16 minute read
Գլուխ15. Սերը նաեվ զգացմունք է
Գլուխ 15
ՍԵՐԸ ՆԱԵՎ ԶԳԱՑՄՈՒՆՔ Է
Advertisement
«Ուրախացողների հետ ուրախացե՛ք, և լացողների հետ լացե՛ք»: Հռոմեացիս 12.15
Չիկագո քաղաքում 55 տարեկան մի այրի էր ապրում: Նրան անվանում էին Միսիս Վուդրում: Նրա կյանքն ընդհատվեց, երբ նա դուրս նետվեց բարձրահարկ շենքի 12-րդ հարկի լուսամուտից, որտեղ ինքը բնակարան էր վարձակալել:
Նա ժպտացել էր, ձեռքով արել դռնապանին, իսկ հետո ցած նետվել:
Նրա սենյակում թողած երկտողի մեջ հետևյալն էր գըրված. «Ես այլևս չեմ կարող ոչ մի օր ապրել այս միայնության մեջ: Ես չունեմ ընկերներ: Ես ոչ ոքից նամակ չեմ ստանում: Ոչ ոք ինձ չի զանգահարում: Ես այլևս չեմ կարող սա տանել»:
Նրա հարևանուհիներն ասացին. «Մենք չգիտեինք, որ նա գտնվում է այդպիսի հուսահատության մեջ»:
Միսիս Վուդրումի հարևաններն այն բանի ակներև ապացույցն են, թե մենք որքան անհոգի կարող ենք լինել` չնայած որ մեզ քրիստոնյաներ ենք համարում: Մեկ այլ մարդու զգացմունքներին ուշադրություն չդարձնելը նշանակում է անտարբեր լինել նրա նկատմամբ: Անտարբերությունն ու սերը անհամատեղելի հասկացություններ են:
Մարդիկ ապրում են զգացմունքների և հույզերի մակարդակում: Այդ մակարդակում են ամենից շատ բացահայտվում մեր հույսերը, երազանքները, անհատականության կարիքները. մեր իսկական դեմքը: Այս նույն մակարդակում, մեր կյան-
քն ամենից սերտորեն է առնչվում մյուս մարդկանց կյանքին, և սա կա՛մ դրական, կա՛մ բացասական հետևանքներ է ունենում: Մարդիկ` որպես Աստծո արարածներ, օժտված են զգացմունքներով: Եթե տղամարդն իր համար կյանքի ընկերուհի ընտրեր` ելնելով բացառապես տրամաբանական փաստարկներից, նա ստիպված կլիներ իր և մի քանի կանանց համար ծրագիր կազմել և տվյալները տեղադրել ԷՀՄ-ում, որն իրեն ցույց կտար իդեալական տարբերակը:
Սակայն, մարդկանց մեծամասնությունն անտեսում է տրամաբանությունը, երբ սիրահարվում է: Երիտասարդները ձգում են միմյանց, նրանց միջև նուրբ զգացմունք է առաջանում: Մարդիկ ամուսնանում են, որովհետև սիրում են միմյանց, ոչ թե որովհետև մանրակրկիտ ուսումնասիրել են ապագա զուգընկերոջ բնավորության գծերը:
Եթե մարդն աշխատանքում հետաքրքիր խնդիրներ չլուծի և դրանից բավականություն չստանա, նրա աշխատանքը ձանձրալի և հոգնեցուցիչ կդառնա: Եթե ամուսնությունը հիմնված չլինի խորը զգացմունքների վրա, այն ուրախություն չի բերի մարդուն:
Տղամարդն ու կինը կարող են ունենալ նույն տեսակետը, հավատը, ընդհանուր բյուջե, նրանք կարող են միասին նստել ճաշի սեղանի շուրջ, քնել նույն անկողնում և, միևնույնն է, օտար մնալ միմյանց:
Կարևորն այն է, թե մարդն ինչ է զգում մեկ այլ մարդու նկատմամբ, և ոչ թե այն, թե ինչ է մտածում նրա մասին: Ինձ քիչ է հետաքրքրում, թե իմ կինն ինչ է մտածում իմ մտավոր զարգացման, իմ ընդունակությունների և իմ արտաքին տեսքի մասին: Ինձ համար առավել կարևոր է, թե ինչ է նա զգում իմ նկատմամբ` որպես իր ամուսին: Եթե նա բարի, ջերմ զգացմունքներ ունի իմ նկատմամբ, ապա մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծելու կամ դաշնամուր նվագելու իմ ընդունակությունը, կամ իմ ծուռ քիթը չեն ազդում մեր փոխհարաբերությունների վրա:
Դուք ինչպե՞ս եք ընտրում ձեր լավագույն ընկերոջը, ում հետ կարող եք բացարձակապես անկեղծ լինել: Հավանաբար, դա այն մարդն է, ում նկատմամբ դուք առավելագույն համակրանք եք զգում, այնպես չէ՞:
Սիրո գիտակները հասկանում են, որ հույզերը կազմում են մարդկային կյանքի էությունը: Մարդուն լավ ճանաչելու համար դուք պետք է ուսումնասիրեք նրա հույզերը: Ծանոթացեք տվյալ մարդու մտածելակերպին, և դուք կկարողանաք նրա հետ տարբեր մտքեր քննարկել: Ծանոթացեք նրա զգացմունքներին և կճանաչեք նրա սիրտը:
Մեր դարում, երբ մարդիկ այդքան տարված են տեղեկատվության, գաղափարների, տեսությունների և հայեցակարգերի փոխանակմամբ, մենք այնքա՜ն կարիք ունենք շփման հուզական մակարդակում, կարեկից ու հոգատար մարդկանց, ովքեր հասկանում են, որ ազնիվ զգացմունքներն ամփոփվում են սիրո մեջ: Մենք պետք է սովորենք զգալ մեկ այլ մարդու ցավը, մասնակից լինել նրա ապրումներին և սրտին մոտ ընդունել նրա ուրախությունները:
«Ուրախացողների հետ ուրախացե՛ք, և լացողների հետ լացե՛ք» (Հռոմեացիս 12.15):
Այդպես էր վարվում Հիսուսը: Նա կարեկցում էր ուրիշներին: «Որովհետև ոչ թե այնպիսի Քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել» (Եբրայեցիս 4.15):
Իր կյանքի յուրաքանչյուր արարքի մեջ Հիսուսը բացահայտում էր սերը, ողորմությունն ու կարեկցանքը: Նա ի սրտե կարեկցում էր մարդկանց: Նա մարդկային էությունն ընդունեց, որպեսզի բավարարի մեր կարիքները: Աղքատ ու հասարակ մարդիկ առանց վախի մոտենում էին Նրան: Նրա սերը գրավում էր փոքր երեխաներին: Նրանք սիրում էին բարձրանալ Նրա ծնկներին և նայել Նրա բարի, մտախոհ, սիրալիր աչքերին:
Նա ճշմարտության ոչ մի բառ չէր թաքցնում: Բայց Նա միշտ խոսում էր սիրով, նրբավարությամբ և բարյացակամորեն: Նա կոպիտ չէր: Նա երբեք կտրուկ հանդիմանություններ չէր անում, եթե դրա բացարձակ անհրաժեշտությունը չկար: Նա հրաժարվել էր Իրենից և միշտ մտածում էր միայն ուրիշների մասին: Յուրաքանչյուր մարդ թանկ էր Նրա համար: Նա միշտ Իրեն պահում էր աստվածային արժանապատվությամբ, բայց, դրա հետ մեկտեղ, Նա քնքուշ ուշադրության էր արժանացնում մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամի:
Եթե մենք ջանանք մարդկանց սիրել այնպես, ինչպես Հիսուսնէրսիրումնրանց,չափազանցկարեկցանքովկվերաբերվենք յուրաքանչյուրի զգացմունքներին: Հիսուս Քրիստոսի` մեր մեծ Քահանայապետի նման, մենք կհուզվենք մեզ շրջապատող մարդկանց թուլությունից և կփորձենք օգնել նրանց: Դրա համար հարկավոր է իջնել մինչև յուրաքանչյուր ստույգ մարդու մակարադակին, հարգել նրա զգացմունքները:
Մենք պետք է մեզ պատկերացնենք մյուսների փոխարեն, ներթափանցենք նրանց զգացմունքների ներքնաշխարհը, ձգտենք հասկանալ նրանց դժվարությունները, հիասթափությունները, ուրախություններն ու տրտմությունները: Երբ մարդիկկիսվումենիրենցզգացմունքներով,վստահելովմիմյանց, ակամայից նրանց միջև մտերմություն և ընկերություն է առաջանում: Միայն այդպիսի փոխհարաբերություններ հաստատելով մարդու հետ մենք կարող ենք նրա գիտակցությանը և սրտին հասցնել Ավետարանի մեծամեծ ճշմարտությունները:
Կյանքը հնարավոր չէ փոխել մտավոր վարժությունների և տեսությունների յուրացման միջոցով, որքան էլ դրանք ճշմարիտ լինեն: Միայն սերը կարող է փոխել մարդու կյանքը: Ծարավ հոգիները կզգան սիրո իրական լինելը, երբ մենք ներթափանցենք նրանց կարիքների մեջ: Եթե մենք ցանկանում ենք փոխել մարդկությանը, մենք պետք է սովորենք հասկանալ մարդկանց, իսկ դրա համար պետք է կարեկցանք, վստահություն և սեր զգանք նրանց նկատմամբ:
Ինչպես արդեն ասվել է, սիրել մարդկանց` նշանակում է խոսել ու գործել հանուն յուրաքանչյուր որոշակի մարդու բարօրության, ինչ զգացմունք էլ տածենք նրա նկատմամբ: Բայց, երբեմն բառերն ու գործերը չեն կարող օգնել: Շատերը կարիք ունեն մի մարդու, ով կկարողանա մասնակից լինել իրենց ապրումներին, ուրախանալ իրենց հետ մեկտեղ և վշտանալ իրենց հետ միասին: Այդ պատճառով, մենք պետք է լիովին ապավինենք Աստծուն, որպեսզի միշտ և բոլոր պարագաներում վարվենք Նրա սիրո հոգով:
Քրիստոնեությունը քնքուշ կապվածության դրսևորում է միմյանց նկատմամբ: Սերն իրական չէ այնքան ժամանակ, քանի դեռ այն բացահայտ ու արտահայտված չէ: Որպես քրիս-
տոնյա, ով Աստծուց ստացել է մարդկանց սիրելու հրամանը, ես իմ պարտքն եմ համարում սովորել իմ սերն արտահայտել մարդկանց նկատմամբ, նրանց համար առավել ընդունելի ձևով: Հիսուսը կարողանում էր հասկանալ մարդկանց կարիքները և կարեկցել նրանց: Նա մեզ ցույց է տվել ուղին:
Բայց սերը հեշտությամբ չի տրվում: Այն պահանջում է անկեղծ մասնակցություն ուրիշ մարդկանց կարիքներին: Ես հաճախ պարզապես ուժ չեմ ունենում դրա համար: Հիմնականում, ես մարդկանց հետ շփվում եմ սեփական հուզական կամ կենսաբանական պահանջմունքներս բավարարելու և ոչ թե մերձավորներիս ծառայելու համար: Այդպիսով, իմ մարդկային էությանը խորթ է աստվածային սիրո սկզբունքը:
«Մենք սիրում ենք իրերը և օգտագործում ենք մարդկանց». հռչակում է հին ասույթը, այն դեպքում, երբ պետք է օգտագործենք իրերը և սիրենք մարդկանց: Այլ մարդու զգացմունքների նկատմամբ հոգատար վերաբերմունքը, անմիջական շահագրգռվածությունը մարդկանց նկատմամբ, քրիստոնյային թույլ չեն տա մեքենայությունների ենթարկելու մարդկանց և նրանց վերաբերվելու որպես մոտիկ իրերի:
Սովորաբար մենք ուշադրություն ենք դարձնում, թե ինչպիսի զգացմունքներ է մեր մեջ առաջացնում այս կամ այն մարդը: Հիսուսը փոխեց այդ իրադրությունը: Նա ցույց տվեց մեզ, որ Աստծո սիրո սկզբունքներով ապրելը նշանակում է ամենից առաջ մտածել այն մասին, թե մեր արարքներն ինչ զգացմունքներ են առաջացնում այլ մարդկանց մեջ:
Սա հեշտ չէ, եթե հաշվի առնենք, որ մենք գերադասում ենք խոսել մեր զգացմունքների մասին` հաշվի չնստելով մյուս մարդու տրամադրության հետ: Մենք չենք ցանկանում «լալ լացողների հետ», եթե մեզ ուրախ և լավ ենք զգում:
Յուրաքանչյուր մարդ իր բնույթով ցանկանում է իր ուզած կերպով վարվելու ազատություն ունենալ` հաշվի չառնելով մերձավորի շահերը: Սակայն Աստվածաշունչը մեզ` որպես քրիստոնյաներ, սովորեցնում է. «Միայն ձեր բաներին չնայեք, այլ ամեն մեկն իր ընկերոջ բաներին էլ» (Փիլիպեցիս 2.4): Այն նաև ասում է. «Որովհետև մեզանից ոչ ոք իր համար չի ապրում, և ոչ ոք ինքն իր համար չի մեռնում» (Հռոմեացիս 14.7):
Աստված այնպես է ստեղծել մարդկանց, որ նրանք կախված լինեն մեկը մյուսից: Մենք այլ մարդկանց հետ հոգևոր, հուզական և կենսաբանական շփման կարիք ունենք: «Բայց վա՜յ մեկին, որ ընկնի,- ասում է Աստծո Խոսքը,- և մի երկրորդ չկա, որ նրան կանգնեցնի» (Ժողովող 4.10): Աստված հասկացնում է մեզ, որ Ինքը ցանկանում է մեզ մտերմացնել այլ մարդկանց հետ. «Եղբայրասիրությունում իրար նկատմամբ գթած եղեք» (Հռոմեացիս 12.10):
Քրիստոսը սովորեցնում էր, որ Իր հոգևոր ընտանիքը պետք է առավել միաբանված լինի, քան մարմնավոր ազգականները. «Եվ Նա նրանց պատասխանեց և ասաց. Ո՞վ է Իմ մայրը կամ Իմ եղբայրները, և Իր չորս կողմը նստածներին նայեց և ասաց. Ահա՛ Իմ մայրը և Իմ եղբայրները, որովհետև ով որ կատարի Աստծո կամքը, նա է Իմ եղբայրը և Իմ քույրը և Իմ մայրը» (Մարկոս 3.33-35):
Որպես քրիստոնյաներ, մենք պատկանում ենք մեկ ընտանիքի: Մենք ամենքս մեկ Երկնավոր Հոր զավակներ ենք, ունենք հավիտենական կյանքի միևնույն օրհնյալ հույսը: Մեզ պետք է կապեն եղբայրության ամենասերտ կապերը: Մենք պետք է ձգտենք ավելի լավ ճանաչել և հասկանալ այն մարդկանց, ում պետք է օգնենք:
Անգամ եկեղեցում կան մարդիկ, ում հետ ես կգերադասեի չմտերմանալ: Իմ կենսափորձը հուշում է, որ ավելի լավ է հեռու մնալ նրանցից: Ինձ հաճելի է շփվել եկեղեցուց դուրս գտնվող այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են ընդունել իմ համոզմունքները և մուտք գործել մեր եկեղեցին, բայց ինձ համար տհաճ է շփվել նրանց հետ, ովքեր կասկածի են ենթարկում իմ հավատը: Դա բնական ցանկություն է: Սակայն բանն այն է, որ Քրիստոսը եկել է, որպեսզի փոխի մեր բնական ցանկությունները:
Եկե՛ք խորհենք այս մասին: Որոշ մարդկանց նկատմամբ մենք տհաճություն ենք զգում: Ինչ կլիներ ինձ հետ, եթե ես անառողջ հույզերով փաթաթվեի մարդու վզին կամ այնպիսի մարդու, ում ընկերակցությամբ ես ինձ անհարմար եմ զգում: Ի՞նչ կանեի ես, եթե այդ մարդն սկսեր չափից դուրս կախված լինել ինձանից: Ի՞նչ կանեի ես, եթե եկեղեցում կամ եկեղեցուց դուրս այնքան մտերմանայի մի մարդու հետ, որ նա ի-
մանար իմ բոլոր թուլությունների մասին, որոնք ես ջանում էի թաքցնել կողմնակի հայացքներից:
Ինչ-որ մեկը մեր ժամանակն անվանել է «հուզական սառցակալման դարաշրջան»: Մենք փառաբանում ենք խորթացումը: Անգամ եկեղեցում մենք խրախուսում ենք նրան, ով կարող է ցանկացած իրավիճակում անտարբեր և սառնասիրտ մնալ:
Այն մարդը, ով ընդունակ չէ խորը զգացմունքների, ով հաշվի չի նստում ո՛չ իր սեփական զգացմունքների, ո՛չ այլ մարդկանց զգացմունքների հետ, փաստացի մահացած է: «Ազնվազարմ մարդու և հասարակ մարդու տարբերությունը,- գրել է Ջոն Ռասկինը սրանից 100 տարի առաջ,- առաջինի ընդունակությունն է նուրբ զգացմունքների նկատմամբ»:
Մեկ այլ մարդու հույզերի և ապրումների նկատմամբ զգայունությունը, պատրաստակամությունն Աստծո սիրո գործնական դրսևորումն է:
Որքան մենք ավելի լավ ենք զգում մեկ այլ մարդու ներքին ապրումները, որքան ավելի շատ ենք խնայում նրա զգացմունքները, այնքան ավելի ուժեղ է մեր սերը նրա նկատմամբ: Եթե մենք չգիտենք, թե ինչպես կարեկցանք արտահայտենք մարդու նկատմամբ` առանց նրան ցավ պատճառելու, ապա մենք չենք կարող գործնականում դրսևորել Աստծո սերն այդ մարդու հետ փոխհարաբերություններում:
Մի անգամ ես արթնացա բարեհոգի տրամադրությամբ: Ինձ թվում էր, թե այս օրը հաջող կլինի: Արևը բարեհամբույր լուսավորում էր կուրացուցիչ լազուր երկնքում: Ես բավականությամբ ականջ էի դնում թռչունների ուրախ երգեցողությանը` ուղղվելով դեպի հիվանդանոց, ուր ես աշխատում էի որպես հովիվ:
Ամեն բան լավ էր: Չորս օր առաջ իմ կինը տղա էր ունեցել: Մենք պատրաստվում էինք արձակուրդ մեկնել ծնողներիս մոտ, որպեսզի նրանց ցույց տանք մեր փոքրիկին: Կյանքը դասավորվում էր լավագույն ձևով:
Նայելով իմ հարկի հիվանդների ցանկը, ես մի նոր ազգանուն նկատեցի: Քարտի մեջ ասված էր, որ եկել է մի աղջիկ, մոտավորապես իմ հասակակիցը: Ինչպես և կինս, նա բուժքույր էր աշխատում և մեր եկեղեցու անդամ էր: Ենթադրելով,
որ այդպիսի երիտասարդ աղջիկը ոչ մի լուրջ բանով չի կարող հիվանդ լինել, և հաճելի զրույց կանխավայելելով այն մարդու հետ, ում հետ ես այդքան շատ ընդհանուր բան ունեի, ես մտա նրա հիվանդասենյակը:
Երբ ես ներկայացա նոր հիվանդին, համակրելի աղջիկն ինձ ողջունեց` ընկերաբար ժպտալով: Նա նստած էր հիվանդասենյակի անկյունում` լուսավորված արևի շողերով, և գիրք էր կարդում: Նրա արևավառ դեմքն ու անկաշկանդ վարվելակերպը համոզեցին ինձ, որ նրա հիվանդությունը լուրջ չէ: Մենք արագ խոսքի բռնվեցինք` քննարկելով մեր հիվանդանոցը և կատակներ փոխանակելով այն մասին, որ գուցե նա իրեն անհարմար զգա, երբ իրեն խնամում են բուժքույրերը, չէ՞ որ նրանք նրա գործընկերներն են:
Այն բանից հետո, երբ մենք խոսեցինք ամեն տեսակ մանրուքների մասին, աղջիկը լռեց: Հետո, ուղիղ նայելով աչքերիս, նա ասաց. «Գուցե դուք զարմանում եք, թե ինչու եմ ես հայտնվել ձեր հիվանդանոցում: Ես քաղցկեղ ունեմ, որը չի բուժվել ժամանակին: Այն չափազանց ուշ են հայտնաբերել: Բժիշկներն անում են ամեն հնարավորը, որ դանդաղեցնեն ուռուցքի աճը: Բայց նրանք ասացին ինձ, որ ես դատապարտված եմ»:
Ես ցնցված էի: Ինձ համար տհաճ էր այն միտքը, որ այս համակրելի, հմայիչ աղջիկը պետք է շուտով մահանա:
Հիվանդը վստահեց ինձ` որպես հովիվ, իր տրտմությամբ կիսվեց ինձ հետ: Նա ինձ ուղղակի ասաց, թե ինչն էր այդքան կարևոր իր համար, նա բացահայտեց իր գաղտնիքը: Այժմ ես ինչպե՞ս պետք է վարվեմ: Ի՞նչ ասեմ նրան:
Ես մինչև հիմա ամաչում եմ հիշել իմ պատասխանը: Կարճ շփոթությունից հետո ես մի կերպ արտաբերեցի. «Օ՜, ես հասկանում եմ»:
Տանջալից լռությունից հետո, ես ասացի. «Ես անընդհատ մտածում էի, թե ո՞ր ուսումնական հաստատությունում եք դուք ստացել բուժքրոջ մասնագիտությունը»:
Նա արագ պատասխանեց իմ անտեղի հարցին: Եվս մի քանի անկապ արտահայտություններ մրմնջալով, ես դուրս եկա նրա հիվանդասենյակից:
Ինձ թվում է, որ ոչ ոք իրեն այդքան հրեշավոր կերպով չէր պահի այդ իրավիճակում: Նրա զգացմունքներով համակվելու փոխարեն, ես մտածում էի միայն այն մասին, թե ինչպես դուրս գալ անհարմար վիճակից, որի մեջ ես հայտնվել էի այն պատճառով, որ պատրաստ չէի իրադարձությունների այդպիսի անսպասելի շրջադարձի: Նրա խոստովանությունը փչացրել էր իմ տրամադրությունը, ես ինձ վատ էի զգում, և ես ամոթալի կերպով նահանջեցի: Ես չկարողացա ընդունել ինձ նետված մարտահրավերը:
Ես անտեսեցի Աստծո զավակներից մեկին: Բայց չէ՞ որ նա այնքա՜ն ուներ իմ օգնության կարիքը: Ես բաց թողեցի մերձավորիս ծառայելու հնարավորությունը:
Ես ի՞նչ կարող էի նրան ասել այդ պահին: Հարցն, իհարկե, բառերը չեն, այլ կարիքավոր մարդու նկատմամբ վերաբերմունքը: Ես պետք է հասկանայի նրան և հուզականորեն զգայի նրա ցավը, ես պետք է աշխարհին նայեի նրա աչքերով: Դա անհրաժեշտ է ցանկացած մարդու հետ ճիշտ փոխհարաբերությունների հաստատման համար, առավել ևս` ծանր հիվանդի:
Սիրել մարդուն, նշանակում է հասկանալ նրա զգացմունքները և ապրումները: Ես պետք է հասկացնեի նրան, որ ես անտարբեր չեմ նրա զգացմունքների նկատմամբ, որ ես հասկանում եմ նրա վիճակը: Ինձ պետք էր դա արտահայտել հուզական մակարդակում:
Միայն իմ, իմ անձնական անհարմարության մասին մտածելու փոխարեն, ես պետք է առաջին տեղում դնեի նրա զգացմունքները: Ինձ դնելով նրա փոխարեն, ես պետք է համակվեի այն գիտակցությամբ, որ նման հանգամանքներում, ցանկացած մարդ վտանգ կզգար ոչ միայն իր, այլև նրանց համար, ում ինքը սիրում է:
Ես պետք է ինչ-որ այնպիսի բան ասեի, ինչը կթեթևացներ մեր շփումը, ոչ թե կդժվարացներ այն: Նա պետք է զգար, որ ես անկեղծորեն ցանկանում եմ օգնել իրեն` տանելու իր ծանր բեռը: Մենք կարող էինք քննարկել այն հարցերը, որոնք հուզում էին նրան: Եթե նա վստահեր ինձ, ես կարող էի նրա համար քաջալերող հատվածներ կարդալ Աստծո Խոսքից և օգնել նրան` ապավինելու Աստծո անփոփոխ սիրուն:
Բայց քանի որ այդ օրը ես չէի ապրում Աստծո սիրո սկզբունքներով, բաց թողեցի իմ հնարավորությունը: Ճիշտ է, ևս մի քանի անգամ նրան այցելելուց հետո, նա վստահեց ինձ և ինձ հետ կիսվեց նրանով, ինչն այնքան կարևոր էր իր համար:
Ձեր սերը գործնականում արտահայտելու համար լավագույն ձևը ձեր մեջ մարդու իսկական զգացմունքները տեղավորելն է, նրան ուշադիր լսելը, հուզականորեն ձեր կարեկցանքն արտահայտելը:
Մի քարոզիչ պետք է ողբերգական լուր բերեր 12-ամյա տղայի ծնողներին: Նրանց որդին խեղդվել էր քաղաքից դուրս` դպրոցական էքսկուրսիայի ժամանակ: Ավելի ուշ պատմելով այդ մասին, ծնողներն ասացին. «Հովիվ Բերնեսը չէր քարոզում, մեզ համար Աստվածաշնչից տեքստեր չէր կարդում, մեզ չէր ասում. արիացե՛ք: Նա արտասվում էր մեզ հետ միասին: Մենք նրան միշտ կսիրենք դրա համար»:
Երբ մենք` քրիստոնյաներս, մեր զգացմունքներով կիսվում ենք այլ մարդկանց հետ, նրանց տալիս ենք մեր սրտի մի մասը, հենց մեր մի մասը: Դա լավագույն պարգևն է, որ կարելի է տալ մերձավորին: Քրիստոնյայի համար դա նշանակում է մարդկանց հետ կիսվել Աստծո արքայության մեջ հավիտենական կյանքի թանկարժեք հույսով: Թեև ավելի հեշտ է կիսվել փողով, հին հագուստով և անգամ եկեղեցու ուսմունքով, մարդիկ անհամեմատ ավելի շատ կարիք ունեն մտերիմ և վստահելի շփման, իրենց նկատմամբ մեր հոգատար վերաբերմունքի:
Այդպիսի ծառայությունը զոհաբերություն է պահանջում մեր կողմից, մտավոր ու հուզական լարում: Մարդկանց հետ փոխհարաբերություններում փորձվում է մեր նվիրվածությունը Աստծո սիրո իդեալներին: Աստված ցանկանում է օգնել մեզ հոգևոր աճի մեջ: Նա ցանկանում է, որ մենք դառնանք Նրա սիրո «հավատարիմ կառավարիչները»:
Երբ քրիստոնյան ձգտում է հասկանալ իր և այլ մարդկանց զգացմունքները, նա դրդված է ոչ թե ունայն հետաքրքրասիրությունից և ոչ էլ հիվանդագին ինքնասիրահարվածությունից: Մենք պետք է մեզ հետ պահենք դրանից: Մենք պետք
է մեր զգացմունքներով կիսվենք բացառապես քրիստոնեական սիրո շարժառիթներով: Սա է ողջ տարբերությունը:
Քրիստոնյան ձգտում է ավելի լավ հասկանալ իրեն և մյուս մարդկանց, որպեսզի նրանց հետ հասնի հոգևոր միաբանության, և պահպանի բարեկամական, եղբայրական փոխհարաբերությունները, որոնք անհնար են առանց այդպիսի փոխըմբռնումների:
Լավ է դա, թե վատ, բայց մարդիկ միմյանց հետ շփվում են գերազանցապես հուզական մակարդակում: Այլ մարդու ներքին ապրումներն ըմբռնելը և այստեղից բխող միաբանությունն ու փոխըմբռնումը մեծագույն օրհնություններն են: Միայն լինելով մարդու հետ այդպիսի փոխհարաբերությունների մեջ, մենք կարող ենք նրան հասցնել մեծագույն ճշմարտությունները:
Հիսուսն ընդունում էր այդ սկզբունքը, երբ աշխատում էր տասներկու աշակերտների հետ: Այդ մարդիկ իրարից շատ էին տարբերվում իրենց բարքերով, խառնվածքով և հակումներով: Բայց նրանք պետք է դառնային ողջ աշխարհի ուսուցիչները: Հիսուսը հասկանում էր, որ Ավետարանի հաջող քարոզի համար, այդ մարդկանց անհրաժեշտ է միաբանության հասնել մտքերի, զգացմունքների և արարքների մեջ:
Մարդկանց հետ շփվելով հուզական մակարդակում, քրիստոնյաները կարող են նվաճել նրանց վստահությունը և ճանապարհ հարթել ճշմարտությունն ու Աստծո սերն ընդունելու համար: Միայն այն քրիստոնյաները, ովքեր անհավատի հետ զրույցի ժամանակ չեն ամաչում Աստծո նկատմամբ խորը զգացմունքներ արտահայտելուց, կարող են ակնառու կերպով ցույց տալ Աստծուն` Նրան չճանաչող մարդկանց:
Հովհաննես առաքյալն ուրիշներից ավելի լավ կարող էր մարդկանց բացահայտել Աստծո սերը: Ուսումնասիրելով նրա կյանքը, Աստծո սիրո սկզբունքներով ապրել ցանկացող քրիստոնյան կարող է իր համար շատ ուսանելի բաներ քաղել: Քրիստոսի շնորհիվ նա կարող է լավ շփվել հուզական մակարդակում: Աստվածաշունչը խոսում է այն մասին, որ Հովհաննեսին Հիսուսի հետ կապում էին սիրո սերտ կապերը: Լինելով տասներկու առաքյալներից ամենաերիտասարդը, Հովհաննեսը Քրիստոսին թույլ տվեց մտնել իր կյանք այնքան, որ նրանց
միջև անսովոր փոխհարաբերություններ հաստատվեցին, որոնք հիմնված էին խորը սրտակից շփման վրա:
Մենք պետք է Աստծուն սիրենք ոչ միայն մտավոր, կամային, այլ նաև հուզական մակարդակում: Ի՞նչը կարող է ավելի ամուր լինել, քան մտքի, կամքի ու զգացմունքների միասնական պոռթկման վրա հիմնված սերը:
Հովհաննեսը Տիրոջից սովորել էր շփման կարևորությունը հուզական մակարդակում: Նրա գրքերը շնչում են Աստծո ջերմ ու զգալի սիրով: Նրա ուղերձները տոգորված են սիրո ոգով, ասես նա իր գրիչը թաթախել է սիրո մեջ: Նրա միջոցով Հիսուսը փոխանցել է Իր խորը հոգևոր ուսմունքը:
Ո՞րն էր Հովհաննեսի գաղտնիքը: Նա ինչպե՞ս կարող էր Հիսուսի հետ այդպիսի սերտ կապ ունենալ: Նա ինչպե՞ս կարող էր Աստծո փրկարար ճշմարտություները փոխանցել այնպես, որ դրանք գերեին հոգին: Հիսուսը սիրում է նրանց, ովքեր իրենց կյանքով ճիշտ են ներկայացնում Երկնային Հոր բնավորությունը: Հովհաննեսը կարող էր խոսել Հոր սիրո մասին, ինչպես ուրիշ ոչ մի աշակերտ: Նա մեզ բացել է այն, ինչ տեղի էր ունենում իր իսկ հոգում:
Աստծո սերը հուզիչ կերպով բացահայտելով մարդկանց, կարելի է ամենասեղմ ժամկետում ողջ աշխարհում քարոզել Ավետարանը:
Մենք չպետք է վախենանք կամ ամաչենք մարդկանց հետ այս մակարդակում շփվելուց: Չէ՞ որ միայն այդպես մենք կկարողանանք արտահայտել Քրիստոսի խորագույն սերը, լավագույնս լրացնել մարդկանց կարիքները և վառ կերպով նրանց բացահայտել Ավետարանի հավիտենական ճշմարտությունները:
Մարդկանց նկատմամբ խորը հուզական կապվածության բացակայությունն Աստվածաշունչը գնահատում է որպես մեղք: «Անզգայացած` իրենց անձերը մատնեցին անառակության» (Եփեսացիս 4.19): Հիսուսը համանման նախազգուշացում ասաց. «Եվ անօրենությունը շատանալու պատճառով շատերի սերը կսառչի» (Մատթեոս 24.12): Միայն Քրիստոսը կարող է մարդուն ազատել անտարբերությունից:
Պողոս առաքյալը մեզ խորհուրդ է տալիս. ուսանել Քրիստոսի դպրոցում. «Եվ իրար հետ քաղցր եղեք, գթած` իրար
ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց» (Եփեսացիս 4.32):
Աստված ցանկանում է մեր օրերում ստեղծել մարդկանց եղբայրություն, ովքեր աստվածային ջերմությանը հնարավորություն կտան տաքացնելու և հալեցնելու նրանց սառը սրտերը: Այդ ջերմությունը կարող է դրսևորվել միայն այն դեպքում, երբ մարդիկ ակտիվորեն Նրա սերն արտահայտեն հուզական մակարդակում:
«Եվ անօրենությունը շատանալու պատճառով շատերի սերը կսառչի»: Սառնությունը զգացմունքների բացակայությունն է: Այն կապ չունի բանականության հետ: Մարդկային սրտերը պաղում, սառչում են: Ջերմանալով Աստծո սիրով և հետո դրանով ջերմացնելով ուրիշներին, մենք կարող ենք կրկին փոխել աշխարհը, ինչպես դա եղել է առաջին քրիստոնեական եկեղեցու օրերին: Մենք պետք է ընդունենք Աստծո Խոսքը` Նրա ողջ զորությամբ, իսկ հետո հավատով առաջ գնանք: Մենք կկարողանանք դառնալ քրիստոնեական սիրո գիտակներ:
Եթե մենք ընդունենք Աստծո ճշմարտությունը մեր սրտերում, այն կկառավարի մեր ցանկությունները, կմաքրի մեր մտքերը և կմեղմացնի մեր բարքերը: Այն կկենդանացնի մեր բանականությունն ու կոգեշնչի մեզ դեպի էներգիայի անհատնում լիցքեր: Այն մեզ ընդունակ կդարձնի կարեկցելու, ապրումներին մասնակից լինելու և սիրելու:
Սիրել` նշանակում է զգալ: Աստված մեզանից սպասում է, որպեսզի մենք սկսենք ապրել Իր սիրով:
Աշխարհը ոչ մի բանի կարիք այնպես չունի, ինչպես Քրիստոսի սիրո, որը հայտնված է հավատարիմ քրիստոնյաների կյանքում: Աստված սպասում է, թ ե երբ կհնազանդվենք մենք Իր Հոգու ազդեցությանը և աշխարհին կբացենք քրիստոնեության ճշմարիտ էությունը:
«Որովհետև սա է պատվիրանքը, որ սկզբից լսեցիք, որ իրար սիրենք»: «Եթե իրար սիրենք, Աստված մեզանում է բնակվում, և Նրա սերը կատարյալ է մեզանում» (Ա Հովհաննես 3.11, 4.12):
157
158
159
ԱՍՏԾՈ ՍԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ
Դուգլաս Կուպեր
Գլխավոր խմբագիր` Պ. Սարգսյան Թարգմանությունը` Մ. Աթոյան Վերստուգող` Ա. Մադոյան, Ս. Սահակյան Գրական խմբագիր` Գ. Մարտիրոսյան Համակարգչային ձևավորող` Կ. Կակոյան