5 minute read
Կառավարում
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Կառավարում
Ապրել երկրի վրա
Advertisement
Դասականը բոլորի համար
Լինել դասական երաժշտության ոլորտի պրոդյուսեր Հայաստանում, թե մեկ այլ երկրում՝ իրարից տեսականորեն չի տարբերվում: Սակայն կա մի «բայց». տեղական մշակութային դաշտը չունի միջազգային դաշտի հետ փոխշահավետ կապ, ինչպես նաև դասական երաժշտության գիտակների շարքերը գնալով նոսրանում են։ Սակայն ուրախալի է այն փաստը, որ վերջին շրջանում հաճախ եմ նկատում երիտասարդների հետաքրքրվածությունը դասական երաժշտությամբ և համերգների ժամանակ հենց իրենք են զբաղեցնում դահլիճի զգալի մասը։ Մեր նպատակներից մեկը, որպես պրոդյուսերների, այդ զարգացման գործընթացի խթանումն է:
Այսօրվա իրականության մեջ մեզ համար կա երաժշտություն լսելու, սովորելու, և կա, այսպես ասած, ամենաարդյունավետ տարբերակը, երբ մարդիկ լսում են ստեղծագործությունները, զարգանում են ու պատրաստ են վճարել այդ բովանդակության համար, քանի որ ուզում են այդ երաժշտությունը լսել ոչ միայն համերգասրահում, այլ նաև ժամանակակից տեխնիկայի միջոցով իրենց բնակարաններում: Այդ նպատակով աշխարհում գոյություն ունեն 150-ից ավելի առցանց հարթակներ, որոնք տարածում են երաժշտությունն էլեկտրոնային տարբերակով և այսօրվա պրոդյուսերի գործառույթներից է հենց այս հարթակների հետ գրագետ աշխատելը։ Մեր աշխատանքը միանշանակ միայն տարածումը չէ: Պրոդյուսերն անում է ամեն ինչ, որպեսզի ապահովի գեղարվեստական ղեկավարի ստեղծագործական գաղափարների իրականացումը: Կարգավորում է ֆինանսական հարցերը գեղարվեստական նպատակների համաձայն, ձևակերպում է ընդհանուր հայեցակարգն ըստ տեղական և միջազգային շուկայի պահանջարկների: Օրինակ՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղ. ղեկավար էդուարդ Թոփչյանն աշխատում է ձայնագրված ստեղծագործության վրա, որից հետո ստացված նյութն ուղարկվում է հրապարակման։ Նշեմ, որ ձայնագրություններն ուղարկում ենք արտասահման։ Տեղական դասական երաժշտության ձայնագրման ստուդիաները չափազանց մեկուսացված են համաշխարհային շուկայից և դեռ մեծ ճանապարհ ունեն անցնելու, որպեսզի արտասահմանյան ընկերություններն սկսեն իրենցով հետաքրքրվել: Բայց նվագախումբը չի կարող այդքան սպասել, դրա համար դիմում ենք մեր արտասահմանյան գործընկերներին: Ի դեպ, ես ինքս աշխատում եմ ակտիվ պահել շփումը նրանց հետ, հատկապես այս շրջանում, երբ մեր մեջ եղած հեռավորությունն առավել շոշափելի է: Մի քանի շաբաթ առաջ իմ չինացի գործընկերների հետ երաժշտական տեսանյութ նկարահանեցինք չինացի երեխաների և երկու հայ երգիչների մասնակցությամբ: Անցյալ տարվա դեկտեմբերին էլ ՀԱՖՆ-ը հյուրախաղերով մեկնել էր Չինաստան, նույնիսկ Ուհանում եղավ, բայց բարեհաջող կերպով բոլորս առողջ վերադարձանք:
↑ Լևոն Արոնյան, Լևոն Չիլինգիրյան, Արման Պադարյան
Ֆիլհարմոնիկն ու նոր իրականությունը
Դեռ Լորիս Ճգնավորյանի օրոք Ֆիլհարմոնիկը մեծ ժողովածու ձայնագրեց՝ 30-ից ավելի ձայնասկավառակներ, որոնք հրապարակվեցին ASV լեյբլի կողմից և դրանք վերջերս ձեռք բերեց «մեյջոր» Universal Music-ը: Այժմ վերջինս սկսել է տարածել այդ ձայնագրությունները դիստրիբյուտորային հարթակների միջոցով: Ինչպես կարգն է, ամեն տարի մենք ստանում ենք այսպես կոչված royalty-ներ, որոնք այս պահին մեծ գումարներ չեն կազմում, ինչը նշանակում է, որ հայ դասական երաժշտության պահանջարկը դեռ մեծ չէ: Իմ գործն է հասկանալու, թե ինչ անել, որ հայ երաժիշտների կողմից կատարված ստեղծագործությունները հնչեն ամբողջ աշխարհով և դուրս գան ավելի լայն շուկա՝ հին և նոր երաժշտական հարթակների միջոցով: Սա առանձնահատուկ կարևոր գործընթաց է հենց դասական երաժշտության համար, քանի որ, օրինակ, նույն հայկական ջազային երաժիշտներն ավելի լավ վիճակում են: Անցյալ տարի, երբ մեկնում էի Երևանից Նյու Յորք, ինքնաթիռում հնչում էր Տիգրան Համասյանի երաժշտությունը: Դա նշանակում է, որ իր դիստրիբյուցիան լավ է աշխատում և նա արդեն կարող է որոշակի ծառայություններ առաջարկել: Վերջերս Warner Music-ը հրատարակեց թավջութակի համար գրված լավագույն կոնցերտների ժողովածու, որի մեջ ընդգրկվեց նաև Արամ Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան՝
Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ (թավջութակահար՝ Ալեքսանդր Չաուշյան): Այն հրատարակվել է 2011թ.-ին շվեդական BIS records ընկերության կողմից, և, փաստորեն, այսօր արդեն ներառվեց համաշխարհային գանձարանում: Ներկա պահին ակտիվ աշխատում ենք նոր «կոնտենտի» վրա։ Արդեն պատրաստ են Չայկովսկու թիվ 6, Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիաները և մի քանի այլ գործեր ևս պետք է ձայնագրենք, որպեսզի կարողանանք մտնել երաժշտական բովանդակության առաջխաղացման և տարածման ավելի լայն շուկա: Շուտով մաեստրո Թոփչյանը կավարտի մաստերինգի աշխատանքը, արդյունքում կունենանք հայկական և ռուսական երաժշտության երկու ձայնասկավառակ: Այսպիսով կշարունակենք ամրապնդել հայ դասական երաժշտության դիրքերը միջազգային դաշտում, ինչպես նաև ցույց կտանք ՀԱՖՆ-ի կատարողական բարձր մակարդակը։ Մենք աշխարհին առաջարկելու շատ բան ունենք։ Մեր նվագախումբը հիմնադրել են Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտները և կարելի է ասել, որ այն ռուսական արմատներ ունի, բայց այսօրվա նվագախումբն Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ մի շարք փոփոխություններով է անցել: Ակնհայտորեն լավացել է փողային գործիքների բաժինը, էլ ավելի որակյալ է դարձել լարային գործիքների կատարումը, ինչի շնորհիվ մեր նվագախմբի հնչողությունը զգալիորեն բարելավվել է, և վստահությամբ կարող եմ ասել, որ երբևիցե այսքան լավը չի եղել: Կարևոր եմ համարում նշել, որ նվագախումբը 2018թ.-ից սկսեց ձեռք բերել երաժշտական նոր գործիքներ (գալարափող, շեփոր, տրոմբոն, հոբոյ, հարվածային գործիքներ, սպասվում են նաև կոնտրաբասներ Գերմանիայից) Հայաստանի բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Շալջյան ընտանիքի աջակցությամբ: Հույս ունեմ, որ մեր ստեղծած նոր բովանդակությունը դուրս կգա տեղական սահմաններից և կկոտրի հայկական երաժշտության առաջխաղացման սահմանափակումները, և մենք դա պետք է անենք ստրիմինգային 150-ից ավելի հարթակների միջոցով։ Դա ոչ միայն Itunes-ն է, Amazon-ը, Play Market-ը, այլև մի շարք այլ հեռանկարային հարթակներ (AWAL, Primephonic և այլն): Մենք անցյալ տարի պայմանագիր կնքեցինք Idagio-ի հետ, որը հենց դասական երաժշտության վրա կենտրոնացած հարթակ է: Մասնագիտացած սթրիմինգային ծառայությունների միակ բացասական կողմն այն է, որ նրանց մոտ գալիս են միայն
այն մարդիկ, ովքեր ուզում են լսել հստակ ուղղվածության երաժշտություն, որի արդյունքում լսարանը զգալիորեն պակասում է, դժվար է դառնում կրթել նոր սերունդ, որը, պատահական մի տեղ բացահայտելով օրինակ դասական երաժշտություն, կսկսի սիրել այն:
Կտրված աշխարհից
Մենք, որպես երկիր, միացած չենք երաժշտության առաջխաղացման գլոբալ շուկային: Դա պետք է լինի մեր նշանակետը: Օրինակ՝ առ այսօր մեզ մոտ չի գործում Spotify հավելվածը և ստիպված ենք բավարարվել հարթակներով, որոնք զգալիորեն գցում են երաժշտության որակը. 120/140 բիթը ծիծաղելի որակ է: Այդ ձայներիզի որակից չես փշաքաղվում և ոչ մի նոր բան չես իմանում: Չկա այն որակը, որը հասարակ ունկնդրողին դարձնում է երաժշտասեր կամ գիտակ: Մենք փակված ենք մեր էլեկտրոնային երաժշտության փոքրիկ աշխարհում և բավարարվում ենք նվազագույնով, բայց չենք կարող լսել որակյալ երաժշտություն Facebook-ում կամ YouTube-ում։ Այստեղ դու կգտնես միայն լավ կատարման սփրթնած ստվերը:
↓ ՀԱՖՆ՝ հյուրախաղեր Չինաստանում → Արման Պադարյան, Դիանա Ադամյան
Ժամանակին գոյություն ուներ «դեկայի» հնչողությունը, այն հիսունականներից սկսած բավական հայտնի էր մինչև 2000-ականները: Խոսքը վերաբերում էր ռեզոնանսային դեկա կոչված լարային գործիքի դետալի ձայնին: Այդ դետալը ձայնը դարձնում էր մի քանի անգամ ավելի բարձր, քան ինքը լարը կարող է արտաբերել և, ձայնապնակի վրա լսելով այդ որակը, մարդիկ միանգամից ճանաչում էին, որ դա «դեկա» է։ Այն հեքիաթային հնչողություն ունի, բայց այսօրվա էլեկտրոնային աշխարհում կորսված է:
Ապրել երկրի վրա
Ես աշխատում եմ նրա հետ, ինչ կա, բայց միևնույն ժամանակ ինձ որոշակի չափով կոնսերվատիվ եմ համարում՝ չեմ կարող հրաժարվել նույն վինիլի կամ գոնե CD-ի որակից: Այսօրվա
↑ Բրունո Մանտովանի, Արման Պադարյան, Ռուզաննա Սիրունյան
իրականությունն այն է, որ դու պիտի որոշակի գումարով ուղարկես քո երաժշտությունը, օրինակ՝ Facebook, Shazam կամ Siri, և հույս ունենաս, որ եթե մեկը Siri-ին խնդրի գտնել Խաչատրյանի երաժշտությունը, արդյունքում բերի հենց մեր կատարած Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Այս իրավիճակը մեզ ավելի շատ է քաշում դեպի էլեկտրոնային աշխարհ: Սա ելք չէ: Մարդիկ պետք է դուրս գան, ձեռքով աշխատեն, սովորեն անել ինչ-որ բաներ լավ, այլ ոչ թե պարզապես մկնիկն այս ու այն կողմ շարժեն: Լսե՛ք երաժշտությունը բնականից, դո՛ւրս եկեք, զգացե՛ք բնության բուրմունքը, սիրե՛ք իրական կանանց։ Ականջները լսելու համար են, իսկ ձեռքերը՝ դիպչելու: Օգտագործեք դրանք ըստ նշանակության: Մենք պետք է ապրենք երկրի վրա, այլ ոչ թե մեկ այլ վերացական աշխարհում: