2 minute read
ԱՄՓՈՓ ԱՌԱՋԱՐԿՆԵՐXII
ԱՄՓՈՓ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաեւ ընտանեկան, սեռական բռնության հանցագործությունները կանխարգելելու եւ անպատժելիության մթնոլորտը վերացնելու համար Հայաստանը պետք է ձեռնարկի ընտանեկան բռնության արձագանքման, կանխարգելման եւ դրա դեմ պայքարի բազմաոլորտային միջոցառումներ: Հայաստանը պետք է համակարգային փոփոխություններ կատարի պետական եւ համայնքային ծառայությունների ոլորտում։ Անհրաժեշտ է արդյունավետ օրենսդրական կարգավորումներ ապահովել դրանց պատճաշ գործունեությունն իրականացնելու համար։
Advertisement
Հայաստանը պետք է վավերացնի Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան եւ դրան համապատասխան փոփոխություններ իրականացնի ՀՀ քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում, ինչպես նաեւ ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերում։
Ինչպես նաեւ, Հայաստանը պետք է իրականացնի հետեւյալ քայլերը.
I. Օրենսդրական փոփոխություններ
Քրեականացնել ընտանեկան բռնության գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներում՝ համաձայն ստամբուլյան կոնվենցիայի։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում սահմանել, որ գենդերային բռնության դեպքերում տուժողները չեն կարող առերեսվել մեղադրյալի կամ վկայի հետ, եթե վարույթն իրականացնող մարմինը չի ապահովում տեխնիկական հնարավորություն, առերեսումն իրականացնել տարբեր սենյակներում՝ առանց միմյանց տեսնելու։
ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրել երեխաների ներկայությամբ կատարված ընտանեկան բռնության համար ծանրացուցիչ հանգամանքների կիրառում։
Գենդերային հիմքով կատարված արարքը ամրագրել՝ որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսել ընտանեկան բռնության դեպքերով գործերի քննության առանձին (կամ հատուկ) իրավակարգավորումներ միջազգային չափորոշիչներին համապատասխան։
Իրավական համապատասխան փոփոխությունների միջոցով ընտանեկան բռնության զոհերի շահերի պաշտպանության նպատակով ապահովել աջակցման կենտրոնների ներգրավումը դատավարական գործընթացում, որոնք հանդես կգան որպես զոհի եւ նրա երեխայի լավագույն շահի ապահովման երաշխավորներ։
Օրենքում կատարել փոփոխություն եւ հանել ոստիկանության նախազգուշացումը՝ որպես պաշտպանության միջոց։
Օրենքում կատարել փոփոխություններ եւ անհետաձգելի միջամտության որոշման համար սահմանված ժամանակահատվածը փոփոխել՝ դարձնելով 20 օր տեւողությամբ եւ հնարավոր դարձնել տեղում անհետաձգելի միջամտության որոշման տրամադրումը, ինչպես նաեւ այն բռնարարներին, որոնք ունեն հոգեկան առողջության խնդիրներ, սակայն հոսպիտալացված չեն։
Օրենքում կատարել փոփոխություն՝ թույլատրելով պաշտպանական որոշում կայացնել նաեւ այն պարագայում, երբ առկա չէ անհետաձգելի միջամտության որոշում՝ զոհերի կամ վտանգի տակ գտնվող անձանց անվտանգություն ապահովման նպատակով։
Ազատել զոհին դատարան դիմելիս պետական տուրքի վճարման պարտավորությունից։
Վերանայել բռնարարին ոստիկանական հաշվառումից հանելու չափանիշները։
Ամրագրել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ընդունելության, տեղափոխման եւ ազատման վերաբերյալ կարգավորումներում ընտանեկան բռնության դեպքերով տեղափոխման թերթիկի կիրառման առանձնահատուկ ընթացակարգ՝ հիմնվելով լավագույն փորձի վրա։
Ընտանեկան բռնության օրենքը բարեփոխել, ինչը կապահովի անվճար առողջապահական ծառայությունների մատչելիությունը ընտանեկան եւ սեռական բռնության զոհերի համար, որոնք վնասվածքներ են ստացել բռնության պատճառով։
II. Համակարգերի զարգացում
Ստեղծել եւ ներդնել գենդերային բռնության դեպքերի արձագանքման բազմաոլորտային համակարգ։
Ստեղծել եւ հանրայնացնել անվճար, առանց հանգստյան օրերի, շուրջօրյա ռեժիմով գործող գենդերային բռնության հարցերով ազգային թեժ գիծ։
Ստեղծել միասնական բազա գենդերային բռնության դեպքերով հաշվառման կանգնած բռնարարների համար։
Մշակել երեխայի պաշտպանության ամբողջական ծառություն, որը կղեկավարեն աշխատավարձ ստացող մասնագետները։
Ստեղծել մասնագիտացված սոցիալական աշխատողների եւ հոգեբանների բազա, որոնք ընտանեկան բռնության դեպքերով կներգրավվեն որպես անկախ փորձագետներ եւ կտրամադրեն իրենց մասնագիտական եզրակացությունները շահագրգիռ կողմերին՝ երեխայի բնակության վայրի, ծնողի կամ ծնողների հետ միասին ապրելու, տեսակցության իրավունքների, ծնողների իրավունքները սահմանափակելու եւ այլ հարցերի վերաբերյալ։
III. Համակարգային մեխանիզմների ներդրում
• Մշակել մեխանիզմներ՝ իրավապահ համակարգում գենդերային բռնություն գործադրող աշխատակիցների բացահայտման ու համակարգից նրանց հեռացման ուղղությամբ։
• Մշակել համապատասխան մեխանիզմներ (այդ թվում նաեւ իրավական)՝ բռնության զոհերի նկատմամբ զոհակենտրոն մոտեցում ապահովելու նպատակով։
• Մշակել ընտանեկան եւ սեռական բռնության դեպքերով բժիշկների՝ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու պայմաններ եւ մեխանիզմներ, ներառյալ՝ բոլոր հնարավոր ռիսկերի գնահատման։
• Սահմանել ուսուցիչների համար ընտանեկան բռնության դեպքերի մասին աջակցման կենտրոններին հաղորդելու պարտականություններ։
• Մշակել եւ ներդնել առողջապահական ծառայությունների չափորոշիչներ, կլինիկական ուղեցույցներ ընտանեկան եւ սեռական բռնության զոհերի համար։
• Վերանայել դատաբժշկական փորձաքննության չափանիշները՝ գենդերային բռնության դեպքերում դրանք ավելի զգայուն եւ զոհակենտրոն դարձնելով։
IV. Համակարգային վերապատրաստումներ
• Իրականացնել գենդերային բռնության, բռնության կանխարգելման, բռնության զոհերի կարիքներին համապատասխան արձագանքման մեխանիզմների վերաբերյալ շարունակական եւ համակողմանի վերապատրաստումներ՝
ՀՀ իրավապահ ողջ համակարգի աշխատակիցների, դատավորների, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների, ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների եւ երեխայի պաշտպանության ծառայությունների բոլոր աշխատակիցների, բժիշկների եւ ուսուցիչների համար։