Vanush

Page 1

ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

Գայլի կոճի

Խուդինյան Նիկալը կոլտնտեսությունում շինբրիգադավար էր, ձախ ոտքից` կաղ, աջ աչքից` կույր, մտքով` հարուստ, լեզվով` ճարտար, սրտով` վախկոտ։ Պատերազմը մի չորս-հինգ տարի առաջ էր վերջացել։ Գյուղացու մեջքը կոտրող մի անձրևառատ գարուն էր, ու գյուղին շրջկենտրոնից ծխախոտի պլան էին տվել։ Ծխախոտի պլան էին տվել, ու Նիկալն իր բրիգադով շինափայտն ստացել, գյուղի ներքևի մասում, ձորապռնկին կիտել ու հայ-հարաքաթով չորանոց էին սարքում։ Գյուղի և կոլտնտեսության համար տուկատ տարիներ էին, ու պետության ունեցվածքն էլ աչքի լույսի պես էր պահպանվում, իսկ կորածի համար պատասխանատուն պատժվում էր օրենքի ամենախիստ կետով։ Այն ժամանակ ամենաթանկարժեք շինանյութը բրիգադի համար մեխն էր և քանի որ թանկարժեք էր, բրիգադավարի խնդրանքով ու նախագահի կարգադրությամբ այն բաց էր թողնվում պահեստից, ամեն օր առավոտյան, կիլո-կիլո, գրամ-գրամ, համարյա հաշվով, հատհատ։ Մի անգամ էլ այնպես պատահեց, որ շինանյութ ստանալու համար պահեստապետը մի քանի օրով գնալու էր Երևան, ու Նիկալը մի շաբաթվա մեխը` ամբողջ մի արկղ, ստացավ միանգամից ու ստացածի համար էլ ստորագրեց` Ն. Խուդինյան։ Մեխն ստացավ, սայլով տեղ հասցրեց, ու որ սայլից իջեցնում էին սայլապետի հետ, վերջինս թե. -Վարպետ Նիկալ, էդ զահրումարից մի բուռ հնար արա, էլի՜,- ասավ, հետո աչքերը խեղճացած իջեցրեց թաց գետնի վրա ու շարունակեց։- Մի տարի է փայտ եմ առել, տախտակ քաշել, որ պետքարան սարքեմ ու դրա պատճառով,- նա հայացքը վախվորած փախցրեց արկղի վրայով,առանց էն բանի ենք յոլա գնում։ Նիկալը քթի տակ քմծիծաղեց. -Էլ խելք ունե՞ս, թե՞ եղած-չեղածն էդ է, բարեկամ։ Սայլապանն ավելի խեղճացավ. -Վարպետ,- ասավ` մարմանդ եկող շաղից թրջված գլխարկը գլխից հանելով,- գարնանը մի բան կանեմ, պարտքի տակ չեմ մնա, տնամերձդ կվարեմ,- ապա թուքը կուլ տվեց ու աջ ձեռքով, որով պահում էր գլխարկը, սրբեց ճակատի շաղախառն քրտինքը։ Նիկալը խնդաց բազմանշանակ ու կարծես սկսում էր բարկանալ.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.