ԵՐԵՎԱՆ #68 | 2021

Page 50

SOS ԵՐԵՎԱՆ 2013

Ոչ 150 դրամին 2013 ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ 2013 թվականի հուլիսի 20-ից մինչև 25-ը Երևան քաղաքում անցկացվեցին բողոքի ցույցեր՝ հիմնականում երիտասարդ ակտիվիստների նախաձեռնությամբ, ընդդեմ Երևանի քաղաքապետարանի այն որոշման, ըստ որի երթուղային տաքսիների ուղեվարձը պետք է թանկանար 50%-ով՝ 100 դրամի փոխարեն դառնալով 150 դրամ։ Դժգոհության պատճառներից մեկն այն էր, որ չնայած ուղեվարձի գնի բարձրացմանը, քաղաքապետարանի որոշման մեջ խոսք չէր գնում փոխադրող կազմակերպությունների պարտավորությունների մասին. երթուղայինների պարկն այն ժամանակ արդեն անմխիթար վիճակում էր։ Ակտիվիստները շրջում էին փողոցներում ու հորդորում մարդկանց վճարել նախկին 100 դրամը, իսկ ավտոմեքենաներ ունեցողները դրան զուգահեռ սկսեցին Free Car (անվճար մեքենա) նախաձեռնությունը, որով կանգառներում սպասող մարդկանց առաջարկում էին անվճար տեղափոխել որևէ ուղղությամբ։ Բողոքի ցույցերի արդյունքում հուլիսի 25-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց ուղեվարձի բարձրացման մասին որոշման գործողությունը։

ՎԱՀԱԳՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ճարտարագետ

Ինչի՞ց սկսվեց 150 դրամի ակցիան Ես չեմ սիրում ակտիվիստ բնորոշումը՝ որպես մտահոգ քաղաքացի եմ ներգրավվել շարժմանը։ Երկար ժամանակ է անցել ու շատ մանրամասն այժմ չեմ հիշում։ Օրինակ, կոնկրետ ո՞ր օրվանից է սկսվել շարժումը։ Սակայն տպավորվել է, որ անտանելի շոգ էր, հունիս-հուլիսն էր կարծես։ Գործողություններին միացա առաջին իսկ օրվանից։ Դրանք սկսվեցին որոշման հրապարակման օրը։ Մոտ 10-15 հոգի, որոնց մեծ մասն ընկերներս էին, Սիրահարների այգում մշակեցինք գործողությունների պլան, որը սկսվեց ամբողջ քաղաքի կենտրոնական հատվածներում՝ «Վճարում ենք 100 դրամ» գրությունը պատերին ու հատակին թողնելով։ Երբ լույսն արդեն բացվեց ու կանգառներում քաղաքացիների որոշակի ակտիվություն կար, սկսեցինք խոսել նաև նրանց հետ։ Հորդորում էինք պարզապես 100 դրամ վճարել ու անտեսել նոր որոշումը։ Մեծ մասն իհարկե ողջունում էին մեր քայլը։ Առաջին օրվա երկրորդ կեսին արդեն ակնհայտ էր, որ քաղաքացիները շատ մեծ արագությամբ միանում էին ակցիային՝ իրենց հետ բերելով նոր, կրեատիվ մտքեր։ Շուտով անհրաժեշտություն առաջացավ ամեն օրվա վերջում քննարկումներ կազմակերպել Մաշտոցի պուրակում, որը պայքարի յուրահատուկ խորհրդանիշ դարձավ։ Մինչև հիմա կարոտում եմ այդ օրերին Երևանի փողոցներում զգացվող էներգիան։ Քաղաքն ասես ժպտում էր մի տեսակ ու օդում հրաշալի, աննկարագրելի լարվածություն կար՝ զարթոնք և իրավագիտակցության։ Ես էլ 26 տարեկան երիտասարդ էի ու շարժմանը միանալու շարժառիթս մեկն էր՝ թույլ չտալ ապօրինի որոշման ընդունումը և հասնել սոցիալական արդարության։ Ուզում եմ մի կարևոր նկատառում էլ անել՝ այն ժամանակ բոլոր «գծատերերը» պաշտոնյաներ կամ նրանց բարեկամներն էին, որոնք ստանում էին գերշահույթներ, իսկ նման դեպքում տրանսպորտի գնի բարձրացումն անթույլատրելի հարստահարման դրսևորում էր։ Ընկերներս, ովքեր շարժման ակտիվ մասնակիցներից էին, գրեթե բոլորն ըստ էության խնդիր չունեին ֆիզիկապես վճարելու ավել որոշակի գումար։ Նրանք ունեին աշխատանք և բավական կայացած ու անկախ էին ֆինանսապես։ Մղումն անարդարությունը չհանդուրժելն էր։

48 49

#3(68) 2021


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.