2 minute read

Կադրերի բաժին

Պողոս-Պետրոս եկեղեցին, որի համար պայքարում էր Թամանյանը, 1930-ականներ

Նախախորհրդային գործող վեց եկեղեցիներից մեկը: Այդ եկեղեցիներից մեկը՝ 5-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոսը, գտնվել է ներկայիս Աբովյան 18 հասցեում՝ «Մոսկվա» կինոթատրոնի տեղում: Պատկանել է 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին։ Հետագայում եկեղեցին այլ հատակագիծ է ձեռք բերել 1679-ի երկրաշարժից հետո տեղի ունեցած փլուզման և հաջորդող տարիների (1778 և 1820 թվականներ) վերականգնումների հետևանքով։ Եկեղեցին հայտնի է իր որմնանկարներով։ Ավագ խորանի երկու կողմերում տարբեր ժամանակաշրջանների որմնանկարների վեց շերտ կար, որոնցից վերին երկուսը՝ պաստառի, իսկ ներքևի չորսը՝ կրածեփի վրա արված։ Վերին շերտի որմնանկարները թվագրվում են 19-րդ դարով, իսկ ներքևի շերտում ամենահինը թվագրվում է 6-7-րդ դարերով։ Ստորին որմնանկարների վրա բուսական զարդեր էին, իսկ մյուս շերտերի նկարները Պողոս և Պետրոս առաքյալների դիմանկարներն էին։ Վերջապես հետազոտությունների համար ձևավորվում է հանձնաժողով՝ նկարիչ-վերականգնող Գրիգորի Չիրիկովի գլխավորությամբ։ Հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ եկեղեցին ունի կարևոր պատմամշակութային նշանակություն, և որ հնարավոր չէ որմնանկարները տեղափոխել առանց վնասելու։ Հանձնաժողովը Ժողկոմին ուղարկված զեկույցում առաջարկում է դադարեցնել եկեղեցու քանդման աշխատանքները։ Սակայն քանդման որոշումն անբեկանելի էր, և 1931-ին եկեղեցին հիմնահատակ ավերվում է։ 1938-1939թթ. քայլեր են կատարվում եկեղեցու քանդված մասերում առկա որմնանկարները վերականգնելու համար։ Այդ նպատակով հրավիրվում է նկարիչ-վերականգնող Բ. Յուկինը, որի կատարած աշխատանքների շնորհիվ մի քանի որմնանկարներ, երկար ժամանակ մնալով արդեն իսկ կառուցված կինոթատրոնի բակում, հետագայում տեղափոխվեցին թանգարաններ։ Եկեղեցուց պահպանվել են մի քանի որմնանկարներ, որոնք եկեղեցու քանդման ընթացքում շերտ առ շերտ տեղից հանվել և տեղափոխվել են տարբեր թանգարաններ։ Որմնանկարների ստորին շերտը պահվում է Երևանի պետական պատկերասրահում, մյուսները՝ Հայաստանի պատմության թանգարանում, ևս երկու հատված գտնվում է Երևանի պատմության թանգարանում, որտեղ, ի դեպ, պահվում է նաև եկեղեցու հարավային երկփեղկ դուռը։ Այն ամբողջապես երկաթից է և պատկանել է Հին Բայազետի բերդին։ Դուռը 1835 թ. Երևան է բերվել ոմն Մուխսի Սաքոյի կողմից, ապա գնվել երևանցի Տեր-Վարդանի կողմից ու նվիրվել է Սուրբ Պողոս-Պետրոսին։ Առանց փոփոխությունների այդ դուռը հնարավոր է եղել հարմարեցնել Պողոս-Պետրոսի հարավային մուտքին։

Advertisement

1930-ի նոյեմբերի 6-ին Երևանի քաղխորհուրդն ընդունեց Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելու մասին որոշումը: Քանդմանն ընդդիմանում են մշակույթի մի շարք գործիչներ։ 1930-ի մարտի 3-ին հնությունների պահպանության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Թամանյանը դիմում է գրում Լուսավորության Ժողովրդական կոմիսար Եղիազարյանին, որով շեշտում է եկեղեցու պատմամշակութային և ճարտարապետական նշանակությունը և խնդրում մինչ քանդելը թույլ տալ կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ։ Արխիվներում պահպանվել են ինչպես ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի, այնպես էլ հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի դիմումները, ովքեր ամեն կերպ ցանկանում էին փրկել որմնանկարները։

↑ Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային մուտքի դուռը, 19-րդ դար, ԵՔՊԹ հավաքածու

↓ Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկար, 7-9-րդ դարեր, ԵՔՊԹ հավաքածու

Հասմիկ Բարխուդարյան Երևան քաղաքի պատմության թանգարան, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ և Հայաստանի ազգային գրադարան

This article is from: