1 հասցեում գտնվող պատմական շենքը կառուցվել է 1914 թվականին, 1921-ին այստեղ ապրել է ոչ այլ ոք, քան Հովհաննես Թումանյանը, իսկ այսօր շենքի բնակիչները տիկնիկներն են, ինչի մասին հուշում է դալանից հնչող հեքիաթային երաժշտությունը (և ցուցանակը)։

48 49

Նոյեմբեր 2017

Ոչ միայն թատերական

Շենքի ամենավերևի հարկում այսօր գտնվում է Տիկնիկների պատկերասրահը, որը բացվել է բոլորովին վերջերս՝ Տիկնիկագործի միջազգային օրը՝ մարտի 21-ին։ Պատկերասրահի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանն արդեն 10 տարի շարունակ տարված է տիկնիկներով. ծանոթանում է տիկնիկագործների հետ, հավաքում և ցուցադրում նրանց աշխատանքները։ «Այս պատկերասրահն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Ճիշտ է, Տիկնիկային թատրոնի նախասրահում կան ցուցադրված տիկնիկներ, բայց դրանք միայն թատերական

տիկնիկներ են։ Բայց չէ՞ որ տիկնիկները բազմազան են՝ ոչ միայն թատերական, այլև ծիսական, կրթադաստիարակչական, գեղագիտական, նույնիսկ բուժիչ։ Այնպես որ այս պատկերասրահը դարձավ այն վայրը, որտեղ կարելի է ծանոթանալ բոլոր տեսակի տիկնիկներին, ընդ որում՝ բոլորը հայ հեղինակների ձեռքի աշխատանք են և պատրաստված են մեկական օրինակով», — հպարտությամբ պատմում է Մարինան։ Հեղինակների թվում են Գայանե Ափիկյանը, Լիլիթ Մարգարյանը, Ալլա Սարգսյանը, Անահիտ Առաքելյանը, Կարեն Գրիգորյանը, Սուսաննա


← Տիկնիկների պատկերասրահը գտնվում է Աբովյան 1/1 հասցեում

↑ «Տատիկ», հեղինակ՝ Արամ Օհանյան → Պատկերասրահի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանը

Ալավերդյանը, Արամ Օհանյանը, Արմեն Հովհաննիսյանը, Մարիամ Խարազյանը և այլք։ Ցուցակը շարունակ աճում է, տիկնիկների պատրաստման տեխնիկան գնալով ավելի բազմազան է դառնում՝ ճենապակուց ու պապյե մաշեից մինչև քանդակային տեքստիլ ու պոլիմերային կավ, իսկ ցուցանմուշների թիվն արդեն անցել է 300-ից։

Երեքը մեկում

Պատկերասրահի առջև դրված կարևորագույն նպատակներից մեկն այն է, որ տիկնիկը դիտողին ներկայանա ոչ միայն որպես խաղալիք, այլև առաջին հերթին որպես առանձին արվեստի գործ։ Հենց այդ պատճառով էլ «պատկերասրահ» է անվանվել, այլ ոչ թե «թանգարան». յուրաքանչյուր տիկնիկն առաջին հերթին պատկեր է, կերպար, ունի իր թեման, պատմությունը, նշանակությունը։ «Տիկնիկը սովորական արվեստի գործ չէ, այն իր մեջ արվեստի միանգամից երեք ուղղություն է ամփոփում՝ քանդակ, գեղանկարչություն և հագուստի դիզայն, — նշում է Մարի-

Տիկնիկը սովորական արվեստի գործ չէ, այն իր մեջ արվեստի երեք ուղղություն է ամփոփում՝ քանդակ, գեղանկարչություն եվ հագուստի դիզայն նան։ — Ես նույնիսկ նեղանում եմ, երբ ասում են, որ տիկնիկը միայն երեխայի համար է, կամ վստահ են, որ ես փոքր ժամանակ տիկնիկ չեմ խաղացել, դրա համար հիմա հավեսս հանում եմ։ Ցանկացած տարիքի մարդու համար էլ տիկնիկները կարող են հետաքրքիր լինել: Այս պատկերասրահը տարիքային սահմանափակում չունի, այն բոլորի համար է՝ փոքրիկների, դպրոցականների, ուսանողների ու ընտանիքների։ Մարդիկ պետք է սկսեն տիկնիկն ընկալել որպես դեկորատիվկիրառական արվեստի գործ, այլ ոչ թե միայն խաղալիք կամ հուշանվեր»։

Նուրին, Արուսը և մյուսները

Տիկնիկների պատկերասրահն ունի երկու սենյակ, որոնցից մեկն ամբողջությամբ նվիրված է հայկական ծիսական ու թեմատիկ տիկնիկներին։ Սրահ մտնելուն պես աչք է շոյում դիմացի պատից կախված Նուրին, նույն ինքը՝ Անձրևի հարսը: Ըստ հայկական ավանդույթի, Նուրին հայտնվում էր Ծաղկազարդի տոնին և երաշտ եղած ժամանակ արտասվում, և նրա արցունքներով թրջված հողն ու արտերը կենդանանում էին, ծիլ ու ծաղիկ տալիս: Ժողովրդական պատկերացումների համաձայն՝ Նուրին սիրունիկ էր ու խատուտիկ, ծաղկազարդ ու գեղեցիկ, շապիկը լուսակերտ էր ու նկարազարդ, իսկ


ՔԱՂԱՔ Պատմություն

↑ Տիկնիկային թատրոնի «թոշակառուները»

↓ Պատկերասրահի դպրոցական այցելուները

→ Մարիամ Խարազյանի աշխատանքները

→ «Թիֆլիսյան արիստոկրատ տատիկը», հեղինակ՝ Արմեն Հովհաննիսյան

→ «Ջութակահարը», հեղինակ՝ Արամ Օհանյան

50 51

Նոյեմբեր 2017


մեջքի գոտին ծիածանն էր: Նուրիի աչքերից էին ծնվում շաղն ու ցողը, անձրևի կաթիլները, որոնք սովորաբար պատկերվում են դեմքին։ Հետագայում Մարինան մտադիր է այլ տիկնիկագործների հետ մշակել ժամանակակից Նուրիի կերպարը՝ «ճղած ջինսով, ծիածանագույն մազերով ու դեմքին տատու արած արցունքներով. դա էլ թող մեր Բարբին լինի»։ Սրահի անկյուններից մեկը նվիրված է Համբարձման տոնին, որտեղ վիճակ հանող Արուսի «օրհնությամբ» ցանկացած այցելու նույնպես կարող է իր համար գուշակություն անել վիճակի անոթից։ Բայց այ Ասիլիկ-Վասիլիկներին (ավանդական, խմորից պատրաստված տիկնիկներն են, որոնք օգտագործվում են Նոր տարվա գուշակությունների համար) կարելի է միայն նայել, թե չէ ուտելու հետևանքները տխուր կլինեն։ Արուսի կողքին մշտական կռվի մեջ են Պաս պապն ու Ուտիս տատը, իսկ վերևում թեթև քամուց պտտվումպարում է Ակլատիզը իր յոթ գունագեղ փետուրներով, որոնք Մեծ Պասի յոթ շաբաթներն են խորհրդանշում։ Սրահում կարելի է տեսնել նաև չորացրած դդումի վրա նկարչությամբ ստեղծված տիկնիկների, հայկական տարբեր նահանգների տարազներով «իրար քիթ մտած բամբասկոտ տատիկների», քոչարի պարող տղամարդկանց, «01-99» ֆիլմից դուրս պրծած, գինովցած Սիսակին ու Գարսևանին, Քաջ Նազարին ու Ուստիանին, գունավոր ու շատ պուպուշ ամիգուրումիների (գործած կենդանակերպ տիկնիկների ճապոնական արվեստ)։ Պատկերասրահի «աստղերից» են առաջին հայ տիկնիկագործ Մարի Երկաթի տեքստիլային աշխատանքները, այդ թվում իր եղբորը՝ հանրահայտ օպերային երգիչ Միհրան Երկաթին պատկերող տիկնիկը՝ Արշակ Երկրորդ թագավորի դերում։

Բրիտանացի հյուրեր

Պատկերասրահի մյուս սենյակում մի ամբողջ պատը գրավող ցուցափեղկը նվիրված է ամերիկաբնակ Ալիս Նավասարգյանի կողմից պատկերասրահին նվիրաբերված՝ շուրջ 200 տիկնիկներից բաղկացած արժեքավոր հավաքածուին։ Վերևի շարքում տեղ գտած շուրջ 50 տիկնիկներն ամենից ուշագրավն են՝ հաշվի առնելով, որ պատրաստված են 20-րդ դարի հայտնի տիկնիկագործ Փեգի Նիսբեթի կողմից և ներկայացնում են բրիտանական պատմության ականավոր գործիչներին՝ սկսած արքայական ընտանիքի անդամներից մինչև քաղաքական գործիչներ (բարևներ թիթիզ պայուսակով ու բալետկաներով Մարգարետ Թետչերից)։ Հավաքածուի մյուս տիկնիկները հուշանվերային են ու պատկերում են աշխարհի տարբեր ազգերն իրենց էթնիկ հագուստով ու սանրվածքներով, իսկ ցուցափեղկի կենտրոնական մասում «փորձված լրագրողներն ակտիվ ռեպորտաժ են վարում այն մասին, թե որքան բազմազան են աշխարհի ժողովուրդները»։

→ Մարինա Խաչմանուկյանը հայկական ծիսական տիկնիկների սրահում

↓ «Մոսկվայի հայը», հեղինակ՝ Արամ Օհանյան

դիմացի պատին՝ վարագույրի հետեվում թաքնվում են Տիկնիկային թատրոնի՝ «թոշակի անցած» մի քանի տիկնիկներ՝ Կարապետը, Մըսրա Մելիքը, Զուլեյգան Պապյե մաշեից պատրաստված դիմակներից ներքև շարվել են թոռներին փեշի տակ առած Ղարաբաղի տատիները, իսկ դիմացի պատին՝ անթափանց վարագույրի հետևում թաքնվում են Տիկնիկային թատրոնի՝ «թոշակի անցած» մի քանի տիկնիկներ՝ Կարապետը, որը ձեռքի վրա հագցնելով ներկայացում խաղալու առաջին հայկական տիկնիկն է, Մըսրա Մելիքը, Զուլեյգան, «Իտալուհին Ալժիրում» ներկայացման հերոսուհին, Կոշկավոր կատուն և այլ հերոսներ։

Չաղ ու ծերացած Պուտինը

Պատկերասրահի հիմնադիրն իր կարևոր բացահայտումներից մեկն է համարում երիտասարդ ռեժիսոր, նկարիչ Արամ Օհանյանի տիկնիկները։ «Նա ինձ պատմել է, որ ժամանակին, երբ Մոսկվայում էր ապրում, շատ էր հետաքրքրվում տիկնիկներով, բայց իր հավանածները չափազանց թանկ էին, որպեսզի գներ, դրա համար որոշեց ինքը պատրաստել, — ասում է Մարինան՝ մատնացույց անելով մի քանի ցուցափեղկերում ներկայացված աշխատանքները՝ բոլորին ծանոթ Լուի դե Ֆյունեսը, Ժակ Շիրակը, Շառլ Ազնավուրը, Հռոմի պապը, Անգլիայի թագուհին։ — Ասեմ, որ տիկնիկների հագուստն էլ Արամի մայրիկն է կարում։ Օրինակ՝ այս Մոսկվայի հայերի հագուստի վրա մի լավ տանջվել են, մինչև իդեալական համադրություն են ստացել։ Սա էլ մի քիչ չաղ ու ծերացած Պուտինն է… երևի որ տեսնի՝ կնեղանա»։

← «Միսսիս Փարփլ», հեղինակ՝ Նոնա Մելքոնյան

Ապագա

Մարինան խոստանում է, որ պատկերասրահում շուտով զանազան ցուցահանդեսներ են կազմակերպվելու: Մշտական ցուցադրությունը շարունակ փոխվելու է, որպեսզի բոլոր տաղանդավոր տիկնիկագործները հնարավորություն ունենան ցուցադրելու իրենց աշխատանքները։ «Կազմակերպելու ենք ֆիլմերի ցուցադրություններ, տիկնիկագործության վարպետաց դասեր տարբեր տարիքային խմբերի համար: Ուզում ենք այստեղ ծիսական տիկնիկների օգնությամբ նշել մեր բոլոր ավանդական հայկական տոները, Համբարձման տոնին գուշակություններ անել վիճակով, իսկ Ամանորին՝ Ասիլիկ-Վասիլիկներ թխել։ Մեզ համար կարևոր է, որպեսզի պատկերասրահը չընկալվի միայն որպես ցուցասրահ, այլ հնարավորինս ինտերակտիվ լինի ու այցելուների համար վերակենդանացնի այն բոլոր գեղեցիկ ավանդույթները, որոնք կապված են տիկնիկների հետ», — բացատրում է պատկերասրահի գեղարվեստական ղեկավարը։ Մոտ ապագայում սրահներից մեկի կողքի փոքրիկ սենյակում խաղասենյակ կլինի, իսկ մինչ այդ փոքրիկ այցելուներն ազատ վազվզում են սրահից սրահ, զվարճանում Քաջ Նազարի ծուռմռտիկ ոտքի մատներին կանգնած ճանճից, հիանում բացվող-փակվող վարագույրի տակ թաքնված տիկնիկներով ու երազում շուտ մեծանալ, որպեսզի իրենց ձեռքով պտտեն գունավոր բմբուլներով Ֆռիկին։

Տիկնիկների պատկերասրահը շուտով կվերաբացվի նոր հասցեում։

Անի Սմբատի Բիայնա Մահարի


Քաղաք Կադրերի բաժին

→ Լևոն Մկրտչյանի հուշատախտակի հանդիսավոր բացումը ՀՌՀ-ում

Լևոն Մկրտչյանը՝ ՀՌՀ բացմանը, 1997թ. Հայ-ռուսական համալսարանի հիմնական մասնաշենքը կառուցվել է 1960-ականներին: Ի սկզբանե այն նախատեսված է եղել որպես հիվանդանոցի տարածք, սակայն այդպես էլ չի գործածվել այդ նպատակով: 1971-ին շենք է տեղափոխվել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը և գործել այնտեղ մինչև 1990-ականների սկիզբը: 1997-ին շենքը զբաղեցրեց նոր կազմավորված Հայ-ռուսական համալսարանը, որի հիմնադիրներից մեկը ակադեմիկոս Լևոն Մկրտչյանն է եղել: Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Լևոն Մկրտչյանն իր ժամանակի խոշորագույն հայ մտավորականներից էր: Ռուս գրականության մասնագետ Մկրտչյանը հեղինակել է 35 գիրք, մի քանի տասնամյակ աշխատել ԵՊՀ-ում, իսկ 1998-ին Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների համատեղ որոշմամբ նշանակվել նորաստեղծ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր: 2014 թվականին ՀՌՀ-ում բացվել է համալսարանի առաջին ռեկտորի հուշատախտակը:

ՀՌՀ արխիվ

52

Նոյեմբեր 2017




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.