Արվեստը պիտի արտահայտե արվեստագետի հոգին, իրերի հոգին, մարդու հոգին: Նա պիտի մենկաբանե պատկերներով` մեր ներաշխարհը: Նա պիտի թարգմանե մեր բնությունը…
Հարգանքներով` ԵԹԿՊի-ի ուս. խորհրդի նախագահ Արմեն Սարգսյան
Ողջունում եմ քեզ, սիրելի ընթերցող… Բարի գալուստ մեր «Արվեստանոց»: Հավատացնում եմ` այստեղ մթնոլորտը ջերմ է ու տաք, այստեղ դու հյուր չես, այլ` տեր, այստեղ դու սպասված ես: Արվեստանոցը քեզ համար է ստեղծվել, Արվեստանոցի բնակիչներն ամեն բան արել են, որպեսզի դու քեզ հարմարավետ զգաս, որ հանդիպես գեղեցիկին, վեհին, բարուն, որ դու էլ քեզ այդ բնակիչներից մեկը համարես: Մենք ստեղծել ենք հարթակ, որտեղ միավորվել են տարբեր արվեստանոցներում ստեղծված աշխատանքներ, տարբեր արվեստանոցներում “մեծացած” արվեստագետներ, մենք նպատակ ունենք լուսաբանել այն ամենն, ինչ ծնվում է այսօրվա արվեստանոցներում: Սա մեր ճանապարհի սկզբնակետն է, սակայն, համոզված եմ, որ մենք անցնելու ենք այս ուղին քեզ հետ միասին:
Պարբերականի գլխ. Խմբագիր Արմինե Բոյաջյան
«Արվեստանոց»-ը գույների, գաղափարների, զգացողությունների հանդիպման խաչմերուկ է: Այն կոչված է լինել հարթակ, որտեղ արարող կամեցողներն ազատություն ունեն, որտեղ երեք ժամանակները քայլում են միասին` անցյալը, ներկան և վաղվա օրը: Քայլում են ու մեկանում, մի մարմին հագնում, մի կաթսա է, որտեղ բառն ապրեցնում է, բառը ճշմարիտ է խոսում և խոսում է ճշմարտության մասին: “Արվեստանոց”-ը իմ, քո, այն երրորդի հանդիպման վայրն է ու մեր զրույցի սեղանը: Սա մեր բոլորիս “Արվեստանոց”-ն է… Ուստի` ոտքներս բարի…
Մտորում են հսկաները... Չարենց Մեծ էր նա, անսահման մեծ էր ու հանճարեղ… Նա ինքն էլ քաջ գիտակցում էր իր ինքնության մեծությունն ու երբեք ավելորդ համեստություն չէր ցուցաբերում: Չհասկացված անհատ, ով խորթ եղավ իր ժամանակի ու բարքերի համար, ում սիրտն ասես այլ ռիթմով էր բաբախում`ժայթքող, պայթունավտանգ, հրեղեն… Հենց այս ռիթմով էլ կերտեց այնպիսի գրական ժառանգություն, որի հետ ոչինչ համեմատել հնարավոր չէ… Մեծ էր, անսահման մեծ ու հանճարեղ…Նա պայքարում էր հոգևոր մրրիկների դեմ, պայքարում էր ինքն իր դեմ… Նրան ոչ ոք չէր հասկանում, կամ չէր ուզում հասկանալ, կամ անկարող էր այդքան մեծին տեղավորել իր աշխարհընկալման մեջ: Նրան միայն իր կապուտաչյա հայրենիքն էր հասկանում, իր գենը… Մերժված իշխանության կողմից, մերժված կարգերի ու բարքերի կողմից, մերժված գրչակիցների կողմից, սակայն ոչ երբեք ` դարի ու պատմության կողմից… Ժամանակն ու պատմությունն ապացուցել են մի կարևոր բան. անսահմանափակներին իր գրկի մեջ պարփակել կարող է ինքը`անսահմանափակ քրոնոն… Միայն ցեղի հնամյա կանչն էր, որ անդնդախոր հեռուներից ձայնում էր մեծ պոետին, թե իմն ես դու, իմ սեփականը ու քեզ ինձնից ոչ ոք խլել չի կարող… Քեզ կարող են աքսորել,Չարենց, քեզ կարող են ձերբակալել ու գրիչդ հանդգնաբար վերցնել քեզնից, բայց ինձնից պոկել քեզ չի կարող ոչ մի դիկտատոր, ոչ մի բռնապետ… Դու քո հայրենիքի ցավերի կանչն ես, դու հուրն ես նրա պայծառ գալիքի… -Թեև ես գերեզման չունեցա, սակայն անմահներից ոչ ոք այնքան կենդանի չէ, որքան ես… Իմ կյանքն անվերջ վերադարձ է, քանի դեռ ապրում են իմ տաղերը, քանի դեռ շնչում են իմ բառերը , քանի դեռ էպոս դարձաձ ձեր ականջին շշնջում են իմ երգերն ու պատմում, թե որքան արևահամ է բարն իմ անուշ Հայաստանի… Ա. Բոյաջյան
Իմ ու քո Հայաստանը: Գյումրի Թերևս, յուրաքանչյուր հայ ներքուստ համոզված է, որ Հայաստանի ամենամշակութային քաղաքը եղել և շարունակում է մնալ Գյումրին՝ իր մեծությամբ երկրորդ քաղաքը մեր երկրի: Քաղաքը, թեև ունեցել է իր կյանքում ողբերգական էջեր, սակայն կարողացել է թերթել այդ էջերն ու առաջ նայել: Հնամյա այս քաղաքի կառույցները բազմազան են, սակայն բոլորն էլ տեղավորվում են մեկ, ընդհանուր գեղեցիկ ու հայեցի պատկերի մեջ: Քաղաքը հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետական մոտեցումներով: Գյումրին ճարատարապետական այս ոճը վերցրել է Կարսից, նաև՝ Անիից: Կառույցների մեծամասնությունը զարդարված են քանդակներո, ունեն աղեղնաձև կամարներով եզերվող լուսամուտներ և մուտքեր: Դրանք հիմնականում կառուցվել են սև և կարմիր տուֆից: Այս քաղաքի գեղեցկությունը երևում է նաև հայկական արտադրության մի քանի հանրահայտ ֆիլմերում, օր՝ <Հին օրերի երգը>, <Մեր մանկության տանգոն>, <Եռանկյունին> և այլն: Յուրաքանչյուր հայ գրեթե անգիր գիտի Գորկու փողոցը, որովհետև նրա հիշողության մեջ դեռ դաջված են կադրերը, որտեղ իրենց հրաշք խաղով հիացնում են Նովենցն ու Ֆրունզը: Գյումրին իր մեջ բազում զգացմունքներ է ամփոփում, այն ոչ միայն հին քաղաք է, այն հայի ապրածն է, այդ ապրածի դրսևորման կերպը:
Փ. Թերլեմեզ յանի անվ.գեղարվեստի պետ. քոլեջ Երևանում կա մի հայտնի կառույց, որի պատերի ներքո ձևավորվել են հայ կերպարվեստի բազում կարկառուն դեմքեր: Նկարչական այս դպրոցը ստեղծվել է 1921թ-ին, Ալեքսանդր Մյասնիկյանի հատուկ ստորագրությամբ: Սկզբնապես այն կոչվել է «Գեղարդ» գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում, 1938թ-ին` գեղարվեստական ուսումնարան, 1941 թ-ին վերանվանվել է հայ մեծ նկարիչ Փանոս Թերլեմեզ յանի անվամբ և կարճ ժամանակահատվածում դարձել գեղարվեստի միջնակարգ լավագույն կրթարաններից մեկը Հայաստանում։ Կրթական այս կառույցի առաջին տնօրենն է եղել Հովհաննես Թադևոսյանը, ով գլխավորել է ուսումնական աշխատանքներն ու կազմել դասատուների կազմը։ Հաստատության ակունքներում են կանգնած ժամանակին Եվրոպայի լավագույն կենտրոններում՝ Վիեննայում, Փարիզում, Մյունխենում, Մոսկվայում կրթություն ստացած և մեծ հեղինակություն վայելող այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Վրթանես Ախիկյանը, Ստեփան Աղաջանյնաը, Սեդրակ Առաքել յանը, Վահրամ Գայֆեճյանը, Գաբրիել Գյուրջյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյայնը և այլք: 1927 թ-ին ուսումնարանը տվել է իր առաջին շրջանավարտները, որոնց թվում էին անվանի հայ գեղանկարիչներ Մհեր Աբեղ յանը, Սեդրակ Ռաշմաճյանը, Բաբկեն Քոլոզ յանը, Արմեն Չիլինգարյանը, հաջորդ տարիներին` Գրիգոր Խանջյանը, Էդուարդ Իսաբեկյանը և շատ ուրիշները: Գեղարվեստի պետական այս քոլեջը շարունակում է պահել անցյալի ավանդույթները` դրանք կատարելագործելով և ժամանակի պահանջներին համահունչ ընթանալով: Այսօր էլ այս կրթօջախը պատրաստում է հմուտ մասնագետներ, ովքեր մեր երկրի վաղվա մշակույթի կրողները կլինեն, այսօր էլ այս քոլեջում ուսանում են մարդիկ, ովքեր հայ կերպարվեստի հսկա ժառանգության կրողներն ու շարունակողներն են:
Իմպրեսիոնիզմի գույները. Գոգեն Գոգենը եղել է ֆրանսիացի լրագրողների ընտաքից: Մանկությունն անցել է Պերուում, որտեղ էլ հենց ձևավորվել են նրա գեղագիտական ճաշակի հիմքերը: Սովորել է Օռլեոնում, ապա` Փարիզում: Արվեստով զբաղվել է ազատ ժամանակ: 1876թ-ին նրա բնանկարներից մեկն առաջին անգամ ընդունվեց Սալոնում և հենց այդ պահից Գոգենը թողեց ամեն ինչ և սկսեց զբաղվել արվեստով: 1888թ-ից Գոգենը սկսեց նահանջել իմպրեսիոնիզմից և ձեռք բերեց, այսպես ասած, սինթետիկ ոճ. ավելի դիպուկ` հրաժարվեց ավանդական հեռանկարայնությունից և եռաչափության օրենքներից և հիմնվեց լայն քսվածքով մակերեսների վրա: Բրետոնում նրա շուրջը համախմբվեցին դեպի սիմվոլիզմը ձգտող մի շարք նկարիչներ: Շուրջ երկու ամսի նա Առլում բնակվեց Վան Գոգի հետ նույն հարկի տակ, որը վերջինիս համար ունեցավ դրամատիկ նշանակություն: Տարիներ անց, հույս ունենալով ապրել մի այնպիսի հասարակության մեջ, որն ապրում է բնության օրենքներով և դեռևս չի ենթարկվել քաղաքակրթության բացասական հետևանքներին, Գոգենը տեղափոխվում է Թաիթի` ստեղծելով թաիթյան շրջանի իր հրաշալի գործերը: Հիվանդությունները, չքավորությունն ու միայնությունը նրան հասցնում են ինքնասպանության փորձի: 1901թ-ց նա տեղափոխվում է Հինա-Օա կամ Դոմինիկյան կղզզի ու միայնակ բնակվում Անտոնա գյուղում: Լ. Ներսիսյան
Կոկո Շանել 1. Որքան վատ են ընթանում աղջկա մոտ գործերը՝ այնքան լավ տեսք նա պետք է ունենա: 2. Ընդունված է համարել, որ ճոխությունը չքավորության հակապատկերն է: Ո՛չ, ճոխությունը վուլգարության հակապատկերն է: 3. 20 տարեկանում դուք ունեք դեմք, որը ձեզ բնությունն է պարգևել, 30-ում ունեք դեմք, որը կյանքն է քանդակել, իսկ 50-ում ունեք դեմք, որին արժանի եք: 4. Ես թքած ունեմ, թե ինչ եք դուք իմ մասին մտածում: Ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում: 5. Հոգ տանելով սեփական գեղեցկության մասին, պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի կարող օգնել: 6. Տգեղ կին չի լինում, լինում են ալարկոտներ: 7. Որպեսզի լինել անփոխարինելի՝ հարկավոր է անընդհատ փոխվել: 8. Կինը, ով չի օգտագործում կոսմետիկա՝ չափից շատ մեծ կարծիք ունի իր մասին: 9. Ամեն ինչ մեր ձեռքերում է, այդ իսկ պատճառով չի կարելի ոչինչ ձեռքից բաց թողնել: 10. Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերությունից: 11. Ինչ ուզում ես ասա, կինը տղամարդու կյանքում լինում է միակը, մնացած բոլորը այդ կնոջ շողքերն են:
Մարկեսի Մենությունը... Մոգական ռեալիզմի տիտաներից մեկը՝ կոլումբիացի գրող Գաբրել Գարսիա Մարկեսը 1975 թվականին մանիֆեստ ներկայացրեց աշխարհին։ Մանիֆեստը <<Նահապետի աշունը>> վեպն էր, կարելի է ասել՝ դարի նկարագիրը։ 20-րդ դարի առաջին եւ երկրորդ կեսերին մարդկության մի ստվար զանգվածի կառավարում էին բացարձակ իշախանության ձգտող բռանակալներ, որոնք հիմնականում ունեին մի քանի անուններ՝ ֆաշիզմ, կոմունիզմ և նրանց թվում էր իշխանությունը հավերժ է։ Այլևս մարդկությունը կարճ ժամանակահատվածում տեսավ մեծ թվով դիկտատորների՝ Հիտլեր, Ստալին, Մուսսոլինի, Ֆրանկո, Մաո, հետագայում՝ Կաստրո եւ այլ լատինամերիկյան բռնակալներ, որոնք իրենց իշխանությունը երկարաձգելու համար պատրաստ էին անգամ պայթեցնել երկրագունդը, միայն թե տիրեն։ Պատմա-քաղաքական իրավիճակի թելադրած սյուժեն Մարկեսը դարձրել է բարդ հոգեբանական և խորը փիլիսոփայական ամուր վեպ, որտեղ առավելագույնս հակադրության մեջ է դրել ի ծնե արատավոր մարդու իշախանության ծրավը և մարդկային մենությունը։ Վերոհիշյալ բռնակալներից յուրաքանչյուրի անունը կարելի է վերադրել վեպի հերոսի՝ գեներալի, փոխարեն և ամեն էջում գտնել այնպիսի պատմական իրողություններ, ինչպիսիք են նրանց դաժանությունը, բռնապետության եղանակները, ժողովրդիական ատելությունը, նրանց կուրությունը, վախկոտությունն ու եսապաշտությունը, խելագարությունը, նրանց դահիճ լինելը և անվան շուրջ պտտվող առասպելները։ Վեպը բազմաշերտ է, բացի այս ամենից Մարկեսի <դարի ռեքվիեմի> առանցքային թեման մարդկային մենությունն է, մենություն, որը ձգվում է ավելի քան հարյուր տարի, քանզի այն վերջ չունի։ Վեպի հերոսը՝ գեներալը լատինամերիկայն դիկտատոր էր, ում իշխանության գալու օրից անցել էր հարուրամյակ և ոչ ոք այլևս չէր հիշում նրա անունը և իշխանության գալու տարեթիվը։ երիտասարդ տարիներին նա մասնակցել էր հեղափոխական շարժման և իշխանության գլուխ էր եկել անգլիացի ձկնորսների շնորհիվ։ Եվ այստեղ Անգլիայի իշխանությունն է ցույց տրված
Լատինական Ամերիկայի վրա։ <<Օգոստոսի տասներկուսն է, գեներալ։ Նշանավոր տարեթիվ։ Հարյուր տարի է անցել Ձեր՝ իշխանության գլուխ անցնելու օրից։ Ողջ երկիրն է տոնում, իսկ Դո՞ւք:>> Գիտեք ի՞նչ է նշանակում մենություն։ Ո՛չ։ Վերագրում եմ ինձ, վերագրեք նաև Ձեզ։ Հերոսը՝ գեներալը չուներ անուն․ <<ԵՍես եմ, ի՞նչ տարբերություն>>, ի տարբերություն խաղացող մյուս անհաշիվ հերոսների, որոնք ունեին անուններ։ Մարկեսի ինչպես մյուս հերոսները և նաև գներալը ապրում են երկար: Նա անհույս մենակ է: Մենությունը ծնում է բռնակալին՝ գեներալին և սահմանում նրա ճակատագիրը՝ տալիս իշխանություն, անսահման դաժանություն, զրկում սիրելու ընդունակությունից, տալիս այլանդակ արտաքին և ի ծնե վախ մահից։ Ի հակառակ, բոլոր այս կլիշեների նա իրականում ոչինչ չուներ, թվացյալ փառքին, նա լեգենդ էր, միֆ, քանզի նա գոյություն չուներ։ Անհասկանալի է ով է պատմում վեպը, երևի թե նա ինքը կամ ավելի գեր ուժ, ով ապրեց ավելի երկար և նրան տեսավ կույս մորից ծնվելու պահից մինչև մահը։ Գեներալը ինքն էր իշխանությունը, սակայն նրա կյանքում կային երեք ագահ կանայք և նրանք իշխանություն ունեին՝ իշխանության վրա՝ մայրը Բենդիսիոն Ալվարադոն, առաջին սերը՝ Մանուելա Սանչեսը և միակ կինը, ամնեաագահը, ով վերափոխեց նրան՝ Լետիսիա Նասարենոն։ Նա կամեցավ Լետիսիաի մահը, սակայն այդ մահը վերջ տվեց գեներալի անվերջ ձգվող փառքին ու հիշողությանը, թողնելով ընդհամենը մեկ անուն Բենդիսիոն Ալվարադո՝ իր մանկությունը, այն կնոջը, ով ծիածանի գույներով էր զարդարում գորշ թռչուններին ու վաճառում, մինչև անգամ իր կուրության տարիներին, մինչև ի մահ։ Գեներալն իր աշունն էլ ապրեց ապականության ու մեղքի հետ և չթողեց իրենից ոչ մի հետք։ Հատված․<<Նա հասնելու է հարյուր յոթ տարեկան, որից հետո ապրելու է էլի հարյուր քսանհինգ տարի և հետո միայն կկատարվեր կատարվելիքը, այսպես գուշակեց պառավ պայծառատեսը։ <<Ըհմ>>,- ասաց նա և սպանեց պառավ պայծառատեսին հենց ճոճում՝ խեղդելով նրան, առանց ցավ պատճառելու, վարպետ
անասուն, խեղճ պառավը միակ կենդանի արարածն էր, որին նա սպանեց անձամբ, որպեսզի աշխարհում իրենից բացի ոչ մեկը չիմանար՝ ինչպե՞ս, որտե՞ղ և ե՞րբ է մեռնելու ինքը։ Բայց նա մեռավ, մեռավ այն պահին, երբ ամենից քիչն էր ուզում մեռնել, երբ այդքան տարիների պատրանքներից ու ինքնախաբեությունից հետո սկսել էր գլխի ընկնել, որ մարդիկ չեն ապրում, գրողը տանի, այլ գոյություններն են պաշտպանում, որ ամենաերկար ու գործունյա կյանքն էլ հազիվ է բավականացնում ապրել սովորելուն, այն էլ ամենավերջում։>> Հատվածը մեջբերված է ․․․․ Զենֆիրա Մարտիրոսյան