4 minute read

2012

Next Article
2013

2013

Փակ շուկա

2012

Advertisement

ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող Փակ շուկան բացվել է 1952թ. ապրիլի 28-ին: Կառույցի ճարտարապետն է Գրիգոր Աղաբաբյանը: Մինչ վերակառուցումը շենքն աչքի էր ընկնում գեղարվեստական արտահայտչականությամբ՝ հատկապես վաճառասրահի կամարակապ 70 մետր երկարություն և 32 մետր լայնություն ունեցող առաստաղի և գլխավոր կամարի բացվածքում ագուցված չուգունե վիտրաժի շնորհիվ, որի մոտիվները վերցված են Մակարավանքի բեմի զարդաքանդակներից։ 1968 թվականին Կենտրոնական ծածկած շուկայի շինությունը ստացել է ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ, իսկ 2004-ից այն ընդգրկված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Եվ, չնայած այս հանգամանքին, 2012-ի հունվարի 7-ից շուկայի տարածք մտավ ծանր տեխնիկա և սկսվեց մեծածավալ շինարարություն, ինչի արդյունքում հուշարձանը ձևափոխվեց։ Այս հարցով մտահոգ քաղաքացիներին, ճարտարապետներին ու ակտիվիստներին հավաստիացնում էին, որ աշխատանքներն ընդամենը կառույցի վերակառուցմանն են ուղղված, և որ անհանգստանալու կարիք չկա: Շուկայի տարածքում շինարարական աշխատանքներ սկսելու համար սեփականատերը Երևանի քաղաքապետարան դիմել էր 2012թ. հունվարին: Քաղաքապետարանը սեփականատիրոջը տրամադրել էր միայն ստորգետնյա աշխատանքներ կատարելու թույլտվություն, համաձայն որի շուկայի ստորգետնյա հատվածում պիտի կառուցվեր պահեստային տարածք և ավտոկայանատեղի: Սակայն, ինչպես հետո պարզվեց, կիսով չափ ավերվեց կառույցի ներսում գտնվող մշակութային և ճարտարապետական հիմնական արժեքը՝ կամարածածկ առաստաղի մի մասը։ Մի խումբ ակտիվիստներ և մտավորականներ փորձեցին խոչընդոտել շինարարական աշխատանքների իրականացմանը, սակայն ապարդյուն։

ՍԵԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Վավերագրող ռեժիսոր

Մեր աչքի առաջ փլվում էին Փակ շուկայի կամարները Փակ շուկայի քանդման դեպքերին ականատես եմ եղել արդեն ոչ այդքան որպես ակտիվիստ, այլ որպես լուսաբանող։ Իմ ընկերուհին Փակ շուկայի մոտ էր բնակվում և ամեն անգամ, երբ գործարկում էին քանդման մեքենաները, ինքն ահազանգում էր։ Մի անգամ գիշերն ահազանգեց. գնացինք կողքի բարձրահարկից նկարելու։ Մեր աչքի ու տեսախցիկի առաջ փլվում էին շուկայի կամարները, որտեղ նոր ապակյա կցորդն է կառուցվել։ Հետո էլ գալիս էին քաղաքապետարանի աշխատակիցները, Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչը և ասում, որ այնտեղ ոչինչ չի քանդվելու։ Հերթական սուտը։ Իմ այդ լուսաբանումը մեծ արձագանք ունեցավ։ Ստացվեց այնպես, որ նույնիսկ առիթ ունեցանք Սամվել Ալեքսանյանի հետ անձամբ շփվելու։ Նորից բուլդոզերներն աշխատացրել էին, մենք գնացինք դա նկարելու, ուզում էինք տեղում հրապարակել շարժական ինտերնետով և մինչ կանեինք միացումները, պարոն Ալեքսանյանը եկավ, մոտեցավ մեզ, խնդրեց մի տեղ նստել, զրուցել։ Այդպես փորձեցինք բացատրել, թե ինչքան սխալ է քաղաքը զրկել իր հուշարձանից, ապականել այն։ Իհարկե, այն, որ ինքը մոտեցավ մեզ ու որոշեց զրուցել, ողջունելի է, մենք հենց դա էլ ասում էինք, որ պետք է խոսել մարդկանց հետ և նաև լսել մարդկանց, բայց մենք ստանում էինք նույն պատասխանը, որ ոչինչ չի քանդում, թեև նույն խոսքը համադրում էինք կամարների քանդման կադրերի հետ։ Այսպես էլ Փակ շուկան իհարկե ամբողջությամբ իր ճարտարապետական տեսքը, ոճը, ներքին իրեն բնորոշ տարածությունը կորցրեց։ Իհարկե սա ձախողված պայքար էր։ Շենքի այս տեսակ իբր պահպանությունը ծաղր է այն քաղաքացիների հանդեպ, ովքեր գնահատում են մշակութային արժեքը, ծաղր է և շինության ու ճարտարապետների հանդեպ։

← Շուկայի վերակառուցման կողմնակիցների ու հակառակորդների ցույցը

← Մտավախություններից մեկը գլխավոր կամարի չուգունե վիտրաժի ճակատագիրն էր

↓ Ակտիվիստների ձեռքերում շուկայի պատմական լուսանկարներ են ← Շուկայի վերակառուցման կողմ քաղաքացիներ

Այսպիսի մոտեցումներն արդարացնելը հող է նախապատրաստում հետագայի շատ ավելի վատ դեպքերի համար։ Շատ ցավոտ է։ Մենք հիմա նայում ենք, թե ոնց է Ադրբեջանի նախագահը գնում մեր եկեղեցիներ, նայում, ասում՝ էս գրությունը կջնջեմ, էն խաչը կհանեմ և այլն, բայց արդյո՞ք հենց մեր երկրի ներսում մեր վարած քաղաքականությունը դրանից շատ է տարբերվում։ Մենք արդյո՞ք էդ ներքին ուղիղ խոսակցությունը մինչև օրս ունեցել ենք, արդյո՞ք մշակութային ու պատմական արժեքի ու միջավայրի պահպանումը առանցքային է մեր քաղաքականության համար, որ այսօր մատ ենք թափ տալիս մյուսների վրա։ Մենք էդ ցավոտ ինքնախոստովանությունը չենք անում։ Եվ քանի դեռ չենք անում, մենք շարունակաբար բախվելու ենք այդ խնդիրներին թե՛ ներսում և թե՛ դրսում։

ԱՐՍԵՆ ՇՈՒՌ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ճարտարապետ

Ճարտարապետների վախը Մենք վախենում ենք ուղղակի խոսել մարդկանց հետ։ Ես համոզված եմ, որ նույն սեփականատիրոջը, որը ոչ մի բան չի հասկանում, բացի «մի դոլար դնեմ, երկու ստանամ» բանաձևից, կարելի էր բացատրել։ Բայց ոչ մեկը չի մտել մոտն ասել՝ արի ուրիշ բան անենք, էլի դու քո փողը կաշխատես, բայց ուրիշ ձևով։ Մենք՝ ճարտարապետներս, վախկոտ ենք։ Չէ՞ որ էս բոլոր սարսափելի նախագծերն էլի ճարտարապետներ են անում։ Սուս ու փուս անում են, չեն առաջարկում ավելի լավը։ Ու ես գիտեմ էն մարդուն, ով աշխատել է Փակ շուկայի նոր տեսքի վրա, բայց բոլորս ձև ենք անում, որ չգիտենք, ինքն էլ ամաչում է սեփական գործից։ Էս մասնագիտությունում դա անընդունելի է։ Ոչ ոք չի ասում, որ որևէ բան չէր կարելի փոխել։ Վստահ եմ՝ կարելի էր գտնել գրագետ լուծում, որը չէր աղճատի կառույցի ճարտարապետական տեսքն ու կաշխատեր բիզնեսի համար։ Դեռ գուցե ավելին հնարավոր լինել աշխատել։ Նաև պետք չի վախենալ բովանդակության փոփոխությունից։ Օրինակ, ոչ մի խնդիր չեմ տեսնում նրանում, որ ԱԳՆ-ի շենքը դառնում է հյուրանոց։ Փակ շուկան կարող էլ դառնալ սառցադաշտ, ինչի չէ։ Ուրիշ երկրներում եկեղեցիները դառնում են գրադարան կամ բասկետբոլի դաշտ, դա նորմալ է՝ շենքը մնում է շենք։ Մի ուրիշ ֆունդամենտալ խնդիր կա, որն արտահայտվեց նաև Փակ շուկայի դեպքում. չափազանց շատ է հույս դրվում ճարտարապետների զուտ էթիկայի վրա։ Մենք ստիպում ենք, որ ճարտարապետն ինքն իրեն սահմանափակի, ինքն իր մեջ զգուշավորություն ունենա, փոխանակ լինի կոնկրետ կանոնակարգ, որով հստակ իմանաս՝ սա կարելի է, սա չի կարելի։ Իսկ ստեղծագործելու իմաստով շատ սխալ է ստիպել մարդուն վախենալ ու անհամարձակ գտնվել։

This article is from: