25 minute read
Գլուխ12. Սերն ամոքում է հոգին
Գլուխ 12
ՍԵՐՆ ԱՄՈՔՈՒՄ Է ՀՈԳԻՆ
Advertisement
«Ճշմարիտ լինելով սիրո մեջ» Եփեսացիս 4.15
Պատկերացրե՛ք մի բժշկի, ով անսխալ ախտորոշում է իր հիվանդներից մեկի լուրջ հիվանդությունը, որն սպառնում է նրա կյանքին: Հրատապ վիրաբուժական միջամտություն է պահանջվում: Բայց դրա փոխարեն բժիշկը Ֆլորիդայում գտնվող առողջավայր է ուղարկում հիվանդին, որպեսզի նա այնտեղ թուլանա, արևից թխանա, հանգստանա: Դուք ի՞նչ կմտածեիք այդ բժշկի մասին, եթե իմանայիք, որ նրա խորհուրդը թելադրված է այն պատճառով, որ նա չնչին ռիսկի անգամ չի ուզում դիմել` կապված վիրահատության հետ, և ցանկություն չունի վիրահատությունից հետո, վերականգնման ժամանակամիջոցում զբաղվել հիվանդով:
Այդպիսի բժշկին նողկանքով կվերաբերվեն ինչպես բժիշկները, այնպես էլ հասարակ մարդիկ: Սակայն դուք և ես կարող ենք ճիշտ նույն կերպ վարվել հուզական-հոգևոր մակարդակում:
Հիսուսն Իր պատասխանատու առաքելությունն սկսեց հետևյալ խոսքերով. «Մոտեցել է Երկնքի թագավորությունը» (Մատթեոս 3.2): Ինչ-որ մեկն այնքան գործնական է գտնվել, որ Աստծո արքայությունն անվանել է ճիշտ փոխհարաբերությունների թագավորություն: Հիսուսն եկավ, որպեսզի կարգավորի մարդկանց միջև փոխհարաբերությունները: Ահա այս փաստն են հաճախ քրիստոնյաներն աչքաթող անում::
Աստվածաշունչն առանձնահատուկ կերպով է ընդգծում, որ մեղք է այն ամենը, ինչ մարդուն բաժանում է Աստծուց: Եվ մեղքը բաժանում է նաև մարդկանց:
Հիսուսն ընդգծում էր, որ Աստծո կամ մարդու նկատմամբ մեղքը հոգևոր հիվանդություն է, որը հարկավոր է բուժել: Նա հաճախ հույս էր հայտնում, որ Իր աշակերտները ճիշտ փոխհարաբերություններ կպահպանեն ոչ միայն Աստծո, այլ նաև մարդկանց հետ: Փաստորեն, Նոր Կտակարանում ավելի շատ ուշադրություն է հատկացվում հոգու մեղքերին, որոնք կործանարար կերպով են արտացոլվում մարդկանց միջև փոխհարաբերությունների վրա, քան մարմնի այնպիսի պղծությունների, ինչպիսիք են հարբեցողությունն ու շնությունը: Չնայած սրան, մենք շատ ավելի մեծ զզվանքով ենք խոսում մարմնի մեղքերի, քան հոգու մեղքերի մասին: Խոսելով մեղքի մասին, մենք անտեսում ենք դրա այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են հպարտությունը, չարությունն ու ինքնարդարությունը:
Բայց, որքան էլ տարօրինակ է, Պողոս առաքյալը տարբերություն չի դնում մարմնի և հոգու մեղքերի միջև, երբ խոսում է մարմնի գործերի մասին. «Եվ հայտնի են մարմնի գործերը, որ են` շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանմունքներ, չար նայվածքներ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ, և ինչ որ սրանց նման են. Որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպես էլ առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողներն Աստծո արքայությունը չեն ժառանգի» (Գաղատացիս 5.19-21):
Իր` «Ապրել սիրո մեջ» գրքում, Այլին Գուդերը միտք է հայտնում, որ, սոսկում և վրդովմունք արտահայտելով մարմնի մեղքի պատճառվ, եկեղեցու որոշ անդամներ կեղծավորաբար փորձում են ուշադրությունը շեղել իրենց հոգևոր կյանքի առավել լուրջ խնդիրներից: «Ինչպես Ադամն ու Եվան Եդեմում, մենք ջանում ենք Աստծո առջև ծածկել մեր հոգևոր մերկությունն ու աղքատությունը: Մենք երեսպաշտորեն անբավականություն ենք հայտնում բացահայտ մեղքերի կապակցությամբ, որպեսզի թաքցնենք մեր ներքին անբարոյականությունը: Սա հեթանոսական բարձիթողի վիճակ չէ, այլ խորապես արմատացած հպարտություն ու
եսակենտրոնություն, դյուրագրգռություն ու անհամբերություն» (107):
Նա նաև գտնում է, որ եկեղեցու հանդուրժողականությունը մարմնի ու հոգու մեղքերի տարբեր գնահատականի նկատմամբ, հավանաբար հանդիսանում է այն գլխավոր պատճառը, թե ինչու են անհավատները կեղծավոր համարում քրիստոնյաներին: «Նրանք հիանալի տեսնում են մեր հանդուրժող վերաբերմունքը մարմնի և հոգու մեղքերի նկատմամբ, և, որ ամենասոսկալին է, նրանք տեսնում են, թե ինչպես ենք մենք արդարացնում այդ մեղքերը Քրիստոսի արդարության անունով, ընդ որում, վկայակոչելով մարդկային էության արատավորությունը, և այդ պատճառով արհամարհում են մեզ: Մենք խոսում ենք Աստծո սիրո մասին, իսկ նրանք ծաղրում են մեզ, որովհետև նրանք այն չեն տեսնում մեր կյանքում» (108-109):
Շա՜տ ափսոս, որ մենք մեղքին վերաբերվում ենք ամենևին էլ ոչ այնպես, ինչպես Աստված: Տիրոջը շատ ավելի անհանգստացնում են հոգու մեղքերը, քանի որ Նա գիտի, թե որքան արագորեն ու աննկատ կարող են դրանք թշնամանք ցանել մարդկանց միջև ու խախտել երկնքի հետ նրանց փոխհարաբերությունների ներդաշնակությունը: Աստված միշտ օբյեկտիվորեն է գնահատում իրականության երևույթները: Մենք արհամարհում ենք հարբեցողին: Մենք նրան ասում ենք, որ նա իրեն կործանում է հավիտենականության համար: Սակայն որքա՜ն հաճախ ենք մենք անուշադրության մատնում հպարտությունը, նախանձն ու եսասիրությունը, թեև հենց այդ մեղքերն են, որ առանձնակի ատելի են Աստծուն, քանի որ դրանք անհամատեղելի են Նրա ողորմած ու կարեկից բնավորությանը: Այդ մեղքերը կարող են ոչնչացնել անշահախնդիր սիրո այն մթնոլորտը, որը թագավորում է երկնքում: Մենք չափազանց երկար ժամանակ ենք կանխամտածված կերպով աչք փակել հոգու մեղքերի վրա:
Մենք արդեն համոզվել ենք, որ առաջին սկզբունքը, որի վրա պետք է կառուցվեն փոխհարաբերությունները դժվար մարդկանց հետ, ներումն է: Բայց կա և մեկ ուրիշ սկզբունք: Ներումն ու հանդուրժողականությունը միշտ չէ, որ բավարար են լինում: Խախտված փոխհարաբերությունները վերա-
կանգնելու, մարդու հետ հաշտվելու համար էլի ինչ-որ բան է հարկավոր: Հիսուսը ևս մի կարևոր սկզբունք է առաջ քաշել. «Եթե քո եղբայրը քո դեմ մեղանչի, գնա նրան հանդիմանիր` երբ որ դու և նա մենակ լինեք» (Մատթեոս 18.15):
Մարդիկ կարող են մեղանչել ոչ միայն անձամբ մեր դեմ: Նրանք կարող են վնաս հասցնել մեր եղբորը, քրոջը կամ մեր ողջ եկեղեցուն: Մենք առանց տատանվելու, ակտիվ միջոցներ կձեռնարկեինք կանխելու համար նախապատրաստվող սպանությունը: Պատասխանատվության այդ նույն զգացումը պետք է դրդի մեզ միջամտելու, երբ տեսնում ենք, որ ուժեղը նեղացնում է թույլին: Մենք Տիրոջից հրաման ունենք խոնարհության ու սիրո հոգով հանդիմանելու մեր եղբորը, որպեսզի օգնենք նրան ազատվել սատանայի իշխանությունից:
Քրիստոսը ցանկանում է, որ տուժածը մոտենա իրեն նեղացնողին և առանձին հանդիմանի նրան: Ցավոք, մենք հաճախ Հիսուսի խորհրդի ճիշտ հակառակն ենք անում: Մենք սպասում ենք, թե երբ «մեղավոր» եղբայրը մեզանից ներում կխնդրի: Մենք մեզ «իրավասու» ենք համարում նրանից ապաշխարություն ակնկալել: Բայց, համաձայն Քրիստոսի ուսմունքի, Նրա հետևորդներն այդպիսի «իրավունքներ» չունեն: Քրիստոնյան «իրավունք» չունի դադարեցնելու շփումը մարդու հետ և հրաժարվելու նրան օգնելուց միայն այն հիմքով, որ ինքը «իրավացի» է, իսկ նրա եղբայրը` «անիրավ»:
Քրիստոնյան այս աշխարհում պետք է ապրի աստվածային սիրո սկզբունքների համաձայն: Սա ամենագլխավորն է: Իսկ մնացած բոլորը նշանակություն չունի: Քրիստոնյան չպետք է հաշվի նստի իր հպարտության հետ: Սա հաստատվում է Քրիստոսի ուսմունքով այն մասին, որ տուժած եղբայրը պետք է իր վրա վերցնի հաշտության նախաձեռնությունը իրեն նեղացնողի հետ և առաջինը փորձի հարթել հակամարտությունն ու վերականգնել խախտված փոխհարաբերությունները:
Մարմնավոր մարդու համար դա չափազանց մեծ զոհաբերություն է, քանի որ նրա համար ամենագլխավորը շրջապատող մարդկանց հիմար չթվալն է: Բայց գալիլեացի Մարգարեի ճշմարիտ հետևորդները շուտով բազում տարիմաստությունների կբախվեն: Նրանք կիմանան, որ հաղթե-
լու համար անհրաժեշտ է հնազանդվել, ստանալու համար` տալ, ապրելու համար` մեռնել: Առաջին քայլն անելու համար, որպեսզի հաշտվեք այն մարդու հետ, ով լրջորեն նեղացրել կամ վիրավորել է ձեզ, անհրաժեշտ է խոնարհեցնել ձեր հպարտությունը, հրաժարվել սեփական «իրավունքներից» և մահանալ` հասցված վիրավորանքին ի պատասխան վրեժխնդիր լինելու մարմնավոր ցանկության համար: Բայց սա հիասքանչ ձև է ազատվելու մարդու նկատմամբ անձնական հակակրանքից: Ոչինչ այդքան արագ չի վերացնում ատելությունը, ոչինչ այդպես արագորեն չի մաքրում ուղիները, որոնցով աստվածային սերը հեղվում է աշխարհի վրա, ոչինչ այդքան արագ չի վերականգնում խեղված փոխհարաբերությունները, որքան անձնական շփումը նրա հետ, ով նեղացրել է ձեզ:
Եթե դուք ցանկանում եք սիրել ձեր թշնամուն, նրան, ով ձեզ վերաբերվել է արհամարհանքով, դուք նախ պետք է ներեք նրան: Հետո պետք է ձգտեք հեզության հոգով ուղղել այն: Իհարկե, դուք միշտ ենթակա եք մերժվելու վտանգին: Հիսուսը հասկանում էր, որ դա կարող է տեղի ունենալ, և մեզ սովորեցրել է, թե ինչպես վարվել այդ դեպքում (տե՛ս Մատթեոս 18.15-17): Բայց անկախ այն բանից, հաջող կլինի հաշտության փորձը, թե ոչ, Քրիստոսի խորհրդին հետևած մարդը կհարստանա հոգևորապես: Նախ, նա կկատարի իր բարոյական և բարոյագիտական պարտքը, երկրորդ` նա որոշակի ծառայություն կկատարի իր մերձավորի համար և, ամենայն հավանականությամբ, կազատվի իր անձնական հակակրանքից: Իր այդ արարքով նա ցույց կտա, որ ներում է իր եղբորը և առաջինն է բարեկամության ձեռք մեկնում նրան: Նա կկարողանա նաև բացահայտել նրան Աստծո սերը:
Արդյո՞ք սա չէ, որ ջանում էր ցուցադրել Հիսուսն Իր երկրային կյանքի ընթացքում: Աստված, որ մեղավոր չէր, տառապեց այն պատճառով, որ մարդկությունը ընտրեց մեղքի ու եսասիրության ուղին: Սակայն Հիսուսը, լինելով «տուժող» կողմի ներկայացուցիչը, ներում առաջարկեց մարդկանց և եկավ փնտրելու մեզ` մեր մեղսավորության մեջ, ապացուցելու մեզ, որ մենք իրավացի չենք, եկավ ներելու մեզ և մեզ համար բացելու ուղղման և կատարելության տա-
նող լավագույն ճանապարհը: Աստծո կողմից մեղքի չընդունելը, Հիսուսի մոտ արտահայտվեց սիրառատ ծառայության մեջ ի բարին ապստամբած մոլորակի բնակիչների:
Այսօր, երբ քրիստոնյաները բախվում են չարի և անարդարության հետ, նրանք պետք է վարվեն ճիշտ այնպես, ինչպես իրենց Ուսուցիչը: Մենք պետք է սիրով գնանք դեպի նրանց, ովքեր չարիք են պատճառել մեզ կամ այն մարդկանց, ում համարպատասխանատուենքմենք,ևազատորեններումառաջարկենք մեզ նեղացնողներին, նրանց առաջարկենք ուղղվել, փորձենք ապաքինել նրանց հոգին: Նրանք հպարտորեն երես կթեքեն մեզանից (այդպես է եղել նաև Հիսուսի հետ), բայց շատերը կարձագանքեն մեր առաջարկին և անձնական փորձով կսովորեն այլ կերպ վերաբերվել կյանքին` ինչպես ժամանակավորին, այնպես էլ հավիտենականին: Աստծո սիրուն և հոգատարությանը հաղորդակից լինելու ինչպիսի՜ հիասքանչ հնարավորություն ենք մենք ստանում մեզ նեղացնողների հետ հաշտության գործընթացում:
Սակայն մեզանից շատերը շփոթահար նահանջում են: Մենք չենք ցանկանում ցուցադրել մեզ և գերադասում ենք պարզապես լռել և մոռանալ միջադեպի մասին: Մարմնավոր մարդը միշտ ջանում է թեթևացնել իր կյանքը: Բայց այդ դեպքում մենք վարվում ենք մարդկայնորեն, ոչ թե Աստծո նման: Իհարկե, երբեմն ավելի լավ է լռել և ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել: Սակայն մեծամասամբ քրիստոնյան իրավունք չունի չարիքի դիմաց աչքերը փակելու, որովհետև չարը պետք է հատել արմատից, թույլ չտալ, որ այն տարածվի: Լռությունը որոշ դեպքերում կարող է ոսկի լինել, այլ դեպքերում` վախկոտության դրսևորում:
Մենք հաճախ վախենում ենք ակտիվ գործողություններ ձեռնարկել մարդու հետ փոխհարաբերությունները բարելավելու համար, որովհետև անտարբեր ենք նրա նկատմամբ: Կամ, որ ավելի վատ է, մեր սրտում այնքան շատ բացասական հույզեր կարող են բույն դնել, որ, չնայած ներելու անկեղծ ցանկությանը, մենք ուժ չենք գտնում մեր մեջ մեզ նեղացնողի հետ բարյացակամորեն խոսելու համար:
Բայց մեկ այլ մարդու նկատմամբ ատելությունն ու հակակրանքը թաքցնելու ձգտումը քրիստոնեական ուղի չէ: Մենք
պետք է ազատվենք այդ զգացմունքներից, այլապես դրանք կկործանեն մեզ:
«Մեր սերնդի քրիստոնեական հիվանդությունը նևրոզն է,պնդում է Ջորջ Վանդեմանը «Երջանկությունը` տնից տուն» գրքում: - Շատ բժիշկներ խոստովանում են, որ իրենց հիվանդների կեսը տառապում է նևրոզից: Ի՞նչ է նևրոզը: Պարզ ասած, մարդը նևրասթենիկ է դառնում, երբ իր մեջ ինչ-որ բացասական բան է ճնշում, իր խնդրից ազատվելու փոխարեն» (էջ 86):
Ծածուկ ցասումից և ատելությունից ազատվելու անընդունակությունը հանգեցնում է հուզական ու հոգեկան խանգարումների: Ճնշված հակակրանքը, ինչպես արդեն նշվել է, կործանարար ազդեցություն է գործում մարդու փոխհարաբերությունների վրա Աստծո և մերձավորների հետ:
Աստված կարող էր զսպել Իր ցասումը, տեսնելով մեղքի տարածման սոսկալի հետևանքները երկրի վրա: Նա կարող էր իր մեջ թաքցնել հիասթափությունն ու վրդովմունքը և հրաժարվել մեր մոլորակի բնակիչների հետ գործ ունենալուց: Բայց այդ դեպքում Նա Աստված չէր լինի: Նա այդ ժամանակ չէր լինի Տիեզերքի ամենասիրառատ Էակը: Նա մեզ սիրեց այնքան, որ գործուն մասնակցություն դրսևորեց մեր հետագա ճակատագրին և Իր վրդովմունքն ուղղեց մեղքի հետևանքների վերացմանն ու ընկած մարդու մեջ Իր կերպարի վերականգնմանը:
Այն մարդը, ով իր սրտից հակակրանքը չի հեռացնում աստվածաշնչյան եղանակով, չի կարողանա ապրել Աստծո սիրո սկզբունքներով: Եթե նա ամփոփվում է ինքն իր մեջ, ապա այդ ծածուկ չարությունը, փարիսեցիական թթխմորի նման, փքվելու է և, ի վերջո, դրսևորվելու է ցասման ու կատաղության բռնկումների տեսքով: Այն ժամանակից, երբ Կայենը կյանքից զրկեց իր եղբորը, մարդկային չարությունը հեղվում էր կյանքը ոչնչացնելու միջոցով` ինչպես կենսաբանորեն, այնպես էլ հոգևոր: Այդ չարության խոշորամասշտաբ բռնկումները կոչվում են պատերազմներ:
Երբ անտեսվում են Ավետարանի սկզբունքները, ինչ-որ մեկը ցավ է ապրում, բայց ոչ փայտի հարվածից, ոչ թույնից և ոչ էլ կույր գնդակից: Եկեղեցու շարքային անդամը
գերադասում է ինչ-որ առավել նրբաճաշակ ու «կարգին» բան. նա արհամարհանքով է խոսում այն մարդու մասին, ով նեղացրել է իրեն, ընդ որում, դա հաճախ արվում է ենթագիտակցական մակարդակում: Իհարկե, ոչ ոք մեզ էլեկտրական աթոռին չի նստեցնի, որ մենք քննադատում ենք մեր մերձավորին` նրա մեջքի հետևում: Մենք սկսում ենք դա անել երբեմն բնազդաբար, որպեսզի «հաշիվները մաքրենք» վիրավորողի հետ: Դա այնքան հատուկ է մեր մարդկային էությանը, որ մենք անգամ չենք էլ նկատում դա: Քամահրանքով արտահայտվելով մարդու հասցեին, մենք ելք ենք տալիս մեր զայրույթին: Թեև դա զայրույթից ազատվելու տարածված մեթոդ է, սակայն, քրիստոնեական տեսակետից, դա վախկոտություն և անազնվություն է:
Դաստիարակված մարդը չի կարող անգամ մտածել իրեն նեղացնողին սպանելու մասին, բայց սպանում է նրան հոգեպես, խաթարելով նրա բարի համբավը, հեղինակությունը, դիրքը հասարակության մեջ: «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են,- սովորեցնում է առակը,- Քսու մարդկանց խոսքերը քաղցր պատառների պես են, դրանք էլ են իջնում փորի ներսերը» (Առակաց 18.21,8):
Եթե դուք մոտենաք այն մարդուն, ում իրավացի չեք համարում, և փորձեք բացատրել նրան իր սխալը, դուք ծառայություն կմատուցեք Աստծուն: Իսկ եթե պատվազրկեք մարդուն, մեծագույն հանցանք կգործեք Աստծո և մարդու դեմ, անգամ, եթե ընտրեք ամենազուսպ արտահայտությունները:
Վիլյամ Գեորգ Ջորդանը գրել է. «Կան արցունքից թաց բարձեր, կան փշրված ազնվագույն սրտեր, որոնցից բողոքի ոչ մի ճիչ դուրս չի թռել, կան նուրբ ու զգայուն էակներ, ովքեր ժամանակի ընթացքում դառնում են կոշտ ու անզգա, պատահում է, որ հին բարեկամները բաժանվում են և միայնակ են շարունակում իրենց կյանքի ուղին, ցավը սրտում վերհիշելով նախկին ընկերության մասին, լինում են դաժան թյուրիմացություններ, որոնք մռայլ են դարձնում կյանքը. և այս ամենը լոկ մի փոքր մասն է այն տառապանքների, որ կարող է հասցնել չար լեզուն»:
Մեկ այլ մարդու մասին խոսել բացասաբար, նշանակում է դատել նրան: Եղբորը դատապարտելը նույնպիսի մեղք է, ինչպես և սպանությունը, գողությունը կամ ամուսնական հավատարմության խախտումը: «Մի՛ դատեք, որ չդատվեք» (Մատթեոս 7.1), այս աստվածային նախազգուշացումը հարկավոր չէ տեսադաշտից դուրս թողնել: «Իրար մի բամբասեք, եղբայրներ,- նախազգուշացնում է Հակոբոս առաքյալը,- իր եղբորը բամբասողը կամ իր եղբորը դատողը օրենքն է բամբասում և օրենքն է դատում. արդ` եթե օրենքը դատում ես, էլ օրենքի կատարող չես, այլ դատավոր: Մեկն է օրենսդիրը [և դատավորը], որ կարող է փրկել և կորցնել. դու ո՞վ ես, որ ուրիշին դատում ես» (Հակոբոս 4.11-12):
Մեր անզսպությունից բխող չարիքը մեծագույն ողբերգություն է, բայց քրիստոնեական սկզբունքների գիտակցական անտեսումը կարող է հանգեցնել է՛լ ավելի վատ հետևանքների: Սխալներն ու վրիպումներն անխուսափելի են քրիստոնյաների միջև փոխհարաբերություններում: Աստված, իհարկե, ներում է նրանց, եթե մարդն անկեղծորեն ապաշխարում է և ցանկանում է ուղղվել: Բայց Նա չի կարող օրհնել նրանց, ովքեր անտեսում են Իր սկզբունքները: Այդպիսի մարդիկ իրենց զրկում են հոգևոր ապաքինման և զարգացման հնարավորություններից:
Ժամանակակից եկեղեցին ծայրաստիճան կարիք ունի հստակ ըմբռնելու, թե ինչպիսի զարմանահրաշ սեր և եղբայրական շփում են սպասվում նրանց, ովքեր իրենց մեջ արիություն կգտնեն ապրելու Աստծո սիրո մեջ, հետևողականորեն ու խիզախաբար հետևելու Նրա հրամաններին` շրջապատող մարդկանց հետ ստեղծագործական փոխհարաբերությունների հաստատման ու զարգացման ժամանակ:
Հիսուսի խոսքերը հնարավորություն են տալիս ներթափանցելու այդ հարցի էության մեջ: Եվս մեկ անգամ խորհեցե՛ք այդ մասին. «Եթե քո եղբայրը քո դեմ մեղանչի, գնա նրան հանդիմանիր` երբ որ դու և նա մենակ լինեք. եթե քեզ լսի, քո եղբորը շահեցիր» (Մատթեոս 18.15):
Շատերը համարում են, որ այդպիսի ավելորդ ուղղամտությունն ու ազնվությունը կարող են միայն վնաս հասցնել մարդու հետ հաշտության գործին: Բայց Ուսուցիչը պարզորոշ
ցույց տվեց, որ միայն այդպես կարելի է «շահել եղբորը», եթե, իհարկե, նա լսի (այլ թարգմանություններով` «ականջ դնի») քեզ:
Իմաստուն Սողոմոնը հին ժամանակներում գրել է. «Ծաղր անողին մի՛ հանդիմանիր, որ քեզ չատի. հանդիմանիր իմաստունին, և նա քեզ կսիրի» (Առակաց 9.8):
Գուցե ձեզանից արհամարհանքով երես թեքելու փոխարեն` մարդը, եթե նա բավականաչափ ազնիվ է, խորապես ազդվի, որ դուք խոնարհեցրել եք ձեր հպարտությունը, հրաժարվել եք ձեր «իրավունքներից» և որոշակի ռիսկի եք դիմել օգնելու նրան, թերություններից ազատվելու և իր հետ հաշտվելու համար:
Երբ մենք առաջինն ենք ձեռք մեկնում, ինչպես խորհուրդ է տվել Հիսուսը, դրանով ցույց ենք տալիս, որ անկեղծորեն ցանկանում ենք մարդու հետ վերականգնել բարի հարաբերությունները: Որոշակի ռիսկի դիմելով, մենք ապացուցում ենք, որ անտարբեր չենք տվյալ մարդու նկատմամբ:
Մյուս կողմից, եթե մենք չենք ուզում կատարել առաջին քայլը, պարզ է, որ մինչև վերջ չենք ներել մեզ նեղացնողին և որ խորապես անտարբեր ենք նրա նկատմամբ: Անսրտությունն ու անտարբերությունը լուրջ խոչընդոտներ են` Աստծո և մերձավորների հետ բարի փոխհարաբերությունների վերականգնման ճանապարհին: Եթե մենք անտարբեր ենք մարդու նկատմամբ, չենք կարողանա սիրել նրան: Բայց ավելի վաղ արդեն խոսել ենք այն մասին, որ մեղքի էությունը հենց սիրել չցանկանալն է և անտարբերությունն Աստծո և մարդկանց նկատմամբ:
Քրիստոնյաների մեծ մասը հասկանում է, որ փորձելով հեզությամբ հանդիմանել և խրատել իրենց հակառակորդներին, նրանք սիրո ծառայություն են կատարում, որն իրենց հանձնարարել է Աստված: Մենք դա համարում ենք ծայրաստիճան տհաճ և ծանր պարտականություն: Սակայն Աստվածաշունչն ասում է. «Տերը ում սիրում է` հանդիմանում է, և հոր նման Իր որդուն սիրում է» (Առակաց 3.12):
Մենք` քրիստոնյաներս, ավանդաբար համարում ենք, որ աշխարհում կատարում ենք Աստծո գործը, բայց մենք վարժվել ենք դա անել ավանդական մեթոդներով` քարոզի, վկայու-
թյան կամ ուսմունքի միջոցով: Մեր պատկերացմամբ Տիրոջ համար ամենահարգարժան գործն անում են նրանք, ովքեր ավետարանչական նպատակներով «հասնում են աշխարհի ծայրերը»: Մենք կարող ենք հասկանալ նրանց ծառայության արժեքը, ով կերակրում է քաղցածներին, հագցնում է մերկերին, վարչական ծառայություն է իրականացնում եկեղեցում: Բայց, եթե Աստված պատժում է նրանց, ում Ինքը սիրում է, որպեսզի նպաստի նրանց հոգևոր աճին, և եթե դուք և ես լիովին նվիրված ենք Աստծո գործին, ապա մի՞թե հասկանալի չէ, որ ծառայությունը Աստծուն` երբեմն նշանակում է բացել քրոջ կամ եղբոր աչքերն իրենց սխալների նկատմամբ, որպեսզի օգնենք նրանց մեղքը հաղթելու, և Աստծո կամքը կատարելու համար:
Սովորաբար մենք համարում ենք, որ «հանդիմանելն ու ուղղելը» Աստծո գործն է, որը մեր օգնության կարիքը չունի: Մենք երբեմն պարծենկոտի նման հայտարարում ենք, թե ինչպես Աստված կարող է օգտագործել մեզ մեղավորների «փրկության» գործում: Բայց, երբ խոսքը վերաբերում է ծառայությանը, որը կարող է կենսական կարևորություն ունենալ մեր եղբոր համար, մենք հակված ենք համարելու, որ Աստված չի կարողանա մեզ օգտագործել այդքան նրբանկատ գործում, որ դա Նա Ինքը պետք է անի: Վախենալով հնարավոր բոլոր բարդություններից, քննադատությունից, անհաջողությունից, վախենալով գրգռել, զայրացնել մարդուն, մենք վախկոտի նման նահանջում ենք` չհամարձակվելով ուղղման ծառայությունը կատարել սիրուց դրդված:
Մենք հաճախ մոռանում ենք, որ համանման խոչընդոտների բախվում ենք ծառայության` մեզ համար առավել սովորական տարատեսակներում: Մենք նաև մոռանում ենք, որ, առանց Սուրբ Հոգու զորության, ցանկացած ծառայություն դատապարտված է ձախողման: Մեզ կարող է թվալ, թե ավելի հեշտ է մեր ուժերը փորձել մեկ այլ ծառայության մեջ, որն առաջին հայացքից, մակերեսորեն նայելու դեպքում, չի պահանջում Սուրբ Հոգու լիարժեք ներկայությունը: Մենք հասկանում ենք, որ հանդիմանության և ուղղման այդ նրբին ծառայության մեջ, հաջողությունը կատարելապես կախված է Սուրբ Հոգու առաջնորդությունից: Բայց, գուցե այն փաս-
տը, որ մենք չենք կարող կամ վախենում ենք ուղղման ծառայություն կատարել, վկայում է այն մասին, որ մենք չենք ապավինում Սուրբ Հոգուն նաև աշխատանքի մյուս ոլորտներում, որը մենք ձգտում ենք իրականացնել Աստծո համար:
Թեև «ուղղման ծառայություն» կամ «կառուցողական քննադատություն» եզրույթները չկան Աստվածաշնչում, բայց Սուրբ Գիրքը հիշատակում է մեր քրիստոնեական պարտականության մասին` թեկուզ այլ արտահայտություններով: Պողոսը կոչ էր անում Տիմոթեոսին ոչ միայն քարոզել Խոսքը, այլև «հանդիմանել, սաստել, հորդորել ամեն երկայնամտությամբ և վարդապետությամբ» (Բ Տիմոթեոս 4.2): Նա կողոսացիներին խորհուրդ էր տալիս. «Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես` ամեն իմաստությունով. իրար սովորեցրեք և խրատեցեք» (Կողոսացիս 3.16):
Որքա՞ն ժամանակ է անցել այն բանից, երբ Քրիստոսով ձեր եղբայրը սիրով զգուշացրեց ձեզ ինչ-որ սխալից կամ մոլորությունից, որպեսզի օգնի վերադառնալ Աստծո ճանապարհին և ամեն բանում Նրա կամքը կատարելուն: Դուք ինչպե՞ս վերաբերվեցիք այդ եղբայրական հանդիմանությանը: Դուք բավարար հուզական-հոգևոր ամրություն ունե՞ք, որպեսզի մեկ այլ մարդու թույլ տաք բացահայտորեն ասելու ձեր բնավորության խոցելի տեղերի մասին, որոնք խանգարում են ձեզ նմանվել Քրիստոսին: Դուք կարո՞ղ եք հանգիստ ու բարյացակամորեն ընդունել ձեր հասցեին հնչած քննադատությունը Քրիստոսով ձեր եղբորից, ով ցանկանում է ցույց տալ, թե ինչն է ձեզ պակասում, որպեսզի ձեր երեխաներին առավել լավ դաստիարակեք Աստծո համար կամ ավելի մեծ հաջողություն ունենաք ավետարանչական աշխատանքում:
Դուք հասկանո՞ւմ եք այն վիթխարի օգուտը, որ կարող են բերել այդպիսի հանդիմանությունները, եթե դրանք արվում են անկեղծ սիրով ու Սուրբ Հոգու ազդեցության ներքո:
Մասնագետ օդաչուներն ու նավապետները, պարբերաբար, այսպես կոչված «մասնագիտական պիտանելիության վերահսկողություն» են անցնում: Օդաչուն պետք է իր բարձր որակավորումն ապացուցի փորձառու և բանիմաց հրահանգչի հսկողությամբ, ով հետո ասում է իր դիտողու-
թյուններն ու խորհուրդ է տալիս, թե ինչպես առավել անվտանգ վարել ինքնաթիռը: Օդաչուներն այդպիսի «վերահսկիչ թռիչքները» հսկայական խթան են համարում իրենց որակավորման բարձրացման համար:
Հոգևոր «վերահսկիչ թռիչքը» այն մարդկանց հսկողությամբ, ովքեր անկեղծորեն շահագրգռված են ձեր հոգևոր բարօրությամբ, վատ խթան չէ ձեր հոգևոր զարգացման համար: Սիրով և Աստծո շնորհի ազդեցությամբ ասված դիտողությունները կօգնեն ձեզ ավելի լավ ծառայել Աստծուն և մարդկանց:
Աստված Ակյուղասին և Պրիսկիղային օգտագործեց տաղանդավոր և պերճախոս քարոզիչ Ապողոսին սիրո հոգով ուղղելու համար: Թեև Ապողոսը «զորավոր էր Գրքերով», նա մինչև վերջ չէր հասկանում Ավետարանի լուրը և այդ պատճառով այն սխալ էր ներկայացնում Եփեսոսի իր ունկնդիրներին: Թեև Ապողոսը չէր աղավաղում Սուրբ Գիրքը, նոր լույսի կարիք ուներ: Այս երկու շարքային քրիստոնյաները` համեստ վրանագործները, չունենալով համակարգված աստվածաբանական կրթություն, կարևոր գործ կատարեցին Տիրոջ համար. նրանք վճռեցին իրենց մոտ հրավիրել Ապողոսին և բացատրել նրան, թե որն է նրա սխալը:
Մեծ քարոզիչը խաղաղ ընդունեց քննադատությունը: Եվ դրա շնորհիվ նա հոգևոր աճի փորձառություն վերապրեց: Սա մենք իմանում ենք այն բանից, որ նրա քարոզները փոխվեցին և շատ ավելի մեծ թվով մարդկանց օրհնություններ բերեցին (տե՛ս Գործք առաքելոց 18.24-28): Այդ օրինակից մենք տեսնում ենք, որ սիրո հոգով ուղղվելն ու մի մարդու խոնարհ հանդիմանությունը բարենպաստ ազդեցություն են ունենում շատ այլ մարդկանց վրա, այնպես, ինչպես օղակաձև ալիքներն են բոլոր ուղղություններով տարածվում խաղաղ լճակը նետված քարից, ծածկում են լճակի ողջ մակերևույթն ու հասնում ափերին:
«Հոգու և ներքին պարտքի զգացումից արված դիտողությունը կամ հուշումն ամենաթանկ ծառայությունն են Աստծո համար»,- գրում է Քեննեթ Ռաունդհիլը 1972թ. հունվարի 7-ի «Ժամանակակից քրիստոնեությունը» լրագրում («Christianity today», էջ 8):
Նա նաև նշում է, որ Պողոս առաքյալի կյանքում եղել են բազում հուզիչ իրավիճակներ, երբ նա սիրով հանդիմանել է եղբայրներին` ապացուցելով իր անկեղծ շահագրգռվածությունը նրանց ճակատագրով. «Նա բոլորի առջև Անտիոքի եկեղեցում հանդիմանեց Պետրոսին` Ավետարանի մաքրությունից նրա կարճաժամկետ նահանջի համար` սեփական արժանապատվությունը կորցնելու վախից, ինչն էլ կործանարար ազդեցություն ունեցավ այլ եղբայրների վրա: Դա մեղք էր ողջ հանրության առջև, այդ պատճառով, Պողոսը նրան հանդիմանեց բոլորի ներկայությամբ (Գաղատացիս 2.11-14): Այն փաստը, որ Պետրոսը չվիրավորվեց այդ արդարացի դիտողությունից, ակնհայտ է դառնում նրա Երկրորդ Ուղերձից, որտեղ նա շատ լավ է արտահայտվում Պողոսի մասին (Բ Պետրոս 3.15): Մարկոսն զգում էր, թե որքան ծանր է տանում Պողոսն իր դասալքությունը առաջին ավետարանչական ճանապարհորդության ժամանակ, երբ Պողոսն ու իր ուղեկիցները Պամփիլիայում էին (Գործք առաքելոց 15.36-40). հնարավոր է, որ Պողոսի հանդիմանությունն օգնել էր Մարկոսին` հետագայում դառնալու առաքյալի օգտակար աշխատակիցը (Բ Տիմոթեոս 4.11): Սերը միշտ բարձրագույն բարիք է ցանկանում մեկ այլ մարդու, այդ պատճառով սիրող քրիստոնյան երբեմն ուղղում է իր եղբորը, որպեսզի բժշկի նրան հոգևորապես, օգնի ուղղվել նրան»:
Անկասկած, «կսմթելը», որի մասին խոսում է Ռաունդհիլը, վախեցնում է շատ մարդկանց` նրանց հետ պահելով ուղղիչ գործողություններից` Քրիստոսով եղբայրների նկատմամբ: Մարդիկ ձգտում են շրջանցել սուր անկյունները, բարդ իրադրությունները: Այդ դրդմամբ էր ղեկավարվում նաև այն երևակայական վիրաբույժը, ով չցանկացավ վիրահատել հիվանդին`վախենալովռիսկիդիմելուց,մարդունցավպատճառելուց, պատասխանատվությունն իր վրա վերցնելուց: Մենք չենք ցանկանում ցավ պատճառել մեր մերձավորին: Անգամ անվախ Պողոսն էր զգուշանում այն բանից, որ կառուցողական քննադատությունը, որով նա ստիպված էր դիմել Սուրբ Հոգու ազդեցությամբ, չափազանց կոշտ էր: Կորնթացիներին առաջին ուղերձն ուղարկելուց հետո նա զգուշացավ, որ ավելորդ խստություն է հանդես բերել Կորնթոսի եկեղեցուն
օգնելու իր ձգտման մեջ: Նա վախենում էր, որ կորնթացիները կարող են է՛լ ավելի հեռանալ Քրիստոսից: Ժամանակ առ ժամանակ, նա ցանկանում էր հետ վերցնել իր խոսքերը: Պողոսը գիտեր, որ եկեղեցում պառակտումներ կան, նա բախվեց երախտամոռության ու դավաճանության հետ այն մարդկանց կողմից, ումից նա կարեկցանք ու աջակցություն էր ակնկալում: Նա հասկանում էր մեղքի նկատմամբ բարեհոգի վերաբերմունքի վտանգավորությունը, այդ պատճառով, իր պարտքն էր համարում կորնթացիներին փոխանցել աստվածային հանդիմանության խոսքերը: Եվ, այնուամենայնիվ, նա վախենում էր, որ չափազանց խիստ էր եղել իր դատողությունների մեջ:
Առաքյալը վճռեց պատմել կորնթացիներին, թե ինքը ինչ տանջանքների գնով է հանդիմանական խոսքեր գրել նրանց հասցեին: Նա ցանկանում էր, որ նրանք հասկանան, որ ինքը դրդված էր սիրուց, երբ գրում էր այդ տողերը: Նրա հոգու աղաղակը, մեզ հասնելով դարերի խորքից, խոսում է այն մասին, թե ինչ տանջալից մաքառումների մեջ է այն մարդը, ով վճռել է մերձավորների ուղղման և հոգևոր ապաքինման ծառայություն կատարել. «Որովհետև շատ նեղությունից սրտիս տագնապից գրեցի ձեզ շատ արտասուքով. ոչ թե որ տրտմեք, այլ որ իմ սերն իմանաք, որ ես առատորեն ունեմ ձեր նկատմամբ» (Բ Կորնթացիս 2.4):
Թեև Աստծո այդ մեծ մարդը տառապում է այն պատճառով, որ նրա բառերը կարող են ցավ պատճառել իր եղբայրներին, նա արիաբար կատարում է իր պարտքը` մխիթարվելով այն մտքով, որ հանդիմանությունները, որոնք այդքան թանկ են նստում իր վրա, կհանգեցնեն անկեղծ ապաշխարության և ապաքինող սիրո բուռն հեղման: Պողոսն անում է այն, ինչ իրեն հաճելի չէ, որովհետև մարդկանց նկատմամբ սերը նրան դրդում է «անտեսել իրեն» հանուն նրանց բարօրության:
Մենք նույնպես պետք է խոստովանենք, որ հանուն մարդու նկատմամբ սիրո, երբեմն ստիպված ենք լինում մատնանշել նրա սխալները: Պողոսը դիտողություն էր անում, որպեսզի մարդիկ ճանաչեն սերը, որով ինքը լցված էր նրանց նկատմամբ: Եթե մենք ցանկանում ենք ապրել Աստծո սիրո սկզբունքներին համապատասխան, պետք է նաև հասկա-
նանք, որ սերը պատրաստ է ցանկացած զոհաբերության: Այդ ժամանակ, մենք կկարողանանք մեր անձնական հանգստությունը զոհաբերել հանուն մոլորյալ եղբոր ուղղվելու:
Ի տարբերություն մյուս ծառայությունների, ուղղման ծառայությունը մեր մեջ վախ և անվճռականություն է առաջացնում, բայց մենք պետք է հասկանանք, որ այն վիթխարի նշանակություն ունի մեր հոգևոր կայացման և այլ մարդկանց հոգևոր զարգացման համար: Աստվածաշունչը միաժամանակ կարեկցում և մարտահրավեր է նետում հետևյալ հատվածում. «Եվ ամեն խրատ հենց նույն ժամանակ ուրախություն չէ երևում, այլ տրտմություն, բայց հետո նրանով վարժվածներին արդար խաղաղության պտուղ է վճարում» (Եբրայեցիս 12.11):
Սրանից շատ տարիներ առաջ, Աստված մի երիտասարդի հրամայեց հանդիմանել ոչ թե ինչ-որ մարդու, այլ մի ամբողջ ժողովրդի: «Կոկորդալիր գոչի՛ր,- ասաց Նա Եսայիային,մի՛ խնայիր, փողի պես բարձրացրո՛ւ ձայնդ, և իմացրու Իմ ժողովրդին իր հանցանքը, և Հակոբի տանը` իր մեղքերը» (Եսայիա 58.1): Այն ժամանակ, խաղաքարտին դրված էր Աստծո ժողովրդի ճակատագիրը, մեր աշխարհի համար Աստծո ծրագրի ճակատագիրը: Նույնպիսի վիճակ է ստեղծվել և մեր ժամանակներում:
Մենք կողոպտում ենք երեխաներին, եթե չենք դաստիարակում նրանց, արդարացի դիտողություններ չենք անում: Կարևոր է, որ երեխան ենթագիտակցական մակարդակում զգա, որ իրեն սիրում են և որ իր մասին հոգ են տանում: Հոգեբանները պնդում են, որ անգամ դեռահասներն ու պատանիներն են ցանկանում, որ իրենց ցույց տրվեն իրենց գործած սխալները: Նրանք ուզում են, որ ծնողները հոգատարությամբ ուղղեն իրենց, երբ իրենք սխալվում են` չնայելով, որ կարող են արտաքուստ դժգոհություն արտահայտել:
Հնարավոր է, որ նրանցից շատերը, ովքեր մեղանչել են եղբոր, իրենք իրենց, կամ Աստծո դեմ, ցանկանում են, գոնե ենթագիտակցական մակարդակում, որևէ մեկը հոգա իրենց մասին և ցույց տա իրենց մոլորությունները: Նրանք հասկանում են, որ դա իրենց առջև կբացի շտկվելու և հոգևոր աճի ճանապարհը:
Ինչպես տառապողներին մխիթարելը, այնպես էլ չափազանց ինքնավստահներին հանդիմանելը կարևոր ծառայություն է այս աշխարհում, որն Աստված հանձնարարում է անկեղծ քրիստոնյաներին:
Հիսուսը, ինչպես ուրիշ ոչ ոք, կարող էր ուղղորդել մոլորյալներին: Նա հմտորեն ապացուցում էր մարդկանց, որ նրանց մեղքերն իրենց համար գայթակղության քար կդառնան երկնային արքայություն տանող ճանապարհին: Նա մեղքը կոչում էր իր անվամբ` սուտ, շնություն, ցասում կամ հպարտություն: Մեղքի դեմ Հիսուսի բացահայտ հակամարտությունը դրական ազդեցություն էր թողնում մեղսագործի վրա` նրան մոտեցնելով Աստծուն: Հիսուսի ճանապարհին շատ փշեր էին հանդիպում, բայց Նա միշտ ձգտում էր դրանք վերածել արքայական պսակի:
Նիկոդեմոսը, որ բծախնդիր էր կրոնական ծեսերի կատարման և օրենքի պահպանման նկատմամբ, հանրահայտ հոգևոր ուսուցիչ էր` անբիծ համբավով, իր վրա զգաց Հոգու սուրը: Հիսուսը վճռեց նրան բացահայտել ապշեցուցիչ ճշմարտությունն այն մասին, որ նա չգիտեր անգամ փրկության գիտության առաջին քայլը:
Հիսուսը մի քանի դիպուկ խոսքերով բացահայտորեն խռովեցրեց հարուստ երիտասարդի հոգին: Երիտասարդն իր ողջ կյանքում առաջին անգամ իրեն տեսավ ճշմարիտ լույսի ներքո: Եթե նա արձագանքեր Քրիստոսի կոչին, նրա կյանքում շատ բան կփոխվեր: Ցավոք, նա գերադասեց հանգիստ կյանքը հարստության մեջ, սակայն դա չխանգարեց Հիսուսին` նրանփոխանցելլուրըսիրոհոգով: Հակոբիջրհորիմոտհանդիպած կինը բոլորովին էլ կարող էր չարձագանքել Հիսուսի խոսքերին: Հավանաբար, Նա նրան ավելի շատ վախեցրեց և զարմացրեց, քան հարուստ երիտասարդին: Մարդկանց մեծ մասը Նրա վարքը կգնահատեր որպես մարտահրավեր, նաև աննրբանկատ: Հիանալի հասկանալով մարդկանց` Հիսուսը հասկանում էր, որ այդ միայնակ կինը, որ տառապում էր մեղքի բեռի տակ, ինչ-որ ավելի լավ բան էր որոնում: Նրա` ժամանակին արված Նրա հանդիմանությունը ոչ միայն փոխեց կնոջ ողջ կյանքը, այլ նաև հանգեցրեց ողջ քաղաքի ապաշխարությանը: Համաձայնե՛ք, որ քաղաքում ավետարանչա-
կան արշավ սկսել այնտեղի բնակչուհիներից մեկին շնության մեջ հանդիմանելով, չափազանց տարօրինակ մեթոդ է: Սակայն հենց այդպես էլ հնարավոր է ցույց տալ, թե ինչպիսի հրաշալի հնարավորություններ են ծածկված սիրո ապաքինող ծառայության մեջ:
Ուսանելի են նաև փարիսեցիների հետ Հիսուսի փոխհարաբերությունները: Դժվար է գտնել մի մարդու, ով կհամարձակվի դեմ-հանդիման այդքան կտրուկ և վճռական հանդիմանել ժողովրդի առաջնորդներին, հեղինակավոր մարդկանց: Հրեաների մեջ ոչ մի բան այնպիսի նողկանք չէր առաջացնում, ինչպես խոզերն ու օձերը: Սակայն Հիսուսը, առանց տատանվելու, այն ժամանակվա առաջնորդներից շատերին օձեր և իժի ծնունդներ անվանեց: Դա կատարվեց նրանց կողմնակիցների և աշակերտների ներկայությամբ: Նա նաև նրանց ամբողջությամբ հոտած կեղծավորներ անվանեց: Նոր Կտակարանում միայն մի դրվագում է հիշատակվում, որ Հիսուսը գրում էր Իր ձեռքով, և Նա գրում էր ոչ այլ ինչ, քան փարիսեցիների մեղքերը: Նա հստակ գրեց դրանք Իր մատով Երուսաղեմի փոշոտ փողոցում:
Ցնցված ու բարկացած այսքան հստակ հանդիմանությունից, նրանցից ոմանք անմտորեն ջանում էին սպանել Նրան: Իսկ մյուսները, որ սկզբում լցված էին վիրավորանքով ու դժգոհությամբ, հետագայում զգացվեցին Նրա խորաթափանց խոսքերից: Հիսուսը մերկացրեց նրանց ներքին դրդապատճառները, ինչը որոշ դեպքերում լիովին բավարար է, որպեսզի Սուրբ Հոգին նրանց մեջ կատարի Իր գործը: Եվ շատ փարիսեցիներ, ովքեր ընդունեցին Հիսուսի մոխրացնող քննադատությունը, Նրա հետևորդները դարձան այն բանից հետո, երբ Նա երկինք համբարձվեց:
Նմանվելով Քրիստոսին, մենք նույնպես կկարողանանք օգնել մեր մերձավորներին` գիտակցելու սեփական սխալները և ուղղվելու: Ղեկավարվելով Քրիստոսի սկզբունքներով, մենք կկարողանանք կործանումից փրկել մարդուն և նպաստել նրա հոգևոր աճին: Եթե մենք յուրացրել ենք Ավետարանի բոլոր խոստումները, ապա մարդուն խրատելու բոլոր փորձերը հաջողությամբ կպսակվեն:
Առաջին կանոնը, որով առաջնորդվում էր Ուսուցիչը վերափոխման ծառայությունը կատարելիս, այն է, որ Աստծո ճշմարտությունն ինքնին ունակ է հանդիմանելու մարդուն և անհրաժեշտ բաժանում կատարելու նրա կյանքում, անկախ այն մարդու ջանքերից, ով ասում է այդ ճշմարտությունը: Մենք կարող ենք շատ չարիք գործել, եթե ապավինենք մեր բանականությանը: Ճշմարտությունը պետք է ինքը խոսի: «Որովհետև Աստծո Խոսքը կենդանի է և զորավոր և ամեն երկսայրի սրից ավելի կտրուկ է և թափանցում է մինչև շնչի և հոգու հոդվածների և ծուծի բաժանվելը և քննող է սրտի մտքերը և խորհուրդները» (Եբրայեցիս 4.12):
Սա չի նշանակում, որ մենք պետք է մարդու գլխին աստվածաշնչյան մերկացնող տեքստեր թափենք: Սա նշանակում է, որ սիրո հոգով հռչակվող ուղղիչ լուրը պետք է հիմնված լինի Աստծո Խոսքի վրա` անկախ այն բանից, մենք ցանկանում ենք ուղղել եղբոր վա՞րքը, թե՞ նրա տեսակետը: Մենք պետք է տանենք միայն այն լուրը, որը հստակ շարադրված է Աստվածաշնչում: Հակառակ դեպքում, մենք կձախողվենք: Ամենից հաճախ, երբ մենք մարդուն հայտնում ենք մեր կարծիքը, եզրակացություններ ենք անում կամ խորհուրդներ ենք տալիս, մենք պարզապես բարեկիրթ ձևով արտահայտում ենք այդ մարդու նկատմամբ մեր հակակրանքը և ցանկությունը, որ նա դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում նրան տեսնել, և ոչ թե` ինչպիսին Աստված է ցանկանում տեսնել նրան: Մեր խնդիրն այն չէ, որ մարդուն դարձնենք մեզ նման, այլ այն, որ օգնենք նրան դառնալ երկնքի արքայության արժանավոր քաղաքացի:
Երբ Աստվածաշունչը խոսում է վերափոխման ծառայության մասին, այն ցույց է տալիս, որ դա պետք է կենտրոնացված լինի Աստծո Խոսքի վրա, «Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես` ամեն իմաստությունով: Իրար սիրեցեք և խրատեցեք, սաղմոսներով և օրհնություններով և հոգևոր երգերով և շնորհքով» (Կողոսացիս 4.16): «Խոսքը քարոզիր. վրա հասիր` ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամեն երկայնամտությամբ և վարդապետությամբ» (Բ Տիմոթեոս 4.2): Արդարացում չկա նրանց համար, ովքեր տալիս են խրատներ ու խորհուրդ-
ներ, որոնք հիմնված չեն Սուրբ Գրքի հստակ շարադրված սկզբունքների և օրենքների վրա:
Երկրորդ կանոնը, որին մարդկային հոգիների ապաքինման ժամանակ հետևում էր Երկնային Ուսուցիչը, այն էր, որ Նա միշտ հանդիմանում էր անկեղծ, ոչ շինծու սիրով (Եփեսացիս 4.15): Հիսուսը միշտ մարդկանց ասում էր ճշմարտությունը և միայն ճշմարտությունը, անգամ եթե այն տհաճ էր մարդու համար: Հենց դրանում էլ դրսևորվում է աստվածային սերը: Հիսուսը երբեք չէր թաքցնում ճշմարտությունը, բայց Նա ճշմարտությունն ասում էր սիրով, անսահման նրբանկատությամբ, խոհուն և սիրալիր, հարգալից տոնով: Նա ոչ մի կտրուկ կամ խիստ բառ չէր ասում, եթե դրա անհրաժեշտությունը չկար: Նա ջանում էր ցավ չպատճառել մարդուն: Նա չէր դատապարտում մարդկային թուլությունը: Նա միայն ճշմարտությունն էր ասում հեզության և սիրո հոգով: Նա հանդիմանում էր ցուցադրական բարեպաշտությունը, անհավատությունն ու անօրենությունը: Բայց անգամ ամենակտրուկ հանդիմանությունները Նա արտաբերում էր արտասվալից ձայնով:
Հիսուսը մեզ կոչ է անում աշխարհին բացահայտել Աստծո սերն այնպես, ինչպես Նա էր անում` փափուկ և միևնույն ժամանակ Հոգու զորությամբ: Մենք պետք է անենք դա հանուն մեղքով ախտահարված հոգիների ապաքինման: Ասում են, որ ազնվությունն առանց սիրո դաժանություն է, իսկ սերն առանց ազնվության` հուզական զգացմունք: Քրիստոնյաները գիտեն, որ ճշմարիտ սերն աներևակայելի է առանց ազնվության և արդարության, ճիշտ այնպես, ինչպես քրիստոնեական ազնվությունն անհնար է պատկերացնել առանց սիրո: Ֆրենկ Քլարքը գրել է, որ «քննադատությունը, անձրևի նման, պետք է բավականաչափ փափուկ լինի, որպեսզի նպաստի մարդու հոգևոր աճին` չվնասելով արմատները»:
Մարդկային տեսակետից անհնար է ճշմարտությունը հաջողությամբ զուգակցել սիրո հետ: Դա նույնքան անհնար է, ինչպես և սեփական փրկությանն արժանանալը, ինքդ քեզ սիրելը, նրանց սիրելը, ում դժվար է սիրել, և նրանց ներելը, ում դժվար է ներել: Սակայն «Ոչ թե դուք եք խոսողները, այլ ձեր Հոր Հոգին, որ ձեզանում խոսում է» (Մատթեոս 10.20):
Երբ մենք Սուրբ Հոգուն թույլ տանք օգտագործել մեզ, երբ մենք ցանկանանք ռիսկի դիմել և Աստծո համար կատարել նրբին, բայց կարևոր ուղղման ծառայությունը, այն մարդիկ, ովքեր ազդեցության չեն ենթարկվում, կարող են բաց լինել Հոր արդարության համար, և Աստծո արքայության համար կնվաճվեն հոգիներ, ովքեր անհուսալիորեն կորած էին թվում: Ցասման կամ վիրավորանքի բռնկումները, որոնք կարող են տեղի ունենալ առաջին պահին, ծննդյան ցավեր են, Քրիստոս Հիսուսում նոր կյանքի նախակարապետներ: Սերն ու ճշմարտությունը միավորվում են` կատարելու հոգևոր ապաքինման և մարդու փրկության աշխատանքը:
Ոմանք խոսում են «սիրով», բայց վախենում են ասել ճշմարտությունը: Նրանց խոսքերն անմիտ են և ունայն. ուրիշներն ասում են ճշմարտությունը, բայց առանց սիրո: Նրանց խոսքերը կործանում են հոգին: Բայց Աստծո շնորհով մենք կարող ենք ճշմարտությունն ասել սիրո հոգով:
Եվ երբ մենք անում ենք դա, հրաշք է տեղի ունենում: