12 minute read
Դաս 13. Նոր ուխտի կյանք
ԴԱՍ 13
ՀՈՒՆԻՍԻ 19–25
Advertisement
ՆՈՐ ՈՒԽՏԻ ԿՅԱՆՔ
Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ա Հովհաննես 1.4, Հովհաննես 5.24, Հռոմեացիներին 3.24, 25, Բ կորնթացիներին 5.21, Ա Հովհաննես 4.16, Հայտնություն 2.11, Հայտնություն 20.6, 14, Հայտնություն 21.8։
Հիշելու համարը. «Ես եկա, որ Իմ ոչխարները կյանք ունենան և առատ կյանք» (Հովհաննես 10.10)։
Շաբաթվա դասի հակիրճ ամփոփում. Ինչո՞ւ մենք պետք է ուրախություն զգանք։ Ինչի՞ հիման վրա կարող ենք հավակնել այդ խոստմանը։ Ի՞նչ կա ուխտի մեջ, որ պետք է ազատի մեզ հանցանքի բեռից։ Ի՞նչ է նշանակում ունենալ նոր սիրտ։
Այս եռամսյակ ուսումնասիրեցինք ուխտը, որը (կրճատելով այն իր ամենապարզ, ամենամաքուր ձևին), ըստ էության, Աստծո խոսքն է, որն ասում է՝ ահա թե ինչպես Ես կփրկեմ ձեզ մեղքից, վերջակետ։
Թեև ուխտի խոստման մեծագույն արդյունքը, մեծ եզրափակիչը, իհարկե, նոր երկրում հավիտենական կյանքն է, ուխտի օրհնություններն այսօր վայելելու համար հարկավոր չէ սպասել դրան։ Աստծո համար կարևոր է մեր կյանքը հիմա, Նա լավագույնն է կամենում մեզ համար հիմա։ Ուխտը գործարք չէ, որի շրջանակներում պետք է անեք այս, այս, հետո էլ այս, այնուհետև երկարուձիգ տարիներ սպասեք դրա արդյունքին։ Պարգևներն ու նվերներն այն օրհնություններն են, որոնք հավատով ուխտի հարաբերությունների մեջ մտած մարդիկ վայելում են այստեղ և հիմա։
Այս շաբաթվա դասը, որը ուխտի մասին պատմող շարքի վերջին դասն է, կանդրադառնա այս անմիջապես տրվող օրհնություններին, որոշ խոստումներին, որոնք գալիս են մեր հոգու վրա հեղված Աստծո շնորհից, որովհետև երբ Նա թակում էր մեր սրտի դուռը, մենք բացել ենք այն։ Իհարկե, օրհնություններն անհամեմատ ավելի շատ
Դաս 13 125
են, քան մենք կարող ենք դիտարկել այս մեկ շաբաթվա ընթացքում։ Սակայն սա ընդամենը սկիզբն է մի բանի, որը, իսկապես որ, երբեք չի ավարտվի։
ՄԻԱՇԱԲԹԻ
Ուրախություն
ՀՈՒՆԻՍԻ 20
«Եվ սա գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի» (Ա Հովհաննես 1.4)։
Ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչ է Հովհաննեսը գրում այստեղ։ Մի քանի պարզ բառերով նա արտահայտում է այն, ինչը մեր մեծագույն առավելությունն է որպես ուխտի ժողովուրդ, և դա ուրախության խոստումն է։
Մեզ՝ որպես քրիստոնյաների, հաճախ են հորդորում չառաջնորդվել զգացմունքներով, որ հավատը զգացմունք չէ, և որ մենք պետք է վեր լինենք մեր զգացմունքներից, և այս ամենն իսկապես ճիշտ է։ Սակայն, միևնույն ժամանակ, մենք զուրկ կլինեինք մարդ արարածին հատուկ ամեն ինչից, եթե չունենայինք զգացմունքներ, հույզեր և տրամադրություն։ Մենք չենք կարող ժխտել մեր զգացմունքայնությունը, սակայն պետք է հասկանանք այդ զգացմունքները, դրանց տանք իրենց պատշաճ դերը և, ըստ հնարավորին, դրանք պահենք վերահսկողության ներքո։ Սակայն ժխտել դրանք՝ նշանակում է ժխտել մեր մեջ այն, ինչը մեզ մարդ է դարձնում (դա մոտավորապես նույնն է, երբ ասում ենք, թե շրջանը կլոր չէ)։ Եվ իսկապես, ինչպես վերը նշված տեքստն է ասում, մենք պետք է ոչ միայն ունենանք զգացմունքներ (տվյալ դեպքում ուրախություն), այլև դրանք պետք է կատարյալ լինեն։ Հազիվ թե տեքստը նկատի ունենա մեր զգացմունքները ժխտելը, այնպես չէ՞։
Կարդացե՛ք վերը նշված համարի համատեքստը՝ սկսելով գլխի սկզբից։ Ի՞նչ էր գրում Հովհաննեսը վաղ քրիստոնյաներին, որը նա հույս էր փայփայում, որ նրանց ուրախությունը կատարյալ կդարձներ։ Եվ ինչո՞ւ այն պետք է նրանց ուրախություն տար։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Հովհաննեսն առաջին տասներկու աշակերտներից մեկն էր։ Նա ներկա էր Քրիստոսի՝ երեքուկես տարի տևած ծառայության հա
126 Դաս 13
մարյա ամենասկզբից, Հիսուսի ամենահրաշալի գործերի վկաներից էր (նա ներկա էր նաև խաչելությանը, Գեթսեմանին և այլակերպությանը)։ Ուստի որպես վկա՝ նա, բնականաբար, իրավունք ուներ խոսել այս թեմայի մասին։
Սակայն, ուշադրությո՛ւն դարձրեք, որ նա շեշտը չի դնում իր անձի վրա, այլ շեշտադրում է այն, թե Հիսուսն ինչ է արել աշակերտների համար, որ նրանք այժմ շփման հնարավորություն ունենան ոչ միայն միմյանց, այլև Աստծո հետ։ Տիրոջ հետ նման մտերիմ հարաբերություններ ունենալու ճանապարհը մեզ համար բացել է Հիսուսը, և այս հարաբերության, այս ընկերակցության արգասիքներից մեկն ուրախությունն է։ Հովհաննեսը կամենում է, որ նրանք իմանան, որ այն, ինչ լսել են Հիսուսի մասին, ճշմարիտ է (ինքն անձամբ տեսել, դիպել, զգացել և լսել է Նրան), ուստի նրանք ևս կարող են իրենց երկնային Հոր հետ ուրախություն բերող հարաբերությունների մեջ մտնել, Ով սիրում է նրանց և Իր Որդու միջոցով Իրեն տվել է նրանց համար։
Որոշակի իմաստով Հովհաննեսն անձնական վկայություն է տալիս։ Ի՞նչ վկայություն ունեք դուք Հիսուսի հետ ունեցած ձեր հարաբերությունների վերաբերյալ։ Ի՞նչ կարող եք ասել, ինչը կարող է ավելացնել ինչոր մեկի ուրախությունը Տիրոջ մեջ, ինչպես Հովհաննեսն էր փորձում անել՝ համաձայն վերը նշված տեքստի։
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Հանցանքից ազատ
ՀՈՒՆԻՍԻ 21
«Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար» (Հռոմեացիներին 8.1)։
Մի երիտասարդ կին դաժանաբար սպանվել էր, մարդասպանն անհայտ էր։ Ոստիկանությունը որոշեց ծուղակ պատրաստել և գաղտնալսող սարք տեղադրեց կնոջ գերեզմանին։ Կնոջ մահից շատ ամիսներ անց, մի երեկո, երիտասարդ մի տղամարդ մոտեցավ կնոջ գերեզմանին. նա ծնկաչոք ու հեկեկալով ներողություն էր խնդրում կնոջից։ Ոստիկանները, հիմնվելով նրա խոսքերի վրա, ձերբակալեցին նրան կատարած հանցանքի համար։
Ի՞նչը դրդեց մարդուն գալ գերեզմանի մոտ։ Մեղքի զգացողությունը, ուրիշ ի՞նչ։
Դաս 13 127
Իհարկե, թեև մեզնից ոչ ոք չի արել (մենք հույս ունենք) այնքան վատ բան, որքան այս երիտասարդը, բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս էլ արել ենք բաներ, որոնցից ամաչում ենք, բաներ, որոնք շատ կցանկանայինք չեղարկել, սակայն չենք կարող։
Հիսուսի և նոր ուխտի արյան շնորհիվ մեզնից ոչ ոք ստիպված չէ ապրել մեղքի խարանի տակ։ Այսօրվա տեքստի համաձայն՝ մեզ համար ոչ մի դատապարտություն չկա։ Գերագույն Դատավորը մեզ համարում է անմեղ, մեզ տեսնում է այնպիսին, ասես մենք չենք արել այն բաները, որոնց համար մեղքի զգացողություն ունենք։
Ինչպե՞ս են հետևյալ տեքստերն օգնում մեզ հասկանալ Հռոմեացիներին 8.1 համարը՝ Հովհաննես 5.24, Հռոմեացիներին 3.24, 25, Բ Կորնթացիներին 5.21։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Տիրոջ հետ ուխտի հարաբերություններում ապրելու ամենահիասքանչ խոստումներից մեկն այն է, որ մենք այլևս ստիպված չենք ապրելու մեղքի բեռի ներքո։ Ուխտի արյան շնորհիվ մեր վրայից վեր է առնվում մեղքի բեռը, երբ ընտրում ենք Աստծո հետ ուխտի հարաբերությունների մեջ մտնել, երբ ընտրում ենք ապրել հավատի, ապաշխարության և հնազանդության պայմաններով։ Երբ սատանան փորձում է շշնջալ մեր ականջին, որ մենք չար ենք, վատն ենք, չափազանց մեղավոր ենք Աստծո կողմից ընդունված լինելու համար, կարող ենք անել այն, ինչ Հիսուսն արեց, երբ սատանան փորձում էր Նրան անապատում. կարող ենք մեջբերել Սուրբ Գիրքը, և լավագույն տեքստերից մեկն է Հռոմեացիներին 8.1 համարը։ Սա բնավ չի նշանակում, թե մեր կյանքում մեղքի իրողությունը հերքվում է, սա նշանակում է, որ Տիրոջ հետ ունեցած ուխտի հարաբերությունների շնորհիվ մենք այլևս չենք ապրում այդ մեղքի դատապարտության ներքո։ Հիսուսը վճարել է տույժը մեր փոխարեն և այժմ կանգնած է Հոր ներկայության մեջ՝ Իր սեփական արյունը ներկայացնելով մեզ համար, Իր սեփական արդարությունը ներկայացնելով մեր մեղքերի փոխարեն։
Ի՞նչն է փոխվում ձեր կյանքում այն մտքից, որ Տերը ներել է ձեզ՝ անկախ ձեր գործած մեղքերից։ Ինչպե՞ս է այդ իրողությունն օգնում ձեզ այն մարդկանց հետ վարվելիս, ովքեր մեղավոր են ձեր առաջ։ Ինչպե՞ս պետք է այդ գաղափարն ազդի այդ մարդկանց հետ ձեր վերաբերմունքի վրա։
128 Դաս 13
ԵՐԵՔՇԱԲԹԻ
Նոր ուխտ և նոր սիրտ
ՀՈՒՆԻՍԻ 22
«Որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ են լայնությունը և երկարությունը, բարձրությունը և խորությունը, ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծու ամբողջական լիությամբ լցվեք» (Եփեսացիներին 3.17–19)։
Ինչպես ցույց տվեցին այս եռամսյակի ավելի վաղ դասերը, նոր ուխտն այն ուխտն է, որի ժամանակ Տերն օրենքը դնում է մեր սրտում (Երեմիա 31.31–33)։ Մեր սրտում ոչ միայն օրենքն է, այլև այսօրվա դասի համաձայն՝ նաև Քրիստոսը. սա, իհարկե, իմաստ ունի, քանի որ Քրիստոսն ու Իր օրենքը սերտորեն կապված են։ Այսպիսով, մեր սրտերում բնակվող Քրիստոսով և Նրա օրենքով (վերը նշված համարում բնակվել թարգմանված հունարեն բառը նշանակում է նաև տեղավորվել, ինչը հարատևության գաղափար է փոխանցում), մենք հասնում ենք նոր ուխտի հրաշալի առավելություններից մյուսին՝ նոր սիրտ ունենալուն։
Ինչո՞ւ է մեզ նոր սիրտ հարկավոր։ Ի՞նչ փոփոխություններ կերևան նրանց մեջ, ովքեր նոր սիրտ ունեն։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Նորի՛ց կարդացեք այսօրվա տեքստը։ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ Պողոսը շեշտադրում է սիրո գործոնը՝ ասելով, որ մենք պետք է դրա մեջ «արմատացած և հաստատված» լինենք։ Այս բառերը ենթադրում են կայունություն, հաստատակամություն և հարատևություն սիրո մեջ։ Մեր հավատը կշիռ չունի, եթե այն արմատացած չէ ինչպես Աստծո, այնպես էլ ուրիշների նկատմամբ ունեցած սիրո մեջ (Մատթեոս 22.37–39, Ա Կորնթացիներին 13)։ Այս սերը չի գալիս մարդկանցից ու աշխարհից կտրված պայմաններում ապրելիս։ Ընդհակառակը, այն մեզ այցելում է, երբ մենք տեսնում ենք Աստծո սերը մեր նկատմամբ (սեր, որը «գերազանցում է ամեն գիտություն»), որը դրսևորվում է Հիսուսի միջոցով։ Որպես արդյունք՝ փոխվում է մեր կյանքը, մեր սիրտը, մենք դառնում ենք նոր մարդիկ նոր մտածե
Դաս 13 129
լակերպով, նոր փափագներով և նպատակներով։ Սա մեր արձագանքն է մեր հանդեպ ունեցած Աստծո սիրուն, որը փոխում է մեր սրտերը և այն լցնում է ուրիշների նկատմամբ սիրով։ Միգուցե հենց այս նկատի ունի Պողոսը, գոնե մասամբ, երբ խոսում է «Աստծո լիությամբ» լցված լինելու մասին։
Կարդացե՛ք Ա Հովհաննես 4.16 համարը։ Ի՞նչ առնչություն ունի այս տեքստը նրա հետ, ինչ Պողոսը գրել է Եփեսացիներին 3.17–19 համարներում։ Կարդացե՛ք այն տեքստերը, որոնք ուսումնասիրել ենք այսօր։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ի՞նչ կարող եք անել, ինչը թույլ կտա, որ այս տեքստերի խոստումներն իրականություն գտնեն ձեզանում։ Կա՞ն արդյոք բաներ, որոնք պետք է փոխեք, ևորոնք, հնարավոր է, խանգարում են ձեզ վերապրել «Աստծո լիությունը» (Եփեսացիներին 3.19)։
Կազմե՛ք ցուցակ այն փոփոխությունների, որոնք պետք է կատարեք ձեր կյանքում։ Եթե դեմ չեք, կարող եք կազմել ևս մեկը, որով կարող եք կիսվել ձեր դասարանի հետ։ Ինչպե՞ս կարող եք օգնել միմյանց կատարել անհրաժեշտ փոփոխությունները։
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 23
Նոր ուխտ և հավիտենական կյանք
«Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։ Եվ ամեն ոք, ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհաննես 11.25, 26)։
Հավիտենական կյանքն ունի երկու հարթություն։ Ներկա հարթությունը հավատացյալին տալիս է լիառատ կյանք այժմ (Հովհաննես 10.10), որը ներառում է այն բազմաթիվ խոստումները, որոնք մեզ տրվել են այս կյանքի համար, հիմա։
Ապագա հարթությունը, բնականաբար, հավիտենական կյանքն է՝ մարմնի հարության խոստումը (Հովհաննես 5.28, 29, Հովհաննես 6.39)։ Թեև սա ապագայի իրադարձություն է, սակայն մի բան է, ինչն իմաստ է տալիս մնացած ամեն ինչի, իրադարձություն, որը գլխավորում է մեր՝ քրիստոնյաներիս բոլոր հույսերը։
130 Դաս 13
Կարդացե՛ք այսօրվա տեքստը։ Ի՞նչ է Հիսուսն ասում այստեղ։
Ո՞ւր է, որտե՞ղ է հավիտենական կյանքը։ Ինչպե՞ս ենք հասկանում Նրա խոսքը, որ նրանք, ովքեր ապրում են և հավատում են
Իրեն, նույնիսկ եթե մեռնեն, երբեք չեն մեռնի (տե՛ս Հայտնություն 2.11, Հայտնություն 20.6, 14, Հայտնություն 21.8)։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Իհարկե՛, մենք բոլորս մահանալու ենք, սակայն ըստ Հիսուսի՝ այս մահն ընդամենը քուն է, ժամանակավոր դադար Իրեն հավատացողների համար, և այն կավարտվի հարությամբ։ Երբ Քրիստոսը վերադառնա, Քրիստոսով ննջածները հարություն կառնեն անմահությամբ, իսկ Քրիստոսի այն հետևորդները, ովքեր կենդանի են մնացել, մի ակնթարթում անմահություն կհագնեն։ Քրիստոսի բանակում գտնվող թե՛ մեռածները, թե՛ ողջերը կունենան միևնույն անապական մարմինը։ Հենց այդ ժամանակվանից Աստծո ժողովրդի համար կսկսվի անմահությունը։
Ինչպիսի՜ ուրախություն է իմանալ, որ ոչ թե գերեզմանը մեր վերջն է, այլ մենք վերջ չունենք, որ մենք նոր կյանք ենք ունենալու, որը կլինի հավերժ։
«Քրիստոսը մեկ մարմին դարձավ մեզ հետ, որպեսզի մենք կարողանանք մեկ հոգի դառնալ Նրա հետ: Այս միության շնորհիվ է, որ մենք պիտի դուրս գանք գերեզմանից, և ոչ միայն այն պատճառով, որ Քրիստոսը կդրսևորի Իր զորությունը, այլ որովհետև հավատի միջոցով Նրա կյանքը դարձել է մերը: Նրանք, ովքեր ճանաչում են Քրիստոսին Իր ճշմարիտ էությամբ և ընդունում Նրան իրենց սրտի մեջ, հավիտենական կյանք ունեն: Հոգու միջոցով է, որ Քրիստոսը բնակվում է մեր մեջ, և հավատով սրտի մեջ ընդունված Աստծո Հոգին հավիտենական կյանքի սկիզբն է»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 388։
Ինչպե՞ս կարող ենք հիմա վայելել հավիտենական կյանքի առավելությունը։ Այլ խոսքերով, ի՞նչ է այդ խոստումն անում մեզ համար հիմա։ Գրի՛ առեք որոշ առավելություններ, որոնք հավիտենական կյանքի այս խոստումը տալիս է ձեզ անձնապես, ձեր առօրյա կյանքում։ Ինչպե՞ս կարող եք այս հույսն ու խոստումը կիսել ինչոր մեկի հետ, ով միգուցե տառապում է սիրելի մարդու մահվան պատճառով։
Դաս 13 131
ՀԻՆԳՇԱԲԹԻ ՀՈՒՆԻՍԻ 24
Նոր ուխտ ևառաքելություն
«Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.19, 20)։
Ամբողջ աշխարհում մարդիկ հաճախ տառապում են նրանից, ինչ հարավաֆրիկացի գրող Լորենս վան դեր Պոստն անվանել է «անիմաստության բեռ»։ Մարդիկ գիտակցում են, որ ունեն կյանքի պարգևը, սակայն չգիտեն, թե ինչ անել դրա հետ, չգիտեն, թե որն է այդ պարգևի նպատակը, չգիտեն ինչպես օգտագործել այն։ Դա նման է այն իրավիճակին, երբ մեկին նվիրում են հազվագյուտ գրքերով լի մի գրադարան, սակայն որպեսզի այդ մարդը ոչ թե կարդա այդ գրքերը, այլ վառարանը նետի, վառի ու տաքանա դրանցով։ Որքա՜ն սարսափելի վատնում մի բանի, ինչն այդքան թանկ է։
Նոր ուխտի քրիստոնյաների համար, այդուհանդերձ, այդ խնդիրը բնավ արդիական չէ։ Ընդհակառակը, նրանք, ովքեր գիտեն (և անձամբ վերապրել են) խաչված և հարություն առած Փրկչի հրաշալի լուրը, Ով մահացավ երկրի բոլոր ծայրերում ապրող յուրաքանչյուր մարդու մեղքերի համար, որպեսզի նրանք բոլորը հավիտենական կյանքի հնարավորություն ունենան, գիտեն, թե ինչ ասել է ուրախություն։ Հաշվի առնելով Մատթեոս 28.19, 20 համարների հստակ կոչը՝ հավատացյալը որոշակի առաքելություն և նպատակ ունի իր կյանքում, և դա աշխարհին այն հրաշալի ճշմարտությունը հայտնելն է, որն ինքն անձամբ վերապրել է Հիսուս Քրիստոսի մեջ։ Ինչպիսի՜ առավելություն։ Մեծ հաշվով այն ողջ գործունեությունը, որը ծավալում ենք այս աշխարհում, կավարտվի աշխարհի վերջի հետ մեկտեղ։ Սակայն ուրիշներին բարի լուրը հայտնելը մի գործ է, որը հետք կթողնի հավիտենության վրա։ Խոսե՛ք առաքելության և նպատակի իմաստի մասին։
Այսօրվա տեքստերը բաժանեք տարբեր մասերի։ Որո՞նք են այն որոշակի բաները, որոնք Հիսուսն ասում է մեզ անել, ի՞նչ է ներգրավված դրանցից յուրաքանչյուրում։ Ի՞նչ խոստում մենք ունենք, ինչը մեզ հավատ և քաջալերանք պետք է տա, որպեսզի անենք այն, ինչ Քրիստոսը հրամայում է։
________________________________________________________________________
132 Դաս 13
Որպես նոր ուխտի քրիստոնյաներ՝ մեզ հստակ հանձնարարություն է տրվել Իր՝ Աստծո կողմից։ Ով էլ որ մենք լինենք, ինչպիսին էլ որ լինի մեր կյանքի իրավիճակը, ինչպիսի սահմանափակումներ էլ որ ունենանք, մենք բոլորս կարող ենք դեր խաղալ։ Ինչոր բան արե՞լ եք։ Կարո՞ղ եք ավելին անել։ Ի՞նչ կարող է անել ձեր դասարանը միասին՝ այս գործում մեծ դեր ունենալու համար։
ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆԻՍԻ 25
Հետագա ուսումնասիրության համար
Կարդացե՛ք Էլեն Ուայթի Մեծ պայքար գրքի 578593 էջերի «Աստծո ժողովրդի ազատագրումը» և Քայլեր դեպի Քրիստոս գրքի 145159 էջերի «Ուրախություն Տիրոջ մեջ» գլուխները։
«Աստծո սուրբ Որդին չուներ սեփական մեղք կամ վիշտ, Նա կրում էր ուրիշների վշտերը, քանի որ Նրա վրա էին դրված մեր բոլորի անօրենությունները։ Աստվածային կարեկցանքով Նա կապվեց մարդկությանը և որպես մարդկային ցեղի ներկայացուցիչ՝ համաձայնեց, որ Իր հետ վարվեն ինչպես օրինախախտի։ Նա նայում է վշտի անդունդին, որն առաջացել է մեր մեղքերի արդյունքում, և առաջարկում է կամրջել մարդուն Աստծուց բաժանող խորխորատը»։ Էլեն Ուայթ, Աստվածաշնչի արձագանք և ժամանակների նշաններ, 1892թ. օգոստոսի 1։
«Ե՛կ, եղբայր ի՛մ, ե՛կ այնպիսին, ինչպիսին կաս՝ մեղավոր և աղտոտված։ Մեղքիդ բեռը դի՛ր Հիսուսի վրա և հավատով ներկայացրո՛ւ Նրա արժանիքները։ Ե՛կ հիմա, քանի դեռ ողորմությունը վեր չի առնվել, ե՛կ խոստովանությամբ, հոգու զղջումով, և Աստված առատապես կների։ Չհամարձակվե՛ս կորցնել այս հնարավորությունը ևս։ Լսի՛ր ողորմության ձայնը, որն այժմ աղերսում է քեզ հարություն առնել մեռելներից, որպեսզի Քրիստոսը կարողանա քեզ լույս տալ։ Հիմա կարծես յուրաքանչյուր պահ ուղղակիորեն կապված է անտեսանելի աշխարհի ճակատագրերի հետ։ Թույլ մի՛ տուր, որ քո հպարտությունն ու անհավատությունը ստիպեն քեզ շարունակել մերժել առաջարկվող ողորմությունը։ Եթե շարունակես մերժել, վերջում կողբաս. «Հունձքն անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք»»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 5, էջ 353։
Դաս 13 133
Հարցեր քննարկման համար
1. «Մեզ տիեզերքի հետ համեմատելիս, գրել է Ֆրանցիսկո Խոսե Մորենոն, գիտակցում ենք մեր տգիտությունը և վերջնական անզորությունը, որից և ձևավորվում է մեր անվստահությունը։
Արդյունքում մենք սկսում ենք վախենալ»։ Հավատի և բանականության միջև. հիմնական վախերը և մարդու իրավիճակը (Նյու
Յորք, Հարփեր և Ռոու հրատարակչություն, 1977թ.), էջ 7։ Համեմատե՛ք այս պնդումը նրա հետ, ինչ այս շաբաթ ուսումնասիրեցիք Եփեսացիներին 3.17–19 համարներում։ Քննարկե՛ք երկու զգացողությունների միջև եղած տարբերությունը։ 2. Որպես Հիսուսին հավատացողների՝ Աստված մեզ ուրախություն է խոստանում։ Արդյո՞ք ուրախությունը նույնն է, ինչ երջանկությունը։ Պե՞տք է արդյոք մենք միշտ երջանիկ լինենք։ Եթե չենք, արդյո՞ք մի բան այն չէ մեր քրիստոնեական ընթացքի հետ։ Ի՞նչ կարող է բացահայտել Հիսուսի կյանքը, ինչը կօգնի մեզ հասկանալ այս հարցերի պատասխանները։ 3. Քննարկե՛ք «Աստծո լիությամբ» լցված լինելու գաղափարը (Եփեսացիներին 3.19)։ Ի՞նչ է դա նշանակում։ Ինչպե՞ս կարող ենք վերապրել դա մեր կյանքում։
Ամփոփում.
Ուխտը պարզապես խորն աստվածաբանական գաղափար չէ, այն սահմանում է Քրիստոսի հետ ունեցած մեր փրկարար հարաբերությունների պարամետրերը, հարաբերություններ, որոնք մեզ հրաշալի պտուղներ են տալիս այժմ և կտան նաև Նրա վերադարձին։
134 Դաս 13