7 minute read

Տեխնոլոգիաներ

ԵՐԵՎԱՆ-ը պատմում է, թե ինչպես արհեստական բանականությունը սկսեց մտածել հայերեն և ստեղծել հայկական երաժշտություն։

Advertisement

ՆՈՐ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԸ Հրապարակում մարում են բոլոր լույսերը: Լռում են գրեթե բոլոր ձայները։ Հետնաբեմում տեղադրված համակարգիչների առջև նստած են մարդիկ, ովքեր կլանված նայում են իրենց առջևում դրված էկրաններին. բուռն աշխատանքային գործընթացի մեջ են: Լռությունը շարունակվում է, միայն ականջի ծայրով կարելի է լսել, թե ինչպես են տվյալագետների մատներն արագ հպվում ստեղնաշարերին: Բեմում տեղադրված էկրանին հայտնվում է երկու կապույտ կետ: Լսվում է տղամարդու ձայն, որը ողջունում է հանդիսատեսին: Դա արհեստական բանականության ալգորիթմն է, իսկ երկու կապույտ կետերը նրա աչքերն են: Նման է գիտաֆանտաստիկ ֆիլմի, բայց չէ, իրականություն է։ Ձայնը շարունակում է իր խոսքը, պատմում, թե ինչու է այդտեղ և ինչ է սպասվում համերգի ընթացքում: Հաջորդ դրվագում բեմում գտնվող նվագախմբի երաժիշտների առջև՝ պլանշետների էկրաններին, հայտնվում են նոտաներ: Մաեստրո Սմբատյանը բարձրանում է բեմ, մի կողմ դնում նախորդ կատարման թղթե նոտաները, միացնում իր պլանշետը, հայացքը գցում է նվագախմբի ուղղությամբ՝ ձեռքի թեթև շարժումով ազդարարելով նոր ստեղծագործության սկիզբը: Անցած աշնան մի քանի օր՝ ոչ շատ վաղ անցյալում, բայց մինչ այս համաշխարհային քովիդաշփոթը, Հայաստանը դարձել էր մոլորակի կենտրոնը: Հանրապետության հրապարակում հավաքված էին աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մարդիկ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ուղեղները (դե, նաև Քիմ Քարդաշյանը): Թամանյանական շենքերը ողողված էին գույնզգույն լույսերով, և ամենուր հնչում էին երաժշտական ելևէջներ: Բեմի վրա միավորվել էին իրարից բացարձակ տարբեր երկու ոլորտներ՝ դասականն ու արհեստական բանականությունը: Այդ օրերին Երևանն ապրում էր նորարարական ոգով՝ Հայաստանը հյուրընկալել էր WCIT միջազգային տեխնոլոգիական ֆորումը՝ «ապակենտրոնացման ուժը» խորագրով, և որոշված էր միջոցառումը սկսել մեծ համերգով Երևանի կենտրոնում: «Որպես ընդունող կողմ ՝ Հայաստանը պետք է պատշաճ ներկայացներ իր մշակույթը՝ մասնավորապես իր հարուստ կոմպոզիտորական դպրոցը և կատարողական արվեստը,– նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը,– հենց այդ նպատակով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվեց WCIT համաշխարհային նվագախումբը»: Մի տեղ հավաքվեցին 30 հայ և 75 արտասահմանցի երաժիշտներ, ովքեր ժամանել էին այն 14 երկրներից, որտեղ նախկինում անցկացվել է WCIT ֆորումը: Համերգի ժամանակ հնչեց Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը», ինչպես նաև նվագախումբը կատարեց շատ յուրօրինակ «պոպուրի», որը ներառում էր այդ նույն 14 երկրների ամենահայտնի կոմպոզիտորների աշխատանքները:

ԴԱՍԱԿԱՆՆ ՈՒ ԲԱՆԱԿԱՆԸ Այնուհանդերձ, պետք էր մի տարր, որը կկապեր ՏՏ ֆորումը և դասական երաժշտությունը: Այդպես արհեստական բանականությունը սովորեց այդ բոլոր երկրների հիմները և միավորելով իր ստացած տվյալները՝ ստեղծեց նորը՝ WCIT2019-ի համաժողովի հիմնը: Սակայն ամենակարևոր քայլը դեռ առջևում էր: Միտք առաջացավ կրկին արհեստական բանականության օգտագործմամբ գեներացնել երաժշտություն հայկական հոգևոր ստեղծագործությունների հիման վրա, այն էլ համերգի ընթացքում, բեմի վրա, իրական ժամանակում: Արհեստական բանականությանն այս ամենը պետք է սովորեցնեին տվյալագետներ Զավեն Նավոյանը և Գևորգ Մինասյանը: «Շատ ռիսկային քայլ էր բոլորի համար՝ թե՛ մեր՝ տվյալագետների, թե՛ հենց երաժիշտների,– պատմում է Նավոյանը,– չէ՞ որ նրանք Երևանի կենտրոնում հազարավոր մարդկանց առջև պետք է նվագեին իրենց բոլորովին անծանոթ երաժշտություն»: Այդպես հենց համերգի ժամանակ առաջին անգամ տեսնելով այդ նոտաները՝ երաժիշտները հնչեցրեցին ստացված կոմպոզիցիան: Երբ գործ ունես ոչ թե մարդու, այլ արհեստական բանականության հետ, վերջնարդյունքների հնարավորությունները բազմաթիվ են և անկանխատեսելի: Բնականաբար, նախապես արվել էին բազմաթիվ փորձեր, բայց ամեն փորձի ժամանակ արհեստական բանականությունը նոր երաժշտություն էր գեներացնում, այսինքն՝ երաժիշտները պատրաստ էին այնքանով, որ գիտեին, թե ոնց է աշխատելու հենց ծրագիրը, բայց վերջնարդյունքը մինչև վերջին վայրկյանն անհայտ էր: Մտահղացման հեղինակները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանն ու WCIT 2019-ի կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանն էին: Դեռ մինչև միջոցառումը՝ փորձերի օրերին, Եսայանն այսպես էր բացատրել գաղափարը. «Փորձելու ենք սրանով նաև աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը նորարարական երկիր է, և մեզ մոտ այն ընկերությունները, այն պոտենցիալը, որ կա IT շուկայում, փորձում ենք արվեստի միջոցով աշխարհին ցուցադրել»: Բայց դա գաղափարական առումով, իսկ երաժշտական առումով նպատակ էր դրվել արհեստական բանականության լուծումների միջոցով գտնել հայկական երաժշտության գենետիկ կոդը, բացահայտել այն օրինաչափությունները, որոնք դարձնում են երաժշտությունը հենց հայկական, և այդ գիտելիքի հիման վրա արհեստական բանականության միջոցով ստանալ նոր երաժշտություն:

← Համերգի հետնաբեմում

ՔՐՈՄՈՍՈՄԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ Պահանջվեց մոտ մեկ տարի և մի քանի թիմերի աշխատանք, որտեղ բացի տվյալագետներից, ում վստահվել էր ծրագրի ամբողջ տեխնիկական մասը, կային նաև մի քանի կոմպոզիտորներ և երաժիշտներ Սիմֆոնիկի թիմից: Նրանք փորձեցին վերհանել հենց հայկական երաժշտության առանձնահատկությունները և դրանք փոխանցել արհեստական բանականությանը: «Կոմպոզիտորը գրում է երաժշտությունը՝ հիմնվելով իր զգայական ընկալման, ինտուիցիայի, ինտելեկտի և պրոֆեսիոնալ հատկանիշների, մուսայի և շատ ու շատ այլ գործոնների վրա,– ասում է Զավեն Նավոյանը,– մենք փորձել ենք հասկանալ՝ արդյոք հնարավո՞ր է արհեստական բանականության միջոցով վերարտադրել «քրոմոսոմային կապերը», որոնք դարձնում են երաժշտությունը հայկական»: Ստեղծվեց հայկական հոգևոր երաժշտության շտեմարան, որը «սովորեցրին» արհեստական բանականության ալգորիթմին և այն կարողացավ գտնել այդ երաժշտության մեջ եղած «հայկականությունը»: «Շատ տարբեր փորձեր արեցինք, շարականներ, հոգևոր երաժշտություն, Կոմիտաս, Եկմալյանի պատարագը հատվածների վրա և ամենահետաքրքիրն այն էր, որ այն երաժշտությունը, որ մենք ի վերջո ստացանք, մոնոտոն էր,– պատմում է Սարգիս Բալբաբյանը,– սա հայկական երաժշտության շատ կարևոր առանձնահատկություններից է, և արհեստական բանականությունը կարողացավ հասկանալ այդ մոնոտոն մտածողությունը, իր ստեղծած երաժշտությունը նույնպես այդ ոճի մեջ էր»: Պետք էր որոշել, թե ինչ երաժշտության հիման վրա կառուցել ալգորիթմը, որպեսզի այն ունենա հայկական տարբերակիչ հատկությունները և որ ծրագիրը կարողանա հեշտ սովորել այն: «Հարցը ճիշտ գործիքի ընտրության մեջ չէր, քանի որ ծրագիրը գործիքները չի տարբերում: Պետք էր գտնել ճիշտ հարմոնիան»,– ասում Զավենը:Նրանք պարզապես ուզում էին ստեղծել մի երաժշտություն, որը լսելիս մարդը միանգամից կզգա, որ այն հայկական է: Զավենն անգամ մի փոքր էքսպերիմենտ անցկացրեց: Արհեստական բանականության կողմից գրված ստեղծագործություններից մեկը տվեց պրոֆեսիոնալ երաժիշտների և պարզապես երաժշտասեր մարդկանց, որ լսեն և փորձեն գուշակել՝ ինչ ազգի երաժշտություն է: Նրանք բոլորն այդ ստեղծագործությունը լսելիս ասում էին՝ չեմ կարող ասել՝ ով է հեղինակը, բայց միանշանակ հայկական երաժշտություն է:

ՀԱՅՈՒ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԸ Բնականաբար երկու բացառապես տարբեր ոլորտների միաձուլումն առաջին հայացքից բավական բարդ էր թվում, բայց թիմի անդամներն արագ լեզու գտան և հետհայացք գցելով՝ հաջողեցին: «Ինձ համար դասական երաժշտությունը հոբբի նման մի բան է, այդ իսկ պատճառով այս նախագիծը չափազանց հետաքրքիր էր,– ասում է Զավենը։ – Ես պրոֆեսիոնալ երաժիշտ չեմ, բայց ունեցածս սիրողական փորձն ինձ շատ օգնեց»:

↓ Զավեն Նավոյան

ՀԻՆՆ ՈՒ ՆՈՐԸ Վերջերս ՀՊ սիմֆոնիկ նվագախումբը կրկին միավորեց իր ուժերը նորարարական տեխնոլոգիաների հետ մեկ այլ նախագծի համար: Արդեն տևական ժամանակ Հայաստանում անցկացվում է ամենամյա «Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթը՝ ամենահեղինակավորներից մեկը տարածաշրջանում: Ելնելով ստեղծված համաճարակային իրավիճակից՝ շատ կարճ ժամանակահատվածում որոշեցին մրցույթը տեղափոխել օնլայն հարթակ: Codics ընկերության կողմից ստեղծվեց հատուկ հավելված, որը թույլ տվեց թե՛ մրցույթի մասնակիցներին, թե՛ ժյուրիին և թե՛ հանդիսատեսին մասնակից դառնալ այս երաժշտական իրադարձությանը: «Գլխավոր նպատակն էր էմոցիաներն ու տաղանդներ բացահայտելը կարողանալ տեղափոխել օնլայն հարթակ,»– պատմում է Codics ընկերության տնօրեն Նարինե Տեր-Ղևոնդյանը: Մինչդեռ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում նմանօրինակ միջոցառումները հերթով չեղարկվում էին, մրցույթի կազմակերպիչները որոշեցին գնալ այլ ճանապարհով: Նախագիծն ընթացքի մեջ է: Ներկայումս ավարտվել է մրցույթի առաջին փուլը, որտեղ մասնակիցները պետք է ուղարկեին իրենց կատարումների ձայնագրությունները: Արդեն հաջորդ փուլ անցած մասնակիցների անունները հայտնի են: Ի դեպ, առաջին փուլի համար մասնակիցները կարող էին խնդրել, որ սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրի իրենց ընտրած ստեղծագործության ջութակի կամ դաշնամուրի կատարումը, որպեսզի նրանք կարողանային ականջակալով լսել և նվագակցել: Այս նախագծի դեպքում նույնպես միավորվել էին ՏՏ ոլորտի և երաժշտության դաշտի ներկայացուցիչներ, որպեսզի հարթակը կառուցելիս հնարավոր լիներ անել դա մաքսիմալ գրագետ: Ի սկզբանե՝ մինչ համաճարակային պայմանները, նախատեսվում էր, որ վերջին փուլ անցած մասնակցիները ելույթ կունենան սիմֆոնիկ նվագախմբի հետ, բայց ակնհայտորեն այս իրավիճակում դա անելն անհնար էր: Այդ ժամանակ Codics-ի թիմն առաջարկեց լուծել այդ խնդիրն արհեստական բանականության միջոցով: Ձայնագրեցին նվագախմբի կատարումը մի քանի տեմպերով, որպեսզի վերարտադրեն իրական փորձի հնարավորությունները և մասնակիցը կարողանա ընտրել իրեն հարմար տեմպը: Այս դեպքում կարելի է ասել, որ արհեստական բանականությունը դիրիժորի դերում է: Իրական կատարման ժամանակ դիրիժորն է որոշում ՝ երբ միացնել մենակատարին նվագախմբի հետ, այս դեպքում այդ գործառույթը լինելու է արհեստական բանականության ձեռքում: «Սոլոն ազատ նվագ է և պետք է դիրիժորը զգա, թե երբ է նա ավարտի մոտենում, որպեսզի սկսի նվագել արդեն նվագախմբի հետ,– ասում է Նարինեն,– մենք փորձել ենք նույն գործողությունը վերարտադրել արհեստական բանականության միջոցով»: Այսինքն՝ հավելվածի մեջ ներդրվել է այն ինտելեկտը, որը թույլ է տալիս կանխորոշել մենակատարի հաջորդող քայլերն ու պահպանել ողջ կատարման հարմոնիան: ՀՊ սիմֆոնիկ նվագախումբն ապագայում պլանավորում է շարունակել այս նորարարության ալիքը և ստեղծել մի կայք, որը հնարավորություն կտա ինքնուրույն գրել երաժշտություն և ստանալ դրա հայկական տարբերակը: «Այս կրթական ծրագրի միջոցով ցանկացած մեկը կկարողանա լինել կոմպոզիտոր և ներգործելով արհեստական բանականության հետ՝ տեսնի մեկ երաժշտության տարբեր ընկալումներ,– նշում է Սարգիսը,– Մենք առաջինը չենք, ով համատեղեց արհեստական բանականությունը և երաժշտությունը, բայց մենք կարողացանք առանձնացնել հայկական երաժշտության գենը»:

ԲԱՆԱԿԱՆ ԷԱԿԸ Ինչպես նման դեպքերում հաճախ պատահում է, լուրջ քննարկումներ ծավալվեցին այն մասին, թե ի վերջո արհեստական բանականությունը կարո՞ղ է մի օր փոխարինել մարդուն։ Մեր զրուցակիցները համակարծիք են. դա անհեթեթություն է: Արհեստական բանականությունը չի կարող գերազանցել մարդու ստեղծագործական միտքը, և այս դեպքերում այն պարզապես գործիք է։ Այն օժտված չէ զգայական ընկալմամբ և հիմնվում է միայն տվյալների ու նոտաների վերլուծության վրա: Եվ, ի վերջո, նույնիսկ դրանում նրան օգնում էին հետևում կանգնած ու երաժշտությունը սիրող մարդիկ։

This article is from: