Շների համաստեղություն, Նարինե Կռոյան

Page 1


I

Գիշերային երկինքը աստղերից ծանրացած գլուխը կախել էր հսկայական դեզի վրա` ասես հունձքի ժամանակ չէր հասցրել արբենալ խոտի անկշտանալի բույրով: Գնալով աստղերն ավելանում էին, և դեզի վրա մեկնված տղաներին թվում էր, թե երկնքի առաստաղն ուր որ է կպատռվի: Սակայն աշնանային տաք ու անքամի երեկոն, որ հերթով հանգցնում էր երկրի լույսերը, բալասանի նման մարում էր նաև նրանց աչքերում առկայծող անհանգստությունը: Խաղաղ էր, ինչպես դրախտում: Հանկարծ դեզի մոտ` ներքևում, ոտնաձայն լսվեց. - Գոռո… Գոռ…ըտեղ ե՞ք,- զգուշավոր ձայնեց եկվորը: - Սաշոն ա, հլա ձեն չհանես,- փսփսացին դեզի վրա: - Մեղք ա, Դավո… Հա, Սաշո, արի, վերև բարձրացի: Մենակ խոտը չթափես,- Գոռը մթության մեջ գտավ Սաշոյի անհանգիստ ստվերն ու վերադարձավ երկինք: - Դավո՞…,- Սաշոն արդեն վերևում էր,- գիտեի, որ դու էլ ըստեղ կըլես: Ի՞նչ եք անըմ, տղերք: - Հեչ: Սպասըմ ենք` աստղ ընկնի` ցանկություն պահենք: - Ընկել ա՞… - Ընենց, մանր-մունր, ցանկություն պահելու չէր: Ես մեծ աստղի եմ սպասըմ,- Դավիթն էր: - Դու երազանք չունե՞ս, Սաշո: Պառկի, մեզ հետ, սպասի, բայց, չուռ, առաջի աստղն իմն ա,- խոսեց Գոռը: - Ընչի՞ որ,- հակադարձեց Դավիթը: - Մեր բախչեն ա` մեր խոտը… - Ես ուրիշ բանի եմ էկել,- զգուշավոր ընդհատեց եկվորը:- Էրկու օր ա` չեմ քնըմ: Գոռին ու Դավթին զարմացրեց և զվարթացրեց Սաշոյի խորհրդավորությունը:

2


- Հիշըմ ե՞ք, աստղագիտության դասին…. Որ Ադամյանը գրքի միջի էն կլոր քարտեզը ցույց տվեց,- շարունակեց փոքր-ինչ հուզված Սաշոն: - Է, հա, տիեզերքի քարտեզն էր… - Ես էլ էդ եմ ասում: Հետաքրքիր ա:- Դադար:- Շունս էրեգ ծնեց ու…,- խոսքերը շարվեցին կոկորդում: - Յա, բա մեզ ձագ չես տալու՞… - Իրեք ձագ էր, էրկուսը` ամենասիրունները, սատկեցին: Մոր ծիծը չկարացան բռնեն… - Մենակ լաց չըլես, հա՞…Պապս ասըմ ա`շուն ա, կսատկի էլ… - Լավ, հասկացանք,չհամբերեց Դավիթը,- Բա “Աստղագիտությունն” ու Ադամյանն ի՞նչ կապ ունեն էդ ողբերգական իրադարձության հետ: Ընկերոջ հեգնանքը Սաշոն չլսելու տվեց. - Հեչ,- Սաշոն վարանում էր:- Ասեմ, մենակ չծիծաղաք: - Դե ասա է, սպանեցիր,- Գոռն այլևս չհամբերեց: - Ուզըմ եմ` երկնքըմ դրանց համաստեղությունը քթնենք:Լռություն:- Դե Մեծ ու Փոքր շների էլի… Տղաները փռթկացրին ու սկսեցին գալարվել խոտի վրա: - Վայ, Սաշո, կըլի՞ մի օր, որ անկապ մի բան չասես, արա: - Գիտեի, որ ձեռ կառնեք,- քիթը վեր քաշելով` նեղսրտած վրա բերեց Սաշոն,- ես էլ քարտեղը հետս էի վեր կալել: Մի պահ տղաներին հետաքրքրեց Սաշոյի առաջարկը, սակայն, մի պահ: - Ֆանառ էլ եմ բերել,- կարծես կարդալով դասընկերների վարանումը` շարունակեց Սաշոն:- Էկեք քթնենք էլի՜… Մի ակնթարթում բոլոր մեծ ու փոքր ցանկությունները չընկնող աստղերի հետ մոռացվեցին: Շների համաստեղու-թյունը թաքնվել էր առաստաղի խառնիճաղանջ նախշերի մեջ ու սպասում էր: - Արա, հրեն, ոնց որ էն ա, - Դավիթը նստեց տեղում: Ընկերները ձգվեցին նրա ետևից: - Հա էլի, ոնց որ… նման ա,- համաձայնեց Գոռը,- ինչ էլ անդուր անուն են դրել` շների համաստեղություն: Բայց եսիմ էդ ա՞… - Խի՞ ա անդուր,- ծոր տվեց երկնքի ինչ-որ անկյունում մոլորված Սաշոն,- անդուր չի: Մենակ հեչ շան նման չեն: Հլա նայեք, ոնց որ մարդ չըլի՞… Հրեն գլուխը, ոտները, ձեռնե-րը… 3


Հետո երեքն էլ լռեցին: Շների համաստեղությունը նրանց գամել էր երկրային խոտի դեզին ու ստիպում էր երազել: - Ասըմ եմ, կարո՞ղ ա ընդեղ էլ` մի դեզի վրա ըսենց իրեք տղա են պառկած ու մեզ են նայըմ,- փիլիսոփայեց Սաշոն: - Տենաս նրանց մոտ մեր համաստեղության անունն ի՞նչ ա… - Ծիր կաթին ա, ինչ ա,- չոր ու ցամաք վրա բերեց Դավիթը: - Արա, այ տուպոյ, էդ մենք ենք Ծիր կաթին ասըմ, կամ` Հարդագողի ճանապարհ… Նրանք կարող ա մեզ ուրիշ անուն են տալիս,- բացատրեց Գոռը: - Շների համաստեղություն…,- երազկոտ ծոր տվեց Սաշոն: - Ի՞նչ: - Ասըմ եմ` կարող ա մենք էլ նրանց հմար ենք Շների համաստեղություն: Չի կարա ըլի՞… Տղաներն այլևս չխոսեցին: Հետո տներից կանչող ձայները նրանց իջեցրին խոտաշեն գմբեթի բարձունքից ու տարան դեպի երկրային մահճա-կալները: Ուշ էր: Դեզը լուսացրեց առանց տղաների: Առավոտյան Խեչո պապն, ինքն իր հետ խոսելով, հերթական անգամ զայրացավ քանդված դեզի համար. - Շան թորամեքին խոտի վրից իջացնել չի ըլըմ… Պապը ձգեց անչար հայհոյանքն ու մտավ գոմ` կովերին հանելու:

II

Երկրաշարժ տեսած քաղաքի նորակառույց հրապարակը լուսավոր էր, և աշնանային սառը երեկոն կարծես ավելի էր ընդգծում հրապարակից դուրս խտացող մթությունը: Անցուդարձ անող հատուկենտ մարդիկ էին նշմարվում` ուրվականի նման հատելով լուսավոր տարածքն ու դարձյալ ընկղմվում խավարի մեջ: Նրանց շարունակվող գոյությունը ենթադրվում էր ծխախոտի մերթ ընդ մերթ առկայծող 4


կարմրությամբ, որը ևս կամաց-կամաց կուլ էր գնում խավարի տիրակալությանը: Եթե ուրվականն անցնում էր հրապարակից բավականին հարավ գտնվող վագոն-տնակի կողքով, մուտքի վերևում կախված լամպից թափվող պղտոր լույսի տակ մի անգամ ևս կարելի էր տեսնել նրա անդիմագիծ գոյի հավաստումն, ու վերջ: Մարդը, որ մի պահ երևաց տնակի մուտքի լուսավոր եռանկյան մեջ, մինչ այդ որևէ բանով չէր դրսևորել իր գոյությունը, և հրապարակի անցուդարձին հատուկ ծխա-խոտների կարմիր առկայծումը, կարծես, նրան բնորոշ չէր: Քիչ անց տնակի հավանաբար արևելյան և արևմտյան պատուհաններից լույսի ընդհատվող ու տարօրինակ մի շեղբ, Մորզեի այբուբենի նման տկտկալով, ինչ-որ բան ասաց արդեն գիշերվա լռությանն ու հանգավ: Հետո լուսավոր եռանկյունին նորից արտատպեց մարդուն: Նա պայուսակի պես մի բան գցեց ուսին ու հապշտապ ձուլվեց ամենակուլ մթությանը: Ամեն ինչ լռեց:

III

Արդեն առավոտ էր, և հրապարակում հավաքված մարդկանց կիսաձայն զրույցներից գոլորշու նման ինչ-որ չարագույժ բան էր բարձրանում վեր` իր մեջ ամփոփելով քաղաքի անբնական լուսաբացը: Բնականը միայն ավտոմեքենաների ազդանշաններն էին, որ ստիպված էին այդ կերպ ճանապարհ բացել չշտապող ու պարապ ամբոխի միջով: Հրապարակի ծայրին հազիվ նշմարվող տնակը ներկայացման գլխավոր տեսիլն էր, և հերթապահ մի քանի ոստիկաններ իրենց

5


ներկայությամբ կարծես ավելի էին ընդգծում տնակի կարևորությունը: Բարձրահասակ, փոս ընկած աչքերով մի տղամարդ` չվառած ծխախոտը ատամների արանքում, դանդաղ մոտեցավ հավաքվածներին ու մեջքով կանգնելով, ասես քամուց պաշտպանվելու համար, փորձեց վառել այն: Դատարկ կրակայրիչն ապարդյուն չխկչխկաց: - Ժողովուրդ, բարլուս, մի հատ կպցրեք,- դիմեց նա ներկաներին: - Սաղին խփել են,- հասավ նորեկի ականջին:- Ավտոմատը քաշելհնձել են: - Էդ ի՞նչ ա էղել, է ՜ …,- միջամտեց եկվորը: - Այ տղա, Դավո, դու ոնց որ էս աշխարհիցը չըլես… Էն դոմիկը տենը՞մ ես,- տարիքով տղամարդը ձեռքը մեկնեց հրապարակի ծայրում ընդգծվող տնակի կողմը:- Չգիտե՞ս` ումն ա,բազմանշանակ երկարացրեց նա:- Էս քշեր մտել են ու սաղին սըպանել: Մարդամինը ըսկի ձեռները չի հասցրել ջիբիցը հանի, բա… - Ի՞նչ են ասըմ, կբռնեն խփողին: - Ով գիդի, այ բալամ: Հմի էն ում են բռնըմ որ,- տարեց տղամարդը Դավթի մեկնած տուփից մի գլանակ վերցրեց ու շարունակեց,- դու Գոռին հարցրու, քու դասարանցին չէ՞ր, դե էն քննիչը…Նոր ըստեղեք ֆռֆռըմ էր: - Ոչ մի հետք չեն թողել, ասըմ են` մեշոկի միջիցն ա կրակել, որ գիլզեքը գեդնին չընգնեն: Պրոֆեսիոնալի գործ ա, զակազ,շարունակեց առաջին խոսողը: - Հա դե, որ դուզն ասենք, մի օր խփելու էին էլի,- զգուշավոր ու շուրջը նայելով` միջամտեց տարեց տղամարդը:- Նամարդություն էին անըմ, սրա-նրա հացը կտրըմ, էրեխի բերնից խլըմ… Դոմիկն էլ կանցելյար էին սարքել: - Հա, բայց ո՞վ կըլի խփողը, ու՞մ ոսկորին ա դանակը հասել,- մեջ ընկավ մի ուրիշ խմբից նրանց մոտեցած մեկն, ու բոլորն իրար նայեցին: - Մեկը դու,- գինովցած ու համարձակ` նա շարունակեց:- Սուրեն, չէիր խփի՞… Տղիդ կյանքը կերան, մի պուճուր խանութը, խանութ չէէ` բուդկեն, քթիցը բերին… Տարեցը ձեռքն օդում ժխտական պտտեց ու բարձրացրեց ձայնը. 6


- Բերնիդ չափ դիր ու լիզուդ շաղ մի տա… - Հա, լավ, բան էր` ասի,- արդարացավ հարցնողը:- Հրես, Դավոյի կյանքը քիչ կերա՞ն, պարտքի տակիցը չի կարըմ դուս գա, սաղ էլ գիտեն: Ինքն էլ կխփեր: Բարկանալու հերթը Դավթինն էր: Կարմրած դեմքի վրա աչքերի մուգ փոսերն անհետացել էին, և նա պատրաստվում էր հարձակվել. - Ես Սուրենը չեմ, այ անասուն, կպամ`լեշդ կփռեմ: Նա քայլ արեց դեպի խոսակիցը, սակայն տարեց տղամարդը խանգարեց: - Չես տենը՞մ, լիզվի տակին օսկոր չկա, համ էլ խմած ա, շաշ-շաշ խոսըմ ա, գործ չունես, թող գնա: Դավիթն սթափվեց, ձեռքով տրորեց ճակատն ու հեռացավ. - Որ դու չըլեիր, Սուրեն քեռի…,- մի պահ միայն շրջվեց ու շարունակեց ճանապարհը: Խումբն սկսեց ցրվել ու միանալ ուրիշ նմանատիպ խմբերի, ուր ցածրաձայն ու պարապ փսփսոցն ընդմիջվում էր գոռգոռոցով, և հակառակը: Դավիթը լսել էր` ինչ ուզում էր: Նա ոչինչ չէր զգում, և դա ավելի լավ էր, քան գիշերվա անորոշությունն ու խղճմտանքի սարքած տառապանքը: Հանկարծ հասկացավ, որ քայլում է դեպի արգելափակված վագոն-տնակն ու կանգ առավ. “Չէ, պետք ա առաջ գնամ, չի կարելի կանգնել”: - Ինձ էլ մի պապիրոս տուր, Դավո,- ձայնը ցնցեց նրան: Սաշոն էր: Նա այնտեղ էր` իր տեղում, մայթի անկյունում, պատին հենված: Դավիթը զարմացավ, որ մինչև հիմա նրան չի նկատել: Տարիներ շարունակ այնքա՜ն մշտական էր նրա ներկա-յությունն իր անկյունում, որ կարծես փոշոտ ու մոխրագույն համայնապատկերի անփոխարինելի մասը լիներ: Քայքայ-ված ասֆալտն ու բացված հողի սպիները ներդաշնակ էին Սաշոյի ոչինչ չարտահայտող գոյությանը, նա պարզապես այդ մոխրագույնի շարունակությունն էր, այսինքն` չէր: Դավիթն անձայն հանեց ծխախոտի տուփն ու մեկնեց մուրացիկին: - Ապրես, Դավո ջան, թե չէ անց ես կենըմ ու ինձ չես էլ տենըմ: 7


Դավիթն զգաց, որ երերում է: Սաշոյի կողմը չնայելով` նա տուփը ցած դրեց ու շրջվելով` հեռացավ: Մարմինը ցնցվում էր: Նյարդային դողից քայլերը խառնվում էին. “Ոչինչ, թող մտածեն` խմած եմ…”:

IV

Հասավ տուն ու պառկեց: Բորբոքված երևակայությունը գլխում մի մեծ պաստառ էր մեխել ու, ասես էկրանի վրա, պտտում էր անսովոր առավոտվա պատկերները: Մտքերը փոխչում էին` պարբերաբար գունազարդելով և գունազրկե-լով այդ պատկերները. “Ինձ Սաշոն հաստատ տեսել ա… Իսկ եթե ամեն ինչ արդեն գիտե՞ն… Չէ… Եթե իմանային, հմի ես ըստեղ չէի ըլի… Ոչ ոք ոչ մի բան էլ չգիտի…Իսկ Սաշո՞ն…”: Հանդարտվել էր պետք: Ամենադժվարն արդեն ետևում էր: Պիտի համբերեր ու երևակայությանը զոռ չտար: Ժամանակն իր գործը կաներ: Ապրել էր պետք` առաջվա նման գորշ ու աննկատ: Պիտի դիմանար: - Վերև Աստված կա,- կինն էր հեռախոսով խոսում,- էս ժողովրդի արյունը ծծեցին: Հենց գիտեին` մենակ իրանց թուրն ա կտրըմ: Մռայլ մտքերը մի պահ ընդհատվեցին. կարծես բարի գործ էր արել, իհարկե, սեփական շահից ելնելով, սակայն ստաց-վել էր` բոլորի համար: Դավիթը մի ակնթարթ մոռացավ խղճի տանջող կսմթում-ների մասին և իրեն Ռոբի Հուդի կերպարի մեջ տեսնելով` կարծես զվարթացավ: Ուտելու ցանկություն առաջացավ: Բերնեբերան լիքը մոխրամանը ձեռքին քայլեց դեպի խոհա-նոց. - Սոված եմ, ինձ ուտելու բան տվեք: Մեջքի կորությունն ուղղեց, ձգեց ոտքերն ու ձեռքերը, և գիտակցությունը, որ մի ամբողջ օր անարդյունք ջանում էր ինչ-որ բան հասկացնել նրան, վերջապես հաղթահարելով մեղքի ու մեղավորության ձեռակերտ պատնեշը` հասկացրեց ուզածը: 8


Դավիթը, լսելով բաբախող սրտի անսովոր թակոցը, մտովի թռավ պատնեշի վրայով. “Ազատ եմ, վերջ…”: Այլևս անկառավարելի զգացմունքները, ներհակվելով խղճի և ազատության խառնարանում, չէին ենթարկվում տրամաբանության օրենքներին: Խոնավացած ափերը սոսնձ-վել էին սեղանի մակերեսին: Երանի կարողանար գոռալ ու պարպել տարիների հետ կուտակված այն ողջ մաղձը, որ բարոյականության նորմերին համապատասխան ապրելու պարտադրանքն էր` այդ նույն նորմերն արհամարհողների կողքին` լինելով ստրուկ կամ բանական գրաստ, ով պարտա-վոր էր իր ուսերին տանել հլու-հնազանդի բեռն ու “պատվով” փոխանցել այն հաջորդ սերնդին` կյանքի նորեկներին, նրանց, ովքեր ապագայի ստրուկներն էին լինելու: Անհայտ խմորումից պայթելու պատրաստ անոթի խցանն այլևս դուրս էր թռել, և արդեն հանգստանալու ժամանակն էր: Միևնույն է, ուտել չկարողացավ, ասես կոկորդը խցանված լիներ: - Լավ չեմ,- բացատրեց կնոջը:- Գնամ մի քիչ ման գամ, դզվեմ: - Քանի օր ա թամամ հաց չես ուտըմ, բա ի՞նչ ես ուզըմ` ըլի: Լավ բան չեմ ասըմ, համա պրծանք Դավո ջան,- շարու-նակեց կինը:Մտքիդ հետևից չընկնես, ամեն բան իրա տեղն ա ընկնելու, այ կտենաս: Պարզ չէր` Դավիթը լսե՞ց, թե՞ չլսեց կնոջ խոսքերը: Նա հանկարծ քարացավ դռների մեջ: Հիշեց, որ մի քանի ամսից լրանալու է վարկի մարման ժամկետը, և երկիրն ու երկինքը փոխեցին տեղերը: Հասկացավ, որ գլխապտույտ ունեցավ: Կառչելով պատերից` փորձեց նստել մուտքի սանդուղքներին ու փակեց աչքերը: Կարծես երազ էր տեսնում: Ինքնաձիգը ձեռքին կանգնել է բանկի ընդարձակ սպասասրահում և գոռում է: Բառերը հոդաբաշխ չէին, դրանք Մորզեի այբուբենի նման տկտկում էին քունքին: Հետո պատկերը փոխվեց: Մարդիկ էին նեղլիկ տնակում` զարմացական հայացքներով ու մինչև հատակը ծորացող դեմքերով: Նրանք միայն նայում էին իրենց մեռած մարմիններին և արյունոտ ձեռքերով ձգվում էին իր կողմը: Փախչել չէր կարողանում: Ձեռքերը ցնցում, ապտակում էին` դառնալով ցավեցնելու չափ լսելի. - Դավո ջան, ցավդ տանեմ, Դավո ջան… Կինն է` Մանանը: 9


- Ո՞նց ես, ցավդ տանեմ, ուշքդ գնացել էր,- նա բարձրաձայն արտասվում էր:- Գլուխդ նարդիվանին ես խփել: Էսա բժիշկ կգա, կանչել եմ: Դավթի խոնավ մարմինն աստիճանաբար վերագտնում էր ծննդյան օրից ներմուծված ծրագրային ապահովումն` իր բնազդների ու ռեֆլեքսների միշտ նույն և այլընտրանք չունեցող փաթեթով: Միայն աչքերն էին դեռ բեկում իրականության պատկերը: Ականջներում Մորզեի անլռելի սարքն էր ու նրա ասածի խլացնող սարսափը:

V

Նախաքննությունը շարունակվում է: Գոռ Սարգսյանը, աշխատասենյակում նստած, բացակա հայացքով նայում էր քրեական հետախուզության տղաների կազմած և ինչ-որ պարզունակ կողոպուտի վերաբերվող թղթերի կույտին և չէր ուզում կարդալ: Ով էր ինքը, ոստիկանության մի քննիչ, որ փաստացի գործող կանոնակարգով որևէ ինքնուրույն քննություն վարելու հնարավորություն անգամ չուներ: Սև գործը քրեականի օպերներն էին անում, կամ` ով հասցներ. հաստիքների կրճատման պատճառով այլևս աշխատանքի հստակ բաժանումով աշխատելն անհնարին էր, իսկ բարդության տեսակետից իսկապես հետաքրքրություն ներկայացնող գործերը Ոստիկանության քննչական վարչության` համակարգի “սպիտակ օձիքավորների”, իրավասության տակ էին: Հիմա նա պարզապես գրագիր էր, բարձրագույն իրավաբանական կրթությամբ գրագիր, ով հոր կիսասպառնալի հորդորներին, ինչպես միշտ, անսալով` այսօր այստեղ էր` մաշ-ված սպունգից փոս ընկած աթոռին, որից, չնայած մետաղյա պտտվող կմաղքին, փայտոջիլի հոտ էր գալիս: 10


Գոռը մոտեցավ պատուհանին ու անտարբեր դուրս նայեց: Քամու թույլ հոսանքը ինչ-որ հնարքով ճամփեզրի փոշուց հողամրրիկի փոքր սյուներ էր սարքում: Սյուները պտտվում էին օդեղեն առանցքների շուրջը, հետո, երևի հոգնելով, փլվում էին` դառնալով մի նոր հողամրրիկի ոլորվող մարմնի մաս, և այսպես շարունակ: Նրանց նրբիրան պարին անհաղորդ` մարդիկ էին անցնում` կոշիկների վրա տանելով մրրկահողմի էության մի մասը` փողոցային գորշ ու անկշիռ փոշին, որ ամենուրեք ընդամենը փոշի էր: Գոռը դադարեցրեց մտքերի անպատեհ ընթացքն ու վերադարձավ գրասեղանի մոտ. “Վաղ, թե ուշ կարդալու եմ”: Մոտ տաս-տասնհինգ րոպե նա պտտվեց աթոռի թիկնակին` կարդալով հերթական կաղապարախեղդ գրությունը, հետո վեր կացավ և դարձյալ գնաց դեպի պատուհանը: Այս անգամ բնապատկերի մեջ նա գեղարվեստ չտեսավ: Մտաբերեց ոստիկանության իրենց բաժնի ներքին խոհանոցում շրջանառվող ու քաղաքն արդեն հանրահայտ դարձրած սպանությունների մեջ կասկածվողների մասին խոսակցությունները, որտեղ նաև իր դասընկերների անուն-ներն էին: Դիմագծերը լարվեցին: Բռունցքով հարվածեց պատուհանավանդակին ու բացեց օդանցքը: Հիշեց, որ Դավթին վաղուց չի տեսել: Երկրաշարժից հետո իրենք առանձնատուն կառուցեցին: Իսկ Դավիթն իր ընտանիքով բնակարան ստացավ քաղաքից դուրս` նորակառույց, ԽՍՀՄ նախկին հանրապետություններից մեկի անունով կոչվող թաղամասում: Դպրոցից հետո իրենց կապն ընդհատվեց. ինքը մայրաքաղաքում, Դավիթն` այստեղ: Հանկարծ Դավթի կերպարի կողքին, մտապատկերում աղոտ գծագրվեց մի ուրվագիծ ևս: Սաշոն էր, իրենց երրորդ ընկերը` խեղճուկրակ Սաշոն: Գոռը չհասկացավ` ինչու՞ վատ զգաց: Մեղավորության անբացատրելի մի զգացում մտավ ստոծանու տակ ու սկսեց սեղմել կուրծքը: “Չէ: Էս անգամ писорь-ություն չեմ անելու: Էս գործում ես լինելու եմ: Ես էլ իմ քննությունն եմ վարելու: Ով ինչ ուզում ա, թող ասի”: 11


Լուսավոր մի ամպ կախվեց հորիզոնում: Ամպից ճառագող ջերմությունը հասավ ստոծանուն, և նա հոգոց հանեց: Ի՜նչ վաղուց չէր նայել երկնքին: Նրան թվաց, թե ամպի ետևում իր մանկությունն է, Դավոն ու Սաշոն էին, այնքա՜ն հեռու, այնքա՜ն մոռացված և այնքա՜ն ցանկալի: Գոռը ծխախոտ վառեց ու փութով դուրս եկավ աշխատասենյակից: Բերանով որսաց փոշեխառն օդի փրկարար շունչն ու քայլեց: Ամպը չկար: Իրիկնանում էր:

VI

- Ասում եք`քանի՞ օր է, որ ցավում է,- բժիշկը երկու ձեռքի բութ մատներով ցած ձգեց այցելուի ստորին կոպերն ու աչքերը կկոցեց: - Մի շաբաթ կըլի,- շտապեց Մանանն ու ափերն իրար սեղմելով` նայեց ամուսնուն: Դավիթը լուռ էր: - Ձեռքերդ առաջ պարզիր,- բժիշկը սեղանի վրայից վերցրեց ռետինե գլխիկով մուրճը: - Ախր, ես տենըմ էի, որ լավ չի: Համարյա բան չէր ուտըմ: Գլուխն էլ էն անդեր բիտոնին տվեց ու…,- Մանանը շարու-նակում էր հուզված մենախոսել:- “Շտապօգնություն” էկավ, ճնշումը չափեցին, ասեցին` ցածր ա… շատ ա ծխըմ… բռով Անալգին ա խմըմ… Դավիթը խղճաց կնոջը. - Լավ եմ, լավ, այ աղջի, ինչ ես խառնվել: Մանանն արցունքաշատ հայացքն ուղղեց նյարդաբանի կողմն ու սպասեց: - Ավելի մանրազնին հետազոտության կարիք կա: Հարկ կլինի գլուխդ նկարել, հետո միայն կտեսնենք` ինչ ենք անում,- բժիշկը նստեց իր խալաթի նման ճերմակ սեղանի մոտ ու սկսեց ինչ-որ բան գրել:- Կգնաք մարզկենտրոն, էստեղ նշել եմ, անալիզներ, ստուգումներ, բոլորը կանեք ու կվերադառնաք` համենայն դեպս 12


նաև ձեր հանգստության համար: Հա, լավ սննդի կարիք կա, արդեն իսկ երևում է` հեմոգլոբինի պակաս ունեք: Բժիշկը մի քանի թուղթ մեկնեց Մանանին, ով հուսավառ հայացքը չէր կտրում նրանից: - Դե գնացեք, գնացեք,- նա ակնհայտ շտապեցնում էր: Դավիթը բռնեց կնոջ թևից և ուժով դուրս տարավ: - Էլ ես բժշկի չեմ գալու, վերջ, էլ չստիպես,- արդեն միջանցքում շրխկացրեց կնոջ երեսին: Ամբողջ ճանապարհին Մանան ինչ-որ բան էր խոսում: Դավիթը չէր լսում: Նա մտածում էր վաղվա հարցաքննու-թյան մասին: Գոռին վաղուց չէր տեսել: Ինչու՞ հենց նա: Չէ որ ամեն ինչ արդեն ասել է: Դեռ ինչքա՞ն են կանչելու: Իսկ եթե չդիմանա՞… Դավիթը կտրուկ կանգ առավ. - Դու տուն գնա, ես գործ ունեմ, կգամ,- դարձավ ճանա-պարհը ակամա շարունակող կնոջն ու հատեց փողոցը: - Սոված ես, այ անաստված, գնանք տուն, հաց կեր, հետո: Դավիթը ետ չնայեց: - Դե, ոնց կուզես, ես քու էրեխեն չեմ, ոչ էլ ի՛մ գլուխն ա ցավըմ,Մանանը նեղացավ ու քայլեց հակառակ ուղղու-թյամբ: Հրապարակն, ինչպես միշտ, բազմամարդ էր: Կեսօրվա աշնանային արևը կարծես փողոց էր հանել բոլորին: Մշտառկա, անտարիք մարդիկ էին, միջքաղաքային ավտոբուսներին սպասողներ, իրենց փոքրիկ կրպակների դռների մեջ կանգնած խանութպաններ, մի խոսքով` բազմա-շերտ ու բազմադեմ ամբոխ, որ օրը մթնեցնելու ուրիշ տեղ ու ժամանակ չուներ: Դավիթը քայլում էր կարծես նախապես նպատականշված ուղղությամբ` հայացքն ասֆալտին, ծանոթ աչքերի չհանդիպելու ակնկալիքով: Ահա և չարաբաստիկ վագոն-տնակը: Սպասվածին հակառակ նա ոչինչ չզգաց: Թեքվեց աջ ու անցավ փողոցը: Անկյունը դատարկ էր: Սաշոն չկար: Ինչու՞ է եկել: Ի՞նչ ունի նրան ասելու: Կանգնելն անիմաստ էր, և Դավիթը ետ դար-ձավ. “Ծխելու բան առնեմ ու տուն գնամ”: Հրապարակից ներքև, երկհարկանի շքեղ խանութի ետևում իրենց հին թաղամասն է. “Տենաս ովքե՞ր են ապրըմ, ո՞վ ա մնացել…”: 13


Նորից Սաշոյին հիշեց ու փողոցի հենց մեջտեղում կանգ առավ: Ավտոմեքենաների ազդանշաններն ստիպեցին շարժվել: Հասավ մայթին: Արագ էր քայլում: Մի քանիսին հպանցիկ բարևեց. “Թող մտածեն` վռազ եմ…”: Խանութի ետևում առանձնատների հախուռն շարքն էր: “Տենաս մեր տան տեղը կքթնե՞մ…”: Ոտքերը տանում էին: Նրանք ավելի լավ էին հիշում ճանապարհը: Հասկացավ` գլուխը չի ցավում: Հրաշք: Հիշողությունը չէր բերում երկրաշարժի ավերած պատկերները, մտապատկերում տունն էր` նորոգ ու արևոտ: Լայն ու ընդարձակ պատշգամբը, որ հարևանի անասնագոմի պատճառով միշտ ճանճերով լիքն էր` ամեն տեղից կախված ինչ-որ կպչուն ժապավեններով, որ ըստ մոր, ճանճերից միակ փրկությունն էր: Դավիթը երկա՜ր կանգնեց օտար ու փակ դարպասների առջև և ինքն իրեն հարցրեց. “Որ ինչ էկա՞…”: Հայրը վաճառեց հողամասը` իրենց կիսաքանդ տնով ու մեռավ. “Մին ա, դուք տուն շինող չեք: Գնացեք, թող պետությունը ձեզ տուն տա: Առուտուր, չէ-չէ-մի…Ախր ո՞նց կապրեք էս քամբախ աշխարհըմ…”: Հորն էլ է մոռացել: Չհիշեց` վերջին անգամ երբ է եղել գերեզմանատանը: Գլխահակ անցավ էլի ինչ-որ նորակա-ռույցների մոտով և տեղում քարացավ. Երկու ամրակուռ առանձնատների արանքում, անտաշ ու կիսաքանդ ցածրիկ պարիսպի ետևում երկրաշարժն էր` երևի նախորդ կյանքում տուն եղած շինության հողածածկ մնացորդներ, ամայի ու չորացած խոտով ծածկված բակ և մի վագոն-տնակ: Տնակի նախնական գույնն անհնար էր գուշակել: Խունացած պատերով այդ ժամանակավոր կացարանը բազմել էր մի կերպ իրար վրա դրված քարերի վրա և նմանվում էր ռուսական հեքիաթների կախարդ-պառավի խրճիթին. “Հավի ոտների վրա…”: Սիրտն սկսեց արագ բաբախել. “Սաշո…Սաշոյանց տունն ա…ըստեղ էր…”: Նա մեխանիկորեն արձակեց դարպասի տեղ ծառայող ցանցապարիսպի մնացորդներն իրար կապող հաղորդալարի կտորն 14


ու ներս մտավ: Սակայն նույն պահին էլ անբացատ-րելի մի ուժ նրան հանեց անծանոթ բակից: Հասնելով խանութի մոտ միայն` Դավիթը հասկացավ, որ վազում է, որ վազել է ամբողջ ճանապարհը, որ գլուխն անտանելի ցավում է, որ հիմա կգժվի…

VII

Աշխատասենյակն ամբողջությամբ ծխով էր լցված, և Գոռը կարծես չէր զգում առաստաղի տակ խտացող նիկոտինի խեղդող ծանրությունը: Նա երկու ձեռքով հենվել էր գրասե-ղանին, ինչպես նավաբեկյալը, ով լաստի կտորին կառչած` փորձում էր ողջ մնալ: Գրում էր արագ, չէր ուզում մտածել: Գիտեր, որ այլապես իր խոսքն էլ ռեֆլեկտոր ձևաչափից չի խուսափելու և, ինչպես միշտ, արդյունքում դառնալու է ան-շունչ ու անհոգի արձանագրություն. “…Ինչպե՞ս բնութագրեմ նրան: Ինձ թվում է` եթե ասեմ, որ դեռ հասուն տարիքում հուզվում էր Իա իշուկի համար, երբ դիտում էր Վինի Թուխի մասին մուլտֆիլմը /”Սոյուզմուլտ-ֆիլմի”/, բավական կլինի. Իան իր ծննդյան օրը կորցրել էր պոչը, և դա քիչ չէր, բոլորը մոռացել էին նրան: Ինչու՞ հենց դա հիշեցի: Երևի ինչ-որ տեղ էլ իր երկարա-վուն դեմքով, անբնական մեծ աչքերով ու ետ չծալվող սուր-սուր թարթիչներով` մուլտֆիլմի մելամաղձոտ իշուկին է հի-շեցնում: Անունը Սաշո է, որ Ալեքսանդրի պռատված աղավաղումն է: Միայն ծեր մայրն էր նրան Ալեքսանդր կանչում: Հավանա-բար խեղճ կինը, որդուն ծնելիս, պատկերացնում էր նրան գեղադեմ ու խիզախ` մի Բուցեֆալ էլ տակին: Չնայած, չեմ կարծում, թե նա 15


Մակեդոնացու մասին ընդհանրապես լսած լիներ. Մեր դպրոցի հավաքարարն էր: Հորը գրեթե չեմ հի-շում, վաղուց էր մահացել: Սաշոն ոչ զորավար դարձավ, ոչ էլ զորավոր: Նա մեր բոլորի խիղճն էր` խոցոտված ու անմաքուր, որին սիրում էինք, որովհետև մերն էր, մեր այն մասը, որ սովորել էինք թաքցնել, իսկ նա այնպիսին է, ինչպիսին ես չէի համար-ձակվի լինել… Այդ ամենի հետ միասին Սաշոն այն եզակիներից է, ով կամավոր պատերազմ գնաց և մինչև ազատամարտի ավարտը տուն չեկավ…”: Գոռն էլի ինչ-որ բաներ գրեց և վերջապես ամփոփեց. “…Կարծում եմ, ավելի ճիշտ` համոզված եմ, որ Ալեքսանդր Ղազարյանին պետք է հանել վերոնշյալ սպանությունների գործով կասկածյալների ցուցակից: Նա ընդամենը կարող է վկա լինել և, մուրացիկի իր կարգավի-ճակից ելնելով ու մշտապես գտնվելով հանցագործության վայրին մոտ, քննությանն անհրաժեշտ ցուցմունքներ տալ…”: Միևնույն է, կաղապարներից խուսափել չհաջողվեց: Խեղդվելու վտանգը կարծես անցել էր, և Գոռը ետ ընկավ պտտաթոռի թիկնակին: Դուռն անհամարձակ բախեցին. - Կարելի ա… Թորշոմած, սմքած դեմքով տղամարդու մեջ Գոռը դժվարությամբ ճանաչեց դասընկերոջը: - Դավո՞, Դավ ջան, արի,- նա մի պահ մոռացավ, որ հենց ինքն է կանչել նրան: - Թաղայինն էրեգ ծանուցագիր բերեց, ասավ` պրոֆիլակ-տիկայի տեսուչ… ես էլ էկա,- Դավիթը դեռ կանգնած էր դռան մոտ: Գոռը շփոթվեց: Գիտեր, որ իր գործը չէ, որ դրա համար կարող է պատժվել, այսպես կոչված “ ծառայողական դիրքի չարաշահում”, սակայն… Շեշտակի վեր կացավ և ընդառաջ գնաց: Նա մի տեսակ շինծու փաթաթվեց ընկերոջը, ով զարմանքից այդպես էլ ձեռքերը կախ ու անբարբառ անշարժացավ տեղում: Գոռն էլ ավելի շփոթվեց: Նա ազատեց գիրկն ու հայացքը փախցնելով` վերադարձավ գրասեղանի մոտ. - Արի, արի նստի: 16


Դավիթն անհաստատ քայլերով մոտեցավ և, մեկ քննիչին, մեկ աթոռի նստատեղին նայելով, նստեց: Լռությունը երկարում էր: - Կծխե՞ս,- սկսեց Գոռը: - Հա: - Ո՞նց ես: - Լավ: - Շատ ես փոխվել: - Հա: - Սաշոյին տեսե՞լ ես: - Չէ: - Քիչ առաջ գնաց: Դավիթը լարվեց: Աջ ոտքի մկանները ասես փայտացան, և նա տնքոցով ոտքը ձգեց: - Հիվա՞նդ ես,- շարունակեց Գոռը: - Չէ, մի քիչ գլուխս ա ցավըմ, չգիտեմ: - Պատկերացնը՞մ ես` Սաշոյին էլ են կասկածըմ: Էդ խեղճին, էդ միամըտին… Ախր նա ճանճ էլ չի կարա սպանի… - Բա Ղարաբաղը՞,- հակադարձեց Դավիթը: Գոռն անակնկալի եկավ, և Դավիթը զղջաց ասածի համար. - Դե զենք ունենալ-չունենալու հըմար եմ ասըմ: - Կարող ա` ճիշտ ես, բայց հըմի խոսքը քու մասին ա, Դավո:Գոռը թվում էր` բառեր է փնտրում:- Դու էլ ես, չէ՞, սպանվածների “հարկատուների” ցուցակըմ, թե՞ կասես` չէ: - Հա, հազար անգամ` հա: Ես ամեն ինչ Էրևանից էկած էն քննիչին արդեն ասել եմ:- Դավիթն այլևս չէր թաքցնում զգացմունքները:- Մենակ ես չեմ, իմ պես քանիսը կա՜ն: Ու եթե ուզըմ ես իմանաս` լավ են արել, սաղին գյուլլել են, ես դրանց տիրու մերը… Չէ, չէ, դու գրի, ընկեր քննիչ, թե՞ պա-րոն…Գրի, գրի… - Հանգստացի: Ես քեզ չեմ էլ կասկածըմ: Ես չեմ մոռացել, իրար հետ ենք մեծացել: Վիզս կդնեմ, թե… Ախր, ես քեզ հինգ մատիս պես գիտեմ… Դավիթը կրկին կծկվեց: - Մենակ ինձ մանրամասն ասա` որտե՞ղ ես էղել, ե՞րբ, ո՞ր ժամին… 17


Դավիթն անկիրք արտասանեց վերջին օրերին անընդմեջ կրկնությունից սերտած դասը: Հետո ձեռքը դրեց գրասե-ղանին` պատրաստվելով վեր կենալ. - Է՞լ… - Նստի: - Պարապ չեմ: - Նստի: - Ասելիքս ասեցի, պրծա: Ուրի՞շ… - Պարտքեր շատ ունե՞ս… Հարցն անսպասելի էր, և Դավիթը շոգեհարվածի նման կարծես թռավ տեղից. - Քեզ ինչ, ընկեր, թե պարոն քննիչ, կարող ա ուզը՞մ ես պարտքերս փակես… Շշմելու հերթը Գոռինն էր: Նա ոչինչ չպատասխանեց: Դավիթն ատելությամբ նայեց նրա աչքերի մեջ ու քայլեց դեպի դուռը. - Մանկության ընկերրրր… Դուռը շրխկաց և օդի հուժկու հոսանքով բացեց պատու-հանի մետաղյա փեղկը: Գոռն անորոշ նայեց ծխի նոսրացող ամպին և ափերով բռնեց ընկնող գլուխը. “Իսկ եթե Դավիթն ու Սաշոն իմանան, որ ինքն ընդհան-րապես իրավունք չունի իրանց հարցաքննելու ու ընդհան-րապես կապ չունի…”:

VIII

- Էնցեֆալոգրամմա, տոմոգրաֆիա, ուլտրազվուկ, չգիտեմ` էլ ինչ զահրըմար,- Դավիթն ամբողջ զայրույթը Մա-նանի վրա թափեց,էսա մի շաշ բան կասեն, միամիտ-միամիտ ցավի տեր կդարձնեն: Տո ասա, թե ես խի քեզ էլի էշ-էշ լսեցի… 18


Մանանը լուռ էր: Նրանք բարձրանում էին ուռուցքաբա-նական բաժանմունքի զառիվերով, և արդեն իսկ ճանա-պարհն ու բաժանմունքի անվանումը նրան թևաթափ էին արել: Դավիթը թեև զայրանում էր, սակայն միաժամանակ միտքը երկատվում էր: Նախ` այն չբացառվող իրողությունը, որ ինքն իսկապես հիվանդ է, այլապես` ինչու՞ էին ուղար-կում այստեղ, և երկրորդը, որ հիմարհիմար զայրանում է առանց այդ էլ կես մարդ դարձած կնոջ վրա: - Եթե կուզեք, ձեզ կգրանցեմ: Հետազոտությունների արդյունքներն ու նկարներն էլ կարող եք թողնել:- Ընդու-նարանի աշխատակիցն արդարանում էր:- Ինչ անեմ, ուշ եք էկել: Բժիշկ չկա: - Ժամը Էրկուսն անց կես ա, աղջիկ ջան, հրես, դու էլ ես տենըմ, չէ՞, մինչև ժամը տասնհինգը… - Ես ի՞նչ անեմ, ես ո՞վ եմ, որ բժշկին ասեմ` մնա,- արդեն անտարբեր ընդհատեց ընդունարանի “աղջիկը”:- Էսօր ուր-բաթ ա, մեկ էլ էրկուշաբթի կգաք: Դավիթը դանդաղ պտտվեց իր առանցքի շուրջն ու ձեռքը երկարեց դեպի պատի տակ շարված պլաստմասե աթոռ-ներից մեկը: Նա զգուշորեն նստեց, փակեց աչքերն ու գլուխը հենեց պատին: - Դավիթ, Դավ… ի՞նչ էղավ,- Մանանի ձայնը բախվեց սալիկապատ հատակի սառնությանն ու անդրադարձավ` դաղելով թմբկաթաղանթները: - Կամաց,- աչքերը փակ տնքաց հիվանդը: - Մեքենայով ե՞ք,- հարցրեց ընդունարանի աշխատողը:- Կուզե՞ք` տաքսի կանչեմ: - Հա, հա, ազիզ ջան, կանչի,- Մանանը մերթ նստում, մերթ կանգնում էր կողքը: Դավիթն այլևս անուժ էր: Կնոջը հենված, գերբնական ճիգով հասավ մեքենային ու տեղավորվեց նրա մեջ: Մանանը ետ դարձավ: Ուշանում էր: Սրտխառնոցի և անտանելի գլխացավի նոպայի մեջ անգամ Դավիթը երախտագիտության նման մի բան զգաց վարորդի նկատմամբ, որ համբերատար սպասում էր ու ոչինչ չհարց-րեց: - Էրկուշաբթի կգանք, թղթերդ սաղ տվեցի,- Մանանը թափով փակեց դուռը:- Կամ էլ…ես մենակ կգամ: 19


Գոմի դուռ չի,խայթեց տաքսու վարորդը, և երախտագիտությունը չքացավ: Դավիթն առաջին անգամ խղճած իրեն: Անզորության զգացումը խորանում էր` իջնելով գոտկատեղից ներքև ու մարում էր ապրողների շարքում դեռ լինելու վերջին հույսը. “Ոչ ոք չի կարա հասկանա` ինչ եմ ես զգըմ…”: Տանը խաղաղ էր, ինչպես գերեզմանոցում: Մանանը, ներարկիչը ձեռքին, կանգնել էր կողքին. - Ցավազրկող սրսկենք, մի քիչ հանգստանաս գոնե:- Մա-նանն ինչ-որ բան ծանրութեթև արեց և շարունակեց:- Ե՛ս կսրսկեմ: Դավիթը հասկացավ, որ կինը ևս անխուսափելին չի բացառում, և չմեղադրեց նրան: - Մի քիչ քնի, հետո տենանք` ինչ ենք անըմ: Ձերոնց կան-չե՞մ: - Չէ: Քիչ անց ցավը թողեց: Դավիթը, ծերունու նման քստքստացնելով, դուրս եկավ ննջասենյակից. - Մածուն ունե՞նք, սիրտս անյուղ մածուն ա ուզըմ: Նա զարմացած նայեց խոհանոցի սեղանի մոտ նստած երեք զավակներին` ավագ դուստրերին և որդուն, նրանց կախ ընկած ուսերին ու շրթունքներին և զայրացավ: - Էս խի՞ ձեն-ձուն չկա, մարդ ա մեռե՞լ,- փորձեց կատա-կել: Կնոջ ձեռքից ջրով լի բաժակը ցած ընկավ և զրնգոցով խախտեց խոհանոցի լռությունը: - Լավ ե՞ս,- գլուխը մի կողմ թեքած` Մանանն ուշադիր իրեն էր նայում: - Հա: Ոնց որ գլխիս ցավը թողեց: Փրթած մածուն կուտեի: - Պապայի հըմար խանութիցը մածուն բերեք: Կարծես կախարդական փայտիկի մի հարվածով հեքիա-թի հերոսներն արթնացան ընդարմացումից, և տունը լցվեց սովորական ժխորով: - Կամաց,- սաստեց մայրը,- պապայի գլուխը… Դավիթը հաճույքով կերավ մածունը, հետո նստեց ճաշասանյակի բազկաթոռին ու միացրեց հեռուստացույցը: Մանանն զգուշավոր կռացավ ականջին. - Դավ, իակականի՞ց չի ցավըմ… 20


- Մզմզացնըմ ա, էդ հեչ: - Կարող ա կոֆե խմե՞ս: - Հա,- անկիրք արձագանքեց Դավիթը:- Մեր տեղական լուրերը քանըսին ա՞: - Էսա, մի էրկու րոպեից,- պատասխանեց կնոջ հեռացող և կարծես զվարթ ձայնը: - Լուրեր քաղաքապետարանից,- վերջապես հաղորդումն սկսվեց: Դավիթն անհանգիստ կուլ տվեց սուրճն ու նայեց կնոջ քննախույզ աչքերին: - Նրանց հետ կապված բանի ես սպասը՞մ,- բազմանշա-նակ հարցրեց կինը:- Էդ թեմայով հեչ չես խոսըմ: - …սպանությունների բացահայտման գործում առաջընթաց չի արձանագրվում…,- հայտարարեց հեռուստացույցը, և Դավիթն անջատեց այն: Մթության հետ խտանում էին նաև աշնանային երեկոյի գոլորշիները: Ցրտում էր: Մանանը սովորականից երկար նայեց կարծես իրեն չնկատող ամուսնուն, հետո չդիմացավ. - Օ՜ֆ, է, գնամ խանութը փակեմ: Սաղ թողել եմ էրեխեքի վրա: Նա ուսերին գցեց ամուսնու պիջակն ու հողաթափերով դուրս եկավ: Դավիթն իրեն ահավոր մենակ զգաց, մենակ ու եսասեր, որ իր տնքոցներով տունը դարձրել էր անժամկետ մի քավարան, որ իր զավակների և Մանանի համար իսկական տանջարան էր` մեղավոր և ուժասպառ փսփսոցներով լցված բանտա-խուց, ուր մահապարտի հետ, անմեղության կանխավար-կածն անտեսված, դատապարտված էին տառապելու բոլորը:

IX

21


- Բարև, պարոն Տոնոյան,- Գոռը ձեռքը պարզած առաջ գնաց: - Ի՞նչ կա, բարև,- քրեական հետախուզության բաժանմունքի պետը բարձրացավ տեղից: - Քեզ հետ գործ ունեմ: Տոնոյանը հարցական նայեց գործընկերոջը: - Դոմիկի սպանությունների գործով կասկածյալների մեջ իմ էրկու դասարանցին են: Գիտեմ, գիտեմ,- Գոռը, ափը բարձրացնելով, կանխեց սպասվող պատասխանը:- Էս քաղաքըմ բոլորը բոլորի մասին ամեն բան գիտեն: - Հետո՞, չեմ հասկանում` ո՞ւմ մասին ես խոսում,- Տոնո-յանը, որ տեղացի չէր, անտարբեր հարմարվեց բազկաթոռի մեջ: - Ղազարյան Ալեքսանդր և Աթոյան Դավիթ: - Էդ Ալեքսանդրը էն բոմժը չի՞… Կարծեմ` Սաշո: - Հա,- Գոռն անհամարձակ մի թուղթ մեկնեց կարծես ամեն ինչից հոգնած գործընկերոջը: - Էս ի՞նչ ա: - Կարդա: Տոնոյանի աչքերը սահում էին թղթի վրայով, և կամաց-կամաց անտարբերության անկիրք դրոշմն անհետանում էր դեմքի վրայից: Շուրթերի անկյունները ձգվում էին, և դրանից Գոռն սկսում էր բարկանալ. “Էրեվանցին ժամանակավոր կաշխատի ռայոնում, հետո կթռնի մայրաքաղաք` տաքուկ պաշտոնի”: - Ծիծաղելու բան կա՞,- Գոռն այլևս չհամբերեց: - Վա՜յ, Սարգսյան,- Տոնոյանն արդեն չէր էլ զսպում քրքի-ջը,- էս ինչ ես գրել` Մակեդոնացի… Բուցեֆալ… Վինի Պուխ…Սոյուզմուլտֆիլմ…, խի՞, ուրիշ մուլտ էլ կա՞… Գոռն անպաշտպան էր: Նրան թվում էր` մերկ է, և ով ասես, և այս “ով ասեսը” իրեն ձեռ է առնում: Ինչ հաճույքով սեղանի վրայի ծանր մոխրամանով կջախջախեր դիմացինի խնամքով սանրված գլուխը, սակայն… - Դիսնեյի նկարածն էլ կա` մակերեսային հիմարություն: Իսկ սովետականը իսկական փիլիսոփայություն ա: - Լավ, կներես,- Տոնոյանը կարծես լրջանում էր,- հիմա ի՞նչ ես ուզում… 22


- Ես կարամ գործին օգտակար ըլնեմ, նրանք իմ մանկու-թյան ընկերներն են էղել, եթե ձեր էդ “կարևորագույն գործե-րով քննիչին” բան չասեն, ինձ կասեն: Թույլ տուր ես էլ մաս-նակցեմ քննությանը, գոնե ոչ պաշտոնապես,- Գոռն արդեն անթաքույց խնդրում էր: - Ինձնից լավ գիտես, որ դա մեր իրավասությունը չէ: Երևի արդեն խոսել էլ ես հետները,- Տոնոյանը սպասողական նայեց Սարգսյանին: - Հա: Ներքին կարգով մեր պրոֆիլակտիկայի տեսուչին խնդրել էի, որ կանչի: Գիտեմ, գիտեմ, որ իրավունք չունեմ… Գոռին թվաց, թե մի ողջ հավերժություն սպասեց: - Լավ, մի բան կմտածեմ, գուցե իրոք դրանից օգուտ ըլնի:Տոնոյանը կանգնեց` հասկացնելով, որ խոսակցությունն ավարտված է:- Բայց, գիտես չէ՞, օպերատիվ փնտրողական գործին չես խառնվում: Թե չէ` շահագրգռված անձի դերում կարաս հայտնվես, հետն էլ պաշտոնական դիրքի չարա-շահումով: Գոռը շնորհակալ էր, չնայած ներսում, շատ խոր մի տեղ, իրեն նվաստացած էր զգում: Տարօրինակ մի զգացում, կարծես գենային մակարդակով, պարտավորեցնում էր պաշտպանել լուսավոր մի բան, որ անթեղված էր տարիների և օրերի փոշոտ շերտի տակ, որից հենց նոր հնձած խոտի հոտ էր գալիս, անբացատրելի և զգլխիչ: - Մի բան էլ ասեմ, մեկ ա` իմանալու ես:- Տոնոյանն ընդ-հատեց մտքերի ընթացքը:- Զոհերի հարազատները գլխագին են խոստացել մարդասպանի մասին հավաստի տեղեկու-թյուններ հայտնողին` մի միլիոն դոլար… Լուրերով էլ կհաղորդեն: Գոռը մոտեցավ դռանն ու ձեռքը դրեց բռնակին. - Շնորհակալ եմ: - Սարգսյան, դու գրող ես, դու գրող պտի դառնայիր: Տոնոյանն այլևս այն մեծամիտ էրեվանցին չէր: Նա շարու-նակում էր ժպտալ, սակայն առանց հեգնանքի: Գոռը մտածեց, որ հուզվում է, որոշեց արագ հեռանալ, պառկել ու չմտածել: Քամին սառն էր, սակայն մեքենա նստել չցանկացավ: Ճակատն այրվում էր: Չէր տեսնում, բայց գիտեր, որ վառվում են նաև աչքերը: Կաշվե բաճկոնի օձիքը բարձրացրեց, սակայն կոճկել չուզեց: Քամին 23


առագաստի նման ուռցնում էր հագուստը` մտնելով բլուզի և բաճկոնի արանքը: Անսովոր թեթև էր, անհավանական` երջանիկ: Խոտի բույրը կողմնացույցի նման տանում էր: Ահա և տունը: Դարպասը բաց է: Տուն մտնել չի ուզում: Աղյուսապատ արահետը ետնաբակ է տանում, դեպի տնամերձ հողամասը, այգին: Ամեն ինչ այնքան կոկիկ է ու խնամված, ամեն բան` իր տեղում: Հանկարծ Գոռը հասկացավ, որ խոտի բույրը չքացել է: Մանկության դեզը վաղուց չկար, այգին մերկ էր, ինչպես դիարանում հերձողին սպասող սառած մարմինը:

X

Ուռուցքաբանական բաժանմունքի զառիվերի ստորոտում է: Ուր որ է կբացվի: Շուտ է եկել, որ կնոջից առաջ ընկնի: Մանանը չի դիմանա: Իսկ ինքը՞… Բարձրանում է դանդաղ: Աստծոն հիշեց, և սիրտն ավելի մռայլվեց. “Մարդասպան չե՞մ”: Միևնույն է, ուզում էր աղոթել: Աղոթքն ինքնաբերաբար ստացվեց` քայլերի հետ համահունչ: Զարմանում էր սեփա-կան բառապաշարի, խոսքի մեղեդայնության վրա, և, որ ամենակարևորն էր ու իր իսկ համար անհասկանալի, բառերը գալիս էին մտքերից զատ, հաստատ` ո՛չ բանակա-նությունից, անկշիռ էին և միաժամանակ` անսահման խորը: Նա, աղոթքին զուգահեռ, կարծես ուրիշ մեկը, մտածում էր` որտեղ էին դրանք մինչ այժմ, մի՞թե այդ խոսքերն իր կիսա-բաց շուրթերից են դուրս գալիս և փափուկ զրնգոցով, իջնելու փոխարեն, ելնում են վեր: Նա կարծես տեսնում էր այդ բառերի աննյութական մարմինները, որոնք նաև գույն ունեին, ծիածանի գույների նման նուրբ էին ու բազմերանգ:

24


Բաժանմունքի դուռը բաց էր: Միջանցքի դատարկության մեջ, ծանոթ աթոռներից մեկի վրա մի տարեց մարդ էր նստած` հնաոճ լայնեզր գլխարկով և բավականին մեծ կոշիկ-ներով: Դավիթն ակամա դրանք նմանեցրեց ծաղրածուի երկար ու քթամասի մոտ կարծես արհեստականորեն ուռցրած կոշիկների: Այլ հանգամանքներում նա հավանաբար կժպտար, սակայն մոտեցավ և նստեց ծերունուց մի քանի աթոռ այն կողմ: Ընդունարանի “աղջիկը” տեղում չէր: Ստիպված էր հերթով բացել աշխատասենյակների դռները, բայց մտքով դա անելուց հետո` որոշեց սպասել. “Երևի դեռ ոչ ոք չի էկել…”: Ծերունին ծնոտը բարձրացրեց ձեռնափայտի բռնակի վրա խաչած ձեռքերից ու ուշադիր նրան նայեց. - Առաջին անգա՞մն եք, հարգելիս: Դավիթը մտածեց` երևի թոշակառու ուսուցիչ է և պատասխանեց. - Այո, չէ, երկրորդ: - Ես հաճախ եմ գալիս: Քանի տարի է`չեմ կարողանում իմ խնդրին լուծում տալ: - Այսի՞նքն…,- Դավիթը հենց այնպես հարցրեց: - Չեք պատկերացնում, գազերս խեղդում են…. Դե, ինձ չէ, ուրիշներին… Դավիթը հայացքը կտրեց դիմացի պատի դատարկու-թյունից և շրջվեց խոսակցի կողմը: - Դե, կներեք, անտանելի գազեր եմ բաց թողնում,- ծերու-նին նայեց երիտասարդ տղամարդու անբարբառ հայացքին ու շարունակեց,- հոտ եմ հանում, գարշահոտ, շուտ-շուտ… և ինձ ասում են, թե ես բացարձակապես առողջ եմ, որ ոչինչ չկա, պատկերացնու՞մ եք: -Իսկ Դուք ուզում եք, որ լինի՞:- Դավիթը որոշեց վեր կենալ, սակայն անուժ շարունակեց լսել հարևանի բարբա-ջանքը: - Իսկ Դու՞ք, հարգելիս, մի՞թե դրա համար չեք եկել…,- մի պահ ծերունու հայացքը սողոսկեց զրուցակցի աչքերի մեջ, հետո` կորավ:Ում ասես` չեմ դիմել: Բոլորը թքած ունեն: Երևի մտածում են` ծեր եմ, փող ու ժամանակ ծախսել չեն ուզում: 25


Ծերունին, արգելակները փչացած մեքենայի նման, խոսում էր ու խոսում: Դավիթն այլևս հարևանին չէր լսում: Նա ետ էր ընկել աթոռի թիկնակին և փակ աչքերով` գլուխը հենել էր պատին: - Ո՞վ կա սպասող, համեցեք, - միջանցքի խորքից լսվող ձայնն սթափեցրեց: - Դուք գնացեք, ես կսպասեմ,- ծերուկը, ծնոտը դարձյալ իջեցրեց ձեռնափայտի բռնակին և վերջապես լռեց: Բժիշկը բավականին երիտասարդ էր, այլ պարագայում Դավիթը նրան պատանի կանվաներ, այնպես, որ սկսեց զղջալ գալու համար: - Ի՞նչ գանգատներ ունեք: “Ստանդարտ, վաղուց նշանակությունը կորցրած հարց, որ երևի բոլորին են տալիս”: Դավիթը կարդաց բժշկի խալաթի վրա ամրացրած գրու-թյունն ու պատասխանեց. - Բժիշկ… Կանայա՞ն… - Այո՞… - Ուրբաթ էինք էկել: Իմ անալիզների թղթերն ու նկարները թողել էինք: Կարո՞ղ ա` չեք հասցրել նայեք,- Դավիթը հնա-րավոր պատասխանը հետաձգելու փորձ արեց: Բժիշկը թղթապանակների մի ստվար կույտ սեղանի ծայրից քաշեց իր կողմն ու անընթեռնելի դեմքով նայեց այցե-լուին. - Ձեր անունը… - Դավիթ, Աթոյան Դավիթ: Կանայանի մատներն սկսեցին անարյուն տնտղել թղթապանակները: Դավիթն սպասում էր: Շունչը պաղել էր ռունգերի մեջ: Նա ձեռքը մեքենայաբար տարավ դեպի պարանոցի պրկված երակները և բնազդաբար սեղմեց կոկորդը: Վերջապես ար-տաշնչեց և արագ էլ կուլ տվեց օդի հաջորդ չափաբաժինը: -Հանգստացեք,- առանց աչքերը բարձրացնելու`արտա-սանեց բժիշկը: Եվս մի քանի երկարուձիգ վայրկյաններ: - Պարզ է,- նույնքան անկյանք շարունակեց նա և առանց մկան անգամ շարժելու` նայեց այցելուին:- Հուսով եմ` մենակ չեք եկել: 26


- Ասեք, ինչ պետք ա` ինձ ասեք,- Դավիթը դողացող մատ-ներով սրբեց խոնավացող ճակատը: - Բավականին ուշացած դեպք է: Դուք պետք է մայրա-քաղաք գնաք, Քանաքեռ` Ուռուցքաբանական կենտրոն: Գուցե՞ կարողանան Ձեզ օգնել: - Դավիթը հենվեց գրասեղանին, սակայն կանգնել չկարո-ղացավ: Ոտքերը կարծես սեղանի շարունակությունը լինեին, իրենը չէին. - Ինձ ինչքա՞ն ա մնըմ… - Ես Աստված չեմ, ..… nos Domini canes… - Ամեն դեպքում` ինչքա՞ն… Բժիշկը դանդաղ դուրս եկավ գրասեղանի ետևից և մոտե-ցավ պատուհանին. - Մոտ` կես տարի, գուցե`մի քիչ ավելի, բայց… Դավիթն արդեն միջանցքում էր: Ոտքերն անկառավարելի խարխափում էին` բախվելով աթոռների շարքին: Նրան երբեմն հաջողվում էր կառչել նրանց պլաստմասե իրաննե-րից և չընկնել: - Ձեզ էլ ճանապարհեցին,- ծերունին էր: Դավիթն արդեն մոռացել էր ծերունու գոյության մասին, եթե անտանելի գարշահոտը չլիներ: Նա արագացրեց քայլե-րը: Դեպի ելքը, դեպի օդը: Մարմինը մածուծիկ էր, ասես ծերունու գարշահոտով ներծծված: Զզվանքը փակել էր կերակրափողը: Ոտքերը սահում էին զառիթափով` սպառնալով տապալել գետնին: Ինչ-որ մարդիկ էին հավաքվել, փսփսում էին: - Ուշաթափվել էիք,- մի երիտասարդ կին է:- Ձեր հեռա-խոսից ենք օգտվել, “Շտապօգնություն ենք կանչել” ու Մանա-նին: Ասավ` Ձեր կինն ա… Դավիթը նստեց տեղում: Զառիթափի ստորոտում է: Երանի ուշքի չգար:

XI 27


Դեկտեմբերի վերջն է: Մանանն անտարբեր չէ, բայց առանձնապես սրտացավ էլ չէ, և դա զայրացնում է. - Էսա նոր տարի ա: Էսօր վեջի սիստեմդ կմիացնեն, ու վերջ: “Վերջ ինչի՞ն… Քանի՞ ամիս մնաց”: Գլուխը գրեթե չի ցավում: Ժամանակավոր է: Անսպասելի մտաբերեց բժշկի աշխորոշումն ու չմոռանա-լու համար`որոշեց գրի առնել: “Նոսդոմինիկանես” գրեց թղթի կտորի վրա ու դրեց անձնագրի մեջ: Դավիթն անտրտունջ տանում էր Մանանի բոլոր քմահաճույքները` դեղերը, ներարկումները, բժիշկները… “Հետո ջանին դարդ չըլի”: - Ի՜նչ արևոտ ձմեռ ա: Հիշը՞մ ես, երկրաշարժի տարին էլ էր ըսենց,- Մանանը նախապատրաստվում էր բուժքրոջ այցելությանը: Դավիթը չէր արձագանքում: - Տենաս էդ մի միլիոն դոլարը իսկականից կտա՞ն,- Մանանը նորից խոսեց: - Ի՞նչ միլիոն: - Դե էն դոմիկի սպանությունների հետ կապված, որ խոս-տացել են էլի:- Կինն ընդհատեց գործն ու շրջվեց իր կողմը:- Չես իմացե՞լ: Սաղ օրը տելեվիզրն ասըմ ա: Իհարկե, իհարկե…Դավիթն սկսեց մտաբերել իր համար որևէ կարևորություն չունեցող այդ հայտարարությունը: Նա անսովոր մի խլրտոց զգաց կրծքի տակ: Մատներով բռնեց զարկերակը: Չէ, ամեն բան կարծես կարգին է: Սակայն սիրտը շարունակում էր թպրտալ, ասես անտեսանելի վանդակի կողերին բախվելով: - Ես գնամ պառկեմ,- ասաց նա` թաքցնելով վերահաս հուզմունքը: - Հա, գնա, էսա Արմիկն էլ կգա: Ադրենալինի հոսքը գնալով ուժգնանում էր, և բների մեջ խաղացող աչքերը կարծես պատրաստվում էին դուրս պրծնել: Ուղեղն աշխատում էր արագ` գծագրելով հետագա 28


իրադարձությունների հաջորդականությունը, որ պիտի աներ մեռնող հայրն ու ամուսինը: Ուրեմն` միլիոնը կարող է իրենը լինել` Մանանինն ու զավակներինը: Մնում էր ծրագրել` ինչպես: - Բարև, մեր հիվանդ,- Արմիկն էր`հարևանուհին, որ հիվանդանոցի վիրահատարանի բուժքույրն էր: Դավիթը թեքվեց և պատրաստվեց նստել: - Չէ, չէ, վեր մի կենա: Էնա սիստեմդ միացնեմ, գնամ:- Արմիկը գործնական տեսքով առաջ եկավ:- Էսա նոր տարի ա, հլա ոչ մի բան չենք առել: - Իիի՜, էն ով ա առել, որ…,- արձագանքեց Մանանը:- Ես կոֆի դնեմ, դու գործդ արա: Արագիլի նման մի ոտքի վրա` հագուստի հին, շարժական կախիչ էր` տեղ-տեղ լաքը թափած փայտից: Մանանն էր վաղուց գտել փլված շենքերից մեկի մոտերքում` անտեր-անտիրական ու տուն էր բերել: Պետք եկավ: Հիմա էլ որպես կախիչ իր “սիստեմների” համար է ծառայում: Դավիթն անհանգիստ նայում էր կաթոցիկի ասես չհոսող հեղուկին և նյարդայնանում էր: Ժամանակը զրոական կոշտություն ունեցող զսպանակի պես ձգվում էր ու չէր ձգվում: Մերթ ընդ մերթ հարևան սենյակից Արմիկը գալիս և ստուգում էր կաթոցիկի պարունակությունը, հետո նորից վերադառնում էր` Մանանի հետ իրենց անհատնում զրույց-ներին: - Էսօր ոնց որ շատ ես վռազ, այ Դավիթ: Էսա կպրծնի, մի տաս րոպե էլ սպասի: Չէ, չափազանց ակնհայտ է շտապում: Սպասել այդպես էլ չսովորեց: Վերջապես Արմիկը մասնագիտական անփութությամբ դուրս քաշեց կաթոցիկի ասեղն ու բամբակի կտորով սեղմելով`թևն արմունկի մոտ ծալեց. - Ես էլ պրծա, դու էլ: - Ապրես,քիրա ջան,- խոսքերն անթաքույց տխուր հնչեցին: - Ապրեմ, բա չապրեմ: Սաղս էլ ապրենք: Պրծար:- Արմիկն ինչ-որ սրվակներ ու փաթեթներ հավաքեց և սենյակից դուրս եկավ:

29


Դավիթն արդեն վճռել էր անելիքը, հրեշավոր և միաժա-մանակ հրաշալի լուծում, որ և՛ պարգև, և՛ հատուցում պիտի լիներ իր համար: Մտածեց, որ կյանքն իրոք զարմանալի և զավեշտական մի ներկայացում է, ուր հերոսներին անտրամաբանական հնարավորություն է տրվում երջանիկ լինելու` պարզապես ար-դեն իսկ դեր ունենալու համար, թեկուզև` մահապարտի: Վաղը Դավիթը պիտի պատրաստեր նոր դերասանի բեմելը: Վարագույրի ետևում Սաշոն էր:

XII

Ամանորի հաճելի սպասում, որ զուգորդվում էր մանկությունից մնացած մանդարինի բույրի հետ: Անկապ ելք ու մուտք, եկողգնացող, և ոչ մի հաճելի բան: Դավիթը օղի վերցրեց ու դուրս եկավ: - Գլուխդ ծածկի, շատ չխմես,- ետևից ձայնեց Մանանը:- Շուտ կգաս, էսօր գերեզմանների օր ա: Դավիթը միայն հեգնախառն ժպտաց ու դուռը ծածկեց: Օղին ծոցը դրեց: Չգիտես ինչու, չէր ուզում` որևէ մեկը տեսներ: Ահա և առանձնատների արանքում ծվարած “երկրա-շարժը”: Դարպասը փակող մետաղալարն արձակված էր: Միայն մի ծխնիին ապավինած դուռը հաշմանդամի նման հենվել էր մի ոտքի վրա: Մտավ ու անհաստատ թակեց վագոն-տնակի դուռը: Արձագանք չեղավ: - Սաշո… Ինչ-որ բան ստիպեց թեքել գլուխը: Բակի կողմից, ուր նախկինում այգին ու բանջարանոցն էին, նրան էին նայում: Սաշոն էր: Հնամաշ ձմեռային բաճկոնի 30


անբնական երկար թևքերը կախվել էին բահի կոթի վրա` ծածկելով ձեռքերը: Դավիթը շփոթվեց: Նա դանդաղ իջավ սանդուղքի տեղ ծառայող քարերի վրայից և գնաց դեպի տանտերը. - Բարև Սաշո…ապեր…ո՞նց ես… Սաշոն չպատասխանեց: Միայն կեղտոտ թևքով տրորեց աչքերն ու մեջքով շրջվեց: Քայլեց դեպի բակի խորքը և բահը գործի դնելով` սկսեց կարգի բերել հավանաբար հենց նոր պատրաստած մի փոքրիկ հողաթումբ: Դավիթն անխոս հետևեց նրան: Հետո Սաշոն մի կիսատաշ քարի կտոր հարմարեցրեց հողաթմբի ծայրին ու նստեց: Դավիթը նույնն արեց: - Շունս սատկեց, թաղեցի,- արտաբերեց տանտերը: Դավիթը մի ուրիշ կիսատաշ քար էլ նկատեց նորաշեն հողաթմբի կողքին, որ ի տարբերություն բարձիթողի շրջապատի`իրենով զարմանալիորեն խնամված ու մաքուր մի փոքրիկ տարածք էր եզրափակում: Սաշոն որսաց նրա հարցական հայացքը. - Մերս ա… - Ո՞նց…,- դուրս թռավ բերանից: - Երկրաշարժին, որ մեռավ, էնա կրավաթի պակրիվալի մեջ փթաթած էլ թաղեցի: Դավիթը ապուշի նման միայն աչքերը թարթեց: Ամո՞թ էր զգում, թե՞ անպատճառ մեղքի զգացում, հասկանալի չէր: Նա, կարծես արդարանալու համար, հարցրեց. - Ես գիտեի` գերեզմաններն ես տարել: - Ի՞նչ տարբերություն: Սաշոն դանդաղ վեր կացավ և քայլեց դեպի իր կացարանը: Հետո շպրտեց բահը և բացելով տնակի դուռն` ասաց. - Ներս արի, գիտեի, որ գալու ես: Դավիթը դարձյալ շփոթվեց, սակայն գլխիկոր հետևեց հրավերին: Նա փորձում էր վերծանել Սաշոյի բառերը, երբ տանտերը շարունակեց. - Մի էրկու ամիս առաջ էկա, տենամ` վառոտը բաց ա, պրովուլկեն քանդած, ասի` դու կըլես: 31


Դավիթը դեռ չէր խոսում: Նա վերարկուի ծոցագրպանից խնամքով հանեց տաքացած օղու շիշն ու դրեց սեղանին: - Արի խմենք, նոր տարի ա… Սաշոն, իր երբևէ կահույք եղած կահ-կարասուց սկսեց ինչ-որ բաներ պեղել: Սեղանին հաց ու երշիկ դրեց և մի ափսե խառը թթու. - Ես եմ դրել: Դավիթը լցրեց բաժակներն ու պապանձվեց: Բաժակն այդ-պես էլ օդում մնաց. դուռը թակիցին: Սաշոն զարմացած մեկ Դավթին, մեկ դռանը նայելով` ոտքի ելավ ու բացեց անփակ դուռը: Գոռն էր: Դավիթը բաժակը ցած դրեց ու բնազդաբար ոտքի կանգ-նեց: Գոռը ենթադրյալ փալասի վրա երկար մաքրեց կոշիկները, հետո մտնելով` ուսերը թափ տվեց. - Ձուն ա մաղըմ… Նա անկոչ առաջ եկավ և նստեց ամենամոտ աթոռին` Սա-շոյի տեղը: Տանտերը կարծես ուշքի եկավ. - Ես պեչկը վառեմ: Դավիթը միայն հիմա նկատեց, որ տնակում բավականին ցուրտ է: Նա ոտնաթաթերի վրա նստեց տանտիրոջ կողքին և սկսեց վառարանի մոտ շարված ստվարաթղթե ծալված արկ-ղերը մասնատել: Երբ վառարանը բոցկլտաց, Սաշոն ձեռքերը ծխատար խողովակից պոկելով` մոտեցավ սեղանին: - Դավո, էն տմբուշկիցը մի բաժակ էլ հանի: Իրեք աթոռ չունեմ, էկեք սեղանը կրավաթի մոտ քաշենք: Հետո նա պտտեց առաստաղից կախված մգլապատ լամ-պը, և լույսն ու ջերմությունը խաղաղության նման մի բան սարքեցին տնակի ներսում: Հանկարծ Գոռը վեր կացավ ու գնաց դուրս: - Մաշինի միջին էի մոռացել,- վերադառնալով` ասաց նա: Սեղանին խմիչք, շոկոլադ, միգեր և մի քանի բնական հյութ դրեց ու զվարթացած մոտեցրեց աթոռը: - Դե, բարով տեսանք,- Սաշոն բարձրացրեց բաժակը: 32


Լռությունը ճանճերի անձայն պարսի նման կախվեց լամպի տակ և պարպեց դառը օղու բաժակները: Զանգի ձայնը խախտեց ծանրացող լռությունը: Դավիթը ոտքի ելավ. - Մանանն ա, մոռացել էի, ուշ ա, գերեզմաններն ենք գնալու,- նա կարծես ուրախ էր հեռանալու համար:- Դե, ես գնամ: Լավ մնաք: Գոռը մնաց վագոն-տնակի դռների մեջ, իսկ Սաշոն ճանապարհեց մինչև բակի անմխիթար դարպասը: Նրանք անխոս հրաժեշտ տվեցին իրար ու բաժանվեցին: Ձյունն արդեն չէր մաղում: Նրա թաց ու խոշոր փաթիլները դեկորատիվ վարագույրի նման ապարդյուն փորձում էին ծածկել սկսվող այդ մի նոր տարվա գորշությունը ևս: Վերևից նայողի համար երկիրը նմանվում էր շախմատի տախտակի` սև ու սպիտակ, ուր արտադրողի խոտանը խախտել էր գծերի ու պատկերների ներդաշնակ համաչափությունը: Սպիտակը ցավեցնում էր աչքերը, գորշը` հոգին:

XIII

Անվերջանալի հարցաքննություններն անտանելի էին դառնում: Երբեմն Դավիթն ու Սաշոն հանդիպում էին փողո-ցում կամ ինչ-որ հաստատությունների միջանցքներում, ուր Սաշոն ներկայանում էր, հավանաբար, պարտադրված: Գոռն էր քիթը մտցնում` ուր պետք չէր: Նա պատեհ-անպատեհ հյուր էր գալիս, նստում, ինչ-որ անկարևոր բաներից խոսում: Դավթի չորությունը նրան կարծես չէր վանում: Մանանն էր անհարմար զգում: Գոռի հեռանալուց հետո անպայման վեճ էր սարքում, դաստիարակությունից ու կուլտուրայից խոսում: Դավիթն զգում էր, որ գնալով ավելի է ատում մանկության ընկերոջը, և դա նույնիսկ դուր էր գալիս: Զայրույթն ու 33


արհամարհանքը նրան կարծես ուժ էին տալիս ապրելու, և նա դեռ չէր մեռնում: Փետրվարն է: Մինչև հիմա ոչինչ չի արել: Չէ որ հենց վաղն էլ կարող է մեռնել: Գլուխը նորից ցավում է` անվերջ ու անդադար: Ցավազրկողները թաքուն է խմում, տանը ոչինչ չգիտեն: Այդպես շարունակել չի կարելի: Պիտի խոսի Սաշոյի հետ` անպայման, հենց հիմա, հենց հիմա… Միևնույն է, սպասեց` մութն ընկնի: Գողի նման շուրջը նայելով` հասավ դարպասի հաշմված դռանն ու հրեց այն: Դուռն անսպասելի տապալվեց գետնին: Դավիթը ցնցվեց և փորձեց բարձրացնել այն: - Թող մնա, էքուց կկպցնեմ, թող մնա,- Սաշոն էր` վագոն-տնակի մութ դռների մեջ կանգնած: Դավիթն ուղղեց մեջքն ու ասես մեղավոր ձեռքերը թաքցնելով` գնաց ձայնի ուղղությամբ: - Արի, ներս արի,- Սաշոն ներս մտավ: Դավիթը կանգնեց սանդուղքանման քարերի վրա և փորձեց հարմարվել մթությանը: Ճռճռոցը, որ հավանաբար մետաղի ու պլաստմասի շփումից էր առաջացել, Դավթին հուշեց. “Սաշոն առաստաղից կախված լամպն ա պտտըմ”: Եղիցի լույս: Մահճակալի վրայի ետ գցած քուրքը և հանգած վառարա-նը հուշեցին ասելիքը. - Արդեն պառկել էի՞ր… Սաշոն չպատասխանեց: Նա կռացավ և սկսեց վառարանի միջի մոխիրը դուրս տալ: Դավիթը մեխանիկորեն չոքեց կողքին ու փորձեց արդեն ծանոթ ստվարաթղթե արկղերը պատառոտել: - Հերիք ա, լավ ա,- Սաշոն ափը դրեց հյուրի ձեռքին: Դավիթը ոտքի ելավ և հենց այնպես սկսեց տնակի պատերին փակցրած խայտաբղետ նկարներին նայել: Սաշոյի լուսանկարներն էին` զինվորական հագուստով, մաշված և անհամատեղելի սպիտակ սպորտային կոշիկներով, ինքնաձիգը` ուսին: Դավիթն ակամա նրան համեմատեց Ստալոնեի հանրահայտ հերոսի հետ: Դա մի ուրիշ Սաշո էր, օտար և ուժեղ: Նրա արևախանձ, մազածածկ դեմքի վրա փայլող ատամները խոսում էին դրանց տիրոջ երջանիկ լինելու 34


մասին, ինչը Դավիթը չէր կարողանում համատեղել պատերազմի, ցավի և մահվան մշտական առկայության հետ: - Գիտե՞ս, ես մինչև հըմի չեմ հասկանըմ, թե դու ո՞նց գնացիր կռիվ, հետն էլ` կամավոր,- չկարողացավ չասել: Սաշոն նստել էր սեղանի մոտ ու ծխում էր. - Դու ինչ գիտես` ովքեր են կռիվ գնըմ: - Դե, երևի ուժեղ, համարձակ, գիժ ու հայրենասեր մարդիկ,Դավիթը չմտածեց ու անմիջապես էլ ափսոսաց ասածի համար: - Ճիշտ ա… Բայց …իմ նմաններն էլ են գնըմ,- Սաշոն քմծիծաղ տվեց: Դավիթը չհասկացավ, սակայն շարունակել չցանկացավ: Նա, ինչպես պատկերասրահում, զննելով պատի քրքրված պաստառի արանքներից իրեն նայող պատերազմի լուսավոր պատկերները, հասավ սեղանին: Նստեց, իրար մեջ հագցրած մատները դրեց հավանաբար նախկինում ճաշարանի գույք եղած սեղանին ու աչքերը կախեց: - Ասա, Դավո,- Սաշոյի հայացքը հաստատակամ էր և անչար: Դավիթը չգիտեր` ինչից սկսեր: Կարծես խոստովարանում լիներ: Հանկարծ հասկացավ, որ անզոր է որևէ բան ասելու: - Կուզե՞ս մի- մի բաժակ բան խմենք,- Սաշոն ափը նորից դրեց ընկերոջ իրար մեջ մխրճված ձեռքերին: Պատասխանի չսպասելով` նա օղու շիշ ու բաժակներ դրեց սեղանին ու դարձյալ նստեց: - Մոռացա թթու էլ հանեմ,- Սաշոն փորձեց վեր կենալ: Դավիթը չթողեց. - Նստի: Սաշոն կիսաթեք մնաց աթոռին ու սպասեց: - Էն դոմիկի սպանությունների մասին եմ ուզըմ խոսանք: Սաշոն չարձագանքեց: - Գիտես, չէ՞, որ ահագին փող են խոստացել սպանողի մասին տեղեկություններ հայտնողին,վերջին բառերը Դավիթը պարզապես կրկնեց` ցիտելով հեռուստատեսային հայտարարության տեքստը: Սաշոն անհանգիստ պտտվեց տեղում:

35


Դավիթն այլևս նստած մնալ չկարողացավ: Նա սկսեց ետ ու առաջ քայլել տնակի նեղության մեջ, հետո անսպասելի կանգ առավ և ակնդետ նայելով շվարած ընկերոջը` ասաց. - Դու կգնաս կասես, որ ես եմ սպանել: Ուժասպառ էր ու կարծես փլվեց աթոռին: Այս անգամ կանգնողը Սաշոն էր: Հավանաբար ապշած էր և չգիտեր` ինչ պատասխաներ: Նա ևս պտտվեց վագոն-տնա-կի մակերեսի սահմանափակության մեջ և հանկարծ ոտքի ուժգին մի հարվածով բացեց դուռը: Կանգնեց դռան մութ բացվածքի մեջ ու վեր նայեց. - Գիտե՞ս, տարվա էս եղանակին Շների համաստեղու-թյունը չի էրևըմ: Դավիթն ուշադիր նայեց տանտիրոջն ու մտաբերեց մանկության հազարավոր գիշերներից այն մեկը, երբ դեզի գլխին երեքով պառկած տիեզերքի անսահմանության մեջ փնտրում էին Մեծ և Փոքր շների համաստեղությունները: Գիշերները լի էին երջանկության սպասումով և պայծառ, ինչպես երկնքի ամենապայծառ աստղը` Սիրիուսը, որն իրականում երեք տարբեր աստղերի միասնություն էր:

XIV

Սաշոն ավարտել էր իր շրջայցը բոլոր խանութներով և հիմա ծալում էր ստվարաթղթե արկղերի հերթական խմբաքանակը: Դավթի երեկվա այցելությունը նրան հավանաբար խորապես հուզել էր: Ձեռքերը դողում էին, ամբողջ օրը խոսում էր քթի տակ, կարծես կռիվ էր տալիս աներևույթ մեկի հետ և չէր կարողանում վերջակետ դնել: Երկար նստելուց հետո, նա վերջապես ծանր վեր կացավ, մահճակալի տակից դուրս քաշեց բաց դարչնագույն մի հնօրյա ճամպրուկ և բացելով` սկսեց տնտղել խնամքով դարսված 36


հագուստը: Ընտրությունն առանձնապես մեծ չէր, և մահճակալի վրա մի հաստ վերնաշապիկ ու տաբատ փռե-լով` նստեց սափրվելու: Տնից դուրս գալուց առաջ ջարդված հայելու եռանկյունաձև կտորի մեջ մի անգամ էլ իրեն նայեց ու ծածկեց դուռը: Թվում էր` և՛ փողոցում, և՛ երթուղայինի մեջ բոլորն ուշա-դիր իրեն էին նայում: Սաշոն զգում էր, որ կարմրում է և զղջում էր սափրվելու համար: Նորակառույց թաղամասի տներն անդեմ էին և իրար նման: Ստիպված էր հարցնել: Դուռը մի աղջնակ բացեց, երկար իրեն նայեց ու ասաց. - Փող չունենք: - Պապան տանն ա՞… Աղջիկը շփոթվեց. - Մամ, այ մամ, հլա արի, պապային են ուզըմ: Խմորոտ ձեռքերով մի կին մոտեցավ և կկոցելով աչքերը` հարցրեց. - Ի՞նչ ա էղել… - Դավթին եմ ուզում,- հայացքը կախելով` խոսեց եկվորը և զգալով կնոջ հարցաքննող հայացքը` շարունակեց,- Սաշոն եմ` իրանց դասարանի Սաշոն: Նա հոգոց հանեց և հենվեց մի ոտքի վրա: Կինը երևի ինչ-որ բան մտաբերեց և աղջնակին դռնից ներս քաշելով` պատասխանեց. - Դավիթը տանը չի: - Կարա՞մ քեզ հետ էրկու բան խոսամ, քիրա ջան: Կինը թոթվեց ուսերն ու տարակուսած ետ-ետ գնաց, ինչը որպես հրավեր հասկացվեց: - Ես հացի խմոր եմ անըմ, եթե դժվար չի, արի կուխնի գնանք: Սաշոն ոտնաթաթերի վրա հետևեց նրան: - Անունդ Մանան ա , չէ՞,- հարցրեց` նստելով խոհանոցի անթիկնակ աթոռներից մեկի վրա: - Հա՞… - Դու մի քանի դասարան մեզանից պուճուր էիր:

37


Կինը տաշտի միջից հանեց ձեռքերն ու ուղղեց մեջքը: Նա ճանաչեց քաղաքի հրապարակի անկյունում մշտապես նստած մուրացիկին ու վատ զգաց: Մանան արագ լվաց ձեռքերը և սրբիչով խմորը ծածկելուց հետո` նստեց խոհանոցի մյուս ծայրին: - Դավթի հետ ի՞նչ ունես,- նա հարցրեց զգուշավոր` ձգտելով մեղմել ձայնի մեջ հնչող անթաքույց տհաճությունը: - Դավթին էս վերջերս շուտ-շուտ եմ տենըմ: Ինքը բան չի ասըմ, համա ես տենըմ եմ… հո հիվա՞նդ չի… Մանանն աչքերը չռած լսում էր հյուրին և չգիտեր`ինչ պատասխաներ: Խոհանոցի բաց դռնից անսպասելի ներս մտավ տանտերն, ու նստածներն անակնկալից ոտքի կանգնեցին: - Սաշո՞… էս ի՞նչ բանի ես… Մանանին կարծես առիթ էր պետք և նա շտապեց դուրս գալ: Դավիթը Մանանի աթոռը մոտեցրեց ու կրկնեց հարցը: - Հեչ, քեզ էի ուզըմ տենամ: - Գնանք դուրս: Դավիթը բացեց դեպի ետնաբակ տանող դուռը, հետո սթափվեց: - Ցուրտ ա, էս ինչ անը՞մ… Նստի: Մանան, աղջի, որտե՞ղ ես: Կինը, ձեռքերը գոգնոցով սրբելով, վերադարձավ. - Հա, Դավիթ ջան: - Հաց-մաց դիր, ուտենք: - Չէ-չէ, ես կերած եմ, ես գնամ,- Սաշոն ոտքի ելավ և շարժվեց դեպի դուռը: Դավիթը հասավ և թևից բռնեց. - Հացս չես ուզըմ կտրե՞ս… Հո քաքակեր շուն չեմ: Սաշոն թևաթափ կանգ առավ: Երբ Մանանն աղջիկների հետ սեղանն էր պատրաստում, Դավիթը նայեց Սաշոյի կողմն ու հարցրեց. - Հիշը՞մ ես Գոռոի պապին… - Խոչոյի՞ն: - Մի լավ խոսք ուներ… - Ասըմ էր` “Հաց ուտողի քաքը կուտվի, համա քաք ուտողի հացը չի ուտվիլ”: Կներես, սեղանի վրա… Ի պատասխան Դավիթը միայն ձեռքը թափ տվեց. 38


-Ապրե՜ս… Մինչև կեսգիշեր նստեցին: Խոսում էին ամեն ինչից և ոչնչից: Գիտեին, որ միևնույն է պիտի խոսեն, բայց … ուրիշ տեղ և մի ուրիշ անգամ: Սաշոյի ժպտացող աչքերը նայում էին դասընկերոջը, ով կողքին թերթում էր հավանաբար վաղուց չբացված նկարների դպրոցական ալբոմը և ինչ-որ մոռացված զվարճալի պատմություններ էր մտաբերում: Երեխաները քրքջում էին` հոր շալակը թռչելով, կամ կախվում էին վզից` ցուցամատով այս կամ այն նկարում իրենց հասակակից հորը գտնելով: Երբ հատուկ իր համար կանչված տաքսին իրեն տուն էր տանում, Սաշոն ընդարմացած էր ու երջանիկ: Նա չէր էլ ուզում հիշել` երբ է այսքան երջանիկ եղել, կամ եղե՞լ է երբևէ:

XV

- Սաշո, ասա, իսկականի՞ց բան չես տեսել էդ օրը,- Գոռն ասես փորձում էր հայացքով հորատել հարցաքննվողի ճակատը: - Ես էդ վախտ ըտեղ չեմ էղել, շուտ էր մթնըմ, համ էլ արդեն ցուրտ էր,- արդարանում էր Սաշոն: - Իսկ զենք, հետդ պատերազմից զենք-մենք չես բերե՞լ: - Ընչի՞ս էր պետք: - Կարո՞ղ ա բերել ես` մոռացել ես, կամ մեկին ես տվել, հլա հիշի: - Ա, ինձանից ի՞նչ եք ուզըմ,- Սաշոն աթոռի վրա արդեն անհանգիստ շարժումներ էր անում:- Կարո՞ղ ա պտի բերեի, մեղքս էդ ա… Գոռը հասկացավ, որ չափն անցնում է. - Լավ, լավ, կներես: - Կարա՞մ գնամ,- Սաշոն անկյունում պատժված մանկան նման նայեց քննիչին: 39


- Թոշակ ստանը՞մ ես… - Ութ հազար դրամ,- հարցն այնքան անսպասելի էր, որ Սաշոն չհասցրեց մտածել: Գոռն անհարմար զգաց ու սեղանի ետևից վեր կացավ: Դեմքն ուզում էր թաքցնել, սակայն կտրուկ շրջվեց ու նորից հարցրեց. - իսկ “Երկրապահներ” կամ դրա նման ուրիշ ուրիշ կազմակերպություն… ոչ մի բան չեն տալի՞ս: Սաշոն ոտքի ելավ և արդեն ընթացքի մեջ` անտարբեր պատասխանեց. - Չգիտե՞ս, որ ուզողին են տալիս, ես ուզելու շնորհք չունեմ, համ էլ` ընչի՞ս ա պետք, փառք Աստծո: Գոռը Սաշոյին ճանապարհ դրեց մինչև դուռն ու վերադարձավ: Նա տարակուսած նայում էր ծածկված դռանն ու փորձում էր լսածը հասկանալ: Ցուրտ էր, մի տեսակ անդուր, խոնավ ցուրտ: Սաշոն հասավ իր “նստավայրը”, մի ոտքից մյուսի վրա հենվելով` երկար շուրջը նայեց, հետո երևի միտքը փոխեց և քայլեց տան ուղղությամբ: Դավթին հեռվից նկատեց: Նա ինչ-որ պարկ էր քարշ տալիս: Սաշոն արագացրեց քայլերն ու բռնեց պարկի մյուս ծայրից. - Էս ի՞նչ ա: - Հեչ, կարտոլ ա, Մանանն ա ուղարկել: Ասավ, որ եթե վեր չունի, տուն չգաս,- արդարացավ Դավիթը: Սաշոն հանկարծ պարկը ցած դրեց ու ետ դարձավ. - Էսա, էսա կգամ, մոռացա հաց առնեմ: Վառարանն այրվում էր: - Փետի կրակն ուրիշ ա էլի,- Դավիթն աթոռը քաշեց վառարանի մոտ ու երանությամբ ոտքերը ձգեց: - Էս փետը պահել էի, ըսօրվանից լավ օր հո չէի վառելու: Կուզե՞ս պլեճ անենք: Գործի անցան ու նորից մոտեցան վառարանին: - Աշխարհըմ սրանի համով բան կա՞,- հաճույքով բերանը սրբելով` ձգեց Դավիթը,- կարտոլի պլեճ ու կիսահաս դեղին պամիդորի թթու… - …ու լավ արաղ: Տաքին չեմ դիմանըմ, խամով եմ ընկել,- Սաշոն վեր կացավ ու գնաց դեպի “ճաշարանի” սեղանը: 40


Դավիթը հետևեց նրան: Սեղանի վերևում, պատին փակցրած նկարներն ուրիշ էին: Դավիթն այդ նկարներն առաջին անգամ էր տեսնում: Ինչ-որ ամսագրերից պոկված նկարազարդ հոդվածներ էին: - Էս ի՞նչ ա, շան գլխով մարդ ա՞… - Սուրբ ա, սուրբ Քրիստափորն ա` շնագլուխ: - Չէ հա, էդ ինչ սարսաղ բաներ ես ասըմ, մի աննորմալ կըլի հնարած: - Չէ, կողքին գրած ա, կարդա: Վախտին մեր հետ շնա-գլուխներ էլ են ապրել: - Ու դու հավատը՞մ ես… Դադարը երկարեց` վերածվելով լռության: Դավիթն ակնհայտ ձևացնում էր, թե կարդում է պատին կպցրած, յուղաբծերով ծածկված ու մի կերպ ընթեռնելի հոդվածը: Սաշոն ծխում էր, ծխի քուլաներով օդում օղակներ էր սարքում ու հաշվում էր, թե քանիսը ստացվեցին: Վերջապես, հերթական օղակի հետ առաստաղին նայե-լով` Սաշոն հարցրեց. - Ուզըմ ես բերդ նստացնե՞ն… Դավիթը կարծես սպասում էր: Նա, հայացքը պատից չկտրելով, պատասխանեց. - Կարևոր չի… Ինձ փող ա պետք, պարտքերս… - Գիտե՞ս, չէ՞, որ ցմահ են տալիս, մահապատիժը հանել են: - Դու որտեղի՞ց գիտես:- Դավիթն ափսոսաց ասածի հա-մար և դեմքով շրջվելով Սաշոյի կողմը` արտասանեց:- Կներես, մեջս մարդկություն չի մնացել: Սաշոն վեր կացավ և քայլեց դեպի մարող վառարանը. - Ես սովոր եմ: Դավիթն ավելի վատ զգաց: Նա ձեռքը գցեց վերարկուին և շտապեց դուրս գալ: Սակայն Սաշոն կանգնեցրեց: Ընկերոջ թևքից բռնելով` ստիպեց նստել. - Նստի ու ամեն բան պատմի, թե չէ էս էրկու ամիս ա տունիկտունիկ ես խաղացնըմ: Դավիթն անակնկալի եկած` նստեց: Նա առաջին անգամն էր զգում Սաշոյի բազուկների ուժը: Մինչ շարունակում էր զարմանալ, 41


Սաշոն օղի լցրեց, դրեց ընկերոջ ենթարկվող ձեռքերի մեջ և հատու արտաբերեց. - Խմի ու հանգիստ պատմի: Դավիթը հասկացավ, որ նահանջելու տեղ չունի: Նա խոսեց պարտքերի, անբուժելի հիվանդության, ընտանիքի ճակատագրի և շատ այլ բաների մասին, սակայն չասաց գլխավորը… - Ուրեմը` սպանողը դու չես,- կիսահարցական շեշտադրումով ընդհատեց Սաշոն և նայեց աչքերի մեջ: - Չէ,- անտարբեր պատասխանեց Դավիթն ու գլուխը թեքեց դեպի շնագլուխ սուրբը: - Լավ,- Սաշոն կարծես հեշտությամբ համաձայնեց,- ես ամեն ինչ կանեմ, ոնց կասես: Բայց թե` զենք կա, բան կա, դրա տեղը պտի իմանամ… - Զենքի հըմար խոսըմ են, թե մթամ Մալոյի պուճախի աղբանոցմ են տեհել: Սաշոն չէր արձագանքում: - Ես քեզ ամեն բան կասեմ, մենակ, խնդրըմ եմ, էլ ոչ մի բան մի հարցրա,- բառերը մի կերպ էին դուրս գալիս, ասես սոսնձվել էին լեզվին:- Ես քշերով կգամ, ոչ ոք էլ մեզ իրար հետ թող չտենա: Էդ փողը քեզ էլ ա պետք, դու էս երկրի հըմար արյուն չե՞ս թափել… Գիշերը սպունգի նման ներծծել էր քաղաքի բոլոր գույները` թողնելով միայն սևը: Տեղ-տեղ առկայծող լույսերը, որ կարծես միայն այդ համապարփակ սևությունն ընդգծելու համար էին վառվում, փարոսների նման ուղղորդում էին Դավթին դեպի տուն, դեպի հանգրվան: Նա քայլում էր թեթև ու անցավ: Թվում էր` երկիրն այդ պահին անջատել է իր ունայն ու ջլատող ձգողականությունը: Եթե միայն թևեր ունենար, կամ թռչող կաշիկներ… “Սաշոն ընչի՞ զենքի տեղը հարցրեց, էնա, որ բռնեին` ես կասեի”: Գիշերը նրան նորից պոկեց երկրային ձգողական մտքերից ու տարավ հեռու:

XVI

42


Գարունն արդեն գարնան նման է: Տաք է: Մեկ-մեկ սարերից իջնող քամին է հիշեցնում հեռացող օրերի սարսուռը: Մազարմատները պրկվում են` կենդանական բնազդով փորձելով դիմակայել աննյութական ցրտին, որ քամիներից զատ նաև ներսում է, թվում է` պաղող երակների դանդաղող հոսքի մեջ: Դավիթն ապրում էր միայն սովորության ուժով, որովհետև ապրել էր երեկ, նախորդ օրը, տարիներ առաջ… Նա սպասում էր: Երբեմն թվում էր` Սաշոն ետ է կանգնել իրենց պայմանավորվածությունից: Ամեն անգամ ասում էր` այս շաբաթ անպայման: Դավիթն զգում էր, որ այլևս համբերելու ուժ չունի: Օրերի մշտնջենական աղմուկի մեջ լարված լսողությունը փորձում էր որսալ անսովորը, պատկերացնում էր դռան այն թակոցը, որ վերջակետ էր դնելու արդեն անցյալ դարձած ասածին ու չասածին, արածին ու չարածին, ապրածին: Մանանն զգուշավոր հետևում էր ամուսնու խորհրդավոր տառապանքին` վերագրելով պարտքի հսկայական բեռին և այն վերադարձնելու անհնարինությանը: - Չգիտեմ, անվանափոխություն կանենք, քիրս կօգնի: Մի քիչ լավանաս` խոպան կգնաս: Ի՞նչ ես մտքերիդ հետևից ընկել, հալվել ես, մաշվել: Բերանդ բաց չի ըլըմ,- Մանանը չդիմացավ և արտասվեց: Դավիթն ի պատասխան քթի տակ փնթփնթաց, դես ու դեն տվեց խոհանոցի աթոռներն ու դուրս եկավ. “Չէ, էսօր Սաշոն ձեռիցս չի պրծնի… Ասա` էշ, հայվան, հույսդ Սաշոյի վրա դնելու՞ էր, որ դրեցիր”: Թաքնվելու մասին չէր էլ մտածում: Զայրույթը քայլերը դարձնում էր հատու, ջղային: Դարպասի մետաղալարը փաթաթված էր: Արձակեց ու ներս մտավ: Տնակի դուռը, սովորականի պես, փակ չէր: Ներսում մի տեսակ ամայություն էր, դատարկություն, չնայած, Դավիթը հասկացավ, որ ամեն բան իր տեղում է: Գրեթե ամենօրյա այցելությունները ենթագիտակցական հիշողության մեջ արտատպել էին վագոն-տնակի պարունակությունը` իրերի անփոփոխ դասավորությամբ: 43


Նա կռացավ ու բացեց վառարանի դռնակը: Մոխիր չկար: Չկային նաև ստվարաթղթե արկղերը: Երկու օր առաջ Սաշոն վառարանը դեռ վառում էր, ձվածեղ կամ կարտոֆիլ էր պատրաստում: Սիրտն սկսեց անհանգիստ բաբախել. “Գնացել ա…”: Դավիթը համարյա վազքով ետ դարձավ: Հրապարակի անկյունը ևս դատարկ էր: Սաշոն չկար ու չկար: Տուն հասավ: Ինքն իր հետ խոսելով` սկսեց պահարանից ինչ-որ բաներ դուրս տալ` արտահագուստ, ներքնաշորեր, գուլպաներ, սափրվելու պարագաներ: Չգիտեր`էլ ինչ վերցներ, կամ կթողնե՞ն այդ բոլորը վերցնել: - Ու՞ր ա, մենք մի սպարտիվնի սումկա ունեինք, ու՞ր ա… Մանանը սարսափած նայում էր կարծես օտար այդ մարդուն, որ ամուսնու կերպարանքի մեջ մտած դիվահարի պես դեսուդեն էր վազում: Դավիթը անգիտակցորեն, զուտ ռեֆլեկտոր մակարդակով խուսափում էր կնոջ աչքերից, նա վախենում էր կանգ առնել, կորցնել թափը, թուլանալ և, ով գիտի, գուցե` արտասվել: - Դավիթ, Դավիթ, հե-րի-քա, կանգնի,- Մանանը գոռում էր: Նա կառչել էր ամուսնու դաստակներից և անհավանական մի կարողությամբ նրան պահում էր տեղում: Դավիթը չէր լսում: Մանանն իր վրա գոռալ չի կարող, ընդունակ չէ: Օտար մեկն է, գժվում է: Կինը գերբնական մի ուժով նրան հրեց բազմոցի վրա ու ձեռքից խլեց պայուսակը: - Դավւթ, ցավդ տանեմ, հանգստացի… Ով կարար պատկերացներ, որ Սաշոն… Դավիթն ուշքի էր գալիս. - Սաշոն ի՞նչ… - Բա չես իմացե՞լ: - Ի՞նչ, այ կնիկ, ի՞նչ…,-Դավիթը հևասպառ ցնցում էր կնոջ ուսերը: - Հանգստացի, խոստացի, որ կհանգստանաս… - Ասա, խոսք եմ տալի,- Դավիթը փորձում էր հավաքել իրեն: - Քիչ առաջ, որ տանը չէիր, միլիցայից էին էկել քեզ էին հարցնըմ… 44


Դավիթն անսպասելի խաղաղվեց, թուլացած հենվեց բազմոցին ու կախեց ձեռքերը. - Ի՞նչ, հմի ինձ են ման գալիս… - Չէ, ասին` էգուց առավոտը, տասին մոտ ներկայանաս “Ոստիկանության բաժին”, էրևանից հատուկ քննիչ ա գալու, ինչ ա անելու…,- Մանանն ուզում էր բառացի մտաբերել ոստիկանների ասածը: - Բա որ փախչե՞մ… - Դու խի՞ պտի փախչես, Սաշոն գնացել ա հանձնվել: Դավիթը ճիգ արեց թեքել գլուխը. - Սաշո՞ն ինչ կապ ունի… - Ո՞նց թե` ինչ կապ,- այս անգամ Մանանն էր զարմացել,- սաղ քաղաքը խոսըմ ա, դոմիկի սպանություններն իրա գործն ա… Դավիթը գունատ էր ու կարծես անմարմին: Նա այլևս չէր կարողանում անգամ շրթունքները բացել: Իսկ Մանանը դեռ խոսում էր. - Ախր էրկու օր առաջ էկավ, քեզանից էլի հարցուփորձ արավ, հիվանդությունիցդ հարցրեց: Քեզ բան չասի, ինքը խնդրեց` բան չասեմ… Կոպերն իրենք փակվեցին, և ձգողականության մշտական ներկայությունը նրան նախ թեքեց բազմոցի վրա, ապա` գլորեց հատակին: - Քոռանամ, Դավո…,- միայն ականջը հասցրեց լսել:

XVII

Հիվանդասենյակում է` անգույն ու անբույր` հակառակ: - Լավ ե՞ս,- տղամարդը կռացավ դեմքի վրա: Հայացքն աստիճանաբար կենտրոնացավ: 45

սպասվածին


- Գոռ, Գոռո՞, դու ե՞ս,- Դավիթը ոչինչ չէր զգում:- Ի՞նչ ա էղել: Բժիշկներն ասըմ են` գիտակցությունդ էիր կորցրել երկար ժամանակով: Մանանը միջանցքըմ ա, կանչեմ, մեղք ա: Դավիթը թեքվեց պատուհանի կողմը: Արևից երփներանգվող ծառի սաղարթը քսվում էր ապակուն: Սոսափը աներևույթ ձեռքի նման շոյում էր ապակու սառն ու թափանցիկ դեմքը և մնում էր անպատասխան: Մանանը հերարձակ էր, կարմրած աչքերով: Ներխուժեց ու ճանկելով հիվանդի ձեռքը`տարավ դեպի այրվող այտը: Դավիթն ինքն սկսեց այրվել: Պիտի որ մեռած լիներ, սակայն դեռ կենդանի է ու բոլորի կյանքն ուտում է: - Տեսնենք, տեսնենք,- մի քանի բուժաշխատող մտան հիվանդասենյակ: Մանանն ստիպված էր մի կողմ քաշվել: Կաթոցիկը նայեցին,աչքերի մեջ, ձեռքերը բարձրացրեցին, որ հետո դրանք թափով ցած ընկնեն, էլի ինչ-որ անիմաստ բաներ: Այնուհետև իրար հետ խոսելով` դուրս եկան: Մանանը շտապեց նրանց ետևից: - Սաղին վախացրել ես,- Գոռը մոտեցրեց աթոռն ու նստեց: - Երբվանի՞ց եմ պառկած: - Էրեգվանից: Իրիկունն ենք բերել: Մանանը զանգեց, էկա: Դավիթն ուզեց զարմանալ, բայց չկարողացավ: Մի՞թե այդքան հոգնած էր: - Դու հանգստացի, բան չկա: Բժիշկներն ասըմ են ուժեղ գերհոգնածության հետևանք ա, ուղեղի ցնցում էլ էիր տարել… Մի խոսքով` քեզ հանգիստ ա պետք, լավ սնունդ, բուժում: Մանանը վերադարձավ. - Լա՞վ ես, Դավ ջան,- նա արցունքների միջից ճիգ էր անում ժպտալ,- ցավդ տանեմ, էլ ըսենց չվախացնես: Որ Գոռը չգար` ես կմեռնեի… Դավիթն անկարող էր որևէ բան պատասխանել: Նա միայն փակեց աչքերն ու հուսաց, որ իրեն մենակ կթողնեն. “Ի՞նչ ա նշանակըմ “գերհոգնածություն”, ուղեղի ցնցում…ախր, մեռնըմ եմ… հերիք ա խաբեն ու իրար հետ փսփսան”: Դավիթը կտրուկ կողքի թեքվեց, այնպես, որ կաթոցիկի լարանման խողովակը իր կարճությամբ միաժամանակ ձգեց և՛ թևը, 46


և՛ հենասյունը, որից այն կախված էր: Հանկարծ, նա խողովակը պոկեց ձեռքի վրա ամրացված ծորականման հարմարանքից ու ետ շպրտեց: - Էլի՞…գժվեցի՞ր…,- Մանանը մի պահ առաջ վազեց, հետո հիվանդասենյակից նետվեց դուրս, հավանաբար` բժշկի ետևից: - Դավիթ, Դավ ջան, հանգստացի, փառք Աստծո, լավ ես, խի՞ ես ըթենց բաներ անըմ,- Գոռը կռացել էր մահճակալի վրա և փորձում էր փակել օդի մեջ անորոշ օրորվող կաթոցիկի փականը: Հիվանդը չէր խոսում: Նա անզոր նայում էր պատուհանը լպստող տերևներին և չէր պատկերացնում իր հետագա անելիքը: Ինչ-որ բան հիշելով` հանկարծ շրջվեց դեպի դասընկերը: Ուղիղ աչքերի մեջ նայելով` հարցրեց. - Սաշոն, Սաշոին ի՞նչ ա էղել… - Ի՞նչ ասեմ, գնացել ա ուղիղ դատախազություն, մեղայականով ներկայացել,- Գոռն անհանգիստ սկսեց քայլել սենյակում:- Չեմ հավատըմ, Սաշոն չէր կարա դրանց խփեր: Դավիթը սառել էր անկողնու մեջ: Նրա դալկացող դեմքը, կարծես, սպիտակեղենի շարունակությունը լիներ: Միայն ականջներն էին ինքնավար գոյությամբ որսում դասընկերոջ յուրաքանչյուր բառն ու մեխում գլխուղեղի անտակ հատակում: - Պատկերացնը՞մ ես, զենքն էլ էր տարել, մեշոկը, որ մեջիցը կրակել էր…Ժամով-բանով սաղ մանրամասն նկարագրել ա… Բա, ըթենց բաներ: “Է՛շ: Նա զենքի տեղն, ախր, իզուր չէր հարցնըմ, ո՞նց չհասկացա: Բայց ընչի՞, էդ հիմարն ընչի՞ ա վիզ վեկալել”: - Դու հավատը՞մ ես,- Գոռն իրեն էր հարցնում: Մանանը վերադարձավ բուժքրոջ հետ: Արմիկն էր. - Հլա տենամ` ինձ էլ չես լսելու՞… Ամոթ ա, եքա մարդ ես: Քամակդ բաց արա, ամոթ ա, տո… Դավիթն անխոս ենթարկվեց հարևանուհուն, և Արմիկը հեռացավ. - Էսա կհանգստանաս, կքնես: - Դե լավ, ես գնամ, իրիկունն էլի կգամ,- Գոռը ձեռքերը ծնկներին զարկելով`բարձրացավ աթոռից և քայլեց դեպի ելքը: - Մի քիչ էլ մնա,- բոլորի համար անսպասելի` Դավիթը կանչեց նրա ետևից: 47


Գոռը շփոթվեց, կարծես զարմացավ, սակայն ակնհայտ պատրաստականությամբ ետ դարձավ ու նորից նստեց: Մանանը հերթով նայեց տղամարդկանց` ինչ-որ բացատրության սպասելով, սակայն ոչինչ չստանալով` մի երկու հագուստ հավաքեց ու գնաց: - Սաշոն չէր կարա խփի,- Մանանի ետևից խոսեց Դավիթը: - Ես էլ եմ էդ ասըմ, բայց ո՞վ ա լսըմ: Իրանց բացահայտում էր պետք` քթել են`…փաստերով, զենքով, մանրամասներով… Դավթին թվում էր, թե իր ներսում, բռնցքամարտի հսկայական մի ռինգի մեջ երկու հոգի են կռվում` ինքն ու ինքը: Նրանք իրար չէին զիջում, հարվածներն ուժեղ էին ու ցավոտ: Ցավը, սակայն, մարմնական չէր, երևի դրա համար էլ անտանելի էր, հրեշավոր: - Մի էրկու ամիս առաջ էկավ, փող ուզեց, զարմացա, կյանքըմ էր բան ուզած: Ասավ` պարտքով, ասավ` դու կտաս,- շարունակեց Գոռն ու վեհերոտ Դավթին նայեց: - Ես կտա՞մ… Ընչի՞… Տվեցի՞ր… - Հա, բա ինչ արեցի, հազարենցը մեկ… - Բան չեմ հասկանըմ: Գոռը միայն ուսերը թոթվեց: Հետո նայեց դասընկերոջ փակ աչքերին և հավանաբար ենթադրելով, որ դեղն արդեն իրենն է անում, անձայն հեռացավ: Դավիթը փակ աչքերով հետևեց նրան և սուզվեց անդիմադիր թմբիրի մեջ: XVIII

Սաշոյի մասին կցկտուր տեղեկություններ էին հասնում: Մայրաքաղաքում էր, կարևորագույն գործերով քննչական մեկուսարանում: Իսկ ինքը՞… բարձերով շրջապատված, բազմոցին է` հեռուստացույցի հեռակառավարման վահա-նակը ձեռքին: Իրեն կողքից նայելով` սրտխառնուքի պես բան է զգում, զզվանք ու անելանելիություն: 48


Սաշոն դարձել էր սևեռուն գաղափար: Նրա արարքի անհասկանալի տրամաբանությունը Դավթին մոլեռանդի պես ստիպում էր անդադար մտածել, իրատեսական, երբեմն` ֆանտաստիկ պատճառների վարկածներ առաջա-դրել, սակայն, միևնույն է, ճշմարտությունը մնում էր հեռ-վում` անհաս ու անմեկնելի: Դավիթն ամեն երեկո համբերությամբ սպասում էր Գոռի այցելություններին, սկզբում, թվում էր` միայն նորություն-ներն առաջին ձեռքից իմանալու ակնկալությամբ, սակայն հետո հայտնաբերեց, որ դասընկերոջ ներկայությունը նաև զարմանալիորեն ցանկալի էր դարձել: Երբեմն Գոռն ուշանում էր, և Դավիթն իրեն անպաշտպան էր զգում, կանգ-նում էր պատուհանի դատարկության առաջ և սպասում: Մանանին Գոռն աշխատանքի էր տեղավորել, որդին ամառային ճամբարում էր, աղջիկներն արդեն բավականին ինքնուրույն էին և կարողանում էին և՛ խանութն աշխատեց-նել, և՛ տունը յալա տանել: Մնում էին Սաշոն, հիվանդու-թյունը և պարտքի` իր համար հսկայական բեռը: Գուցե՞ պետք էր ապավինել նախախնամությանն ու սպասել, իսկ սեփական մահվան տեղի ունենալն անորոշ ժամանակով և անհայտ պատճառներով հետաձգվում էր: Այսօր էլ Գոռը սովորականի նման մեքենան կանգնեցրեց պատուհանի տակ ու մտավ ներս: Ընկերոջ աչքերի անթաքույց փայլից Գոռն իրեն լավ զգաց. - Տեղ ունենք գնալու: - Ու՞ր,- զարմացած հարցրեց Դավիթը,- գիտես, որ տանից դուրս չեմ գալիս, գլուխս շուտ-շուտ ա պտտվըմ: - Ավտոյով կտանեմ: Նոտարին գետե՞ս, ծանոթ տղա ա: Խնդրել ա` քեզ տանեմ: Գոռի փորձող հայացքը ուսումնասիրում էր ընկերոջը: Դավիթն իր հերթին, հավանաբար զարմանքից ասես խարխափելով բռնեց դռան քիվից ու հենվեց մոտակա պահարանին. - Ես ի՞նչ գործ ունեմ նոտարի հետ: Գոռը չպատասխանեց:

49


Հետաքրքրասիրությունն ու զարմանքը ստիպեցին արագ հագնվել: Հենվելով ընկերոջը` Դավիթը տեղավորվեց մեքենայի մեջ ու փորձեց անվրդով երևալ: Ճանապարհին մի պահ միայն կանգնեցի` աղջիկներից մեկին խանութից տուն ուղարկելու համար: Նոտարի աշխատասենյակի ընդունարանում բավականին հերթ էր: Գոռը հոգատարությամբ Դավթին նստեցրեց աթոռներից մեկի վրա և անհերթ ներս մտավ: Շուտով վերադարձավ, և թևանցուկ ներս մտան: - Էնա ըսենց ա, անհերթ-անբան, մենք մարդ չենք,- բողոքեց սպասողներից մեկը: - Լավ, ոչինչ, մի քիչ համբերեք, Աթոյանց Դավիթն ա, էն խեղճը, հիվանդ ա: Չեք տենըմ` վրին հալ չկա: - Երևի կտակի հըմար ա էկել: Հերթը լռեց և արագ էլ մոռացավ անհերթ այցելուներին: - Անձնագիր բերել ե՞ք,- հարցրեց նոտարը: - Հա, իհարկե,- Դավիթը ծոցագրպանից հանեց ոսկեգույն զինանշանով գրքույկն ու մեկնեց նրան: Նոտարը զննեց և դիմեց գործավարուհուն. - Լիլիկ ջան, էն Ալեքսանդր Ղազարյանի նվիրատվության գործը մի հատ բերե՞ս: Գոռն ու Դավիթը կարծես ազդանշանով իրար նայեցին: Նրանց ապշահար հայացքները ակնհայտ հետաքրքրեցին նոտարին. - Չէի՞ք սպասում… Պատասխան չեղավ: Հետո նոտարի մենախոսությունը շարունակվեց: Նա ասաց, որ Ալեքսանդր Ղազարյանը Դավիթ Աթոյանին դեռ երեք ամիս առաջ /պարզապես հիմա էր խնդրել տեղեկացնել/ նվիրաբերել է իր ողջ անշարժ գույքը` քաղաքի կենտրո-նական մասում գտնվող տնատեղը` տնամերձ հողամասով և քաղաքից դուրս գտնվող մոտ հինգ հեկտար տարածքը: Դավիթը պապանձված ու ակամա ինչ-որ թղթեր ստորագրեց և դարձյալ Գոռին հենված դուրս եկավ: - Ես էսա հետ կգամ, ինչ պետք ա կմուծեմ,- Գոռը ձեռքով արեց ծանոթ նոտարին և ուժասպառ ընկերոջն ուղեկցեց մինչև ավտոմեքենան: 50


- Սրա հըմար էր, ուրեմը, քեզանից փող ուզըմ,- Դավիթը ընկերոջ կողմը չնայեց: Գոռը ետ չգնաց: Դավթի անորոշ վիճակը հավանաբար իսկապես անհանգստացնում էր նրան: Միայն Մանանի գալով` լարվածությունը փոքր-ինչ թուլացավ: Գոռը հապ-շտապ դուրս գնաց և արագ էլ վերադարձավ: - Նոտարի մոտ նամակ էլ կար: Սաշոն ա թողել քեզ հըմար,- նա նստեց ու ծրարը մեկնեց Դավթին: Նստեց նաև Մանանը: Խոհանոցի սեղանը նման էր դավադիրների հավաքույթի: Երեք հոգի սեղանի տարբեր ծայրերում կենտրոնացած նայում էին թիրախ դարձած անշարժ ծրարին, որ մեկ այլ` նվիրատվության փաստաթղթերն ամփոփող բաց դարչնագույն ծրարի վրա էր, և չէին համարձակվում որևէ բան անել: Վերջապես Դավթի նյարդերը տեղի տվեցին: Նա դողացող մատներով բացեց չկնքված ծրարն, ու աչքերը կատառյուծի արագությամբ թռան սակավաթիվ տողերի վրայով: Հետո աչքերի ընթացքը դանդաղեց և սկսեց ներքև հոսել: Նա դողդոջ ձեռքերով երկտակ ծալված թուղթը հրեց դեպի Գոռն ու ափերով ծածկեց դեմքը: Գոռը նամակը ետ հրեց ու վեր կացավ. - Ուշ ա, ես գնամ: Թվաց` ոչ ոք չնկատեց նրա հեռանալը: XIX Գոռի համար իրադարձությունների նման ընթացքը ավելի քան առտառոց էր: Գիտակցությունը համադրում էր փաստերը, իսկ մեկ այլ բան, որ հասկանալի չէր նաև իր համար, հրաժարվում էր համակերպվել ակնհայտի հետ: Նա սպսնությունների և Դավթի միջև հազիվ շոշոփելի կապ էր տեսնում, ինչպես կույրն է զգում սենյակում օտար մեկի ներկայությունը: Իսկ եթե այդ ամենն ընդամենը բորբոքված երևակայության արդյունք է: Հետո մտածում էր անհեթեթ ընտրության մասին, որ իբր անելու էր Սաշոյի և 51


Դավթի միջև, չգիտես ինչու, հրապարակավ, ինչ-որ ամբոխի ներկայությամբ, որին ո՛չ ինքը, ո՛չ Դավիթը և, առավել ևս, Սաշոն չէին հետաքրքրում: Մտքում տեսարանն արագ փոխվում էր. Մի կողմում իր մանկության այգին էր` պապի հավաքած հսկայական դեզով, մյուսում նույն, արդեն իր բակ դարձած տարածքը, ուր ամեն թուփ, ամեն ծաղիկ ասես արհեստական էին, բուտաֆորական, ինչպես իր տունը: Կնոջ և հոր մշտական ներկայությունը, նիստուկացի կանոնակարգված ձևականությունները, ջերմության բացակայությունը, երբ անկեղծությունը պարզապես կրթության և դաստիարակության պակաս կարող էր համարվել, նրան վանում էին տնից: Երեխաներն արդեն մեծ էին և սովորում էին մայրաքաղաքում: Դավթի մոտ անցնող երեկոները նրա համար անապատում պատահաբար գտնաված օազիսի պես մի բան էին, ինչից հրաժարվելն ինքնասպանությանը հավասարա-զոր կլիներ: Այդուհանդերձ, Գոռն ինքն էլ դեռ չէր կարողանում պատասխանել իր իսկ առաջադրած հարցին. արդյո՞ք ուզում է իմանալ ճշմարտությունը: Մեքնան արդեն ընկերոջ տան մոտ էր, երբ մուտքի առջև ետ ու առաջ անող Մանանի ուրվագիծը ստիպեց կտրուկ արգելակել: - Ի՞նչ ա էղել,- արագ հասավ ակնհայտ անհանգիստ կնոջն ու հրեց ուսը: - Գոռո, Գոռ ջան,- Մանանն սկսեց հեկեկալ,- կատարա-ծուներ էին էկել, տուններս, խանութը վերգիր են անըմ… Նա թողեց Մանանին և քայլեց տան կողմը: Դավիթն ան-կողնու վրա նստած, կռացած ծխում էր. - Իմացել ե՞ս,- նա միայն մի ակնթարթ նայեց ընկերոջն ու դարձյալ կախեց գլուխը: - Հետո՞…Ժամկետը երկարացնելու հեչ հնար չկա՞… - Չէ, չկա, սաղ փորձել ենք: - Բա ինձ ընչի՞ չէիք ասըմ: - Որ ի՞նչ, ի՞նչ պտի անեիր, քեզական բան չկա: Գոռը քայլեց սենյակի երկայնքով, ապա մոտենալով մահճակալին` նստեց. 52


- Մի մտածի, դու էլ գիտեիր, որ վերջը էս ա ըլելու… Երևի Սաշոն էլ գիտեր: Դավիթը դանդաղ բարձրացրեց գլուխը: Նա միայն նայեց Գոռի աչքերի մեջ ու ոչինչ չասաց: - Ես միսենյականոց ունեմ, կենտրոնական տեղ, կապրեք ու կամաց տուն կշինեք: Դավիթը հասկացավ, որ Գոռը Սաշոյի` արդեն իր, տնատեղը նկատի ուներ: Նա ևս մտածել էր այդ մասին, սա-կայն բարձրաձայնելու համարձակություն չուներ: Նրանք միասին գնացին խոհանոց, Մանանն արդեն տանն էր: - Տուն կսարքենք, անտուն չենք մնա: - Մինչ էդ իմ կվարտիրայըմ կապրեք, չմտածես,- Գոռը բռնազբոս ժպտաց ու շփեց ձեռքերը:- Որ մի բաժակ չայ տաս, լավ կըլի: Մանանը, թվաց, հանդարտվեց և գործի անցավ: - Սաշոյի դատն ավարտվել ա,- Գոռը բազմանշանակ Դավ-թին նայեց: Սիրտն սկսեց թպրտալ, բայց Դավիթը միայն գլուխը կախեց: - Գիտե՞ս` ի՞նչ ա ասել… - Ի՞նչ,- մի կերպ արտաբերեց Դավիթը: - Ասել ա` ես իմ ժողովրդին շատ եմ սիրըմ, սրան-նրան քցում էին անըմ, նարկոտիկ-մարկոտիկ ծախըմ, էլ չգիտեմ` ինչ զարհումար ու զիբիլ, սիրտս չտարավ: - Հետո՞… - Էլ ինչ` հետո: Ցմահը կպցրել են, պրծել: - Վերանայել չկա՞: - Ի՞նչ վերանայել…Խելքդ հացի հետ ե՞ս կերել: Վաղուց ըթենց մասշտաբի գործ չէին բացել: … Մեկ էլ մի քսանհինգ տարի հետո,Գոռը ծխախոտ վառեց:- Մի էրկուսին կպարգևատրեն, պաշտոն կտան ու … Սաշոյին կմոռանան: Գոռը քմծիծաղի մեջ ծամածռեց դեմքը: - Դու դատի չէիր կարա գնա՞,- զգուշավոր հարցրեց Դավիթը: - Նիստը դռնփակ են արել, որ զոհերի հարազատները չտան սպանեն, դատը խանգարեն, մի խոսքով, իրանք իրան-ցով: - Իսկ կարա՞նք տեսակցության գնանք: - Ցմահներին` չէ: Կարծեմ` կես տարին մեկ են թողըմ, էն էլ ամենամոտ հարազատներին: Ես ու դու ինչ հարազատ: 53


- Իսկ եթե մարդը հարազատ չունի՞, ուրեմը` մարդ չի՞,- Դավիթն զգաց, որ հիմա էլ սիրտը ծակում է: Թեյի տաք բաժակը նա բնազդաբար մոտեցրեց կրծքին ու փակեց աչքերը: - Լավ չե՞ս,- Գոռը ձգվեց սեղանի վրայով: Մանանը մոտեցավ: - Լավ եմ, մի քիչ պառկեի… Ընկերոջ ու կնոջ թևերն ընկած` Դավիթը հասավ անկող-նուն և դանդաղ պառկեց: - Տեսակցության հըմար կհետաքրքրվեմ, բերդերի վերահսկողությանը` հսկող դատախազին կդիմեմ: Մենակ, դու քեզ մի քիչ գոնե հետևի էլի, այ տնաշեն,- նեղսրտեց Գոռը: - Այ, որ թազա տունը շինեմ, էդ վախտ էլ տնաշեն կըլեմ,- ի պատասխան Դավիթը փորձեց կատակել: - Էսքան շուտ ձեզ տանից չեն հանի: Բժշկի թղթերը կբերես, դատարան կտանեմ,- Գոռը դարձավ Մանանին ու հրաժեշտ տվեց: Տուն գնալ չուզեց: Մեքենան կանգնեցրեց ոստիկանության ետնաբակում և աշխատասանյակ բարձրացավ: Հետո պա-հարանից մի ծածկոց ու մի բարձ հանեց, անջատեց հեռա-խոսն ու պառկեց: Տանը կմտածեին, որ օպերատիվ խմբում է լինելու մինչև լուսաբաց, կամ էլ …չէին մտածի: Միևնույն է, նրա կարիքն այլևս ոչ ոք չուներ:

XX

- Ձգձգելն իմաստ չունի: Ավելի լավ ա` ես իմ ոտով,- Դա-վիթը շրջվեց դեպի անակնկալի եկած Գոռը: Նա մի երկու ցուցում էլ տվեց բեռնատարի վարորդին ու բազմաթիվ բարեկամներին, որ անպատեհ աշխուժությամբ տունն էին դատարկում, հետո վերադարձավ մեքենայի և անորոշության 54


մեջ նստած ընկերոջ մոտ: Վերջինս սթափվեց ու շարժիչը գործի գցեց. - Գնամ, տան բանալին բերեմ: - Չէ:- Դավիթը պատուհանից ձեռքը ներս մտցրեց ու դրեց ղեկին:- Չէ, ախպեր, Սաշոի դոմիկըմ կապրենք: Ես ըթենց եմ ուզըմ: Խոսքերը կտրուկ էին, անբեկանելի: - Երկրաշարժից հետո, մեռացե՞լ ես, քիչ ենք ըթենց ապրել: Էս էլ ա երկրաշարժ էլի… Բայց, փառք Աստծո, կամաց կարգի կքցենք, գազ կա, լույս կա…,- հանգստացրեց Դավիթը: - Լավ, ոնց կուզես: Էսա դուռ ու պատուհանի ցեխ եմ դնելու, դու էլ կաշխատացնես, համ էլ տունդ կսարքենք: Դավիթը տխուր ժպտաց, հետո թփթփացրեց, չգիտես ինչու, ղեկն ամուր բռնած ընկերոջ ձեռքին և հեռացավ: Գոռը մեքենան ետ-ետ տարավ ու արգելակեց: Այս անգամ նա մեքենայից դուրս եկավ. - Մոռացա ասեմ: Մի կերպ հաջողացրել եմ: Տեսակ-ցություն չեն թողըմ: Հեռախոսով կարանք խոսանք: - Ե՞րբ…,- մարմինը սառը թրջվեց: - Երևի մոտ օրերս: Կասեն: Նա նորից ետ դարձավ` Դավթին թողնելով իր նյութական և աննյութական հոգսերի հետ: Արդեն Սաշոի վագոն-տնակում էին: Կտեղավորվեն: Մանանն ու աղջիկները շուրջն անճանաչելի մաքուր ու կոկիկ են դարձնում: Միայն բանջարանոցի մի հատվածն է տաբու: Դավիթը թույլ չի տալիս մոտենալ: Երբ Գոռ եկավ, վերանորոգված դարպասը հաճելի ճռռո-ցով բացվեց: Դավիթը բակի խորքում էր` քարակույտի վրա նստած: - Ինձ բան չի մնացել, չեմ հասցնի տունս շինեմ,- Դավիթը շպրտեց ծխախոտի մնացորդն ու նայեց ընկերոջը: - Հիմարություններ ես դուրս տալիս, քեզ ինչ՞ ա էղել: Ներվերդ ա էլի, էդ էլ կբուժվես, կանցնի, կգնա: Դավիթը քմծիծաղ տվեց ու ցուցամատը առաջ պարզելով` ասաց. - Պտի օգնես, որ գոնե Սաշոյի մորը մարդավարի թաղենք, տանենք գերեզմանները: Գոռը սկզբում կարծես չհասկացավ, հետո ավելի ուշադիր նայելով առջևի հողակտորին և կողքի արդեն հարթվող հողաթմբին` 55


մարմնում սարսուռ զգաց: Նա հիշեց` երկրաշարժից հետո, երբ հնարավորություն չկար դիակներն անգամ գերեզմանատուն հասցնելու, շատերը հենց իրեց բակերում էլ հուղարկավորում էին հարազատներին: Նա անխոս Դավթին նայեց. - Դու վաղուց գիտեի՞ր… - Էս մի էրկու ամիս ա: Գոռը ծխախոտ վառեց: Նա ճգնում էր դարձյալ հասկանալ, թե ինչ է զգում, սակայն ներսում ինքնապաշտպանական ինչ-որ պատվար խանգարում էր: Նա միայն աղոտ պատկերացնում էր, որ այդ ամենի մեջ եսասիրական ինչ-որ բան կա, և վերջ: Իրար հաջորդող գլանակները չէին օգնում: Վերջապես Դավիթը վեր կացավ և ձգելով ընկերոջ թևքից` գնաց վագոն-տնակի կողմը: - Չէ, տուն չեմ մտնի,- արդարացավ Գոռը:- Գնամ, մեր բոս-տանըմ մի դոմիկ ունենք, բերեմ: Հաջորդ օրը բեռնատարը ավտոկռունկի ուղեկցությամբ բերեց տնակը: Գոռը չեկավ: Նա եկավ մյուս օրը: Դավիթն ընդառաջ գնաց և դարպասների մոտ բահերով ինչ-որ մարդկանց տեսավ: Գոռի մեքենայի ետևում դիակառք էր կանգնած: - Սաղ քու վրա թողի,- հոգնած զայրույթով դիմավորեց ընկերոջն ու մի բահ էլ ինքը վերցնելով` Դավիթը մոտեցավ հողափորներին: Երբ վերադարձան գերեզմանատնից, Մանանը հենց բակում սեղան էր պատրաստել: - Շանն էլ թաղեցի՞ք,- հարցրեց նա: - Հա: Մեկը չէր, էրկուսն էին: Էնա ոտների տակ էլ թա-ղեցինք: Երևի մենակ նրանք չեն Սաշոյին էս կյանքըմ դավաճանել:- Կարծես ինքն իր հետ խոսեց Գոռը: - Աշունքը, որ սաղ մնացի, ծառ էլ կտնկեմ,- Դավիթը անձկալի հայացք գցեց երկնքում կայանված ամպերին:- Հիշը՞մ ես, Սաշոյանք մի լավ տանձի ծառ ունեին: Սեղանը կամաց-կամաց դատարկվեց: Բանջարանոցի վայրի փարթամությունը` գույների ներկապնակի ներդաշնակությամբ, Դավթին գամում էին արդեն պարիսպների տակ հավաքված քարակույտերի վրա, և կարելի էր գոնե մի քիչ չմտածել: Դավիթը մենակ էր: Նա մտովի ետ էր բերում վերջին ամիսների իրադարձությունները, որոնք մի քանի կյանքի պատմություն կարող 56


էին լինել: Կարծես հարմարվել էր սեփական դատավճռի հետ: Հինգ հեկտար հողամասի համար գնորդ պիտի գտնի, սկսի տուն կառուցել, մի փոքրիկ կրպակ կդնի… Օրը թեքվում էր: Նա հանկարծ ինչ-որ բան հիշեց ու տուն գնաց: Դարակներից մեկում սուր ածելի գտավ և մոտեցավ պատին: Պետք էր Սաշոյի բոլոր նկարներն զգուշությամբ հանել քրքրված պաստառներից, քանի դեռ Մանանն, իր մաքրության մոլուցքով տարված, առանց մտածելու չէր պոկել նաև դրանք: Փառք Աստծո, հասցրեց: Անկյունում փայլում էին նոր պաստառների պոլիէթի-լենապատ գալարները:

XXI Դավիթն ամբողջ շաբաթ բջջայինը լիցքավորում էր` պարբերական անհանգստությամբ անընդհատ ստուգելով հեռախոսի վճարունակությունը: Ամեն վայրկյան Գոռը կարող էր գալ, և չգիտեր որքան երկար կխոսեր Սաշոյի հետ: Ժամանակն ու օրերն անցնում էին խլուրդի դանդաղկոտությամբ և, ասես, չէին ուզում պատյանի միջից հանել գլուխները: Չկար փոփոխություն, չկար շարժում, ուրեմն` ժամանակը ևս անշարժ էր: Այն, կարծես փչացած համակարգչային ծրագրի նման, կախվել էր միևնույն պատկերի վրա, որ արդեն կից երկու տնակներն էին, բակն ու կանաչ բանջարանոցը: Թվացյալ հովվերգությունը տանջամահ էր անում: Առավոտյան տասնմեկի մոտ էր, երբ Գոռը վերջապես եկավ: Նա թղթի մի կտոր հանեց գրպանից և ասաց. - Քու հեռախոսը տուր, իմով պետք չի: Դեռ էրկու րոպե կա, ուղիղ տասնմեկին ենք զանգելու: Նրանք քայլեցին դեպի այգու խորքն ու սպասեցին: - Վախտն ա: 57


Գոռն արագ հավաքեց համարն ու խոսեց: Դավիթը չէր լսում: Նա նայում էր ընկերոջ շարժվող շրթունքներին և սարսափում էր, թվում էր` անվերադարձ կորցրել է լսելու և խոսելու ունակությունը: Պատճառը գլուխն է: Ինչու՞ հենց հիմա: Ասես մշուշի միջից նկատեց դեպի իրեն երկարած Գոռի ձեռքն ու բնազդաբար ինքն էլ ձեռքը ձգեց: Հեռախոսն անջատված էր: Նա փորձեց հասկանալ տեսածը: Մի անգամ էլ ստուգեց: Հեռախոսն անջատված էր: - Սաշո՞ն, ուրա՞… ,- բառերը կպել էին կոկորդի պատերին և պոկվելով` վերքի պես մրմռացնում էին: Դավիթը փորձում էր կուլ տալ անհետացած թուքն ու ինչ-որ բան ասել: Ամբողջ հեղուկն աչքերի ներսում էր, և հիմա հոսում էր, ասես փականը փչացած ծորակի միջից: Նա չեր հասկանում Գոռի լռությունը, միայն զգում էր, որ ընկերոջ կարկամած դալկության մեջ ինչ-որ չարագույժ բան կա, բան, որ չէր ուզում իմանալ: Ժամանակը վերջնականապես մեռել էր` նրանց կանգնեց-նելով դեմ հանդիման` անշարժ ու անխոս: - Պապա, պապ, մաման կանչըմ ա կոֆե խմելու,- աղջիկը` Մարինը, արդեն քաշում էր վերնաշապիկի թևից: Նրանք զոմբիների նման քայլեցին Մարինի ետևից: - Ի՞նչ ա էլել, էդ ի՞նչ ա պատահել, վրեքներդ գույն չկա, - Մանանն անհանգիստ ընդառաջ եկավ: Տղամարդիկ նստեցին սեղանի մոտ և իրար նայեցին: - Ի՞նչ գիտեիր, Դավո,- Գոռը չգիտեր` ինչ ասեր: - Ո՞նց ա էղել, - Դավիթը կարծես օտար մեկի ձայնով էր խոսում: Մտքերի և ինքնախարազանման անկառավարելի հոսան-քը քառատում էր մահու չափ հոգնած մարմինը: Նա միայն մի բան էր ուզում` մեռնել: - Ասեցին, սիրտն ա կանգնել… էս գիշեր… չի բողոքել, ոչ մի տեղը չի ցավել… Մանաննը ապշահար նստեց մահճակալի վրա. - Ո՞վ, Սաշո՞ն…,- նա ձեռքով սեղմեց բերանը,- վայ քոռա-նամ ես, այ եսիր… Մանանի մղտոցն անտանելի էր: 58


Գոռն առանց տեղից բարձրանալու ձգվեց դեպի Դավթի ասես անկենդան մարմինն, ու տղամարդիկ անձայն լաց եղան: Ժամանակը մի պահ կիսեց օրը և նորից մտավ խլուրդի իր պատյանի մեջ:

XXII

Բոլորը միշտ տանն էին, զզվելու աստիճան` միշտ: Նրանց պահվածքում շինծու հանդարտություն կար, բառեր չկային: Իր համար կանգնած ժամանակը, սակայն, օրերի հա-խուռն, անտրամաբանական և ժամանակավրեպ ընթացքը չկանգնեցրեց: Այն միայն Սաշոյին տարավ: Գոռին մնաց “Վինի Թուխ”-ի Իայի հիշողությունը` իր անսահման թախծոտ աչքերով, իսկ Դավթի համար` ի՞նչ մնաց: Նա ինքն էլ չգիտեր, չէր կարողանում ձևակերպել, թե ո՞վ էր իր համար Սաշոն: Կարծես կյանքում առաջին անգամ ըմբռնեց “կորուստ” չհասկացվող հասկացությունը: Այն այնքա՜ն խորն էր, որ թվում էր` բացակայում է իր մարմնի կարևորագույն ինչ-որ մաս: Փոխարենը կար տիեզերաչափ մի դատարկություն, ոչնչով չլցվող սև խոռոչ: Գոռի աներևակայելի ջանքերի շնորհիվ Սաշոի դին` ցինկե մի արկղում ամփոփված, հնարավոր եղավ բերել: Հենց այդպես էլ թաղեցին` մոր կողքին, անավարտ գերեզմանում: Այն վերջին փրփրանման հույսը, որից Դավիթը կառչում էր` ընկերոջ դեմքը մի անգամ ևս տեսնել, ի դերև եղավ: Ցինկե արկղն այդպես էլ չբացեցին: Կյանքն ինքնահոսի նման առավոտյան արթնացնում էր նրան, իսկ երեկոյան պառկեցնում էր անքուն անկողնուն: Նա այլևս ոչինչ չէր զգում: Հույզերը, Սաշոյի հետ, հողի տակ էին: Միակ մխիթարությունը ընկերոջ գերեզմանն էր: Այստեղ Սաշոն անունազգանուն ուներ, նա անգամ տապանաքարի վրայի նկարի փողկապավոր տղամարդն էր` Ալեքսանդր Ղազարյանը: Վշտի արահետներով քայլողները նկարի մեջ չէին ճանաչում մուրացկան Սաշոին: Նրանք անցնում էին` միայն սովորույթի ուժով 59


գնահատելով նորակառույց գերեզմանը, համեմատելով սեփականի հետ, համադրելով ծախսերը: Մոլախոտածածկ, վայրենի բանջարանոցում արդեն ծառերի մատղաշ շիվեր կային, և աշնան արևը շոյում էր կյանք մտնող նրանց ուղղաձիգ ու վճռական մարմինները: Դավիթը նրանց էր նայում, երբ Գոռը բանջարանոց մտավ. - Սաշոյի շորորն էին ուղարկել: Տարա եկեղեցու պատի տակ դրեցի, էկա: - Էն ինչ ուներ, ո՞ր… - Քեզ հըմար էլ նամակ կա: Դավիթը չհասկացավ: - Սաշոն քեզ էլի նամակ ա գրած էղել: Ասեցին`թողել ա, չի ուղարկել,- Գոռի բառերը խորհրդավոր հնչեցին: - Ի՞նձ… - Հա,- Գոռը ծոցագրպանից կնքված մի ծրար հանեց ու մեկնեց ասես շանթահար ընկերոջը:- Դու կարդա, ես գնամ էրկուսիս հըմար կոֆե սարքեմ: Դավիթը դողդոջ մատներով բացեց ծրարն ու սոսնձվեց քարակույտին: Տողերը շատ չէին. “ Բարև ախպեր ջան,……. Էդ տնատեղն ու հինգ հեկտար հողը քու հոր շնորհքն ա, ինքն ա դես-դեն գնացել, էն խառը վախտերը` սեփականաշնորհել, գիտեր, որ ես բան անող չեմ…. Ես գիտեմ, որ շաշ-շաշ մտածըմ ես, թե էն անդեր հիվանդությունիցն ունես, դրա հըմար էլ խելքիդ բրդեց ինձ հետ խաղ սարքես: Էդ ըթենց չի: Ես քու բոլոր թղթերը նայել եմ, Մանանի հետ հարյուր տեղ ենք տարել: Առողջ ես, ախպեր, առողջ ես, սաղ ժամանակավոր ա: Հլա տղիդ հրսանիքին ես ու դու պար ենք գալու…”: Դավիթը սառել էր արևի տակ: Ե՛վ ուզում էր կարդալ, և՛ շպրտել գրությունը: Սակայն հետաքրքրասիրությունն ավելի զորեղ էր. “…. Դու կնիկ, էրեխա ունես, պտի մեծացնես: Մին ա, ես վաղուց էս աշխարհըմ անելիք չունեի, ոնց որ արձակուրդըմ… իմ կանիկուլը պրածավ… ”: Դավթի մարմնով դարձյալ հոսանք անցավ: “…. Էն օրը , դու գիտես` որ, ես ընդեղ էի, իմ տեղը կուչ էկած նստած էի: Չէի ուզըմ տուն գնամ: Մին էլ դու էկար, մեշոկը ուսիդ մտար դոմիկն ու… ……………............................. 60


….Թող ճիշտն ու սխալը Աստված որոշի, համա` ես ճիշտ արեցի, ախպեր ջան: Գոռոյի հետ քիփ էղեք, մանացածը սուտ ա: Աստված տա մի քսանհինգ տարի հետո կտեսնվենք……”: Գոռը կարծես հեռվից հետևում էր նրան. - Քեզ կոֆե եմ բերել: Նա սուրճի բաժակը դրեց ընկերոջ ասես պլաստիլինե ափերի մեջ ու ծալեց մատները: Դավիթը միայն հիմա նկատեց Գոռի ներկայությունը: - Ընչի՞ ոչ մի բան չես հարցնըմ,- Դավիթը մահվան նման մռայլ էր: - Ոչ մի բան էլ մի ասա, արդեն ոչ մի բան էլ կարևոր չի: Նրանք լուռ խմեցին անշաքար սուրճն ու անխոս նստեցին:

XXIII

Երթուղայինի պատուհանից դուրս աշնան քամոտ արևն է, ներսում` մի կերպ խցկված մարդկանց քրտնահոտը: Ոչինչ, շուտով տեղ կհասնի: Ավտոկայան չհասավ: Քաղաքի մեջ կանգնեցրեց մեքենան և ցած իջավ: Պիջակով էր, մրսում էր: Շարունակվող վերելքը հասցրեց ծանոթ զառիվերի ստորոտը: Ոտքերը նորից ծալվեցին, ծնկները կարծես միայն կրճիկային հյուսվածքից լինեին, ոսկոր չկար: Պիտի բարձրանա: Այն անգամ աղոթում էր: Հիմա չի ուզում: Հիմա միայն հարկավոր է բարձրանալ, տեղ հասնել: Բաժանմունքի միջանցքում մարդիկ կային: Որոշեց նստել, սպասել: Ու՞մ, ինչի՞ սպասել: Հիմա էլ ոտքերը կպել են հատակի սալիկներին ու չեն ուզում պոկվել: Ճիգ արեց ու բարձրացավ տեղից, մեկ, երկու, երեք…Ընդունարանի պատուհանն է: Տարիքով կին է: Ի՞նչ հարցնի: - Ի՞նչ եք ուզում,- հարցրեց կինը: - Բարև Ձեզ: 61


- Բարև: - Ես մի քանի ամիս առաջ եմ էկել: Ուզըմ եմ իմ բժշկի հետ խոսամ,- Դավիթը շունչը տեղը բերեց: Վերջիվերջո միևնույն է: - Ազգանունը կասե՞ք… - Կանայան,- Դավիթը չէր մոռացել: Կինը հայացքը կտրեց թղթերի վրայից ու իրեն նայեց. - Ի՞նչ: - Կանայան,- կրկնեց այցելուն: - Դուք լա՞վ եք հիշքւմ: - Հա, ոնց չէ: Ջահել տղա էր,- Դավիթը շրջվեց և աչքերով սկսեց ինչ-որ բան որոնել:- Այ էն, էն սենյակըմ էր նստըմ: Դավիթը մատով ցույց տվեց աշխատասենյակներից մեկի դռան կողմը և դարձավ դեպի ընդունարանի աշխատակիցը: - Դուք ինչ-որ բան շփոթում եք: Մենք էդպիսի ազգանունով բժիշկ չունենք: - Մի քանի ամիս առաջ… - Չենք ունեցել,- կինն ընդհատեց նրան: Դավիթն ապշահար էր: Նա կառչեց ընդունարանի պատուհանագոգից. գլուխը պտտվեց: - Սիրուն, Վալյա…,- կանչեց տարիքով կինը: Երևի բուժքույրեր էին: Ինչ-որ սենյակ տարան ու պառկեցրին: Նրանք դեռ փսփսում էին, երբ մեկ ուրիշ կին ներս մտավ: Պահվածքից Դավիթը հասկացավ` հավանաբար բաժանմունքի վարիչն է: Նա անփույթ ու կարծես պարտավորված նստեց կողքի աթոռին, իրեն նայեց ու հարցրեց. - Ճնշումը չափել ե՞ք: Դավիթը գիտեր, որ հարցը բուժքույրերին է ուղղված: - Ինչ-որ բժիշկ Կանայանի ա հարցնըմ, բժշկուհի: Ես էլ ասեցի, որ մենք ըթենց բժիշկ չունենք: - Ո՞վ եք, ի՞նչ եք ուզում,- բժշկուհին հիմա արդեն իր հետ էր խոսում: Դավիթը կցկտուր կրկնեց ընդունարանում ասածը: - Դուք հաստատ ինչ-որ բան շփոթում եք:- Բժիշկը պատրաստվեց վեր կենալ: 62


Դավիթը պարզապես կառչեց նրա ձեռքից և առանց մտածելու ասաց. - Խնդրըմ եմ. անունս` Աթոյան Դավիթ, էն աշունն եմ էկել, վերջին, ռեգիստրատուրայըմ գրած կըլի, նայեք, խնդրըմ եմ: Բժշկուհին մյուս ձեռքով ազատեց հիվանդի աքցանած ձեռքն ու դարձավ ընդունարանի աշխատակցին. - Տիկին Դոնարա, մի հատ նայեք: Բժշկուհին ակնհայտ շտապում էր, սակայն նրան ևս սկսեց հետաքրքրել տարօրինակ հիվանդը: Բուժքույրերն արդեն չէին փսփսում, բայց և չէին հեռանում: - Կա, էս ա,- տիկին Դոնարան մի ծավալուն գիրք ձեռքին ներս մտավ: Բժշկուհին ստուգեց գրանցամատյանն ու բուժքույրերից մեկին ուղարկեց հիվանդի գրքույկի ետևից. - Ինձ մոտ նայիր, էդ ազգանունը հիշում եմ: Բուժքույրն արագ վերադարձավ: - Հիշեցի, հա…,- ձգեց բժշկուհին: Նա սկսեց թերթել գրքույկի նոսր էջերը և դիմեց այցելուին. - Ես Ձեզ չեմ հիշում, Ձեր կնոջը հիշեցի: Եկել էր` ախտո-րոշումն էր ուզում իմանալ: Ձեր բախտը բերել էր, մեզ հետ գործ չունեիք: Էս ա, անկետայում էլ է գրված` ուղեղի թույլից միջին ծանրության ցնցում, նեվրոզներ, գերհոգնածություն: Դավիթը հոսանքահարվածի նման նստեց տեղում: - Բժշկուհի ջան, ես էլ հիշեցի,- զգուշավոր մեջ ընկավ բուժքույրերից մեկը:- Ես իրան հիշեցի: Ներքևում` թմբի ներքևը ուշաթափվել էր, ժողովուրդ էր հավաքվել, շտապ-օգնություն էին կանչել: Ես նոր էի գործի գալիս: Հետո, իմա-ցանք` կինն էկել էր, տարել: - Ախր, ըստեղ, միջանցքըմ մի պառավ մարդ էլ կար, մեծ կոշիկներով, փետը ձեռին, մի այլանդակ հոտ էր հանըմ…, - Դավիթը դեռ փորձում էր կառչել ի՛ր իրականությունից: Նա փութով ձեռքը ծոցագրպանը տարավ և անձնագրի միջից մի թղթի կտոր հանեց. - Հրես, հիվանդության անունն էլ եմ գրել, որ չմոռանամ: Էդ բժիշկն ասեց` Նոս դոմինիկանես… - Ձեր վիճակում նման հալյուցինացիաները չեն բացառվում, մանավանդ, ինչպես հասկացա, շարունակական բուժում չեք 63


ստացել: Սպասեք, սպասեք, … գուցե՞ nos Domini canes...,- բժիշկը խորհրդավոր և կենտրոնացած նայեց այցելուի աչքերի մեջ: Ձեզ լուրջ բուժվել է պետք: - Ի՞նչ ա նշանակըմ, խնդրըմ եմ,- Դավիթը մոռացել էր ապրելու իր բոլոր կանոններն ու բացահայտ աղերսում էր: Բժշկուհին քթի տակ ժպտաց և հեռանալով, կարծես թաքուն`ասաց. - Nos Domini canes լատիներեն նշանակում է “Մենք Տիրոջ շներն ենք”… Կարծես մի ծանր մուրճ իջավ գլխին: Այլևս նրա պատմությունն ավարտված էր: Ներկաները մտածելու պատճառ չունեին: Նրանք անխոս հեռանում էին ուրիշ և ուրիշների պատմությունների ականատեսը լինելու, այնուհետև արագ կամ դանդաղ, բայց` մոռանալու համար: Դավիթն իջնում էր զառիթափից հիմար ու գլխահակ: Նա կարծես տեսել էր սեփական ծանակումը և ոչինչ չէր կարողացել անել: Հանկարծ ոտքերը սահեցին և նրան տապալեցին գետնին: Նա նույնիսկ ցավ չզգաց: Զգաց ուրիշ բան, որ ինքը հիվանդ չէ, որ չի մեռնելու, որ դեռ հազար տա-րի ապրելու է: Շուրջը ոչինչ ու ոչ ոք չկար: Դավիթը գլուխը դրեց ծնկներին ու լաց եղավ:

XXIV Տուն հասավ: Ոչ ոք չպիտի տեսներ այն աննկարագրելի ամոթն ու զղջումը, որ հիմա ինքն էր զգում: Հայր, ամուսին… մի՞թե ինքը հայր կամ ամուսին է եղել, ե՞րբ էր դա: Նրան աղմուկ էր պետք, սեփական ձայնարկությունների ձայնային քողարկում, որպեսզի ոչ ոք ոչինչ չհարցնի, և նա միացրեց հեռուստացույցը: Տեղավորվեց վագոնտնակի պատի եր-կայնքով դրված բազմոցին և հայացքը մխրճեց անհե-տաքրքիր էկրանի մեջ:

64


Սեղանի շուրջ հավաքված երեխաները գլուխ-գլխի տված վիճում էին, սակայն տեսնելով հորը` որդին մոտ վազեց ու կարծես իր ճշմարտացիությունը հաստատելու համար ոգևորված հարցրեց. - Պապ, բա ալբոմի մեջ մենակ նկար չեն կպցնը՞մ: - Հա, ցավդ տանեմ,- հենց այնպես համաձայնեց Դավիթը: - Պապ,- երկուստեք միջամտեցին աղջիկները,- դու չես ասե՞լ, որ Սաշո ձյաձյայի ոչ մի բանը դեն չգցենք… Դավիթը մեջքն ուղղեց ու նայեց երեխաների կողմը: Մինչ այդ որդին սեղանից վերցրեց բավականին ծավալուն ալբոմն ու դրեց հոր ծնկներին. - Մաման ա առել… Դավիթը ձեռքը գցեց որդու պարանոցին ու մոտ քաշելով` համբուրեց գլուխը: Ստվարաթղթին փակցրած Սաշոի արդեն մշտաժպիտ աչքերը իրեն էին նայում և ի պատասխան նույնպես ստիպում էին ժպտալ: Դավիթն իր ներսում զար-մանալի խաղաղություն էր զգում: - Ասըմ եմ` էս ժուռնալից կտրած նկարներն էլ կպցնե՞նք, հետը բան-ման կա գրած,- չհամբերեց Մարինը: - Ի՞նչ ա գրած որ… Աղջիկը տեղավորվեց հոր կողքին ու սկսեց կարդալ. “Ասում են, որ շնագլուխ սուրբ Քրիստափորը ժամանակին հսկա է եղել: Բարի գործ կատարելու համար նա մարդկանց իր ուսերին առնելով` գետի մի ափից մյուսն էր տեղափոխում: Այդպես մի օր էլ չիմանալով` նա իր ուսերին մանուկ Հիսուսին է տանում: Հասնելով գետի մեջտեղը` Քրիտափորը կռանում է բեռի ծանրության տակ, ախր նա տանում էր աշխարհի արարչին, ուրեմն` նաև ամբողջ աշխարհը…”: Դավիթը հենվեց դստերն ու վեր կացավ: - Հմի կպցնե՞նք, թե՞ չէ,- թախանձեց Մարինը: - Անպայման,- Դավիթը մոտեցավ դռանն ու հրեց այն: Դեպի ձմեռ շտապող աշնանային աստղաշատ երկինքը, ինչպես տարիներ առաջ, դարձյալ կախել էր իր ծանրացած գլուխը մի տարօրինակ մոլորակի վրա և իր լռությամբ, ասես, փորձում էր լսել ու հասկանալ այդ տարօրինակ մոլորակի տարօրինակ բնակիչներին: 65


Դավիթը գիտեր, որ այնտեղ` հարավում, հորիզոնի գծից այն կողմ Մեծ ու Փոքր շների համաստեղություններն էին: Վագոն-տնակի ներսից իրեն էին հասնում Մարինի շարունակվող ընթերցանության պատառիկները: Նա միա-ժամանակ և՛ լսում, և՛ մտածում էր Սաշոյի մասին: Սաշոն շալակն էր առել մի ամբողջ տիեզերք ու տանում էր լուռ ու անտրտունջ: Երնքից ընկնող աստերն այնքան փոքր էին, որ Դավիթն այդպես էլ ոչ մի ցանկություն էլ չպահեց: Նա պարզապես լսում էր դստեր` տիեզերքի անդորրին խառնվող ընթերցանությունը, և սպասում էր մեծ աստղի. “…Canicula /կանիկուլա/ - բառացի`“Շան օրեր”: Հին հռոմեացիների մոտ դա ամառային տապի և դրա հետ կապված ամենօրյա աշխատանքից հանգստանալու շրջանն էր: Որքան էլ, որ զարմանալի է, այն ժամանակներում կանիկուլաները համարվում էին անհանգիստ և դժվար ժամանակներ………………………………………………………….հետո եկեղեցին արգելեց սրբապատկերների վրա շնագլուխներ պատկերել, և սուրբ Քրիստափորին սկսեցին պատկերել արդեն մարդկային կերպարանքով ………………………. ”: P.S. Տիեզերական անսահմանության մի ընդարձակ հատվածում, որ մարդիկ Մեծ Շան համաստեղություն էին անվանում, Սիրիուս եռամեծ աստղի սպանիչ պայծառությունից բավականին հեռու, մի անշուք մոլորակի վրա, խոտի հսկայական դեզի գագաթին երկու հոգի էին պառկած: Նրանք նայում էին մարդկանց կողմից “Ծիր Կաթին” կոչվող համաստեղության միլիոնավոր աստղերից մեկի` Արեգակի շուրջը պտտվող երկնագույն մի մոլորակի և սպասում. - Փաստորեն Շների համաստեղությունը մեզնից ահագին հեռու էր: Լավ հոգնեցինք: - Հա, բայց ի՜նչ լավ ծիծաղեցինք… Դեզի ներքևում` գետնին, մարդկային դիմակներ ու հա-գուստ կար: Դրանք երիտասարդի և ծերունու դիմակներ էին, որ խառնվել էին ծաղրածուի կոշիկների, ձեռնափայտի ու բժշկական սպիտակ խալաթի հետ: 66


Վեհերոտ ստվերը, որ հայտնվեց այդ խառնաշփոթի կողքին, նրանց ստիպեց կախել գլուխները և ցած նայել: Դրանք սովորական գլուխներ չէին: Մարդկային մարմնի վրա ամենասովորական շների գլուխներ էին` հավատարիմ ու անթախիծ: - Հը՞, եկա՞ր… Վե՞րջ քո կանիկուլներին… Դե բարձրացիր վերև, միայն տես` խոտը չթափես, ձայնեց նրանցից մեկն ու վերադարձավ երկինք:

67


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.