Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Սև կատուն Ընկերս ուշանում էր: Վերջապես նա թեթևակի կաղալով մոտեցավ ինձ: -Ինչո՞ւ ես կաղում: -Ոտքս ոլորեցի,- կռացած ծունկը շփելով ասաց նա։ -Հաշվի չես առնում տարիքդ, զգույշ եղիր,- փորձեցի կատակել` անտեսելով նրա ցավը: -Քեզ մի բան եմ պատմելու, վրաս չծիծաղես, - մեջքն ուղղեց ընկերս: -Աստվածաբանական ֆակուլտետի առաջարկն ընդունեցի՞ր: -Իհարկե` ոչ, ես նմա՞ն եմ այն խրտվիլակներին, որոնք երեկ չէ առաջին օրը, փրփուրը բերանները, ժխտում էին Աստծո գոյությունը, այսօր մոլի հավատացյալներ են դարձել: Իրենց իսկ բնութագրմամբ` կոմունիստ ծնվել էին, կոմունիստ էլ պիտի մեռնեին: Այսօր նույն ամբիոնից, նույն ոգևորությամբ և պաթոսով ապացուցում են, որ կյանքն Աստծով սկսվում է, նրանով էլ ավարտվում: Զզվանքս գալիս է դրանցից, իսկ դու մտոք ինձ արդեն այդ ամբիոնում ես պատկերացնում, նրանց կողքին, ձեռ ե՞ս առնում: -Ես կատակեցի, գիտեմ, որ անկոտրում կոմունիստ ես, բայց ինձ ներիր, ես էլ քո գաղափարախոսությունը չեմ ընդունում: Կարո՞ղ ես մինչև սրճարան հասնել այդ ոտքով, երկու քայլի վրա է, այնտեղ կզրուցենք: Մատուցողը բարևելիս հարգանքով արտաբերեց ընկերոջս ազգանունը և, պատվերն ընդունելով, անհետացավ բուֆետի հետնամասում: -Նախկին ուսանողների՞ցդ էր, - հետաքրքրվեցի ես: -Այո: Դժվար գտնես մի երկիր, որ իրեն նման շռայլություն թույլ տա` բարձրագույն կրթությամբ մատուցողներ ունենա: Մեկ-մեկ ինձ թվում է, որ այս մղձավանջը երազ է, կարթնանամ և կվերջանա, - մտազբաղ պատասխանեց նա: -Կապիտալիզմը մեղք չունի, որ մենք նրա շնացած տարբերակի մեջ ենք հայտնվել, ցանկացած ժողովուրդ էլ իր իշխանությանն է արժանի: Ավելի լավ կլինի, որ պատմես, թե ինչու վրադ պետք է ծիծաղեի: