4 minute read

Էքսպատ

«Տեատրիկա» թատերական լաբորատորիայի գլխավոր տնօրեն, ռեժիսոր, դերասան և ստեղծարար տեխնոլոգիաների նորարարության ոլորտի մասնագետ Պյոտր Նեմոյը «301» նախագծի շրջանակում Հայաստան ժամանած առաջին «իմաստունն» է։ Նա ԵՐԵՎԱՆին պատմել է նախագծի և ապրեցնելու արվեստի մասին։

Ունիվերսալ մարդիկ

Advertisement

Շատ կարճ նախագծի էության մասին. 301 «իմաստուններ» հերթով կժամանեն և մշտական բնակություն կհաստատեն Հայաստանում։ Նախագծի կազմակերպիչները վստահ են, որ 301-ը մարդկանց ճիշտ այն քանակն է և բնակչության այն տոկոսը, որը թույլ կտա գործարկել փոփոխության մեխանիզմը։ Ծրագրի նպատակն առաջին հայացքից արտասովոր է, բայց միևնույն ժամանակ շատ պարզ։ Նախաձեռնողները ցանկանում են յոթ տարվա ընթացքում Հայաստան տեղափոխել 301 «իմաստունի»։ Այս դեպքում էական չէ, թե ինչ ոլորտի մասնագետ է այդ «իմաստունը»։ «Մի բան է լինել լավ ֆիզիկոս, ուրիշ բան է լինել իմաստուն ֆիզիկոս։ Սա լիովին այլ մակարդակ է. նման մարդկանց գիտելիքն ունիվերսալ է,- ասում է առաջին իմաստուն Նեմոյը։- Միևնույն ժամանակ յուրաքանչյուր «իմաստուն» պետք է որոշակի ուղղվածություն ունենա. մի ոլորտ, որից սկիզբ է առնում իր իմաստության անտոլոգիան և աշխարհայացքը»։ Նախագիծը տևում է արդեն շուրջ երեք ամիս, ու մինչ տարվա վերջ մոտ ամեն ամիս մեկական «իմաստուն» ոտք կդնի Հայաստանի հողի վրա։ Իմաստունն այն մարդն է, ով արդեն հասել է հասունության, չունի սեփական անձի առաջխաղացման կարիք, նյութական հարցերից անցել է կյանքի իմաստին վերաբերող մտքերին։ Այդ մարդիկ արդեն գիտեն իրենց ասելիքն աշխարհին և կարողանում են իրենց շուրջ ստեղծել իմաստային միջավայր, որում նույնիսկ ամենաչշփվող և բարդ մարդիկ կարողանում են իրենց լավ զգալ։

↓ Հանդիպում Future Studio հիմնադրամում

Սիրահարվել ու մնալ Հայաստանում

Ինչպե՞ս են համոզելու այդ մարդկանց տեղափոխվել Հայաստան։ Պատասխանը շատ պարզ է՝ անելու են ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ սիրահարվեն Հայաստանին, մարդկանց և տեղի մշակույթին։ 301-ի թիմին կարելի է անվանել գործակալներ, ովքեր կապող օղակ են «իմաստունների» և Հայաստանի միջև։ «Մեր աշխատանքն է գտնել ճիշտ մարդկանց, հրավիրել նրանց Հայաստան, պատմել երկրի, տեղանքի, մշակույթի և սովորույթների մասին, ամենատարբեր և խոր տեսանկյուններից ներկայացնել այստեղի կյանքը»,- ասում է Պյոտրը։ Այդ մարդկանց տեղափոխությունը և առաջիկա յոթ տարվա բնակության ծախսերը հոգում է «301» հիմնադրամը։ Աջակցությունը կրում է ոչ միայն ֆինանսական բնույթ. այդ անհատներին օգնում են շարունակել իրենց ծանոթությունը Հայաստանի և մարդկանց հետ, գործընկերներ գտնել, զբաղվել իրենց գործունեությամբ։

Կարևորագույն նախապայման. «իմաստունները» պետք է չլինեն ազգությամբ հայ։ Նրանք պետք է դառնան կատալիզատոր և հայելու պես ցույց տան տեղացիներին այն լավը, որը նրանք չեն տեսնում, քանի որ հայ են և նրանց համար ոչ մի արտասովոր բան չկա այդ երևույթներում։ Նրանք կողքից հայացք են գցում և փոխանցում իրենց սեփական միջավայրը։ «Իսկ ահա արդեն հաջորդը պետք է լինեն հայերը, ովքեր կսկսեն վերադառնալ, քանի որ այստեղ հնարավորություններ և պարարտ հող կլինի նրանց հետագա նպատակների համար»,- ասում է Պյոտրը։ Ընդ որում, այստեղ շատ կարևոր է ոչ թե որոշակի գործունեություն ծավալելը ի նպաստ Հայաստանի, այլ պարզապես այստեղ ապրելն ու այստեղի օդը շնչելը՝ ապրեցնելը։ «Մարդն ապրում է Հայաստանում, գնում է հաց գնելու, նստում է սրճարանում, ձեռք է բերում ընկերներ-շրջապատ։ Ինքն իրենով իմաստունը սկսում է փոխել իր շուրջ ձևավորված միջավայրը,- ասում է Պյոտրը։- Ցանկացած վայրի առանձնահատկությունը նախ և առաջ բնորոշում են մարդիկ, նրանք են այն սնուցող և ձևավորող շերտը։ Հայաստանում այդ շերտերն այսօր բացեր ունեն, քանի որ շատ խելացի և «ապրեցնող» մարդիկ արդեն չկան կամ լքել են երկիրն ավելի լավ կյանքի փնտրտուքներում»։

Մի բաժակ սուրճ սկաֆանդրով

«Իմաստուններին» բնակեցնելու են ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի այլ մարզերում և Արցախում։ «Երբ մենք ասում ենք, որ ուզում ենք այդքան մարդ բերել, դա չի նշանակում, որ նրանց բոլորին բնակեցնելու ենք մի փակ մոռացված գործարանում, ճաղերի հետևում և ժամանակ առ ժամանակ նրանց սկաֆանդրերով դուրս են գալու աշխարհի երեսը տեսնելու կամ պարզապես սուրճի հետևից»,- ասում է Պյոտր Նեմոյը։ Մարդն ազատ է իր ընտրության մեջ։ Հենց իմաստունն է ընտրելու՝ որտեղ ապրել։ Պյոտրի համոզմամբ կլինեն մարդիկ, ովքեր կուզեն ապրել Տաթևի վանքի մոտ, մեկին մոտ կլինի Երևանի ռիթմը, մյուսը կուզի Գյումրու հանգիստ արվեստային շունչը։ Մարդիկ կլինեն, ում հոգեհարազատ է հենց կոնկրետ մի բակ, որը նրանք հայտնաբերել են գիշերային Երևանով շրջելիս։ Այստեղի հարևանը կողջունի, հյուրը կասի՝ բայց ես հայերեն չգիտեմ, ինքն էլ կասի՝ դե ուրեմն արի իմ տուն՝ խմենք։

Արվեստի տարածություն

«Իմաստունների» ծրագրից զատ «301»-ը մի շարք նախագծեր է իրականացնում։ Այսօր կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ցանկություն ունեն ներդնել կամ որևէ կերպ աջակցել այս կամ այն ոլորտում արվող նախագծերին։ 301-ի թիմն արդեն ունի որոշակի նախագծերի պորտֆոլիո, ներառյալ տարիներ շարունակ մշակված մեծ հրատարակչական, կրթական, զբոսաշրջային նախագծեր։ Ներկայումս նրանք դիտարկում են մի շարք տարածքներ, որոնք մեծամասամբ նախկին գործարանների շենքեր են, որպեսզի այնտեղ մեծ արվեստի կլաստեր ստեղծեն։ Գաղափարների և մտահղացումների հանդեպ խանդի զգացողություն չունեն։ Եթե մեկն արդեն անում է նման նախագիծ, նրանք պատրաստ են ամեն կերպ աջակցել, տալ իրենց ունեցած փորձն ու գիտելիքը։ Եթե մի բան է, որը ոչ մեկ դեռ չի արել, նրանք պատրաստ են լինել առաջինը՝ ստեղծելով պարարտ հող այլ նմանօրինակ նախաձեռնությունների համար: Արտ-կլաստերը շատ կարևոր տարածություն է, որտեղ կտեղակայվեն ժամանակակից դիզայներների և մոդելյերների ստուդիաներ, արվեստների և արհեստների համար նախատեսված տարածքներ։ Այստեղ կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, դասախոսություններ, ֆիլմերի դիտումներ և քննարկումներ։ Այս ցանցի հիմնասյունը կլինի պրոդյուսերական կենտրոնը, որը կլինի կլաստերի ուղեղը։ «Հայաստանում մեծ ներուժ կա, բայց միասնական տարածություններ, որտեղ նրանք կստեղծագործեն՝ չկա,- ասում է Պյոտրը,- Նման տարածքները կարևոր են նրանով, որ մի ամբողջ ոլորտ գլուխ գլխի եկած կարող է առաջացած դժվարությունները միասնական ուժերով հաղթահարել։ Կլաստերը կդառնա տեխնոպարկի նման մի վայր, փոքրիկ էկո համակարգ։ Սա չի լինի նմանօրինակ միակ միասնական կենտրոնը»։

← Հանդիպում հայկական գորգերի մասնագետների հետ

This article is from: