4 minute read
Տրանսպորտ
Advertisement
Ասում են՝ լավագույն հոբբիները նրանք են, որոնք մեզ ավելի հեռու են տանում մեր մասնագիտությունից։ Այս պատմության հերոսի համար հոբբին դարձել է գրեթե մասնագիտություն և հիմա՝ արդեն 68 տարեկանում, նրա հիմնական, բայց ոչ միակ զբաղմունքը։ Հետպատերազմյան Սասեքսում ծնված բրիտանացի Դեյվ Սփենսերի մասին կարող եք պատահաբար լսած լինել երկու դեպքում. եթե տեսել եք նրա DaveSpencer32 տրանսպորտային վլոգը Յութուբում, կամ եթե կարդացել եք նրա A Smudge on My Lens (Մի բիծ իմ ոսպնյակի վրա, 2008) գիրքը։ Ի դեպ, 2006 թվականին, երբ Դեյվը գործարկեց իր Յութուբյան ալիքը, վլոգ ունենալը դեռևս մեյնսթրիմ չէր։ Այսօր արդեն հարյուր հազար դիտում ունեցող ալիքը ներկայացնում է աշխարհի խոշորագույն սիրողական տրանսպորտային ֆիլմերի հավաքածուն: Բայց ի տարբերություն ժամանակակից վլոգերների՝ Դեյվն ապրում է չափազանց փակ և համեստ կյանքով։ Ըստ նրա՝ Միացյալ Թագավորությունում հոբբիները չափազանց կարևոր են, և յուրաքանչյուր բրիտանացի աշխատանքից զատ պետք է կողմնակի զբաղմունք ունենա։ Մանկուց նա հետաքրքրված է եղել այն ամենով, ինչը հին է և շարժվում է. հին ավտոբուսներ, տրամվայներ, լոկոմոտիվ գնացքներ, նավեր ու այլ տրանսպորտային միջոցներ, որոնց պակասությունը Մեծ Բրիտանիայում չի եղել վաթսունականներին։ Դեյվը պատմում է, որ միակը չէ, ով կիսում է հին տրանսպորտային միջոցների հանդեպ հետաքրքրությունը։ Գարնան և ամռան ամիսներին տրանսպորտի բոլոր սիրահարներն Անգլիայում կազմակերպում են հին մեքենաների, գնացքների և այլ տրանսպորտային միջոցների ցուցադրություններ։ Հիմա արդեն թոշակի անցած տրանսպորտի սիրահարն աշխատել է մեքենաշինության ոլորտում, բայց, ի զարմանս ինձ, ոչ մի մասնագիտական կապ չունի մեքենաշինության հետ։ Սուղ ֆինանսական պայմանների պատճառով Դեյվը հնարավորություն է ունեցել բարձրագույն կրթություն ստանալ առողջապահական կառավարման ոլորտում, երբ արդեն բավական մեծ է եղել և ունեցել է կայուն աշխատանք։ Դեյվն իրեն համարում է երջանիկ հաջողակ, քանի որ իր հոբբին իրեն օգնել է, որպեսզի ճանաչի իր երկիրը և ճանաչի ողջ աշխարհը բազմաթիվ ճանապարհորդությունների շնորհիվ, որոնցից շատերին նրան ուղեկցում է իր կինը։ «Ամեն դեպքում, գոնե այն ճամփորդություններին, որի ժամանակ կա լողավազան և հինգաստղանի հյուրանոց»,– կես կատակ, կես լուրջ ասում է Դեյվը։ Ըստ Դեյվի՝ երբեմն այլ երկրներում քեզ շատ փոքր ես զգում, շոյվում ես տեղացիների վերաբերմունքից, ջերմությունից և մեծահոգությունից։ Հատկապես, երբ ավելի մեծ տարիքում ես այցելում, դու երբեք վտանգ չես ներկայացնում և արժանանում ես բացառապես հարգալից վերաբերմունքի։ Անգլիայում ասում են, որ երբ դու մեծանում ես, դառնում ես «անտեսանելի»։ Իր դեպքում՝ շատ ավելի հեշտ է աշխատել, երբ ինքն «անտեսանելի» է։ Անդրկովկաս այցը՝ 1999-ի աշնանը, նրա բնութագրմամբ՝ տարաշխարհիկ էր, քանի որ ոչինչ չգիտեր տարածաշրջանի մասին։ Երևի թե դրա համար էլ շատ է զարմացել, երբ տեսել է, թե որքան զբոսաշրջիկներ են եղել Հայաստանում։ Զրույցի ժամանակ Դեյվն ասաց, որ մի պահ
↑ Երևանի տրամվայը մտածել է, որ Եվրոպայում միայն Մեծ Բրիտանիան է անտեղյակ Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին։ Ադրբեջանում, իր խոսքով, զբոսաշրջիկներ չի տեսել, միայն նավթագործներ։ Իսկ Վրաստանը նրան հիացրել է գեղատեսիլ բնությամբ։ Ճամփորդությունը կազմակերպվել է բեռլինյան տրանսպորտի մեծ սիրահար Թոմաս Ֆիշերի կողմից։ Իրենց նպատակն է եղել ուսումնասիրել տրանսպորտային միջոցներն այնպիսի վայրերում, որտեղ զբոսաշրջիկների ոտքը դժվար թե ընկնի։ Թոմասը ցանկանում էր այցելել քաղաքներ, որտեղ դեռ կային տրամվայներ, իսկ Դեյվը նրան ուղեկցել է հիմնականում տրոլեյբուսներն ուսումնասիրելու համար։ Իր գրքի 18-րդ հոդվածում պատմում է, թե ինչպես Բաքվում հինգ աստղանի հյուրանոցում տեղավորվելուց և նավթահանքերն ուսումնասիրելուց հետո տեղափոխվել են Թբիլիսի։ Դեյվը նաև նկարագրում է Անդրկովկասում երկրից երկիր ճամփորդելու դժվարությունները։ Հայաստան այցի ժամանակ եղել են Սպիտակում և տեսել են երկրաշարժի թողած ավերածությունները։
Ցավում է, որ չի կարողացել շատ լուսանկարներ անել, քանի որ Անդրկովկաս գալու ճանապարհին տեսախցիկը վնասվել է։ Բայց տեսաձայնագրությունները շատ են, և դրանք հասանելի են նաև Յութուբում։ Կարծում եմ՝ շատերի համար հետաքրքիր կլինի տեսնել 90-ականների Կոկա-Կոլայի տարբերանշանով ամբողջապես բրենդավորված երևանյան տրամվայները։ Դեյվն ասում է, որ արևմտյան տրանսպորտային սիրահարների հետաքրքրությունը հետսովետական տրամվայներով և տրոլեյբուսներով պայմանավորված է այն փաստով, որ դրանք գտնվում են ոչնչացման եզրին։ Սովետական Միությունը տարիներ շարունակ ոչ մի ջանք չի գործադրել դրանք պահպանելու համար։ Իսկ տարածաշրջանային պատերազմները հնարավորություն չեն տվել ներդրում անել տրանսպորտային միջոցների մեջ։ Էլեկտրական տրանսպորտային միջոցներից շատերի շահագործումից դուրս գալն անխուսափելի է, և Դեյվը կարևոր է համարում դրանք սեփական աչքերով տեսնելը։ Ասում է, որ Անգլիայում տրոլեյբուսներ չկան և մենք բախտավոր ենք, որ դեռ կարող ենք տեսնել դրանք քաղաքի կենտրոնում։ վերացվել է Դեյվի այցելությունից 5 տարի անց՝ 2004 թվականի հունվարի 21, տրոլեյբուսները
դեռ գործում են Դեյվը պատրաստվում էր Հայաստան այցելել այս ամռանը, սակայն կորոնավիրուսի պատճառով ստիպված է եղել հետաձգել պլանները։ Այս այցն իր համար յուրահատուկ պետք է լիներ, քանի որ նպատակ ուներ այցելել ԼՂՀ, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետություններ՝ տրոլեյբուսների հետքերով։ Դեյվը ճամփորդում է երկու անձնագրով և երբեք չի ներկայացնում նույն անձնագիրը երկու հակասություններ ունեցող երկրներ մուտք գործելիս այն դեպքից հետո, երբ Սերբիայում անցակետի բարկացած աշխատողը Կոսովոյի մուտքի կնիքի վրա տասնյակ սերբական կնիքներ է դրել՝ այն ծածկելու համար։ Ճամփորդություններն իր համար միայն տրանսպորտային միջոցների ուսումնասիրության համար չեն։ Միշտ շնորհակալ է, որ հնարավորություն ունի ճանաչել տեղական մշակույթը, մարդկանց և իհարկե խոհանոցը։ Դեյվն ասում է, որ իր բախտը հաճախ է բերել, քանի որ տեղացիները միանգամից հասկացել են, որ նրան, որքան էլ զարմանալի հնչեր, լքված ավտոպարկերն ավելի են հետաքրքրում, քան տեսարժան վայրերը և թանգարանները։