Artavazd

Page 1

Անուշ Ասլիբեկյան

Արտավազդ

Նա վերջին անգամ մեր տանը հայտնվեց մորս ութսուն ամյակին, ինչպես միշտ` առանց հրավերի: Բոլորին անակնկալ կերպով ներկայացավ. «Արտավազդ, իզվեստնիյ վ կրուգախ Ռասիսկոյ բիզնես ի պոլիտիչեսկոյ էլիտի, պալիտոլոգ էկոնոմիստ: Դավերեննոյե լիցո դեպուտատա իզ Նիժնեվո Տագիլա Վասկին Իվան Պետրովիչա, ի նակոնեց տո` դոկտոր էկոնոմիչեսկիխ նաուկ: Պաչոտնիյ պենսիոներ Ռասիսկոյ Ֆեդերացիի»: Իրարանցման մեջ ոչ ոք ոչինչ չհասկացավ նրա ասածից, բայց նա իրեն hատուկ զվարթ, անհոգ թեթևությամբ անցավ խոհանոց` բերած ձկները եփելու: Մայրս նույնիսկ չփորձեց բացատրել, որ այդ երկու ձուկը քսանից ավելի հյուրերից և ոչ ոքի չի բավականացնի, և որ սեղանը գերծանրաբեռնված է տեսակ-տեսակ ուտեստներով: Արտավազդն էլ չընկճվեց, ինչպես միշտ` վստահ էր իր նախաձեռնություններում: Շուտով նաև ինքն իրեն թամադա կարգեց սեղանին: Ինքնակոչ թամադան բարձրացրեց գինու առաջին բաժակն ու սկսեց. «Կենացդ, մայա դորագայա Նինա Վագանովնա: Դուք առաջվա պես երիտասարդ եք ու շլացուցիչ: Երբեք չեմ կարող մոռանալ մեր հիասքանչ երիտասարդությունը, ինչ օրե¯ր էին, բայց ամենամեծ պարգևն այս գեղեցկուհին է, որ մայրիկին չի զիջում իր հմայքով, թեև դեռ շատ ճանապարհ պիտի անցնի նրան իսկապես հասնելու համար...»: Հյուրերը վերջապես ամեն ինչ հասկացան, անչափ հետաքրքիր էր այսքան տարի անմատչելի եղած մորս կյանքի անցյալից պատառիկներ որսալը: Մայրս չէր էլ թաքցրել, պարզապես մոռացել էինք, անտեսել, ջնջել հիշողությունից` կարծես թե չի էլ եղել նման բան: Զարմանալի հատկություն ուներ Արտավազդը, նա կարողանում էր իրականությունը հարմարեցնել իրեն` միշտ ծովը ծնկներից էր, լայն ժպիտը շուրթի անկյունում պատրաստ պահած` սպասում էր հարմար առիթիֈ Շփվում էր հարևանցի` անգամ այն մարդկանց հետ, ովքեր թույլ չէին տալիս, բայց շատ լավ գիտեր յուրաքանչյուրի տեղն ու դերը: Պարզապես այդպիսին էր Արտավազդը: Ամեն անգամ, երբ նա հայտնվեր մեր տանն ասես ոչ մի տեղից` պատահական, երջանիկ, առույգ, ես տխրում էի: Հացը կորցնում էր համը, ու ոչ մի կերակուր բերկրանք չէր պատճառումֈ Իսկ նա սիրում էր շուկա արած հայտնվել, ինքն էլ կանգնում էր խոհանոցում` իմ ու մայրիկի խոհանոցում, և երգելով, լայնաժպիտ պատրաստում էր իր սիրած ուտեստը` ձուկ կարագով: Ընթացքում անդադար խոսում էր, բացատրում էր, թե ինչու է իր պատրաստածն ամենահամեղն աշխարհում. դա ծնողական էներգետիկա է կոչվում: Պարզվում է, որ դա ինձ էլ կփոխանցվի, երբ մայր դառնամ: Մենք, քաղաքավարությանը զոհ, նստում էինք սեղան, ուտում անարձագանք: Բայց նա… Նա իրադարձություն էր սիրում, չէ՞որ. ‘’Արտավազդ պրիշոլ, ի րիբկու պրինյոս դլյա վաս’’: Նա այնքան էր այդ մասին շեշտում իր հայկական առոգանությամբ ռուսերենով, որ ստիպված լինեինք գովել նրա խոհարարական տաղանդը:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.