5 minute read

Արհեստանոց

Next Article
Ուսում

Ուսում

Երաժշտություն ստանալու համար պետք են երաժիշտներ։ Իսկ երաժիշտները չեն կարող նվագել առանց գործիքների։ Դրանք էլ մեկը պիտի պատրաստի կամ վերանորոգի։ Հայաստանում այդ գծով համար մեկ վարպետը համարյա յոթ տասնամյակի փորձ ունեցող Մարտին Երիցյանն է։

Լարային երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար է Մարտին Երիցյանը։ Աշխատանքային ավելի քան 65 տարիների ընթացքում վարպետը պատրաստել է մոտ 300 ջութակ, մոտ 150 ալտ, 39 թավջութակ, 26 քանոն, 2 Վիոլա պոմպոզա, 2 Վիոլա դա գամբա, կիթառներ, քնար, ինչպես նաև իր ստեղծած հայկական քեմանիներ և այլն։ «Մարտին Երիցյան՝ Շահենի որդի։ Պատրաստված է Երևանում, այսինչ թվականին»,– այսպես է վարպետը մակագրում իր ստեղծած գործիքները։ Մարտին Երիցյանն ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանը, սովորել Կոնսերվատորիայում։ Եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ լարային քառյակի երկրորդ ջութակահարը, այդ քառյակով 1969 թվականին Բելգիայում միջազգային մրցույթում ստացել հատուկ դիպլոմ։ Նվագելուց առավել Վարպետին միշտ գրավել է լարային երաժշտական գործիքներ պատրաստելու արհեստը, որն իրեն է փոխանցվել հորից՝ Շահեն Երիցյանից, ով 1925 թվա

Advertisement

կանին Հունաստանից Երևան եկած հայրենադարձներից է: Հետևելով հոր աշխատանքին՝ արդեն երկրորդ կուրսի ուսանող, երիտասարդ ջութակահարի մոտ հոր գործը շարունակելու ցանկություն է առաջացել, իսկ երաժշտական կրթությունն էլ ավելի է նպաստել դրան։ «Վարպետն առաջին հերթին պետք է լինի երաժիշտ, ջութակի կամ որևէ այլ գործիքի տիրապետի, անպայման մասնագիտական կրթություն ունենա: Երաժշտական լսողությունը շատ կարևոր է լավ գործիք ստեղծելու համար»,– ասում է Վարպետը։

Համաշխարհային համբավ

Վարպետը հպարտությամբ է հիշում տարբեր երկրներ կատարած իր շրջագայությունները: Դրանք հատկապես հիշարժան են աշխարհահռչակ վարպետների հետ հանդիպումներով։ «Հայրս Հայաստանում պրոֆեսիոնալ գործիքների պատրաստման հիմքերն է դրել: Իր մոտ աշակերտելուց և պրոֆեսիոնալ հմտություններ ձեռք բերելուց հետո հաճախ եմ եղել Իտալիայում, Ֆրանսիայում, Չեխիայում և համամիութենական մրցույթներում պատիվ եմ ունեցել շփվելու բազմաթիվ վարպետների հետ։ Երազում էի լինել տեղի արհեստանոցներում և այդպես էլ լինում էր։ Ասենք՝ Փարիզում Վաթլոյի աշխատանոցում եղա, ինչպես նաև Չեխիայի լավագույն ջութակագործ վարպետներից մեկի՝ Վլադիմիր Պիլարժի մոտ, նրան ընկերակցեցի, ծանոթացա նրա աշխատանքներին, Իտալիայում Գարինբերտիի արհեստանոցում եղա»։ Արդեն 1992-ից Վարպետին գրեթե ամեն տարի հրավիրում էին ԱՄՆ, Օհայո նահանգի Օբերլին քաղաքի ռեստավրացիայի դպրոց։ Դպրոցի ղեկավարը հայազգի Վահագն Նիկողոսյանն էր, որը 10 տարի զբաղեցրել է գլխավոր վարպետի պաշտոնը։ «Որոշ աշխատանքներ, հատկապես ջութակի գլուխներ, հետս էի տանում, որոշ բաներ էլ հենց այնտեղ պատրաստում, դրանցից մեկը նույնիսկ ցանկացան կրկնօրի-

նակել։ Այդ տարիներին պատվերներ եղան նաև Նյու Յորքի հայտնի վաճառատներից։ Խորհրդային տարիներին ևս պատվիրում էին որոշ քանակի գործիքներ ոչ միայն Հայաստանում, այլև խորհրդային մյուս քաղաքներից։ Օրինակ՝ Աստրախանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ֆրանգուլովան ամեն տարի երեք-չորս գործիք էր պատվիրում»։ 1984 թվականից Մարտին Երիցյանը Հայաստանում հազվագյուտ աղեղնային գործիքների եզակի հավաքածուի պահպանողն ու վերանորոգողն է։ Եվրոպական լարային գործիքների տարածված տեսակներից բացի Վարպետը պատրաստել է նաև մի շարք եզակի գործիքներ։ «Պատրաստել եմ երկու Վիոլա դա գամբա թավջութակի դիապազոնում։ Առաջինը Մոսկվայում է, երկրորդը՝ իմ տանը։ Եվս մի յուրահատուկ գործիք՝ հինգ լարանի ալտ Վիոլա պոմպոզա, պատրաստել եմ բրիտանացի հայտնի երաժիշտ Սայմոն Ջոնսի խնդրանքով՝ հատուկ Բախի սյուիտները կատարելու համար։ Ջոնսի Բախի գործերի ձայնապնակի վրա գրված է. «Նվագում է Մարտին Երիցյանի պատրաստած վիոլա պոմպոզա գործիքի վրա՝ հինգ լարանի ալտ»: Իմ պատրաստած նման մի գործիք էլ հիմա Իսպանիայում է։ Հայկական ժողովրդական կատարումներ լսելիս հաճախ զգում էի, որ նոր հնչողության կարիք կա և ինքս էլ ստեղծեցի

հայկական ազգային նվագարանների մի նոր ընտանիք ալտի և թավջութակի դիապազոնում։ Այդ նվագարանն աշխարհում կոչում են Armenian viola կամ հայկական քեմանի։ Այն եզակի է իր տեսակում։ Շատ բարդ, բայց շատ գեղեցիկ ու շատ հմայիչ հնչողությամբ: Շատերն այժմ իմ գործիքները հավաքում են՝ վստահ լինելով, որ դրանք հետագայում շատ ավելի մեծ արժեք են ներկայացնելու իրենցից»,– հպարտանում է Վարպետն ու հավելում, որ պատրաստել է նաև փոքր քնար՝ ազգային երգերում նվագակցելու համար։

Ընտանեկան գաղտնիք

Վարպետն ասում է, որ լավ գործիք պատրաստելու համար հմտություններից բացի մի քանի կարևոր բան էլ կա։ Նախ, կարևոր է մթնոլորտը, միջավայրը որտեղ աշխատում ես։ Ինքը՝ Վարպետը, աշխատում է Բախի, Մոցարտի, Հայդնի և Բեթհովենի ստեղծագործությունների ներքո։ Շատ կարևոր է նաև նյութը։ «Լավագույն նյութը, որ երկար տարիներ փնտրել եմ Կովկասի անտառներում՝ թխկին, ընկուզենին և եղևնու տեսակներից՝ գերմանական հայդենշտեր ծառատեսակներն են։ Փայտը մոտ 5-6 տարի պիտի մնա, չորանա, որպեսզի պատրաստ լինի երաժշտական գործիքի վերածվելուն։ Հայկական կլիմայի դեպքում 3 տարին էլ բավարար է»։ Շատ բան, ըստ վարպետի, կախված է նաև մշակումից, գրունտից և լաքից։ «Ամեն տարի, Օբերլինի ռեստավրացիայի դպրոցում մոտ 25-28 վարպետ հավաքվում և հետևում էին իմ աշխատանքին։ Նկատել էին, որ հատուկ գրունտի գաղտնիք ունեմ, որի շնորհիվ փայտը շատ գեղեցիկ է երևում լաքի տակից։ Խնդրեցին, որ ասեմ գրունտի գաղտնիքը։ Ներողություն խնդրեցի, ասացի, որ դա Երիցյան ընտանիքի գաղտնիքն է։ Իտալական դասականների աշխատանքներին նմանվող գրունտի և լաքի տեսակն իմ աշխատանքներում միշտ հիացմունքի է արժանացել։ Այդ բոլոր գաղտնիքները փոխանցում եմ որդիներիս՝ Տիգրանին և Կարենին։ Մեծ որդիս, որն անսամբլի ալտահար է, ապրում է Իսպանիայում, կրտսեր որդիս Երևանում է, միասին ենք աշխատում։ Երկուսն էլ մեծ հաջողություններ ունեն»։

Մինասի չպատրաստված կիթառը Իսկ ահա իր երաժշտական հմտությունները Վարպետը սիրով փոխանցում է սերունդներին։ Մինչև անցյալ տարի Վարպետը նաև

լարային կվարտետ էր դասավանդում Երևանի պետական կոնսերվատորիայում։ «Գործիք պատրաստելուն զուգահեռ միշտ դասավանդել եմ կոնսերվատորիայում և միշտ շրջապատված եմ եղել լավագույն ուսանողներով, որոնց հետ հնարավոր է ամենաբարդ գործերը նվագել։ Վերջին ուսանողներիս հետ պատրաստեցինք ամենադժվար կվարտետներից մեկը՝ Չայկովսկու 3-րդ կվարտետը, որը կոնսերվատորիայի պատմության մեջ շատ հազվադեպ կատարվող գործ է»։ Վարպետը սիրով է հիշում հանդիպումներն աշխարհահռչակ հայ և օտարազգի մշակույթի գործիչների հետ։ «Ժան Տեր-Մերկերյան, Արտաշես Մկրտչյան, Ռուբեն Ահարոնյան և շատ ուրիշներ. բոլոր այս երաժիշտները գործիքը վերանորոգելու կարիք ունենալու դեպքում անպայման ինձ էին դիմում։ Ժան Տեր-Մերկերյանն ամեն տարի գալիս էր Երևան և անպայման լինում իմ աշխատանոցում, իմ տանը։ Մի անգամ, երբ պետք է նվագեր Էդուարդ Լալոյի սիմֆոնիան, առավոտից երեկո ինձ մոտ էր պատրաստվում առաջիկա համերգին»։ Երաժիշտներից բացի Վարպետը սերտ շփումներ է ունեցել նաև նկարիչների հետ. Մինաս Ավետիսյան, Ժանսեմ, Գառզու, Ռաֆայել Աթոյան, Մարտին Պետրոսյան, Հակոբ Հակոբյան

և այլն։ «Մինասի արվեստանոցի դիմաց մի խանութ կար, այնտեղ տեսել էի մի ծովանկար, տպավորված էի այդ նկարով։ Մինասին խնդրեցի, որ միասին գնանք այդ խանութ, և եթե ինքը հավանի նկարը, ես այն կգնեմ։ Հավանեց։ Գնեցի»։ Ծիծաղով նկատում է. «Փոխանակ իրենից նկարներ գնեի, իր օգնությամբ ուրիշ նկարներ էի գնում»։ Հետո ափսոսանքով նշում. «Իր հետ պայմանավորվել էինք, որ իր համար մի կիթառ պիտի պատրաստեմ, ինքն էլ ինձ մի նկար պիտի նվիրի։ Բայց, ափսոս, վախճանվեց, «գործարքն» այդպես էլ չկայացավ»։ «Մարտին Պետրոսյանի հետ էլ շատ մտերիմ էի, նրա երկու գրաֆիկական գործ աշխատանոցումս կախված է արդեն երկար տարիներ։ Պետրոսյանի դուստրը ջութակահարուհի էր, իր համար մի սքանչելի ջութակ եմ պատրաստել։ Բազմաթիվ անգամներ հանդիպումներ եմ ունեցել նաև նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ։ Իմ լավ բարեկամն էր»։ Վարպետն ասում է, որ մտերմությունն ու շփումներն այս բոլոր մարդկանց հետ իր համար մեծ ուրախություն էր. «Բացի այդ, բոլորը միշտ գոհ էին մնում իմ աշխատանքից, բոլորին հիացնում էր իմ ստեղծած գործիքների թե՛ տեսքը, թե՛ հնչողությունը։ Երբեմն նայում եմ ինքս ինձ և ուրախանում. աշխատանքս գնահատված է, կյանքս՝ վավերագրված»։

This article is from: