11 minute read

Դաս 12. Ուխտի հավատ

ԴԱՍ 12

ՀՈՒՆԻՍԻ 12–18

Advertisement

ՈՒԽՏԻ ՀԱՎԱՏ

Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Գաղատացիներին 6.14, Հռոմեացիներին 6.23, Ա Հովհաննես 5.11, 13, Հռոմեացիներին 4.17, Ղևտական 7.18, Ղևտական 17.14, Հռոմեացիներին 5.1։

Հիշելու համարը. «Որ օրենքով Աստծու առաջ ոչ ոք չի արդարանում, դա հայտնի է, որովհետև «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։» (Գաղատացիներին 3.11)։

Շաբաթվա դասի հակիրճ ամփոփում. Ինչո՞ւ պետք է փրկությունը նվեր լինի։ Ինչո՞ւ միայն Աստծուն հավասար Մեկը կարող էր փրկագնել մեր հոգիները։ Ի՞նչն է Աբրահամին հավատի այդքան լավ ներկայացուցիչ դարձնում։ Ի՞նչ է նշանակում, որ արդարությունը «վերագրվում» կամ «համարվում» է մեզ։ Ինչպե՞ս կարող ենք խաչի խոստումներն ու հույսը մեր սեփականը դարձնել։

Քրիստոսի ծննդից մոտ յոթ դար առաջ Հոմերոսը գրեց Ոդիսականը՝ Ոդիսևսի՝ մեծ ռազմիկի պատմությունը, ով Տրոյական պատերազմի ժամանակ Տրոյա քաղաքը ջախջախիչ պարտության մատնելուց հետո սկսում է տասը տարի շարունակվող ճամփորդությունը դեպի իր հայրենիք՝ Իթակե։ Ճամփորդությունն այդքան երկար է տևում այն պատճառով, որ ճանապարհին նա բախվում է նավաբեկության, խռովության, փոթորիկների, հրեշների և այլ խոչընդոտների, որոնք թույլ չէին տալիս նրան հասնել իր նպատակին։ Ի վերջո, որոշելով, որ Ոդիսևսն արդեն բավականաչափ տառապել է, աստվածներն ընդհանուր հայտարարի են գալիս թույլ տալ, որ հոգնատանջ ռազմիկը վերադառնա իր տուն և ընտանիքի գիրկը։ Աստվածները համաձայնում են, որ Ոդիսևսի փորձությունները բավարար քավություն էին վերջինիս սխալների համար։

Դաս 12 115

Որոշ իմաստով մենք Ոդիսևսի հետ միանման իրավիճակում ենք. դեպի տուն տանող երկար ու ձիգ ճանապարհին ենք։ Սակայն կարևորագույն տարբերությունն այն է, որ հակառակ Ոդիսևսի՝ մենք երբեք չենք կարող «բավականաչափ տառապել»՝ վաստակելու դեպի տուն տանող ճանապարհը հաջողությամբ անցնելու մեր թույլտվությունը։ Երկնքի և երկրի միջև տարածությունը չափազանց մեծ է, որպեսզի կարողանանք ինքնուրույնաբար քավել մեր սխալները։ Եթե մենք հասնենք տուն, դա կլինի բացառապես Աստծո շնորհով։

ՄԻԱՇԱԲԹԻ

Խոհեր Գողգոթայի մասին

ՀՈՒՆԻՍԻ 13

Փրկության այն ճանապարհը, որն առաջարկվում է Հին Կտակարանում մովսեսական ուխտի շրջանակներում, ոչնչով չի տարբերվում Նոր Կտակարանում նոր ուխտի շրջանակներում առաջարկվող փրկության ճանապարհից։ Լինի դա Հին թե Նոր Կտակարանը, հին թե նոր ուխտը, փրկությունը միմիայն հավատով է։ Եթե փրկությունը հնարավոր լիներ վաստակել այլ ճանապարհներով՝ ասենք գործերով, այն կդառնար մի բան, որն Արարիչը պարտք կլիներ մեզ։ Միայն այն մարդիկ, ովքեր խորապես չեն գիտակցում մեղքի ողջ լրջությունը, կարող են կարծել, թե Աստված մեզ փրկելու ինչոր պարտավորվածություն ուներ։ Ընդհակառակը, եթե խոսենք պարտքի մասին, ապա կար ընդամենը մեկ պարտք, և դա այն էր, որը մենք պետք է վճարեինք խախտված օրենքի համար։ Մենք, բնականաբար, չէինք կարող պատշաճ կերպով վճարել այդ պարտքը։ Բարեբախտաբար, Հիսուսը կարողացավ։

«Երբ մարդիկ ունակ լինեն լիարժեքորեն ընկալելու այն մեծ զոհի կարևորությունը, որն արվեց երկնքի Փառահեղության կողմից մարդու փոխարեն մահանալով, այն ժամանակ փրկության ծրագիրը կմեծարվի, և Գողգոթայի մասին խոհերը քրիստոնյայի սրտում կարթնացնեն քնքուշ, սուրբ և կենդանի հույզեր։ Նրանց սրտերում և շուրթերին տեղ կգտնեն միայն փառաբանություններ՝ ուղղված Աստծուն և Գառին։ Հպարտությունն ու ինքնամեծարումը տեղ չեն գտնի այն սրտերում, որոնք իրենց հիշողության մեջ թարմ են պահում Գողգոթայի տեսարանները։ … Աշխարհի բոլոր գանձերը միասին վերցրած չունեն բավարար արժեք ընդամենը մեկ կործանվող

116 Դաս 12

հոգի փրկելու համար։ Ո՞վ կարող է չափել այն սերը, որը Քրիստոսը տածում է կործանվող աշխարհի նկատմամբ, որի դրդմամբ խաչը բարձրացավ՝ տառապելու մեղավոր մարդու մեղքերի համար։ Այդ սերը անչափելի, անվերջ էր։

Քրիստոսը ցույց տվեց, որ Իր սերը մահվանից ուժեղ էր։ Նա իրականացնում էր մարդու փրկությունը ու թեև ամենասաստիկ հակամարտության մեջ էր խավարի ուժերի հետ, այդուհանդերձ, նույնիսկ այդ ամենի մեջ, Նրա սերն ավելի ու ավելի էր ուժգնանում։ Նա դիմացավ նույնիսկ այն ցավին, որ Իր Հոր երեսն Իր առջև ծածկվեց, և հոգու խորագույն դառնությամբ բացականչեց. «Աստվա՛ծ Իմ, Աստվա՛ծ Իմ, ինչո՞ւ լքեցիր Ինձ», Նրա բազուկը փրկություն բերեց։ Վճարվեց մարդու փրկագնման գինը, երբ հոգեվարքի վերջին ակնթարթներին արտաբերվեցին օրհնյալ բառերը, որոնք ասես արձագանքում էին արարչագործությանը՝ կատարված է։

Գողգոթայի տեսարանները խորագույն հույզեր են առաջացնում։ Այս թեմայի շուրջ խորհելիս խանդավառություն դրսևորելն անխուսափելի է։ Մեր միտքն ու երևակայությունը երբեք ի զորու չեն լինի լիակատար կերպով ըմբռնել այն, որ Քրիստոսը, այդքան գերազանց ու անմեղ, ստիպված էր տառապել անասելի ցավալի մահով՝ Իր վրա կրելով աշխարհի մեղքերը։ Մենք պատկերացնել անգամ չենք կարող նման հրաշալի սիրո երկարությունը, լայնությունը, բարձրությունն ու խորությունը։ Փրկչի աննախադեպ սիրո խորության մասին մտորումները պետք է լցնեն մեր միտքը, դիպչեն մեր հոգուն և հալեցնեն այն, զտեն և վեհացնեն զգացմունքները և ամբողջությամբ վերափոխեն ողջ բնավորությունը»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 2, էջ 212, 213։

Աղոթքով խորհե՛ք այն մասին, ինչ Էլեն Ուայթը ներկայացնում է այստեղ։ Մտապահելով այդ գաղափարները՝ կարդացե՛ք Գաղատացիներին 6.14 համարն ու այնուհետև ինքներդ ձեզ հարցրեք՝ ի՞նչ կերպ կարող եմ պարծենալ Քրիստոսի խաչով։

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Ուխտն ու զոհը

ՀՈՒՆԻՍԻ 14

«Իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով՝ իբրև անբիծ ու անարատ գառան» (Ա Պետրոս 1.18, 19)։ Ի՞նչ

Դաս 12 117

նկատի ունի այստեղ Պետրոսը, երբ ասում է, որ մենք փրկվեցինք։

Երբ Պետրոսը խոսում է խաչի վրա Քրիստոսի քավիչ մահվան մասին, «փրկվելու» կամ փրկագնի գաղափարը, որը նա նշում է, մեզ հիշեցնում է հին աշխարհի ավանդույթների մասին, երբ ստրուկը կարող էր ազատագրվել, երբ միայն նրա համար որոշակի գին էր վճարվում (հաճախ ազգակցի կողմից)։ Դրան հակառակ, Քրիստոսը փրկեց մեզ մեղքի ստրկությունից և դրա վերջնական հետևանքից, որը մահն է, սակայն Նա դա արեց Իր «պատվական արյունով», Գողգոթայում Իր կամավոր փոխարինող մահվամբ։ Եվ կրկին, սա է բոլոր ուխտերի հիմնաքարը. առանց դրա ուխտն առ ոչինչ է դառնում, որովհետև դա կնշանակի, թե Աստված չի կարողացել արդարացիորեն կատարել գործարքի Իր մասը, այն է՝ բոլոր հավատացյալներին հավիտենական կյանքի պարգևը շնորհելը։

Կարդացե՛ք հետևյալ տեքստերը՝ Հռոմեացիներին 6.23, Ա Հովհաննես 5.11, 13։ Ի՞նչ ընդհանուր լուր են դրանք բոլորը պարունակում։

________________________________________________________________________ ________________________________________________________________________

Մենք ունենք հավիտենական կյանքի խոստումը, որովհետև միայն Հիսուսը կարող էր վերականգնել այն խզումը, որի պատճառով հենց սկզբից մենք կորցրինք հավիտենական կյանքը։ Ինչպե՞ս։ Որովհետև միայն Արարչի արդարությունն ու անսահման արժեքը կարող էին չեղարկել այն պարտավորվածությունը, որը մենք ունեինք խախտված օրենքի նկատմամբ. ահա թե որքան մեծ էր մեղքի պատճառած խախտումը։ Եվ ի վերջո, ի՞նչ կարծիք կկազմեինք Աստծո հավիտենական բարոյական օրենքի լրջության մասին, եթե մահկանացու և արարված մի էակ կարողանար վճարել դրա խախտման գինը։ Միայն Մեկը, Ով հավասար է հենց Աստծուն, Ում մեջ գոյություն ունի չփոխառնված, չսերված և հավիտենական կյանք, կարող էր վճարել այն փրկագինը, որն անհրաժեշտ էր մեզ մեղքի պատճառած մահվանից ազատագրելու համար։ Այսպես են իրականանում ուխտի բոլոր խոստումները, այսպես մենք ունենք հավիտենական կյանքի խոստումը նույնիսկ հիմա, այսպես մենք փրկագնվեցինք մեղքից և մահից։

Պատկերացրե՛ք, որ պատկերասրահում ինչոր մեկի երեխան թանաքով լցված փուչիկը պայթեցնում է Ռեմբրանդի գործերից մեկի վրա ևամբողջովին փչացնում այն։ Նկարը միլիոններ ար

118 Դաս 12

ժե։ Ծնողները չեն կարող անգամ այդ պարտքի գումարին մոտ գումար հավաքել, եթե նույնիսկ վաճառեն իրենց ողջ ունեցվածքը։ Ի՞նչ կերպ է այս իրավիճակն օգնում մեզ հասկանալ, թե որքան լուրջ խախտում մեղքը պատճառեց, թե որքան անօգնական ենք մենք այն ուղղելու մեր ջանքերում, և թե ինչու միայն Ինքը՝ Տերը կարող էր վճարել այդ պարտքը։

ԵՐԵՔՇԱԲԹԻ ՀՈՒՆԻՍԻ 15

Աբրահամի հավատը. մաս 1

«Աբրամը հավատաց Տիրոջը, և Նա նրա համար արդարություն համարեց այդ» (Ծննդոց 15.6)։

Այս տեքստը մնում է Սուրբ Գրքի ամենախորը պնդումներից մեկը։ Այն օգնում է հաստատել աստվածաշնչյան կրոնի կարևորագույն ճշմարտությունը՝ միայն հավատով արդարացումը, և այս տեքստը դա անում է հռոմեացիներին ուղղված իր նամակում այդ մասին Պողոսի գրելուց շատ դարեր առաջ։ Այս ամենը գալիս է ապացուցելու այն տեսակետը, որ փրկությունը միշտ տրվել է միևնույն ճանապարհով՝ սկսած Եդեմից մինչև մեր օրերը:

Համարի անմիջական համատեքստն օգնում է մեզ հասկանալ, թե որքան մեծ էր Աբրահամի հավատը, երբ նա հավատաց իրեն որդի տալու Աստծո խոստմանը՝ ի հեճուկս բոլոր այն ֆիզիկական ապացույցների, որոնք կարծես թե այդ խոստումն անհնարին էին դարձնում։ Սա այնպիսի հավատ է, որն օգնում է գիտակցել սեփական կատարյալ անօգնականությունը, որ պահանջում է եսի լիակատար ենթարկում, որ պահանջում է ամբողջությամբ անձնատուր լինել Տիրոջը, և որի արդյունքը հնազանդությունն է։ Այսպիսին էր Աբրահամի հավատը, և այն նրա համար «արդարություն» համարվեց։

Ինչո՞ւ է Աստվածաշունչն ասում, որ այն նրա համար արդարություն «համարվեց» կամ «վերագրվեց»։ Աբրահամն «արդա՞ր» էր Աստծո արդարության իմաստով։ Ի՞նչ արեց նա շատ կարճ ժամանակ հետո այն բանից, երբ Աստված հայտարարեց, որ նա արդար է. սա օգնում է մեզ հասկանալ, թե ինչու այդ արդարությունը համարվեց նրան՝ հակառակ այն բանի, թե ինչպիսին էր նա իրականում։

________________________________________________________________________ ________________________________________________________________________

Դաս 12 119

Աբրահամի կյանքը, որքան էլ այն հավատի և հնազանդության կյանք լիներ, կատարյալ հավատի և կատարյալ հնազանդության կյանք չէր։ Ժամանակ առ ժամանակ նա թուլություն էր ցուցաբերում երկու ոլորտներում էլ (սա ձեզ հիշեցնո՞ւմ է ձեր ծանոթներից որևէ մեկին)։ Այս ամենը հանգեցնում է այն կարևորագույն գաղափարին, որ մեզ փրկող արդարությունն այն արդարությունն է, որը շնորհվում է մեզ, որը վերագրվում է (օգտագործելով ընդունված աստվածաբանական եզրույթ) մեզ։ Սա նշանակում է, որ մենք Աստծո առջև արդար ենք հռչակվում՝ ի հեճուկս մեր սխալների, որ երկնքի Աստվածը մեզ դիտարկում է որպես արդար, թեև մենք այդպիսին չենք։ Այդպես էր Աբրահամի հետ, և այդպես կլինի բոլոր նրանց հետ, ովքեր գալիս են Նրա մոտ՝ լինելով «Աբրահամի հավատից» (Հռոմեացիներին 4.16)։

Կարդացե՛ք Հռոմեացիներին 4.1–7 համարները։ Ուշադրությո՛ւն դարձրեք այն համատեքստին, որտեղ Պողոսն օգտագործում է

Ծննդոց 15.6 համարը։ Աղոթքով կարդացե՛ք այդ տեքստերը և ձեր սեփական բառերով գրե՛ք, թե ըստ ձեզ՝ ինչ են դրանք ձեզ ասում։

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՀՈՒՆԻՍԻ 16

Աբրահամի հավատը. մաս 2

Կրկին կարդալով Ծննդոց 15.6 համարը՝ տեսնում ենք, որ տարբեր թարգմանություններ համարվեց (եբրայերեն խաշավ) բառը տարբեր կերպ են թարգմանել՝ «հաշվել», «վերագրել»։

Միևնույն եզրույթն օգտագործվում է նաև Մովսեսի գրքերում։ Անձը կամ իրը «հաշվվում» կամ «համարվում» է մի բան, ինչն իրականում չէ։ Օրինակ, Ծննդոց 31.15 համարում Ռաքելն ու Լիան հաստատում են, որ իրենց հայրն իրենց օտարականներ է «համարում» («հաշվում»), թեև իրենք նրա դուստրերն են։ Ղևտացիների տասանորդը «համարվում» («հաշվվում») է կալի ցորեն, թեև ակնհայտորեն ցորեն չէ (Թվեր 18.27, 30)։

Ինչպե՞ս է համարվելու գաղափարն արտահայտված զոհաբերությունների համատեքստում (Ղևտական 7.18, 17.1–4)։

________________________________________________________________________ ________________________________________________________________________

120 Դաս 12

Աստվածաշնչի թարգմանության Հակոբոս թագավորի տարբերակն օգտագործում է վերագրված բառը՝ եբրայերեն խաշավ բառը թարգմանելու համար։ Եթե մի որոշակի զոհաբերություն («խաղաղության զոհ») չի ուտվում մինչև երրորդ օրը, դրա արժեքը կորչում է, և այն չպետք է «համարվի» (Ղևտական 7.18, եբրայերեն՝ խաշավ) զոհ մատուցողին։ Ղևտական 7.18 համարը խոսում է այն իրավիճակի մասին, երբ զոհաբերությունը «համարվում» է զոհ մեղավորի համար (համեմատե՛ք Ղևտական 17.1–4 համարների հետ), ով հետո կանգնում է Աստծո առաջ արդարությամբ։ Աստված մեղավորին համարում է արդար, թեև այդ անձն իրականում արդար չէ։

Խորհե՛ք այն հիանալի ճշմարտության շուրջ, որ մենք, ի հեճուկս մեր սխալների, կարող ենք համարվել կամ հաշվվել արդար Աստծո աչքում։ Ձեր սեփական բառերով գրե՛ք, թե ինչպես եք հասկանում այս գաղափարի նշանակությունը։

________________________________________________________________________ ________________________________________________________________________

Այն մեծագույն ճշմարտությունը, որ մենք արդար ենք համարվում ոչ այն պատճառով, որ կարող ենք ինչոր բան անել, այլ միայն որովհետև հավատում ենք նրան, ինչ Քրիստոսն է արել մեզ համար, «հավատով արդարություն» արտահայտության էությունն է։ Այդուհանդերձ, մեր հավատն ինքնին մեզ արդար չի դարձնում, հավատն ավելի շուտ միջոց է, որով մենք ձեռք ենք բերում արդարության պարգևը։ Սա, ըստ էության, քրիստոնեության գեղեցկությունը, առեղծվածը և փառքն է։ Այն ամենը, ինչին մենք հավատում ենք որպես քրիստոնյաներ, որպես Քրիստոսի հետևորդներ, կարևոր արմատներ ունի այս հիասքանչ գաղափարում։ Հավատի միջոցով մենք համարվում ենք արդար Աստծո առաջ։ Այն ամենը, ինչ հետևում է՝ հնազանդություն, սրբագործում, սրբություն, բնավորության զարգացում, սեր, պետք է բխի այս կարևոր ճշմարտությունից։

Ինչպե՞ս եք պատասխանում այն անձին, ով կամենում է դառնալ քրիստոնյա, սակայն ասում է. «Ես ինձ արդար չեմ զգում»։

ՀԻՆԳՇԱԲԹԻ

ՀՈՒՆԻՍԻ 17

Հիմնվելով խոստումների վրա

Հայտնի կարդինալ Բելարմինի՝ կաթոլիկ եկեղեցու ջատագովներից մեկի մասին մի պատմություն են պատմում, ով իր ողջ կյան

Դաս 12 121

քը նվիրեց միմիայն վերագրված արդարությամբ արդարացման լուրի համար պայքարին։ Մահվան մահճում պառկած՝ նրան բերեցին սուրբերի խաչելությունների և արժանիքների գանձարանը՝ մահվանից առաջ նրան հավաստիացում տալու համար։ Սակայն Բելարմինն ասաց. «Հեռացրե՛ք այն։ Կարծում եմ Քրիստոսի արժանիքներին վստահելն ավելի ապահով է»։

Իրենց կյանքի վերջին մոտենալով՝ շատ մարդիկ հետ են նայում և տեսնում, թե որքան ունայն, ապարդյուն և անօգուտ են իրենց գործերն ու արարքները՝ սուրբ Աստծո փրկությունը վաստակելու համար, և թե իրենք Քրիստոսի արդարության կարիքը որքան շատ ունեն։

Բարի լուրն այն է, որ մենք չպետք է սպասենք մեր մահվան մոտենալուն, որպեսզի այդժամ ունենանք ապահովություն Տիրոջ մեջ։ Ողջ ուխտը հիմնված է Աստծո ապահով խոստումների վրա ներկայում, խոստումներ մեզ համար այսօր, խոստումներ, որոնք կարող են մեր կյանքն ավելի լավ դարձնել հիմա։

Կարդացե՛ք հետևյալ տեքստերը և պատասխանե՛ք յուրաքանչյուրի հետ տրված հարցին Աստծո հետ ձեր ուխտի հարաբերությունների զարգացման, պահպանման և ամրացման համատեքստում.

Սաղմսներ 34.8 (Ինչպե՞ս կարող եք ճաշակել Աստծո քաղցրությունը)։

________________________________________________________________________ ________________________________________________________________________

Մատթեոս 11.30 (Ի՞նչ կա մեզ համար Քրիստոսի արածի մեջ, ինչը թեթևացնում է այս լուծը)։

________________________________________________________________________ ________________________________________________________________________

Հռոմեացիներին 5.1 (Ի՞նչ կապ ունի արդարացումը խաղաղության հետ)։

________________________________________________________________________ ________________________________________________________________________

Փիլիպպեցիներին 2.7, 8 (Ի՞նչ եք ստացել Քրիստոսի փորձառությունից)։

________________________________________________________________________ ________________________________________________________________________

Աղոթքով ուսումնասիրե՛ք ձեր կյանքը և ինքներդ ձեզ հարցրեք՝ ի՞նչ եմ անում ես, ինչն ամրացնում է Աստծո հետ իմ հարաբերու

122 Դաս 12

թյունները, իսկ ի՞նչն է խոչընդոտում դրանց։ Ի՞նչ փոփոխություններ ես պետք է անեմ։

ՈՒՐԲԱԹ

ՀՈՒՆԻՍԻ 18

Հետագա ուսումնասիրության համար

«Միակ միջոցը, որով նա (մեղավորը) կարող է արդարության հասնել, հավատն է։ Հավատով նա կարող է Աստծո առաջ բերել Քրիստոսի արժանիքները, և Տերն Իր Որդու հնազանդությունը փոխանցում է մեղավորի հաշվին։ Մարդու ձախողման փոխարեն ընդունվում է Քրիստոսի արդարությունը, և Աստված ընդունում, ներում և արդարացնում է ապաշխարող հավատացող հոգուն, վերաբերվում է նրան, ասես վերջինս արդար լինի, և սիրում է նրան այնպես, ինչպես սիրում է Իր Որդուն։ Ահա թե ինչպես է հավատն արդարություն համարվում»։ Էլեն Ուայթ, Ընտիր լուրեր, գիրք 1, էջ 367։

«Երբ հավատով և ապաշխարությամբ մենք ընդունում ենք Քրիստոսին որպես մեր Փրկիչ, Տերը ներում է մեր մեղքերը և չեղարկում այն պատիժը, որը նախատեսված է օրենքը խախտելու համար։ Դրանից հետո մեղավորն Աստծո առաջ կանգնում է որպես արդար մեկը, վայելում է Երկնքի բարեհաճությունը և Հոգու միջոցով շփվում է Հոր և Որդու հետ։

Եվս մի գործ կա, որ դեռ պետք է իրականացվի, և այդ գործը զարգացող բնույթ ունի։ Հոգին պետք է սրբագործվի ճշմարտության միջոցով։ Եվ սա նույնպես իրականացվում է հավատի միջոցով։ Քանի որ միայն Քրիստոսի շնորհի միջոցով է, որը մենք ստանում ենք հավատի միջոցով, որ բնավորությունը կարող է վերափոխվել»։ Էլեն Ուայթ, Ընտիր լուրեր, գիրք 3, էջ 191։

Հարցեր քննարկման համար

1. Ինչպե՞ս են տարբերակվում կենդանի և մեռած հավատները (Հակոբոս 2.17, 18)։ Ինչպե՞ս է Պողոսը նկարագրում կենդանի հավատը (Հռոմեացիներին 16.26)։ Ո՞րն է այն բանալի բառը, որն օգնում է հասկանալ, թե ինչ հետևանքներ է ունենում հավատը։ 2. Ինչպե՞ս եք պատասխանում այն փաստարկին (որը գալիս է որոշակի տրամաբանական հետևողականությամբ), թե եթե մենք փրկվում ենք բացառապես մեզ համարված արդարությամբ, և ոչ

Դաս 12 123

այն արդարությամբ, որը գոյություն ունի մեր մեջ, ապա կարևոր չէ, թե ինչ ենք մենք անում կամ ինչպես ենք մենք ապրում։ 3. «Աստված մեզ ընդունում է բացառապես Իր սիրելի Որդու միջոցով, իսկ բարի գործերը ոչ այլ ինչ են, քան Նրա՝ մեղքեր ներող սիրո ներգործություն։ Բարի գործերը մեր հաշվին ոչինչ չեն ավելացնում, և մենք չենք կարող դրանց հիման վրա հավակնել մեր փրկության մեջ որևէ դեր ունենալուն։ … Նա (հավատացյալը) չի կարող ներկայացնել իր բարի գործերը որպես իր հոգու փրկության փաստարկ»։ Էլեն Ուայթ, Ընտիր լուրեր, գիրք 3, էջ 199։ Մտապահելով այս մեջբերումը՝ ինչո՞ւ են այդ դեպքում բարի գործերը քրիստոնեական ընթացքի այդքան կարևոր մաս կազմում։

Ամփոփում.

Հին ուխտ, նոր ուխտ. Հիսուսը վճարեց օրենքի պարտքը, որպեսզի մենք կարողանանք արդար կանգնել Աստծո առաջ։

124 Դաս 12

This article is from: