5 minute read

Այլընտրանք

Հետո ի՞նչ, որ ուսանող ես

Դասական երաժշտության ժամանակակից ոլորտը չափազանց մրցակցային է։ Մասնագիտական առավել հավակնոտ երազանքների իրականացման ճանապարհին անհրաժեշտ է գործնական փորձառություն ձեռք բերել դեռևս ուսանողական տարիներին։ Դրա համար լավագույն հարթակը Հայաստանում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան է։ Վերջինիս անցյալի, ներկայի և ապագայի մասին զրուցեցինք ստուդիայի տնօրեն, կոնսերվատորիայի Բարեկամների հիմնադրամի ղեկավար, օպերային երգիչ և մշակութային մենեջեր Հայկ Վարդանյանի հետ։

Advertisement

Առանց մուտքի

Պարզվում է՝ Երևանում ոչ թե մեկ, այլ երկու օպերային դահլիճ կա։ Այնպիսին, որտեղ հնարավոր է ամբողջական օպերային բեմադրություններ անել, դե, այն դահլիճներից, որ սիմֆոնիկ նվագախմբի փոս էլ ունի։ Սա, իհարկե, ավելի փոքր է և նույնիսկ առանձին մուտք չունի վերջին տասնամյակում։ Անվերահսկելի կապիտալիզմի օրենքների համաձայն՝ հանդիսատեսի համար նախատեսված մուտքն ինչ-որ բար էր զբաղեցնում և դահլիճ հասնելու համար պետք էր անցնել կոնսերվատորիայի միջանցքներով։ Բայց դա ոչինչ, մուտքը շուտով կվերադարձվի, իսկ դահլիճն ամբողջ 300 նստատեղ ունի։ Նախկինում 400 էր, հետո վերանորոգեցին ու աթոռները չգիտես ինչու հեռու-հեռու դասավորեցին, բայց դա էլ ոչինչ, դահլիճն ամբողջական է, պարտեր, օթյակ ու էն մեծ ջահից, որ ներկայացումից առաջ առաստաղին ես նայում ու ինքդ քեզ տալիս աշխարհի ամենահիմար հարցը. տեսնես էդ ո՞նց են առաստաղից

կախել (ու ո՞նց են փոշին սրբում վրայից)։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան է։ Նման կամերային մասշտաբների ու խնդիրների հետ մեկտեղ հզոր ձայներ է պատրաստել։ Կար ժամանակ՝ Ռուզան Մանթաշյանն այդտեղ «Տրավիատայից» հատվածներ էր կատարում, այսօր արդեն Լա Սկալայի բեմում է։

Հարուստ բովանդակություն

Ստուդիան կառուցվել է 1980 թվականին, թեև նախագծման աշխատանքները սկսվել էին դեռևս 60-ականներից։ Նախագծման վրա աշխատել են անվանի ճարտարապետներ Գևորգ Թամանյանն ու Գևորգ Մուշեղյանը։ Այդ ժամանակ էր, որ կոնսերվատորիայի ռեկտոր, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը՝ Մարտիրոս Սարյանի որդին, նախաձեռնեց օպերային ստուդիայի հիմնումը։ Նոր ստուդիայի ենթակառուցվածքներն այնքան լավն էին, որ երբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կապիտալ նորոգում սկսվեց, երկու տարի շարունակ բոլոր ներկայացումները տեղափոխեցին այստեղ։

Հայկ Վարդանյանը հատկապես կարևորում է այն գործառույթը, որը կատարում էր օպերային ստուդիան. «Ստուդիան ստեղծվեց, որպեսզի ամբողջանա հատկապես օպերային երգիչների վոկալ պատրաստումը։ Աշխարհի բոլոր խոշոր կոնսերվատորիաներն անպայման ունեն այդպիսի մի բեմ իր բոլոր ենթակառուցվածքներով, որպեսզի ուսումնառության տարիներին բարձր կուրսերում օպերային արտիստներն արդեն իբրև դերասան բեմ բարձրանան և ներկայացումների մասնակցեն»։ Ստուդիայի հիմքում դրված այս կարևոր բովանդակության, ինչպես Հայկն է ասում՝ «մեղավոր-

ները», դիրիժոր Ռաֆայել Մանգասարյանն ու ռեժիսոր Վահագն Բագրատունին են։ Վերջինս 1980-90-ականներին եղել է օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսորը։ Իր օրոք բավականին խոշոր օպերաներ են բեմադրվել, ինչը հնարավորություն է տվել ուսանողներին և շրջանավարտներին բեմ բարձրանալ կայացած արտիստների հետ, կատարել իրենց կարիերայի առաջին քայլերը։ Երեք տասնամյակի ընթացքում ստուդիայում բեմադրվել են թվով մոտ 30 ամբողջական ներկայացումներ։ Ստուդիան նաև բեմ է ծառայել բարձր կուրսերում օպերային դրվագների, քննությունների հանձնման համար։ Օպերային ստուդիայում իրենց առաջին քայլն իբրև դերասան-երգիչ կատարել են Հայաստանում կայացած ու այսօր միջազգային ճանաչում ունեցող մեր բոլոր երգիչները, ինչպես Լիպարիտ Ավետիսյանը, Լիանա Ալեքսանյանը, արտիստներ, ովքեր այժմ ելույթ են ունենում Լա Սկալայում, Մետրոպոլիտեն օպերայում և այլուր։ Հետո եղավ ութ տարվա դադար, հիմա՝ վերադարձ։

Շա՜տ սոպրանոներ, բարիտոններ, տենորներ և բասեր

Այսօր էլ ստուդիան շարունակում է կատարել 80-ականների գործը։ Հայկ Վարդանյանն ասում է. «Արդեն երկու օպերային ներկայացում ենք պատրաստվում բեմ հանել։ Առաջինի համար կազմակերպեցինք լսումներ և չորս ձայնաբաժիններից սոպրանոները և բարիտոններն ընտրվեցին ուսանողական շրջանակներից, իսկ տենորի և բասի ձայնաբաժինների համար կոնսերվատորիայից դուրս՝ ավելի լայն լսումներ հայտարարեցինք և որոշ դերերգեր կատարեցին արդեն կոնսերվատորիայի շրջանավարտները։ Երկու բեմադրություն ենք պատրաստել. մեկը՝ Դոնիցետտիի «Դոն Պասկուալե» օպերան է, որ շատ խաղարկվող է ամբողջ աշխարհում և որը մեր օպերային թատրոնում չի բեմադրվել։ Մյուսը՝ մեր հայկական «Կարինե» օպերետն է, որն ուզում ենք ուրույն ռեժիսուրայով մատուցել։ Այն շատ երիտասարդ կազմ է պահանջում թե՛ երգչախմբում և թե՛ սոլիստների համար, ու դա շատ լավ է, կարող ենք մասնակցություն ապահովել ավելի շատ ուսանողների կողմից։ Ավելին՝ անում ենք այնպես, որ երկու կազմ ունենանք, այսինքն՝ կրկնապատկենք այն ուսանողների թիվը, որոնք կունենան այդ ամբողջական դերերգի փորձառությունը։ Այս տարի նաև 8 թեմատիկ համերգ էինք նախատեսել։ Ուսանողի ամենակարևոր խնդիրներից մեկը բեմում հաճախ լինելն է»։ Օպերային ստուդիան ամբողջական ներկայացումներում ներգրավված լինելու հնարավորություն է ստեղծում ոչ միայն վոկալիստների, այլև հենց երաժիշտների համար։ Հայկ Վարդանյանն ուրախությամբ նշում է. «Մի շատ կարևոր բան կա, որ արվեց կոնսերվատորիայի կողմից. դա սիմֆոնիկ նվագախմբի վերականգնումն ու դրա լիարժեք գործունեության վերսկսումն էր դիրիժոր Նատալի Գալստյանի ղեկավարությամբ։ Անցյալ տարվա սեպտեմբերից մենք ունենք հրաշալի ուսանողական սիմֆոնիկ նվագախումբ։ Առհասարակ երաժիշտների մեծ մասը սոլիստներ չեն դառնում, փոխարենը, որպես կանոն, աշխարհի հարյուրավոր խոշոր նվագախմբերի հետ երկարաժամկետ պայմանագրեր են կնքում։ Պատկերացրեք մի ուսանողի, որը կոնսերվատորիան ավարտում է առանց մի որևէ օպերային ներկայացման կամ սիմֆոնիայի նվագակցած լինելու և պատկերացրեք մեկ այլ ուսանողի, որն արդեն 8-10 օպերայի է մասնակցել։ Դա նրան բոլորովին այլ մրցակցային դաշտ է տանում»։

Ապագայի ստուդիան

Հայկը հպարտությամբ է նշում, որ կապիտալ նորոգումից հետո նախագծի առումով ստուդիան որոշ չափով կրկնելու է 80-ականների պատկերը. «Շուտով ստուդիան նորից կունենա իր բեմը, իր մուտքը և էլի մի բան՝ իր տոմսարկղը, ինչը նախկինում չի եղել։ Մենք նաև մի նորամուծություն կունենանք։ Պատկերացրեք՝ հանդիսատեսին հենց նախասրահում բեմադրությունից կես ժամ առաջ ներկայացվում է օպերայի պատմությունը և հիմնական բովանդակությունը։ Հանդիսատեսն օպերային ծանոթանում է ոչ թե բուկլետների միջոցով, այլ լավ երաժշտագետների, երաժշտության պատմաբանների միջոցով, որոնք, ի դեպ, կոնսերվատորիայում բազմաթիվ են։ Սա շատ կարևոր է, քանի որ օպերա լսելիս հանդիսատեսին բառերն ամբողջությամբ չեն հասնում, էլ չեմ ասում, որ հանդիսատեսը պարտադիր

չէ, որ իտալերեն կամ գերմաներեն իմանա։ Աշխարհի շատ թատրոններ արդեն ներդրել են սուբտիտրերի տեխնիկա և հանդիսատեսն իր դիմացի աթոռի վրա կարող է ընտրել լեզուն և հետևել բառերին կամ էլ սուբտիտրերը մեր օպերային թատրոնի նման բեմի վերևում են։ Դա լավ է, բայց որոշակի լարվածություն է ստեղծում ներկայացման ընթացքում։ Իսկ երբ սյուժեին արդեն ծանոթ է, կարողանում է ամբողջությամբ կլանվել երաժշտության մեջ։ Բեմադրության առումով ևս կունենանք նորամուծություններ»։ Կփոխվի նաև մոտեցումը բեմադրության նկատմամբ։ Ծանր դեկորացիաների դարաշրջանն արդեն անցյալում է։ Նույնիսկ խոշոր թատրոններում հիմա հազվադեպ կարելի է հանդիպել 30-50 տարի առաջվա դեկորացիաներ։ Իսկ ահա նորերը որպես կանոն աշխատում են առավել մինիմալիստական պատրաստել, համագործակցում են ժամանակակից ճարտարապետների, դիզայներների և բեմանկարիչների հետ։ Այդպես կվարվեն նաև ստուդիայում։ Բայց Հայկն ավելացնում է մի շատ կարևոր «բայց». «Այսօր շատ ժամանակակից ռեժիսորներ արժանի քննադատության են հանդիպում, քանի որ իրենց բեմադրությունների առանցքում դնում են ոչ թե երաժշտու-

↑ Հայկ Վարդանյան

թյունը, այլ վիզուալ ավելի հետաքրքիր կոնցեպտը, որը շատ հաճախ չի համապատասխանում օպերայի բուն նյութին, երաժշտությանը և թեմային։ Մենք, ժամանակակից մոտեցումներով հանդերձ, անելու ենք ամեն ինչ, որպեսզի չաղավաղվի բուն ստեղծագործությունը»։

Ստուդիան և թատրոնը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ հարաբերությունները Հայկը տեսնում է շատ բարեկամական, բայց և մրցակցային՝ նշելով, որ չեն պատրաստվում կրկնել ռեպերտուարը և, որ ամենակարևորն է, չեն պատրաստվում զիջել որակապես։ Այժմ ստուդիան նպատակ ունի ձևավորել ակտիվ խաղացանկ, ներկայանալ տարեկան 3-4 բեմադրությամբ։ Հայկն ասում է. «Միջազգային թատրոններն այժմ պահանջում են ամբողջական դերասանական պարտիաների տիրապետող և բեմադրություններում դերերգեր կատարած վոկալիստների։ Այսօր օպերային երգիչ պատրաստելու ամենակարևոր բացը տաղանդավոր ձայների ամբողջական դերերով ներկայանալու հնարավորության պակասն է։ Օպերային երգիչը, որն արդեն իսկ աշխատել է նվագախմբի և լավ ռեժիսորի հետ, բոլորովին այլ փորձառության կրող է»։

This article is from: