ԵՐԵՎԱՆ #68 | 2021

Page 38

SOS ԵՐԵՎԱՆ 2010

Կինո «Մոսկվայի» ամառային դահլիճ 2010 ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ 2010-ի Փետրվարի 25-ին կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եկեղեցի կառուցել Աբովյան 18-ում տեղակայված «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տարածքում։ Մասնավորապես գործադիրը փոփոխություն մտցրեց իր նախկին որոշումներից մեկում, որով հաստատվել էր Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Հանելով ամառային դահլիճի տարածքը ցուցակից՝ կառավարությունն ընդունեց «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինության առաջարկությունը՝ ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպեսզի վերջինս այդ տարածքում կառուցի խորհրդային իշխանության կողմից քանդված, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու նման մեկ այլ եկեղեցի։ Կինոթատրոնի ղեկավարության պնդմամբ՝ ամառային դահլիճի շահագործումը տնտեսապես ձեռնտու չէր իրենց։ Մեծ աղմուկ բարձրացավ։ Նախ ընդվզեցին մասնագետները, հետո միացան սովորական մարդիկ։ Կազմակերպվում էին ցույցեր, սոցիալական հարթակներով քննարկումներ էին ծավալվում, նախաձեռնությանը վերաբերող ֆեյսբուքյան էջ ստեղծվեց, որին տասը օրվա մեջ միացավ շուրջ 7000 մարդ։ Ստորագրահավաքի արդյունքում հավաքվեց 24 հազար ստորագրություն։ Մոտ վեց տասնյակ մտավորականներ միացան համընդհանուր հորդորին՝ չքանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը՝ նամակ հղելով վարչապետ Տիգրան Սարգսյանին և Գարեգին Բ կաթողիկոսին։ Վրդովմունքի մեծ առիթ էր ոչ միայն ամառային դահլիճի քանդումը, այլ նաև այն փաստը, որ կառավարությունն այդքան հեշտությամբ հանել էր նման շինությունը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից։ Ըստ օրենքի, մինչ նմանատիպ որոշում կայացնելը հարկավոր էր փորձագետների մասնակցությամբ քննարկում կազմակերպել։ Նամակի հեղինակները հույս ունեին, որ եկեղեցին և կառավարությունը կհրաժարվեն իրենց գաղափարից և այդպես էլ եղավ, արդեն շուրջ 11 տարի գործընթացը սառեցված է։ Իրոք, ժամանակին այստեղ կողք կողքի կանգնած են եղել Պողոս-Պետրոս եկեղեցին (կինոթատրոնի տեղը), ռուսական եկեղեցին (Ստանիսլավսկու թատրոնի վայրում) և մզկիթը (Նկարիչների միության փոխարեն): ՊողոսՊետրոսը կառուցվել էր երկրաշարժի ժամանակ կործանված նույնանուն տաճարի տեղում, սակայն հայտնի չէր, թե երբ։ 1930-ականներին վերոնշյալ բոլոր կառույցները քանդվեցին սովետական ղեկավարության կողմից, չնայած որ ճարտարապետները մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի կանգնեցնեն եկեղեցու քանդման գործընթացը։ Խորհրդային տարիներին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը (ճարտարապետներ՝ Սպարտակ Կնտեխցյան և Թելման Գևորգյան) երևանցիների ամենասիրելի վայրերից մեկն էր։ Հենց դահլիճի տակ հեղինակներն առանձնացրել էին հասարակական տարածք, որտեղ բացօթյա սրճարան էր գործում։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո կինոթատրոնի շենքը սեփականաշնորհվեց և, քանի որ այն այդքան էլ լավ վիճակում չէր, պետք էր վերականգնողական աշխատանքներ անցկացնել։ Այդ նպատակով, վերականգնման պայմանով քանդվեցին Թումանյան փողոցում գտնվող բետոնե աստիճանները, որոնք էլ առանձնացնում էին ամառային դահլիճը փողոցից։ Ավելի ուշ ամառային դահլիճի տարածքում բացվեց ավտոլվացման կետ, հետո՝ սրճարան, որը փակեց դահլիճի մուտքը Թումանյանի կողմից: 2000-ականներին փորձեր եղան վերադարձնել Ամառային դահլիճին իր նախկին դերը. համերգներ, փառատոներ կազմակերպվեցին։ 2010-ի պայքարը նույնպես իր հիմքում դնում էր դահլիճի պահպանումն ու վերարժևորումը, սակայն, եթե դահլիճը պահպանել հաջողվեց, ապա վերարժևորելու տեսանկյունից իրավիճակը մնաց անփոփոխ։

36 37

#3(68) 2021


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.