ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ
(հատված «Ագռավի թռիչք» անտիպ վեպից)
ԱՅՆ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑԻՆ ԿԱՆԱԴԱՀԱՅ ՊԱՐԱՇՅՈՒՏԻՍՏԻՆ, ԵՎ ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ Ահա, այնպես պատահեց, որ Օտտավա-Երևան ինքնաթիռ հայտնվեց և վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդակայանումֈ Երբ շարժասանդուղքը մոտեցավ ինքնաթիռին, դուռը բացվեց ու դռան բացվածքում հայտնվեցին երկուսը՝ ուղեկցորդ աղջիկը և ինքնաթիռի երեք սալոնների ամենաուժեղ տղան, որի լրիվ անունն էր Հաբեթնակ Բլաքֈ Նրա հետ մենք արդեն ծանոթ ենք, սիրելի ընթերցող, և քանի որ մեր այս հույժ ճշմարտապատում պատմության մեջ նրան որոշակի դեր է վերապահված, պատմենք առավել մանրամասնֈ Ինչպես իմացանք, նա ծագումով հայ էր, կրթությամբ՝ պարաշյուտիստ, այսինքն` չուլ ու փալասի օգնությամբ վերից վար իջնող և այդ բանն անում էր ամեն անգամ կենդանի մնալու հաճույքիցֈ Վերջին հատկությունը և անունը միակ հատկանիշներն էին, որ բնորոշում էին Հաբեթնակ Բլաքին, որպես ծագումով հայիֈ Հորը նա չէր հիշում, մորը չէր տեսելֈ Պապը՝ ֆրանսացած, ապա արագորեն կանադացած մի հայ, պահել էր նրան, մինչև դիմանալու ծայրագույն սահմանը՝ 16 տարեկան, ապա «Շյեն արմենիեն» աղաղակով վռնդել տնիցֈ Իսկ տատ նա ընդհանրապես չէր ունեցել, ոչ մի կողմից, թեև չար լեզուները պնդում էին, նրանք երբեք չեն ասում, միայն պնդում են, թե տատու անունը Նոյեմզար է եղել, որ կանադերեն նշանակում է Ռոզի-Լյուիզ, և որը շատ շուտ է անհետացել պապու կյանքից, դառնալով ոչ հայֈ
Ընկերները մեր հերոսին կրճատ Հաբեթ էին ասում, թշնամիները՝ Հաբեթտոսթե, տիտանները, այսինքն` հաղթանդամ ամերիկացիները՝ Յապետոսֈ Ինչևիցե... Սա էր, այս անորոշ միջազգայնականը, որ իջավ ինքնաթիռից և հայացքն Արտաշատի շրջանի կողմը դարձնելով, դիմեց իր Ներքին ձայնին. - Վուալա... - Վուասի,- հաշտվողաբար պատասխանեց Ներքին ձայնըֈ Առայժմ, «ՕՏԱՐՈՒԹՅԱՆ» մեջ նրանք միմյանց շատ լավ էին հասկանումֈ Հիմնականում անբան միլիցիոներներից, կասկածելի անձանցից ու ամեն գույնի բերանբացներից բաղկացած տեղական ամբոխը ճեղքելով, Հաբեթնակ Բլաքն իր կովբոյական, երկարաճիտ, բարձրակրունկ, կեղծ խթանավոր կոշիկները կտկտացրեց մայր հայրենիքի հարազատ, ճաքած ու խորդուբորդ ասֆալտին և օդակայանի բաց սյունասրահի քնձռոտ սրճարանում սուրճ ու կոնյակ պատվիրեց, օձի կաշվից հրաշք սապոգները դնելով սեղանին և համոզված, թե ինքն այստեղ այնքան կարևոր բողկ է, որ բերած վիթխարի բագաժը հենց այստեղ, սրճարանի առաջ կդնեն մեքենա