8 minute read

2021

Next Article
2010

2010

ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Կոնդին վերաբերող ճարտարապետական և քաղաքային պլանավորման նախագծերը բազմաթիվ են, ինչպես և կարծիքներն այդ նախագծերի մասին։ Կոնդը Երևանի հնագույն թաղամասերից է, որը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից։ Այստեղ նույնիսկ հայտնաբերվել են Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի մետաղադրամներ։ Հարյուրամյակների ընթացքում այն ձևափոխվել և դարձել է այն Կոնդը՝ նեղլիկ բակերով, խարխլված շինություններով, միահյուսված պատմամշակութային միջավայրի հետ, որը մենք գիտենք այսօր։ Թաղամասի կառուցապատման հարցը միշտ էլ խնդրահարույց է եղել, և նույնիսկ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի վերաբերյալ լուծումներ չեն գտնվել։ Ալեքսանդր Թամանյանն ընդհանրապես այնտեղ նախատեսել է կանաչապատ տարածք։ Խնդրին առաջին անգամ լուրջ ուշադրություն են դարձրել ութսունականներին։ Ճարտարապետ Արշավիր Աղեկյանն առաջարկել էր Կոնդի իր տեսլականը, որն ընդունվել էր իշխանության կողմից։ Սակայն երկրաշարժի և հաջորդող իրադարձությունների հետևանքով այն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Կոնդը տարիների ընթացքում փոքրացել է և այժմ կազմում է 16 հեկտար։ Նախկինում տեղի ունեցած փոփոխությունների և անկանոն շինարարությունների հետևանքով թաղամասը գտնվում է վթարային իրավիճակում։ Վերջերս կառավարությունն առաջ բերեց Կոնդի բարեկարգման նոր մրցույթ։ Նախաձեռնության հեղինակները փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն են։ Ըստ հայտարարության՝ մրցույթի նպատակն է նպաստել Կոնդում տեղական անշարժ գույքի արժեքի բարձրացմանը, լոկալ՝ տեղային տնտեսության և զբոսաշրջության ակտիվացմանը, ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, պատմականորեն ձևավորված և ազգագրականհնագիտական արժեք ունեցող համայնքի քաղաքաշինական կայուն զարգացման սկզբունքների ինտեգրմանը։ Հեղինակներն առաջարկում են ստեղծել մասնագիտական խումբ, նախագծի հետազոտական փուլում անցկացնել բազմակողմանի, խոր ուսումնասիրություններ՝ դուրս բերելով Կոնդի այսօրվա իրողությունը։ Այդ թվում առաջարկվում է ուսումնասիրել տարածքի դեմոգրաֆիկ կառուցվածքը և վերհանել տեղացիների կարիքները։ Նախագծում խոսվում է սեփականության և սեփականատերերի իրավունքների պահպանման հարցի կարևորության մասին և առաջարկվում է, որ Կոնդի տարածքում դադարեցվեն կառուցապատման բոլոր գործարքները, նախագծային առաջադրանքների և շինարարական թույլտվությունների տրամադրումը։ Ինչ վերաբերում է վերաբնակեցմանը, նշված են մի քանի տարբերակներ՝ ժամանակավոր կացարանի տրամադրում վերակառուցման աշխատանքների իրականացման ժամանակահատվածում, բնակարանների հատկացում մեկ այլ վայրում ու նաև փոխհատուցում բնակարանների դիմաց։ Ըստ հեղինակների՝ ակնկալվում է ստանալ այնպիսի առաջարկներ, որոնք հնարավորություն կտան Կոնդին պահպանել իր ինքնությունը։

Advertisement

ՍԵՎԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ճարտարապետ

Մարդակերտ միջավայր Մարդը ձևավորել է Կոնդը, իսկ Կոնդը ձևավորել է այնտեղ ապրող մարդուն։ Ճարտարապետ Սևադա Պետրոսյանը ԵՐԵՎԱՆին պատմել է Կոնդի, մարդակերտ, օրգանական զարգացած քաղաքային միջավայրերի կարևորության և նոր առաջ բերված բարեկարգման նախագծի մասին։

↑ Կոնդի ամենահայտնի անկյուններից մեկը

Առաջին հիշողություն Երևանի և Կոնդի հետ իմ ծանոթությունը տեղի ունեցավ միաժամանակ։ 1991 թվականն էր, ընտանիքով առաջին անգամ եկել էինք Երևան։ Սկզբում կանգ առանք «Էրեբունի» հյուրանոցում, բայց հետո տեղափոխվեցինք «Դվին», որը գտնվում էր անմիջապես Կոնդի հարևանությամբ։ Երբեմն, ուշ ժամի տուն վերադառնալիս, քայլում էինք մեզ անծանոթ Երևանով, և մեր ճանապարհն անցնում էր հենց Կոնդի բակերով։ Մի օր մեր ազգականներին պատմեցինք, որ հաճախ այդ հատվածով ենք անցնում, և նրանք մեզ զգուշացրին, որ Կոնդը բավական վտանգավոր թաղ է, և ավելի լավ է հաջորդ անգամ տաքսի վերցնենք ու Պռոշյանով վերադառնանք։ Դա ինձ շատ տարօրինակ թվաց։ Մեր սենյակի պատուհանները նայում էին դեպի Կոնդ, և իմ տպավորություններով այն քաղաքի բավական աշխույժ մի հատված էր։ Տեսքով նման չէր Երևանի այլ հատվածների պաշտոնական ոճին, բայց կյանքով լի թաղամաս էր։ Ուսանողական տարիներին Կոնդի հանդեպ իմ հետաքրքրությունն արդեն մասնագիտական դարձավ։ Հաճախ էի զբոսնում այնտեղով՝ միայնակ կամ ընկերներիս հետ։

← 2019-ից Կոնդում զարգանում է սթրիթ-արտի #kondgallery նախագիծը

Ավարտական նախագծիս ուղղվածությունը քաղաքային պլանավորումն էր, և Կոնդի նման թաղամասերի զարգացումն ինձ շատ հետաքրքիր էր։ Բացի այդ, արդեն հասանելի էր նման տարածքների՝ օրգանիկ զարգացած քաղաքային միջավայրերի մասին գրականությունը և կարելի էր խոր ուսումնասիրություններ անցկացնել։

Իրազեկել առանց Ֆեյսբուքի 2000-ականների սկզբից քաղաքում վերսկսվել էր շինարարական բումը, և արդեն խոսակցություններ էին գնում Կոնդի ճակատագրի վերաբերյալ։ Մոտ երկու տարի անց ընկերներով ստեղծեցինք առաջին քաղաքացիական նախաձեռնությունը Կոնդի պաշտպանության համար։ Այն իրականում բավական կարճ կյանք ունեցավ. զուգահեռաբար սկսվեց Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը, և մեր ամբողջ ուշադրությունը շեղվեց այնտեղ։ Բայց այդ կարճ ժամանակում մենք մի քանի պրեզենտացիաներ ներկայացրինք, զբոսանքներ կազմակերպեցինք Կոնդի տարածքում, բազմաթիվ տեքստեր և հոդվածներ գրեցինք։ Այն ժամանակ իրազեկման միջոցները սահմանափակ էին. Ֆեյսբուքը չկար, բայց մենք ունեինք Yahoo groups գործիքը, որը տարածում էր տեղեկատվությունը մեյլերի միջոցով։ Հեռուստատեսությունն ու ռադիոն անտարբեր էին այս խնդիրների նկատմամբ։ Մի քանի թերթեր կային, որ մեր հայտարարությունները տպագրում էին, բայց դրանք եզակի դեպքեր էին։ Հիմնականում տեղեկատվությունը տարածվում էր մարդկանց միջոցով։ Հիմա, երբ հետհայացք եմ գցում, հասկանում եմ, որ մեզ հաջողվեց բավական մեծ թվով մարդկանց ուշադրությունը գրավել և հավաքել այս խնդրի շուրջ՝ հաշվի առնելով սուղ միջոցները։ Ամառային դահլիճի պայքարից հետո ստեղծեցինք urbanlab-ը, և արդեն այս ձևաչափով սկսեցինք զբաղվել Կոնդին վերաբերող հարցերով։ Հետազոտությունների շարք նախաձեռնեցինք, առաջարկներ կազմեցինք և

վերականգնեցինք շրջայցերի սովորույթը, այս անգամ ավելի հաճախակի և լավ կազմակերպված տարբերակով։ Միևնույն ժամանակ տեղացիներն իրենց նախաձեռնություններն էին կազմակերպում գույքի իրավունքի և սոցիալական վիճակի վերաբերյալ, որի հարցը մինչ օրս շարունակվում է։ Այդ ամենը պատճառ դարձավ, որ Կոնդն ուշադրության կենտրոնում հայտնվի։ Ցավոք, ճիշտ լուծմանը կամ քաղաքականության մշակմանը դա այդպես էլ չհանգեցրեց։

Օրգանականը Մեր մտածողությունը հետևյալն էր՝ Կոնդն այն կետն էր, որը թույլ կտար մեզ փորձարկել ժողովրդավարական քաղաքային զարգացման մեթոդները, քանի օր այն ինքնին արդեն օրգանական ձևով զարգացած քաղաքային միջավայր էր, և դա պետք է պահպանվեր։ Միևնույն ժամանակ, նրա պատմական արժեքը պահպանելու համար պետք է որոշակի սահմանափակումներ դրվեն, որպեսզի այն, ինչ մեզ հասել է, չկորի։ Մեր հիմնական նպատակն էր խնդրի բարձրաձայնումը, ուշադրության սևեռումը հենց այդ հարցի ուղղությամբ։ Այն, ինչ հետո պիտի արվեր, բավական բարդ խնդիր էր։ Անձամբ ես, առ այսօր մտածում եմ, որ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում, մենք կարող ենք հոյակապ օրինակ ունենալ քաղաքային պլանավորման ասպարեզում, որտեղ բնակիչներն ու քաղաքացիները մասնակցություն կունենան քաղաքամասի զարգացման և բարեկարգման գործում, ներառական և համագործակցային ձևով։ Սա, ի սկզբանե, մեր մտածելակերպի հիմնաքարն էր, և շատ երիտասարդներ այն տարիներին համամիտ էին մեզ հետ և պարբերաբար միանում էին մեր նախաձեռնությանը։ Սակայն, այն ժամանակ, հատկապես Հյուսիսային պողոտայի պայքարի դեպքում, պարզ դարձավ, որ իշխանությունները պատրաստ չեն նման մոտեցում որդեգրել։

Մարդն ու վայրը Պահպանելը ամբողջ խնդրի ընդամենը մի մասն է։ Կոնդը քաղաքի բավական մեծ կտոր է, որտեղ ապրում են մարդիկ, որտեղ ժառանգաբար, հարյուրամյակներ շարունակ ստեղծվել է քաղաքային միջավայր։ Մարդիկ իրենց գույքի և ունեցվածքի հիման վրա կառուցել են միջավայր, չպլանավորված իհարկե, բայց դա էական չէ։ Համենայն դեպս այն կայացած է և դրա շարունակականությունը շատ կարևոր է։ Պետք է գտնվի մի տարբերակ, որ այդ սոցիալական վիճակը բարելավվի և առողջ միջավայրում ապրելու իրավունքը վերականգնվի առանց խախտելու մարդկանց գույքի և գույքի տնօրինման իրավունքը՝ չվնասելով ժառանգության պահպանությանը։ Կոնդի դեպքում մենք չենք կարող ասել՝ այս շենքը լավն է, իսկ այս շենքը վատը, եկեք այս մեկը քանդենք, մյուսը՝ թողենք։ Կոնդը մեկ ամբողջական, պատմականորեն զարգացած միջավայր է։ Հենց այդ ամբողջականությունը պիտի պահպանվի։ Մարդկանց կենսակերպն ազդել է միջավայրի տեսքի վրա։ Կոնդն այդպիսին է, քանի որ այնտեղ այդ տեսակ մարդիկ են ապրում։ Եվ հակառակը՝ միջավայրն ազդել է մարդկանց կենսակերպի վրա։ Այսինքն, հասարակության և ֆիզիկական միջավայրի անուղղակի կապը շատ արժեքավոր է։ Այդ մոտեցման ընդդիմախոսներն ասում են. բայց մարդիկ զուգարաններ չունեն։ Դա տեխնիկական հարց է, որը կարելի է լուծել։ Դա չի նշանակում, որ զուգարանի հնարավորություն ստեղծելու համար պետք է քանդվի այդ ամբողջ միջավայրը։ Կամ ասում են. այստեղով հրշեջ մեքենան չի կարող անցնել։ Շատ լավ, բայց այս թաղամասը կառուցվել է այն ժամանակ, երբ հրշեջ մեքենաներ չեն եղել։ Հրշեջ մեքենայի խնդիրն ի՞նչն է՝ մարել հրդեհը։ Եթե հրշեջ մեքենայի առջև դրված է կրակը մարելու խնդիրը, ապա հրդեհը կանխարգելելու համար այլ միջոցներ կան, պարտադիր չէ, որ հրշեջ մեքենա անցնի։ Պետք է բուժել սիմպտոմները։

Տանիք գլխի վերևում Կոնդի բնակիչների համար իրենց միջավայրի հետ կապը պահպանելն ամենակարևոր կետերից մեկն է։ Այնտեղ, իհարկե, կան բազմաթիվ տներ, որոնք ճարտարապետական առումով իրենցից շատ բան չեն ներկայացնում, բայց մարդիկ են կառուցել դրանք սեփական կարիքների համար։ Բնականաբար, այդ շինությունները կարող են ունենալ ավելի խնամված տեսք, հրդեհակայուն ու սեյսմակայուն լինեն, ունենան զուգարան, բայց դա չի նշանակում, որ պիտի առնենք մարդկանց ձեռքից, քանդենք եղածը։ Մենք նայում ենք այդ տներին որպես պարզապես տանիք գլխավերևում, մտածելով՝ դե իրենցից կվերցնենք, մի նոր բնակարան կտանք նորակառույցում։ Բայց, ըստ ընդունված մոտեցման, այն, որ այդ նոր շենքում բնակարան տալը բարձրացնում է մարդկանց կյանքի մակարդակը, շատ թերի կարծիք է։ Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք պնդում են հակառակը՝ դա իջեցնում է մարդկանց կենսամակարդակը։ Մարդու համար կարևոր է ոչ միայն մաքուր տանը ապրելը, որտեղ կա զուգարան, այլ նաև հիշողությունները, սոցիալական կապն իրենց հարևանության հետ։ Բացի այդ, տունը կարող էր դառնալ եկամուտի աղբյուր իրենց համար։ Դա գույք էր, որը նրանք իրավունք ունեին տնօրինել, իսկ հիմա չեն կարող նորոգել այդ տունը, վաճառել ըստ իրենց ցանկության կամ պարզապես նստել իրենց բակում։

Նոր նախագիծը Նախևառաջ, անհասկանալի է այս նախագծի դրդապատճառները։ Սկսած նրանից, որ այդ հարցով, չգիտես թե ինչու, զբաղվում է անմիջապես կառավարության 2-րդ դեմքը՝ փոխվարչապետը։ Այսինքն փոխվարչապետի գրասենյակը որոշում է մեր քաղաքի մի մեծ հատվածի կառուցապատման հարցը, ինչը շատ կասկածելի է։ Նաև կասկածելի է ժամանակի ընտրությունը։ Կարծում եմ այս նախագիծն իրենց դեմքը փրկելու, որևէ ներդրումներ բերելու փորձ է։ Ինձ համար սա անընդունելի է, քանի որ մենք ունենք քաղաքային իշխանություն, որը մանդատ ունի զբաղվել հենց այս հարցերով և պատասխանատու է քաղաքում իրականացվող զարգացման և բարեկարգման հարցերի մասով։ Բացի այդ, խնդրահարույց է նաև այս նախագծի իրականացման մեթոդը։ Նրանք կազմակերպել են մրցույթ մի տեքստի հիման վրա, որի մի մասը հակասում է մյուսին, և նույնիսկ իրենք չեն պատկերացնում՝ ինչ են ուզում, և դա ապացուցում է, որ մրցույթն ինքնանպատակ է։ Բերան փակելու ձև։ Կարծես ասեն՝ մրցո՞ւյթ էիք ուզում։ Ահա ձեզ մրցույթ։ Մեզ հրավիրել էին հանդիպման, որի ժամանակ մենք իրենց ասացինք, որ այս ամենն աբսուրդ է։ Հրավիրեցին նաև մասնակցել մրցույթի նախագծերի ընտրությանը, բայց մերժեցինք սկզբունքային խնդիրների պատճառով։ Ներկայումս մենք չգիտենք՝ ինչ սպասել կառավարությունից, և դա ավելի վախենալու է։ Այնուհանդերձ, «Երևանի ժառանգության պահպանության կոմիտե» նախաձեռնության միջոցով մենք ամեն կերպ բարձրաձայնում ենք այս խնդիրների մասին։

Սերնդեսերունդ Կոնդը, երևի թե, ամենահին, սերնդեսերունդ փոխանցված, ժառանգաբար ապրեցված տարածքն է Երևանում։ Շատերը եկել և բնակվել են Կոնդում ցեղասպանությունից հետո։ Դա կարելի է նույնիսկ տեսնել թաղամասի վիզուալ տեսքում։ Կոնդը մինչ այդ ավելի մեծ կտորներով էր կառուցապատված, ավելի ճոխ շինություններ կային, բայց վերջին հարյուր տարվա ընթացքում ավելացել են ավելի փոքր, իրար մեջ մտած տներ։ Առանց որևէ ուսումնասիրություն անելու մենք ուզում ենք լուծել միայն մարդկանց բնակարանի հարցը։ Եթե մենք կտրում ենք մարդկանց կապն իրենց պատմության և քաղաքային միջավայրի հետ, մենք կորցնում ենք քաղաքացուն և ստանում ենք մի քոչվոր տեսակ։ Կոնդը մեր վերջին հնարավորությունն է ունենալ քաղաքային միջավայր, որը կլինի միաժամանակ բարեկարգ և առողջ, պատմականորեն ժառանգություն ներկայացնող, ժողովրդավար և մարդակենտրոն։

This article is from: