3 minute read

Հավելված

վերելակ դեպի երազանք

Մարտին գործարկվեց «Լոֆթ» կենտրոնի «Իմ մենթոր» համահայկական նախագիծը, որի նպատակն է երիտասարդների պոտենցիալը փորձառու մասնագետների օգնությամբ ճիշտ ուղղորդելը։ Դրա հեղինակները վստահեցնում են, որ սա աննախադեպ ու հեռանկարային ծրագիր է, որին մասնակցելու համար նախ անհրաժեշտ է ներբեռնել MyMentor բջջային հավելվածը։

Advertisement

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը սեբաստացի 8-րդ դասարանցիների խմբի հետ քայլարշավով Կոնդում էր, երբ զանգ ստացավ «Լոֆթ» կենտրոնի ղեկավար Արևիկ Համբարձումյանից։ Օրը հագեցած էր, բայց հաջողվեց հանդիպել։ Կոնդի արշավից մի քանի ժամ անց պարոն Բլեյանն արդեն համաձայնել էր դառնալ «Իմ մենթոր» նախագծի առաջնորդներից մեկը։

Սովորեցնել ու սովորել

Վերհիշելով ճանապարհը, թե ինչպես է գաղափարը վերածվել նախագծի՝ «Լոֆթի» ղեկավար Արևիկ Համբարձումյանը նշում է, որ նախորդ վեց տարիների ընթացքում ինքը կենտրոնում հաճախ է առերեսվել այն պատանիներին և երիտասարդներին, ովքեր փնտրել են նմանատիպ միջավայր և նման մարդկանց, որպեսզի կարողանան կիսվել իրենց ստարտ-ափերով, գաղափարներով և երազանքներով։ — Ժամանակակից աշխարհում անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու մի միջավայր, որտեղ 15-ամյա պայմանական Հայկը կամ Աննան, ովքեր ապրում են մեր կողքին և օժտված են բացառիկ ունակություններով և կարող են լինել ապագայի նորարարը՝ հնարավորինս շուտ հանդիպեն այն մեկին, ով ապահովելու է իրենց ոչ թե աստիճանական, այլ թռիչքային զարգացումը,- բացատրում է Արևիկը։- Ուստի այսօր առավել քան երբևէ առանցքային է մենթորության առաջխաղացման թեման, ինչին էլ միտված է այս նախագիծը։ Թերևս, վստահորեն կարելի է ասել, որ այս նախագծից կշահեն և՛ փորձառուն, և՛ սկսնակը և՛ այն ոլորտները, որոնք ընդգրկելու է այս հարթակը։ Աշոտ Բլեյանը, օրինակ, իր մասնակցությունը բացատրում է մեկ հիմնական շարժառիթով. շարունակել օգտակար լինել երիտասարդ-պատանի առաջնորդներին։ «Կարճ ասած նրան, ով իմ կարիքն ունի»։ Բայց նաև հատուկ շեշտում է, որ ինքն էլ սովորելու բան ունի այս շփումներից. «Իմ շրջապատում և կրթահամալիրում շատերն ինչ-որ բանով ինձ գերազանցում են։ Կարող եմ ասել, որ ես էլ երախտագիտությամբ սովորում եմ։ Վստահ եմ, որ այս ծրագրով էլ այդպես կլինի»։

Մենթորը քո գրպանում

Նոր ժամանակներին ու քովիդյան իրականությանը համահունչ «Իմ մենթորի» առաջին փուլն անցնում է հեռավար, հարմարավետ մոբայլ հավելվածի միջոցով, հետո նոր անցնում օֆլայնի։ Անհրաժեշտ է պարզապես ներբեռնել այն (App Store կամ Google Play), մուտք գործել, լրացնել համապատասխան դաշտերը, ստանալ համապատասխան միավորները և մենթորների ցանկից ընտրել նախընտրելի մեկին։ Նախագծի վերաբերյալ բոլոր հարցերին պատասխանները տրվում են շատ կարճ ժամանակում՝ ապահովելով հիմնական և հավելյալ տեղեկություններ, որոնք ևս մեկ քայլով միտված են մասնակցին մոտեցնելու իր մենթորին։ Ընդ որում, հավելվածում կարելի է տեսնել, թե կոնկրետ մենթորն ինչ հստակ պահանջներ և չափանիշներ է մշակել մասնակցության և հաղթանակի համար։ Կախված ոլորտից, հետաքրքրության շրջանակներից և ի վերջո երազանքներից՝ մասնակիցը հնարավորություն է ունենում ընտրելու իր ցանկալի մենթորին և անցնում է մրցակցային փուլ։ Բնականաբար, յուրաքանչյուր մենթոր առաջնորդվել է տարբեր սկզբունքներով և յուրաքանչյուրի ընտրության և հաղթանակի չափորոշիչները տարբեր են և եթե մասնակիցը չի համապատասխանում նախանշված պայմաններին, կարող է շարունակել մրցակցությունը՝ մասնակցելով առաջադրանքների, որոնք առաջադրել է մենթորը։ Ինչ վերաբերում է մենթորների ընտրության չափորոշիչներին, ապա նրանք ընտրվում են հանրության կողմից։ Եթե ցանկալի մենթորը դեռևս չկա ցանկում, ապա անհրաժեշտ է ընդամենը առաջադրել տվյալ մասնագետին։ Ըստ Արևիկ Համբարձումյանի՝ մինչ այս պահը բոլոր առաջադրված մենթորները, ովքեր վայելում են մեծ ժողովրդականություն, սիրով համաձայնել են միանալ նախագծին։ Ցանկը մեծ է ու տպավորիչ՝ Աշոտ Բլեյան, «Այբի» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյան, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավարը Սերգեյ Սմբատյան, «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր Լարիսա Հովհաննիսյան, FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյան և շատ ուրիշներ։

Հավասար պայմաններ

Հատկանշական է, որ այս նախագիծը հավասար հնարավորություններ է ստեղծում և՛ գյուղական համայնքներում, և՛ մայրաքաղաքում ապրող երիտասարդների համար։ Հայաստանի ցանկացած անկյունից կարելի է մասնակցության հայտ ներկայացնել։ — Շուրջ երկու տարի աշխատանք ենք տարել, որպեսզի հավելվածը շատ պարզ օգտագործման հնարավորություն ընձեռի, քանի որ այն տարածական սահմանափակումներ չպետք է ունենա։ Օրինակ, եթե մենթորն առաջադրվել է Կանադայից կամ Ռուսաստանից, պետք է հնարավորություն ունենա ծրագրի մասը դառնալու,- ասում է «Լոֆթ» կենտրոնի և «Իմ մենթոր» նախագծի հիմնադիր, սերիական ձեռնարկատեր Հովհաննես Առաքելյանը։ Նա վստահ է, որ նմանատիպ ծրագրերի իրականացման դեպքում չես կարող կարճաժամկետ նպատակներով կամ սահմանափակ տարածությամբ առաջնորդվել, իսկ «համահայկական» բնութագիրը պետք է արդարացվի ամբողջապես։

Նստել ճիշտ վերելակը՝ ճիշտ մարդու հետ

Ծրագրի շրջանակում հնարավորությունները լայն են, իսկ գործիքակազմը՝ հագեցած։ Սակայն նախագծի ղեկավարների խոսքով՝ ամենակարևոր իրադարձությունը «համապատասխանեցումն» է, երբ մասնակիցը հաղթահարում է որոշ փուլեր և հանդիպում է իր մենթորին։ Այստեղից սկսվում է մեծ քայլերով առաջ մղվելու ճանապարհը կամ կարճ ասած թռիչքային զարգացման հնարավորության լայն ուղին։ Պատկերավոր ասած, խոսքը վերելակի մասին է, որում երիտասարդը չի լինի մենակ, այլ կայացած մեկի հետ, որն առաջին հարկից կուղեկցի իրեն դեպի վեր, դեպի երազանք։ — Պետք է միայն նպատակաուղղված լինել ու վերելակը կտանի այնտեղ, ուր պետք է,- վստահեցնում է Արևիկ Համբարձումյանը։ Երբ պարոն Բլեյանին հարցնում եմ, թե հատկապես ինչու է անհրաժեշտ մասնակցելու «Իմ մենթորին», մի քիչ մտածելուց հետո շատ վստահ ասում է. — Ծրագրին պետք է մասնակցել, որովհետև ես չգիտեմ չմասնակցելու օրինական հիմք։ Այլընտրանք չկա. զրույցից հետո բացում եմ App Store-ն ու բեռնում հավելվածը։ Ընտրում եմ մենթորիս և սպասում վերելակիս։

This article is from: