6 minute read

Այնտեղ

Next Article
Իմ Երևան

Իմ Երևան

Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվող դասական երաժշտության փառատոներն աչքի են ընկնում մասշտաբայնությամբ, տասնամյակների, որոշ դեպքերում նույնիսկ հարյուրամյակների ավանդույթների շարունակականությամբ և երաժշտության ոլորտի հայտնի գործիչների մեծ ընդգրկումով։ Հաշվի առեք այս միջոցառումները, երբ նորից ճամփորդելու հնարավորություն լինի։

Բրեգենցի փառատոն

Advertisement

Սա Եվրոպայի և աշխարհի ամենախոշոր օպերային փառատոներից մեկն է, որն անց է կացվում հուլիսին և մեկ ամսով ավստրիական գեղատեսիլ Բրեգենց քաղաքի Բոդենյան լճի ափին է կենտրոնացնում օպերային արվեստի հայտնի գործիչներին և սիրահարներին։ Փառատոնի ծրագիրն անց է կացվում քաղաքի տարբեր համերգասրահներում, սակայն հանդիսատեսի ամենասիրելի հարթակը լճի մերձակա բեմն է: Դա ժամանակակից բեմ է, որ տեղակայված է լճի վրա պատրաստված արհեստական կղզյակին։ Այս կղզյակն ամեն տարի նոր տեսք է ստանում՝ վերածվելով փառատոնի հիմնական զարդի։ Օպերային ներկայացումներն անց են կացվում հենց ջրի վրա պատրաստված բեմի վրա, իսկ հանդիսատեսն այդ ամենին հետևում է լճի ափից։ Այդպիսով օպերային բեմադրությունը միաձուլվում է բնանկարին։ Փառատոնը հիմնադրվել է 1946 թվականին, երբ հետպատերազմյան շրջանում լճի վրա տեղակայվեցին երկու բեռնանավ։ Դրանցից մեկին հաճախ նվագում էր Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, իսկ մյուսը հիմնական բեմ էր ծառայում։ Հանդիսատեսի տեղն ափին էր՝ բաց երկնքի տակ։ Օպերային ներկայացումներն այս փառատոնի շրջանակում այնքան շատ են, որ բեմը չի հավաքվում, այլ փորձերի համար պահպանվում է մինչև հաջորդ փառատոն։

Բադեն-Բադենի փառատոներ

Ֆեստշպիլհաուս կոչվող համերգասրահն իրավամբ համարվում է աշխարհի ամենայուրահատուկն ու մեծությամբ երկրորդը Եվրոպայում։ Այն գտնվում է ԲադենԲադենում, փաստացի կատարում է Օպերային թատրոնի գործառույթները և տեղավորում է միանգամից 2500 հանդիսատես։ Կառուցվել է 90-ականներին և ստեղծված է հենց փառատոների անցկացման նպատակով։ Յուրաքանչյուր տարի այստեղ անց է կացվում Բադեն-Բադենի փառատոների շարք՝ բաղկացած 5 տարբեր մասերից՝ «Ձմեռային», «Զատկական», «Սուրբ Երրորդության», «Ամառային» և «Աշնանային»։ Գրեթե ամբողջ տարին ԲադենԲադենում դասական երաժշտության տոն է և այստեղ կարելի է հանդիպել աշխարհի առաջատար կատարողներին։ Այդ փառատոների միջև ընկած ժամանակահատվածում ևս համերգասրահի բեմը դատարկ չի մնում, հայտնի երաժիշտներն ու կատարողները շարունակում են հանդես գալ ելույթներով, ինչպես նաև ամբողջ տարվա ընթացքում այս դահլիճում անց են կացվում էքսկուրսիաներ։

Զալցբուրգի Սուրբ Երրորդության փառատոն

Զալցբուրգի ամենամյա փառատոների շարքն անց է կացվում հիմնականում Սուրբ Երրորդության տոներին, բայց չի սահմանափակվում միայն դրանով և շարունակվում է Սուրբ Ծննդյան ու Զատկի տոներին, ինչպես նաև ամռանը։ Փառատոնի ամենամյա հիմնական ծրագրից բացի 1973-ից ի վեր ամենամյա աբոնեմենտ ունեցող հանդիսատեսի համար անց է կացվում Pfingskonzerte կոչված կարճ համերգների շարք։ Այս նախաձեռնության հեղինակը Հերբերտ ֆոն Կարայանն է, որի ղեկավարած նվագախմբի ուղեկցությամբ էլ տեղի էին ունենում համերգները։ 1982 թվականից այս փառատոնին պարտադիր մասնակցությունն էր ունենում նաև Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, ինչն արդեն բարի ավանդույթ է դարձել։ 1983-ից փառատոնին միացան այլ աշխարհահռչակ նվագախմբեր, ինչպես, օրինակ՝ Չիկագոյի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբերը։

Օրանժի օպերային փառատոն

Ֆրանսիայի ամենահին փառատոնն Օրանժի օպերային փառատոնն է, որի առաջին ներկայացումը՝ Մելուի «Հովսեփը», ցուցադրվել է 1869 թվականին։ Փառատոնն անց է կացվում հուլիս-օգոստոս ամիսներին՝ քաղաքի հրաշալի պահպանված Հռոմեական թատրոնում, որը տեղավորում է 9000 հանդիսատես։ Սա թերևս աշխարհի միակ անտիկ թատրոնն է, որն ամբողջությամբ անվնաս է, ինչի շնորհիվ պահպանվել է նաև թատրոնի հիանալի ակուստիկան։ Օրանժի ժամանակակից փառատոնն անց է կացվում 1971-ից, և այդ թվականից ի վեր փառատոնի մասնակիցներն աշխարհի այնպիսի հայտնի արտիստներ են, ինչպես Պլասիդո Դոմինգոն, Բարբարա Հենդրիքսը, Մոնսերատ Կաբալիեն և այլոք։ Օպերային ներկայացումներն այստեղ շատ մասշտաբային են, ինչի շնորհիվ հարյուր հազարավոր հանդիսատես ամեն տարի գալիս է Օրանժ դասական երաժշտություն վայելելու։

Էքս-ան-Պրովանսի փառատոն

Էքս-ան-Պրովանսի օպերայի և դասական երաժշտության փառատոնը Եվրոպայի ամենանշանակալի իրադարձություններից է։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել 1948 թ. և շարունակում է տեղի ունենալ յուրաքանչյուր ամառ։ Սկզբում բոլոր ներկայացումներն անց էին կացվում բաց երկնքի տակ՝ նախկին Արքեպիսկոպոսական դղյակի տարածքում։ Այսօր փառատոնը մի քանի հարթակներ է զբաղեցնում։ Դրանցից են Պրովանսի մեծ թատրոնը, «Jeu de Paume»-ն և «Maynier d’Oppede»-ն։ Փառատոնն առանձնահատուկ տեղ է հատկացնում Մոցարտի օպերաներին, որոնք ծրագրի հիմնական մասն են կազմում։ Արդեն 21-րդ դարում փառատոնը մեծ տեղ է հատկացնում նաև օրատորիալ կանտանտոներին, վոկալին և կամերային երաժշտությանը։ Փառատոնի բեմին հաճախ են հանդիպում նաև ժամանակակից կոմպոզիտորների հեղինակած օպերաներ, ահա թե ինչու սա հիանալի հնարավորություն է ոչ միայն երգիչների, երաժիշտների և դիրիժորների, այլև նորահայտ բեմանկարիչների և ռեժիսորների համար։

Մյունխենի օպերային փառատոն

Մյունխենի փառատոնը Եվրոպայի ամենահին փառատոներից մեկն է։ Այն անց է կացվում յուրաքանչյուր տարի հունիս-հուլիս ամիսներին՝ 1875 թվականից ի վեր։ Փառատոնի ղեկավարը, ըստ ավանդույթի, Բավարիայի պետական օպերայի տնօրենն է։ Հիմնական ծրագիրը կենտրոնացվում է Մյունխենի օպերային թատրոնում։ Իր նշանակությամբ երկրորդ հարթակը Ռեգենտ արքայազնի թատրոնն է։ Այս բեմը, որպես կանոն, օգտագործում են ավելի կամերային բնույթի բեմադրությունների համար։ Մի քանի բեմահարթակներից բացի «Օպերան բոլորի համար» խորագրով միջացառումներ են իրականացվում փառատոնի շրջանակում՝ Max-Joseph-Platz հրապարակում։ Բացի օպերային և բալետային պրեմիերաներից, Մյունխենի փառատոնում անց են կացվում վոկալի կամերային համերգներ, վոկալի վարպետության դասեր և երաժշտական թատրոնի հարցերին նվիրված հանդիպումներ։ Փառատոնի համբավի մասին խոսում է այն, որ ամեն տարի վաճառվում է ավելի քան 70 հազար տոմս։

Բախի փառատոն Լայպցիգում

Սա Գերմանիայի ամենահեղինակավոր փառատոներից մեկն է, որ նվիրված է Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությանը։ Գերմանիայում մի քանի փառատոն է անցկացվում Բախին նվիրված, սակայն հենց Լայպցիգինն ամենախոշորն ու հայտնին է։ Այն տևում է մոտ 10 օր և անց է կացվում հուլիս ամսին։ Այստեղ՝ Սուրբ Թովմայի եկեղեցում, ավելի քան 20 տարի Բախը երգեհոն է նվագել և ղեկավարել տեղի երգչախումբը։ Փառատոնը հիմնադրվել է 1904-ին՝ մեծ կոմպոզիտորի երաժշտության երկրպագուների Meue Bachgesellschaft միավորման կողմից։ Արդեն 1908 թվականից քաղաքապետարանն իր վրա է վերցրել կազմակերպումը։ Փառատոնի երաժշտական մասը հիանալիորեն լրացնում են Բախի կյանքի և գործունեության հետ կապված միջոցառումները, էքսկուրսիաները դեպի Լայպցիգի արվարձաններ, որտեղ սիրում էր լինել Բախը, ինչպես նաև տարատեսակ դասախոսություններն ու խոհարարական ծրագրերը։

Վերբի փառատոն

Շվեյցարական Ալպերի հենց սրտում այս փառատոնը հիմնադրվել է 1994 թվականին։ Իր ոչ երկարատև գործունեության ընթացքում այն հասցրել է վերածվել Եվրոպայի ամենաշատ մասնակցություն ունեցող փառատոներից մեկին։ Փառատոնն աչքի է ընկնում յուրօրինակ ծրագրերով և պատանի երաժիշտների համար ստեղծված ակադեմիայով, որտեղ սովորելու են գալիս պատանի երաժիշտներ տարբեր երկրներից։ Այն նաև կամերային նվագախումբ ունի Ջեյմս Լիվայնի ղեկավարությամբ, որն ամեն տարի հենց փառատոնի մինչև 30 տարեկան մասնակիցներից ընտրված նոր կազմ է ունենում։ Սա դասական երաժշտության և պրոֆեսիոնալիզմի իրական խտացում է, որին լրացնում է Շվեյցարական ալպերի անզուգական բնապատկերը։

Արենա դի Վերոնա փառատոն

Արենա դի Վերոնան հին հռոմեական ամֆիթատրոն է, Եվրոպայի ամենահայտնի հնագիտական հուշարձաններից մեկը, որը կառուցվել է մ.թ. 1-ին դարում, Օգոստոս կայսեր կառավարման վերջին տարիներին։ Այս անտիկ ամֆիթատրոնն օվալ ձև ունի, և տեղավորում է 16000 հանդիսատես։ Իր գոյության ամբողջ ընթացքում ամֆիթատրոնը եղել է բազմատեսակ զվարճանքների հարթակ՝ գլադիատորական մարտերից մինչև թատերական ներկայացումներ։ Իսկ 1822 թվականին հենց այստեղ անցկացվեց եվրոպական ազգերի հանդիսավոր կոնգրեսը, որի պատվին էլ Ռոսինին գրեց «Սուրբ միություն» հայտնի կանտատան։ Այսօր Արենա դի Վերոնան աշխարհին հայտնի է այդտեղ յուրաքանչյուր ամառ տեղի ունեցող օպերային փառատոնով։ Փառատոնի բացումը տեղի է ունեցել 1913 թվականին Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի բեմականացմամբ։ Օպերային փառատոնն ամեն տարի հյուրընկալում է կես միլիոնից ավելի մելոման տուրիստների ամբողջ աշխարհից, ինչպես նաև աշխարհահռչակ երգիչների և երաժիշտների։

Ռոսինիի փառատոն Պեզարոյում

Թերևս ամենաէլիտար Իտալական փառատոնն է, որ Պեզարոյում է կենտրոնացնում Ռոսինիի ստեղծագործության սիրահարներին ամբողջ աշխարհից։ Փառատոնն անց է կացվում 1980թ.-ից կոմպոզիտորի ծննդավայրում՝ Ադրիատիկ ծովի ափին գտնվող փոքրիկ իտալական Պեզարո քաղաքում։ Փառատոնն անց է կացվում օգոստոսին և տևում է 2-3 շաբաթ։ Ծրագիրն ամեն տարի ներառում է օպերային 3-4 պարտադիր բեմադրություն, որոնք կրկնվում են փառատոնի ամբողջ ընթացքում։ Սա նշանակում է, որ հնարավոր է ուշ միանալ փառատոնին և այնուամենայնիվ հասցնել տեսնել բոլոր բեմադրությունները։ Փառատոնի ծրագիրը հաճախ համալրվում է Ռոսինիի՝ հազվադեպ կատարված և բեմադրված ստեղծագործություններով, անց են կացվում վոկալի երեկոներ։ Քաղաքի հիմնական մշակութային կոթողն այն տունն է, որտեղ 1729 թվականին ծնվել է Ջոակիո Ռոսինին և որտեղ էլ այժմ նրա թանգարանն է։ Փառատոնի համար հարթակներ են ծառայում Ռոսինի թատրոնը, Ռոսինիի անվան կոնսերվատորիայի դահլիճը, ինչպես նաև Ադրիատիկ արենան։ Փառատոնի բարի ավանդույթներից է երիտասարդ երաժիշտների, վոկալիստների և դիրիժորների ներկայացումը։ Այն ունի նաև կից ակադեմիա, որի սաներից էլ հաճախ ընտրվում են նոր բեմականացումների մասնակիցները։

This article is from: