4 minute read

Խառը

Next Article
Մարքետինգ

Մարքետինգ

Երևանցի տաքսիստների բարձրաձայն մտորումների հերթական բաժինը։

*** Էս մեր ավագանին ասում ա՝ եկեք Ամիրյան փողոցի անունը փոխենք, ինչ ա թե բաքվեցի ա եղել էդ Ամիրյանը։ Ախր, ա՛յ քու ցավը տանեմ, պատկերացնում ե՞ս ինչքան անիմաստ գործ ա ավելա

Advertisement

նալու էդ փողոցում գրանցված մարդկանց, օֆիսներին։ Յանի ինչի՞ համար։ Թող էդ մեկն էլ բաքվեցի կոմունիստ լինի, բայց հայ էր, չէ՞։

***

Ասենք, ո՞րն ա տրամաբանությունը՝ Պուշկինի դպրոցը Մոսկովյանում ա, իսկ Չարենցինը՝ Ամիրյանում։ Կամ որ մի հատ նե՜նց երկար փողոց ա լինում, որը մի քանի տեղ ընդհատվում ա ու մի ծերից մյուսը չես կարա գնաս։ Դժվար ա՞ էդ ընդհատվող կետից նոր անուն տալ։ Արամի փողոցը վառ օրինակ։ Ոնց որ ալարեն։

***

Նիկոլենք որ եկան ու թուլացրեցին հսկողությունը փողոցներում, մեր ժողովուրդը մի քիչ չարաշահեց, էլի։ Բա տենց ա՝ ազատություն ես տալիս, կորցնում են իրանց։ Նենց բռի էին քշում, որ հիմա էլի խստացրել են։ Կարող ա գիծ տրորելու համար ակտ գա։ Հլը մի բան էլ միավորներ են հանում։

*** Էս անտեր կառանավիրուսը ե՞րբ ա պրծնելու՝ տուրիստները գան, մի երկու կոպեկ փող աշխատենք։ Հիմա խայտառակ վիճակ ա տիրում։

Գուրգեն Խանջյան «Ներսուդուրս», Անտարես

Առաջին խոշոր գրական աշխատանքը, որտեղ խոսվում է 2018 թվականի Թավշյա հեղափոխության մասին։ Բայց քանի որ հեղինակն անկախության շրջանի խոշորագույն հայ արձակագիրներից մեկն է, ապա իրադարձությունը ներկայացվում է անսպասելի տեսանկյունից. 60-ն անց գլխավոր հերոսը հայտնվում է ցուցարարների ամբոխի մեջ ոչ թե գաղափարներից ելնելով, այլ զուտ ձանձրույթը հաղթահարելու և աղջիկ կապելու համար՝ զուգահեռաբար վերհիշելով մանկության բեկումնային իրադարձությունները։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ ընթերցողին ուղեկցում է հայ գրականության համար հազվադեպ հանդիպող հակահերոսը։ Ի տարբերություն Խանջյանի մյուս հերոսների՝ նա դեթմետալ է լսում ջազի փոխարեն ու շների հետ ընդհանրապես լեզու չի գտնում։

Լևոն Նես «Ստախոսը», Զանգակ

«Բալզակ. մի շան պատմություն» գրքի հեղինակ Լևոն Նեսի նոր վեպը պարունակում է արկածային ու գերբնական ժանրերի տարրեր։ Հաջողակ գործարար, տաղանդավոր նկարիչ, խուզարկու. վեպի «ստախոս» հերոսը տարբեր դիմակներով ճանապարհորդում է Գերմանիայից Ավստրիա, փորձում այս ճանապարհով փախչել ներկայից ու իր ճակատագրից, մոռանալ անցյալն ու երջանիկ լինել:

Հարութ Կբեյան «Լոտո», newmag

Այս վեպը հեղինակը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և նաիրյան երկրի նախագահը։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցանակը՝ հանդիպում նախագահի հետ։ Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ է ընծայելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը։

Շառլ Ազնավուր «Վերջին դուռը», newmag

Նոնֆիքշնում մասնագիտացած newmag հրատարակչությունն ավարտին է հասցնում Ազնավուրի ինքնակենսագրական գրքերի եռապատման հայերեն թարգմանությունները։ 2011-ին Ֆրանսիայում լույս տեսած հատորում մեծ շանսոնիեն խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Նա պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրությունների ժամանակ, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու դեսպան աշխատել։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք ավելի շատ ֆրանսիացի՞ եք, թե՞ հայ»։

Մայքլ Կատակիս «Էռնեստ Հեմինգուեյ», Անտարես

Ասում են, որ Էռնեստ Հեմինգուեյն այսօրվա Ամերիկայում արդեն այդքան էլ սիրված ու պահանջված չէ։ Փոխարենը Պուլիցերյան ու Նոբելյան դափնեկիր, ճամփորդ, բռնցքամարտիկ ու ձախ հայացքներով Հեմին շարունակում են սիրել նախկին ԽՍՀՄ տարածքում։ «Անտարեսի» այս հրատարակությունը նվեր է գրողի սիրահարների համար։ Այն ներկայացնում է Հեմինգուեյի կյանքը փաստաթղթերի, լուսանկարների ու հավաքածուների միջոցով, որոնք մեկտեղվել են Հեմինգուեյի ժառանգությունը համակարգողի և նրա որդու ու թոռան համատեղ ջանքերով:

Gangs of London

Այս տարվա առայժմ ամենախոշոր բրիտանական սերիալը հերթական քրեական սագան է, որտեղ պարագլխից զրկված ընտանիքը փորձում է պահպանել հսկայական կրիմինալ ժառանգությունը։ Բայց դա այդքան էլ հեշտ չէ անել Լոնդոնի պես եռացող քաղաքում, որտեղ զուգահեռաբար ոչ այնքան օրինական գործունեություն են ծավալում բոլոր հնարավոր ազգային փոքրամասնությունները (ալբանացիներ, նիգերիացիներ, չինացիներ և այլն)։ Սերիալի առանձնահատկություններից մեկը շլացուցիչ էքշնն է և խճճված, ինտրիգներով լի սյուժեն։ 9 էպիզոդներից բաղկացած առաջին եթերաշրջանը խոստացել են շարունակել հաջորդ տարի։

Նոր նստավայր

Kamoun | Զաքյան 5/13

Kamoun-ն առաջարկում է այն ամենը, ինչը վերջին տարիներին այդքան սիրելի է դարձրել լիբանանյան խոհանոցը Հայաստանում՝ հումուս (այդ թվում՝ սև), ֆալաֆել և այլ համովություններ։ Ռեստորանի անունը, ի դեպ, նշանակում է «քիմիոն». դա լիբանանյան խոհանոցում շատ տարածված համեմունք է, որը հատուկ նշանակություն ունի նաև Kamoun-ի խոհանոցում։ Ռեստորանն ունի նաև սեփական առաքման ծառայություն։

The Eddy

Մեկ այլ բազմազգ քաղաք, որը ժամանակին հսկայական կայսրության կենտրոնն է եղել՝ Փարիզ։ Այստեղ ընթանում են Netflix-ի օրիգինալ սերիալի գործողությունները։ Նորից առկա են ազգային կրիմինալ խմբավորումներ և գիշերային քրեական անցուդարձ, բայց կենտրոնում այդուհանդերձ ջազն է. գլխավոր հերոսը՝ կյանքից հիասթափված ամերիկացի դաշնակահարը, Փարիզի արվարձաններից մեկում սեփական ջազակումբն է փորձում խելքի բերել, ինչպես նաև փրկել հարաբերությունները դեռահաս դստեր հետ։ Հեշտ չէ։ Սերիալի համահեղինակը և առաջին երկու էպիզոդների ռեժիսորը «Լա-լալենդի» ստեղծող և ջազի մեծ սիրահար Դամյեն Շազելն է։

Depo | Մոսկովյան 28

Սարյանի հայտնի նկարի շենքի մի ամբողջ պատ զբաղեցնող խճանկարի հարևանությամբ բացված ռեստորանի գլխավոր առանձնահատկությունը, ինչպես կարելի է դատել համապատասխան ցուցանակից, լցնովի Dargett գարեջրի առկայությունն է։ Մենյուն էլ համապատասխանում է գարեջրային ուղղվածությանը նրբերշիկների տեսականի, բուրգերներ, սնեքեր։ Depo-ն աշխատում է կեսօրից կեսգիշեր։

Da 5 Bloods

Ամենահայտնի սևամորթ ռեժիսոր Սփայք Լիի նոր դրաման կրկին ուսումնասիրում է հեղինակին ամենից շատ հուզող թեման. ռասսայական հարցերը և արդարության որոնումները։ Վիետնամի պատերազմի չորս վետերաններ տասնամյակներ անց վերադառնում են արդեն խաղաղ այդ երկիրը, որպեսզի ջունգլիներում պեղեն պատերազմի ժամանակ թաղված ոսկին և իրենց հինգերորդ արյունակցի աճյունը։ Լին ու ֆիլմը ֆինանսավորած Նեթֆլիքսը հաջողացրին այն լույս ընծայել հնարավոր ամենադիպուկ պահին, երբ Ամերիկայի ու մի շարք այլ երկրների քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքում էին ռասիզմի

չվերացող դրսևորումների դեմ։

Zanazan | Սարյան 17

Քովիդից ու դրանով պայմանավորված մեկուսացման տուժողներից մեկը՝ Zanazan-ը, դռները բացեց մարտի սկզբին, իսկ հետո ստիպված եղավ նորից փակել դրանք և աշխատել առաքման միջոցով։ Այժմ ռեստորանի ուտեստները՝ հիմնականում արևելյան խոհանոց, կարելի է համտեսել բուն ռեստորանում (ժամը 11։00-ից մինչև կեսգիշեր)։ Մենյուն ներառում է ֆիրմային և սովորական աղցաններ (թաբուլե, ամառային), խմորային ուտեստներ (լահմաջո, աջարական խաչապուրի) և մսային մեծ տեսականի (քեբաբի բազմաթիվ տեսակներ, շաուրմա, շիշ թաուկ)։ Աղանդերը նույնպես համապատասխան է՝ դդումով և պիստակով։ Համաճարակի համար կարևոր հավելում՝ առկա է բացօթյա տարածք։

This article is from: