Մարտի 1-ը և Միջազգային Քրեական Դատարանը Արման Զրվանդյան, իրավաբան փորձագետ
օգոստոս, 2011 Հայկական մամուլում հրապարակվել են մի շարք նյութեր, որտեղ հեղինակները պնդում են, որ մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել միջազգային քրեական արդարադատություն` Հաագայի միջազգային քրեական դատարանում /ՄՔԴ/: Պարզելու համար, թե արդյոք այս պնդումը համապատասխանում է այն իրագործելու իրավաբանական հնարավորություններին, այս ուսումնասիրության միջոցով փորձենք պատասխանել հետևյալ իրավաբանական հարցին – արդյոք միջազգային քրեական իրավունքը թույլ է տալիս մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ իրականացնել միջազգային քրեական արդարադատություն` ՄՔԴ-ում:
1. ՄՔԴ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ստորագրել է, սակայն չի վավերացրել ՄՔԴ Կանոնադրությունը: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը պետության ինքնիշխանության սկզբունքն է: Ելնելով այդ սկզբունքից, որպես կանոն, պետություններն իրենց միջազգային իրավական պարտավորություններն ստանձնում են կամավոր կերպով: Մասնավորապես, միջազգային դատական ատյանների կողմից իրավազորության իրականացումը հնարավոր է, եթե տվյալ պետությունը կամավոր կերպով ընդունել է այդ ատյանի իրավազորությունը, որը հիմնականում դրսևորվում է պետության կողմից այդ մարմնի կանոնադրության /հիմնադիր փաստաթղթի/ վավերացմամբ: Քանի որ ՀՀ-ը չի վավերացրել ՄՔԴ Կանոնադրությունը, ՄՔԴ-ը չի կարող իրավազորություն իրականացնել ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացու կողմից կատարած արարքի կապակցությամբ: Եթե նույնիսկ ՀՀ ապագայում վավերացնի ՄՔԴ Կանոնադրությունը, ապա ՄՔԴ-ը կարող է միջազգային քրեական արդարադատություն իրականացնել միայն այն փաստերի առթիվ, որոնք տեղի են ունեցել ՀՀ կողմից ՄՔԴ Կանոնադրությունը վավերացնելուց և վերջինիս` ՀՀ համար ուժի մեջ մտնելուց հետո /հոդված 11(2), ՄՔԴ Կանոնադրություն/: Գոյություն ունեն երկու իրավական մեխանիզմներ, որոնց միջոցով ՄՔԴ-ը կարող է իրավազոր լինել` առանց տվյալ պետության կողմից ՄՔԴ Կանոնադրության վավերացման:
1